Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 9/15 էջ 4–7
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նրա ծագումը «յաւիտենական օրերից է»
  • Նրա երկրային կյանքը
  • Որտե՞ղ է Հիսուսն այսօր
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Հիսուս Քրիստոս՝ Աստծո գիտության բանալի
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Ճանաչենք «Քրիստոսի միտքը»
    2000 Դիտարան
Ավելին
2005 Դիտարան
w05 9/15 էջ 4–7

Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ, թե որքան հուզված էր Անդրեաս անունով հրեա երիտասարդը, երբ առաջին անգամ լսեց Հիսուս Նազովրեցու խոսքերը։ Աստվածաշունչը նշում է, որ Անդրեասը շտապեց իր եղբոր մոտ ու ասաց. «Մեսիան [կամ՝ Քրիստոսին] գտել ենք» (Յովհաննէս 1։41)։ Եբրայերեն «Մեսիա» և հունարեն «Քրիստոս» բառերը նշանակում են «Օծյալ»։ Հիսուսը Օծյալն էր կամ Աստծու Ընտրյալը՝ խոստացված Առաջնորդը (Եսայիա 55։4)։ Գրություններում բազմաթիվ մարգարեություններ էին արձանագրված նրա վերաբերյալ, ուստի այդ ժամանակ հրեաները արդեն սպասում էին Մեսիային (Ղուկաս 3։15)։

Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսն իսկապես Աստծու Ընտրյալն էր։ Եկեք քննարկենք, թե ինչ տեղի ունեցավ մ.թ. 29 թ.–ին, երբ Հիսուսը 30 տարեկան էր։ Նա գնաց Հովհաննես Մկրտչի մոտ՝ Հորդանան գետում մկրտվելու։ Աստվածաշունչն ասում է. «Մկրտուելուց յետոյ Յիսուսը շուտով դուրս եկաւ ջրիցը. եւ ահա երկինքը բացուեցաւ նորա համար, եւ նա տեսաւ Աստուծոյ Հոգին որ վայր էր իջնում աղաւնիի պէս եւ գալիս նորա վերայ։ Եւ ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի» (Մատթէոս 3։16, 17)։ Հավանության այս խոսքերը լսելուց հետո կարո՞ղ էր Հովհաննեսը կասկածել, որ Հիսուսն էր Աստծու Ընտրյալը։ Իր սուրբ ոգին թափելով Հիսուսի վրա՝ Եհովա Աստված օծեց, կամ՝ նշանակեց նրան իր գալիք Թագավորության Թագավոր։ Այսպիսով Հիսուսը դարձավ Քրիստոս, կամ՝ Օծյալ։ Սակայն ի՞նչ առումով էր Հիսուսն Աստծու Որդին։ Ի՞նչ ծագում ուներ նա։

Նրա ծագումը «յաւիտենական օրերից է»

Հիսուսի կյանքը կարելի է բաժանել երեք փուլերի։ Առաջինը սկսվեց նրա՝ որպես մարդ ծնվելուց դեռ շատ տարիներ առաջ։ Նրա ծագումը «վաղուց՝ յաւիտենական օրերից է»,— ասվում է Միքիա 5։2–ում։ Հիսուսն ինքն ասաց. «Ես վերեւիցն եմ», այսինքն՝ երկնքից (Յովհաննէս 8։23)։ Նա երկնքում է եղել որպես զորեղ ոգեղեն անձնավորություն։

Բոլոր ստեղծված բաները սկիզբ են ունեցել, ուստի եղել է ժամանակ, որ միայն Աստված է գոյություն ունեցել։ Սակայն անհամար տարիներ առաջ Աստված սկսեց ստեղծել։ Ո՞վ էր նրա առաջին ստեղծագործությունը։ Աստվածաշնչի վերջին գիրքը Հիսուսին անվանում է «Աստուծոյ արարածների Սկիզբը» (Յայտնութիւն 3։14)։ Հիսուսը «ամեն ստեղծուածներից առաջ [է] ծնուած»։ Դա ճշմարիտ է, «վասն զի նորանով ամեն բան ստեղծուեցաւ ինչ որ երկնքումն՝ եւ ինչ որ երկրիս վերայ է՝ երեւողները եւ չ’երեւողները» (Կողոսացիս 1։15, 16)։ Այո՛, Հիսուսը միակ անձնավորությունն է, որին Աստված անձամբ է ստեղծել։ Ուստի նա կոչվում է Աստծու ‘միածին Որդի’ (Յովհաննէս 3։16)։ Անդրանիկ Որդին կրում է նաև «Բանը» տիտղոսը (Յովհաննէս 1։14)։ Ինչո՞ւ։ Քանի որ նախքան որպես մարդ ծնվելը, նա ծառայել է երկնքում որպես Աստծու խոսնակ։

«Բանը» Եհովա Աստծու հետ է եղել ‘սկըզբում’, երբ ստեղծվում էին «երկինքը եւ երկիրը»։ Նա է այն անձնավորությունը, որին Աստված ասաց. «Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք» (Յովհաննէս 1։1; Ծննդոց 1։1, 26)։ Եհովայի միածին Որդին իր Հոր կողքին էր՝ ակտիվորեն աշխատելով նրա հետ։ Առակաց 8։22–31-ում նա իրեն ներկայացնում է՝ ասելով. «Ես նորա [Արարչի] կշտին ճարտարապետ էի, եւ նորա ուրախութիւնն էի ամեն օր՝ զուարճանալով նորա առաջին ամեն ժամանակ» (Առակաց 8։22–31)։

Որքա՜ն լավ են ճանաչել միմյանց Եհովա Աստված ու իր միածին Որդին՝ աշխատելով կողք–​կողքի։ Եհովայի հետ անթիվ տարիների սերտ ընկերակցությունը մեծ ազդեցություն էր թողել Աստծու Որդու վրա։ Այս հնազանդ Որդին ամեն բանով նմանվեց իր Հորը՝ Եհովային։ Կողոսացիս 1։15–ում Հիսուսը կոչվում է «աներեւոյթ Աստուծոյ պատկեր[ը]»։ Պատճառներից մեկը, թե ինչու է կարևոր գիտելիքներ ունենալ Հիսուսի մասին, այն է, որ այդպիսով բավարարվում են մեր հոգևոր կարիքները և Աստծուն ճանաչելու բնական ցանկությունը։ Յուրաքանչյուր բան, որ Հիսուսն արեց երկրի վրա գտնվելիս, հենց այն էր, ինչ Եհովան ակնկալում էր նրանից։ Ուստի ճանաչել Հիսուսին նշանակում է նաև ավելացնել մեր գիտելիքները Եհովայի մասին (Յովհաննէս 8։28; 14։8–10)։ Իսկ ինչո՞ւ Հիսուսը երկիր եկավ։

Նրա երկրային կյանքը

Հիսուսի կյանքի երկրորդ փուլը սկսվեց, երբ Աստված նրան երկիր ուղարկեց։ Եհովան դա արեց՝ Հիսուսի կյանքը երկնքից հրաշքով տեղափոխելով մի հավատարիմ հրեա կույսի՝ Մարիամի արգանդը։ Հիսուսը ոչ մի անկատարություն չժառանգեց, քանի որ մարդկային հայր չունեցավ։ Եհովայի սուրբ ոգին, կամ՝ գործուն ուժը, եկավ Մարիամի վրա և նրա զորությունը ‘հովանի’ եղավ Մարիամին՝ պատճառ դառնալով, որ վերջինս հրաշքով հղիանա (Ղուկաս 1։34, 35, ԱԱ)։ Ուստի Մարիամը կատարյալ երեխա ունեցավ։ Որպես ատաղձագործ Հովսեփի որդի՝ Հիսուսը համեստ ընտանիքում մեծացավ։ Բազմանդամ ընտանիքի երեխաներից առաջինը նա էր (Եսայիա 7։14; Մատթէոս 1։22, 23; Մարկոս 6։3)։

Հիսուսի մանկության մասին քիչ բան է հայտնի, սակայն ուշադրության է արժանի մի դեպք։ Երբ Հիսուսը 12 տարեկան էր, ծնողները նրան տարան Երուսաղեմ Պասեքի տարեկան տոնակատարությանը։ Այնտեղ նա բավականաչափ ժամանակ անցկացրեց տաճարում. «Վարդապետների մէջ նստած՝ նորանց ականջ էր դնում, եւ նորանցից հարցնում էր»։ Ավելին, «ամենքն, որ նորանից լսում էին, զարմանում էին նորա իմաստութեան եւ պատասխանների վերայ»։ Այո՛, պատանի Հիսուսը կարող էր ոչ միայն մտածելու տեղիք տվող, հոգևոր հարցեր տալ, այլև այնպիսի խելացի պատասխաններ, որոնք ապշեցնում էին ուրիշներին (Ղուկաս 2։41–50)։ Մինչ նա մեծանում էր Նազարեթ քաղաքում, ակներևաբար իր հորից՝ Հովսեփից, սովորեց ատաղձագործություն անել (Մատթէոս 13։55)։

Մինչև 30 տարեկանը Հիսուսն ապրեց Նազարեթում։ Այնուհետև գնաց Հովհաննեսի մոտ՝ մկրտվելու։ Մկրտությունից հետո Հիսուսը ակտիվորեն սկսեց ծառայել։ Երեք ու կես տարի շարունակ նա ճանապարհորդեց իր հայրենի երկրով՝ հռչակելով Աստծու Թագավորության բարի լուրը։ Նա ապացուցեց, որ ուղարկված է Աստծու կողմից։ Ինչպե՞ս։ Կատարելով բազմաթիվ հրաշքներ՝ զորեղ գործեր, որ մարդկային ուժերից վեր էին (Մատթէոս 4։17; Ղուկաս 19։37, 38)։

Հիսուսը նաև ջերմ, խորը զգացմունքների տեր անձնավորություն էր։ Նրա ջերմությունը հատկապես երևում էր այն բանից, թե ինչպես էր վերաբերվում մյուսներին։ Քանի որ Հիսուսը մատչելի էր ու բարի, մարդիկ ձգտում էին շփվել նրա հետ։ Նրա ներկայությամբ նույնիսկ երեխաներն էին ազատ զգում իրենց (Մարկոս 10։13–16)։ Հիսուսը հարգանքով էր վերաբերվում կանանց, թեև նրա օրերում շատերը կանանց ցածր մարդիկ էին համարում (Յովհաննէս 4։9, 27)։ Նա օգնում էր աղքատներին ու ճնշվածներին «հանգըստութիւն» գտնել (Մատթէոս 11։28–30)։ Հիսուսը հասկանալի, հասարակ և արդյունավետ ձևով էր ուսուցանում։ Այն, ինչ նա սովորեցնում էր, արտացոլում էր նրա սրտաբուխ ցանկությունը՝ ճանաչեցնելու իր ունկնդիրներին ճշմարիտ Աստծուն՝ Եհովային (Յովհաննէս 17։6–8)։

Հիսուսն օգտագործում էր Աստծու սուրբ ոգին՝ հրաշքներ անելու համար։ Կարեկցանքից մղված՝ նա բուժել է հիվանդներին (Մատթէոս 15։30, 31)։ Օրինակ՝ բորոտությամբ տառապող մի մարդ մոտեցավ Հիսուսին և ասաց. «Որ կամենաս, կարող ես ինձ սրբել»։ Ի՞նչ արեց Հիսուսը։ Նա մեկնեց իր ձեռքը և հպվեց նրան՝ ասելով. «Կամենում եմ՝ սրբուիր»։ Եվ հիվանդը առողջացավ (Մատթէոս 8։2–4)։

Քննարկենք նաև այն դեպքը, երբ մի մեծ ամբոխ եկավ Հիսուսի մոտ և մնաց նրա հետ երեք օր։ Այդ օրերի ընթացքում նրանք ոչինչ չէին կերել։ Հիսուսը խղճաց նրանց և հրաշքով կերակրեց «չորս հազար մարդ[կանց].... կանանցից եւ երեխաներից ջոկ» (Մատթէոս 15։32–38)։ Մեկ ուրիշ անգամ Հիսուսը հանդարտեցրեց փոթորիկը, որ սպառնում էր իր ընկերների անվտանգությանը (Մարկոս 4։37–39)։ Նա հարություն տվեց՝ կյանքի բերեց մահացած մարդկանց (Ղուկաս 7։22; Յովհաննէս 11։43, 44)։a Հիսուսը նույնիսկ պատրաստակամորեն տվեց իր կատարյալ կյանքը, որպեսզի անկատար մարդիկ ապագայի հույս ունենան։ Որքա՜ն խորը սեր է ունեցել Հիսուսը մարդկանց հանդեպ։

Որտե՞ղ է Հիսուսն այսօր

Հիսուսը մահացավ տանջանքի ցցի վրա 33, 5 տարեկան հասակում։b Սակայն մահով նրա կյանքը չվերջացավ։ Հիսուսի կյանքի երրորդ փուլը սկսվեց մահից երեք օր անց, երբ Եհովա Աստված հարություն տվեց իր Որդուն որպես ոգեղեն անձնավորության։ Հարությունից հետո Հիսուսը երևաց հարյուրավոր մարդկանց, որ ապրել են առաջին դարում (Ա Կորնթացիս 15։3–8)։ Այնուհետև նա «նստեց Աստուծոյ աջ կողմը» և սպասեց, մինչև կստանար թագավորական իշխանությունը (Եբրայեցիս 10։12, 13)։ Երբ այդ ժամանակը եկավ, Հիսուսը սկսեց կառավարել որպես Թագավոր։ Ուրեմն ինչպե՞ս պետք է պատկերացնենք Հիսուսին այսօր։ Մի մարդու, որը մահվան է դատապարտված և տառապո՞ւմ է, թե՞ որպես մեկի, որին պետք է երկրպագել։ Այսօր Հիսուսը ո՛չ մարդ է, ո՛չ էլ Ամենակարող Աստված։ Նա ոգեղեն զորեղ անձնավորություն է, իշխող Թագավոր։ Շատ շուտով նա գործի կդնի իր իշխանությունը խնդիրներով լեցուն մեր երկրի վրա։

Յայտնութիւն 19։11–16 համարներում, որտեղ այլաբանական լեզու է օգտագործվում, Հիսուս Քրիստոսը նկարագրվում է որպես սպիտակ ձիու վրա նստած թագավոր, որը գալիս է դատելու և արդարությամբ պատերազմելու։ Նա ունի «սրած սուր, որ նորանով զարկէ ազգերին»։ Այո՛, Հիսուսը կօգտագործի իր մեծ ուժը՝ չարերին կործանելու համար։ Իսկ ի՞նչ կպատահի այն մարդկանց, ովքեր ձգտում են հետևել երկրի վրա ապրած ժամանակ նրա թողած օրինակին (Ա Պետրոս 2։21)։ Հիսուսն ու իր Հայրը կպահպանեն այդ անհատներին «Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի»՝ Արմագեդոնի ժամանակ։ Այդ մարդիկ կկարողանան որպես Աստծու երկնային Թագավորության հպատակներ հավիտյան ապրել (Յայտնութիւն 7։9, 14; 16։14, 16; 21։3, 4)։

Իր խաղաղ կառավարման ընթացքում Հիսուսն այնքա՜ն հրաշքներ կկատարի մարդկության համար (Եսայիա 9։6, 7; 11։1–10)։ Նա կվերացնի հիվանդությունները և վերջ կդնի մահվանը։ Աստված Հիսուսի միջոցով հարություն կտա միլիարդավոր մարդկանց՝ հնարավորություն տալով վերջիններիս հավիտյան ապրել երկրի վրա (Յովհաննէս 5։28, 29)։ Մենք անգամ չենք կարող պատկերացնել, թե որքա՜ն հրաշալի կլինի մեր կյանքը Թագավորության կառավարման ներքո։ Ուստի կարևոր է, որ շարունակենք աստվածաշնչյան գիտելիքներ ստանալ և ավելի լավ ճանաչել Հիսուս Քրիստոսին։

[ծանոթագրություններ]

a Հիսուսի կատարած հրաշքների մասին բոլորը գիտեին։ Նույնիսկ Հիսուսի թշնամիներն էին ընդունում, որ նա «շատ նշաններ է անում» (Յովհաննէս 11։47, 48)։

b Պարզելու համար, թե արդյոք Հիսուսը ցցի վրա է մահացել, թե խաչի, տե՛ս «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գրքի 89, 90 էջերը (անգլ.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[շրջանակ 7–րդ էջի վրա]

Արդյո՞ք Հիսուսն Ամենակարող Աստված է

Բազմաթիվ կրոնասեր մարդիկ ասում են, որ Հիսուսն Աստված է։ Ոմանք էլ պնդում են, որ Աստված Երրորդություն է։ Ըստ այդ ուսմունքի՝ «Հայրը Աստված է, Որդին Աստված է և Սուրբ Ոգին էլ է Աստված, սակայն ոչ թե երեք Աստված գոյություն ունի, այլ մեկ»։ Համարվում է, որ երեքն էլ «հավերժական են և հավասար» («The Catholic Encyclopedia»)։ Ճի՞շտ են արդյոք այս տեսակետները։

Եհովա Աստված Արարիչն է (Յայտնութիւն 4։11)։ Նա չունի սկիզբ և վերջ ու ամենակարող է (Սաղմոս 90։2)։ Իսկ Հիսուսը սկիզբ է ունեցել (Կողոսացիս 1։15, 16)։ Խոսելով Աստծու մասին որպես իր Հոր՝ Հիսուսն ասաց. «իմ Հայրը մեծ է ինձանից» (Յովհաննէս 14։28)։ Հիսուսը նաև բացատրեց, որ կան բաներ, որ ո՛չ ինքը գիտի, ո՛չ էլ հրեշտակները, այլ միայն իր Հայրը (Մարկոս 13։32)։

Ավելին, աղոթքում Հիսուսն իր Հորն ասաց. «Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» (Ղուկաս 22։42)։ Անկասկած, Հիսուսն աղոթում էր իրենից ավելի բարձր Անձնավորության։ Բացի այդ, ոչ թե Հիսուսը հարություն տվեց ինքն իրեն, այլ Աստված (Գործք 2։32)։ Պարզ է, որ Հայրն ու Որդին հավասար անձնավորություններ չէին Հիսուսի՝ երկիր գալուց առաջ, ինչպես նաև նրա երկրային կյանքի ընթացքում։ Իսկ Հիսուսի հարություն առնելուց հետո՞։ Ա Կորնթացիս 11։3–ում կարդում ենք. «Քրիստոսի գլուխն՝ Աստուած [է]»։ Փաստորեն Որդին միշտ ենթակա կլինի իր Հորը (Ա Կորնթացիս 15։28)։ Այսպիսով՝ Գրությունները ցույց են տալիս, որ Հիսուսն Ամենակարող Աստված չէ։ Նա Աստծու Որդին է։

Երրորդության այսպես կոչված երրորդ անձնավորությունը՝ Սուրբ ոգին, իրականում անձնավորություն չէ։ Աղոթելով Աստծուն՝ սաղմոսերգուն ասաց. «Հոգիդ [«Ոգիդ», ՆԱ] ուղարկում ես՝ ստեղծվում են. եւ դու նորոգում ես երկրի երեսը» (Սաղմոս 104։30)։ Ոգին Աստված չէ, այն Աստծու գործուն ուժն է, որը նա ուղարկում է կամ օգտագործում է կատարելու համար այն, ինչ ցանկանում է։ Դրա միջոցով Աստված ստեղծեց նյութական երկինքը, երկիրը և բոլոր կենդանի արարածներին (Ծննդոց 1։2; Սաղմոս 33։6)։ Աստված օգտագործեց նաև իր սուրբ ոգին՝ ներշնչելու մարդկանց գրի առնել Աստվածաշունչը (Բ Պետրոս 1։20, 21)։ Ուստի Երրորդությունը սուրբգրային ուսմունք չէ։c Աստվածաշունչն ասում է. «Մեր Եհովայ Աստուածը՝ Եհովան մէկ է» (Բ Օրինաց 6։4)։

[ծանոթագրություն]

c Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» գրքույկը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[նկար 5–րդ էջի վրա]

Մկրտվելով՝ Հիսուսը դարձավ Աստծու Օծյալը

[նկար 7–րդ էջի վրա]

Հիսուսն իր ուժերը նվիրեց Աստծու հանձնարարած գործը կատարելուն

[նկար 7–րդ էջի վրա]

Այսօր Հիսուսը հզոր Թագավոր է

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը