Ծնողնե՛ր, ի՞նչ ապագա եք ցանկանում ձեր երեխաներին
«Երիտասարդներ եւ աղջիկներ.... Օրհնեն Տիրոջ անունը» (ՍԱՂՄՈՍ 148։12, 13)։
1. Ինչի՞ մասին են մտահոգվում ծնողները։
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ծնող մտահոգվում է իր երեխայի ապագայով։ Երեխայի ծնվելու պահից և նույնիսկ դրանից առաջ ծնողները սկսում են անհանգստանալ նրա բարօրության մասին։ Արդյոք երեխան առո՞ղջ կլինի։ Նորմա՞լ կզարգանա։ Երեխայի մեծանալու հետ մեկտեղ հոգսերը շատանում են։ Սովորաբար ծնողները լավագույնն են ցանկանում իրենց երեխաներին (Ա Թագաւորաց 1։11, 27, 28; Սաղմոս 127։3–5)։
2. Ինչո՞ւ են այսօր շատ ծնողներ ցանկանում, որ իրենց երեխաները, մեծանալով, լավ կյանք վայելեն։
2 Այսօրվա աշխարհում ծնողների համար շատ դժվար է իրենց երեխաներին ապահովել լավագույն բաներով։ Շատ ծնողներ ծանր օրեր են ապրել կյանքում. նրանք տեսել են պատերազմներ, քաղաքական հեղաշրջումներ, տնտեսական ճգնաժամեր, ստացել են ֆիզիկական վնասներ կամ էմոցիոնալ վերքեր և այլն։ Բնականաբար, նրանք սրտանց ցանկանում են, որ իրենց երեխաները չտեսնեն այդ նույն բաները։ Զարգացած երկրներում ծնողները գուցե նկատեն, որ իրենց ընկերների և բարեկամների երեխաները հաջողությամբ կարիերա են ստեղծում և լավ կյանքով են ապրում։ Ուստի նրանք ուզում են ամեն բան անել, որպեսզի իրենց երեխաները նույնպես կարողանան համեմատաբար հանգիստ, ապահով ու լավ կյանք ունենալ, երբ մեծանան (Ժողովող 3։13)։
Ինչպես ընտրել լավ կյանք
3. Ի՞նչ ընտրություն են կատարում քրիստոնյաները։
3 Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ՝ քրիստոնյաները իրենց կյանքը նվիրել են Եհովային։ Նրանք լուրջ են վերաբերվում Հիսուսի հետևյալ խոսքերին. «Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող անձն ուրանայ եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գայ» (Ղուկաս 9։23; 14։27)։ Եվ իսկապես, քրիստոնեական կյանք վարելը անձնազոհություն է պահանջում։ Սակայն դա չի նշանակում, որ նրանք զրկանքներով լի, չքավոր կյանքով են ապրում։ Ընդհակառակը՝ նրանք երջանիկ, գոհացուցիչ, այսինքն՝ լավ կյանք ունեն, քանի որ տալիս են, իսկ Հիսուսն ասել է. «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Գործք 20։35)։
4. Ի՞նչ հորդորեց Հիսուսն իր հետևորդներին։
4 Հիսուսի օրերում մարդիկ շատ դժվար պայմաններում էին ապրում։ Նրանք ոչ միայն ապրուստ պետք է վաստակեին, այլ նաև տանեին հռոմեական կառավարության լուծը և կրեին իրենց օրերի ձևական կրոնականների ճնշող բեռը (Մատթէոս 23։2–4)։ Այնուամենայնիվ, շատերը, ովքեր լսեցին Հիսուսին, մի կողմ դրեցին իրենց անձնական նպատակները, նույնիսկ կարիերան և դարձան նրա հետևորդները (Մատթէոս 4։18–22; 9։9; Կողոսացիս 4։14)։ Կարելի՞ է ասել, որ այդ աշակերտները վտանգի ենթարկեցին իրենց ապագան։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ ասաց Հիսուսը. «Ամեն ով որ թողեց տներ, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիք, կամ արտեր իմ անունի համար, հարիւրապատիկ կ’առնէ եւ յաւիտենական կեանքը կ’ժառանգէ» (Մատթէոս 19։29)։ Հիսուսը հավաստիացրեց իր հետևորդներին, որ նրանց երկնային Հայրը գիտի իրենց կարիքների մասին։ Ուստի Հիսուսը հորդորեց նրանց. «Առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ» (Մատթէոս 6։31–33)։
5. Որոշ ծնողներ ինչպե՞ս են վերաբերվում Հիսուսի այն խոսքերին, որ Աստված հոգ կտանի իր ծառաների մասին։
5 Պարագան նույնն է նաև մեր օրերում։ Եհովան տեղյակ է մեր կարիքներին, և նրանք, ովքեր իրենց կյանքում առաջին տեղում են դնում Թագավորության շահերը, հատկապես լիաժամ ծառայության մեջ գտնվողները, կարող են վստահ լինել, որ Աստված հոգ կտանի իրենց մասին (Մաղաքիա 3։6, 16; Ա Պետրոս 5։7)։ Սակայն որոշ ծնողներ երկընտրանքի մեջ են ընկնում։ Մի կողմից՝ նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները ծառայեն Եհովային և ժամանակի ընթացքում լիաժամ ծառայություն սկսեն։ Մյուս կողմից՝ հաշվի առնելով տնտեսական իրավիճակը և աշխատանք գտնելու դժվարությունները, նրանք մտածում են, որ երիտասարդների համար կարևոր է առաջին հերթին լավ կրթություն ստանալ, որպեսզի անհրաժեշտ որակավորումներն ունենան լավ աշխատանքի անցնելու կամ ինչ–որ չափով ապահով լինելու համար։ Այսպիսի ծնողների կարծիքով՝ լավ կրթությունը բարձրագույն կրթությունն է։
Նախապատրաստվել ապագային
6. Այս հոդվածում ի՞նչ իմաստով է օգտագործվում «բարձրագույն կրթություն» արտահայտությունը։
6 Կրթական համակարգը տարբեր երկրներում տարբեր է։ Օրինակ՝ Միացյալ Նահանգների հանրակրթական դպրոցներում ուսումը տևում է 12 տարի։ Այնուհետև ուսանողները որոշում են ընդունվել համալսարան կամ քոլեջ, որտեղ ուսումը տևում է չորս և ավելի տարիներ։ Ավարտելիս նրանք բակալավրի աստիճան են ստանում և շատերը շարունակում են սովորել բժշկության, իրավագիտության, ճարտարագիտության և այլ բնագավառներում՝ որպես ասպիրանտներ։ Բարձրագույն կրթություն ասելով՝ այս հոդվածում նկատի ունենք հենց այսպիսի համալսարանական կրթությունը։ Մյուս կողմից՝ կան պրոֆեսիոնալ–տեխնիկական ուսումնական հաստատություններ, որտեղ կարճ տևողությամբ դասընթացների արդյունքում կարելի է ստանալ մասնագիտական վկայական կամ դիպլոմ։
7. Դպրոցներում ի՞նչ ճնշում է գործադրվում աշակերտների վրա։
7 Նկատվում է, որ այսօր միջնակարգ դպրոցները նպատակ են հետապնդում իրենց ուսանողներին պատրաստել բարձրագույն կրթություն ստանալու։ Ուստի բազմաթիվ դպրոցներում հիմնականում դասավանդվում են համալսարանական առարկաներ, որոնք կօգնեն աշակերտներին բարձր միավորներ հավաքել ընդունելության քննությունների ժամանակ և ոչ թե այնպիսի առարկաներ, որոնք հնարավորություն կտան աշակերտներին դպրոցն ավարտելուց հետո աշխատանք գտնել։ Բարձր դասարաններում սովորող աշակերտների վրա այսօր մեծ ճնշում է գործադրվում իրենց ուսուցիչների, խորհրդատուների և համադասարանցիների կողմից։ Նրանք քաջալերում են ընդունվել լավագույն համալսարանները, որտեղ կարելի է այնպիսի կոչումներ ստանալ, որոնց շնորհիվ խոստումնալից և լավ վարձատրվող աշխատանք գտնելու դռներ կբացվեն նրանց առջև։
8. Ի՞նչ ընտրությունների առաջ են կանգնած քրիստոնյա ծնողները։
8 Ուրեմն ի՞նչ կարող են անել քրիստոնյա ծնողները։ Իհարկե, նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները լավ սովորեն դպրոցում և անհրաժեշտ հմտություններ ձեռք բերեն ապագայի համար (Առակաց 22։29, ՆԱ)։ Բայց արդյո՞ք նրանք պետք է թույլ տան իրենց երեխաներին վարակվել մրցակցության ոգով՝ նյութական ձեռքբերումների և հաջողությունների հասնելու հարցում։ Ի՞նչ նպատակներ են ծնողները դնում երեխաների առաջ իրենց խոսքով կամ անձնական օրինակով։ Որոշ ծնողներ ծանր աշխատում են և գումար տնտեսում, որպեսզի երեխաներն ապագայում կարողանան սովորել բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Մյուսները պատրաստ են պարտք վերցնել այդ նպատակն իրականացնելու համար։ Սակայն այդպիսի որոշման գինը չի չափվում միայն դոլարներով։ Ի՞նչ գին է այսօր վճարվում բարձրագույն կրթության դիմաց (Ղուկաս 14։28–33)։
Բարձրագույն կրթություն ստանալու գինը
9. Ի՞նչ կարելի է ասել բարձրագույն կրթության գնի մասին։
9 Գին ասելով առաջին հերթին հասկանում ենք նյութական ծախսերը։ Որոշ երկրներում բարձրագույն կրթական համակարգը ֆինանսավորվում է պետության կողմից, և լավ սովորող ուսանողները ստիպված չեն վարձ մուծել։ Իսկ շատ երկրներում բարձրագույն կրթություն ստանալը գնալով ավելի ու ավելի մեծ գումարներ է պահանջում։ «Նյու Յորք Թայմս»–ի հոդվածներից մեկում նշվում է. «Բարձրագույն կրթությունը սովորաբար համարվում է հնարավորությունների դուռ։ Ներկայումս այն հստակ ցույց է տալիս ունևորների և չունևորների միջև գոյություն ունեցող անդունդը»։ Այլ կերպ ասած՝ բարձրագույն կրթությունը մատչելի է միայն հարուստ և ազդեցիկ մարդկանց, որոնց երեխաները սովորում են այդպիսի հաստատություններում, որպեսզի իրենք էլ դառնան այս աշխարհի հարուստներից և ազդեցիկներից։ Արդյո՞ք քրիստոնյա ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները այդպիսի նպատակներ հետապնդեն (Փիլիպպեցիս 3։7, 8; Յակոբոս 4։4)։
10. Ինչպե՞ս է բարձրագույն կրթությունը կապված ներկա համակարգի բարգավաճման հետ։
10 Նույնիսկ այն վայրերում, որտեղ կրթությունը ձրի է, հնարավոր է ծուղակներ լինեն։ Օրինակ՝ «Ուոլ սթրիթ ջորնլ» թերթում ասվում է, որ Ասիայի հարավ–արևելքում գտնվող մի երկրում պետությունը «դպրոցների բրգանման համակարգ է մշակել։ Այդպիսի դպրոցները լավագույն ուսանողներին առաջ են տանում մինչև վերջ»։ «Մինչև վերջ»՝ նշանակում է ուսում աշխարհի լավագույն համալսարաններում, ինչպես օրինակ՝ Անգլիայի Օքսֆորդ և Քեմբրիջ համալսարաններում, Միացյալ Նահանգների Այվի Լիգ («Ivy League») քոլեջներում և այլուր։ Ինչո՞ւ է պետությունը կրթական նման երկարամյա ծրագրեր իրականացնում։ Հոդվածում ասվում էր. «Երկրի տնտեսական վիճակը բարելավելու համար»։ Թեև այդպիսի կրթությունը գրեթե անվճար է, սակայն գինը, որ ուսանողները վճարում են, իրենց կյանքն է, որ տրամադրում են ներկա համակարգի բարգավաճման համար։ Չնայած աշխարհում շատերն են նախընտրում կյանքի այսպիսի ընթացքը, բայց արդյո՞ք քրիստոնյա ծնողները դա են ցանկանում իրենց երեխաներին (Յովհաննէս 15։19; Ա Յովհաննէս 2։15–17)։
11. Ի՞նչ տվյալներ կան ուսանողների շրջանում ալկոհոլի չարաշահման և սեռային անբարոյության մասին։
11 Հարկավոր է նաև մտածել, թե ինչ միջավայր կընկնեն երեխաները։ Հայտնի է, որ համալսարաններում և դպրոցներում վարքի բարձր չափանիշներ գոյություն չունեն. տարածված են թմրադեղերի և ալկոհոլի չարաշահումը, անբարոյությունը, խաբեությունը, նվաստացուցիչ արարքները և շատ այլ բաներ։ Օրինակ՝ քննարկենք ալկոհոլի չարաշահման հարցը։ Գինարբուքի, այսինքն՝ զուտ հարբելու նպատակով խմելու մասին մի ամսագրում ասվում էր. «[Միացյալ Նահանգների համալսարաններում սովորող ուսանողների] մոտ 40 տոկոսը առնվազն երկու շաբաթը մեկ գինարբուքների է մասնակցում»։ Նույն խնդիրը տարածված է Ավստրալիայում, Բրիտանիայում, Ռուսաստանում և այլ վայրերում ապրող երիտասարդների շրջանում։ Ինչ վերաբերում է սեռային անբարոյությանը, ուսանողները այսօր շատ են օգտագործում «չկապե՞նք» բառը, որը, համաձայն «Նյուսուիկ» շաբաթաթերթի՝ «նկարագրում է պատահական հանդիպումները, որոնց ժամանակ երիտասարդները համբուրվում են և զբաղվում սեքսով, ընդ որում մեկ անգամ հանդիպելուց հետո այլևս նպատակ չունեն իրար տեսնելու»։ Ըստ տվյալների՝ ուսանողների 60–80 տոկոսը զբաղվում է դրանով։ Մի հետազոտող հետևյալն է ասում. «Եթե դու նորմալ ուսանող ես, ապա պետք է այդպես վարվես» (Ա Կորնթացիս 5։11; 6։9, 10)։
12. Ի՞նչ ճնշումներ են դիմագրավում ուսանողները քոլեջներում։
12 Բացի ապականված միջավայրից, գոյություն ունի նաև դասերի և քննությունների խիտ գրաֆիկ։ Բնականաբար, ուսանողները պետք է սովորեն և պատրաստեն իրենց դասերը՝ քննությունները հանձնելու համար։ Ոմանք դպրոց գնալու հետ մեկտեղ գուցե կարիք ունենան առնվազն կես օր աշխատելու։ Այս ամենը մեծ ջանքեր և ժամանակ է խլում։ Իսկ որքա՞ն ժամանակ կմնա հոգևորի համար։ Երբ ծանրաբեռնվածությունը մեծանա, ո՞ր տեղում կհայտնվեն հոգևոր գործերը։ Արդյոք Թագավորության շահերը կլինեն առաջի՞ն տեղում, թե՞ մի կողմ կդրվեն (Մատթէոս 6։33)։ Աստվածաշունչը քրիստոնյաներին հորդորում է. «Նայեցէք թէ ինչպէս զգուշութեամբ վարուիք. ոչ թէ ինչպէս անխելքներ, այլ ինչպէս իմաստուններ. գնեցէք ժամանակը. որ օրերը չար են» (Եփեսացիս 5։15, 16)։ Որքա՜ն ցավալի է, որ ոմանք թողել են իրենց հավատը՝ վատնելով իրենց ժամանակը և ուժերը ոչ կարևոր բաների վրա կամ քոլեջում քրիստոնյային ոչ վայել արարքներ գործելով։
13. Ի՞նչ հարցերի շուրջ պետք է խորհեն քրիստոնյա ծնողները։
13 Իհարկե, միայն քոլեջում կամ համալսարանում չէ, ուր տարածված է անբարոյությունը, վատ վարքը և հասակակիցների ճնշումը։ Այդ պատճառով էլ աշխարհիկ բազմաթիվ երիտասարդներ այս ամենը համարում են իրենց կրթության անբաժանելի մասը և վատ բան չեն տեսնում դրանում։ Արդյո՞ք քրիստոնյա ծնողները գիտակցաբար պետք է թույլ տան, որ իրենց երեխաներն ընկնեն նման շրջապատի մեջ չորս կամ ավելի տարիներ (Առակաց 22։3; Բ Տիմոթէոս 2։22)։ Արդյո՞ք արժե նման վտանգի ենթարկվել՝ անկախ այն բանից, թե ինչ օգուտներ կստանան երիտասարդները։ Եվ որ ավելի կարևոր է, մի՞թե երիտասարդները այնտեղ սովորում են, թե կյանքում ինչը պետք է առաջնահերթ լինի իրենց համարa (Փիլիպպեցիս 1։10; Ա Թեսաղոնիկեցիս 5։21)։ Ծնողները պետք է լրջորեն խորհրդածեն և աղոթեն այս հարցերի, ինչպես նաև ուսման նպատակով երեխաներին այլ քաղաք կամ երկիր ուղարկելու վտանգների մասին։
Ուրիշ ի՞նչ ընտրություն կա
14, 15. ա) Ի տարբերություն տարածված կարծիքի՝ ի՞նչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը։ բ) Երիտասարդները ի՞նչ հարցեր կարող են տալ իրենց։
14 Այսօր տարածված է այն կարծիքը, թե երիտասարդների համար հաջողության միակ գրավականը համալսարանական կրթությունն է։ Սակայն այս տեսակետը որդեգրելու փոխարեն՝ քրիստոնյաները հետևում են Աստվածաշնչի խորհրդին. «Մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը. այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբը, որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը» (Հռովմայեցիս 12։2)։ Ո՞րն է Աստծու կամքը իր թե՛ երիտասարդ, թե՛ տարեց ծառաների առնչությամբ այս վերջին ժամանակում։ Պողոսը հորդորեց Տիմոթեոսին. «Դու արթուն կաց ամեն բանի մէջ նեղութիւններ կրելով. աւետարանչի գործը գործիր. քո պաշտօնը կատարիր»։ Իհարկե, այս խոսքերը բոլորիս են վերաբերում (Բ Տիմոթէոս 4։5)։
15 Աշխարհի նյութապաշտական ոգով համակվելու փոխարեն՝ բոլորս էլ կարիք ունենք ‘արթուն մնալ’՝ կենտրոնացած մնալով հոգևորի վրա։ Եթե երիտասարդ ես, հարցրու ինքդ քեզ. «Արդյոք ձեռքիցս եկածն անո՞ւմ եմ իմ «պաշտօնը»՝ ծառայությունը, կատարելու և Աստծու Խոսքի ջանասեր ծառայող դառնալու համար։ Ծառայությունս լիարժեքորեն կատարելու համար ի՞նչ ծրագրեր եմ հետապնդում։ Պլանավորո՞ւմ եմ լիաժամ ծառայությունը դարձնել իմ կարիերան»։ Դժվար է պատասխանել այս հարցերին, հատկապես, երբ տեսնում ես, որ մյուս երիտասարդները եսասիրական նպատակներ են հետապնդում, ‘որոնելով մեծամեծ բաներ’, որ, իրենց կարծիքով, պայծառ ապագա են խոստանում (Երեմիա 45։5)։ Ուստի, իմաստություն դրսևորելով՝ քրիստոնյա ծնողներն իրենց երեխաներին մանկուց մեծացնում են լավ մթնոլորտում և հոգևոր կրթություն են տալիս (Առակաց 22։6; Ժողովող 12։1; Բ Տիմոթէոս 3։14, 15)։
16. Ինչպե՞ս կարող են քրիստոնյա ծնողները հոգևոր լավ մթնոլորտ ստեղծել իրենց երեխաների համար։
16 «Մայրս շատ ուշադիր էր այն բանի հանդեպ, թե ում հետ էինք ընկերակցում,— պատմում է մի ընտանիքի երեք որդիներից ավագը, որի մայրը երկար տարիներ է, ինչ լիաժամ ծառայության մեջ է։— Մենք ընկերություն էինք անում ոչ թե մեր համադասարանցիների, այլ ժողովում հոգևոր լավ սովորություններ ունեցողների հետ։ Ընկերակցելու նպատակով մայրս կանոնավորաբար նաև մեր տուն էր հրավիրում լիաժամ ծառայողների՝ միսիոներների, շրջագայող վերակացուների, բեթելցիների և ռահվիրաների։ Նրանց պատմած դեպքերը լսելը և ուրախությունը տեսնելը օգնեցին, որ մեր սրտերում արմատավորվի լիաժամ ծառայելու ցանկությունը»։ Որքա՜ն ուրախալի է, որ այսօր նրա երեք որդիներն էլ լիաժամ ծառայության մեջ են. մեկը ծառայում է Բեթելում, մյուսն ավարտել է Ծառայության կատարելագործման դպրոցը, իսկ երրորդը ռահվիրա է։
17. Ի՞նչ առաջնորդություն կարող են ծնողները տալ իրենց երեխաներին դպրոցում առարկաներ ընտրելու և մասնագիտություն ձեռք բերելու հարցում։ (Տե՛ս 29–րդ էջում տեղ գտած շրջանակը)։
17 Բացի հոգևոր ամուր մթնոլորտ ստեղծելուց, ծնողները պետք է, որքան հնարավոր է վաղ տարիքից, երեխաներին ճիշտ առաջնորդություն տան դպրոցում առարկաներ ընտրելու և մասնագիտություն ձեռք բերելու հարցում։ Մի երիտասարդ, որն այժմ ծառայում է Բեթելում, ասում է. «Երկու ծնողներս էլ ռահվիրա են ծառայել թե՛ ամուսնանալուց առաջ, թե՛ հետո և իրենց ձեռքից եկածն արել են իրենց ռահվիրայական ոգին մեր ողջ ընտանիքին փոխանցելու համար։ Երբ կանգնում էինք առարկաներ ընտրելու և որոշումներ կայացնելու առջև, որոնք կարող էին ազդել մեր ապագայի վրա, նրանք միշտ քաջալերում էին այնպիսի ընտրություն կատարել, որը մեզ հնարավորություն կտար գտնելու կես դրույքով աշխատանք և միևնույն ժամանակ ծառայելու որպես ռահվիրա»։ Համալսարանական առարկաներ ընտրելու փոխարեն՝ անհրաժեշտ է, որ ծնողներն ու երեխաները մտածեն այնպիսի ուղու մասին, որը հնարավորություն կտա հետապնդել աստվածապետական կարիերա։b
18. Ի՞նչ աշխատանքների մասին կարող են մտածել երիտասարդները։
18 Հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ երկրներում խիստ անհրաժեշտ են ոչ թե համալսարանական կրթություն ունեցող մարդիկ, այլ նրանք, ովքեր տարբեր արհեստների են տիրապետում և կարող են զանազան ծառայություններ մատուցել։ Մի թերթում տեղեկացվում է, որ «գալիք տասնամյակների ընթացքում աշխատողների 70 տոկոսին անհրաժեշտ կլինի ոչ թե չորս տարվա քոլեջի կրթություն, այլև կարճատև դասընթացների կամ ինչ–որ տեխնիկական կրթության վկայական» («USA Today»)։ Շատ կրթական համակարգեր առաջարկում են կարճատև դասընթացներ, որոնց նպատակն է սովորեցնել գրասենյակային գործ, վարսավիրություն, վերանորոգել ավտոմեքենա, համակարգիչ, ջրատար խողովակներ և այլն։ Արդյո՞ք ցանկալի է այսպիսի աշխատանքներ կատարել։ Այո՛։ Գուցե դրանք ոմանց պատկերացմամբ այնքան էլ գրավիչ աշխատանքներ չեն, սակայն դրանցով կարելի է ապրուստ վաստակել և որոշակի ազատություն ունենալ, որն անհրաժեշտ է նրանց, ում իսկական «մասնագիտությունը» Եհովային ծառայելն է (Բ Թեսաղոնիկեցիս 3։8)։
19. Ո՞րն է ուրախ և գոհացուցիչ կյանք վարելու ամենահուսալի ուղին։
19 Աստվածաշունչը հորդորում է. «Երիտասարդներ եւ աղջիկներ.... Օրհնե[ք] Տիրոջ անունը. որովհետեւ միայն նորա անունը բարձր է. նորա փառքը երկնքից եւ երկրից վեր է» (Սաղմոս 148։12, 13)։ Եհովային լիաժամ ծառայելը, աշխարհի առաջարկած դիրքի և վարձատրությունների հետ համեմատած, անկասկած, ուրախ և գոհացուցիչ կյանք վարելու ամենահուսալի ուղին է։ Միշտ հիշեք, որ Աստվածաշունչը վստահեցնում է. «Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ» (Առակաց 10։22)։
[Ծանոթագրություններ]
a Տեղեկություններ ստանալու համար նրանց մասին, ովքեր աստվածապետական կրթությունը գերադասել են համալսարանական կրթությունից, տե՛ս «Դիտարան», 1982 թ. մայիսի 1, էջ 3–6, անգլ., (1984 թ. հոկտեմբերի 1, էջ 8–11, ռուս.), «Արթնացե՛ք» 1979 թ. ապրիլի 15, էջ 5–10, անգլ., 1978 թ. հունիսի 8, էջ 15, անգլ., և 1974 թ. օգոստոսի 8, էջ 3–7, անգլ.։
b Տե՛ս «Արթնացե՛ք»–ի 1998 թ. հոկտեմբերի 8, էջ 4–6, անգլ., ռուս. «Ապահով կյանքի հետքերով» և 1989 թ. մայիսի 8, էջ 12–14, անգլ., «Ինչպիսի՞ կարիերա ընտրեմ» հոդվածները։
Կարո՞ղ եք բացատրել
• Ապահով ապագա ունենալու համար ինչի՞ վրա են հույս դնում քրիստոնյաները։
• Ի՞նչ դժվարությունների են բախվում քրիստոնյա ծնողներն իրենց երեխաների ապագայի առնչությամբ։
• Ի՞նչ պետք է հաշվի առնել, երբ մտածում ենք բարձրագույն կրթության մասին։
• Ինչպե՞ս կարող են ծնողներն իրենց երեխաներին օգնել Եհովայի ծառայությունը դարձնելու իրենց կարիերան։
[Շրջանակ 29–րդ էջի վրա]
Որքանո՞վ է արժեքավոր բարձրագույն կրթությունը
Համալսարան ընդունվողների մեծ մասը ցանկանում է այնպիսի գիտական կոչում ստանալ, որը կօգնի նրանց հետագայում գտնել լավ վարձատրվող և ապահով աշխատանք։ Սակայն ըստ պետական տվյալների՝ ուսանողների միայն մեկ քառորդն է քոլեջում սովորելու վեց տարիների արդյունքում ստանում ցանկալի կոչումը. տվյալներն այնքան էլ հուսադրող չեն։ Արդյո՞ք կոչումը լավ աշխատանքի երաշխիք է։ Եկեք տեսնենք, թե ինչ են ցույց տալիս վերջին վիճակագրական տվյալները։
«Հարվարդում կամ Դյուքում [համալսարաններ] սովորելը ինքնաբերաբար լավ աշխատանք և բարձր վարձատրություն չի երաշխավորում.... Ընկերությունները շատ բան չգիտեն այն երիտասարդների մասին, որոնք ուզում են աշխատանքի ընդունվել։ Փայլուն դիպլոմը («Ivy League»–ի վկայականը) կարող է տպավորել նրանց։ Սակայն հետո որոշիչ դեր է խաղում այն, թե գործնականում անհատը ինչ է կարողանում անել և ինչ չի կարողանում անել» («Նյուսուիկ», նոյեմբերի 1, 1999 թ. համարը)։
«Թեև այսօրվա աշխատանքները կատարելու համար ավելի շատ հմտություններ են պահանջվում, քան անցյալում.... բայց այդ հմտությունները դպրոցում սովորելու արդյունքում ստացած հմտություններն են. իմանալ մաթեմատիկա և գրել–կարդալ իններորդ դասարանցու նման.... և ոչ թե քոլեջում ստացած հմտություններ.... Կարիք չկա, որ աշակերտները գնան քոլեջ՝ հետագայում լավ աշխատանք գտնելու համար։ Բավական է ընդամենը լավ տիրապետել այն ամենին, ինչ սովորեցնում են բարձր դասարաններում» («American Educator», գարուն 2004 թ.)։
«Քոլեջների մեծ մասը ետ են մնում կյանքից և ուսանողներին իրականությանը համապատասխան չեն նախապատրաստում, որպեսզի նրանք քոլեջն ավարտելուց հետո կարողանան աշխատել։ Պրոֆեսիոնալ ուսումնական հաստատությունները.... մեծ համբավ են վայելում։ 1996–2000 թթ. այնտեղ ընդունվողների թիվը աճել է 48 %–ով.... Սակայն միևնույն ժամանակ, այդ թանկ, ժամանակ խլող դիպլոմները այսօր պակաս արժեքավոր են, քան նախկինում» («Թայմ», 24 հունվարի, 2005 թ.)։
«Ըստ Միացյալ Նահանգների աշխատանքի գործակալության կանխատեսումների՝ 2005 թ. սահմռկեցուցիչ պատկերը հետևյալն է. չորս տարի քոլեջում սովորած ուսանողների առնվազն մեկ երրորդը չի կարողանա իր կոչմանը համապատասխան աշխատանք գտնել» («The Futurist», հուլիս–օգոստոս, 2000 թ.)։
Հաշվի առնելով այս ամենը՝ ավելի ու ավելի մեծ թվով ուսուցիչներ սկսում են կասկածել, թե արդյոք բարձրագույն կրթությունը մեծ կարևորություն ունի։ Վերոհիշյալ աղբյուրը ցավով նշում է. «Մենք մարդկանց պատշաճորեն չենք կրթում ապագայի համար» («The Futurist»)։ Ի տարբերություն այս ամենի՝ ուշադրություն դարձրեք, թե Աստվածաշունչն ինչ է ասում Աստծու մասին. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը։ Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս» (Եսայիա 48։17, 18)։
[Նկար 26–րդ էջի վրա]
Նրանք մի կողմ դրեցին իրենց նպատակները և հետևեցին Հիսուսին
[Նկար 31–րդ էջի վրա]
Իմաստություն դրսևորելով՝ քրիստոնյա ծնողներն իրենց երեխաներին մանկուց մեծացնում են հոգևորապես ամուր մթնոլորտում