Քայլեք Աստծու հետ և հնձեք այն, ինչը բարի է
«Քամի սերմեցին եւ մրրիկ պիտի հնձեն» (ՈՎՍԷԷ 8։7)։
1. Ինչպե՞ս կարող ենք քայլել Եհովայի հետ։
ՎՏԱՆԳԱՎՈՐ տեղանքով ճանապարհորդելը կարող է ավելի անվտանգ լինել, եթե մեզ փորձառու ուղեկցող առաջնորդի։ Ավելի իմաստուն կլինի քայլել այդպիսի ուղեկցողի հետ, քան ճանապարհն անցնել ինքնուրույն։ Որոշ առումներով սա նման է այն իրավիճակին, որում գտնվում ենք մենք։ Փոխաբերական լեզվով ասած՝ Եհովան մեզ իր առաջնորդությունն է առաջարկում այս չար աշխարհի լայնարձակ անապատով անցնելու համար։ Մեզ համար ավելի իմաստուն կլինի քայլել նրա հետ, քան փորձել ինքնուրույն անցնել այդ ճանապարհը։ Ինչպե՞ս կարող ենք քայլել Աստծու հետ։ Դա կարող ենք անել՝ հետևելով այն առաջնորդությանը, որ նա տալիս է իր Խոսքի միջոցով։
2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
2 Նախորդ հոդվածում քննարկվեց մի այլաբանական դրամա, որը նկարագրվում է «Ովսէէ» գրքի 1–5-րդ գլուխներում։ Ինչպես տեսանք, այդ դրաման պարունակում է դասեր, որոնք կարող են օգնել մեզ Աստծու հետ քայլելու հարցում։ Եկեք այժմ քննենք որոշ ուշագրավ մտքեր 6–9-րդ գլուխներից։ Օգտակար կլինի քննարկումը սկսել այդ չորս գլուխների ամփոփումից։
Հակիրճ ամփոփում
3. Հակիրճ պատմեք Ովսէէ 6–9-րդ գլուխների բովանդակությունը։
3 Եհովան Ովսեեին ուղարկեց մարգարեանալու գլխավորապես Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունում։ Այնտեղի ժողովուրդը, որ հայտնի էր նաև Եփրեմ անունով, այդ ցեղի նշանավոր լինելու պատճառով, թողել էր Աստծուն։ «Ովսէէ» գրքի 6–9-րդ գլուխները ցույց են տալիս, որ իսրայելացիները անհավատարիմ գտնվեցին՝ խախտելով Եհովայի ուխտը և չարություն գործելով (Ովսէէ 6։7)։ Նրանք իրենց հույսը դրեցին ուրիշ ազգերի հետ կնքած դաշինքների վրա՝ փոխանակ դիմելու Եհովայի օգնությանը։ Քանի որ նրանք ցանում էին այն, ինչը չար էր, հետևաբար հնձելու էին այն, ինչը չար էր։ Այլ խոսքով ասած՝ կործանարար դատաստանն անխուսափելի էր։ Սակայն Ովսեեի մարգարեությունը նաև սիրտ ջերմացնող լուր էր պարունակում։ Մարգարեն վստահեցրեց իսրայելացիներին, որ նրանք կարող էին դառնալ դեպի Եհովան և ողորմություն ստանալ, եթե սրտանց զղջային։
4. Ի՞նչ դասեր ենք քննարկելու Ովսեեի մարգարեությունից։
4 Ովսեեի մարգարեության այս չորս գլուխներում մենք կարող ենք գտնել հավելյալ հրահանգներ, որոնք կօգնեն մեզ քայլել Աստծու հետ։ Եկեք քննարկենք չորս կարևոր դասեր. 1) իսկական զղջումը ցույց է տրվում գործերով և ոչ թե միայն խոսքերով, 2) միայն զոհերը բավական չեն Աստծուն հաճեցնելու համար, 3) Եհովային ցավ է պատճառում այն, որ իր երկրպագուները երես են թեքում իրենից, 4) որպեսզի հնձենք այն, ինչը բարի է, պետք է ցանենք այն, ինչը բարի է։
Ինչպես է ցույց տրվում իսկական զղջումը
5. Բացատրի՛ր Ովսէէ 6։1–3 համարների հիմնական միտքը։
5 Ովսեեի մարգարեությունից մենք շատ բան ենք սովորում զղջալու և ողորմության վերաբերյալ։ Ովսէէ 6։1–3-ում կարդում ենք. «Եկէք եւ ետ դառնանք Տիրոջ մօտ, որ նա պատառեց, եւ նա էլ կ’բժշկէ մեզ. նա զարկեց, նա էլ կ’պատէ մեզ։ Նա մեզ կ’կենդանացնէ երկու օրից յետոյ, երրորդ օրը նա մեզ կ’կանգնեցնէ, եւ մենք կ’ապրենք նորա առաջ։ Եւ կ’ճանաչենք, եւ էլ կ’հետեւենք ճանաչելու Տիրոջը, արշալոյսի պէս պատրաստ է նորա ելքը, եւ նա պիտի գայ մեզ համար անձրեւի պէս, վերջի անձրեւի պէս որ ոռոգում է երկիրը» (Ովսէէ 6։1–3)։
6–8. Ինչո՞ւ Իսրայելի զղջումը Աստծուն ընդունելի չէր։
6 Ո՞վ ասաց այս համարներում գրված խոսքերը։ Ոմանք այդ խոսքերը վերագրում են անհավատարիմ իսրայելացիներին՝ ասելով, թե անհնազանդ ժողովուրդը ձևանում էր, թե զղջում է, ինչպես նաև չարաշահում էր Աստծու ողորմությունը։ Ուրիշները, սակայն, ասում են, թե այդ խոսքերն ասաց Ովսեեն՝ աղաչելով ժողովրդին կրկին դառնալ դեպի Եհովան։ Անկախ այն բանից, թե ով ասաց այդ խոսքերը՝ կարևոր հարցը հետևյալն է՝ արդյոք Իսրայելի տասցեղ թագավորության ժողովուրդը ընդհանուր առմամբ դարձա՞վ դեպի Եհովան՝ անկեղծորեն զղջալով։ Ո՛չ։ Եհովան Ովսեեի միջոցով ասաց. «Ի՞նչ անեմ քեզ, ով Եփրեմ, ի՞նչ անեմ քեզ, ով Յուդա, որ ձեր բարութիւնը առաւօտեան ամպին պէս է, եւ վաղահաս ցօղի նման է որ անցնում է» (Ովսէէ 6։4)։ Ինչպիսի՜ ողբալի վիճակում էր գտնվում Աստծու ժողովուրդը հոգևոր առումով։ Բարությունը, կամ՝ սիրառատ բարությունը գրեթե անհետացել էր, ինչպես առավոտյան մառախուղը, որ չքանում է արևը ծագելուն պես։ Թեև ժողովուրդը ակներևաբար ցույց էր տալիս, թե զղջում է, սակայն Եհովան ողորմություն ցույց տալու ոչ մի հիմք չուներ։ Ո՞րն էր պատճառը։
7 Իսրայելը սրտանց չէր զղջում։ Ովսէէ 7։14–ում մենք հետևյալն ենք կարդում իր ժողովրդի հանդեպ ունեցած, Եհովայի դժգոհության մասին. «Նորանք չ’աղաղակեցին ինձ դէմ իրանց սրտովը, երբոր ողբում էին իրանց անկողինների վերայ»։ Իսկ 16–րդ համարում կարդում ենք. «Նորանք դառնում են, բայց ոչ թէ դէպի Բարձրեալը»։ Ժողովուրդը չէր ցանկանում դառնալ դեպի Բարձրյալի, այսինքն՝ Եհովայի վեհ երկրպագությունը, ինչը նշանակում էր, որ նրանք պետք է փոփոխություններ անեին, որպեսզի վերականգնեին իրենց փոխհարաբերությունները նրա հետ։ Իրականում, նրանք չէին ցանկանում քայլել Աստծու հետ։
8 Մեկ ուրիշ պատճառ էլ կար, թե ինչու Իսրայելի զղջումը Աստծուն ընդունելի չէր։ Ժողովուրդը շարունակում էր մեղք գործել, այո՛, նրանք բազում մեղքեր էին գործում, որոնցից էին՝ խաբեբայությունը, մարդասպանությունը, գողությունը, կռապաշտությունը, ինչպես նաև այլ ազգերի հետ դաշինքներ կնքելը, ինչը իմաստուն չէր։ Ովսէէ 7։4 համարում ժողովուրդը նմանեցվում է «թոնիրի» ակներևաբար այն պատճառով, որ նրանց սրտում չար ցանկություններ էին բորբոքված։ Արժանի՞ էին արդյոք նրանք ողորմության, այն դեպքում երբ թույլ էին տվել իրենց ընկնել այդպիսի ողբալի հոգևոր վիճակի մեջ։ Անկասկած, ո՛չ։ Ովսեեն ասում է ըմբոստ ժողովրդին, որ Եհովան «պիտի յիշէ նորանց անօրէնութիւնը» և պիտի «պատժէ նորանց մեղքերը» (Ովսէէ 9։9)։ Ողորմություն չէր լինելու նրանց համար։
9. Ի՞նչ ենք սովորում զղջման և ողորմության մասին Ովսեեի խոսքերից։
9 Ի՞նչ ենք սովորում զղջման ու ողորմության մասին Ովսեեի խոսքերից։ Անհավատ իսրայելացիների նախազգուշական օրինակից մենք սովորում ենք, որ Աստծու ողորմությանն արժանանալու համար պետք է սրտանց զղջանք։ Ինչպե՞ս է դրսևորվում այդպիսի զղջումը։ Եհովային հնարավոր չէ խաբել արցունքներով կամ պարզապես խոսքերով։ Անկեղծ զղջումը երևում է գործերից։ Ողորմության արժանանալու համար մեղք գործած անհատը պետք է ամբողջությամբ թողնի իր մեղավոր ընթացքը և իր կյանքը ներդաշնակեցնի Եհովայի վեհ երկրպագության բարձր չափանիշներին։
Միայն զոհերը բավական չեն Աստծուն հաճեցնելու համար
10, 11. Ինչպես երևում է Իսրայելի օրինակից, ինչո՞ւ միայն զոհերը բավական չեն Եհովայի հաճությունը շահելու համար։
10 Այժմ եկեք քննարկենք երրորդ դասը, որն օգնում է մեզ քայլել Եհովայի հետ։ Այդ դասը հետևյալն է՝ միայն զոհերը բավական չեն Աստծուն հաճեցնելու համար։ Ովսէէ 6։6–ում ասվում է. «[Ես՝ Եհովաս,] ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ, եւ Աստուծոյ գիտութիւն՝ քան թէ ողջակէզներ»։ Նկատեք, որ Եհովային հաճելի է ողորմությունը, այսինքն՝ սիրառատ բարությունը, կամ՝ հավատարիմ սերը, մի հատկություն, որը սրտից է բխում։ Նաև Աստծուն հաճելի է գիտությունն իր մասին։ Բայց գուցե դուք հարցնեք. «Ինչո՞ւ է այս համարում ասվում, որ Եհովային հաճելի չեն ‘զոհը’ և ‘ողջակեզները’։ Արդյոք դրանք չէի՞ն պահանջվում Մովսիսական օրենքով»։
11 Զոհերն ու ողջակեզները Օրենքով պահանջվում էին, սակայն Ովսեեի ժամանակակիցների հետ կապված մի լուրջ խնդիր կար։ Ակներևաբար, կային իսրայելացիներ, որոնք զոհեր մատուցելու իրենց պարտականությունը կատարում էին զուտ այն պատճառով, որ ցույց տային, թե նվիրված են Աստծուն։ Սակայն միևնույն ժամանակ նրանք մեղք էին գործում։ Իրենց մեղավոր ընթացքով նրանք ցույց էին տալիս, որ իրենց սրտում հավատարիմ սիրո նշույլ անգամ չկար։ Նրանք նաև ցույց էին տալիս, որ մերժել էին Աստծու գիտությունը, քանի որ չէին ապրում այդ գիտության համաձայն։ Ի՞նչ արժեք ունեին նրանց զոհերը, եթե նրանք չունեին սրտի ճիշտ վիճակ և չէին ընթանում կյանքի ճիշտ ուղիով։ Նրանց զոհերը զզվելի էին Եհովա Աստծու համար։
12. Ի՞նչ նախազգուշացում է պարունակում Ովսէէ 6։6–ը մեր օրերի մարդկանց համար։
12 Այսօր Ովսեեի խոսքերը նախազգուշացում են պարունակում եկեղեցի հաճախող շատ մարդկանց համար։ Նրանք զոհեր են մատուցում Աստծուն՝ մասնակցելով կրոնական արարողություններին։ Մինչդեռ նրանց երկրպագությունը իրականում շատ քիչ ազդեցություն է թողնում նրանց կյանքի վրա, եթե ընդհանրապես թողնում է։ Կարելի՞ է արդյոք ասել, որ այդ մարդիկ իսկապես հաճեցնում են Աստծուն, եթե նրանց սրտերը չեն մղում իրենց նրա մասին ճշգրիտ գիտություն ձեռք բերելու և կիրառելու այդ գիտությունը՝ մերժելով մեղավոր գործերը։ Թող ոչ ոք չկարծի, թե լոկ կրոնական արարողություններ կատարելով կարելի է Աստծու հաճությանն արժանանալ։ Եհովային բոլորովին հաճելի չեն այն մարդիկ, ովքեր փորձում են նրա հաճությունը շահել պարզապես երկրպագության ինչ–որ մի ձևի մասնակցելով, փոխանակ ապրելու նրա Խոսքի համաձայն (Բ Տիմոթէոս 3։5)։
13. Ինչպիսի՞ զոհեր ենք մատուցում մենք, սակայն ի՞նչ պետք է հիշենք դրանց արժեքի վերաբերյալ։
13 Որպես ճշմարիտ քրիստոնյաներ՝ մենք պետք է հիշենք, որ միայն զոհերը բավական չեն Աստծուն հաճեցնելու համար։ Ճիշտ է, մենք կենդանական զոհեր չենք մատուցում Եհովային։ Այնուամենայնիվ, մենք «Աստուծուն օրհնութեան պատարագ [ենք մատուցում]. այսինքն նորա անունը դաւանող շրթունքների պտուղ» (Եբրայեցիս 13։15)։ Շատ կարևոր է, որ չնմանվենք Ովսեեի օրերում ապրած մեղավոր իսրայելացիներին և չկարծենք, թե կարող ենք մեր գործած սխալների դիմաց որպես փոխհատուցում հոգևոր զոհեր մատուցել Եհովային։ Նկատի առնենք մի երիտասարդ աղջկա օրինակը։ Նա գաղտնաբար սեռական անբարոյություն էր գործել։ Հետագայում նա խոստովանեց. «Ես սկսեցի ավելի շատ քարոզել՝ մտածելով, որ դրանով կարող էի ինչ–որ կերպ փոխհատուցել իմ սխալի դիմաց»։ Սա նման է այն բանին, որ փորձում էին անել կամակոր իսրայելացիները։ Ուստի մեր «օրհնութեան պատարագ[ը]», այսինքն՝ փառաբանության զոհերը ընդունելի կլինեն Եհովային միայն այն դեպքում, եթե դրանք ուղեկցվեն ճիշտ մղումներով և աստվածահաճո վարքով։
Եհովային ցավ է պատճառում այն, որ իր երկրպագուները երես են թեքում իրենից
14. Ի՞նչ է հայտնում Եհովայի զգացումների մասին Ովսեեի մարգարեությունը։
14 Երրորդ կարևոր դասը, որ սովորում ենք «Ովսէէ» գրքի 6–9-րդ գլուխներից, այն է, թե ինչ է զգում Եհովան, երբ իր երկրպագուները երես են թեքում իրենից։ Եհովան ունի ուժեղ և քնքուշ զգացմունքներ։ Նա սիրո և կարեկցանքի քնքուշ զգացմունք է տածում նրանց հանդեպ, ովքեր զղջում են իրենց գործած մեղքերի համար։ Սակայն երբ նրա ծառաները չեն զղջում, նա խիստ և վճռական քայլեր է ձեռնարկում նրանց դեմ։ Քանի որ Աստված հետաքրքրված է մեր բարօրությամբ, ուստի նա ուրախանում է, երբ մենք հավատարմորեն քայլում ենք նրա հետ։ «Տէրը հաւանում է իր ժողովրդին»,— կարդում ենք Սաղմոս 149։4–ում։ Սակայն ի՞նչ է զգում Աստված, երբ իր ծառաները անհավատարիմ են գտնվում։
15. Համաձայն Ովսէէ 6։7–ի՝ ինչպիսի՞ վարք էին դրսևորում որոշ իսրայելացիներ։
15 Անհավատարիմ իսրայելացիների մասին Եհովան ասաց. «Նորանք Ադամի [կամ՝ մարդու] պէս ուխտը զանց են անում, այնտեղ ինձ անհաւատարմութիւն արին» (Ովսէէ 6։7)։ Այս համարում «անհաւատարմութիւն արին» արտահայտությամբ թարգմանված եբրայերեն բառը նշանակում է նաև «վարվել դավաճանաբար, (վարվել) անհավատարմորեն»։ Այդ արտահայտությունը գործածվում է նաև Մաղաքիա 2։10–16-ում՝ նկարագրելու համար այն իսրայելացիների անհավատարիմ ընթացքը, որոնք դավաճանել էին իրենց ամուսնական կողակցին։ Ովսէէ 6։7–ում օգտագործված այդ բառի մասին մի աշխատության մեջ ասվում է, որ այն «ամուսնական հարաբերությունները նկարագրող փոխաբերություն» է և ցույց է տալիս մի իրավիճակ, «որում սերը ոտնահարվել է»։
16, 17. ա) Ինչպե՞ս Իսրայելը վերաբերվեց այն ուխտին, որը Աստված հաստատել էր նրա հետ։ բ) Ի՞նչ պետք է հիշենք մեր գործելակերպի հետ կապված։
16 Փոխաբերական իմաստով՝ Եհովան Իսրայելին համարում էր իր կինը՝ նրա հետ իր հաստատած ուխտի հիման վրա։ Ուստի ուխտի պայմանները խախտելով՝ ժողովուրդն ասես շնություն գործեց։ Եհովան նման էր հավատարիմ ամուսնու, սակայն ժողովուրդը լքել էր նրան։
17 Ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Աստված մտահոգվում է մեր մասին՝ անկախ այն բանից՝ քայլում ենք նրա հետ, թե՝ ոչ։ Եկեք միշտ հիշենք, որ «Աստուած սէր է», և որ մեր գործերը անդրադառնում են նրա վրա (Ա Յովհաննէս 4։16)։ Եթե մենք շարունակաբար մեղք գործենք, դա Եհովային ցավ կպատճառի և անկասկած տհաճ կլինի նրա համար։ Այս մասին հիշելը կարող է ետ պահել մեզ գայթակղության մեջ ընկնելուց։
Ինչպես կարող ենք հնձել այն, ինչը բարի է
18, 19. Ի՞նչ սկզբունք ենք գտնում Ովսէէ 8։7–ում, և ինչպե՞ս է այդ սկզբունքի ճշմարիտ լինելը փաստվել իսրայելացիների պարագայում։
18 Եկեք քննարկենք չորրորդ դասը Ովսեեի մարգարեությունից. ինչպես կարող ենք հնձել այն, ինչը բարի է։ Իսրայելացիների մասին, ինչպես նաև նրանց անհավատարիմ ընթացքի անխոհեմ և ունայն լինելու վերաբերյալ Ովսեեն գրեց. «Քամի սերմեցին եւ մրրիկ պիտի հնձեն» (Ովսէէ 8։7)։ Այստեղ մենք տեսնում ենք մի սկզբունք, որը հարկավոր է հիշել. անմիջական կապ գոյություն ունի մեր ներկա գործելակերպի և այն բանի միջև, թե ինչպիսին կլինի մեր ապագան։ Ինչպե՞ս է այս սկզբունքի ճշմարիտ լինելը փաստվել անհավատարիմ իսրայելացիների պարագայում։
19 Մեղք գործելով՝ իսրայելացիները ցանում էին այն, ինչը չար էր։ Կարո՞ղ էին նրանք շարունակել իրենց չար ընթացքը և զերծ մնալ դրա բերած հետևանքներից։ Նրանք անշուշտ չէին կարող խուսափել կործանարար դատաստանից։ Ովսէէ 8։13–ում ասվում է. «[Եհովան] պիտի յիշէ նորանց անօրէնութիւնը եւ պատժէ նորանց մեղքերը»։ Իսկ Ովսէէ 9։17–ում հետևյալն ենք կարդում. «Նորանց մերժելու է իմ Աստուածը, որովհետեւ նորան չ’լսեցին. եւ թափառողներ պիտի լինեն ազգերի մէջ»։ Եհովան իսրայելացիներից հաշիվ էր պահանջելու նրանց մեղքերի համար։ Քանի որ նրանք ցանեցին այն, ինչը չար էր, ուստի պետք է հնձեին այն, ինչը չար էր։ Նրանց դեմ Աստծու դատաստանը գործադրվեց մ.թ.ա. 740 թ.–ին, երբ ասորեստանցիները պաշարեցին Իսրայելի տասցեղ թագավորությունը, իսկ նրա բնակիչներին գերի տարան։
20. Ի՞նչ ենք սովորում իսրայելացիների օրինակից։
20 Այդ իսրայելացիների օրինակից մենք հետևյալ կարևոր ճշմարտությունն ենք սովորում. ինչ ցանենք, այն էլ կհնձենք։ «Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ։ Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ» (Գաղատացիս 6։7, 8ա)։ Եթե ցանենք այն, ինչը չար է, համապատասխանաբար կհնձենք այն, ինչը չար է։ Օրինակ՝ այն անհատները, ովքեր ապրում են անբարո կյանքով, «կհնձեն» այդպիսի ընթացքի դառը հետևանքները։ Չզղջացող մեղավորներին տխուր ավարտ է սպասում։
21. Ինչպե՞ս կարող ենք հնձել այն, ինչը բարի է։
21 Իսկ ինչպե՞ս կարող ենք հնձել այն, ինչը բարի է։ Այս հարցին կպատասխանենք մի պարզ օրինակով։ Եթե հողագործը ցանկանում է ցորեն հնձել, արդյոք նա գարի՞ կցանի։ Իհարկե, ո՛չ։ Նա կցանի այն, ինչը ցանկանում է հնձել։ Նմանապես, եթե մենք ցանկանում ենք հնձել այն, ինչը բարի է, պետք է ցանենք այն, ինչը բարի է։ Ցանկանո՞ւմ ես շարունակել հնձել այն, ինչը բարի է, այսինքն՝ ապրել բավականություն պատճառող կյանքով արդեն հիմա և ունենալ Աստծու նոր աշխարհում հավիտենական կյանքի հեռանկարը։ Եթե այո, ապա պետք է շարունակես ցանել այն, ինչը բարի է՝ քայլելով Աստծու հետ և ապրելով նրա արդար չափանիշներով։
22. Ի՞նչ դասեր ենք սովորում Ովսէէ 6–9-րդ գլուխներից։
22 «Ովսէէ» գրքի 6–9-րդ գլուխներից մենք սովորեցինք չորս դասեր, որոնք կարող են օգնել մեզ քայլելու Աստծու հետ. 1) իսկական զղջումը ցույց է տրվում գործերով, 2) միայն զոհերը բավական չեն Աստծուն հաճեցնելու համար, 3) Եհովային ցավ է պատճառում այն, որ իր երկրպագուները երես են թեքում իրենից, և 4) որպեսզի հնձենք այն, ինչը բարի է, պետք է ցանենք այն, ինչը բարի է։ Աստվածաշնչի այս գրքի վերջին հինգ գլուխներն ինչպե՞ս կարող են օգնել մեզ քայլել Աստծու հետ։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչպե՞ս է դրսևորվում իսկական զղջումը։
• Ինչո՞ւ միայն զոհերով հնարավոր չէ հաճեցնել մեր երկնային Հորը։
• Ի՞նչ է զգում Աստված, երբ իր երկրպագուները երես են թեքում իրենից։
• Ի՞նչ պետք է ցանենք, եթե ուզում ենք հնձել այն, ինչը բարի է։
[նկար 23–րդ էջի վրա]
Իսրայելի հավատարիմ սերը անհետացել էր՝ առավոտյան մառախուղի նման
[նկար 23–րդ էջի վրա]
Իսրայելի չար ցանկությունները բորբոքված էին, ինչպես թոնիրը
[նկար 24–րդ էջի վրա]
Ինչո՞ւ Եհովան մերժեց իր ժողովրդի զոհերը
[նկար 25–րդ էջի վրա]
Որպեսզի հնձենք այն, ինչը բարի է, պետք է ցանենք այն, ինչը բարի է