Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 2/15 էջ 15–20
  • Զգուշացիր խաբեությունից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Զգուշացիր խաբեությունից
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ է խաբեությունն այդքան տարածված այսօր
  • Զգուշացիր հավատուրացների խաբեությունից
  • Զգուշացիր ինքնախաբեությունից
  • Զգուշացիր Սատանայի ստերից
  • Պաշտպանվիր խաբեությունից
  • Ուշադրություն կդարձնե՞ս Եհովայի հստակ նախազգուշացումներին
    2011 Դիտարան
  • Զգույշ եղիր, որ չխաբվես
    2010 Դիտարան
  • Արթուն եղիր. Սատանան ուզում է կուլ տալ քեզ
    2015 Դիտարան
  • Ճշմարտությունը խոսենք
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2004 Դիտարան
w04 2/15 էջ 15–20

Զգուշացիր խաբեությունից

«Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը յափշտակէ ձեզ.... դարտակ խաբեբայութիւնով» (ԿՈՂՈՍԱՑԻՍ 2։8)։

1–3. ա) Ո՞ր օրինակներն են փաստում, որ խաբեությունը տարածվել է կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ բ) Ինչո՞ւ խաբեության տարածված լինելը չպիտի զարմացնի մեզ։

«ՁԵԶԱՆԻՑ ո՞ւմ երբեք ձեր հաճախորդը չի խաբել»։ Տարիներ առաջ իրավաբանության մի պրոֆեսոր այսպիսի հարցում կատարեց։ Եվ ի՞նչ արդյունքներով։ Նա բացատրում է. «Հազարավոր իրավաբաններից գտնվեց ընդամենը մեկ իրավաբան, որին իր հաճախորդը երբեք չէր խաբել»։ Ինչո՞ւ։ «Այդ իրավաբանը դեռ նոր էր սկսել աշխատել մի խոշոր ընկերության հետ և դեռևս չէր հանդիպել իր հաճախորդին»։ Այս օրինակը լուսաբանում է մի ցավալի ճշմարտություն՝ ստելն ու խաբելը ներկա աշխարհում ամենուրեք տարածված են։

2 Խաբեությունը շատ ձևեր է ընդունել այսօր ու տարածվել է կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Լրատվական միջոցները նման օրինակների պակաս չեն զգում. քաղաքական գործիչները ստում են իրենց կատարածի վերաբերյալ, հաշվապահներն ու իրավաբանները չափազանցնում են բաժնետիրական ընկերության եկամուտները, գովազդի բնագավառի աշխատողները թյուրիմացության մեջ են գցում սպառողներին, դատական գործընթացում ներգրավված կողմերը խաբում են ապահովագրական ընկերություններին. սրանք ընդամենը մի քանի օրինակներ են։ Խաբում են նաև հոգևորականները։ Նրանք մոլորեցնում են բնակչության լայն խավերին՝ ուսուցանելով կեղծ ուսմունքներ, ինչպիսիք են՝ հոգու անմահությունը, կրակե դժոխքը, երրորդությունը (Բ Տիմոթէոս 4։3, 4)։

3 Մի՞թե զարմանալի է այս բոլոր խաբեությունները։ Բոլորովի՛ն։ Աստվածաշունչը վերջին օրերի վերաբերյալ նախազգուշացրել է. «Չար եւ խաբեբայ մարդիկն յառաջ կ’գնան չարութեան մէջ, մոլորեցնելով եւ մոլորելով» (Բ Տիմոթէոս 3։1, 13)։ Մենք քրիստոնյաներ ենք, ուստի պետք է զգույշ լինենք մոլորեցուցիչ գաղափարներից, որոնք կարող են մեզ հեռացնել ճշմարտությունից։ Երկու հարց է բնականաբար ծագում. «Ինչո՞ւ է խաբեությունն այսքան տարածված մեր օրերում, և ինչպե՞ս կարող ենք զգուշանալ դրանից»։

Ինչո՞ւ է խաբեությունն այդքան տարածված այսօր

4. Ըստ Աստվածաշնչի՝ ինչո՞ւ է խաբեությունը տարածված աշխարհում։

4 Աստվածաշունչը հասկանալի ձևով բացատրում է, թե ինչու է խաբեությունն այդքան տարածված այս աշխարհում։ Հովհաննես առաքյալը գրեց, որ ամբողջ աշխարհը «Չարի իշխանության տակ է» (Ա Յովհաննէս 5։19, ՆԱ)։ Այդ ‘Չարը’ Բանսարկու Սատանան է։ Նրա մասին Հիսուսն ասաց. «Նա.... ճշմարտութեան մէջ չ’կեցաւ, որովհետեւ ճշմարտութիւն չ’կայ նորանում. երբոր սուտն է խօսում, իրաններիցն է խօսում, որովհետեւ ստախօս է եւ ստութեան հայրը»։ Ուրեմն մի՞թե զարմանալի է, որ այս աշխարհն արտացոլում է իր տիրոջ ոգին, սկզբունքները ու խարդախ բնավորությունը (Յովհաննէս 8։44; 14։30; Եփեսացիս 2։1–3)։

5. Ինչպե՞ս է Սատանան է՛լ ավելի ակտիվացել այս վերջին ժամանակներում մարդկանց խաբելու գործում, և հատկապես ովքե՞ր են նրա թիրախը։

5 Այս վերջին ժամանակներում Սատանան է՛լ ավելի է ակտիվացել։ Նրան երկնքից վտարել են երկիր։ Նա գիտի, որ իր ժամանակը կարճ է, ուստի «մեծ բարկութիւն ունի»։ Վճռականորեն տրամադրված լինելով կորցնել հնարավորին չափ շատ մարդկանց՝ նա ‘մոլորեցնում է բովանդակ աշխարհը’ (Յայտնութիւն 12։9, 12)։ Սատանան այնպիսի խաբեբա չէ, որը միայն երբեմն է խաբում։ Ոչ, նա չի թուլացնում իր ջանքերը մոլորեցնելու մարդկությանը։a Նա իր զինանոցում գտնվող ամեն մի մեթոդ, այդ թվում խորամանկությունն ու դավաճանությունը, օգտագործում է, որպեսզի կուրացնի անհավատների մտքերը և նրանց հեռու պահի Աստծուց (Բ Կորնթացիս 4։4)։ Այս վարպետ խաբեբան առանձնապես տրամադրված է կուլ տալու նրանց, ովքեր երկրպագում են Աստծուն ոգով ու ճշմարտությամբ (Յովհաննէս 4։24; Ա Պետրոս 5։8)։ Երբեք մի՛ մոռացիր, որ Սատանան, փաստորեն, հետևյալն է պնդում. «Ես կարող եմ ցանկացածին հեռացնել Աստծուց» (Յոբ 1։9–12)։ Եկեք քննենք Սատանայի խարդախ ‘հնարքներից’ մի քանիսը, ինչպես նաև այն, թե ինչպես կարող ենք զգուշանալ դրանցից (Եփեսացիս 6։11)։

Զգուշացիր հավատուրացների խաբեությունից

6, 7. ա) Ի՞նչ գուցե պնդեն հավատուրացները։ բ) Ինչպե՞ս են Գրությունները պարզ ցույց տալիս, թե ինչ են ուզում հավատուրացները։

6 Սատանան արդեն երկար ժամանակ է, ինչ հավատուրացների միջոցով ջանում է Աստծո ծառաներին շեղել (Մատթէոս 13։36–39)։ Հավատուրացները գուցե պնդեն, թե երկրպագում են Եհովային ու հավատում են Աստվածաշնչին, բայց նրանք մերժում են Աստծո տեսանելի կազմակերպությունը։ Ոմանք նույնիսկ վերադառնում են Մեծ Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության աստվածանարգ ուսմունքներին (Յայտնութիւն 17։5; Բ Պետրոս 2։19–22)։ Աստծո ներշնչանքով Աստվածաշունչը գրող մարդիկ օգտագործել են զորեղ խոսքեր՝ մերկացնելու համար հավատուրացների մեթոդներն ու մղումները։

7 Ի՞նչ են ուզում հավատուրացները։ Նրանց մեծ մասը չի բավականանում հեռանալով այն հավատից, որը մի ժամանակ գուցե համարել է ճշմարիտ։ Հաճախ նրանք ցանկանում են իրենց ետևից ուրիշներին էլ տանել։ Նրանք իրենք ջանք չեն անում փնտրելու մարդկանց ու իրենց աշակերտները դարձնելու, այլ փորձում են «աշակերտներին [այսինքն՝ Քրիստոսի աշակերտներին] իրենց ետեւից քաշել» (Գործք 20։29, 30)։ Կեղծ ուսուցիչների վերաբերյալ Պողոս առաքյալը հետևյալ հույժ կարևոր նախազգուշացումն է տվել. «Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը յափշտակէ ձեզ» (Կողոսացիս 2։8)։ Մի՞թե շատ հավատուրացներ հենց այդպես չեն վարվում։ Նրանք հափշտակում են ժողովի անդամներին՝ ջանալով հեռացնել նրանց հոտից, ճիշտ այնպես, ինչպես առևանգողն է ոչ մի բան չկասկածող զոհին հեռացնում ընտանիքից ու տանում։

8. Ի՞նչ մեթոդներ են հավատուրացներն օգտագործում իրենց նպատակին հասնելու համար։

8 Ի՞նչ մեթոդներ են հավատուրացներն օգտագործում իրենց նպատակին հասնելու համար։ Հաճախ նրանք դիմում են կես–​ճշմարտությունների, աղավաղումների և բացահայտ ստերի։ Հիսուսը գիտեր, որ իր հետևորդները զոհ էին գնալու նրանց, որոնք «ամեն չար բան սուտ տեղը» ասելու էին իր աշակերտների մասին (Մատթէոս 5։11)։ Այդ չարամիտ հակառակորդները ստեր էին տարածելու ուրիշներին խաբելու նպատակով։ Պետրոս առաքյալը նախազգուշացրեց, որ հավատուրացները իրենց նպատակներին հասնելու համար ‘հնարած խոսքեր’ էին ասելու, տարածելու էին ‘խաբեբայություններ’ և ‘ծռելու էին գրքերը’ (Բ Պետրոս 2։3, 13; 3։16)։ Ցավոք, հավատուրացներին հաջողվում է ‘կործանել ոմանց հավատը’ (Բ Տիմոթէոս 2։18)։

9, 10. ա) Ինչպե՞ս կարող ենք զգուշանալ հավատուրացների խաբեություններից։ բ) Ինչո՞ւ մեզ չի անհանգստացնի այն, եթե Աստծո նպատակի վերաբերյալ մեր հասկացողությունը ճշգրտման կարիք ունենա։

9 Ինչպե՞ս կարող ենք զգուշանալ հավատուրացների խաբեություններից։ Կարող ենք զգուշանալ՝ ականջ դնելով Աստծո Խոսքից հնչող խորհրդին. «Մտիկ [տվեք] նորանց՝ որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են շինում այն վարդապետութիւնիցը դուրս՝ որ դուք սովորեցիք՝ եւ հեռու քաշուեցէք նորանցից» (Հռովմայեցիս 16։17)։ Մենք ‘հեռու ենք քաշվում նրանցից’՝ խուսափելով նրանց դատողություններից՝ անկախ այն բանից՝ դրանք ասվում են անձամբ նրանց կողմից, տպագիր թերթի թե Ինտերնետի միջոցով։ Ինչո՞ւ ենք նման դիրք բռնում։ Նախ՝ Աստծո Խոսքը ուղղակիորեն հենց դա է պատվիրում մեզ անել, և բացի այդ, մենք վստահ ենք, որ Եհովան միշտ լավագույնն է ցանկանում մեզ (Եսայիա 48։17, 18)։

10 Երկրորդ՝ մենք սիրում ենք այն կազմակերպությունը, որը մեզ սովորեցրել է թանկագին ճշմարտություններ, որոնք հստակորեն զատում են մեզ Մեծ Բաբելոնից։ Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ Աստծո նպատակի վերաբերյալ մեր գիտելիքները լիակատար չեն. մեր հասկացողությունն այդ առումով տարիների ընթացքում ավելի է շատացել։ Նվիրված քրիստոնյաները ուրախությամբ են սպասում այն բոլոր ճշգրտումներին, որ Եհովան անում է (Առակաց 4։18)։ Իսկ այդ ընթացքում մենք չենք թողնի այն կազմակերպությունը, որ Եհովան օգտագործում է, քանզի պարզ տեսնում ենք, որ նա օրհնում է նրան (Գործք 6։7; Ա Կորնթացիս 3։6)։

Զգուշացիր ինքնախաբեությունից

11. Ինչո՞ւ անկատար մարդիկ հակում ունեն ինքնախաբեության։

11 Անկատար մարդիկ մի հակում ունեն, որից Սատանան չի հապաղում օգտվել. դա ինքնախաբեությունն է։ «Խորամանկ [«խաբեբա», ԱԱ] է սիրտն ամենից աւելի եւ ապականուած»,— գրված է Երեմիա 17։9–ում։ Իսկ Հակոբոսը գրում է. «Ամեն մէկը փորձվում է բուն իր ցանկութիւնիցը հրապուրուած եւ խաբուած» (Յակոբոս 1։14)։ Եթե մեր սիրտը հրապուրվում է, ապա գուցե դրա հետևանքը լինի այն, որ մեղքը մեր աչքին երևա գեղեցիկ ու անվնաս։ Սակայն դա խաբեություն է, որովհետև մեղքին տրվելն ի վերջո տանում է կործանման (Հռովմայեցիս 8։6)։

12. Ի՞նչ ձևերով ինքնախաբեությունը կարող է մեզ գցել իր ծուղակը։

12 Մարդ հեշտությամբ կարող է ինքնախաբեության ծուղակն ընկնել։ «Խաբեբա» սիրտը կարող է արդարացնել լուրջ թերությունը կամ ծանր մեղքը (Ա Թագաւորաց 15։13–15, 20, 21)։ Մեր «ապականուած» սիրտը նաև գուցե պատճառներ փնտրի՝ արդարացնելու կասկածելի վարքը։ Օրինակ՝ նման վարք կարող է դրսևորվել ժամանցի հետ կապված։ Ճիշտ է, ժամանցի որոշ ձևեր հաճելի են ու օգտակար։ Սակայն այն, ինչ աշխարհն առաջարկում է կինոյի, հեռուստահաղորդումների ու Ինտերնետի միջոցով, մեծամասամբ անպարկեշտ է ու անբարո։ Հեշտ է ինքդ քեզ համոզել, որ նման ժամանցը ոչ մի վնաս չի կարող պատճառել քեզ։ Ոմանք նույնիսկ այսպես են դատում. «Խիղճս ինձ չի անհանգստացնում։ Ուրեմն էլ ի՞նչ հարց կա»։ Բայց նման մարդիկ ‘իրենց անձերը խաբում են’՝ այդպիսի դատողություններ անելով (Յակոբոս 1։22)։

13, 14. ա) Սուրբգրային ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ մեր խիղճը միշտ չէ, որ հուսալի առաջնորդ է։ բ) Ինչպե՞ս կարող ենք զգուշանալ ինքնախաբեությունից։

13 Ինչպե՞ս կարող ենք զգուշանալ ինքնախաբեությունից։ Նախևառաջ, հարկավոր է հիշել, որ խղճին ապավինելը միշտ չէ, որ հուսալի ելք է։ Ահա Պողոս առաքյալի դեպքը։ Նախքան քրիստոնյա դառնալը նա հալածում էր Քրիստոսի հետևորդներին (Գործք 9։1, 2)։ Նրա խիղճը այն ժամանակ գուցե չէր անհանգստացնում իրեն, բայց, ակներևաբար, այն նրան ճիշտ ուղղությամբ չէր առաջնորդում։ «Չ’գիտենալով էի գործում անհաւատութիւնով»,— ասաց Պողոսը (Ա Տիմոթէոս 1։13)։ Ուստի միայն այն փաստը, որ ժամանցի որոշ ձևեր չեն անհանգստացնում մեր խիղճը, դեռ երաշխիք չէ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Միայն Աստծո Խոսքով կրթված առողջ խիղճը կարող է հուսալի առաջնորդ լինել։

14 Ինքնախաբեությունից խուսափելու համար անհրաժեշտ է մտքում պահել մի քանի օգտակար խորհուրդներ։ Աղոթելով վերլուծիր քո իրավիճակը (Սաղմոս 26։2; Բ Կորնթացիս 13։5)։ Ազնվորեն ինքնավերլուծություն անելը կարող է բացել քո աչքերը՝ տեսնելու, որ հարկ կա որոշ փոփոխություններ անելու անձնական տեսակետի կամ վարքի առնչությամբ։ Լսիր մյուսներին (Յակոբոս 1։19)։ Քանի որ ինքնաքննություն կատարելիս անհատը հակված է սուբյեկտիվության, խելամիտ կլինի ականջ դնել հասուն քրիստոնյայի օբյեկտիվ խոսքերին։ Եթե տեսնում ես, որ քո որոշումները կամ գործելակերպը կասկածելի են երևում հավասարակշռված ու փորձառու հավատակիցներին, կարող ես ինքդ քեզ հարցնել. «Գուցե պատճառն ա՞յն է, որ խիղճս ինչպես հարկն է չի մարզված, կամ որ սիրտս խաբում է ինձ»։ Կանոնավորաբար սնվիր Աստծո Խոսքով ու Աստվածաշնչի վրա հիմնված գրականությամբ (Սաղմոս 1։2)։ Այդպես վարվելը կօգնի քեզ, որ քո միտքը, տեսակետները և զգացումները ներդաշնակ լինեն Աստծո սկզբունքներին։

Զգուշացիր Սատանայի ստերից

15, 16. ա) Ջանալով խաբել մեզ՝ ի՞նչ ստեր է Սատանան օգտագործում։ բ) Ինչպե՞ս կարող ենք խուսափել նման ստերով խաբվելուց։

15 Սատանան զանազան ստերի է դիմում՝ ջանալով խաբել մեզ։ Նա փորձում է մեզ համոզել, որ նյութականը կարող է մեզ երջանկություն ու գոհունակություն բերել, այնինչ հաճախ ճիշտ հակառակն է տեղի ունենում (Ժողովող 5։10–12)։ Նա ցանկանում է, որ հավատանք, թե այս ամբարիշտ աշխարհը հավիտյան կմնա, չնայած որ պարզ երևում է, որ վերջին օրերում ենք ապրում (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Սատանան ջատագովում է այն միտքը, որ անբարո կենսակերպը վնաս չի բերում, այն դեպքում երբ հաճոյապաշտ մարդիկ հաճախ քաղում են դրա դառը պտուղները (Գաղատացիս 6։7, 8ա)։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել նման ստերով խաբվելուց։

16 Օգուտներ քաղիր աստվածաշնչային օրինակներից։ Աստվածաշունչը պարունակում է նախազգուշական օրինակներ այնպիսի անհատների, որոնք խաբվեցին Սատանայի ստերից։ Նրանք սիրեցին նյութականը, ուշադրություն չդարձրեցին, թե ինչ ժամանակներում են ապրում, անբարոյականությամբ գործեցին, և այս բոլորը վատ հետևանքներ ունեցան (Մատթէոս 19։16–22; 24։36–42; Ղուկաս 16։14; Ա Կորնթացիս 10։8–11)։ Սովորիր ժամանակակից օրինակներից։ Որքան էլ որ ցավալի է, երբեմն որոշ քրիստոնյաներ կորցնում են հրատապության զգացումը ու սկսում են խորհել, որ իրենք Աստծուն ծառայելով ձեռքից մի ինչ–​որ լավ բան են բաց թողնում։ Նրանք գուցե թողնում են ճշմարտությունը, որպեսզի, այսպես ասած, հաճելի կյանք վարեն։ Այնինչ, նման անհատները «սահելու տեղ» են կանգնած, որովհետև ուշ թե շուտ ստիպված կլինեն զգալ իրենց անաստված վարքի հետևանքները (Սաղմոս 73։18, 19)։ Խելացի կլինի սովորել ուրիշների սխալներից (Առակաց 22։3)։

17. Ինչո՞ւ է Սատանան առաջ տանում այն սուտը, թե Եհովան չի սիրում ու չի գնահատում մեզ։

17 Մեկ ուրիշ սուտ էլ կա, որ Սատանան արդյունավետորեն օգտագործում է. դա այն է, որ Եհովան իբր մեզ չի սիրում ու չի գնահատում։ Սատանան հազարավոր տարիներ ուսումնասիրել է անկատար մարդկանց։ Նա շատ լավ գիտի, որ վհատությունը կարող է անհատին հոգևորապես թուլացնել (Առակաց 24։10)։ Ուստի նա առաջ է տանում այն սուտը, իբրև թե մենք ոչ մի արժեք չունենք Աստծո աչքում։ Եթե մենք «վայր ընկած» ենք ու սկսում ենք խորհել, որ Եհովան հոգ չի տանում մեր մասին, ապա գուցե ի վերջո անձնատուր լինենք (Բ Կորնթացիս 4։9)։ Հենց սա՛ է մեծ Խաբեբան ուզում։ Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք զգուշանալ Սատանայի այս ստով խաբվելուց։

18. Ինչպե՞ս է Աստվածաշունչը մեզ վստահեցնում Եհովայի սիրո մեջ։

18 Այն, ինչ որ Աստվածաշունչն ասում է Աստծո՝ մեր հանդեպ ունեցած սիրո մասին, ընդունիր որպես անձամբ քեզ ասված խոսք։ Աստծո Խոսքում հուզիչ նկարագրությունների միջոցով մեզ հավաստիացում է տրվում, որ Եհովան մեզ անհատապես նկատում ու սիրում է։ Նա քո արտասուքները դնում է իր «տկի մէջ», այսինքն՝ տեսնում և հիշում է քո արցունքները, որ դու թափել ես իրեն հավատարիմ մնալու պայքարում (Սաղմոս 56։8)։ Երբ քո ‘սիրտը կոտրվում’ է, նա տեղյակ է լինում դրան և մոտիկ է մնում քեզ այդպիսի պահերին (Սաղմոս 34։18)։ Նա քեզ վերաբերող ամեն մի մանրամասնություն գիտի, այդ թվում քո գլխի բոլոր մազերի քանակը (Մատթէոս 10։29–31)։ Իսկ ամենաուշագրավն այն է, որ Աստված «իր միածին Որդին տուաւ» հանուն քեզ (Յովհաննէս 3։16; Գաղատացիս 2։20)։ Երբեմն գուցե դժվարանաս հավատալ, որ այդ համարները անձամբ քեզ են վերաբերում։ Բայցևայնպես, մենք պետք է հավատանք Եհովայի խոսքին։ Նա ուզում է, որ մենք հավատանք, որ նա սիրում է մեզ ոչ միայն որպես խմբի, այլև որպես անհատի։

19, 20. ա) Ինչո՞ւ է կարևոր ճանաչել ու մերժել Սատանայի այն սուտը, որ Եհովան իբր թե չի սիրում քեզ։ բ) Ինչպե՞ս է մի շրջագայող վերակացու օգնում վհատված հավատակիցներին։

19 Ճանաչիր սուտը ու մերժիր։ Եթե գիտես, որ ինչ–​որ մեկը ստում է, ապա կարող ես պաշտպանվել խաբվելուց։ Նույն ձևով, հենց այն բանի իմացությունը, որ Սատանան ցանկանում է, որ դու հավատաս այն ստին, թե Եհովան չի սիրում քեզ, կարող է ինքնին մեծ օգնություն լինել։ Մի քրիստոնյա, «Դիտարանում» կարդալով մի հոդված, որը նախազգուշացնում էր Սատանայի գործելակերպի մասին, ասաց. «Երբեք մտքովս անգամ չէր անցել, թե Սատանան փորձում է օգտվել իմ զգացմունքներից, որպեսզի ինձ վհատեցնի։ Իմանալով այդ մասին՝ ես մեծ ցանկություն եմ ունենում հաղթահարել այդ զգացումները»։

20 Ուշադրություն դարձրու, թե ինչ է պատմում մի շրջագայող վերակացու, որը ծառայում է հարավամերիկյան երկրներից մեկում։ Նա, երբ հովվական այց է կատարում իր այն հավատակիցներին, որոնք ընկճված են, հաճախ հարց է տալիս նրանց. «Հավատո՞ւմ ես երրորդությանը»։ Վհատված հավատակիցները սովորաբար պատասխանում են՝ ոչ իհարկե՝ հասկանալով, որ այդ ուսմունքը Սատանայի ստերից մեկն է։ Վերակացուն այնուհետև հարցնում է. «Հավատո՞ւմ ես կրակե դժոխքին»։ Դարձյալ հնչում է պատասխանը՝ իհարկե ո՛չ։ Հետո եղբայրը ասում է նրանց, որ Սատանայի մի սուտ էլ կա, որը սովորաբար հեշտ չէ ճանաչել։ Նա նրանց ուշադրությունը հրավիրում է «Մոտեցիր Եհովային»b գրքի 249–րդ էջի 21–րդ պարբերության վրա, որտեղ մերկացվում է այդ սուտը՝ այն, որ իբր թե Եհովան յուրաքանչյուրիս անհատապես չի սիրում։ Շրջագայող վերակացուն ասում է, որ վհատվածներին այդ ձևով օգնելը՝ ճանաչելու ու մերժելու Սատանայի այս սուտը, դրական արդյունքներ է տալիս։

Պաշտպանվիր խաբեությունից

21, 22. Ինչո՞ւ մենք անտեղյակ չենք Սատանայի խարդախ գործելակերպից և ի՞նչ պետք է վճռենք։

21 Վերջին օրերի այս եզրափակիչ մասում սպասվում է, որ Սատանան կշարունակի ստերի ու խաբեությունների հեղեղ թափել մարդկանց վրա։ Բարեբախտաբար, Եհովան մեզ անտեղյակ չի թողել Սատանայի խարդախ գործելակերպից։ Աստվածաշունչը ու նրա վրա հիմնված հրատարակությունները, որ մատակարարում է «հաւատարիմ եւ իմաստուն ծառան», բացահայտորեն մերկացնում են Սատանայի չար մեթոդները (Մատթէոս 24։45)։ Նախապես իմանալով այդ մասին՝ մենք կարող ենք զինվել պաշտպանվելու նպատակով (Բ Կորնթացիս 2։11)։

22 Դե՛, եկեք ամեն ժամանակ զգուշանա՛նք հավատուրացների դատողություններից։ Եկեք վճռականորեն խուսափե՛նք ինքնախաբեության խորամանկ ծուղակից։ Եկեք ճանաչե՛նք ու մերժե՛նք Սատանայի բոլոր ստերը։ Վարվելով այսպես՝ մենք կպաշտպանենք ճշմարտության Աստծո հետ ունեցած մեր փոխհարաբերությունները, Աստված, որը զզվում է խաբեությունից (Սաղմոս 31։5; Առակաց 3։32)։

[ծանոթագրություններ]

a Յայտնութիւն 12։9–ում «մոլորեցնող» թարգմանված բայի ձևի վերաբերյալ մի աշխատության մեջ ասվում է, որ դա «մատնանշում է շարունակական գործողություն, որը դառնում է սովորություն»։

b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Հիշո՞ւմ ես

• Ինչո՞ւ այսօր այդքան շատ խաբեություն կա աշխարհում։

• Ինչպե՞ս կարող ենք զգուշանալ հավատուրացների խաբեությունից։

• Ինչպե՞ս կարող ենք զգուշանալ ինքնախաբեության հակումից։

• Ինչպե՞ս կարող ենք խուսափել Սատանայի ստերով խաբվելուց։

[նկար 17–րդ էջի վրա]

Ժամանցի առումով մի՛ խաբիր ինքդ քեզ

[նկարներ 18–րդ էջի վրա]

Ինքնախաբեությունից զգուշանալու համար աղոթքով վերլուծիր քո իրավիճակը, լսիր մյուսներին և կանոնավորաբար սնվիր Աստծո Խոսքով

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը