Քաղցրություն ցույց տանք անբարյացակամ աշխարհում
«Հոգու պտուղն է.... քաղցրութիւն» (Գաղատացիս 5։22, 23)։
1. Ինչո՞ւ կարող է դժվար լինել քաղցրություն դրսևորելը։
ՀԱՄԱՐՈ՞ՒՄ ես քեզ անձնավորություն, որը քաղցրություն է դրսևորում։ Եթե այո, ապա քեզ համար այսօրվա աշխարհում ապրելը կարող է դժվար լինել։ Թեև Աստվածաշունչն ասում է, որ քաղցրությունը ‘Հոգու պտղի’ մաս է կազմում, բայց նույնիսկ այսպես կոչված քրիստոնեական երկրներում ապրող մարդիկ դժվարանում են այդ հատկությունը ցուցաբերել (Գաղատացիս 5։22, 23)։ Ինչո՞ւ։ Ինչպես նախորդ հոդվածում տեսանք, այս հարցի պատասխանը մասամբ կարելի է գտնել Հովհաննես առաքյալի խոսքերում. ամբողջ աշխարհը գտնվում է չարակամ ոգեղեն անձնավորության՝ Բանսարկու Սատանայի ձեռքում (Ա Յովհաննէս 5։19, ՆԱ)։ Հիսուս Քրիստոսը նշեց, որ Սատանան «այս աշխարհքի իշխան[ն]» է (Յովհաննէս 14։30)։ Հետևաբար աշխարհը հակված է ընդօրինակելու իր ապստամբ իշխանին, որին բնորոշ է արատավորությունը (Եփեսացիս 2։2)։
2. Ի՞նչը կարող է խանգարել մեզ քաղցրություն ցուցաբերելու։
2 Երբ մարդիկ քաղցրություն չեն ցուցաբերում մեր հանդեպ, դա վատ է անդրադառնում մեր կյանքին։ Դա կարող է արտահայտվել թշնամաբար տրամադրված հարևանների, անբարեհաճ անծանոթների և նույնիսկ ընկերների ու ընտանիքի անդամների կողմից, որոնք գուցե երբեմն չմտածված քայլեր անեն մեր հանդեպ։ Հաճախ մենք շատ վատ ենք մեզ զգում՝ ստիպված լինելով շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնք կոշտ ու կոպիտ են, բղավում են միմյանց վրա ու հայհոյում։ Նման դառը վերաբերմունքը կարող է ազդել մեզ վրա այնչափ, որ ինքներս թշնամաբար տրամադրվենք նրանց հանդեպ ու գուցե խորհենք ‘չարի տեղ չար հատուցանել’։ Նման զգացումները նույնիսկ կարող են հոգևոր կամ առողջական խնդիրներ հարուցել (Հռովմայեցիս 12։17)։
3. Մարդիկ ի՞նչ լուրջ խնդիրների են բախվում, որոնք փորձում են նրանց պատրաստակամությունը՝ քաղցրություն դրսևորելու։
3 Աշխարհում տիրող լարվածությունը նույնպես կարող է բացասաբար անդրադառնալ մեզ վրա քաղցրություն ցուցաբերելու մեջ։ Օրինակ՝ ահաբեկչությունը, ինչպես նաև տարբեր ազգերի կողմից կենսաբանական կամ միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը ընդհանուր առմամբ մարդկությանը լարվածության մեջ է պահում։ Բացի այդ, միլիոնավոր մարդիկ ապրում են աղքատության մեջ՝ սննդի, կացարանի ու բուժօգնության հարցերում բավարարվելով նվազագույնով։ Նման անհուսալի պայմաններում ավելի դժվար է դառնում քաղցրություն ցուցաբերելը (Ժողովող 7։7)։
4. Ի՞նչ սխալ եզրակացության ոմանք գուցե գան՝ խորհելով ուրիշների հանդեպ քաղցր լինելու մասին։
4 Անհատը կարող է հեշտությամբ եզրակացնել, որ ամենևին էլ չարժե քաղցր լինել մյուսների հանդեպ, և որ դա նույնիսկ թերություն է։ Նա գուցե խորհի, թե այդ դեպքում իրեն կշահագործեն, հատկապես երբ իրեն ընդհանրապես հաշվի չեն առնում (Սաղմոս 73։2–9)։ Բայցևայնպես Աստվածաշունչը մեզ օգտակար առաջնորդություն է տալիս՝ ասելով. «Մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կ’գրգռէ» (Առակաց 15։1)։ Մեղմությունն ու քաղցրությունը սուրբ ոգու բաղադրիչներից են ու սերտորեն կապված են իրար, և այս հատկությունները կարող են շատ բանով նպաստել հաղթահարելու ծանր իրավիճակները։
5. Որո՞նք են կյանքի այն մի քանի բնագավառները, որտեղ հարկ կա քաղցրություն ցուցաբերելու։
5 Քանի որ Աստծո սուրբ ոգու պտուղը դրսևորելը շատ կարևոր է մեզ՝ քրիստոնյաներիս համար, ուրեմն հարկ է, որ քննենք, թե ինչպես կարող ենք ցուցաբերել այդ պտղի հատկություններից մեկը՝ քաղցրությունը։ Հնարավո՞ր է քաղցրություն ցուցաբերել անբարյացակամ աշխարհում։ Եթե այո, ապա ո՞ր ասպարեզներում կարող ենք ցույց տալ, որ մենք թույլ չենք տալիս Սատանային իր ազդեցությամբ խեղդել մեր քաղցրությունը, հատկապես լարված իրավիճակներում։ Եկեք քննենք, թե ինչպես կարող ենք քաղցրություն դրսևորել ընտանիքում, աշխատավայրում, դպրոցում, հարևանների հանդեպ, ծառայության ժամանակ ու հավատակիցների նկատմամբ։
Քաղցրություն ընտանիքում
6. Ինչո՞ւ է խիստ կարևոր քաղցրություն ցուցաբերել ընտանիքում, և ինչպե՞ս կարելի է այդ հատկությունը դրսևորել։
6 Եհովայի օրհնությունն ու առաջնորդությունն ունենալու համար կենսական է և պետք է, որ սուրբ ոգու պտուղը լիովին մշակենք մեր մեջ (Եփեսացիս 4։32)։ Եկեք քննարկենք այն հարցը, որ ընտանիքի անդամները պետք է քաղցրություն դրսևորեն մեկը մյուսի հանդեպ։ Ամուսինն ու կինը իրենց ամենօրյա փոխհարաբերություններում պետք է ինչպես միմյանց, այնպես էլ երեխաներին վերաբերվեն քաղցրությամբ ու հոգատարությամբ (Եփեսացիս 5։28–33; 6։1, 2)։ Քաղցրություն պետք է ակնհայտորեն դրսևորվի այն բանում, թե ինչ ձևով են ընտանիքի անդամները իրար հետ խոսում, երեխաները պատվում ու հարգում ծնողներին, իսկ ծնողները՝ վերաբերվում երեխաներին։ Արագ եղիր գովելու մեջ, դանդաղ՝ կշտամբելու։
7, 8. ա) Ինչպիսի՞ վարքից պետք է խուսափենք, եթե ուզում ենք ընտանիքում քաղցրություն ցուցաբերել։ բ) Ինչպե՞ս է լավ հաղորդակցությունը նպաստում ընտանեկան կապերի ամրացմանը։ գ) Ինչպե՞ս կարող ես քաղցրություն դրսևորել քո ընտանիքում։
7 Ընտանիքի անդամների հանդեպ քաղցր լինել նշանակում է հետևել Պողոս առաքյալի հետևյալ խորհրդին. «Դէն դրէք այն ամենը, բարկութիւնը, սրտմտութիւնը, չարութիւնը, հայհոյութիւնը, ամօթալի խօսքերը ձեր բերանիցը»։ Քրիստոնեական ընտանիքի անդամները ամեն օր պետք է միմյանց հետ հաղորդակցվեն հարգալից ձևով։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Քանի որ լավ հաղորդակցությունը ամուր, առողջ ընտանիքի կարևոր բաղադրիչն է։ Երբ տարաձայնություններ են առաջանում, փորձիր դրանք հարթել՝ ձգտելով լուծել խնդիրը ու ոչ թե հաղթանակով դուրս գալ։ Երջանիկ ընտանիքում յուրաքանչյուրը ամեն ջանք անում է՝ մյուսի հանդեպ քաղցրություն և հոգատարություն ցուցաբերելու (Կողոսացիս 3։8, 12–14)։
8 Քաղցրությունը դրական հատկություն է ու մղում է մարդուն բարիք գործել։ Ուստի մենք ցանկանում ենք օգտակար լինել մեր ընտանիքի անդամներին և նրանց հանդեպ ուշադիր լինել, այնպես, որ դա հաճելի լինի նրանց։ Թե՛ անհատապես և թե՛ ամբողջ ընտանիքի կողմից ջանքեր են պահանջվում ցուցաբերելու այնպիսի քաղցրություն, որը կվկայի ընտանեկան ջերմ հարաբերությունների մասին։ Արդյունքում նրանք ոչ միայն կօրհնվեն Աստծո կողմից, այլև դրանով ժողովում ու ժողովից դուրս կպատվեն Եհովա Աստծուն, որը մեծագույն օրինակն է քաղցրություն ցուցաբերելու մեջ (Ա Պետրոս 2։12)։
Քաղցրություն աշխատավայրում
9, 10. Նկարագրեք մի քանի խնդիրներ, որոնք կարող են ծագել աշխատավայրում, ու մեկնաբանեք, թե ինչպես կարելի է դրանք լուծել մեղմ ու սիրալիր ձևով։
9 Քրիստոնյան աշխատավայրում գուցե դժվարություններ ունենա իր աշխատակիցների հանդեպ ամեն օր քաղցրություն ցուցաբերելու։ Գործընկերների միջև մրցակցությունը կարող է հանգեցնել այն բանին, որ մի աշխատակիցը իր խարդախություններով ստվեր գցի մյուս աշխատակցի հեղինակության վրա գործատիրոջ աչքում (Ժողովող 4։4)։ Նման դեպքերում հեշտ չէ քաղցր լինել։ Այնուամենայնիվ, չմոռանալով, որ ընդհանրապես քաղցրությամբ վարվելը ճշտությամբ վարվել է նշանակում՝ Եհովայի ծառաները պետք է ձգտեն հնարավորինս «շահել» նրանց, ովքեր այնքան էլ բարյացակամ չեն։ Դա կարելի անել՝ նրանց հանդեպ ուշադիր լինելով։ Հնարավոր է, կարողանաս քո մտահոգությունը հայտնել, եթե գործընկերդ կամ նրա ընտանիքի անդամը հիվանդ է։ Նույնիսկ որպիսությունը հարցնելը կարող է դրական ազդեցություն թողնել դիմացինի վրա։ Այո՛, քրիստոնյաները պարտավոր են, որքանով իրենցից է կախված, ձգտել մարդկանց հետ համերաշխ ու խաղաղ լինել։ Երբեմն մի քաղցր խոսքը, որն արտահայտում է հոգատարություն և անհանգստություն, կարող է թուլացնել լարված իրավիճակը։
10 Այլ դեպքերում, գործատերը գուցե ցանկանում է ստիպել իր աշխատողներին ընդունելու իր տեսակետները կամ մասնակցելու որևէ ազգային–հայրենասիրական իրադարձության կամ տոնակատարության, որը հակասուրբգրային բնույթ ունի։ Երբ քրիստոնյայի խիղճը թույլ չի տալիս իրեն մասնակցելու նման միջոցառման, ապա լարվածություն կարող է առաջանալ իր ու գործատիրոջ միջև։ Հնարավոր է, տվյալ պահին խելացի չէր լինի մանրամասնությունների մեջ ընկնել՝ բացատրելու, թե որքան սխալ կլիներ գործատիրոջ ցանկությունը կատարելը։ Ի վերջո, քրիստոնեական համոզմունքներ չունեցող մարդիկ կարող են ճիշտ համարել այդ իրադարձությանը կամ տոնակատարությանը մասնակցելը (Ա Պետրոս 2։21–23)։ Թերևս կարողանաս սիրալիր կերպով բացատրել, թե ինչու անձամբ չես մասնակցում։ Կծու խոսքերին մի պատասխանիր նույն ձևով։ Լավ կլինի, որ քրիստոնյան հետևի Հռովմայեցիս 12։18–ում գրված խորհրդին. «Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք»։
Քաղցրություն դպրոցում
11. Ի՞նչ դժվարություններ են ունենում պատանիները մյուս աշակերտների հանդեպ քաղցրություն դրսևորելու հարցում։
11 Մեծ դժվարություն կարող է լինել պատանու համար քաղցրությամբ վերաբերվել մյուս աշակերտներին։ Պատանիները հաճախ ձգտում են ճանաչում գտնել համադասարանցիների աչքում։ Որոշ տղաներ, ցանկանալով իրենց «տղամարդկությունը» ցույց տալ, որպեսզի բարձր համարում ունենան մյուսների մոտ, ագրեսիայի են ենթարկում դասընկերներին (Մատթէոս 20։25)։ Այլ պատանիներ էլ սիրում են ցուցադրել իրենց ունակությունները գիտության, սպորտի ու այլ բնագավառներում, և նրանք հաճախ ամենևին էլ քաղցրությամբ չեն վերաբերվում իրենց համադասարանցիներին ու մյուս աշակերտներին՝ անհիմն ձևով մտածելով, թե հենց այդ ունակություններն են, որ իրենց ավելի բարձր են դարձնում մյուսներից։ Քրիստոնյա պատանիները պետք է զգույշ լինեն, որ չընդօրինակեն նման անհատներին (Մատթէոս 20։26, 27)։ Պողոս առաքյալն ասաց, որ «սէրը երկայնամիտ է՝ քաղցր է.... չէ գոռոզանում, չէ հպարտանում»։ Ուստի քրիստոնյան չպետք է հետևի անբարյացակամ անձանց վատ օրինակին, այլ պետք է առաջնորդվի Աստվածաշնչով մյուս աշակերտների հետ գործ ունենալիս (Ա Կորնթացիս 13։4)։
12. ա) Ինչո՞ւ պատանիների համար գուցե դժվար լինի բարյացակամ լինել ուսուցիչների հանդեպ։ բ) Ո՞ւմ վրա կարող են հույս դնել պատանիները, երբ իրենց վրա ճնշում է գործադրվում, որ իրենք անբարյացակամություն դրսևորեն։
12 Պատանիները նաև իրենց ուսուցիչների հանդեպ պետք է քաղցրությամբ վարվեն։ Աշակերտներից շատերին դուր է գալիս, երբ իրենց ուսուցչին համբերությունից հանում են։ Նրանց թվում է, թե իրենք բավական սրամիտ են, երբ, զբաղվելով դպրոցի կանոններին հակասող բաներով, անհարգալից վերաբերմունք են դրսևորում ուսուցիչների հանդեպ։ Նրանք գուցե ուրիշներին ահաբեկում են՝ դրդելով միանալ իրենց։ Եթե պատանի քրիստոնյան մերժի, ապա գուցե ծաղրուծանակի ու վիրավորանքի առարկա դառնա։ Ամբողջ ուսումնական տարվա ընթացքում նման իրավիճակների մեջ ընկնելը փորձում է քրիստոնյայի վճռականությունը՝ մյուսներին քաղցրությամբ վերաբերվելու։ Սակայն մի՛ մոռացիր, թե ինչքան կարևոր է նվիրված մնալ Եհովային։ Վստա՛հ եղիր, որ նա իր ոգով կաջակցի քեզ քո կյանքի այդպիսի ծանր հանգամանքներում (Սաղմոս 37։28)։
Քաղցրություն հարևանների հանդեպ
13–15. Ի՞նչը կարող է խանգարել քաղցրությամբ վերաբերվելու հարևաններին, և ինչպե՞ս կարելի է այդ դժվարությունները հաղթահարել։
13 Անկախ այն բանից՝ ապրում ես բարձրահարկ շենքում, առանձնատանը թե մեկ այլ տեղ՝ կարող ես խորհել, թե ինչպես քաղցրություն դրսևորել հարևանների հանդեպ ու հետաքրքրվել նրանց բարօրությամբ։ Եվ դարձյալ, այդպես վարվելը միշտ չէ, որ հեշտ է։
14 Ի՞նչ կարող ես անել, եթե անմիջական հարևաններդ որոշ կանխակալ հայացքներ ունեն քո ռասայի, ազգության կամ կրոնի առնչությամբ։ Երբեմն նրանք կոպի՞տ են քո հանդեպ կամ գուցե առհասարակ արհամարհո՞ւմ են քեզ։ Դու Եհովայի ծառա ես, և հնարավոր չափով քաղցրություն ցուցաբերելը օգտակար կլինի։ Քո պահվածքը բոլորովին կտարբերվի մյուսների պահվածքից նման հանգամանքներում և իսկապես փառք կբերի Եհովային, որը օրինակ է հանդիսանում քաղցրություն դրսևորելու մեջ։ Երբեք չգիտես, թե քո քաղցրության շնորհիվ հարևանդ երբ կփոխի իր մոտեցումը։ Նա նույնիսկ հնարավոր է դառնա Եհովայի երկրպագու (Ա Պետրոս 2։12)։
15 Ինչպե՞ս կարող ես քաղցրություն ցույց տալ հարևաններին։ Օրինակ՝ ամբողջ ընտանիքով, սուրբ ոգու պտուղը դրսևորելով, կարող եք լավ վարվելակերպ ունենալ։ Հարևանները գուցե դա նկատեն։ Ժամանակ առ ժամանակ գուցե կարողանաս հարևանիդ համար մի բարի գործ անել։ Հիշիր, որ քաղցր լինել նշանակում է ակտիվորեն հետաքրքրվել ուրիշների բարօրությամբ (Ա Պետրոս 3։8–12)։
Քաղցրություն ծառայության մեջ
16, 17. ա) Ինչո՞ւ է կարևոր քաղցրություն դրսևորել ծառայության ժամանակ։ բ) Ինչպե՞ս կարող ենք քաղցրություն ցույց տալ ծառայության տարբեր ոլորտներում։
16 Մենք նաև պետք է քաղցրություն ցուցաբերենք ծառայության ժամանակ, երբ կազմակերպված ձևով ջանքեր ենք գործադրում բարի լուրը հասցնելու մարդկանց իրենց տներում, աշխատավայրում ու հասարակական վայրերում։ Պետք է հիշենք, որ մենք Եհովային ենք ներկայացնում, որը միշտ քաղցրություն է ցուցաբերում։
17 Ի՞նչ կարող ես անել, որպեսզի ծառայության ընթացքում քաղցրությամբ վերաբերվես մարդկանց։ Օրինակ՝ փողոցում ծառայելիս նրբանկատ եղիր դիմացինի հանդեպ ու հակիրճ խոսիր։ Մայթերը սովորաբար մարդաշատ են լինում, ուստի ուշադիր եղիր, որ չխանգարես անցորդներին։ Իսկ երբ գործարար տարածքում ես քարոզում, օրինակ՝ խանութում, քո քաղցրությունը կարող ես ցույց տալ՝ խոսքդ չերկարացնելով ու հիշելով, որ վաճառողը պետք է սպասարկի հաճախորդներին։
18. Ի՞նչ դեր է խաղում խորաթափանցությունը մեր ծառայության ժամանակ քաղցրություն դրսևորելու մեջ։
18 Տնետուն քարոզելիս խոհեմ եղիր։ Չափից դուրս երկար մի զրուցիր բնակչի հետ դռան մոտ, հատկապես երբ վատ եղանակ է։ Կարո՞ղ ես նկատել, թե երբ է անհատը սկսում անհամբերության և նույնիսկ բարկության նշաններ դրսևորել։ Հնարավոր է, այն վայրում, որտեղ ապրում ես, Եհովայի վկաները բավական հաճախ են այցելում մարդկանց։ Եթե այդպես է, ապա առանձնահատուկ ձևով ուշադիր եղիր նրանց հանդեպ՝ միշտ լինելով քաղցր ու հաճելի (Առակաց 17։14)։ Եթե բնակիչը չի ցանկանում քեզ լսել, փորձիր հասկանալ, թե որն էր պատճառը, որ այդ օրը տանտերը չցանկացավ քեզ լսել։ Հիշիր, որ քո քրիստոնյա քույր–եղբայրներից որևէ մեկը, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կայցելի նրան։ Իսկ եթե հանդիպես կոպիտ անձնավորության, առանձնապես ուշադիր եղիր, որ քաղցրությամբ վերաբերվես նրան։ Ձայնդ մի բարձրացրու և մի խոժոռվիր, այլ խոսիր հանդարտորեն։ Քաղցրություն ցուցաբերող քրիստոնյան չի ցանկանում բնակչին հրահրել խոսքակռիվ անելու (Մատթէոս 10։11–14)։ Միգուցե մի օր այդ անձնավորությունը ցանկանա լսել բարի լուրը։
Քաղցրություն ժողովում
19, 20. Ինչո՞ւ ժողովում պետք է քաղցրություն դրսևորենք, և ինչպե՞ս կարելի է դա անել։
19 Պակաս կարևոր չէ քաղցրություն ցուցաբերել հավատակիցների հանդեպ (Եբրայեցիս 13։1)։ Քանի որ մենք մաս ենք կազմում միջազգային եղբայրության, ապա քաղցրությունը կարևոր դեր է խաղում միմյանց հետ ունեցած մեր հարաբերություններում։
20 Եթե նույն Թագավորության սրահից օգտվում են երկու, երեք կամ ավելի ժողովներ, ապա կարևոր է քաղցրությամբ ու արժանապատվությամբ վերաբերվել ուրիշ ժողովների քույր–եղբայրներին։ Երբ անհրաժեշտ է լինում որոշել հանդիպումների ժամերը կամ, օրինակ, մաքրության կամ վերանորոգման հետ կապված հարցերը, ապա անտեղի մրցակցությունն ու բանավեճերը չեն նպաստի համագործակցությանը։ Եղիր քաղցր և ուշադիր, չնայած որ գուցե տարակարծություններ լինեն։ Եթե այսպես վարվենք, ապա քաղցրությունը կհաղթանակի, ու Եհովան իսկապես կօրհնի մեր այն հետաքրքրվածությունը, որ դրսևորում ենք հօգուտ ուրիշների։
Շարունակիր քաղցրություն ցուցաբերել
21, 22. Համաձայն Կողոսացիս 3։12–ի՝ ի՞նչ պետք է վճռենք անել։
21 Քաղցրությունը այնքան համապարփակ հատկություն է, որ առնչվում է մեր կյանքի բոլոր ոլորտներին։ Ուստի մենք պետք է դա դարձնենք մեր քրիստոնեական անձնավորության անբաժան մասը։ Ուրիշների հանդեպ քաղցր լինելը պետք է մեզ համար սովորություն դառնա։
22 Թող որ բոլորս էլ ամեն օր քաղցր լինենք մյուսների հանդեպ ու անհատապես կիրառենք Պողոս առաքյալի խորհուրդը. «Ուրեմն հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն» (Կողոսացիս 3։12)։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչն է դժվարություն ստեղծում, որ քրիստոնյան քաղցրություն ցույց տա։
• Ինչո՞ւ է կարևոր քաղցրություն դրսևորել ընտանիքում։
• Ի՞նչը կարող է դժվարություն ստեղծել՝ քաղցրություն դրսևորելու դպրոցում, աշխատավայրում ու հարևանների հանդեպ։
• Բացատրեք, թե քրիստոնյան ինչպես կարող է քաղցրություն դրսևորել ծառայության ժամանակ։
[նկար 18–րդ էջի վրա]
Երբ ընտանիքում բոլորն են քաղցրություն ցուցաբերում, այնտեղ միություն է լինում, և տիրում է համագործակցության ոգի
[նկար 19–րդ էջի վրա]
Կարող ես քաղցրություն ցույց տալ քո աշխատակցին, երբ նա կամ նրա ընտանիքի անդամը հիվանդ է
[նկար 20–րդ էջի վրա]
Եհովան նեցուկ է լինում իր նվիրված ծառաներին, որոնք, չնայած ծաղրուծանակին, շարունակում են քաղցրություն ցույց տալ
[նկար 21–րդ էջի վրա]
Օգնության կարիք զգացող հարևանին ձեռք մեկնելը քաղցրության դրսևորում է