Կրոնական ճշմարտություն. որտե՞ղ կարող եք գտնել
ՏԻԲԵԹՈՒՄ ապրող մի մարդ պտտում է գլանաձև մի առարկա, որը պարունակում է գրավոր աղոթքներ։ Նա հավատում է, որ իր խնդրանքները գլանի ամեն մի պտույտի հետ կրկնվում են։ Հնդկաստանում մի ընդարձակ տան մեջ փոքրիկ սենյակ է հատկացված «փուջա»՝ երկրպագություն անելու համար, որը ներառում է տարբեր աստվածների ու աստվածուհիների պատկերների համար խունկ ծխելը, ծաղիկներ բերելը և այլ բաներ։ Հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Իտալիայում, կինը շքեղաշուք եկեղեցում ծնկի է գալիս Մարիամի՝ Հիսուսի մոր, պատկերի առաջ և տերողորմյան ձեռքին աղոթում։
Հավանաբար դուք ինքներդ եք համոզվել, որ մարդիկ անտարբեր չեն կրոնի հանդեպ։ «Կրոնը.... եղել և շարունակում է ամենուրեք լինել հասարակության ամենակարևոր օղակներից մեկը»,— ասվում է աշխարհի կրոնների մասին մի գրքում («The World’s Religions—Understanding the Living Faiths»)։ Գրող Ջոն Բոուքերն իր գրքում նշում է. «Երբեք գոյություն չի ունեցել այնպիսի հասարակություն, որի մեջ Աստծուն չի հատկացվել որևէ դեր՝ սովորաբար ղեկավարի ու արարչի դերը։ Սա ճշմարիտ է նույնիսկ այն հասարակությունների համար, որոնք գիտակցաբար նախընտրել են աշխարհիկ լինել» («God—A Brief History»)։
Այո, միլիոնավոր մարդիկ անտարբեր չեն կրոնի հանդեպ։ Մի՞թե սա համոզիչ ապացույց չէ, որ մարդը հոգևորի կարիք և ձգտում ունի։ Ականավոր հոգեբան Կարլ Յունգը իր գրքում խոսում է մարդու՝ վերին զորության երկրպագելու կարիքի մասին և նշում է, որ «դրա դրսևորումները կարելի է գտնել մարդկության պատմության բոլոր փուլերում» («The Undiscovered Self»)։
Բայցևայնպես, շատ մարդիկ չեն հավատում Աստծուն ու չեն հետաքրքրվում կրոնով։ Ոմանք կասկածում են Աստծու գոյությանը կամ դա մերժում են գլխավորապես այն պատճառով, որ իրենց հետաքրքրող կրոնները չեն բավարարել իրենց հոգևոր կարիքները։ Կրոնը սահմանվում է որպես «անվերապահ նվիրվածություն ինչ–որ սկզբունքի, անձնվեր հավատարմություն, բարեխիղճ վերաբերմունք, ջերմեռանդ կապվածություն»։ Այս սահմանման լույսի ներքո՝ գրեթե յուրաքանչյուր ոք, այդ թվում աթեիստ անձնավորությունը, իր կյանքում ինչ–որ ձևով կրոնական նվիրվածություն է դրսևորում։
Պատմության հազարավոր տարիների ընթացքում մարդը իր հոգևոր կարիքները բավարարելու համար բազմաթիվ կրոններ է դավանել։ Արդյունքը կրոնական հայացքների վիթխարի զանազանությունն է ամբողջ աշխարհում։ Օրինակ՝ թեև գրեթե բոլոր կրոններն էլ հավատում են վերին զորությանը, նրանց հայացքները տարբերվում են այն հարցում, թե ով կամ ինչ է այդ զորությունը։ Բացի այդ, դավանանքների մեծամասնությունը կարևորում է մարդու փրկությունը, կամ՝ ազատագրումը։ Սակայն նրանց ուսմունքները տարբերվում են այն հարցում, թե ինչ է փրկությունը և ինչպես է այն ձեռք բերվում։ Եթե այդքան շատ դավանանքներ կան, ապա որտե՞ղ կարող ենք գտնել այն կրոնական ճշմարտությունները, որոնք հաճելի են Աստծուն։