Ընթերցողների հարցերը
Ի՞նչ է նշանակում մեռելների համար մկրտվել։
Երկնային հարության մասին գրելիս Պողոս առաքյալը թղթին հանձնեց Աստվածաշնչի ամենահետաքրքիր համարներից մեկը։ Արարատ թարգմանության մեջ մենք կարդում ենք. «Ապա եթէ ոչ, ի՞նչ կ’անեն մեռելների համար մկրտուողները եթէ արդարեւ մեռնելները յարութիւն չ’առնեն. էլ ի՞նչու են նորանց համար մկրտվում»։ Արևմտահայերեն Աստվածաշունչը նույն համարը ներկայացնում է հետևյալ կերպ. «Ապա թէ ոչ՝ ի՞նչ պիտի ընեն անոնք որ մեռելներուն համար կը մկրտուին, եթէ մեռելները բնաւ յարութիւն պիտի չառնեն։ Ինչո՞ւ ուրեմն անոնց համար կը մկրտուին» (Ա Կորնթացիս 15։29)։
Արդյո՞ք Պողոս առաքյալը այստեղ ենթադրում էր, թե կենդանի մարդիկ պետք է մկրտվեին այն մարդկանց համար ովքեր մահացել էին չմկրտված։ Այդպես կարող է թվալ Աստվածաշնչի այս և մի քանի այլ թարգմանություններից, սակայն թե՛ Գրությունները, թե՛ Պողոսի օգտագործած բնագիր հունարեն լեզվի ավելի մանրամասն ուսումնասիրությունը այլ եզրակացության է հանգեցնում։ Պողոսն իրականում ասում էր, որ օծյալ քրիստոնյաները մկրտվում են, կամ՝ ընկղմվում են մի այնպիսի կյանքի ուղու մեջ, որն առաջնորդելու է անարատությամբ մահանալու, ինչպես Քրիստոսը։ Դրանից հետո նրանք, Հիսուսի նման, հարություն կառնեն երկնային կյանքի։
Սուրբ Գրությունները թիկունք են կանգնում այս բացատրությանը։ Հռոմեացիներին ուղղած իր նամակում Պողոսը գրում է. «Կամ չ’գիտէ՞ք՝ թէ քանիներս որ Յիսուս Քրիստոսով մկրտուեցանք՝ նորա մահուանը մկրտուեցանք» (Հռովմայեցիս 6։3)։ Իսկ փիլիպպեցիներին ուղղած նամակում իր մասին խոսեց՝ ասելով. «Նորա [Քրիստոսի] չարչարանքի մասնակից [եմ], նորա մահուան կերպարանակից [եմ]. որպէսզի մեռելների յարութեանը հասնեմ» (Փիլիպպեցիս 3։10, 11)։ Պողոսն այստեղ ընդգծում էր, որ Հիսուսի օծյալ հետևորդների կյանքն իր մեջ ներառում է փորձության ժամանակ անարատություն պահելու ընթացք, մի ընթացք, որի ժամանակ քրիստոնյան ապրում է՝ ամեն օր մահն աչքի առաջ ունենալով։ Ի վերջո անհատը մահանում է՝ մինչև վերջ պահելով իր անարատությունը, որից հետո ստանում է երկնային հարություն։
Հիշարժան է նաև այն, որ ինչպես վերոհիշյալ համարները, այնպես էլ այլ համարներ, որոնք ուղղակիորեն հիշատակում են մահը և մկրտվող անհատներին միաժամանակ, ակնարկում են կենդանի մարդկանց, ովքեր մկրտված են և ոչ թե նրանց, ովքեր արդեն մահացել են։ Պողոսը նաև իր օծյալ հավատակիցներին ասաց. «[Դուք] թաղուելով նորա հետ [նրա] մկրտութիւնումը, որով յարությիւն էլ առաք նորա հետ Աստուծոյ ազդեցութեան հաւատքովը, որ յարութիւն տուաւ նորան մեռելներից» (Կողոսացիս 2։12)։
Հունարեն իպե՛ր նախդիրը, որ Ա Կորնթացիս 15։29–ում բազմաթիվ Աստվածաշնչերում թարգմանվել է «համար» բառով, նաև կարող է ունենալ «նպատակով» իմաստը։ Հետևաբար համաձայն այլ աստվածաշնչյան համարների՝ «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» ճշգրտորեն թարգմանել է այն հետևյալ կերպ. «Ապա եթե ոչ, ի՞նչ կ’անեն մեռելների համար [«մահացած լինելու նպատակով», ՆԱ] մկրտվողները եթէ արդարեւ մեռելները յարութիւն չ’առնեն. էլ ի՞նչու են նորանց համար [«այդպիսին լինելու նպատակով», ՆԱ] մկրտվում»։