Ինչպես ամրացնել ամուսնական միությունը
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ մի տուն, որն ընկել է անխնամ վատ վիճակի մեջ. ներկը շերտ–շերտ թափվում է, տանիքը վնասված է, պարտեզը բարձիթողի վիճակում է։ Ակնհայտ է, որ այս շինությունը տարիների ընթացքում դաժան փոթորիկներից է վնասվել և անուշադրության պատճառով ընկել է այդ դրության մեջ։ Արդյո՞ք այն պետք է քանդել։ Անպայման չէ։ Եթե հիմքն ամուր է, և շինությունը՝ կայուն, տունը հնարավոր է վերանորոգել։
Այս տան վիճակը հիշեցնո՞ւմ է քեզ քո ամուսնությունը։ Տարիների ընթացքում, այսպես ասած, ուժեղ փոթորիկները թերևս լրջորեն վնասել են ձեր ամուսնական փոխհարաբերությունները։ Եվ հնարավոր է, որ ձեզանից մեկը կամ երկուսդ էլ ինչ–որ չափով անտարբեր եք եղել այդ հարցում։ Միգուցե նույն զգացումներն ունեք, ինչ որ Սենդին։ 15 տարի ամուսնացած լինելուց հետո նա ասաց. «Մենք ոչ մի ընդհանուր բան չունեինք՝ բացի նրանից, որ ամուսնացած էինք։ Իսկ դա բավական չէր»։
Եթե նույնիսկ ամուսնությունդ այս աստիճանին է հասել, մի շտապիր եզրակացնել, թե պետք է ամուսնալուծվել։ Ամենայն հավանականությամբ, այն կարելի է վերականգնել։ Շատ բան կախված է նրանից, թե դու և ամուսինդ որքանով եք ցանկանում վերականգնել և պահպանել ձեր միությունը։ Ձեր միջև եղած ուխտը դժվար ժամանակներում կարող է օգնել, որ ամուսնությունը կայուն մնա։ Բայց ի՞նչ է ուխտը։ Եվ ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը օգնել ձեզ ամրացնել այն։
Ուխտն իր մեջ պարտավորություն է ներառում
Ըստ մի բառարանի՝ «ուխտ» բառը «պարտավորության զգացում կամ էմոցիոնալ մղվածություն» ունենալու իմաստ է կրում։ Օրինակ՝ շինարարը իրեն պարտավորված է զգում կատարելու պայմանագրի պահանջները, համաձայն որի՝ հանձն է առել տուն կառուցել։ Գուցե նա անձամբ չճանաչի այդ աշխատանքի պատվիրատուին, սակայն նա իրեն պարտավորված է զգում տված խոսքի համաձայն գործելու։
Թեև ամուսնությունը սառը գործարք չէ, բայց ամուսնական ուխտն իր մեջ պարտավորություն է ներառում։ Դու և ամուսինդ, ամենայն հավանականությամբ, հանդիսավոր ձևով Աստծո և մարդկանց առջև երդում եք տվել միասին լինել, ինչ էլ որ պատահի։ Հիսուսն ասաց. «Նա որ սկզբիցն ստեղծեց, արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ ասեց. սորա համար մարդ կ’թողէ հայրը եւ մայրը եւ իր կնոջը կ’յարի»։ Նաև ավելացրեց. «Այն որ Աստուած միաւորեց, թող մարդը չ’բաժանէ» (Մատթէոս 19։4–6)։ Երբ խնդիրներ են առաջանում, դու և ամուսինդ պետք է վճռական լինեք կատարելու ձեր ամուսնական ուխտը։a Մի ամուսնացած կին ասում է. «Միայն այն բանից հետո դրությունը սկսեց բարելավվել, երբ մենք դադարեցինք ամուսնալուծությունը դիտել որպես խնդիրների միակ լուծում»։
Սակայն ամուսնական ուխտը, բացի պարտավորվածության զգացումից, իր մեջ ավելին է ներառում։ Իսկ ի՞նչ։
Համատեղ ջանքերը ամրացնում են ամուսնական ուխտը
Այն, որ ամուսինները ուխտ են կապել միմյանց հետ, չի նշանակում, որ նրանք երբեք տարաձայնություններ չեն ունենա։ Երբ ընդհարում է տեղի ունենում, ամուսինները պետք է ամբողջ սրտով ցանկանան լուծել այդ խնդիրը՝ ոչ միայն միմյանց տված երդումից ելնելով, այլ այն էմոցիոնալ կապվածության պատճառով, որ գոյություն ունի իրենց միջև։ Ամուսնու և կնոջ առնչությամբ Հիսուսն ասաց. «Այլ եւս երկու չեն, այլ մէկ մարմին»։
Ի՞նչ է նշանակում «մէկ մարմին» լինել քո ամուսնու հետ։ Պողոս առաքյալը գրեց, որ «մարդիկ սիրեն իրանց կանանցը, ինչպէս իրանց մարմինները» (Եփեսացիս 5։28, 29)։ Ուրեմն «մէկ մարմին» լինելը մասամբ նշանակում է, որ դու մտահոգված ես ամուսնուդ բարօրությամբ այնքան, որքան քո անձնական բարօրությամբ։ Ամուսնացած մարդիկ պետք է փոխեն իրենց մտածելակերպը «իմ»-ից «մեր»–ի և «ինձ»–ից «մենք»–ի։ Մի խորհրդատու գրել է. «Երկու կողմերն էլ պետք է դադարեն իրենց սրտում մենակ լինելուց և պետք է սրտում ամուսնացած լինեն»։
Արդյո՞ք դու և կողակիցդ ձեր «սրտում ամուսնացած եք»։ Հնարավոր է երկար տարիներ միասին լինել և վերը նշված իմաստով դեռ «մէկ մարմին» չլինել։ Այո՛, դա կարող է պատահել։ Մի գրքում ասվում է. «Ամուսնությունը նշանակում է կյանքում ամեն բան միասին անել, և որքան շատ են երկու անձնավորություններ այդպես վարվում, այնքան նրանց ամուսնությունն ավելի է փթթում» («Giving Time a Chance»)։
Որոշ դժբախտ զույգեր շարունակում են համատեղ ապրել հանուն երեխաների կամ էլ ֆինանսական պատճառներով։ Մյուսները դիմանում են, քանի որ ոչ մի կերպ չեն համակերպվում ամուսնալուծված լինելու մտքի հետ կամ վախենում են այն բանից, թե ուրիշներն ինչ կմտածեն իրենց մասին։ Թեև գովելի է, որ այսպիսի ամուսնությունները պահպանվում են, սակայն հիշեք, որ ձեր նպատակը պետք է լինի ոչ միայն պարզապես տևական, այլև սիրով լի փոխհարաբերություններ ունենալը։
Անշահախնդիր գործերն աջակցում են ամուսնական ուխտին
Աստվածաշնչում նախագուշակվել էր, որ «յետի օրերումը» մարդիկ կլինեն «ինքնասէր» (Բ Տիմոթէոս 3։1, 2)։ Ինչպես և մարգարեացվել էր, այսօր տեսնում ենք, որ շեշտը դրվում է սեփական անձի աստվածացման վրա։ Շատ ամուսիններ այն կարծիքին են, որ իրենց կողմից թուլության դրսևորում է ամուսնական կյանքում նվիրվել՝ առանց փոխադարձ վերաբերմունքի երաշխիք ունենալու։ Սակայն հաջող ամուսնական կյանքում երկու կողակիցներն էլ անձնազոհության ոգի են դրսևորում։ Ինչպե՞ս կարող ես դու էլ այդպես վարվել։
Փոխանակ մտածելու, թե «ի՞նչ եմ ստանում այս փոխհարաբերությունից»՝ հարցրու ինքդ քեզ. «Անձամբ ես ի՞նչ եմ անում ամուսնությունս ամրացնելու համար»։ Աստվածաշունչն ասում է, որ քրիստոնյաները պետք է ‘մինակ իրենց անձերի բաներին մտիկ չտան, այլ ամեն մեկն իր ընկերի բաներին էլ’ (Փիլիպպեցիս 2։4)։ Մինչ խորհում ես այս աստվածաշնչյան սկզբունքի շուրջ, վերլուծիր անցյալ շաբաթվա ընթացքում կատարած գործերդ։ Քանի՞ անգամ ես որևէ բարի գործ կատարել զուտ կողակցիդ օգտին։ Երբ նա ցանկացել է զրուցել քեզ հետ, լսե՞լ ես, նույնիսկ եթե առանձնապես տրամադրված չես եղել լսելու։ Քանի՞ անգամ ես մասնակցել այնպիսի բաների, որոնք կողակցիդ ավելի են հետաքրքրել, քան քեզ։
Երբ այսպիսի հարցեր ես ծանրութեթև անում, մի անհանգստացիր, թե քո բարի գործերը կմնան աննկատ կամ անվարձահատույց։ Մի աշխատության մեջ ասվում է. «Մեծ մասամբ ամուսինների փոխհարաբերություններում դրական վարքագիծը փոխադարձ արձագանք է գտնում։ Ուրեմն քեզանից կախված ամեն բան արա, որպեսզի քո դրական վարքագծով քաջալերես կողակցիդ, որ նա էլ դրական վերաբերմունք դրսևորի»։ Անձնազոհ արարքներն ամրացնում են ձեր ամուսնությունը, քանի որ դրանք ցույց են տալիս, որ դուք գնահատում եք այն և ցանկանում եք պահպանել։
Հարկավոր է ամուսնությունը դիտել որպես տևական միություն
Եհովա Աստված գնահատում է հավատարմությունը։ Իսկապես, Աստվածաշունչն ասում է. «Սուրբի [«հավատարիմի», ՆԱ] հետ սուրբ [«հավատարիմ», ՆԱ] ես» (Բ Թագաւորաց 22։26)։ Աստծո հանդեպ հավատարիմ մնալը կապված է ամուսնական միությանը հավատարիմ մնալու հետ, որի հիմնադիրն Աստված է (Ծննդոց 2։24)։
Եթե դու և ամուսինդ հավատարիմ եք միմյանց, ապա այն զգացումը կունենաք, որ ձեր միությունը կայուն է։ Երբ մտածում եք առջևում ընկած ամիսների, տարիների և տասնամյակների մասին, դուք ձեզ միասին եք պատկերացնում։ Միմյանց հետ ամուսնացած չլինելու միտքը խիստ օտար է թվում ձեզ, և այդպիսի մտածելակերպը օգնում է, որ ապահով զգաք ձեր ամուսնական կյանքում։ Մի կին ասում է. «Նույնիսկ երբ խիստ զայրացած եմ լինում ամուսնուս վրա, և ինձ մտահոգություն է պատճառում այն, ինչ որ կատարվում է մեզ հետ, մտքովս երբեք չի անցնում, թե մեր ամուսնությունը հասել է իր ավարտին։ Ինձ անհանգստացնում է այն, թե ինչպես կարող ենք վերականգնել մեր փոխհարաբերությունները։ Չեմ կասկածում, որ ամեն բան լավ կլինի, բայց թե ինչպես, պարզապես այդ պահին չեմ պատկերացնում»։
Ամուսնությանը որպես տևական միության նայելը ամուսնուն տված ուխտի կարևոր մասն է կազմում, բայց, ցավոք, շատ ընտանիքներում դա բացակայում է։ Բորբոքված վեճերի ժամանակ կողակիցներից մեկը միգուցե առանց մտածելու ասի՝ «ես հեռանո՛ւմ եմ քեզանից» կամ՝ «ես կգտնեմ մեկին, ով իսկապես կգնահատի ինձ»։ Բարեբախտաբար, մեծ մասամբ սրանք միայն խոսքեր են։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ լեզուն կարող է «լցուած [լինել] մահաբեր թոյնով» (Յակոբոս 3։8)։ Սպառնալիքներն ու վերջնական խոսքերը կարծես այս միտքն արտահայտեն. «Ես չեմ համարում, որ մեր ամուսնությունը տևական է։ Ցանկացած ժամանակ կարող եմ թողնել հեռանալ»։ Այսպիսի ակնարկները կարող են կործանարար լինել ամուսնության համար։
Երբ ամուսնությանը վերաբերվում ես որպես տևական միության, գիտես, որ թե՛ լավ, թե՛ վատ օրերին ամուսնուդ կողքին կլինես։ Սա մեկ ուրիշ օգուտ էլ ունի. կկարողանաք ավելի հեշտությամբ ընդունել միմյանց սխալները, շարունակել միմյանց համբերել և մեծահոգաբար ներել իրար (Կողոսացիս 3։13)։ «Հաջող ամուսնության մեջ,— ասվում է մի ձեռնարկում,— երկուսն էլ հնարավորություն ունեն սխալվելու և չնայած այդ սխալներին՝ միասին մնալու»։
Քո ամուսնության օրը դու ուխտ ես կապել ոչ թե ամուսնական կառույցի, այլ կենդանի անձնավորության՝ կողակցիդ հետ։ Այս փաստը պետք է խորապես ազդի այն բանի վրա, թե ինչպես ես մտածում և վարվում որպես ամուսնացած անհատ։ Համամիտ չե՞ս, որ պետք է ամուսնուդ հետ մնաս ոչ միայն այն պատճառով, որ ամուսնական միությունը սուրբ ես համարում, այլև այն պատճառով, որ սիրում ես այդ անհատին, որի հետ ամուսնացել ես։
[ծանոթագրություն]
a Ծայրահեղ դեպքերում ամուսնական զույգը կարող է անջատ ապրելու պատճառ ունենալ (Ա Կորնթացիս 7։10, 11, տե՛ս «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը, էջ 160, 161։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից)։ Բացի դրանից, Աստվածաշունչը թույլատրում է ամուսնալուծվել պոռնկության (սեռական անբարոյության) հիման վրա (Մատթէոս 19։9)։
[շրջանակ/նկար 5–րդ էջի վրա]
Ինչ կարող ես անել այժմ
Ձեր ամուսնական կյանքում որքա՞ն լուրջ եք վերաբերվում ամուսնական ուխտին։ Թերևս բարելավվելու կարիք ես տեսնում։ Որպեսզի ամրացնես ամուսնական ուխտդ, փորձիր հետևյալը.
● Ինքնաքննություն կատարիր։ Հարցրու ինքդ քեզ. «Իսկապե՞ս սրտումս ամուսնացած եմ, թե՞ դեռ մտածում և գործում եմ ինչպես ամուրի»։ Պարզիր, թե այս առումով ինչ է մտածում քո մասին ամուսինդ։
● Կարդա այս հոդվածը ամուսնուդ հետ։ Հետո հանդարտորեն քննարկեք, թե ինչպես կարող եք ամրացնել ձեր ամուսնական միությունը։
● Կողակցիդ հետ միասին զբաղվիր այնպիսի բաներով, որոնք ամրացնում են ձեր ամուսնական կապը։ Օրինակ՝ նայեք ձեր հարսանեկան օրվա և այլ հիշարժան իրադարձությունների նկարները։ Արեք այնպիսի բաներ, որոնք ձեզ հաճելի են եղել մտերմության շրջանում կամ ձեր ամուսնության վաղ տարիներին։ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերից միասին ուսումնասիրեք Գրությունների վրա հիմնված՝ ամուսնությանը վերաբերող հոդվածներ։
[շրջանակ/նկար 6–րդ էջի վրա]
Ամուսնական ուխտը ներառում է՝
● Պարտավորություն. «Ինչ որ ուխտում ես կատարիր։ Լաւ է որ չ’ուխտես, քան թէ ուխտես եւ չ’կատարես» (Ժողովող 5։4, 5)։
● Համատեղ ջանքեր. «Երկուսը լաւ է քան թէ մէկը.... որովհետեւ եթէ վայր ընկնեն, մէկը միւսին վեր կ’կացնէ» (Ժողովող 4։9, 10)։
● Անձնազոհություն. «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Գործք 20։35)։
● Ամուսնությունը որպես տևական միություն դիտելը. «Սէրը.... ամեն բանի համբերում է» (Ա Կորնթացիս 13։4, 7)։
[նկարներ 7–րդ էջի վրա]
Երբ ամուսինդ ցանկանում է քեզ հետ զրուցել, լսո՞ւմ ես նրան