Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 4/1 էջ 20–23
  • Կենտրոնացա՞ծ ես վարձատրության վրա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կենտրոնացա՞ծ ես վարձատրության վրա
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Վարձատրությունը պահել կիզակետում
  • Ինչպես սրենք մեր հոգևոր տեսողությունը
  • Մնացեք կենտրոնացած, ինչպես Հեսուն
  • Հույսով սպասիր Եհովային և քաջ եղիր
    2006 Դիտարան
  • Հույսդ ամուր պահիր
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Շարունակիր խորհրդածել հոգևոր բաների մասին
    2015 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 4/1 էջ 20–23

Կենտրոնացա՞ծ ես վարձատրության վրա

ԱՅԴ հիվանդությունը աստիճանաբար է զարգանում։ Սկզբում վնասվում են աչքի տեսողական հատվածի ծայրամասերը։ Անուշադրության մատնվելու դեպքում հիվանդությունը տարածվում է և վնասում կենտրոնական տեսողությունը՝ ի վերջո, հանգեցնելով տեսողության լիակատար կորստյան։ Ո՞ր հիվանդության մասին է խոսքը։ Դա գլաուկոման է՝ կուրության հիմնական պատճառներից մեկը։

Ճիշտ ինչպես դանդաղ ու աննկատ հնարավոր է կորցնել ֆիզիկական տեսողությունը, այնպես էլ կարող ենք կորցնել մեկ ուրիշ՝ շատ ավելի կարևոր տեսողություն։ Խոսքը հոգևոր տեսողության մասին է։ Ուստի անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում՝ տեսադաշտի կիզակետում պահել հոգևոր գործերը։

Վարձատրությունը պահել կիզակետում

Մեր ֆիզիկական աչքերին ‘չերևացող’ բաների թվում է հավիտենական կյանքի այն փառավոր վարձատրությունը, որ Եհովան պատրաստել է իր նվիրյալների համար (Բ Կորնթացիս 4։18)։ Ինչ խոսք, քրիստոնյաները Աստծուն առաջին հերթին ծառայում են՝ նրա հանդեպ սիրուց մղված (Մատթէոս 22։37)։ Այնուամենայնիվ, Եհովան ուզում է, որ մենք անհամբերությամբ սպասենք մեր վարձատրությանը։ Աստված ցանկանում է, որ ընդունենք նրան որպես առատաձեռն Հոր, որն «իրան խնդրողներին վարձահատոյց» է լինում (Եբրայեցիս 11։6)։ Ուստի Եհովային ճանաչող և սիրող մարդիկ գնահատում են նրա խոստացած օրհնությունները ու անհամբերությամբ սպասում դրանց իրականացմանը (Հռովմայեցիս 8։19, 24, 25)։

«Դիտարանի», ինչպես նաև նրան առընթեր «Արթնացե՛ք» պարբերագրի ընթերցողները ուրախություն են ստանում այս հրատարակությունների էջերում պատկերվող ապագա դրախտ–​երկրի նկարներից։ Իհարկե, մենք ամենայն ճշգրտությամբ չգիտենք, թե ինչ տեսք կունենա դրախտի վերածված երկիրը։ Պարբերագրերում տեղ գտած նկարները, ինչ խոսք, զուտ նկարչի պատկերացումներն են՝ հիմնված աստվածաշնչյան այնպիսի համարների վրա, ինչպիսին է, օրինակ, Եսայիա 11։6–9-ը։ Այնուամենայնիվ, մի քրիստոնյա կին այդ նկարների մասին այսպես է արտահայտվում. «Երբ «Դիտարանում» կամ «Արթնացե՛ք»–ում տեսնում եմ ապագա Դրախտի պատկերներ, ուշադրությամբ զննում եմ դրանք, ինչպես որևէ մեկը տուրիստական ուղեցույց կզններ։ Ես ձգտում եմ այնտեղ տեսնել ինձ, քանի որ իսկապես հույս ունեմ Դրախտում լինելու, երբ կգա Աստծո կողմից նշանակված ժամանակը»։

Նմանատիպ զգացումներ ուներ Պողոս առաքյալը իր «վերին կոչումի» հանդեպ։ Նա չէր մտածում, թե արդեն ստացել է այդ կոչումը. նա դեռ մինչև վերջ պետք է փաստեր իր հավատարմությունը։ Առաքյալը շարունակ ձգտում էր ‘դեպի առջևում եղածները’ (Փիլիպպեցիս 3։13 ԷԹ, 14)։ Նույնը կարելի է ասել նաև Հիսուսի մասին։ Նա համբերեց մահը տանջանքի ցցի վրա՝ «իր առաջ դրուած ուրախութեան համար» (Եբրայեցիս 12։2, ԷԹ)։

Պատահե՞լ է, որ կասկածես, թե կմտնես արդյոք նոր աշխարհ։ Ինչ խոսք, ինքնավստահ չլինելը գովելի է. չէ՞ որ կյանքի մրցանակին հասնելը կախված է մինչև վերջ հավատարիմ մնալուց (Մատթէոս 24։13)։ Սակայն եթե մեր ուժերի ներածին չափով ջանում ենք կատարել Աստծո պահանջները, բոլոր պատճառներն ունենք վստահ լինելու, որ կստանանք վարձատրությունը։ Հիշիր, որ Եհովան «չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն» (Բ Պետրոս 3։9)։ Եթե մենք իսկապես վստահում ենք Աստծուն, նա կօգնի, որ հասնենք մեր նպատակակետին։ Եվ իրոք, Եհովայի էությանը հակառակ կլիներ այն, որ նա պատճառներ փնտրեր անարժան ճանաչելու նրանց, ովքեր անկեղծորեն ջանում են գոհացնել իրեն (Սաղմոս 103։8–11; 130։3, 4; Եզեկիէլ 18։32)։

Իմանալով, որ Եհովան կարեկցում է իր ժողովրդին՝ ձեռք ենք բերում հույս. մի հատկություն, որ իր կարևորությամբ համազոր է հավատին (Ա Կորնթացիս 13։13)։ «Հույս» թարգմանված հունարեն բառը Աստվածաշնչում փոխանցում է «անհամբերությամբ լավ բանի սպասելու» գաղափար։ Մտքում այսպիսի հույս ունենալով՝ Պողոս առաքյալը գրեց. «Փափաքում ենք որ ձեզանից ամեն մէկը նոյն ջանքը ցոյց տայ, որ յոյսը հաստատ մնայ մինչեւ վերջը։ Որ հիւանդամիտ չ’լինիք. այլ նմանող լինիք հաւատքով եւ երկայնմտութիւնով խոստմունքները ժառանգողներին» (Եբրայեցիս 6։11, 12)։ Ուշադրություն դարձրու, որ եթե շարունակենք հավատարմորեն ծառայել Եհովային, ապա կարող ենք հաստատ հույս ունենալ մեր ակնկալիքների իրականացման հանդեպ։ Ի տարբերություն աշխարհիկ բազմաթիվ սպասումների՝ այս հույսը չի հիասթափեցնի (Հռովմայեցիս 5։5, ՆԱ)։ Ի՞նչ կարող ենք անել, որ մեր հույսը միշտ վառ լինի և մնա մեր ուշադրության կիզակենտրոնում։

Ինչպես սրենք մեր հոգևոր տեսողությունը

Մեր աչքերը չեն կարող միաժամանակ կենտրոնանալ երկու տարբեր բաների վրա։ Նույն է պարագան նաև հոգևոր տեսողության դեպքում։ Եթե մեր ուշադրությունը կենտրոնացնենք ներկա համակարգում եղող բաների վրա, անկասկած, Աստծո խոստացած նոր աշխարհը կհեռանա մեր մտքի կիզակենտրոնից։ Ժամանակի ընթացքում աղոտ ու երկրորդական դարձած այս մտապատկերը կկորցնի իր գրավչությունը և պարզապես կանհետանա մեր տեսադաշտից։ Ինչպիսի՜ ողբերգություն կլինի դա (Ղուկաս 21։34)։ Որքա՜ն կարևոր է, ուրեմն, որ մեր «աչքը պարզ» պահենք՝ Աստծո Թագավորության և հավիտենական կյանքի վարձատրության վրա կենտրոնացած (Մատթէոս 6։22)։

Միշտ չէ, որ հեշտ է աչքը պարզ պահել։ Ուշադրություն են պահանջում ամենօրյա հոգսերը։ Բացի դրանից, մեր ճանապարհին կարող են լինել ուշադրությունը շեղող այլ բաներ, նույնիսկ փորձություններ։ Այդպիսի հանգամանքներում ինչպե՞ս կարող ենք կենտրոնացած մնալ Թագավորության և Աստծո խոստացած նոր աշխարհի վրա՝ առանց անտեսելու մյուս կարևոր գործերը։ Ահա դա անելու երեք միջոց։

Ամեն օր ուսումնասիրիր Աստծո Խոսքը։ Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունը և Գրությունների վրա հիմնված հրատարակությունների ուսումնասիրությունը կօգնի, որ մեր միտքը կենտրոնացած պահենք հոգևոր գործերի վրա։ Հնարավոր է, որ Աստծո Խոսքը ուսումնասիրում ենք արդեն երկար տարիներ։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է միշտ ուսումնասիրել այն, ճիշտ ինչպես որ անհրաժեշտ է շարունակ ֆիզիկական սնունդ ընդունել մեր կյանքը պահպանելու համար։ Մենք չենք դադարում սնվել լոկ այն պատճառով, որ անցյալում արդեն հազարավոր ճաշատեսակներ ենք կերել։ Ուստի անկախ այն բանից, թե որքան լավ գիտենք Աստվածաշունչը՝ կարիք ունենք անընդհատ, կանոնավորապես հոգևոր սնունդ ստանալու այնտեղից՝ մեր հույսը վառ պահելու և մեր հավատն ու սերը միշտ ամրապնդելու համար (Սաղմոս 1։1–3)։

Երախտագիտությամբ խորհիր Աստծո Խոսքի շուրջ։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Երկու պատճառով։ Առաջին՝ խորհրդածությունն օգնում է յուրացնել այն, ինչ ընթերցում ենք, և մեր սրտում երախտագիտություն զարգացնել կարդացածի հանդեպ։ Երկրորդ՝ խորհրդածելը կօգնի, որ չմոռանանք Եհովային, նրա հրաշալի գործերը, ինչպես նաև նրա կողմից մեզ տրված հույսը։ Պարզաբանելու համար քննարկենք մի օրինակ։ Մովսեսի հետ Եգիպտոսից դուրս եկած իսրայելացիները իրենց սեփական աչքերով տեսան Աստծո ահազդու զորության արտահայտումները։ Նրանք տեսան նաև, թե ինչպես է Եհովան, սիրուց մղված, պաշտպանում իրենց դեպի Ավետյաց երկիր առաջնորդելիս։ Սակայն հազիվ էին իսրայելացիները հասել Ավետյաց երկիր տանող անապատին, երբ սկսեցին տրտնջալ։ Դա ցույց էր տալիս, որ նրանց հավատը շատ թույլ էր (Սաղմոս 78։11–17)։ Ո՞րն էր իսրայելացիների խնդիրը։

Ժողովրդի ուշադրությունը շեղվել էր Եհովայից, ինչպես նաև այն հիասքանչ հույսից, որ նրանց առջև էր։ Նրանք կենտրոնացել էին իրենց հոգսերի և մարմնական հաճույքների անհապաղ բավարարման վրա։ Գերբնական նշանների և հրաշքների անմիջական ականատեսները լինելով հանդերձ՝ իսրայելացիներից շատերը դարձել էին անհավատ և տրտնջացող անհատներ։ Սաղմոս 106։13–ում նրանց մասին ասվում է. «Շուտով մոռացան նորա [Եհովայի] գործերը»։ Արհամարհական այս աններելի վերաբերմունքը պատճառ դարձավ, որ այդ սերունդը կորցնի Ավետյաց երկիր մտնելու հնարավորությունը։

Գրությունները կամ Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկներն ընթերցելիս ժամանակ հատկացրու կարդացածիդ շուրջ խորհելու։ Դա շատ կարևոր է քո հոգևոր առողջության և առաջընթացի համար։ Օրինակ՝ երբ կարդում ես 106–րդ սաղմոսը, որ մասամբ մեջբերված է վերևում, խորհիր Եհովայի հատկությունների մասին։ Ուշադրություն դարձրու, թե որքան համբերատար ու ողորմած էր նա իսրայելացիների հանդեպ, ինչպես էր նա հնարավոր ամեն բան անում, որպեսզի օգներ նրանց հասնելու Ավետյաց երկիր։ Նաև թե ինչպես էին նրանք շարունակ ըմբոստանում Աստծո դեմ։ Փորձիր զգալ այն ցավն ու վիշտը, որ զգում էր Եհովան՝ իսպառ ցուցաբերելով իր ողորմությունն ու համբերությունը մի ժողովրդի հանդեպ, որը պնդաճակատության աստիճանի երախտամոռ էր։ Ավելին, խորհելով 30–րդ և 31–րդ համարների շուրջ, որոնք ցույց են տալիս, թե որքան հաստատ ու համարձակ դիրք էր բռնել Փենեհեսը հանուն արդարության՝ մենք համոզվում ենք, որ Եհովան չի մոռանում իր նվիրյալներին և առատաձեռնորեն վարձահատույց է լինում նրանց։

Կյանքում կիրառիր Աստվածաշնչի սկզբունքները։ Աստվածաշնչի սկզբունքները կիրառելով՝ սեփական փորձով կհամոզվենք, որ Եհովայի խորհուրդները ցանկալի արդյունքներ են բերում։ Առակաց 3։5, 6–ում ասվում է. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները»։ Խորհիր այն մասին, թե անբարո ճանապարհները բացասական ինչպիսի հետևանքներ են թողել շատ մարդկանց վրա՝ մտավոր, էմոցիոնալ և ֆիզիկական առումով։ Վայրկենական հաճույքներին անձնատուր լինելով՝ այդպիսի մարդիկ դառը պտուղներ են քաղում տարիներ շարունակ, նույնիսկ իրենց հետագա կյանքի ողջ ընթացքում։ Ի հակադրություն նրանց՝ այն անհատները, ովքեր քայլում են նեղ ճանապարհով կանխավայելում են նոր համակարգի կյանքը, և դա քաջալերում է նրանց շարունակել կյանքի ճանապարհը (Մատթէոս 7։13, 14; Սաղմոս 34։8)։

Աստվածաշնչի սկզբունքները միգուցե դժվար լինի կիրառել։ Երբեմն կարող է թվալ, թե Գրություններին հակասող որոշումը դժվարին իրավիճակից արագորեն դուրս գալու հնարավորություն է խոստանում։ Օրինակ՝ ֆինանսական դժվարությունների ժամանակ, հնարավոր է, գայթակղություն առաջանա Թագավորության շահերը երկրորդ տեղը դնելու։ Սակայն նրանք, ովքեր հավատով են գործում և իրենց «տեսողությունը» կենտրոնացած են պահում հոգևորի վրա, վստահ են, որ վերջում «բարիք կ’լինի Աստուածանից վախեցողներին» (Ժողովող 8։12)։ Կարող է պատահել, որ քրիստոնյան արտաժամ աշխատի։ Սակայն նա երբեք չպետք է նմանվի Եսավին, որն անարգեց և մերժեց հոգևորը՝ իբրև անէական ինչ–​որ բան (Ծննդոց 25։34; Եբրայեցիս 12։16, ԱՆԹ)։

Հիսուսը հստակորեն պարզաբանեց մեր՝ քրիստոնյաներիս պարտականությունները։ Մենք պետք է «առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը» փնտրենք (Մատթէոս 6։33)։ Եթե այդպես վարվենք, Եհովան իր հայրական սերը կարտահայտի մեր հանդեպ՝ հոգ տանելով, որ նյութական առումով ունենանք այն, ինչ անհրաժեշտ է։ Աստված, անշուշտ, չի ուզում, որ ծանրաբեռնվենք հոգսերով, ուստի հրավիրում է, որ հանձնենք մեզ իր խնամքին։ Հոգսերով չափազանց մտահոգվելը կարող է լինել գլաուկոմայի նման։ Անուշադրության մատնվելու դեպքում այն դանդաղորեն կթուլացնի մեր տեսողությունը և կուղղի նյութական խնդիրների վրա՝ ի վերջո առաջ բերելով հոգևոր կուրություն։ Եթե մնանք այդ վիճակում, Եհովայի օրը մեզ վրա կհասնի «որոգայթի պէս»։ Ինչպիսի՜ ողբերգություն կլինի դա (Ղուկաս 21։34–36)։

Մնացեք կենտրոնացած, ինչպես Հեսուն

Եկեք մեր ուշադրության կենտրոնում պահենք Թագավորության փառավոր հույսը՝ մնացած պարտականություններին հատկացնելով այն տեղը, որին նրանք արժանի են։ Եթե շարունակ զբաղվենք ուսումնասիրությամբ, խորհրդածենք և կիրառենք Աստվածաշնչի սկզբունքները, ապա մեր հույսը միշտ հաստատուն կլինի, ինչպես որ Հեսուի դեպքում էր։ Իսրայելացիներին Ավետյաց երկիր առաջնորդելուց հետո նա ասաց. «Դուք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը գիտէք, որ ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ ձեզ վերայ կատարուեցաւ. նորանցից ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ» (Յեսու 23։14)։

Թող որ Թագավորության հույսը զորացնի քեզ ու երջանկացնի քո կյանքը՝ արտացոլվելով քո մտքերի, զգացմունքների, որոշումների և գործերի մեջ (Առակաց 15։15; Հռովմայեցիս 12։12)։

[նկար 21–րդ էջի վրա]

Պատահե՞լ է, որ կասկածես, թե կմտնես արդյոք նոր աշխարհ

[նկար 22–րդ էջի վրա]

Խորհրդածությունը Աստվածաշնչի ուսումնասիրության կարևոր մասն է

[նկարներ 23–րդ էջի վրա]

Ուշադրությունդ կենտրոնացած պահիր Թագավորության շահերի վրա

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը