Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 4/15 էջ 25–29
  • Հավատդ մղո՞ւմ է քեզ գործերի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հավատդ մղո՞ւմ է քեզ գործերի
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Օրենքի գիտակներ
  • Գիտելիքներով հարուստ, բայց սրտով անհավատ
  • «Խօսքը անող եղէք»
  • Քո կատարած գործը կվարձատրվի
  • Շարունակիր բարի գործեր անել
  • Եհովան այսօր ի՞նչ է մեզանից պահանջում
    1999 Դիտարան
  • Իսկապե՞ս հավատում ես բարի լուրին
    2003 Դիտարան
  • Հավատ դրսևորիր Եհովայի խոստումների հանդեպ
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մեծ ուսուցիչն ավելի պարզ պատկերացում է տալիս Ստեղծիչի մասին
    Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
Ավելին
2005 Դիտարան
w05 4/15 էջ 25–29

Հավատդ մղո՞ւմ է քեզ գործերի

ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ համոզված էր, որ Հիսուսը կարող էր բժշկել նրա անդամալույծ ծառային։ Սակայն նա Հիսուսին չհրավիրեց իր տուն՝ գուցե մտածելով, որ ինքն արժանի չէ այդ պատվին, կամ այն պատճառով, որ հեթանոս է։ Դրա փոխարեն՝ նա Հիսուսի մոտ ուղարկեց հրեա մի քանի ծերերի՝ ասելու. «Տէ՛ր, ես արժանի չեմ, որ իմ յարկի տակը մտնես, այլ միայն մի խօսք ասիր՝ եւ իմ ծառան կ’բժշկուի»։ Հասկանալով, որ զինվորականը հավատում էր նույնիսկ հեռվից բուժելու նրա կարողությանը՝ Հիսուսն իրեն հետևող ամբոխին ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. Իսրայէլի մէջ էլ այսպիսի հաւատք չը գտայ» (Մատթէոս 8։5–10; Ղուկաս 7։1–10)։

Այս դեպքը կօգնի, որ մեր ուշադրությունը դարձնենք հավատի մի կարևոր երեսակի վրա. ճշմարիտ հավատը մեռած չի լինում, այն ուղեկցվում է գործերով։ Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Հակոբոսը, բացատրեց. «Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է» (Յակոբոս 2։17)։ Այս փաստը մենք ավելի լավ կհասկանանք, եթե կենդանի օրինակի հիման վրա քննարկենք, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ հավատը թուլանում է։

Մ.թ.ա. 1513 թ.–ին Օրենքի ուխտի միջոցով Իսրայել ազգի և Եհովա Աստծու միջև ամուր կապեր հաստատվեցին։ Որպես այդ ուխտի միջնորդ՝ Մովսեսն Աստծու խոսքերը հաղորդեց Իսրայելի որդիներին. «Եթէ իրաւ իմ ձայնին լսէք եւ իմ ուխտը պահէք, այն ժամանակ դուք ինձ համար.... սուրբ ազգ կ’լինիք» (Ելից 19։3–6)։ Իրոք, Իսրայել ազգի սուրբ լինելը կախված էր Եհովային հնազանդվելուց։

Շատ դարեր անց հրեաները սկսեցին ավելի մեծ կարևորություն տալ Օրենքի ուսումնասիրությանը, քան նրա պարունակած սկզբունքների կիրառությանը։ Իր գրքում Ալֆրեդ Էդերշիմը գրում է. «[Ռաբբիները]՝ «աշխարհի իմաստունները» վաղուց արդեն սահմանել էին, որ [Օրենքի] ուսումնասիրությունը գործերից կարևոր էր» («The Life and Times of Jesus the Messiah»)։

Իհարկե, Աստված իսրայելացիներին պատվիրել էր ջանադրաբար ուսումնասիրել իր պատվիրանները։ Նա ասել էր. «Այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս» (Բ Օրինաց 6։6, 7)։ Բայց արդյո՞ք Եհովան նկատի ուներ, որ Օրենքն ուսումնասիրելը ավելի կարևոր էր, քան Օրենքում նշված կամ դրան ներդաշնակ գործեր կատարելը։ Եկեք պարզենք։

Օրենքի գիտակներ

Իսրայելացիները խելամիտ էին համարում, որ Օրենքն ուսումնասիրելու վրա մեծ շեշտ դրվեր, քանի որ ըստ հրեական մի ավանդույթի՝ նույնիսկ Աստված ինքը ամեն օր երեք ժամ հատկացնում էր Օրենքի ուսումնասիրությանը։ Ուստի կարելի է հասկանալ, թե ինչու էին որոշ հրեաներ մտածում հետևյալ կերպ. «Եթե Աստված կանոնավորաբար ուսումնասիրում է Օրենքը, ուրեմն մի՞թե նրա ստեղծած էակները չպետք է նույնն անեն»։

Օրենքը մանրակրկիտ վերլուծելու և մեկնաբանելու անհագուրդ փափագը մ.թ. արդեն իսկ առաջին դարում ամբողջովին աղավաղել էր ռաբբիների մտածելակերպը։ «Դպիրները եւ Փարիսեցիները.... ասում են բայց չեն անում,— ասաց Հիսուսը։— Ծանր եւ դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերին, բայց իրանց մատովը չեն ուզում շարժել նորանց» (Մատթէոս 23։2–4)։ Այդ կրոնական առաջնորդները մարդկանց ծանրաբեռնել էին անթիվ օրենքներով ու կանոններով, սակայն իրենք այդ նույն կանոնները շրջանցելու ուղիներ էին փնտրում։ Բացի այդ, նրանք, ովքեր իրենց միտքը կենտրոնացրել էին զուտ գիտելիքներ ստանալու վրա, «թող[ել էին] օրէնքի ծանր ծանր բաները՝ դատաստանը եւ ողորմութիւնը եւ հաւատքը» (Մատթէոս 23։16–24)։

Ի՜նչ ծիծաղելի է, որ փորձելով հաստատել սեփական արդարությունը, դպիրներն ու փարիսեցիները արդյունքում խախտում էին հենց այն Օրենքը, որին՝ ըստ իրենց, ենթարկվում էին։ Դարեր շարունակ Օրենքի տառի և այլ մանրամասնությունների վերաբերյալ վիճաբանությունները նրանց այդպես էլ չմոտեցրին Աստծուն։ Արդյունքը եղավ այն, որ նրանք մոլորվեցին այն ամենով, ինչը որ Պողոսն անվանում է ‘ունայնաբանություններ’, ‘սուտանուն գիտություն’ և ‘հակառակություններ’ (Ա Տիմոթէոս 6։20, 21)։ Սակայն նրանց անվերջ հետազոտությունները մեկ ուրիշ լուրջ խնդիր էլ առաջացրին։ Նրանք չզարգացրին այնպիսի հավատ, որը նրանց կմղեր ճիշտ գործերի։

Գիտելիքներով հարուստ, բայց սրտով անհավատ

Որքա՜ն էր տարբերվում հրեա կրոնական առաջնորդների մտածելակերպը Աստծու մտածելակերպից։ Նախքան իսրայելացիները կմտնեին Ավետյաց երկիր, Մովսեսը նրանց ասաց. «Ձեր ուշը դարձրէք այն ամեն խօսքերին, որոնք այսօր ձեզ համար վկայութիւն բերի, որ նորանք ձեր տղերանցը պատուիրէք, որ նորանք այս օրէնքի ամեն խօսքերը պահեն եւ կատարեն» (Բ Օրինաց 32։46)։ Ուրեմն՝ Աստծու ժողովուրդը ոչ միայն պետք է լրջորեն ուսումնասիրեր Օրենքը, այլ նաև կատարեր այնտեղ գրվածը։

Պատմության մեջ բազմաթիվ անգամներ Իսրայել ազգը անհավատարիմ է գտնվել Եհովայի հանդեպ։ Փոխանակ ճիշտ գործեր անելու՝ Իսրայելի որդիները ‘Նրան չհավատացին և նրա խոսքին մտիկ չարին’ (Բ Օրինաց 9։23; Դատաւորաց 2։15, 16; Բ Մնացորդաց 24։18, 19; Երեմիա 25։4–7)։ Հրեաները ցույց տվեցին, որ իրենց անհավատարմությունը ծայրահեղ աստիճանի էր հասել, երբ մերժեցին Հիսուսին՝ որպես Մեսիայի (Յովհաննէս 19։14–16)։ Արդյունքը եղավ այն, որ Եհովա Աստված մերժեց Իսրայելին և իր ուշադրությունը դարձրեց մյուս ազգերի վրա (Գործք 13։46)։

Ինչ խոսք, մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի չընկնենք միևնույն ծուղակի մեջ՝ մտածելով, որ առանց հավատի, սակայն գիտելիքներ ունենալով, կարող ենք երկրպագել Աստծուն։ Այլ խոսքերով՝ մենք չպետք է Աստվածաշունչ ուսումնասիրենք միայն գիտելիքներ կուտակելու նպատակով։ Ճշգրիտ գիտելիքները պետք է հասնեն մեր սրտին և ազդեցություն գործեն մեր կյանքի վրա։ Ի՞նչ եք կարծում, իմաստ կունենա՞ ուսումնասիրել բանջարաբուծության ձեռնարկներ, սակայն երբեք մի սերմ անգամ չտնկել։ Իհարկե, մենք որոշակի գիտելիքներ ձեռք կբերենք պարտեզը խնամելու վերաբերյալ, սակայն երբեք ոչինչ չենք հնձի։ Նմանապես, այն մարդիկ, ովքեր Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով սովորում են Աստծու պահանջների մասին, պետք է թույլ տան, որ ճշմարտության սերմերը հասնեն իրենց սրտին, ծլեն ու մղեն գործերի (Մատթէոս 13։3–9, 19–23)։

«Խօսքը անող եղէք»

Պողոս առաքյալը գրեց. «Հաւատքը լսելուցն է» (Հռովմայեցիս 10։17)։ Աստծու Խոսքը լսելը, այնուհետև նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, հավատ ընծայելը, հավիտենական կյանքի հեռանկար է բացում մեր առաջ։ Այո՛, մեզանից պահանջվում է ավելին, քան պարզապես ասել. «Ես հավատում եմ Աստծուն և Քրիստոսին»։

Հիսուսն իր հետևորդներին հորդորեց ունենալ այնպիսի հավատ, որը նրանց կմղեր գործերի։ Նա ասաց. «Սորանով փառաւորուեցաւ իմ Հայրը, որ շատ պտուղ բերէք. եւ իմ աշակերտները լինիք» (Յովհաննէս 15։8)։ Հետագայում Հիսուսի եղբայր Հակոբոսը գրեց. «Խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ» (Յակոբոս 1։22)։ Բայց ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչ անել։ Հիսուսն իր իսկ օրինակով և խոսքերով ցույց տվեց, թե ինչ պետք է անենք Աստծուն հաճելի լինելու համար։

Երկրի վրա գտնվելիս Հիսուսը մեծ ջանքեր էր գործադրում Թագավորության շահերը առաջ տանելու և իր Հոր անվանը փառք բերելու համար (Յովհաննէս 17։4–8)։ Ինչպե՞ս։ Շատերը գուցե մտաբերեն, թե Հիսուսը ինչ հրաշքներ է գործել հիվանդ և հաշմանդամ մարդկանց համար։ Բայց Մատթեոսի Ավետարանը ցույց է տալիս, թե նա գլխավորապես ինչ էր անում. «Յիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայումը՝ սովորեցնելով նորանց ժողովարաններումը եւ քարոզելով արքայութեան աւետարանը»։ Հետաքրքիր է, որ Հիսուսը չսահմանափակեց իր ծառայությունը՝ ուղղակի զրուցելով միայն մի քանի ընկերների, ծանոթների, կամ իր բնակավայրում ապրող մարդկանց հետ։ Նա վճռական ջանքեր էր գործադրում՝ օգտագործելով հնարավոր ամեն բան, որպեսզի այցելի «բոլոր Գալիլեայումը» բնակվողներին (Մատթէոս 4։23, 24; 9։35)։

Հիսուսը քաջալերեց իր հետևորդներին, որ նրանք նույնպես մասնակցեն աշակերտ պատրաստելու գործին։ Նա կատարյալ օրինակ թողեց իր աշակերտներին (Ա Պետրոս 2։21)։ Հավատարիմ հետևորդներին Հիսուսն ասաց. «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն» (Մատթէոս 28։19, 20)։

Քարոզչական գործին մասնակցելը իհարկե դժվար է։ Հիսուսն ինքը ասաց. «Ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպէս գառներ գայլերի մէջ» (Ղուկաս 10։3)։ Երբ հակառակության ենք բախվում, բնական է, որ ցանկանում ենք խուսափել դրանից, որպեսզի անտեղի ցավերից կամ անհանգստություններից մեզ ազատենք։ Հենց սա պատահեց այն երեկոյան, երբ Հիսուսին ձերբակալեցին։ Վախով համակված՝ առաքյալները փախան նրա մոտից։ Այդ նույն երեկոյան՝ ավելի ուշ, Պետրոսը երեք անգամ ուրացավ Հիսուսին (Մատթէոս 26։56, 69–75)։

Գուցե զարմանաս՝ իմանալով, որ նույնիսկ Պողոս առաքյալը մեծ ջանքերի գնով էր քարոզում բարի լուրը։ Դրա վերաբերյալ Թեսաղոնիկեի ժողովին նա գրեց. «Համարձակեցանք մեր Աստուծովը խօսել ձեզ Աստուծոյ աւետարանը մեծ հակառակութիւնով [«մեծ ընդդիմութեան հանդիպելով», ԷԹ]» (Ա Թեսաղոնիկեցիս 2։1, 2)։

Պողոսն ու մյուս առաքյալները կարողացան հաղթահարել իրենց վախն ու մարդկանց հետ խոսել Աստծու Թագավորության մասին։ Դու նույնպես կարող ես դա անել։ Ինչպե՞ս։ Ամենակարևորն այն է, որ ապավինես Եհովային։ Եթե ամբողջովին հավատ ընծայենք Եհովային, ապա այդ հավատը մեզ կմղի գործերի, և մենք կկարողանանք կատարել նրա կամքը (Գործք 4։17–20; 5։18, 27–29)։

Քո կատարած գործը կվարձատրվի

Եհովան լավ գիտի իրեն ծառայելու համար մեր գործադրած ջանքերի մասին։ Օրինակ՝ նա տեսնում է մեզ, երբ հիվանդ ենք կամ հոգնած։ Գիտի, որ անհանգստանում ենք և սեփական ուժերի հանդեպ անվստահ ենք։ Երբ ֆինանսական խնդիրները մեզ ճնշում են, կամ երբ թվում է, թե առողջությունը մեզ դավաճանում է, կամ մեր զգացումները մտահոգություն են պատճառում մեզ, կարող ենք վստահ լինել, որ Եհովան տեղյակ է այս ամենին (Բ Մնացորդաց 16։9; Ա Պետրոս 3։12)։

Կարելի է պատկերացնել, թե որքա՜ն է ուրախանում Եհովան՝ տեսնելով, որ չնայած մեր անկատարություններին ու դժվարություններին, հավատը մղում է մեզ գործերի։ Եհովան ընդամենը նուրբ զգացմունք չի տածում իր հավատարիմ ծառաների հանդեպ, այլ նա իր զգացմունքները ամրագրել է խոստումով։ Աստծու ներշնչմամբ Պողոս առաքյալը գրեց. «Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք» (Եբրայեցիս 6։10)։

Դու կարող ես հավատալ Աստվածաշնչին, երբ նա ասում է, որ «Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի», որ Աստված «իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի» (Բ Օրինաց 32։4; Եբրայեցիս 11։6)։ Օրինակ՝ ԱՄՆ–ի Կալիֆորնիա նահանգից մի կին պատմում է. «Նախքան երեխաներ ունենալը, հայրս տասը տարի ծառայել է լիաժամ։ Ես հաճույքով լսում էի, երբ նա պատմում էր, թե ինչպես է Եհովան աջակցել նրան ծառայության մեջ։ Շատ անգամ նա իր վերջին դոլարը ծախսել է, որպեսզի ծառայության գնալու համար բենզին գնի։ Բայց ծառայությունից վերադառնալով՝ հաճախ տեսել է, որ դռան մոտ սննդամթերք է դրված»։

Բացի նյութական օգնությունից, «գթութիւնների Հայրը եւ ամեն մխիթարութեան Աստուածը» մեզ աջակցում է նաև էմոցիոնալ և հոգևոր առումներով (Բ Կորնթացիս 1։3)։ Մի Վկա, որը երկար տարիներ տոկացել է փորձությունների, ասում է. «Եհովային ապավինելը շատ մխիթարական է։ Դա հնարավորություն է տալիս վստահելու Եհովային ու տեսնելու, թե ինչպես է նա քեզ օգնում»։ Դու կարող ես խոնարհաբար մոտենալ «աղոթքի լսող[ին]»՝ համոզված լինելով, որ նա ուշադրություն կդարձնի քո մտահոգությունների վրա (Սաղմոս 65։2, ԱԱ)։

Հոգևոր հունձքին մասնակցողները բազմաթիվ օրհնություններ են ստանում (Մատթէոս 9։37, 38)։ Ծառայությանը մասնակցելը կենսուրախ է դարձրել շատերին, և նույնը կարող է տեղի ունենալ քեզ հետ։ Իսկ որ ավելի կարևոր է՝ ուրիշներին վկայություն տալն օգնում է ամրացնել մեր փոխհարաբերությունները Աստծու հետ (Յակոբոս 2։23)։

Շարունակիր բարի գործեր անել

Սխալ կլինի, եթե Աստծու ծառաներից որևէ մեկը մտածի, թե Եհովան հիասթափվել է նրանից, քանի որ ֆիզիկական արատների կամ տարիքի պատճառով նա այլևս չի կարողանում ծառայության մեջ անել այն ամենը, ինչ կցանկանար։ Նույնը կարելի է ասել նրանց մասին, ովքեր ունեն վատ առողջություն, ընտանեկան պատասխանատվություններ կամ գտնվում են այլ հանգամանքներում։

Հիշիր՝ երբ Պողոս առաքյալը զգաց, որ իր հնարավորությունները սահմանափակ են տկարության կամ ինչ–​որ խոչընդոտի պատճառով, նա ‘երեք անգամ աղաչեց Տիրոջը, որ [այն] հեռացնի իրենից’։ Պողոսին բուժելու փոխարեն՝ որպեսզի վերջինս կարողանար ավելին անել ծառայության մեջ, Եհովան ասաց. «Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում» (Բ Կորնթացիս 12։7–10)։ Դու նույնպես համոզված եղիր, որ չնայած այն ամեն դժվարություններին, որոնց տոկում ես, քո երկնային Հայրը գնահատում է այն ամենը, ինչ ի վիճակի ես անել նրա շահերն առաջ տանելու համար (Եբրայեցիս 13։15, 16)։

Մեր սիրառատ Արարիչը չի պահանջում մեզանից ավելին, քան կարող ենք անել։ Նա պարզապես ասում է, որ գործերի մղող հավատ ունենանք։

[նկար 26–րդ էջի վրա]

Արդյո՞ք միայն Օրենքն ուսումնասիրելը բավական էր

[նկարներ 29–րդ էջի վրա]

Մեր հավատը պետք է ուղեկցվի գործերով

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը