Ընթերցողների հարցերը
Պե՞տք է արդյոք քրիստոնյան թեյանվեր կամ նվեր տա պետական աշխատողի նրա կատարած ծառայությունների համար, թե՞ դա կդիտվի որպես կաշառք։
Անկախ իրենց ապրելու տեղից՝ քրիստոնյաները միշտ ձգտում են գործնական իմաստություն դրսևորել առանձին իրավիճակներում և գիտեն, որ այն, ինչ ընդունելի ու օրինական է մի երկրում, կարող է բացարձակապես անընդունելի և անօրինական լինել մեկ ուրիշ երկրում (Առակաց 2։6, 7 ՆԱ, 8, 9)։ Անշուշտ, քրիստոնյան պետք է միշտ հիշի, որ նա, ով ցանկանում է ‘մնալ Եհովայի խորանում’, պետք է խուսափի կաշառք տալուց (Սաղմոս 15։1, 5; Առակաց 17։23)։
Ի՞նչ է նշանակում «կաշառք տալ»։ Համաձայն մի հանրագիտարանի՝ ««կաշառք տալ» նշանակում է ինչ–որ արժեքավոր բան տալ կամ առաջարկել .... պաշտոնատար անձնավորության, որը դրա դիմաց չի կատարում իր պարտականությունը կամ խախտում է օրենքը հօգուտ կաշառք տվողի» («The World Book Encyclopedia»)։ Ուստի, անկախ նրանից, թե որտեղ է ապրում անհատը՝ եթե նա փող կամ նվեր է տալիս դատավորին կամ ոստիկանության աշխատողին, որպեսզի վերջինս ոտնահարի արդարադատությունը, եթե փող կամ նվեր է տալիս տեսուչին, որպեսզի նա աչք փակի ինչ–որ թերության կամ խախտման վրա, դա կաշառք տալ է նշանակում։ Կաշառք տալ է նաև այն, որ անհատը նվեր է տալիս հատուկ վերաբերմունքի արժանանալու համար, ինչպես օրինակ՝ իր անունը ինչ–որ ցուցակի առաջին տեղերում գրել տալու կամ հերթում առաջ անցնելու համար։ Բացի այդ, նման վարքը վկայում է սիրո պակասի մասին (Մատթէոս 7։12; 22։39)։
Իսկ արդյոք կաշառք տա՞լ է համարվում այն, որ նվեր կամ թեյանվեր է տրվում, ենթադրենք, պետական ծառայողին օրինական ծառայություն ստանալու կամ անարդար վերաբերմունքից խուսափելու համար։ Օրինակ՝ որոշ երկրներում պաշտոնատար անձինք գուցե դժկամություն ցույց տան երեխաներին դպրոց ընդունելու, անհատին հիվանդանոց ընդունելու կամ միգրացիոն փաստաթղթերը կնքելու հարցում, մինչև որ որոշակի գումար չստանան։ Կամ գուցե նրանք ձգձգեն թույլատրագրերի ժամկետները երկարացնելու գործընթացը։
Թեյանվերների հետ կապված սովորությունները և դրանց հանդեպ հասարակության վերաբերմունքը տարբեր վայրերում տարբեր է։ Այն վայրերում, որտեղ թեյանվեր տալը սովորական բան է, կամ դա ակնկալվում է, որոշ քրիստոնյաներ գուցե մտածեն, որ, եթե թեյանվեր տալը չի հակասում օրենքին, ուրեմն իրենք Աստվածաշնչի սկզբունքները չեն խախտի, եթե թեյանվեր տան պաշտոնատար անձի, որպեսզի վերջինս իր պարտականությունը կատարի։ Որոշ երկրներում մարդիկ գուցե թեյանվերները նույնիսկ համարեն որպես նվեր պետական ծառայողներին՝ նրանց՝ առանց այն էլ ցածր եկամուտը փոքր–ինչ ավելացնելու նպատակով։ Չմոռանանք, որ տարբերություն կա օրինական ծառայության համար տրվող նվերի և անօրինական ծառայության համար կաշառք առաջարկելու միջև։
Մյուս կողմից՝ որոշ Եհովայի վկաներ տեսուչներին, մաքսատան աշխատակիցներին կամ ուրիշ պաշտոնյաների օրինական խնդրանքով դիմելիս հրաժարվում են թեյանվեր տալուց, նույնիսկ այն դեպքում, երբ դա ընդունված է տվյալ վայրում։ Քանի որ Վկաները իրենց բնակավայրում հայտնի են որպես բարեխիղճ և ազնիվ քաղաքացիներ, երբեմն նրանց հանդեպ այնպիսի վերաբերմունք է ցույց տրվում, որը մարդկանց մեծամասնության հանդեպ ցուցաբերվում է միայն այն դեպքում, երբ նրանք թեյանվեր են տալիս (Առակաց 10։9, ՆԱ; Մատթէոս 5։16)։
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ Եհովայի յուրաքանչյուր ծառա ինքը պետք է որոշի, թե կտա արդյոք թեյանվեր օրինական ծառայություն ստանալու կամ անարդար վերաբերմունքից խուսափելու համար։ Ամենակարևորն այն է, որ իր կատարած քայլերից հետո նա մաքուր խիղճ ունենա, որ դրանք Եհովայի անվանը նախատինք չբերեն և մյուսների համար գայթակղություն չլինեն (Մատթէոս 6։9; Ա Կորնթացիս 10։31–33; Բ Կորնթացիս 6։3; Ա Տիմոթէոս 1։5)։