Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 3/1 էջ 19–21
  • Ինչպես ցույց տանք մեր սերը Աստծո հանդեպ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես ցույց տանք մեր սերը Աստծո հանդեպ
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Երախտագիտությամբ խորհել
  • Եհովային սիրել ողջ սրտով
  • Եհովային սիրել ողջ անձով
  • Եհովային սիրել ողջ մտքով
  • Եհովային սիրել ողջ զորությամբ
  • Սիրիր Աստծուն, որը քեզ սիրում է
    2006 Դիտարան
  • «Սիրի՛ր քո Աստված Եհովային»
    2014 Դիտարան
  • Թող սերը կերտի ձեզ
    2001 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Եհովային
    2015 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 3/1 էջ 19–21

Ինչպես ցույց տանք մեր սերը Աստծո հանդեպ

ԶՈՒՏ գիտելիքներ ձեռք բերելով հնարավոր չէ Աստծո հանդեպ սեր զարգացնել։ Աստծո ծառաներն ամենուրեք կարող են հաստատել, որ Աստծո հանդեպ իսկական սեր առաջանում է այն ժամանակ, երբ ըմբռնում ես, թե ինչպիսի անձնավորություն է նա, այդ սերն ավելի է աճում, երբ իմանում ես, թե ինչն է Աստված սիրում և ինչը՝ ատում, ինչպիսին է նրա տեսակետը զանազան հարցերի նկատմամբ, և որոնք են նրա պահանջները։

Սիրուց մղված՝ Եհովան մեզ տվել է իր Խոսքը՝ Աստվածաշունչը, որի օգնությամբ նա բացահայտում է իր անձնավորությունը։ Աստվածաշնչից ենք իմանում, թե Եհովան տարբեր իրադրություններում ինչպես է վարվել։ Երբ մեր սրտին հարազատ անձնավորության նամակն ենք ընթերցում, հաճույք ենք ստանում։ Նույնպիսի հաճույք ենք ստանում, երբ Աստվածաշունչն ընթերցելով հայտնաբերում ենք Եհովայի անձնավորության նոր կողմերը։

Սակայն, ինչպես երբեմն նկատում ենք մեր քարոզչական ծառայության ժամանակ, Աստծո մասին գիտելիքներ ձեռք բերելը միշտ չէ, որ մարդուն մղում է սիրել նրան։ Իր օրերի անշնորհակալ հրեաներին Հիսուսն ասաց. «Քննեցէք [«քննում եք», ԱՆԹ, ծան.] գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք յաւիտենական կեանք.... Բայց ճանաչում եմ ձեզ, որ Աստուծոյ սէրը չ’ունիք ձեր անձերումը» (Յովհաննէս 5։39, 42)։ Ոմանք տարիներ շարունակ սովորում են այն մասին, թե ինչպես է Եհովան ցուցաբերում իր սերը, սակայն նրանց սերը Եհովայի հանդեպ չի խորանում։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք չեն խորհում այդ ճշմարտությունների բուն էության մասին։ Եվ հակառակը՝ միլիոնավոր մարդիկ, որոնց հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում, զգում են, որ իրենց սերն առ Աստված գնալով ավելի է խորանում։ Ինչո՞ւ։ Որովհետև մեզ նման նրանք էլ են հետևում Ասափի օրինակին։ Ո՞ր օրինակին։

Երախտագիտությամբ խորհել

Ասափը վճռեց իր սրտում սեր մշակել Եհովայի հանդեպ։ Նա գրեց. «Խօսում եմ իմ սրտի հետ.... Յիշում եմ Տիրոջ գործերը. որովհետեւ յիշում եմ քո հրաշքները յաւիտենից։ Եւ քննում եմ քո ամեն գործերը, եւ միտք եմ առնում քո արածները» (Սաղմոս 77։6, 11, 12)։ Աստծո հանդեպ սերը կաճի այն մարդու սրտում, ով սաղմոսերգուի նման խորհում է Եհովայի ճանապարհների մասին։

Բացի այդ, երբ հիշում ենք, թե Եհովային ծառայելիս մեզ հետ ինչ հաճելի դեպքեր են պատահել, ամրանում է մեր փոխհարաբերությունները նրա հետ։ Պողոս առաքյալն ասաց, որ մենք «Աստուծոյ գործակիցներ ենք», իսկ գործակիցների միջև յուրահատուկ ընկերություն կարող է առաջանալ (Ա Կորնթացիս 3։9)։ Երբ մեր սերն արտահայտում ենք Եհովայի հանդեպ, նա բարձր է գնահատում դա։ Այդպես վարվելով ուրախացնում ենք նրա սիրտը (Առակաց 27։11)։ Իսկ երբ դժվար պահերին Եհովայի օգնությունն ենք խնդրում ու տեսնում ենք, թե նա ինչպես է մեզ աջակցում, հասկանում ենք, որ նա մեզ հետ է, և մեր սերը նրա հանդեպ է՛լ ավելի է խորանում։

Երկու անհատների միջև ընկերությունն ամրանում է այն ժամանակ, երբ նրանք միմյանց արտահայտում են իրենց զգացմունքները։ Նմանապես, երբ Եհովային ասում ենք, թե ինչու ենք նրան սիրում, աճում է մեր սերը նրա հանդեպ։ Մենք պետք է շարունակ խորհենք Հիսուսի հետևյալ խոսքերի շուրջ. «Սիրիր քո Տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ» (Մարկոս 12։30)։ Ի՞նչը ցույց կտա, որ շարունակում ենք Աստծուն սիրել ողջ սրտով, ողջ անձով, ողջ մտքով ու ողջ զորությամբ։

Եհովային սիրել ողջ սրտով

Սուրբ Գրություններում խոսվում է փոխաբերական սրտի, այսինքն՝ մեր ներքին անձնավորության՝ մեր ցանկությունների, տեսակետների և զգացմունքների մասին։ Հետևաբար Եհովային սիրել ողջ սրտով նշանակում է ամեն ինչից առավել ցանկանալ հաճեցնել նրան (Սաղմոս 86։11)։ Եթե ձգտում ենք, որ մեր մտածելակերպն ու վարքը հաճելի լինեն Եհովային, ուրեմն այդպիսի սեր ենք դրսևորում։ Մենք ջանում ենք ընդօրինակել Աստծուն՝ ‘չարն ատելով և բարուն հետևելով’ (Հռովմայեցիս 12։9)։

Սերն առ Աստված անդրադառնում է ցանկացած հարցի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքի վրա։ Օրինակ՝ մեր աշխատանքը կարող է շատ հետաքրքիր ու հրապուրիչ լինել, սակայն մեր սիրտը նվիրե՞լ ենք դրան. ո՛չ։ Մենք Եհովային սիրում ենք ողջ սրտով, ուստի նախևառաջ նրա ծառաներն ենք։ Մեկ ուրիշ օրինակ. մենք ցանկանում ենք հաճեցնել մեր ծնողներին, կողակցին, գործատիրոջը, բայց քանի որ Եհովային սիրում ենք ողջ սրտով, նախևառաջ ձգտում ենք նրան հաճեցնել։ Նա արժանի է, որ լինի մեր սրտի տերը (Մատթէոս 6։24; 10։37)։

Եհովային սիրել ողջ անձով

«Անձ» թարգմանված հունարեն բառը Գրություններում հիմնականում մատնանշում է անձնավորությանը, ինչպես նաև նրա կյանքը։ Ուստի Եհովային սիրել ողջ անձով նշանակում է այնպիսի կյանք վարել, որ փառք բերենք նրան և ապացուցենք, որ սիրում ենք նրան։

Ինչ խոսք, մենք կարող ենք զբաղված լինել տարբեր գործերով, օրինակ՝ որևէ արհեստ սովորելով, ինչ–որ գործ ձեռնարկելով կամ էլ երեխաներին դաստիարակելով։ Սակայն մենք ապացուցում ենք, որ Եհովային սիրում ենք մեր ողջ անձով, քանի որ միևնույն ժամանակ վարվում ենք այնպես, ինչպես նա է ցանկանում, և այլ գործերը կյանքում հատկացված իրենց ճիշտ տեղում ենք դնում։ Այդպես մենք փնտրում ենք «առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւն[ը]» (Մատթէոս 6։33)։ Աստծուն երկրպագել ողջ անձով նաև նշանակում է եռանդուն լինել։ Մեր սերն Աստծո հանդեպ դրսևորում ենք՝ Թագավորության պատգամը եռանդորեն քարոզելով, հանդիպումներին հավատ կերտող մեկնաբանություններ տալով կամ մեր քրիստոնյա քույր–​եղբայրներին օգնելով։ Ամեն ինչում մենք շարունակում ենք ‘Աստծո կամքը անել սրտանց’ (Եփեսացիս 6։6)։

Ուրանալով իր անձը՝ Հիսուսը փաստեց, որ Աստծուն սիրում է ողջ անձով։ Նա Աստծո կամքը դրեց առաջին տեղում, իսկ իր անձնական կարիքները՝ երկրորդ։ Հիսուսը մեզ հրավիրեց իր օրինակին հետևել։ Նա ասաց. «Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գայ» (Մատթէոս 16։24, 25)։ ‘Ուրանալ իր անձը’ նշանակում է նվիրվել Եհովային։ Դա նշանակում է, որ մենք այն աստիճան ենք Աստծուն սիրում, որ մեր անձը հանձնում ենք նրան որպես սեփականություն, ճիշտ այնպես, ինչպես աստվածաշնչյան ժամանակներում ապրող իսրայելացին, որն իր տիրոջն այնքան էր սիրում, որ դառնում էր նրա մշտական ծառան (Բ Օրինաց 15։16, 17)։ Նվիրելով մեր կյանքը Եհովային՝ համոզիչ կերպով փաստում ենք, որ սիրում ենք նրան։

Եհովային սիրել ողջ մտքով

Սիրել Եհովային ողջ մտքով նշանակում է անհրաժեշտ բոլոր ջանքերը ներդնել՝ նրա էությունը, նպատակներն ու պահանջները հասկանալու համար (Յովհաննէս 17։3; Գործք 17։11)։ Մենք Եհովայի հանդեպ մեր սերն ենք արտահայտում, երբ գործի ենք դնում մեր մտային կարողությունները, որպեսզի մյուսներին էլ օգնենք սիրելու նրան, ինչպես նաև զարգացնում ենք մեր ուսուցանելու արվեստը։ Պետրոս առաքյալը խրախուսեց ‘մեր մտքի մեջքը գոտեպնդել’ (Ա Պետրոս 1։13)։ Մենք նաև ջանքեր ենք գործադրում, որպեսզի հետաքրքրվենք մարդկանցով, հատկապես մեր հավատակիցներով։ Մենք գիտենք նրանց հանգամանքները և նկատում ենք, թե երբ է հարկավոր ոգևորել, իսկ երբ՝ սփոփել նրանց։

Մենք փաստում ենք, որ Եհովային սիրում ենք մեր ողջ մտքով, երբ մեր միտքը հնազանդեցնում ենք նրան։ Մենք ձգտում ենք իրերին նայել նրա տեսանկյունից, որոշումներ կայացնելիս հաշվի ենք առնում նրա կարծիքը և վստահում ենք, որ նրա ուղին լավագույնն է (Առակաց 3։5, 6; Եսայիա 55։9; Փիլիպպեցիս 2։3–5, 6 ՆԱ, 7)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք Եհովային սիրել ողջ զորությամբ։

Եհովային սիրել ողջ զորությամբ

Քրիստոնեական ժողովի շատ երիտասարդներ օգտագործում են իրենց զորությունը՝ Եհովային փառաբանելու համար (Առակաց 20։29; Ժողովող 12։1)։ Հնարավորություններից մեկը, որով բազմաթիվ երիտասարդ քրիստոնյաներ ցույց են տալիս, որ Եհովային սիրում են իրենց ողջ զորությամբ, ռահվիրայական, այսինքն՝ լիաժամ ծառայությունն է։ Շատ մայրեր են ծառայում որպես ռահվիրա՝ օգտագործելով այն ժամանակը, երբ իրենց երեխաները դպրոցում են։ Հավատարիմ երեցները, ովքեր ընտանիքի կարիքները հոգալուց բացի հովվական այցելություններ են կատարում, ցույց են տալիս, որ Եհովային սիրում են ողջ զորությամբ (Բ Կորնթացիս 12։15)։ Եհովան իրեն ապավինողներին զորություն է տալիս, որպեսզի նրանք կարողանան իրենց սերն արտահայտել նրա հանդեպ՝ գովաբանելով նրան իրենց ուժերի ներածին չափով (Եսայիա 40։29; Եբրայեցիս 6։11, 12 ԷԹ)։

Սերը կաճի, եթե այն ճիշտ կերպով մշակենք։ Ուստի մենք միշտ ժամանակ ենք հատկացնում, որպեսզի խորհենք։ Մենք հիշում ենք, թե Եհովան ինչ է արել մեզ համար, և ինչու է նա մեր նվիրմանն արժանի։ Որպես Ադամի անկատար սերունդ՝ մենք երբեք չենք կարողանա արժանանալ այն ամենին, ինչը «պատրաստեց Աստուած իրան սիրողների համար»։ Սակայն մենք կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Եհովային մեր ողջ էությամբ։ Եկե՛ք շարունակենք այդպես վարվել (Ա Կորնթացիս 2։9)։

[նկար 20–րդ էջի վրա]

Աստծո հանդեպ մեր սերը գործերով ենք փաստում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը