Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 11/1 էջ 8–13
  • Կանայք, որոնք ուրախացրին Եհովայի սիրտը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կանայք, որոնք ուրախացրին Եհովայի սիրտը
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Կանայք, որոնք չհնազանդվեցին փարավոնին
  • Նախկինում պոռնկությամբ զբաղվող կինը ուրախացնում է Եհովայի սիրտը
  • Օրհնված՝ իր խոհեմության համար
  • Կարո՞ղ եք Աբիգեայի նման լինել
  • Նա «մարգարէի վարձք» ստացավ
  • Նա խոհեմությամբ վարվեց
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա խոհեմությամբ վարվեց
    2009 Դիտարան
  • Աբիգեա և Դավիթ
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նա «գործերով արդար հայտարարվեց»
    2013 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 11/1 էջ 8–13

Կանայք, որոնք ուրախացրին Եհովայի սիրտը

«Քո գործքի փոխարէնը Տէրը հատուցանէ, եւ քո վարձքը.... Աստուծոյ կողմանէ առատապէս տրուի» (ՀՌՈՒԹ 2։12)։

1, 2. Ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել՝ մտածելով Աստվածաշնչում հիշատակված այն կանանց օրինակների մասին, ովքեր ուրախացրել են Եհովայի սիրտը։

ԱՍՏՎԱԾԱՎԱԽՈՒԹՅՈՒՆԸ մղեց երկու կանանց չհնազանդվել փարավոնին։ Հավատը մի պոռնիկի մղեց վտանգի ենթարկել իր կյանքը, որպեսզի պաշտպաներ երկու իսրայելացի հետախույզների։ Խոհեմությունն ու խոնարհությունը դժվարին իրավիճակում օգնեցին մի կնոջ բազմաթիվ կյանքեր փրկել և չթողնել, որ Եհովայի օծյալը արյունահեղության մեջ մեղավոր դառնա։ Հավատը Եհովա Աստծո հանդեպ և հյուրընկալությունը մղեցին մի այրի կնոջ, որը նաև մայր էր, իր վերջին ուտելիքը տալ Աստծո մարգարեին։ Սրանք ընդամենը մի քանի սուրբգրային օրինակներ են կանանց, որոնք ուրախացրին Եհովայի սիրտը։

2 Եհովայի վերաբերմունքը այս կանանց հանդեպ և նրա տված օրհնությունները ցույց են տալիս, որ նրան ամենից շատ դուր են գալիս հոգևոր հատկությունները՝ անկախ նրանից, թե անհատն ինչ սեռի է պատկանում։ Դժվար է հոգևոր հատկությունները առաջին տեղում դնել այսօրվա աշխարհում, որտեղ մարդկանց ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է արտաքին տեսքի ու նյութական բաների վրա։ Բայց այդ դժվարությունը հնարավոր է հաղթահարել, ինչպես երևում է այն օրինակներից միլիոնավոր աստվածավախ կանանց, ովքեր այսօր Աստծո ժողովրդի մեծ մասն են կազմում։ Այս քրիստոնյա կանայք ընդօրինակում են այն հավատը, խոհեմությունը, հյուրընկալությունը և ուրիշ լավ հատկություններ, որոնք դրսևորել են Աստվածաշնչում հիշատակված բարեպաշտ կանայք։ Իհարկե, քրիստոնյա տղամարդիկ նույնպես ցանկանում են ընդօրինակել հին ժամանակներում ապրած այդ օրինակելի կանանց հատկությունները։ Որպեսզի տեսնենք, թե ինչպես կարող ենք լիարժեք ձևով դա անել, եկեք ավելի մանրամասն քննարկենք հոդվածի սկզբում նշված կանանց մասին աստվածաշնչյան արձանագրությունները (Հռովմայեցիս 15։4; Յակոբոս 4։8)։

Կանայք, որոնք չհնազանդվեցին փարավոնին

3, 4. ա) Ինչո՞ւ Սեփրան և Փուան մերժեցին հնազանդվել փարավոնին, երբ նա հրամայեց, որ եբրայեցի ամեն նորածին արու զավակը սպանվի։ բ) Ինչպե՞ս Եհովան պարգևատրեց երկու մանկաբարձուհիներին նրանց քաջության և աստվածավախության համար։

3 Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, որը տեղի ունեցավ Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, շատերը, որ մեղավոր էին ճանաչվել զանգվածային սպանությունների մեջ, փորձեցին արդարացնել իրենց հանցանքները՝ պնդելով, թե պարզապես հրամանների են ենթարկվել։ Այժմ համեմատենք այդ անհատներին երկու իսրայելացի մանկաբարձուհիների՝ Սեփրայի և Փուայի հետ, որոնք ապրել են հին Եգիպտոսում մի բռնակալ փարավոնի օրոք, որի անունը հայտնի չէ։ Վախենալով հրեա ազգի աճից՝ փարավոնը հրամայեց այդ երկու մանկաբարձուհիներին հավաստիանալ, որ ամեն մի եբրայեցի արու նորածին սպանվում է։ Ինչպե՞ս արձագանքեցին կանայք այդ քստմնելի հրամանին։ «[Նրանք] չ’արին ինչպէս ասել էր նորանց Եգիպտոսի թագաւորը. այլ արուներին ողջ էին թողում»։ Ինչո՞ւ այս կանայք տեղի չտվեցին մարդավախությանը։ Որովհետև նրանք «Աստուածանից վախեցին» (Ելից 1։15, 17; Ծննդոց 9։6)։

4 Այո՛, մանկաբարձուհիները ապավինեցին Եհովային, և նա նրանց համար «վահան» եղավ՝ պաշտպանելով փարավոնի ցասումից (Բ Թագաւորաց 22։31; Ելից 1։18–20)։ Բայց Եհովայի օրհնությունները այդքանով չսահմանափակվեցին։ Նա պարգևատրեց Սեփրային և Փուային ընտանիքներով։ Նա նույնիսկ պատվի արժանացրեց այդ կանանց՝ նրանց անուններն ու գործերը արձանագրելով իր կողմից ներշնչված Խոսքում, որպեսզի ապագա սերունդները կարդային դրանք, մինչդեռ փարավոնի անունը կորավ ժամանակի հորձանուտում (Ելից 1։21; Ա Թագաւորաց 2։30բ; Առակաց 10։7)։

5. Ինչպե՞ս են շատ քրիստոնյա կանայք այսօր դրսևորում այն նույն վերաբերմունքը, ինչ որ ցուցաբերել են Սեփրան ու Փուան, և Եհովան ինչպե՞ս կպարգևատրի նրանց։

5 Կա՞ն այսօր Սեփրայի և Փուայի նման կանայք։ Այո՛։ Ամեն տարի հազարավոր այդպիսի կանայք անվախորեն տարածում են Աստվածաշնչի փրկարար պատգամը այնպիսի երկրներում, որտեղ ‘թագավորի հրամանը’ արգելում է քարոզչությունը, ու այդպիսով վտանգի են ենթարկում իրենց ազատությունը և նույնիսկ կյանքը (Եբրայեցիս 11։23; Գործք 5։28, 29)։ Աստծո և դրացու հանդեպ սիրուց մղված՝ այդ խիզախ կանայք թույլ չեն տալիս, որ ինչ–​որ մեկը ետ պահի իրենց Աստծո Թագավորության բարի լուրը ուրիշներին պատմելուց։ Քրիստոնյա կանանցից շատերը պայքարում են հակառակության և հալածանքի դեմ (Մարկոս 12։30, 31; 13։9–13)։ Ինչպես որ Սեփրայի և Փուայի պարագայում էր, Եհովան լիովին տեղյակ է այս հիանալի, խիզախ կանանց գործերին և ցույց կտա նրանց հանդեպ իր սերը՝ նրանց անունները պահելով իր ‘կեանքի գրքում’, եթե նրանք հավատարմորեն դիմանան մինչև վերջ (Փիլիպպեցիս 4։3, ԱՆԹ; Մատթէոս 24։13)։

Նախկինում պոռնկությամբ զբաղվող կինը ուրախացնում է Եհովայի սիրտը

6, 7. ա) Ի՞նչ գիտեր Ռախաբը Եհովայի ու նրա ժողովրդի մասին, և ի՞նչ ազդեցություն էին թողել այդ գիտելիքները նրա վրա։ բ) Ինչպե՞ս է Աստծո Խոսքը Ռախաբին պատվի արժանացնում։

6 Մ.թ.ա. 1473 թ.–ին Քանանի Երիքով քաղաքում ապրում էր Ռախաբ անունով մի պոռնիկ։ Ակներևաբար, Ռախաբը լավատեղյակ կին էր։ Երբ երկու իսրայելացի հետախույզներ ապաստան գտան նրա տանը, Ռախաբը նրանց ճշգրիտ մանրամասներ պատմեց Եգիպտոսից Իսրայել ազգի հրաշքով դուրս գալու մասին, թեև դա քառասուն տարի առաջ էր տեղի ունեցել։ Նա նաև տեղյակ էր իսրայելացիների վերջին հաղթանակների մասին, որ տարել էին ամորհացի թագավորներ Սեհոնի և Ովգի դեմ։ Ուշադրություն դարձրեք, թե այդ գիտելիքներն ինչպես էին ազդել նրա վրա։ Նա ասաց հետախույզներին. «Ես գիտեմ, որ Տէրը այս երկիրը ձեզ է տուել.... որովհետեւ ձեր Եհովայ Աստուածն է Աստուած վերեւումը՝ երկնքի մէջ, եւ ներքեւումը՝ երկրիս վերայ» (Յեսու 2։1, 9–11)։ Այո՛, այն ինչ Ռախաբը իմացել էր Եհովայի և նրա գործերի մասին, որոնք նա արել էր հանուն Իսրայելի, արձագանք էր գտել նրա սրտում ու հավատ առաջացրել Եհովայի հանդեպ (Հռովմայեցիս 10։10)։

7 Ռախաբի հավատը մղեց նրան գործերի։ Նա իսրայելացի հետախույզներին «խաղաղութիւնով» ընդունեց և հնազանդվեց նրանց փրկարար հրահանգներին, երբ Իսրայելը գրոհեց Երիքովի վրա (Եբրայեցիս 11։31; Յեսու 2։18–21)։ Կասկած չկա, որ Ռախաբի գործերը, որոնք վկայում էին նրա հավատի մասին, ուրախացրել են Եհովայի սիրտը, քանի որ նա ներշնչել է քրիստոնյա աշակերտ Հակոբոսին նրա անունը գրել Աբրահամի՝ իր բարեկամի անվան կողքին, որպեսզի Ռախաբը օրինակ լինի քրիստոնյաների համար։ Հակոբոսը գրեց. «Նոյնպէս էլ Ռախաբ պոռնիկը. չէ՞ որ գործերով արդարացաւ, երբոր լրտեսներին իրան մօտ առաւ եւ ուրիշ ճանապարհով արձակեց» (Յակոբոս 2։25)։

8. Ինչպե՞ս Եհովան օրհնեց Ռախաբին նրա հավատի և հնազանդության համար։

8 Եհովան Ռախաբին մի քանի ձևերով պարգևատրեց։ Օրինակ՝ նա հրաշքով պահպանեց Ռախաբի և նրա տանը ապաստան գտած բոլոր մարդկանց կյանքը՝ «նորա հօր տունը եւ նորա ամեն ունեցածը»։ Հետո նա թույլ տվեց նրանց բնակվել «Իսրայէլի մէջ», որտեղ իրենց պետք է ինչպես բնիկների վերաբերվեին (Յեսու 2։13; 6։22–25; Ղեւտացոց 19։33, 34)։ Բայց դա դեռ բոլորը չէր։ Եհովան Ռախաբին շնորհեց նաև Հիսուս Քրիստոսի նախամայրը դառնալու պատիվը։ Ողորմության ի՜նչ մեծ դրսևորում մի կնոջ հանդեպ, որը մի ժամանակ կռապաշտ քանանացի էր (Սաղմոս 130։3, 4)։a

9. Ինչպե՞ս կարող է Եհովայի վերաբերմունքը Ռախաբի և առաջին դարում ապրած որոշ քրիստոնյա կանանց հանդեպ քաջալերական լինել այսօր որոշ կանանց համար։

9 Ինչպես Ռախաբը, այնպես էլ առաջին դարից մինչև մեր օրերը ապրած կանանցից ոմանք թողել են իրենց անբարո կենսակերպը, որպեսզի հաճեցնեն Աստծուն (Ա Կորնթացիս 6։9–11)։ Անկասկած, նրանցից ոմանք մեծացել են հին Քանանին բնորոշ միջավայրում, որտեղ անբարոյությունը տարածված էր և նույնիսկ համարվում էր նորմալ երևույթ։ Սակայն հավատը, որը հիմնված էր սուրբգրային ճշգրիտ գիտելիքների վրա, մղել էր նրանց փոխելու իրենց վարքը (Հռովմայեցիս 10։17)։ Հետևաբար այդ կանանց մասին նաև կարելի է ասել, որ «Աստուած ամօթ չէ համարում՝ նորանց Աստուածը կոչուելու» (Եբրայեցիս 11։16)։ Ինչպիսի՜ պատիվ։

Օրհնված՝ իր խոհեմության համար

10, 11. Նաբաղին ու Դավիթին վերաբերող ի՞նչ հանգամանքներ մղեցին Աբիգեային գործի անցնելու։

10 Հին ժամանակներում ապրած բազմաթիվ հավատարիմ կանայք ակնառու կերպով դրսևորել են խոհեմություն հատկությունը, որը նրանց դարձրել է շատ թանկագին Եհովայի ժողովրդի համար։ Այդպիսի մի կին էր Աբիգեան՝ հարուստ իսրայելացի հողատեր Նաբաղի կինը։ Աբիգեայի խոհեմության շնորհիվ կյանքեր փրկվեցին, և նրա այդ հատկությունը ետ պահեց Դավիթին՝ Իսրայելի ապագա թագավորին, արյունապարտ դառնալուց։ Աբիգեայի մասին կարող ենք կարդալ «Ա Թագաւորաց» գրքի 25-րդ գլխում։

11 Պատմությունը սկսվում է այսպես. Դավիթն ու իր մարդիկ ճամբար են դնում Նաբաղի հոտերի կողքին, որոնց գիշեր–​ցերեկ առանց վճարի պաշտպանում են՝ իրենց իսրայելացի եղբայր Նաբաղի հանդեպ բարությունից մղված։ Երբ Դավիթի պաշարները սկսում են սպառվել են, նա տասը երիտասարդ է ուղարկում Նաբաղի մոտ՝ ուտելիք խնդրելու։ Այժմ Նաբաղը հնարավորություն ունի իր գնահատանքը ցույց տալու Դավիթին և պատվելու նրան՝ որպես Եհովայի օծյալի։ Բայց Նաբաղը հակառակն է անում։ Բարկությամբ լցված՝ նա Դավիթին նախատում է ու երիտասարդներին դատարկ ձեռքով ետ ուղարկում։ Երբ Դավիթը լսում է այս մասին, հավաքում է 400 զինված մարդ և գնում վրեժ լուծելու։ Աբիգեան իմանում է իր ամուսնու կոպիտ պատասխանի մասին և, խելամտություն դրսևորելով, արագորեն գործի է անցնում՝ Դավիթին խաղաղեցնելու նպատակով մեծ քանակությամբ մթերքներ ուղարկելով։ Հետո նա ինքն է գնում Դավիթի մոտ (2–20-րդ համարներ)։

12, 13. ա) Ինչպե՞ս Աբիգեան ցույց տվեց իր ողջամտությունը և հավատարմությունը Եհովայի ու նրա օծյալի հանդեպ։ բ) Ի՞նչ արեց Աբիգեան, երբ տուն վերադարձավ, և ինչպե՞ս զարգացան իրադարձությունները հօգուտ նրա։

12 Երբ Աբիգեան հանդիպում է Դավիթին, խոնարհաբար Դավիթից ողորմածություն է հայցում։ Սա ցույց է տալիս նրա խոր հարգանքը Եհովայի օծյալի հանդեպ։ «Տէրը իմ Տիրոջ համար անպատճառ հաստատ տուն պիտի շինէ, որովհետեւ իմ տէրը Տիրոջ պատերազմները պատերազմեց»,— ասում է նա՝ ավելացնելով, որ Եհովան Դավիթին առաջնորդ կդնի Իսրայելի վրա (28–30-րդ համարներ)։ Միևնույն ժամանակ, Աբիգեան բավական քաջություն է դրսևորում՝ ասելով Դավիթին, որ եթե նա իրեն չզսպի, այդ վրեժը արյունահեղության կտանի (26, 31–րդ համարներ)։ Աբիգեայի խոնարհությունը, խոր հարգանքը ու հստակ մտածելակերպը օգնում են Դավիթին սթափվել։ Նա պատասխանում է. «Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը, որ այսօր քեզ ուղարկեց ինձ դիմաւորելու. եւ օրհնեալ է քո խոհեմութիւնը. եւ օրհնեալ ես դու որ այսօր ինձ արգիլեցիր արիւնի մէջ մտնելուց» (32, 33–րդ համարներ)։

13 Տուն վերադառնալով՝ Աբիգեան խիզախորեն առիթ է փնտրում ամուսնուն տեղեկացնելու Դավիթին տված իր ընծայի մասին։ Սակայն նրան գտնում է «շատ արբած» վիճակում։ Նա սպասում է մինչև ամուսինը սթափվի ու հետո պատմում է նրան։ Ինչպե՞ս է արձագանքում Նաբաղը։ Նա այնպե՜ս է ապշում, որ, ըստ երևույթին, կաթված է ստանում։ Տասը օրից Աստծո ձեռքով նա մահանում է։ Երբ Դավիթն իմանում է, որ Նաբաղը մահացել է, նա, ակներևաբար հիանալով ու խորապես հարգելով Աբիգեային, ամուսնության առաջարկ է անում նրան։ Աբիգեան ընդունում է Դավիթի առաջարկը (34–42-րդ համարներ)։

Կարո՞ղ եք Աբիգեայի նման լինել

14. Աբիգեայի ո՞ր հատկությունները գուցե ցանկանանք ավելի մեծ չափով մշակել մեր մեջ։

14 Տեսնո՞ւմ եք Աբիգեայի մեջ որոշ հատկություններ, որ ինչպես դո՛ւք, կանայք, այնպես էլ տղամարդիկ, կցանկանայիք ավելի մեծ չափով զարգացնել։ Գուցե ցանկանում եք ավելի խոհեմ վարվել, երբ դժվարություններ են առաջանում։ Կամ միգուցե ցանկանում եք հանգիստ և ողջամիտ ձևով խոսել, երբ ձեր շուրջը գտնվողների զգացմունքները բորբոքվում են։ Եթե այո, ապա ինչո՞ւ չաղոթեք Եհովային այդ մասին։ Նա խոստանում է իմաստություն, խոհեմություն և ողջամտություն տալ բոլոր նրանց, ովքեր ‘հավատքով խնդրում են’ իրենից (Յակոբոս 1։5, 6; Առակաց 2։1–6, 10, 11)։

15. Հատկապես ո՞ր հանգամանքներում է քրիստոնյա կանանց համար կարևոր դրսևորել Աբիգեայի ցուցաբերած հատկությունները։

15 Այսպիսի լավ հատկությունները հատկապես կարևոր են այն կնոջ համար, որի ամուսինը չի ընդունում նրա հավատը և շատ քիչ ուշադրություն է դարձնում աստվածաշնչյան սկզբունքներին կամ ընդհանրապես ուշադրություն չի դարձնում։ Հնարավոր է, որ նա չափազանց շատ է խմում։ Հուսով ենք՝ այսպիսի մարդիկ կփոխվեն։ Շատերն են փոխվել, և հաճախ դա եղել է շնորհիվ իրենց կանանց մեղմ վերաբերմունքի, խոր հարգանքի և մաքուր վարքի (Ա Պետրոս 3։1, 2, 4)։

16. Անկախ նրանից, թե ինչպիսի հանգամանքներ են տիրում տանը՝ քրիստոնյա քույրն ինչպե՞ս կարող է ցույց տալ, որ Եհովայի հետ իր փոխհարաբերություններն ամեն բանից վեր է դասում։

16 Ինչպիսի դժվարությունների էլ ստիպված լինես տանը դիմանալ, հիշիր, որ Եհովան միշտ պատրաստ է աջակցել (Ա Պետրոս 3։12)։ Ձգտիր հոգևորապես զորանալ։ Աղոթիր իմաստություն և սրտի խաղաղություն ունենալու համար։ Այո՛, ավելի մոտեցիր Եհովային Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրության, աղոթքի, խորհրդածության և հավատակիցների հետ ընկերակցելու միջոցով։ Աբիգեայի ամուսնու ոչ հոգևոր մտածելակերպը չազդեց այն սիրո վրա, որ Աբիգեան ուներ Աստծո հանդեպ և այն վերաբերմունքի վրա, որ ուներ նրա օծյալի նկատմամբ։ Նա գործեց արդար սկզբունքների հիման վրա։ Նույնիսկ այնպիսի ընտանիքում, որտեղ ամուսինը Աստծո օրինակելի ծառա է, քրիստոնյա կինը գիտակցում է, որ կարիք ունի շարունակ ջանքեր թափելու իր հոգևոր վիճակը կերտելու և պահպանելու համար։ Ճիշտ է, նրա ամուսինը, Գրությունների համաձայն, պարտավոր է հոգ տանել կնոջ հոգևոր և նյութական կարիքների մասին, բայց վերջին հաշվով կինն է, որ պետք է ‘ահով ու դողով գործի իր անձի փրկությունը’ (Փիլիպպեցիս 2։12; Ա Տիմոթէոս 5։8)։

Նա «մարգարէի վարձք» ստացավ

17, 18. ա) Սարեփթացի այրին հավատի ի՞նչ արտասովոր փորձության առջև կանգնեց։ բ) Ինչպե՞ս արձագանքեց այրին Եղիայի խնդրանքին, և ինչպե՞ս Եհովան պարգևատրեց նրան դրա համար։

17 Այն, թե ինչպես Եղիա մարգարեի օրերում Եհովան հոգ տարավ աղքատ այրու մասին, ցույց է տալիս, որ նա խորապես գնահատում է նրանց, ովքեր աջակցում են ճշմարիտ երկրպագությանը՝ տրամադրելով իրենց անձն ու միջոցները։ Եղիայի օրերում երկարատև երաշտի պատճառով շատերը, այդ թվում նաև մի այրի իր մանկահասակ որդու հետ, որոնք ապրում էին Սարեփթայում, սովի մատնվեցին։ Հենց այն ժամանակ, երբ նրանց վերջին մթերքն էր մնացել, մի այցելու եկավ՝ Եղիա մարգարեն։ Նա այրուն դիմեց մի շատ անսովոր խնդրանքով։ Իմանալով հանդերձ կնոջ վիճակի մասին՝ նա խնդրեց, որ կինը «մի փոքր շօթ» թխի իր համար՝ օգտագործելով ունեցած վերջին յուղն ու ալյուրը։ Բայց նաև ավելացրեց. «Որովհետեւ այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Սափորումը ալիւրը պիտի չ’վերջանայ, եւ կուժիցը իւղը չ’պակասէ, մինչեւ այն օրը որ Տէրը անձրեւ տայ երկրի երեսին» (Գ Թագաւորաց 17։8–14)։

18 Իսկ դու ինչպե՞ս կարձագանքեիր այդ արտասովոր խնդրանքին։ Սարեփթացի այրին, ակներևաբար հասկանալով, որ Եղիան Եհովայի մարգարեն է, «արաւ Եղիայի խօսքի պէս»։ Ի՞նչ կերպով արձագանքեց Եհովան նրա հյուրասիրությանը։ Նա կնոջը, նրա որդուն և Եղիային ամբողջ երաշտի ընթացքում հրաշքով ապահովեց սննդամթերքով (Գ Թագաւորաց 17։15, 16)։ Այո՛, Եհովան սարեփթացի այրուն «մարգարէի վարձք» տվեց, թեև այդ կինը իսրայելացի չէր (Մատթէոս 10։41)։ Աստծո Որդին նույնպես պատվեց այրուն, երբ նրան որպես օրինակ բերեց իր հայրենի քաղաքի՝ Նազարեթի անհավատ մարդկանց առջև (Ղուկաս 4։24–26)։

19. Ինչպե՞ս են բազմաթիվ քրիստոնյա կանայք այսօր դրսևորում նույնպիսի ոգի, ինչպիսին որ սարեփթացի այրին ուներ, և ի՞նչ է մտածում Եհովան նրանց մասին։

19 Այսօր բազմաթիվ քրիստոնյա կանայք դրսևորում են նույնպիսի ոգի, ինչպիսին որ սարեփթացի այրին ուներ։ Օրինակ՝ ամեն շաբաթ առատաձեռն քրիստոնյա կանայք, որոնցից շատերը չքավոր են և ունեն ընտանիք, որին պետք է հոգ տանել, հյուրընկալություն են ցուցաբերում շրջագայող վերակացուներին և նրանց կանանց։ Մյուսները իրենց կերակուրից բաժին են հանում տեղի լիաժամ ծառայողներին, օգնում կարիքավորներին կամ Թագավորության գործին աջակցելու նպատակով ուրիշ կերպերով տրամադրում իրենց անձն ու միջոցները (Ղուկաս 21։4)։ Նկատո՞ւմ է Եհովան այսպիսի զոհողությունները։ Անկասկա՛ծ։ «Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք» (Եբրայեցիս 6։10)։

20. Ի՞նչ կքննարկվի հաջորդ հոդվածում։

20 Առաջին դարում աստվածավախ կանանցից ոմանք առանձնաշնորհում ունեցան ծառայելու Հիսուսին և նրա առաքյալներին։ Հաջորդ հոդվածում կքննարկենք, թե ինչպես են այս կանայք ուրախացրել Եհովայի սիրտը և կքննենք ժամանակակից կանանց օրինակներ, ովքեր ամբողջ սրտով ծառայում են Եհովային՝ նույնիսկ դժվարին հանգամանքներում։

[ծանոթագրություն]

a Ըստ Մատթեոսի արձանագրության՝ Հիսուսի տոհմաբանության մեջ չորս կանայք են նշվում իրենց անուններով՝ Թամարը, Ռախաբը, Հռութը և Մարիամը։ Աստծո Խոսքում նրանց բոլորի մասին մեծ հարգանքով է խոսվում (Մատթէոս 1։3, 5, 16)։

Կրկնություն

• Ինչպե՞ս են ուրախացրել Եհովայի սիրտը հետևյալ կանայք.

• Սեփրան և Փուան

• Ռախաբը

• Աբիգեան

• Սարեփթացի այրին

• Այս կանանց թողած օրինակների շուրջ խորհրդածելն ինչպե՞ս կարող է անձամբ մեզ օգնել։ Պարզաբանեք։

[նկարներ 9–րդ էջի վրա]

Բազմաթիվ հավատարիմ կանայք ծառայել են Աստծուն՝ չնայած ‘թագավորի հրամանին’

[նկար 10–րդ էջի վրա]

Ինչո՞ւ է Ռախաբը հավատի լավ օրինակ

[նկար 10–րդ էջի վրա]

Աբիգեայի դրսևորած ո՞ր հատկությունները կցանկանաս ընդօրինակել

[նկար 12–րդ էջի վրա]

Բազմաթիվ քրիստոնյա կանայք այսօր դրսևորում են սարեփթացի այրու դրսևորած ոգին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը