«Իմ օգնութիւնը Տէրիցն է»
Անձնազոհությունը օրհնություններ է բերում
ԿԱՄԵՐՈՒՆԻ մթին անտառներով, ցեխի ու տիղմի մեջ կորած ճանապարհներով մի մարդ ժամեր շարունակ վարում է իր հեծանիվը։ Նա պատրաստ է անցնել վտանգներով լի այդ ուղին, որպեսզի տեսնի և քաջալերի ուրիշներին։ Ոմանք էլ պատրաստ են ոտքով 15 կիլոմետր ճանապարհ կտրել Զիմբաբվեի մեկուսացած խմբերին օգնելու նպատակով։ Իրենց հագուստն ու կոշիկները գլխներին պահած՝ նրանք ստիպված են հաղթահարել վարարած գետերը։ Մեկ ուրիշ վայրում մի կին արթնանում է առավոտյան ժամը չորսին, որպեսզի ուսումնասիրություն անցկացնի մի բուժքրոջ հետ, որն ազատ է միայն այդ վաղ ժամին։
Ի՞նչ ընդհանուր բան ունեն այս մարդիկ։ Նրանք բոլորը լիաժամ ծառայող Եհովայի վկաներ են, որոնք զբաղված են Աստվածաշնչի ճշմարտությունը ուսուցանելու գործով։ Այդ լիաժամ ծառայողների թվում են ընդհանուր և հատուկ ռահվիրաները, միսիոներները, շրջագայող վերակացուները և տարբեր երկրներում գտնվող մասնաճյուղերի հազարավոր կամավորները։ Նրանց գլխավոր հատկանիշը անձնազոհությունն է։a
Ճիշտ դրդապատճառ
Եհովայի վկաները հետևում են այն խորհրդին, որ Պողոս առաքյալը տվեց Տիմոթեոսին. «Ջանք արա որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստուծոյ առաջին իբր մի մշակ առանց ամօթի, որ ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարես» (Բ Տիմոթէոս 2։15)։ Սակայն ի՞նչն է մղում հազարավոր Վկաների լիաժամ ծառայություն կատարելու։
Երբ այդ քրիստոնյաներին հարցնում են, թե ինչու են նման ջանքեր ներդնում ծառայության մեջ, նրանք պատասխանում են, որ Աստծու և մերձավորի հանդեպ սերն է իրենց մղում այդ քայլին (Մատթէոս 22։37–39)։ Սա ամենաճիշտ դրդապատճառն է, քանզի առանց սիրո՝ մեր բոլոր ջանքերը ապարդյուն կլինեն (Ա Կորնթացիս 13։1–3)։
Անձնազոհ ծառայություն
Եհովային նվիրված բոլոր քրիստոնյաները լուրջ են վերաբերվում Հիսուսի հետևյալ խոսքերին. «Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գայ» (Մատթէոս 16։24)։ Ուրանալ անձը նշանակում է պատրաստակամորեն հնազանդվել Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին՝ ընդունելով նրանց առաջնորդությունը և մեր ողջ ուժերը ներդնելով ծառայության մեջ։ Շատերին դա մղել է անձնազոհաբար լիաժամ ծառայություն սկսել։
Բազմաթիվ Վկաներ հսկայական ջանքեր են գործադրում իրենց սուրբ ծառայությունն ընդլայնելու համար։ Ահա մի օրինակ. 56–ամյա Խուլիան ծառայում է որպես ռահվիրա Սան Պաուլու քաղաքում (Բրազիլիա)։ Նա ասում է. «Մի անգամ ինձ զանգահարեց մի չինացի եղբայր և հարցրեց, թե արդյոք չեմ ուզում չինարեն սովորել։ Քանի որ տարիքս առած կին եմ, նոր լեզու սովորելու միտքը խորթ էր ինձ համար։ Սակայն մի քանի օր մտածելուց հետո համաձայնվեցի սկսել այդ դժվար գործը։ Այսօր արդեն կարող եմ չինարենով սուրբգրային մատուցումներ անել»։
Եհովայի վկաների՝ Պերուի մասնաճյուղից հայտնում են հետևյալը. «Վերջին տարիներին հարյուրավոր ռահվիրաներ, արիություն և անձնազոհություն ցուցաբերելով, տեղափոխվել են այնպիսի տարածքներ, որոնք հատկացված չեն որևէ ժողովի։ Նրանք մեկնում են հեռավոր քաղաքներ, որտեղ ոչ մի հարմարություններ չկան և շատ դժվար է աշխատանք գտնել։ Այս քույրերն ու եղբայրները պատրաստ են անելու ամեն բան՝ իրենց առանձնաշնորհումը պահպանելու համար։ Իսկ որ ամենակարևորն է, իրենց եռանդուն ծառայությամբ նրանք օրհնություններ են բերում ամենուր։ Ինչպես հայտնում են շրջագայող վերակացուները, այս անձնազոհ ռահվիրաների օգնությամբ տարբեր տեղերում նոր խմբեր են հիմնվել»։
Որոշ քրիստոնյաներ հավատակիցներին օգնելու նպատակով վտանգի են ենթարկում անգամ իրենց կյանքը (Հռովմայեցիս 16։3, 4)։ Մի շրջանային վերակացու, որը ծառայում է պատերազմական գոտում (Աֆրիկա), գրում է. «Նախքան կհասնեինք վերջին անցակետին, որը բաժանում էր ապստամբների գրաված տարածքը կառավարության կողմից վերահսկվող տարածքներից, ինձ ու կնոջս շրջապատեցին ապստամբ զինվորականները՝ չորս հրամանատարներ իրենց թիկնապահների ուղեկցությամբ, և պահանջեցին, որ հայտնենք մեր ով լինելը։ Ստուգելով մեր փաստաթղթերը՝ նրանք տեսան, որ կառավարության կողմից վերահսկվող տարածքից ենք և սկսեցին վրդովվել։ Կարծելով, թե լրտես եմ, ապստամբները որոշեցին ինձ գցել ինչ–որ փոսի մեջ։ Բայց ես բացատրեցի, թե ովքեր ենք, և մեզ վերջիվերջո ազատ արձակեցին»։ Որքա՜ն երախտապարտ էին այդ վայրում ծառայող եղբայրներն ու քույրերը իրենց այցի եկած զույգի անձնազոհության համար։
Չնայած որ այս լիաժամ ծառայողները մեծ դժվարությունների են բախվում, նրանց թիվն ամբողջ աշխարհում աճում է (Եսայիա 6։8)։ Այս ջանասեր քրիստոնյաները բարձր են գնահատում իրենց պատվավոր ծառայությունը։ Նման անձնազոհ ոգի են դրսևորում նաև միլիոնավոր այլ անհատներ, որոնք այսօր գովաբանում են Եհովային։ Իսկ Եհովան առատորեն օրհնում է նրանց (Առակաց 10։22)։ Այս եռանդուն ծառայողները համոզված են, որ Աստված կշարունակի օրհնել և աջակցել իրենց։ Նրանք այն նույն զգացումներն ունեն, ինչ սաղմոսերգուն, որն ասում էր. «Իմ օգնութիւնը Տէրիցն [«Եհովայից», ՆԱ] է» (Սաղմոս 121։2)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Եհովայի վկաների 2005 թ. օրացույցը», նոյեմբեր–դեկտեմբեր (անգլ., ռուս.)։
[մեջբերում 9–րդ էջի վրա]
«Քո ժողովուրդը զօրութեանդ օրը յօժար կամքով պատրաստ կ’լինի» (ՍԱՂՄՈՍ 110։3)
[շրջանակ 8–րդ էջի վրա]
ԵՀՈՎԱՆ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐ ԱՆՁՆՎԵՐ ԾԱՌԱՆԵՐԻՆ
«Հաստատ եղէք, անշարժ կացէք, ամեն ժամանակ աւելի առաջացէք Տիրոջ գործումը, գիտացէք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տէրումը» (Ա Կորնթացիս 15։58)։
«Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք» (Եբրայեցիս 6։10)։