Սովորենք Հիսուսի երկրային ընտանիքի անդամներից
ՁԵԶ ի՞նչ է հայտնի Հիսուսի ընտանիքի անդամների մասին, որոնց հետ նա ապրեց մինչև իր մկրտությունը, այսինքն՝ իր երկրային կյանքի առաջին երեսուն տարիները։ Ի՞նչ են պատմում մեզ այդ մասին Ավետարանները։ Ի՞նչ կարող ենք սովորել՝ քննելով նրա ընտանիքի մասին տեղեկությունները։ Այս հարցերի պատասխանները կարող են օգտակար լինել։
Արդյո՞ք Հիսուսը ծնվեց նյութապես ապահովված ընտանիքում։ Հովսեփը՝ նրա երկրային հայրը, զբաղվում էր ատաղձագործությամբ։ Դա մեծ ֆիզիկական ջանքեր պահանջող աշխատանք էր, որը երբեմն ընդգրկում էր ծառեր հատելը՝ փայտանյութի համար։ Երբ Հիսուսի ծնվելուց 40 օր անց նրա ծնողները գնացին Երուսաղեմ, նրանք այնտեղ զոհ մատուցեցին, որը պահանջվում էր Օրենքով։ Մատուցեցի՞ն նրանք գառ՝ աղավնու ձագի կամ տատրակի հետ միասին, ինչպես որ Օրենքով նախատեսված էր անել։ Ոչ։ Երևում է՝ նրանք ի վիճակի չէին նման ընծա մատուցելու։ Բայց Օրենքում վերապահում կար աղքատների համար, որից ելնելով՝ Հովսեփն ու Մարիամը ընծա բերեցին «մի զոյգ տատրակ, կամ աղաւնու երկու ձագ»։ Այն փաստը, որ նրանք էժանագին կենդանի զոհաբերեցին, խոսում է այդ ընտանիքի սահմանափակ միջոցների մասին (Ղուկաս 2։22–24; Ղեւտացոց 12։6, 8)։
Ինչպես տեսնում ենք, Հիսուս Քրիստոսը՝ համայն մարդկության ապագա Ղեկավարը, ծնվել է մի հասարակ ընտանիքում, որի անդամները պետք է մեծ ջանքեր գործադրեին, որպեսզի կարողանային ծայրը ծայրին հասցնել։ Երբ Հիսուսը մեծացավ, նա իր հոր նման դարձավ հյուսն (Մատթէոս 13։55; Մարկոս 6։3)։ «[Հիսուսը] հարուստ էր»՝ որպես երկնքում ապրող ոգեղեն էակ, սակայն նա, ինչպես Աստվածաշունչն է ասում, մեզ համար «աղքատացաւ»։ Նա, մարդ դառնալով, ընդունեց ավելի ցածր դիրք ու ապրեց հասարակ ընտանիքում (Բ Կորնթացիս 8։9; Փիլիպպեցիս 2։5–9; Եբրայեցիս 2։9)։ Այն, որ Հիսուսը նյութապես ապահովված ընտանիքի զավակ չէր, կարող էր նպաստել, որ նրա կողքին ոմանք իրենց ավելի ազատ զգային։ Նրա դիրքն ու հեղինակությունը չէին կաշկանդում մարդկանց։ Նրանք կարող էին իրենց գնահատանքը հայտնել Հիսուսի ուսուցանած բաների, գրավիչ հատկությունների ու հիանալի գործերի համար (Մատթէոս 7։28, 29; 9։19–33; 11։28, 29)։ Եհովա Աստծո իմաստությունն է արտահայտվում այն բանում, որ նա թույլ տվեց, որ Հիսուսը ծնվեր հասարակ ընտանիքում։
Այժմ եկեք մոտիկից ծանոթանանք Հիսուսի ընտանիքի անդամների հետ ու տեսնենք, թե ինչ կարող ենք նրանցից սովորել։
Հովսեփը՝ մի արդար մարդ
Երբ Հովսեփն իմացավ, որ իր նշանածը հղիացել էր «դեռ մինչեւ նորանց իրար մօտ գալը», նա ամենայն հավանականությամբ հայտնվեց երկու քարի արանքում. մի կողմից՝ նա սիրում էր Մարիամին, մյուս կողմից՝ նրան նողկանք էր պատճառում միտքն անգամ, թե նա կարող էր անբարոյականություն գործած լինել։ Թվում էր՝ ոտնահարվել է ապագա ամուսնու իր իրավունքը։ Այդ ժամանակներում նշանված կնոջը դիտում էին որպես ամուսնացածի։ Երկար մտածելուց հետո Հովսեփը որոշեց գաղտնի կերպով արձակել իր նշանածին, որ Մարիամին չքարկոծեին որպես շնություն գործած կնոջ (Մատթէոս 1։18; Բ Օրինաց 22։23, 24)։
Բայց ահա հրեշտակը երևաց նրան երազում ու ասաց. «Մի վախենար քեզ մօտ առնել քո կին Մարիամին, որովհետեւ նորանում ծնուածը Սուրբ Հոգիիցն է։ Եւ նա որդի կը ծնի, եւ նորա անունը Յիսուս դնես. որովհետեւ նա իր ժողովրդին կ’փրկէ իրանց մեղքերիցը»։ Ստանալով Աստծուց այդ առաջնորդությունը՝ Հովսեփը վարվեց համաձայն դրա և Մարիամին ընդունեց իր տուն (Մատթէոս 1։20–24)։
Կայացնելով նման վճիռ՝ այդ արդար ու հավատարիմ անձնավորությունն իր դերն ունեցավ այն խոսքերի իրականացման մեջ, որ Եհովան ասել էր Եսայիա մարգարեի միջոցով. «Ահա կոյսը կ’յղանայ եւ կ’ծնէ մի որդի, եւ նորա անունը կ’կանչէ Էմմանուէլ» (Եսայիա 7։14)։ Հովսեփն անկասկած հոգևոր անձնավորություն էր և բարձր գնահատեց խոստացյալ Մեսիայի երկրային հայրը դառնալու պատիվը՝ չնայած այն փաստին, որ Մարիամի առաջին զավակը չէր լինելու իր սեփական որդին։
Հովսեփը Մարիամի հետ սեռական հարաբերություն չունեցավ այնքան ժամանակ, մինչև որ նա լույս աշխարհ բերեց իր որդուն (Մատթէոս 1։25)։ Նոր ամուսնացած այդ զույգի համար պետք է որ դժվար լիներ ինտիմ հարաբերություններից հրաժարվելը, սակայն, ակներևաբար, նրանք չէին ցանկանում որևէ թյուրիմացության առիթ տալ այն բանի վերաբերյալ, թե ով էր երեխայի իսկական Հայրը։ Ինքնատիրապետման ինչպիսի՜ հիանալի օրինակ. Հովսեփը հոգևոր արժեքներին ավելի բարձր տեղ էր հատկացնում, քան իր բնական ցանկություններին։
Չորս անգամ Հովսեփը հրեշտակի միջոցով ցուցումներ ստացավ իր որդեգրած զավակին մեծացնելու վերաբերյալ։ Դրանցից երեքը վերաբերում էին այն բանին, թե երեխան որտեղ պիտի մեծանար։ Չափազանց կարևոր էր, որ Հովսեփը հնազանդ գտնվեր և անհապաղ հետևեր այդ ցուցումներին, որպեսզի երեխան փրկվեր։ Յուրաքանչյուր դեպքում էլ Հովսեփը իսկույն գործի անցավ։ Սկզբում նա երեխային տարավ Եգիպտոս, ապա նորից ետ բերեց Իսրայել։ Դրա շնորհիվ փոքրիկ Հիսուսը փրկվեց Հերովդեսի կազմակերպած՝ մանուկների ջարդից։ Իր հնազանդությամբ Հովսեփը նպաստեց նաև Մեսիայի վերաբերյալ մարգարեությունների իրականացմանը (Մատթէոս 2։13–23)։
Հովսեփը սովորեցրեց Հիսուսին արհեստ, ինչը նրան հնարավորություն կտար հոգալու իր նյութական կարիքները։ Այնպես որ Հիսուսին ճանաչում էին ոչ միայն իբրև ‘հյուսնի որդու’, այլ նաև ‘հյուսնի’ (Մատթէոս 13։55; Մարկոս 6։3)։ Պողոս առաքյալը Հիսուսին նկարագրեց որպես «մեզ նման փորձուած.... ամէն ինչում»։ Բնականաբար, դա իր մեջ ընդգրկում է նաև ընտանիքի հոգսերը հոգալու համար ջանքեր թափելը (Եբրայեցիս 4։15, ԷԹ)։
Ի վերջո, մենք տեսնում ենք նաև, որ Հովսեփը նվիրված էր ճշմարիտ երկրպագությանը։ Դա երևում է Քրիստոնեական Հունարեն Գրություններում տեղ գտած այն դրվագից, որում նրան տեսնում ենք վերջին անգամ։ Հովսեփն իր ընտանիքի հետ գնում էր Երուսաղեմ՝ Պասեքը տոնելու։ Այդ պահանջը միայն արական սեռի ներկայացուցիչների համար էր պարտադիր, սակայն Հովսեփը սովորություն էր դարձրել Երուսաղեմ գնալ իր ընտանիքի բոլոր անդամների հետ՝ «տարուց տարի»։ Դա մեծ զոհողություն էր, քանի որ նրանք ստիպված էին անցնել գրեթե 100 կիլոմետր ճանապարհ՝ Նազարեթից Երուսաղեմ։ Այդպիսի մի ուղևորության ժամանակ, որի մասին կարդում ենք Սուրբ Գրություններում, Հիսուսը ետ ընկավ ընդհանուր խմբից։ Նրան գտան տաճարում, որտեղ նա Օրենքի ուսուցիչներին ունկնդրում էր ու տալիս հարցեր։ Թեև նա այդ ժամանակ ընդամենը 12 տարեկան էր, սակայն արդեն աչքի էր ընկնում մեծ իմաստությամբ և Աստծո Խոսքի իմացությամբ։ Այս դեպքը ցույց է տալիս, որ Հիսուսի ծնողները պետք է որ անհրաժեշտ գիտելիքներ տված լինեին նրան՝ դաստիարակելով նրա մեջ հոգևոր անձնավորություն (Ղուկաս 2։41–50)։ Դրանից որոշ ժամանակ անց Հովսեփը հավանաբար մահացավ, քանի որ Սուրբ Գրություններում այլևս չենք հանդիպում նրան։
Այո՛, Հովսեփը արդար մարդ էր, որը լավ հոգ էր տանում իր ընտանիքի մասին թե՛ ֆիզիկական առումով և թե՛ հոգևոր։ Գիտակցելով, թե որն է այսօր Եհովայի կամքը՝ Հովսեփի նման, հոգևորին հատկացնո՞ւմ եք կյանքում առաջնային տեղ (Ա Տիմոթէոս 2։4, 5)։ Պատրաստակամորեն հնազանդվո՞ւմ եք Աստծո ձայնին, որ հնչում է Աստծո Խոսքի էջերից՝ դրանով դրսևորելով այնպիսի հնազանդություն, որ Հովսեփը դրսևորեց։ Ուսուցանո՞ւմ եք ձեր զավակներին այնպես, որ նրանք կարող լինեն հոգևոր թեմայով իմաստալից զրույցներ վարել ուրիշների հետ։
Մարիամը՝ Աստծո անշահախնդիր ծառան
Մարիամը՝ Հիսուսի մայրը, Աստծո հիանալի ծառաներից էր։ Երբ Գաբրիել հրեշտակը նրան հայտնեց, որ երեխա է ունենալու, նա զարմացավ, քանզի կույս աղջիկ էր և ‘այր չգիտեր’։ Բայց երբ նա իմացավ, որ սուրբ ոգու միջոցով է դա լինելու, խոնարհաբար ընդունեց այդ լուրը՝ ասելով. «Ահա Տիրոջ աղախինն եմ. թող քո խօսքի պէս լինի ինձ» (Ղուկաս 1։30–38)։ Նա այնքան բարձր գնահատեց այդ հոգևոր առանձնաշնորհումը, որ պատրաստ էր դիմագրավել բոլոր այն դժվարությունները, որոնց առջև նա կկանգներ իր կայացրած վճռի պատճառով։
Ինչ խոսք, ստանձնած պատասխանատվությունը ամբողջությամբ փոխեց նրա կյանքը։ Երբ երեխայի ծնվելուց հետո նրա մաքրվելու օրերը լրացան, և նա գնաց Երուսաղեմ, Սիմեոն անունով մի պատկառելի ծերունի ասաց նրան. «Քո անձովը սուր կ’անցնէ» (Ղուկաս 2։25–35)։ Հավանաբար, նա նկատի ուներ այն ծանր ապրումները, որ Մարիամն ունենալու էր, երբ տեսներ իր որդուն շատերի կողմից մերժված ու տանջանքի սյունին գամված։
Հիսուսի մեծանալու ընթացքում Մարիամը մտքում պահում էր նրա կյանքում տեղի ունեցած բաները և «իր սրտումը մտածում էր»՝ եզրակացություններ էր անում (Ղուկաս 2։19, 51)։ Հովսեփի նման՝ նա ևս հոգևոր անձնավորություն էր ու թանկ էր գնահատում այն իրադարձություններն ու խոսքերը, որ առնչվում էին մարգարեությունների իրականացմանը։ Գաբրիել հրեշտակի խոսքերը պետք է որ անջնջելիորեն տպված լինեին նրա մտքում. «Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. եւ Տէր Աստուածը նորա Դաւիթ հօր աթոռը կ’տայ նորան. եւ նա յաւիտեան կը թագաւորէ Յակոբի տան վերայ. եւ նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ» (Ղուկաս 1։32, 33)։ Այո՛, նա լուրջ էր վերաբերվում Մեսիայի մայրը լինելու առանձնաշնորհմանը։
Մարիամի հոգևոր անձնավորություն լինելը ակնհայտ դարձավ ևս մի առիթով, երբ նա հանդիպեց իր ազգական Եղիսաբեթին, որը նույնպես հրաշքով հղիացել էր։ Տեսնելով նրան՝ Մարիամը փառաբանեց Եհովային, ու այդ խոսքերում երևաց նրա սերը Աստծո Խոսքի հանդեպ։ Նրա խոսքերը հիշեցնում են Աննայի՝ «Ա Թագաւորաց» գրքի երկրորդ գլխում ընդգրկված աղոթքը, ինչպես նաև ուրիշ մտքեր՝ Եբրայերեն Գրությունների այլ գրքերից։ Նրա՝ Գրություններին լավատեղյակ լինելը փաստում է, որ նվիրված ու աստվածավախ մայր դառնալու համար նա ուներ բոլոր անհրաժեշտ տվյալները։ Իր որդուն հոգևորապես կրթելու հարցում նա կարող էր համագործակցել Հովսեփի հետ (Ծննդոց 30։13; Ա Թագաւորաց 2։1–10; Մաղաքիա 3։12; Ղուկաս 1։46–55)։
Մարիամը խորապես հավատում էր, որ իր որդին խոստացված Մեսիան էր, և Հիսուսի մահից հետո էլ չնվազեց Մարիամի հավատը նրա հանդեպ։ Հիսուսի հարություն առնելուց կարճ ժամանակ անց Մարիամը այն հավատարիմ աշակերտների թվում էր, ովքեր առաքյալների հետ միասին հավաքվել էին աղոթքի (Գործք 1։13, 14)։ Մարիամը պահեց իր հավատարմությունը՝ չնայած այն ծանր ապրումներին, որ նա կրեց՝ տեսնելով իր թանկագին որդուն տանջանքի ցցի վրա մեռնելիս։
Իսկ ի՞նչ օգուտներ կարող եք քաղել՝ ծանոթանալով Մարիամի կյանքին։ Պատրա՞ստ եք ընդունելու Աստծուն ծառայելու առանձնաշնորհումը՝ անկախ այն բանից, թե ինչ զոհողություններ դա կարող է պահանջել։ Աշխատո՞ւմ եք դրան ամենայն լրջությամբ վերաբերվել այսօր իսկ։ Մտքում պահո՞ւմ եք ապագայի վերաբերյալ Հիսուսի ասածները և համեմատո՞ւմ եք դրանք ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների հետ՝ ‘ձեր սրտում մտածելով’ («Մատթէոս», գլուխ 24 և 25; «Մարկոս», գլուխ 13; «Ղուկաս», գլուխ 21)։ Մարիամի նման, դուք էլ ձգտո՞ւմ եք լավատեղյակ լինել Աստծո Խոսքին ու ազատ օգտագործել այնտեղ գրված մտքերը ձեր զրույցներում։ Կպահպանե՞ք Հիսուսի հանդեպ ձեր հավատը, ինչպիսի մտատանջություններ էլ որ միգուցե ստիպված լինեք ունենալ նրա հետևորդը լինելու պատճառով։
Հիսուսի եղբայրները. նրանք փոխվեցին
Երևում է՝ Հիսուսի եղբայրները նրա հանդեպ հավատ ընծայեցին միայն նրա մահից հետո։ Հավանաբար պատահական չէ, որ նրանք ներկա չէին, երբ Հիսուսը մահանում էր տանջանքի ցցի վրա, և որ Հիսուսն իր մոր մասին հոգ տանելը վստահեց Հովհաննես առաքյալին։ Հիսուսի ընտանիքի անդամները անհարգալից վերաբերմունք էին դրսևորում նրա հանդեպ և նույնիսկ մի առիթով ասացին, թե նա «գժուել է» (Մարկոս 3։21)։ Նրանք, ովքեր այսօր հարազատների կողմից ծաղրանքի են ենթարկվում իրենց հավատի համար, կարող են վստահ լինել, որ Հիսուսը լավ հասկանում է իրենց զգացմունքները։
Սակայն Հիսուսի հարությունից հետո, ինչպես երևում է, նրա եղբայրները սկսեցին հավատալ նրան։ Նրանք այն մի խումբ աշակերտների հետ էին, ովքեր մ.թ. 33–ի Պենտեկոստեից առաջ հավաքվել էին Երուսաղեմում ու ջերմեռանդորեն աղոթում էին առաքյալների հետ միասին (Գործք 1։14)։ Ամենայն հավանականությամբ, իրենց եղբոր հարությունն էր նպաստել, որ փոխվեր նրանց սրտի տրամադրվածությունը, ու որ նրանք ցանկանային դառնալ Հիսուսի հետևորդներ։ Երբեք չպետք է դադարենք հուսալ, որ գուցե մի օր մեր այն հարազատները, որ այսօր չեն ընդունում մեր հավատը, փոխեն իրենց վերաբերմունքը։
Գրությունները հայտնում են, որ Հակոբոսը՝ Հիսուսի այն եղբայրը, որին նա անհատապես երևաց, նշանակալի դեր ունեցավ քրիստոնեական ժողովում։ Նա Աստծո ներշնչմամբ նամակ գրեց իր հավատակիցներին՝ հորդորելով նրանց ամուր պահել իրենց հավատը (Գործք 15։6–29; Ա Կորնթացիս 15։7; Գաղատացիս 1։18, 19; 2։9; Յակոբոս 1։1)։ Մյուս եղբայրը՝ Հուդան, սուրբ ոգով ներշնչված իր նամակի միջոցով քաջալերում էր հավատակիցներին ջանք չխնայել հանուն հավատի մղվող պայքարում (Յուդա 1)։ Ուշադրության է արժանի, որ ո՛չ Հակոբոսը և ո՛չ էլ Հուդան իրենց նամակներում որևէ ձևով չեն փորձել իրենց խոսքը համոզիչ դարձնելու նպատակով ուշադրություն հրավիրել Հիսուսի հետ ունեցած իրենց արյունակցական կապի վրա։ Համեստության ի՜նչ հիանալի դաս կարող ենք քաղել նրանց թողած օրինակից։
Ուրեմն ի՞նչ ենք սովորում Հիսուսի ընտանիքի անդամներից։ Անշուշտ՝ աստվածապաշտության դասեր։ 1) Հավատարմորեն հնազանդվել Աստծո կամքին, որ նա բացահայտել է մեզ համար, և պատրաստ լինել դիմագրավելու բոլոր այն դժվարությունները, որ կարող են ծագել դրա հետևանքով։ 2) Հոգևոր արժեքներին կյանքում առաջնային տեղ հատկացնել, անգամ եթե դա զոհողություններ պահանջի։ 3) Երեխաներին Գրություններին ներդաշնակ դաստիարակություն տալ։ 4) Եթե ընտանիքի անդամները չեն ընդունում մեր հավատը, չկորցնել հույսը, որ մի օր նրանք կփոխեն իրենց վերաբերմունքը։ 5) Չպարծենալ քրիստոնեական ժողովում որևէ ճանաչված անձնավորության հետ ունեցած փոխհարաբերությամբ։ Այո՛, Հիսուսի երկրային ընտանիքի մասին սովորելը օգնում է ավելի մոտիկից ճանաչել նրան ու մեծացնում է մեր գնահատանքը Եհովայի հանդեպ, որ նա Հիսուսին իր մանկության տարիներին հոգ տանելու համար ընտրեց հասարակ ընտանիք։
[նկարներ 4–րդ և 5–րդ էջերի վրա]
Ընդունելով Մարիամին որպես իր կնոջ՝ Հովսեփն իր մասնակցությունն ունեցավ Մեսիայի վերաբերյալ մարգարեությունների իրականացման մեջ
[նկարներ 6–րդ էջի վրա]
Հովսեփն ու Մարիամը իրենց երեխայի մեջ սերմանել էին հոգևոր արժեքներ ու աշխատասիրություն
[նկարներ 7–րդ էջի վրա]
Թեև Հիսուսի եղբայրները մեծացել էին հոգևորապես հարուստ ընտանեկան միջավայրում, նրանք Հիսուսի հանդեպ հավատ դրսևորեցին միայն նրա մահից հետո
[նկարներ 8–րդ էջի վրա]
Հիսուսի եղբայրներ Հակոբոսն ու Հուդան քաջալերում էին իրենց հավատակիցներին