Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 2/1 էջ 8–13
  • Նրանք «թանկագին մարգարիտ» գտան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նրանք «թանկագին մարգարիտ» գտան
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մարգարիտների մեծ արժեքը
  • Նրանք, ովքեր գնահատեցին բարձր արժեքը
  • Մղվում են գործերի
  • Որոնումներին միանում են ուրիշները
  • «Թանկագին մարգարիտ» գտնենք այսօր
    2005 Դիտարան
  • Նրանք գտան «թանկարժեք մարգարիտը»
    Աստվածաշունչը փոխում է կյանքերը
  • Լսեք և հասկացեք իմաստը
    2014 Դիտարան
  • Միշտ թանկ գնահատենք հոգևոր գանձերը
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2005 Դիտարան
w05 2/1 էջ 8–13

Նրանք «թանկագին մարգարիտ» գտան

«Երկնքի արքայութիւնն ուժով է առնվում, եւ ուժովները յափշտակում են նորան» (ՄԱՏԹԷՈՍ 11։12)։

1, 2. ա) Թագավորության վերաբերյալ իր առակներից մեկում ի՞նչ հազվագյուտ հատկության մասին խոսեց Հիսուսը։ բ) Թանկարժեք մարգարտի առակում Հիսուսն ի՞նչ ասաց։

ԿԱ՞ ԱՅՆՊԻՍԻ մի բան, որն այնքան բարձր ես գնահատում, որ այն ձեռք բերելու համար պատրաստ ես զոհաբերել ամեն ինչ կամ՝ տալ քո ամբողջ ունեցվածքը։ Թեև մարդիկ ասում են, որ փող ունենալու, փառքի, հզորության, դիրքի կամ որևէ այլ նպատակի հասնելու համար պետք է նվիրվել դրան, սակայն հազվադեպ է պատահում, որ անհատը գտնի մի այնպիսի ցանկալի բան, որ դրա փոխարեն պատրաստ լինի տալ ամեն ինչ։ Աստծու Թագավորության մասին մտածելու տեղիք տվող իր բազմաթիվ առակներից մեկում Հիսուս Քրիստոսը խոսել է այդ հրաշալի, բայց հազվագյուտ հատկության մասին։

2 Այդ առակը կամ՝ պատկերավոր օրինակը Հիսուսը պատմել է միայն իր աշակերտներին։ Այն հաճախ անվանում են թանկարժեք մարգարտի առակ։ Ահա թե ինչ ասաց Հիսուսը. «Նման է երկնքի արքայութիւնը մի վաճառական մարդի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում. որ մի թանկագին մարգարիտ գտնելով, գնաց ամեն ինչ որ ունէր՝ ծախեց, եւ առաւ նորան» (Մատթէոս 13։36, 45, 46)։ Հիսուսը ցանկանում էր, որ իր ունկնդիրներն ի՞նչ սովորեին այս առակից։ Եվ ինչպե՞ս մենք կարող ենք օգուտներ քաղել նրա խոսքերից։

Մարգարիտների մեծ արժեքը

3. Ինչո՞ւ էին լավ մարգարիտներն այդքան թանկ գնահատվում հին ժամանակներում։

3 Հնուց ի վեր մարգարիտները համարվել են զարդաքարեր։ Մի աղբյուրում նշվում է, որ ըստ հռոմեացի գրող Պլինիոս Ավագի՝ մարգարիտները «թանկարժեք իրերի թվում առաջին տեղն էին զբաղեցնում»։ Ի տարբերություն ոսկու, արծաթի, կամ բազմաթիվ անգին քարերի՝ մարգարիտները ստեղծվում են կենդանի էակների կողմից։ Հայտնի է, որ ոստրեների որոշ տեսակներ գրգռիչները (օրինակ՝ քարերի փոքրիկ մասնիկները) կարող են վերածել փայլուն մարգարիտների՝ դրանք պահելով իրենց թիկնոցի՝ խեցու մեջ։ Հին ժամանակներում լավագույն մարգարիտները դուրս էին բերվում հիմնականում Կարմիր ծովից, Պարսից ծոցից և Հնդկական օվկիանոսից՝ Իսրայելից շատ հեռու։ Անկասկած սա էր պատճառը, թե ինչու Հիսուսը խոսեց «մի վաճառական մարդ[ու մասին], որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում»։ Իրոք որ, արժեքավոր մարգարիտներ գտնելու համար մեծ ջանքեր էին պահանջվում։

4. Ո՞րն է վաճառականի մասին Հիսուսի առակի գլխավոր դասը։

4 Թեև հնում լավ մարգարիտները բարձր գին ունեին, սակայն ակնհայտ է, որ Հիսուսն իր առակով չէր ուզում դասեր տալ այս քարերի արժեքի մասին։ Առակում նա Աստծու Թագավորությունը չնմանեցրեց բարձր գին ունեցող մարգարտի, այլ մարդկանց ուշադրությունը հրավիրեց «մի վաճառական մարդի [վրա], որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում» և ասաց, թե ինչ է անում այդ մարդը՝ գտնելով այդպիսի մարգարիտ։ Ի տարբերություն սովորական խանութպանի՝ այս վաճառականը, կարելի է ասել, հմուտ առևտրական էր. նա ուներ սուր աչք՝ զգացողություն, որն անհրաժեշտ է հասկանալու այն գեղագիտական հատկանիշներն ու նրբությունները, որոնք մարգարիտը դարձնում են անզուգական։ Նա անմիջապես կհասկանար, թե արդյոք իր տեսածը իսկական մարգարիտ է, և չէր խաբվի կեղծ կամ ցածրորակ քարով։

5, 6. ա) Հիսուսի առակում նշված վաճառականի ո՞ր հատկությունն է ուշագրավ։ բ) Վաճառականի մասին ի՞նչ ենք իմանում թաքցված գանձի առակից։

5 Այս վաճառականի առնչությամբ ուշադրության արժանի ևս մի բան կա։ Առևտրականը առաջին հերթին կհաշվարկեր մարգարտի շուկայական արժեքը՝ վճռելու, թե որքանով գնի այն, որպեսզի հետագայում շահույթ ստանա։ Այնուհետև նա հաշվի կառներ, թե արդյոք այդպիսի մարգարտի պահանջարկը կա, և կարո՞ղ է արդյոք արագ վաճառել այն։ Այլ խոսքերով՝ նա հետաքրքրված կլիներ ոչ թե մարգարիտը ձեռք բերելու, այլ իր ներդրած գումարից արագորեն շահույթ ստանալու հարցով։ Սակայն Հիսուսի առակում նկարագրված վաճառականը այդպես չէր մտածում։ Նրան չէր հետաքրքրում նյութական շահը։ Փաստն այն է, որ նա պատրաստ էր զոհաբերելու «ամեն ինչ որ ունէր», ըստ երևույթին, իր բոլոր ունեցվածքն ու սեփականությունը, որպեսզի ձեռք բերեր այն, ինչը երկար ժամանակ որոնում էր։

6 Վաճառականներից շատերը թերևս մտածեին, որ այն, ինչ արեց Հիսուսի առակում նշված անձնավորությունը, հավանաբար անխոհեմ քայլ էր։ Խորաթափանց առևտրականը այդպիսի վտանգավոր բան չէր ձեռնարկի։ Սակայն Հիսուսի առակում նշված վաճառականը այլ կերպ էր հասկանում արժեքները։ Նրան հետաքրքրում էր ոչ թե նյութականը, այլ արժեքավոր բան ձեռք բերելու արդյունքում ստացած ուրախությունն ու բավականության զգացումը։ Այս միտքը հստակ երևում է Հիսուսի պատմած մեկ այլ առակից. «Նման է երկնքի արքայութիւնը մի արտի մէջ թագցրուած գանձի, որ նորան մի մարդ գտնելով թագցրեց, եւ ուրախութիւնիցը գնում ամեն ինչ որ ունի ծախում է, եւ արտը առնում» (Մատթէոս 13։44)։ Այո՛, այն ուրախությունը, որ առաջ եկավ գանձը հայտնաբերելուց և նրան տիրանալուց, բավական էր, որ այդ մարդը տար իր ողջ ունեցվածքը։ Կա՞ն ներկայումս նման անձնավորություններ։ Կա՞ այնպիսի մի գանձ, որի համար արժե այդպիսի զոհողությունների գնալ։

Նրանք, ովքեր գնահատեցին բարձր արժեքը

7. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ հասկանում է Թագավորության բարձր արժեքը։

7 Առակի մեջ Հիսուսը խոսում էր «երկնքի արքայութ[յան]» մասին։ Նա այն անձնավորությունն էր, որն իսկապես հասկանում էր Թագավորության բարձր արժեքը։ Ավետարանների արձանագրությունները հիմնավորապես վկայում են այդ փաստը։ Մ. թ. 29 թ.–ին մկրտվելուց հետո Հիսուսը «սկսեց քարոզել եւ ասել. ապաշխարեցէք, որովհետեւ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը»։ Երեք ու կես տարիների ընթացքում նա բազմաթիվ մարդկանց սովորեցրեց Թագավորության մասին։ Նա գնում էր երկրի մի ծայրից մյուսը, «ման էր գալիս քաղաքները եւ գիւղերը քարոզելով եւ Աստուծոյ արքայութիւնն աւետարանելով» (Մատթէոս 4։17; Ղուկաս 8։1)։

8. Ի՞նչ արեց Հիսուսը ցույց տալու համար այն ամենը, որ Թագավորությունը իրականացնելու էր։

8 Ամբողջ երկրով մեկ բազմաթիվ հրաշքներ կատարելով՝ հիվանդներին բուժելով, սովածներին կերակրելով, բնության տարրերն իրեն ենթարկելով, նույնիսկ մահացածներին հարություն տալով՝ Հիսուսը ցույց տվեց, թե ինչ է անելու Աստծու Թագավորությունը (Մատթէոս 14։14–21; Մարկոս 4։37–39; Ղուկաս 7։11–17)։ Նա նաև ապացուցեց իր նվիրվածությունն Աստծու և Թագավորության հանդեպ, երբ տվեց իր կյանքը՝ նահատակվելով տանջանքի ցցի վրա։ Ճիշտ ինչպես վաճառականը պատրաստակամորեն տվեց իր ողջ ունեցվածքը «թանկագին մարգարիտ» ձեռք բերելու համար, այնպես էլ Հիսուսն ապրեց և մահացավ Թագավորության համար (Յովհաննէս 18։37)։

9. Ի՞նչ հազվագյուտ հատկություն էին դրսևորում Հիսուսի առաջին դարի աշակերտները։

9 Հիսուսը ոչ միայն իր կյանքը կենտրոնացրեց Թագավորության վրա, այլ նաև հետևորդների մի խումբ հավաքեց. այնպիսի անհատներ, որոնք իսկապես հասկանում էին Թագավորության մեծ արժեքը։ Նրանց թվում էր Անդրեասը, որը սկզբում եղել էր Հովհաննես Մկրտչի աշակերտը։ Լսելով Հովհաննեսի այն խոսքերը, թե Հիսուսն է «Աստուծոյ Գառը»՝ Անդրեասը և Հովհաննեսի աշակերտներից մեկ ուրիշը՝ ամենայն հավանականությամբ Զեբեդեոսի որդիներից մեկը, որի անունը նույնպես Հովհաննես էր, անմիջապես եկան Հիսուսի մոտ ու դարձան հավատացյալներ։ Սակայն ամեն բան այսքանով չավարտվեց։ Անդրեասը շուտափույթ գնաց իր եղբայր Սիմոնի մոտ և ասաց նրան. «Մեսիան գտել ենք»։ Սիմոնը (որը հետագայում հայտնի դարձավ որպես Կեփաս կամ Պետրոս), ինչպես նաև Փիլիպպոսը ու նրա ընկեր Նաթանայելը շուտով նույնպես հասկացան, որ Հիսուսը Մեսիան է։ Նաթանայելը նույնիսկ ասաց Հիսուսին. «Դու Աստուծոյ Որդին ես. դու ես Իսրայէլի թագաւորը» (Յովհաննէս 1։35–49)։

Մղվում են գործերի

10. Աշակերտներն ինչպե՞ս արձագանքեցին, երբ առաջին հանդիպումից որոշ ժամանակ անց Հիսուսը կրկին կանչեց նրանց։

10 Անդրեասի, Պետրոսի, Հովհաննեսի և մյուսների ապրած ուրախությունը կարելի է համեմատել այն ուրախության հետ, որն առաջացավ վաճառականի մեջ՝ թանկարժեք մարգարիտը գտնելիս։ Ի՞նչ էին պատրաստվում անել այս աշակերտները։ Ավետարանները մեզ շատ բան չեն հայտնում այն մասին, թե Հիսուսի հետ տեղի ունեցած առաջին հանդիպումից հետո նրանք ինչ արեցին։ Ակներևաբար, մեծ մասը վերադարձավ իրենց սովորական ապրելակերպին։ Սակայն մոտ վեց ամսից մինչև մեկ տարի ընկած ժամանակահատվածում Հիսուսը կրկին հանդիպեց Անդրեասին, Պետրոսին, Հովհաննեսին, ինչպես նաև Հովհաննեսի եղբայր Հակոբոսին, մինչ նրանք ձկնորսություն էին անում Գալիլեայի ծովում։a Տեսնելով նրանց՝ Հիսուսն ասաց. «Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կ’շինեմ»։ Ինչպե՞ս արձագանքեցին նրանք։ Մատթեոսի Ավետարանը Պետրոսի և Անդրեասի մասին հետևյալն է ասում. «Շուտով իրանց ուռկանները թողած նորա ետեւից գնացին»։ Իսկ Հակոբոսի և Հովհաննեսի մասին կարդում ենք. «Նորանք էլ շուտով նաւը եւ իրանց հօրը թողած, նորա ետեւից գնացին»։ Ղուկասի արձանագրության մեջ ասվում է, որ նրանք «ամեն բաները թողեցին, եւ նորա ետեւիցը գնացին» (Մատթէոս 4։18–22; Ղուկաս 5։1–11)։

11. Ամենայն հավանականությամբ աշակերտներն ինչո՞ւ հապճեպորեն արձագանքեցին Հիսուսի հրավերին։

11 Արդյո՞ք աշակերտների այս արձագանքը հապճեպ որոշման արդյունք էր։ Դժվար թե։ Թեև Հիսուսին առաջին անգամ հանդիպելուց հետո նրանք վերադարձան իրենց ձկնորսական գործին, սակայն, անշուշտ, այն ինչ նրանք տեսել և լսել էին այդ հանդիպման ժամանակ, խորապես ազդել էր նրանց մտքի ու սրտի վրա։ Մոտ մեկ տարվա ընթացքում նրանք բավականաչափ ժամանակ էին ունեցել խորհելու այդ ամենի մասին։ Այժմ եկել էր որոշում կայացնելու պահը։ Կնմանվեի՞ն նրանք այն վաճառականին, որը թանկարժեք մարգարիտը գտնելով այնքան ուրախացավ, որ, ինչպես նկարագրում է Հիսուսը, գնաց և անհրաժեշտ ամեն բան արեց այդ մարգարիտը գնելու համար։ Այո՛։ Այն, ինչ նրանք տեսել և լսել էին, ազդեցություն էր թողել նրանց սրտի վրա։ Նրանք գիտակցում էին, որ գործելու ժամանակն էր։ Ուստի, ինչպես տեղեկանում ենք արձանագրությունից, առանց տատանվելու նրանք ամեն բան թողեցին և դարձան Հիսուսի հետևորդները։

12, 13. ա) Մարդկանց մեծ մասն ինչպե՞ս արձագանքեց Հիսուսի խոսքերին։ բ) Ի՞նչ ասաց Հիսուսն իր հավատարիմ աշակերտների մասին, և ի՞նչ են նշանակում նրա խոսքերը։

12 Որքա՜ն էին տարբերվում այս հավատարիմ անհատներն այն մարդկանցից, որոնց մասին հետագայում նշվեց Ավետարանների արձանագրություններում։ Շատերը բժշկվեցին Հիսուսի կողմից, իսկ մյուսներն էլ կշտացան նրա տված հացով, սակայն հետագայում ամեն մեկը զբաղվեց իր անձնական գործերով (Ղուկաս 17։17, 18; Յովհաննէս 6։26)։ Երբ Հիսուսը մարդկանց հրավիրում էր դառնալ իր աշակերտները, ոմանք նույնիսկ հրաժարվելու պատճառներ էին փնտրում (Ղուկաս 9։59–62)։ Իսկ հավատարիմ անհատները խիստ տարբերվում էին այդպիսի մարդկանցից։ Հետագայում Հիսուսը այդ հավատարիմների առնչությամբ ասաց. «Յովհաննէս Մկրտչի օրերիցը մինչեւ հիմա երկնքի արքայութիւնն ուժով է առնվում, եւ ուժովները յափշտակում են նորան» (Մատթէոս 11։12)։

13 Ի՞նչ նշանակություն ունեն «ուժով առնել» և «ուժովներ» բառերը։ Ահա թե ինչ է ասվում «Վայնի՝ Հին և Նոր Կտակարանների բառերի բացատրական բառարանում» հունարեն այն բայի մասին, որն ընկած է վերոհիշյալ բառերի հիմքում. «Այդ բայն ունի լարված ջանքեր գործադրելու իմաստ»։ Իսկ աստվածաշնչագետ Հայնրիխ Մայերը այս համարի վերաբերյալ գրում է. «Այս կերպ է նկարագրվում Մեսիական թագավորության հանդեպ ունեցած մեծ ձգտումը և պայքարը՝ հասնելու դրան.... Թագավորության հանդեպ հետաքրքրությունը շատ ակտիվ է ու վառ (և ոչ թե պասսիվ ու սպասողական)»։ Առակում նկարագրված վաճառականի նման՝ այս անհատները իսկույն հասկացան, թե ինչն էր իսկապես արժեքավոր և պատրաստակամորեն զոհեցին ամեն բան հանուն Թագավորության շահերի (Մատթէոս 19։27, 28; Փիլիպպեցիս 3։8)։

Որոնումներին միանում են ուրիշները

14. Հիսուսն ինչպե՞ս նախապատրաստեց առաքյալներին Թագավորության քարոզչության գործին, և ի՞նչ եղավ արդյունքը։

14 Իր ծառայության ընթացքում Հիսուսը սովորեցրեց և օգնեց շատ մարդկանց «հասնել» Թագավորությանը։ Առաջին հերթին նա իր աշակերտների միջից ընտրեց 12 հոգու և նրանց նշանակեց որպես առաքյալներ՝ իր կողմից ուղարկվող անձինք։ Հիսուսը նրանց մանրամասն հրահանգներ տվեց այն մասին, թե ինչպես պետք է կատարեին իրենց ծառայությունը և զգուշացրեց, թե ինչ դժվարություններ ու փորձություններ էին սպասվում առջևում (Մատթէոս 10։1–42; Ղուկաս 6։12–16)։ Հաջորդ երկու տարիներին առաքյալները Հիսուսին ուղեկցեցին քարոզչական շրջագայությունների ժամանակ և սերտ ընկերակցություն վայելեցին նրա հետ։ Առաքյալները լսեցին նրա խոսքերը, ականատես եղան նրա զորեղ գործերին և թողած օրինակին (Մատթէոս 13։16, 17)։ Այս ամենը, անկասկած, այնպիսի ազդեցություն թողեց նրանց վրա, որ, այն վաճառականի պես, նրանք նախանձախնդրորեն և ամբողջ սրտով հետևեցին Թագավորությանը։

15. Ըստ Հիսուսի՝ իր հետևորդները ի՞նչ ավելի մեծ հիմք ունեին ուրախանալու։

15 Բացի 12 առաքյալներից, Հիսուսը «ուրիշ եօթանասուն հոգի էլ կարգեց. եւ նորանց երկու երկու իր երեսի առաջին ուղարկեց այն բոլոր քաղաքներն եւ տեղերն, որտեղ որ ինքը գնալու էր»։ Նա աշակերտներին նախազգուշացրեց փորձությունների և դժվարությունների մասին ու հրահանգ տվեց, որ մարդկանց հայտնեն. «Աստուծոյ արքայութիւնը մօտեցել է ձեզ վերայ» (Ղուկաս 10։1–12)։ 70 աշակերտները ուրախացած վերադարձան և Հիսուսին պատմեցին. «Տէր, դեւերն էլ հնազանդում են մեզ քո անունովը»։ Սակայն, գուցե ի զարմանս իրենց՝ Հիսուսը տեղեկացրեց, որ նրանց ավելի մեծ ուրախություն էր սպասում, քանի որ Թագավորության գործում նախանձախնդրություն էին դրսևորել։ Նա ասաց. «Նորա համար մի ուրախանաք՝ որ ոգիները ձեզ հնազանդում են, բայց առաւել ուրախացէք, որ ձեր անունները գրուած են երկնքումը» (Ղուկաս 10։17, 20)։

16, 17. ա) Հիսուսն ի՞նչ ասաց իր հավատարիմ առաքյալներին վերջին երեկոյի ընթացքում։ բ) Հիսուսի խոսքերն ինչպե՞ս ուրախացրին առաքյալներին և ինչո՞ւմ հավաստիացրին։

16 Երբ մ. թ. 33 թ. նիսանի 14–ին Հիսուսը վերջին երեկոն էր անցկացնում իր առաքյալների հետ, նա հաստատեց մի ընթրիք, որը հետագայում հայտնի դարձավ «Տերունական ընթրիք» անվանումով, և պատվիրեց նշել այդ իրադարձությունը։ Երեկոյի ընթացքում Հիսուսը մնացած 11 առաքյալներին ասաց. «Դուք էք, որ միշտ ինձ հետ կենում էիք իմ փորձութիւններումը։ Եւ ես ուխտում եմ ձեզ թագաւորութիւն՝ ինչպէս իմ Հայրն էլ ինձ թագաւորութիւն ուխտեց. որ ուտէք եւ խմէք իմ սեղանի վերայ իմ արքայութիւնում, եւ աթոռների վերայ նստէք՝ Իսրայէլի տասնեւերկու ցեղերին դատաստան անելու համար» (Ղուկաս 22։19, 20, 28–30)։

17 Կարելի է պատկերացնել, թե ինչ ուրախություն ապրեցին առաքյալները՝ Հիսուսից լսելով նման խոսքեր։ Նրանց առաջարկվում էր ամենաբարձր պատիվն ու առանձնաշնորհումը, որ մարդ կարող է ունենալ (Մատթէոս 7։13, 14; Ա Պետրոս 2։9)։ Այն վաճառականի նման՝ նրանք շատ բաներ էին զոհել, որպեսզի Թագավորության շահերը առաջ տանելու հարցում հետևեին Հիսուսին։ Այժմ նրանց հավաստիացում էր տրվում, որ իրենց կատարած զոհողություններն իզուր չէին։

18. Բացի 11 առաքյալներից, ովքե՞ր էին մտնելու Թագավորության մեջ։

18 Այդ երեկոյին ներկա առաքյալները միակ մարդիկ չէին, որ բաժին էին ունենալու Թագավորության մեջ։ Եհովայի կամքն էր, որ 144 000 անհատներից բաղկացած մի խմբի հետ Թագավորության ուխտ կնքվեր։ Ուխտի մասնակիցները Հիսուս Քրիստոսի հետ միասին կառավարելու էին փառահեղ երկնային Թագավորությունում։ Բացի այդ, Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ «մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել.... կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին.... եւ ասում [էին]. Փրկութիւնը մեր Աստուծուն, որ նստում է աթոռի վերայ, եւ Գառին»։ Սրանք Թագավորության երկրային հպատակներն են (Յայտնութիւն 7։9, 10; 14։1, 4)։b

19, 20. ա) Ի՞նչ հնարավորություն ունեն տարբեր ազգերի մարդիկ։ բ) Ի՞նչ հարց է քննարկվելու հաջորդ հոդվածում։

19 Երկինք համբարձվելուց կարճ ժամանակ առաջ Հիսուսն իր հավատարիմ հետևորդներին պատվիրեց. «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը» (Մատթէոս 28։19, 20)։ Այսպիսով, բոլոր ազգերից էլ լինելու էին մարդիկ, որ դառնալու էին Հիսուս Քրիստոսի աշակերտները։ Եվ ինչպես որ վաճառականն էր իր ուշադրությունը կենտրոնացրել թանկարժեք մարգարտի վրա, նրանք նույնպես իրենց սիրտն ու միտքը կենտրոնացնելու էին Թագավորության վրա՝ սպասելով երկնային կամ երկրային վարձատրության։

20 Հիսուսի խոսքերից երևում է, որ աշակերտ պատրաստելու գործը կատարվելու էր մինչև «աշխարհքի վերջը»։ Իսկ մեր օրերում կա՞ն առակում նշված վաճառականի նման անձնավորություններ, որոնք պատրաստ են իրենց ունեցած ամեն բաները տալու Աստծու Թագավորության շահերը առաջ տանելու համար։ Այս հարցը կքննարկվի հաջորդ հոդվածում։

[ծանոթագրություններ]

a Ամենայն հավանականությամբ, Հովհաննեսը՝ Զեբեդեոսի որդին, Հիսուսին առաջին անգամ հանդիպելուց հետո գնացել է նրա ետևից ու ականատես եղել նրա կատարած գործերին։ Հետագայում դա նրան հնարավորություն է տվել վառ կերպով նկարագրել այդ ամենը իր գրած Ավետարանում (Յովհաննէսի Ավետարան, 2–5 գլուխներ)։ Այնուամենայնիվ, նախքան Հիսուսի հրավերը որոշ ժամանակ նա իր ընտանիքի հետ միասին զբաղվել է ձկնորսությամբ։

b Ավելի մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքի 10–րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Կարո՞ղ եք բացատրել

• Ո՞րն է վաճառականի մասին առակի գլխավոր դասը։

• Ինչպե՞ս է Հիսուսը ցույց տվել, որ բարձր է գնահատում Թագավորությունը։

• Ի՞նչը մղեց Անդրեասին, Պետրոսին, Հովհաննեսին և մյուսներին անմիջապես արձագանքելու Հիսուսի հրավերին։

• Ի՞նչ հիանալի հեռանկար է բացված բոլոր ազգերի առջև։

[նկար 10–րդ էջի վրա]

‘Նրանք ամեն բաները թողեցին և Հիսուսի ետևից գնացին’

[նկար 12–րդ էջի վրա]

Երկինք համբարձվելուց առաջ Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց աշակերտներ պատրաստել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը