Հին մարզաձևեր. որքան կարևոր էր հաղթելը
«ԱՄԵՆ ով որ մրցում է ամեն բանից ժուժկալ է լինում»։ «Եթէ մէկը մրցէ.... պսակ չի ստանալ եթէ օրինաւորապէս չ’մրցէ» (Ա Կորնթացիս 9։25; Բ Տիմոթէոս 2։5)։
Պողոս առաքյալի հիշատակած խաղերը հին հունական մշակույթի անբաժանելի մասն էին կազմում։ Ի՞նչ է մեզ հայտնում պատմությունը այդ մրցույթների և այնտեղ տիրող մթնոլորտի մասին։
Վերջերս Հռոմի Կոլիզեումում հին հունական խաղերի մասին ցուցահանդես էր բացվել «Nike—Il gioco e la vittoria» («Նիկե՝ խաղը և հաղթանակը»)։a Ցուցադրանմուշները ինչ–որ չափով տալիս էին վերոհիշյալ հարցերի պատասխանները, ինչն էլ խորհելու տեղիք տվեց այն մասին, թե առհասարակ ինչ տեսակետ պիտի ունենա քրիստոնյան սպորտաձևերի վերաբերյալ։
Հին կառույց
Հունական քաղաքակրթությունը առաջինը չէր, որ մեծ տեղ էր հատկացնում սպորտին։ Մ.թ.ա. մոտ ութերորդ դարում հույն պոետ Հոմերոսը իր ստեղծագործություններում նկարագրեց մի հասարակություն, որը ներշնչված էր հերոսական իդեալներով և մրցակցության ոգով, և որտեղ բարձր էին գնահատվում ռազմական խիզախությունն ու ատլետիզմը։ Սկզբնական շրջանում Հունաստանում սպորտային խաղերը կրոնական բնույթ էին կրում. դրանք տեղի էին ունենում հերոսների թաղման արարողությունների ժամանակ՝ աստվածներին պատվելու համար։ Օրինակ՝ Հոմերոսի «Իլիականում» (հունարեն գրականության մեզ հասած ամենահին աշխատությունը), նկարագրվում է, որ Պատրոկլոսի հուղարկավորության ժամանակ Աքիլլեսի ընկերակից ազնվազարմ ռազմիկները ցած դրեցին իրենց զենքերը և սկսեցին մրցել, որպեսզի ապացուցեին իրենց խիզախությունը՝ բռնցքամարտում, ըմբշամարտում, սկավառակներ ու նիզակներ նետելու մեջ և մարտակառքերի մրցումներում։
Նման մրցույթային տոներ սկսեցին նշվել ամբողջ Հունաստանով մեկ։ Ցուցահանդեսին նվիրված տեղեկագրքում ասվում էր. «Խաղերը յուրահատուկ առիթ էին ներկայացնում, որոնց ժամանակ հույները դադարեցնում էին իրենց անվերջանալի և, հաճախ, կատաղի վեճերը՝ ի նշան աստվածների հանդեպ հարգանքի, և իրենց բնորոշ մրցակցության ոգին ներդնում էին ավելի խաղաղ ու բարի բանի մեջ՝ սպորտային մրցույթների»։
Մի շարք քաղաք–պետություններում սովորություն էր դարձել կանոնավորաբար հավաքվել երկրպագության հասարակական կենտրոններում՝ սպորտային մրցույթների միջոցով պատվելու իրենց աստվածություններին։ Ժամանակի ընթացքում այդ խաղերից չորսը ավելի կարևոր նշանակություն ձեռք բերեցին և նույնիսկ համահունական խաղերի կարգավիճակ ստացան։ Դրանք էին՝ օլիմպիական, Նեմեան խաղերը, որոնք երկուսն էլ նվիրված էին Զևսին, Դելֆյան և Իսթմիական խաղերը, որ նվիրված էին Ապոլոնին և Պոսեյդոնին։ Հունական աշխարհում բնակվող ցանկացած մարդ կարող էր մասնակցել այդ մրցույթներին։ Խաղերի ժամանակ որոշակի տեղ էր հատկացվում կենդանիներ զոհաբերելուն և աղոթքին, նաև սպորտին ու արվեստին նվիրված անզուգական մրցույթներին, որոնցով իրենց աստվածներին էին պատվում։
Ամենահին ու հայտնի տոներից մեկը սկսել է նշվել Օլիմպիա քաղաքում մ.թ.ա. 776 թ.–ից սկսած՝ չորս տարին մեկ անգամ՝ ի պատիվ Զևսի։ Իրենց կարևորությամբ երկրորդ տեղն էին զբաղեցնում Դելֆյան մրցումները։ Դրանք նշվում էին Դելֆիքում, որտեղ գտնվում էր հին աշխարհի ամենահայտնի գուշակավայրը։ Այս տոնի ժամանակ նույնպես տեղի էին ունենում սպորտային մրցումներ, սակայն պոեզիայի ու երաժշտության հովանավորի՝ Ապոլոնի պատվին, հիմնականում մեծ տեղ էր տրվում երգ ու պարին։
Մարզաձևերը
Ժամանակակից սպորտաձևերի հետ համեմատած՝ այն ժամանակվա մարզաձևերը բավական քիչ էին և խաղերին մասնակցում էին միայն տղամարդիկ։ Հնում օլիմպիական խաղերի ծրագրում երբեք չեն ընդգրկվել տասից ավելի մարզաձևեր։ Կոլիզեումում ցուցադրված արձանները, ցայտաքանդակները, խճանկարները և կավե գավաթների վրայի նկարները որոշ չափով պատկերացում են տալիս այդ ամենի մասին։
Վազքի մրցումներին մասնակցողները մրցում էին երեք վազքատարածություններում՝ ստադիոդրում՝ մոտ 200 մետր, կրկնակի վազք, որը հավասար է այսօրվա 400 մետր վազքատարածությանը և երկար տարածություն՝ մոտ 4 500 մետր։ Մարզիկները վազում ու մրցում էին ամբողջովին մերկ վիճակում։ Հնգամարտի մասնակիցները մրցում էին հինգ սպորտաձևերում՝ վազք, հեռացատկ, սկավառակի և նիզակի նետում, ըմբշամարտ։ Ծրագրի մեջ մտնում էին նաև բռնցքամարտն ու պանկրատիումը, վերջինս նկարագրվում է որպես «վայրագ մարզաձև, որի ժամանակ մերկ բռունցքներով հարվածում էին իրար և ըմբշամարտում»։ Կային նաև մարտակառքերի մրցումներ, որոնց ժամանակ ավելի քան 1 600 մետր տարածություն էին անցնում։ Կառքերը իրենցից ներկայացնում էին փոքրիկ անիվներով թեթև և բաց փոխադրամիջոցներ։ Դրանց լծում էին երկուսից չորս մտրուկ կամ ձի։
Բռնցքամարտը շատ կատաղի էր և երբեմն ողբերգական ավարտ էր ունենում։ Մրցողները իրենց բռունցքների վրա կրում էին կաշվե կոշտ ժապավեններ, որոնց վրա ամրացված էին երկաթի կտորներ։ Ուստի դժվար չէ հասկանալ, թե ինչու Սթրատոֆոնտե անունով մի բռնցքամարտիկ չորս ժամ տևող պայքարից հետո, հայելու մեջ նայելով, չկարողացավ իրեն ճանաչել։ Բռնցքամարտիկները խաղից հետո ահավոր այլանդակվում էին։ Այդ մասին են վկայում հին արձանիկներն ու խճանկարները։
Ըմբշամարտի ժամանակ, խաղի կանոնների համաձայն, բռնելաձևերը թույլատրվում էին միայն գոտկատեղից վերև։ Իսկ հաղթող էր ճանաչվում նա, ով առաջինը իր հակառակորդին երեք անգամ գետին էր տապալում։ Պանկրատիումում, ընդհակառակը, ոչ մի սահմանափակում չկար։ Մրցողները կարող էին ոտքերով հարվածել, ուժեղ բռնցքահարել և խախտել հոդերը։ Արգելվում էր միայն աչք հանելը, ճանկռելը և կծելը։ Խաղի նպատակն էր գետնի վրա անշարժացնել հակառակորդին և ստիպել նրան, որ հանձվի։ Ոմանց կարծիքով՝ դա «Օլիմպիայում գոյություն ունեցող լավագույն տեսարանն էր»։
Ասում են, որ անտիկ ժամանակներում տեղի ունեցած պանկրատիումի ամենահայտնի գոտեմարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 564 թ.՝ օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլի ժամանակ։ Արախիոնը, որին հակառակորդն արդեն խեղդում էր, կարողացավ հոդախախտել իր մրցակցի ոտքի մատերից մեկը։ Վերջինս, ցավից թուլանալով, հանձնվեց հենց այն պահից առաջ, երբ Արախիոնը մահացավ։ Դատավորները հաղթող ճանաչեցին մահացած Արախիոնի դիակը։
Ամենամեծ հեղինակություն վայելող իրադարձություններից էին մարտակառքերի մրցումները։ Դրանք մեծ ճանաչում էին գտել արիստոկրատների շրջանում, քանի որ հաղթող էր համարվում ոչ թե մարտակառքը վարողը, այլ կառքի և ձիերի տերը։ Մրցության մեջ վճռորոշ պահ էր համարվում մրցարշավի սկիզբը, երբ կառապանները կառքերը շարում էին մրցույթի համար, և մանավանդ այն պահը, երբ կառքերը պտույտ էին տալիս մրցուղու երկու հակառակ ծայրերում տեղադրված սյուների շուրջ։ Սխալվելը կամ կանոնները խախտելը կարող էին դժբախտ դեպքերի պատճառ դառնալ, ինչը էլ ավելի հափշտակիչ էր դարձնում այս իրադարձությունը։
Մրցանակը
«Ասպարէզի մէջ.... ամենքն են վազում. բայց մէկն է յաղթանակն առնում [առնում յաղթութեան մրցանակը, ԷԹ]»,— գրում է Պողոս առաքյալը (Ա Կորնթացիս 9։24)։ Հաղթել. ահա թե որն էր ամենակարևորը։ Չկային ոչ արծաթե, ոչ բրոնզե մեդալներ, ոչ էլ մրցանակային երկրորդ կամ երրորդ տեղեր։ Ինչպես բացատրվում էր ցուցահանդեսում, «մարզիկի միակ նպատակը հաղթանակն էր՝ «Նիկեն»։ Մարզիկին միայն հաղթանակը կգոհացներ, քանի որ միայն դա ցույց կտար նրա թե՛ բնավորությունը, թե՛ ֆիզիկական ուժն ու բարոյական արժեքները, և հաղթանակ տանելու շնորհիվ էր նա լինելու իր քաղաքի հպարտությունը»։ Այս մտայնությունն է ամփոփված Հոմերոսի գրած մի նախադասության մեջ. «Ես սովորել եմ գերազանցել միշտ»։
Համահունական խաղերի ժամանակ տրվող մրցանակը սիմվոլիկ էր. այն իրենից ներկայացնում էր տերևներից պատրաստված մի դափնեպսակ։ Պողոսն այն անվանեց «ապականելի պսակ» (Ա Կորնթացիս 9։25)։ Սակայն այդ մրցանակը մեծ նշանակություն ուներ։ Այն խորհրդանշում էր բնության ուժը, որն իր զորությունն էր տալիս հաղթողին։ Հաղթանակը, որին մարզիկը նպատակաուղղված ու վճռականորեն ձգտում էր հասնել, նշանակում էր, որ նա ուներ աստվածների բարեհաճությունը։ Ցուցադրանմուշներում կարելի էր տեսնել, թե ինչպես են հնում ապրած քանդակագործները և նկարիչները պատկերել Նիկեին՝ հաղթանակի թևավոր աստվածուհուն, հաղթողին դափնեպսակ տալիս։ Օլիմպիական խաղերում հաղթանակ տանելը համարվում էր յուրաքանչյուր մարզիկի կարիերայի գագաթնակետը։
Օլիմպիական դափնեպսակները պատրաստվում էին վայրի ձիթենու, Իսթմոսյանը՝ սոճու, Դելֆյանը՝ դափնու, Նեմեանը՝ վայրի նեխուրի տերևներից։ Մյուս վայրերում խաղեր կազմակերպողները դրամական կամ այլ մրցանակներ էին սահմանում, որպեսզի իրենց կողմը գրավեն լավագույն մարզիկներին։ Օրինակ՝ Աթենաս աստվածուհու պատվին Աթենքում կայացած համաաթենական խաղերի ժամանակ հաղթողներին տվել էին գավաթներ. դրանցից մի քանիսը ներկայացված էին ցուցահանդեսում։ Այս գավաթների մեջ ատտիկական թանկարժեք ձեթ է եղել։ Գավաթներից մեկի մի կողմում պատկերված է Աթենաս աստվածուհին և գրված է հետևյալ արտահայտությունը. «Մրցանակ Աթենքում մրցողների համար»։ Իսկ մյուս կողմում պատկերված է ինչ–որ իրադարձություն, հավանաբար այն դրվագը, երբ մարզիկը հաղթանակ է տանում։
Հունական պոլիսները կամ քաղաք–պետությունները նույնպես վայելում էին իրենց մարզիկների փառքը։ Շնորհիվ ձեռք բերած հաղթանակների՝ մարզիկները իրենց բնակավայրերում դառնում էին հերոսներ։ Հաղթողների վերադարձը նշվում էր հանդիսավոր շքերթներով։ Նրանց պատվին կանգնեցվում էին արձաններ (աստվածներին մատուցվող շնորհակալական զոհեր). այսպիսի պատվի մյուս մահկանացու մարդիկ չէին արժանանում, իսկ բանաստեղծները գովերգում էին հերոսների քաջությունը։ Հասարակական արարողությունների ժամանակ հաղթողներին առաջարկվում էին առաջին տեղերը և հասարակության հաշվին նրանց թոշակ էր տրվում։
Գիմնասիոններն ու մարզիկները
Հույն զինվորի ընդհանուր զարգացման մեջ կարևոր դեր էին խաղում ատլետիկայի մրցումները։ Հունաստանի բոլոր պոլիսներն ունեին իրենց գիմնասիոնները, որտեղ երիտասարդները ֆիզիկական կրթությանը զուգընթաց ստանում էին նաև մտավոր ու հոգևոր կրթություն։ Գիմնասիոնի շենքի կենտրոնում գտնվում էր սպորտային վարժանքների համար նախատեսված մեծ ու բաց տարածություն, որը չորս կողմից շրջապատված էր սյունասրահներով, ինչպես նաև որպես գրադարաններ և դասարաններ ծառայող սենյակներով։ Հիմնականում այսպիսի հաստատություններ հաճախում էին հարուստ ընտանիքների երիտասարդները, ովքեր հնարավորություն ունեին ժամանակ հատկացնելու կրթությանը և ոչ թե աշխատանքին։ Այստեղ մարզիկները իրենց մարզիչների օգնությամբ երկար ու լարված կերպով պատրաստվում էին մրցույթներին։ Մարզիչները նրանց համար կազմում էին դիետաներ, նաև հետևում, որ մարզիկները հեռու մնան սեռական հարաբերություններ ունենալուց։
Կոլիզեումում ներկայացված ցուցահանդեսը հնարավորություն տվեց այցելուներին հիանալու մարզիկների գեղեցիկ արձաններով. մեծ մասամբ դրանք հունական բնօրինակների հռոմեական պատճեններն էին։ Քանի որ ըստ դասական գաղափարախոսության՝ ֆիզիկական կատարելությունը հավասար էր բարոյական կատարելությանը, ու առաջին հերթին դրանցով օժտված էր արիստոկրատիան, ուստի հաղթանակող մարզիկների համաչափ մարմինները ներկայացնում էին նաև փիլիսոփայական իդեալներ։ Հռոմեացիները գնահատում էին այդ արձանները որպես արվեստի գործեր, որոնցից շատերը զարդարում էին նրանց մարզադաշտերը, բաղնիքները, առանձնատներն ու պալատները։
Հռոմեացիների շրջանում դաժան տեսարանները միշտ մեծ ճանաչում են ունեցել, ուստի Հռոմում կայացած հունական բոլոր խաղերը՝ բռնցքամարտը, ըմբշամարտը և հատկապես պանկրատիումը, արժանացել են ժողովրդի մեծ հավանությանը։ Հռոմեացիների համար այդ մարզաձևերը ոչ թե հավասար ուժերի միջև ընթացող մրցություններ էին, որոնց ժամանակ պետք է վճռվեր, թե ով էր արժանավորը, այլ զուտ զվարճություններ։ Իր ուժը արդեն կորցրել էր այն սկզբնական գաղափարը՝ ըստ որի սպորտը լավագույն զինվոր–մարզիկների հավաքական մասնակցություն էր և նրանց կրթության բաղկացուցիչ մասն էր կազմում։ Դրա փոխարեն՝ հռոմեացիները հունական խաղերը դարձրեցին լողանալուց առաջ կատարվող առողջարար մարմնամարզություն, կամ հասարակության ցածր խավերին պատկանող պրոֆեսիոնալ մարզիկների մրցություն, ինչը շատ նման էր գլադիատորների մրցույթներին։
Քրիստոնյաները և մրցույթները
Խաղերը կրոնական բնույթ էին կրում, և դա պատճառներից մեկն էր, թե ինչու առաջին դարի քրիստոնյաները պետք է հեռու մնային դրանցից, քանի որ «ի՞նչ համաձայնութիւն ունի Աստուծոյ տաճարը կուռքերի հետ» (Բ Կորնթացիս 6։14, 16)։ Ի՞նչ կարելի է ասել ներկայիս մարզաձևերի մասին։
Պարզ է, որ ժամանակակից մարզաձևերը չեն պատվում հեթանոսական աստվածներին։ Սակայն մի՞թե ճիշտ չէ, որ համեմատած հին մարզաձևերի հետ, այսօր էլ կան մարզաձևեր, որոնք ինչ–որ չափով կրոնական մոլեռանդություն են բովանդակում։ Ավելին, ինչպես ցույց են տվել վերջին մի քանի տարիների հաղորդագրությունները, որոշ մարզիկներ հաղթելու համար պատրաստ են ընդունել դոպինգներ, որոնցով վտանգի են ենթարկում իրենց առողջությունը և նույնիսկ կյանքը։
Քրիստոնյաների համար, սակայն, սպորտում ձեռք բերած հաջողությունները շատ քիչ արժեք ունեն։ «Սրտի ծածուկ մարդ[ու]» հոգևոր հատկություններն են, որ մեզ գեղեցկացնում են Աստծո աչքում (Ա Պետրոս 3։3, 4)։ Մենք հասկանում ենք, որ սպորտով զբաղվող բոլոր մարդիկ չեն որ մրցակցության ոգի ունեն, բայց շատերն են դրսևորում այդ ոգին։ Արդյո՞ք նրանց հետ ընկերակցելը կօգնի մեզ հետևելու սուրբգրային այս հորդորին՝ ‘ոչ մի բան չանել հակառակասիրությունից կամ փառասիրությունից մղված, այլ խոնարհ ոգի ունենալ’, կամ արդյո՞ք այդպիսի ընկերակցությունը չի հանգեցնի «թշնամութիւններ[ի], կռիւներ[ի], նախանձներ[ի], բարկութիւններ[ի], հակառակութիւններ[ի], երկպառակութիւններ[ի]» (Փիլիպպեցիս 2։3, ԱՆԹ; Գաղատացիս 5։19–21)։
Ժամանակակից շատ մարզաձևեր, որոնց ժամանակ ֆիզիկական շփումն անխուսափելի է, վտանգավոր են այն առումով, որ կարող են հանգեցնել բռնության։ Լավ կլինի, որ նման մարզաձևեր սիրող անհատը հիշի Սաղմոս 11։5–ում գրված խոսքերը. «Տէրը քննում է արդարին, բայց ամբարշտին եւ անիրաւութիւն («բռնութիւն», ԱԱ) սիրողին ատում է նորա անձը»։
Ֆիզիկական վարժությունները կարող են հաճելի լինել, եթե դրանք կյանքում ճիշտ տեղում ենք դնում։ Պողոս առաքյալն ինքն էլ ասաց, որ «մարմնի մարզումներն օգտակար են որոշ բաների համար» (ԱՆԹ) (Ա Տիմոթէոս 4։7–10)։ Սակայն երբ Պողոսը խոսում էր հունական խաղերի մասին, նա մեջբերեց դրանք միայն այն պատճառով, որպեսզի ցույց տար, թե քրիստոնյաների համար որքան կարևոր էր ունենալ այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ինքնատիրապետումն ու տոկունությունը։ Նպատակը, որին ամեն ինչից առավել ձգտում էր հասնել Պողոսը, Աստծո կողմից տրվող հավիտենական կյանքի «պսակ[ն]» էր (Ա Կորնթացիս 9։24–27; Ա Տիմոթէոս 6։12)։ Եվ այդ հարցում նա օրինակ է թողել մեզ։
[ծանոթագրություն]
a Հունարեն «նիկե» բառը նշանակում է հաղթանակ։
[շրջանակ/նկարներ 31–րդ էջի վրա]
Բռնցքամարտիկը հանգստի պահին
Մ.թ.ա. չորրորդ դարի այս բրոնզե արձանիկը ցույց է տալիս, թե հին բռնցքամարտը ինչ ավերիչ հետևանքներ է ունեցել։ Հռոմում կայացած ցուցահանդեսի մի տեղեկագրքում այդ մասին ասվում է. «Լավ օրինակ էր հանդիսանում բռնցքամարտիկի ցույց տված դիմադրությունը.... երբ նա զբաղվում էր ուժասպառ անող այդ սպորտով, որի ժամանակ ‘վերքի տեղ վերք’ էր հատուցվում»։ Եվ ավելացվում է. «Բռնցքամարտից ստացած նոր վերքերը լրացնում էին ավելի հներին»։
[նկար 29–րդ էջի վրա]
Հին մրցույթներում մարտակառքերի մրցումները ամենամեծ ճանաչումը վայելող մարզաձևն էր
[նկար 30–րդ էջի վրա]
Քանդակագործները հաղթանակի թևավոր աստվածուհուն՝ Նիկեին, պատկերել են հաղթողի գլխին դափնեպսակ դնելիս