Ռեբեկա. վճռական կին, որ վախենում էր Աստծուց
ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ, որ կարող եք անձամբ ընտրել ձեր որդու ապագա կնոջը։ Ինչպիսի՞ անձնավորության կընտրեք։ Ինչպիսի՞ հատկություններ նա պետք է ունենա։ Կփնտրեք այնպիսի կնոջ, որը գեղեցի՞կ է, խելացի՞, բարի՞ և ջանասե՞ր, թե՞ առաջին հերթին ուշադրություն կդարձնեք այլ հատկությունների վրա։
Այսպիսի խնդրի հետ բախվեց Աբրահամը։ Եհովան խոստացել էր, որ նահապետի ժառանգները կօրհնվեն նրա որդի Իսահակի միջոցով... Եկեք ուշադրություն դարձնենք, թե ինչպես են Աստվածաշնչում ներկայացվում տեղի ունեցած դեպքերը։ Աբրահամն արդեն ծեր է, իսկ նրա որդին դեռ ամուսնացած չէ (Ծննդոց 12։1–3, 7; 17։19; 22։17, 18; 24։1)։ Քանի որ Իսահակը խոստացյալ օրհնությունները պետք է վայելի իր դեռևս անհայտ կնոջ հետ, ինչպես նաև իրենցից ծնված երեխաների, Աբրահամը քայլեր է ձեռնարկում իր որդու համար համապատասխան կողակից գտնելու։ Առաջին հերթին՝ այդ կինը պետք է լինի Եհովայի ծառա։ Քանի որ Աբրահամի բնակավայրում՝ Քանանում, ոչ մի այդպիսի կին չկա, նահապետը ստիպված է ուրիշ տեղ փնտրել նրան։ Ի վերջո ընտրվում է Ռեբեկան։ Ինչպե՞ս է Աբրահամը գտնում նրան։ Արդյոք Ռեբեկան հոգևո՞ր անձնավորություն է։ Ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակը ուսումնասիրելուց։
Գտնել համապատասխան կին
Աբրահամը որոշում է Իսահակի համար հարսնացու ընտրել Միջագետքում ապրող իր բարեկամներից, որոնք նույնպես երկրպագում են Եհովային։ Այս նպատակով նա իր ամենաավագ ծառային, ամենայն հավանականությամբ Եղիազարին, ուղարկում է այդ հեռավոր երկիրը։ Քանի որ սա շատ լուրջ խնդիր է, Եղիազարը պետք է երդում տա, որ քանանացիներից կին չի առնի Իսահակի համար։ Ուշադրության է արժանի, թե որքան հաստատակամ է Աբրահամը այս հարցում (Ծննդոց 24։2–10)։
Հասնելով Աբրահամի բարեկամների քաղաքը՝ Եղիազարը իր տասը ուղտերին տանում է ջրհորի մոտ։ Փորձենք պատկերացնել. երեկո է, Եղիազարը աղոթում է. «Ահա ես ջրի աղբիւրի մօտ կ’կանգնեմ. եւ այս քաղաքի մարդկանց աղջկերքը դուրս են գալիս ջուր հանելու։ Եւ լինի՝ այն աղջիկը որին որ ես ասեմ, Սափորդ ցածացրու որ խմեմ, եւ նա ասէ թէ Խմիր, եւ քո ուղտերին էլ կ’խմեցնեմ, նա լինի քո ծառայ Իսահակի համար սահմանածդ» (Ծննդոց 24։11–14)։
Այն կողմերում ապրող յուրաքանչյուր կին ամենայն հավանականությամբ գիտեր, թե որքան շատ ջուր է խմում ծարաված ուղտը (մինչև 100 լիտր)։ Ուստի եթե նրանցից որևէ մեկը առաջարկեր ջուր տալ տասը ուղտերին, ապա պատրաստ պետք է լիներ ծանր աշխատանք կատարելու։ Ուրիշների ներկայությամբ, առանց որևէ մեկի օգնության այդ գործն անելը հավաստի վկայությունը կլիներ կնոջ եռանդի, համբերության, խոնարհության և բարեսրտության թե՛ մարդկանց հանդեպ, թե՛ կենդանիների։
Ի՞նչ է տեղի ունենում։ «Նա տակաւին իր խօսքը չէր վերջացրել, եւ ահա Աբրահամի եղբայր Նաքովրի կնոջ Մեղքայի որդու Բաթուէլի ծնած Ռեբեկան դուրս եկաւ, սափորը ուսին։ Եւ աղջիկը մի շատ գեղեցիկ տեսքով կոյս էր, .... եւ նա իջաւ աղբիւրը, եւ իր սափորը լցրեց ու վեր գնաց։ Եւ ծառան նորան դիմաւորելու վազեց, եւ ասեց. Սափորիցդ ինձ մի քիչ ջուր խմեցրու։ Եւ նա ասեց. Խմիր, տէր իմ. եւ շուտով սափորը իր ձեռքի վերայ իջեցրեց, եւ խմեցրեց նորան» (Ծննդոց 24։15–18)։
Արդյո՞ք Ռեբեկան համապատասխան հարսնացու է
Ռեբեկան Աբրահամի եղբոր թոռնուհին է։ Գեղեցիկ լինելուց բացի, նա նաև առաքինի է։ Անծանոթ մարդու հետ խոսելը չի կաշկանդում աղջկան։ Միևնույն ժամանակ, նա չափից դուրս ազատ չէ։ Ռեբեկան բարություն է ցուցաբերում Եղիազարի հանդեպ և ջուր է տալիս նրան, երբ վերջինս խնդրում է այդ մասին։ Այս քայլի մեջ որևէ արտասովոր բան չկա, քանի որ ընդունված բարքերի համաձայն՝ նա հենց այդպես էլ պետք է վարվի։ Սակայն կանի՞ արդյոք Ռեբեկան նաև այն, ինչի մասին խնդրել էր Եղիազարը իր աղոթքի շարունակության մեջ։
Ռեբեկան ասում է. «Խմիր, տէր իմ»։ Բայց աղջիկն այսքանով չի սահմանափակվում. «Ուղտերիդ էլ ջուր քաշեմ մինչեւ որ ամենքը խմեն վերջացնեն»։ Նա ավելին է առաջարկում. մի բան, որը սովորաբար չէր ակնկալվում անել։ Աղջիկը աշխուժորեն ‘սափորը ավազանի մեջ է թափում (դատարկում) և դարձյալ հորի մոտ է վազում ջուր քաշելու և նրա բոլոր ուղտերի համար ջուր է քաշում’։ Ռեբեկան հոլի պես պտտվում է։ Իսկ Աբրահամի ծառան, ինչպես հայտնում է աստվածաշնչյան արձանագրությունը, զարմացած նրան է նայում (Ծննդոց 24։19–21)։
Տեղեկանալով, որ այդ ամուրի աղջիկը Աբրահամի բարեկամուհին է՝ Եղիազարը խոնարհվում է և շնորհակալություն է հայտնում Եհովային։ Այնուհետև հարցնում է Ռեբեկային, թե արդյոք նրա հոր տանը իր և իրեն ուղեկցող մարդկանց համար գիշերելու տեղ կգտնվի։ Աղջիկն ասում է՝ կգտնվի, և վազում է տուն՝ այցելուների մասին հայտնելու (Ծննդոց 24։22–28)։
Եղիազարի պատմությունը լսելուց հետո Ռեբեկայի եղբայր Լաբանը և նրա հայր Բաթուելը հասկանում են, որ Աստված է կանգնած այս ամենի ետևում։ Կասկած չկա, որ Ռեբեկան է ընտրված Իսահակի համար։ «Առ եւ գնա. եւ թող քո տիրոջ որդու համար կին լինի, ինչպէս Եհովան ասել է»,— ասում են նրանք։ Իսկ ի՞նչ է այդ մասին մտածում Ռեբեկան։ Երբ նրան հարցնում են, թե արդյոք կհամաձայնվի անմիջապես ճանապարհ ընկնել, նա պատասխանում է մի բառով՝ «կ’գնամ»։ Աղջկան չեն ստիպում ընդունել ամուսնության առաջարկը։ Ինչպես ասել էր Աբրահամը, Եղիազարը ազատ կլիներ իր երդումից, «եթէ կինը [իր] ետեւից գալ չուզ[ենար]»։ Սակայն Ռեբեկան նույնպես տեսնում է Աստծո առաջնորդությունը այս ամենի մեջ։ Ուստի առանց հապաղելու՝ նա թողնում է իր ընտանիքը և ճանապարհ է ընկնում՝ ամուսնանալու մի մարդու հետ, որին երբեք չի տեսել։ Այս համարձակ որոշումը հավատի անզուգական արտահայտություն է։ Իրոք որ, Ռեբեկայի առնչությամբ ճիշտ ընտրություն է կատարվել (Ծննդոց 24։29–59)։
Իսահակին տեսնելով՝ Ռեբեկան քողով ծածկում է երեսը՝ ի նշան հնազանդության։ Իսահակն ընդունում է նրան՝ որպես իր կնոջ, և, անկասկած, Ռեբեկայի արտակարգ հատկությունները տեսնելով՝ սիրահարվում է նրան (Ծննդոց 24։62–67)։
Երկվորյակ որդիներ
Մոտավորապես 19 տարի Ռեբեկան երեխա չի ունենում։ Ի վերջո նա հղիանում է և պատրաստվում է զույգ երեխա ունենալ։ Հղիությունը, սակայն, դժվար է ընթանում, քանի որ երկվորյակները արգանդում կռիվ են անում։ Այդ պատճառով Ռեբեկան աղաղակում է Աստծուն։ Կյանքում մեծ դժվարությունների բախվելիս մենք էլ կարող ենք նույնը անել։ Եհովան լսում է Ռեբեկային և մխիթարում է նրան. Ռեբեկան դառնալու է երկու ժողովուրդների մայր, սակայն «մեծը կ’ծառայէ փոքրին» (Ծննդոց 25։20, 21, 22 ԱԱ, 23–26)։
Թերևս այս խոսքերը չեն միակ պատճառը, որ Ռեբեկան ավելի շատ է սիրում իր կրտսեր որդուն՝ Հակոբին։ Տղաները տարբեր են։ Հակոբը «անարատ» (ՆԱ) անձնավորություն է, իսկ Եսավն այնքան անտարբեր է հոգևոր բաների հանդեպ, որ մի աման կերակուրով եղբորն է վաճառում իր անդրանկությունը՝ Աստծո խոստումները ժառանգելու իրավունքը։ Ամուսնանալով երկու քետացի կանանց հետ՝ Եսավը ցույց է տալիս, որ չի հարգում (նույնիսկ բոլորովին արհամարհում է) հոգևոր արժեքները, ինչը շատ է վշտացնում նրա ծնողներին (Ծննդոց 25։27–34; 26։34, 35)։
Օգնում է Հակոբին ստանալ օրհնությունը
Աստվածաշնչում չի ասվում՝ տեղյակ էր արդյոք Իսահակը, որ Եսավը պետք է ծառայի Հակոբին, թե՝ ոչ։ Բոլոր դեպքերում, թե՛ Ռեբեկան, թե՛ Հակոբը գիտեին, որ օրհնությունը Հակոբինն է։ Ուստի լսելով այն մասին, որ Իսահակը պատրաստվում է օրհնել Եսավին, երբ վերջինս հոր համար իր որսած կենդանուց խորտիկներ բերի՝ Ռեբեկան անմիջապես գործի է անցնում։ Վճռականությունն ու եռանդը, որ նա ուներ երիտասարդ տարիքում, չեն լքել նրան նաև հիմա։ Ռեբեկան ‘պատվիրում է’, որ Հակոբը երկու ուլ բերի իրեն։ Նա կպատրաստի այն խորտիկները, որոնք սիրում է իր ամուսինը։ Այնուհետև Հակոբը պետք է Եսավի փոխարեն ներկայանա իր հորը և ստանա օրհնությունը։ Հակոբը առարկում է. հայրը անպայման կիմանա այդ խորամանկության մասին և կանիծի իրեն։ Բայց Ռեբեկան հաստատակամ է։ «Քո անէծքն իմ վերայ, որդիս»,— ասում է նա։ Այնուհետև նա պատրաստում է խորտիկները և Հակոբին Եսավի պես հագցնելով՝ ուղարկում իր ամուսնու մոտ (Ծննդոց 27։1–17)։
Թե ինչու է Ռեբեկան այսպես վարվում, հայտնի չէ։ Շատերը դատապարտում են նրա քայլը, սակայն Աստվածաշունչը չի դատապարտում այն։ Իսահակը նույնպես չի դատապարտում նրան, երբ իմանում է, որ օրհնությունը Հակոբն է ստացել։ Ընդհակառակը՝ նա հետագայում է՛լ ավելի է օրհնում Հակոբին (Ծննդոց 27։29; 28։3, 4)։ Ռեբեկան գիտեր, թե ինչ է կանխագուշակել Եհովան իր որդիների մասին։ Ուստի նա միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Հակոբն իսկապես ստանա այն օրհնությունը, որն իրավամբ նրան է պատկանում։ Պարզ է, որ սա ներդաշնակ է Աստծո կամքին (Հռովմայեցիս 9։6–13)։
Հակոբն ուղարկվում է Խառան
Այժմ Ռեբեկան խանգարում է Եսավին վրեժ լուծել եղբորից՝ հորդորելով Հակոբին փախուստի դիմել, մինչև որ իր եղբոր զայրույթը հանդարտվի։ Իր այդ մտադրությունն իրականացնելու համար նա թույլտվություն է խնդրում Իսահակից, սակայն բարյացակամություն դրսևորելով՝ չի հիշատակում Եսավի բարկության մասին։ Փոխարենը՝ նա նրբանկատորեն իր մտահոգությունն է արտահայտում այն բանի վերաբերյալ, որ Հակոբը կարող է ամուսնանալ քանանացի կնոջ հետ։ Այս միտքն արդեն բավական է, որ Իսահակը Հակոբին պատվիրի խուսափել նման ամուսնությունից և նրան ուղարկի Ռեբեկայի հարազատների մոտ՝ աստվածավախ կին գտնելու։ Աստվածաշունչը չի հայտնում՝ Ռեբեկան երբևէ նորից տեսնում է իր որդուն, թե՝ ոչ, սակայն նրա այս քայլերը ապագայում մեծ օրհնություններ են բերում Իսրայել ազգին (Ծննդոց 27։43–28։2)։
Այն, ինչ հայտնի է Ռեբեկայի մասին, հիացմունք է պատճառում մեզ։ Թեպետ արտաքնապես նա շատ գեղեցիկ էր, սակայն նրա իսկական գեղեցկությունը իր աստվածավախության մեջ էր։ Հենց այդպիսի հարսնացու էր փնտրում Աբրահամը։ Ռեբեկայի մյուս լավ հատկությունները հավանաբար գերազանցեցին այն ամենը, ինչ նահապետը հույս ուներ տեսնելու։ Այս աստվածավախ կնոջ հավատը, Աստծո առաջնորդությանը հնազանդվելու համարձակությունը, եռանդը, համեստությունը և մեծ հյուրասիրությունը այն հատկություններն են, որ բոլոր քրիստոնյա կանայք պետք է մշակեն։ Հենց այս հատկություններն է Եհովան ուզում տեսնել ընդօրինակման արժանի կնոջ մեջ։