Աստծո Թագավորության կառավարումը այսօր իրականություն է
«Ինչպե՞ս կարող են բազմաթիվ երկրներ, որոնց մշակույթների մեջ մեծ տարբերություն կա, և որոնք գտնվում են զարգացման տարբեր փուլերում, միավորվել։ Այն կարծիքը կա, թե մարդկությունը կմիավորվի միայն մեկ ուրիշ մոլորակի կողմից գրոհի ենթարկվելու դեպքում» («The Age», ավստրալիական թերթ)։
ԳՐՈՀ մեկ ուրիշ մոլորակի՞ց։ Կմիավորի դա մարդկանց, թե՝ ոչ, չգիտենք, բայց Աստվածաշնչի մարգարեությունների մեջ հստակ խոսվում է մոտալուտ մի վճռական իրադարձության մասին, որի պատճառով աշխարհի բոլոր ազգերը կմիավորվեն։ Եվ դա իսկապես կատարվելու է ոչ երկրային ուժերի միջամտությամբ։
Հին Իսրայելի Դավիթ թագավորը մարգարեանալով խոսել է աշխարհի այդ իրավիճակի մասին։ Աստծուց ներշնչված՝ նա գրել է. «Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում [«միաւորուեցին», ԷԹ] Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ թէ կոտրենք նորանց կապանքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից» (Սաղմոս 2։2, 3; Գործք 4։25, 26)։ Ուշադրություն դարձրեք, որ աշխարհի ղեկավարները՝ որպես մեկ ամբողջություն, դուրս էին գալու Եհովայի՝ Տիեզերքի Արարչի և նրա օծյալի, կամ՝ նշանակած Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի դեմ։ Ինչպե՞ս էր դա տեղի ունենալու։
Աստվածաշնչյան ժամանակագրության և կատարված մարգարեությունների համաձայն՝ Աստծո Թագավորությունը հաստատվել է երկնքում 1914 թ.–ին, իսկ Հիսուս Քրիստոսը նշանակվել է Թագավոր։a Այդ ժամանակ աշխարհի բոլոր ազգերը մի ընդհանուր մտադրություն ունեին։ Աստծո նորաստեղծ Թագավորության գերիշխանությանը հնազանդվելու փոխարեն՝ նրանք ներգրավվեցին Համաշխարհային պատերազմի՝ Առաջին աշխարհամարտի մեջ, որպեսզի հասնեին իշխանության։
Ինչպիսի՞ վերաբերմունք ունի Եհովան մարդկային ղեկավարների բռնած ուղու հանդեպ։ «Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց։ Այն ժամանակ նա կ’խօսի նորանց հետ իրան բարկութիւնովը, եւ իրան սրտմտութիւնովը կ’շփոթեցնէ նորանց»։ Այնուհետև Եհովան կասի իր Որդուն՝ Թագավորության օծյալ Թագավորին. «Խնդրիր ինձանից, եւ ես հեթանոսները [ազգերը] քեզ ժառանգութիւն կ’տամ, եւ երկրի ծայրերը՝ քեզ ստացուածք։ Երկաթի գաւազանով կ’ջարդես նորանց, եւ բրուտի ամանի պէս կ’փշրես նորանց» (Սաղմոս 2։4, 5, 8, 9)։
Երկաթե գավազանի միջոցով այս հակառակվող ազգերի վերջնական ջախջախումը տեղի կունենա Արմագեդոնի ժամանակ։ Աստվածաշնչի վերջին գիրքը՝ «Յայտնութիւնը», նկարագրում է այդ վճռական իրադարձությունը որպես «Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմ», որին հավաքվում են «բովանդակ տիեզերքի թագաւորներ[ը]» (Յայտնութիւն 16։14, 16)։ Երկրի ազգերը դիվային ազդեցության տակ ի վերջո մեկ միասնական նպատակ կունենան՝ պատերազմել Ամենակարող Աստծո դեմ։
Արագորեն մոտենում է այն ժամանակը, երբ մարդիկ կմիավորվեն՝ Աստծո գերիշխանության դեմ պատերազմելու։ Հակառակ իրենց ակնկալիքներին՝ նրանց միավորումը անօգուտ կլինի։ Ընդհակառակը՝ նրանց ձեռնարկած քայլը կնշանավորի ողջ մարդկության երկար սպասած խաղաղության սկիզբը։ Ինչպե՞ս։ Վերջնական պատերազմում Աստծո Թագավորությունը «[կ]փշրէ եւ [կ]վերջացնէ [աշխարհի] այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44)։ Համաշխարհային խաղաղություն ունենալու մարդկանց ցանկությունը կիրականացնի ոչ թե որևէ մարդկային կառավարություն, այլ Աստծո Թագավորությունը։
Աստծո Թագավորության գլխավոր Կառավարիչը
Սա այն կառավարությունն է, որի մասին բազմաթիվ անկեղծ մարդիկ աղոթում են. «Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» (Մատթէոս 6։10)։ Աստծո Թագավորությունը մարդու սրտում գոյություն ունեցող վերացական վիճակ չէ, այլ իրական կառավարություն է, որը, երկնքում իր հաստատման պահից՝ 1914 թ.–ից սկսած, հրաշալի գործեր է իրականացրել։ Եկեք քննարկենք որոշ կարևոր գործոններ, որոնք ցույց են տալիս, որ Աստծո Թագավորությունը իրականություն է և այսօր ակտիվ գործունեություն է ծավալում։
Նախևառաջ՝ այն ունի զորեղ և արդյունավետ գործադիր իշխանություն, որը գլխավորում է գահակալված Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը։ Մ.թ. 33 թ.–ին Եհովա Աստված Հիսուս Քրիստոսին նշանակեց որպես քրիստոնեական ժողովի Գլուխ (Եփեսացիս 1։22)։ Այդ ժամանակվանից սկսած՝ Հիսուսը գործադրել է իր գլխավորությունը՝ ցույց տալով կառավարելու իր կարողությունը։ Օրինակ՝ առաջին դարում Հրեաստանում տեղի ունեցած մեծ սովի ժամանակ քրիստոնեական ժողովը շուտափույթ քայլեր ձեռնարկեց իր անդամներին աջակցություն ցույց տալու համար։ Օգնություն կազմակերպվեց, որը Բառնաբասի ու Սողոսի միջոցով Անտիոքից ուղարկվեց Հրեաստան (Գործք 11։27–30)։
Այսօր, երբ Թագավորությունն արդեն իշխում է, մենք նույնիսկ ավելին կարող ենք սպասել Հիսուս Քրիստոսից։ Երբ հարվածում են բնական աղետները՝ երկրաշարժերը, սովը, ջրհեղեղները, փոթորիկները, մրրիկները, հրաբխային ժայթքումները, Եհովայի վկաների քրիստոնեական ժողովը արագորեն արձագանքում է աղետի գոտում ապրող հավատակիցների և մյուսների կարիքներին։ Օրինակ, երբ Սալվադորում 2001 թ. հունվար և փետրվար ամիսներին ավերիչ երկրաշարժեր տեղի ունեցան, այդ երկրի բոլոր մասերում օգնություն կազմակերպվեց, և Կանադայից, Գվատեմալայից ու Միացյալ Նահանգներից Եհովայի վկաների խմբեր եկան աջակցելու տուժածներին։ Կարճ ժամանակում վերակառուցվեց երկրպագության երեք վայր, ինչպես նաև ավելի քան 500 տուն։
Աստծո Թագավորության հպատակները
Աստծո երկնային Թագավորությունը, սկսած հաստատման պահից՝ 1914 թ.–ից, աշխարհի բոլոր մասերից հպատակներ է հավաքում և միավորում նրանց։ Այսպիսով կատարվում է Եսայիայի կողմից արձանագրված հրաշալի մարգարեությունը. «Կ’լինի օրերի վերջին, որ հաստատ կ’լինի Տիրոջ տան սարը [նրա վեհ ճշմարիտ երկրպագությունը]՝ սարերի գլխին.... եւ յորդելով նորա մօտ կ’գնան բոլոր ազգերը»։ Մարգարեությունը ցույց է տալիս, որ «շատ ժողովուրդներ» բարձրանալու էին այդ սարը և ընդունելու էին Եհովայի ուսուցումներն ու օրենքները (Եսայիա 2։2, 3)։
Այս գործունեության արդյունքում ստեղծվել է մի հզոր կազմակերպված խումբ՝ 6 000 000–ից ավելի քրիստոնյաներից կազմված միջազգային եղբայրություն, որի անդամներն ապրում են երկրագնդի ավելի քան 230 երկրներում։ Եհովայի վկաների միջազգային համաժողովների ժամանակ մարդիկ հաճախ ապշում են՝ տեսնելով այն սերը, խաղաղությունը ու միությունը, որ տիրում է հսկայական թվով մարդկանց միջև՝ անկախ նրանց ազգությունից, մշակույթից և լեզվից (Գործք 10։34, 35)։ Համամիտ չէ՞ք, որ եթե մի կառավարություն կարողանում է խաղաղություն ու համերաշխություն ապահովել հարյուրավոր էթնիկական խմբերի միջև, ուրեմն այն արդյունավետ, հաստատուն և իրական կառավարություն է։
Աստծո Թագավորությունը և կրթությունը
Յուրաքանչյուր կառավարություն ունի պահանջներ, և ակնկալվում է, որ քաղաքացիները, ինչպես նաև ցանկացած անհատ, որը ուզում է ապրել այդ կառավարության ներքո, կկատարի այդ պահանջները։ Նմանապես, Աստծո Թագավորությունը ունի պահանջներ, և բոլոր նրանք, ովքեր ուզում են լինել նրա հպատակները, պետք է կատարեն դրանք։ Սակայն, ինչ խոսք, հսկայական առաջադրանք է օգնել տարբեր ծագում ունեցող մարդկանց, որ նրանք ընդունեն և առաջնորդվեն միևնույն չափանիշներով։ Այստեղ արդեն առկա է մեկ ուրիշ գործոն, որը վկայում է Աստծո Թագավորության իրական լինելու մասին. դա կրթության արդյունավետ ծրագիրն է, որը հասնում է մարդու սրտին և փոխում ոչ միայն նրա մտածելակերպը, այլ նաև սրտի վիճակը։
Ինչպե՞ս է Աստծո կառավարությունը իրականացնում այս դժվարին առաջադրանքը։ Տնետուն քարոզչության և Աստծո Խոսքը առանձին անհատների ուսուցանելու միջոցով, ինչպես որ առաքյալներն էին անում (Գործք 5։42; 20։20)։ Որքանո՞վ է արդյունավետ կրթության այս ձևը։ Կաթոլիկ քահանա Ժակ Ջոնսոնը կանադական մի շաբաթաթերթում գրել էր այն մասին, թե ինչպես էր ջանացել համոզել մի կնոջ չուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ «Ես տարակուսանքի մեջ էի ու գիտակցում էի, որ մասնակցում եմ պարտության դատապարտված մի պայքարի,— ասում է նա։— Ես սկսեցի հասկանալ, որ մի քանի ամսվա ընթացքում Եհովայի Վկա այս կանայք մտերիմ հարաբերություններ էին հաստատել այս երիտասարդ մոր հետ, որը սովորաբար տանն էր լինում։ Նրանք օգնել էին նրան, ընկերացել ու այդպիսով մտերմացել նրա հետ։ Շուտով նա դարձավ այդ կրոնի ակտիվ անդամներից մեկը, և ես ոչինչ չկարողացա անել դա կանխելու համար»։ Ճիշտ ինչպես որ Եհովայի վկաների կողմից ուսուցանվող Աստվածաշնչի պատգամը և քրիստոնեական վարքը ազդեցություն թողեցին այս նախկին կաթոլիկ կնոջ վրա, այնպես էլ դրանք ազդեցություն են թողնում աշխարհում ապրող միլիոնավոր մարդկանց վրա։
Կրթության այս ձևը՝ Թագավորության տված կրթությունը, հիմնված է Աստվածաշնչի վրա և թիկունք է կանգնում նրա արժեքներին ու բարոյական չափանիշներին։ Այն սովորեցնում է մարդկանց սիրել ու պատվել միմյանց՝ անկախ իրենց ծագումից (Յովհաննէս 13։34, 35)։ Այն նաև մարդկանց օգնում է արձագանքել հետևյալ հորդորին. «Մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը. այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբը, որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը» (Հռովմայեցիս 12։2)։ Թողնելով իրենց նախկին ապրելակերպը և ուրախությամբ ներդաշնակեցնելով իրենց կյանքը Աստծո կառավարության օրենքներին ու սկզբունքներին՝ միլիոնավոր մարդիկ արդեն այսօր գտել են խաղաղություն ու երջանկություն և հրաշալի հեռանկար ունեն ապագայի համար (Կողոսացիս 3։9–11)։
Ամբողջ աշխարհում այսպիսի միության հասնելու հարցում անփոխարինելի գործիքներից մեկը այս պարբերագիրն է՝ «Դիտարանը»։ Թարգմանության կոորդինացված մեթոդների և բազմաթիվ լեզուներով հրատարակող տպագրահաստոցների միջոցով «Դիտարանի» հիմնական հոդվածները միաժամանակ տպագրվում են 135 լեզուներով, և ամբողջ աշխարհում ընթերցողների ավելի քան 95 տոկոսը կարողանում է միևնույն ժամանակ իր հարազատ լեզվով ուսումնասիրել նյութը։
Մի մորմոն գրող ցուցակ էր կազմել, թե որ կրոններն են արտակարգ հաջողությունների հասել միսիոներական գործում։ Նա նշել է, որ Եհովայի վկաների կողմից տպագրվող «Դիտարանն» ու «Արթնացե՛ք»–ը ավետարանչական լավագույն պարբերագրերն են, և ավելացրել է. «Ոչ ոք երբեք չի կարող ասել, որ «Դիտարան»–ը կամ «Արթնացե՛ք»–ը մարդու միտքը թմրեցնում են։ Ընդհակառակը՝ նրանք զգոնություն են հաղորդում, ինչը ես հազվադեպ եմ նկատել այլ կրոնական հրատարակությունների պարագայում։ «Դիտարանն» ու «Արթնացե՛ք»–ը ընթերցողին թարմացնում են իրենց բովանդակությամբ, որում ընդգրկված նյութերը հիմնված են փաստերի, հետազոտությունների վրա և գործնական են»։
Բազմաթիվ ապացույցներ կան, որ Աստծո Թագավորությունն իրականություն է և գործում է։ Եհովայի վկաները ուրախությամբ և եռանդորեն քարոզում են «արքայութեան այս աւետարանը» իրենց մերձավորներին՝ հրավիրելով նրանց դառնալ Թագավորության հպատակներ (Մատթէոս 24։14)։ Այսպիսի հեռանկարը ձեզ գրավո՞ւմ է։ Դուք կարող եք վայելել օրհնությունները, որ գալիս են այն մարդկանց հետ ընկերակցելուց, ովքեր նման կրթություն են ստանում և ձգտում են ապրել Թագավորության պահանջների համաձայն։ Բացի դրանից, դուք կարող եք ունենալ Թագավորության կառավարման ներքո խոստացված նոր աշխարհում բնակվելու հեռանկարը. մի աշխարհ, որում «արդարութիւն է բնակվում» (Բ Պետրոս 3։13)։
[ծանոթագրություն]
a Մանրամասն քննարկման համար տե՛ս «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքի 10–րդ գլուխը, որի վերնագիրն է՝ «Աստծո Թագավորությունը իշխում է», էջ 90–97։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 4–րդ և 5–րդ էջերի վրա]
1914 թ.–ին ազգերը ներգրավվեցին Համաշխարհային պատերազմի մեջ
[նկարներ 6–րդ էջի վրա]
Կամավոր օգնությունը քրիստոնեական սիրո ապացույցն է
[նկար 7–րդ էջի վրա]
Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները օգուտներ են քաղում կրթական միևնույն ծրագրից