Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 12/15 էջ 24–29
  • Այժմ ժամանակն է վճռականորեն գործելու

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այժմ ժամանակն է վճռականորեն գործելու
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծու սերը իր կամակոր ժողովրդի հանդեպ
  • Վճռականորեն գործիր այժմ
  • Կեղծ կրոնի հանկարծակի վախճանը
  • Նա պաշտպանեց ճշմարիտ երկրպագությունը
    2008 Դիտարան
  • Հայտնի է դառնում, թե ով է ճշմարիտ Աստվածը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Հեու. մաքուր երկրպագության ջատագով
    2011 Դիտարան
  • Նա պաշտպանեց ճշմարիտ երկրպագությունը
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
2005 Դիտարան
w05 12/15 էջ 24–29

Այժմ ժամանակն է վճռականորեն գործելու

«Մինչեւ ե՞րբ պիտի դուք կաղաք երկու կողմի [«մտքի, ԱԱ] վերայ» (Գ ԹԱԳԱՒՈՐԱՑ 18։21)։

1. Մեր ժամանակներն ինչո՞վ են տարբերվում հին ժամանակներից։

ՀԱՎԱՏՈ՞ՒՄ ես, որ Եհովան միակ ճշմարիտ Աստվածն է։ Իսկ հավատո՞ւմ ես, որ աստվածաշնչյան մարգարեությունները մեր ժամանակները բնորոշում են որպես Սատանայի ամբարիշտ համակարգի ‘վերջին օրեր’ (Բ Տիմոթէոս 3։1, ԱԱ)։ Եթե այո, ապա անշուշտ կհամաձայնվես, որ այժմ, ինչպես երբեք, ժամանակն է վճռականորեն գործելու։ Բազմաթիվ կյանքեր այսօր վտանգի տակ են։ Պատմության մեջ երբևէ նման իրավիճակ չի եղել։

2. Աքաաբ թագավորի օրոք Իսրայելի տասցեղ թագավորությունում ի՞նչ էր տեղի ունենում։

2 Մ.թ.ա. տասներորդ դարում իսրայելացիները կանգնած էին լուրջ որոշում կայացնելու առջև։ Ո՞ւմ էին նրանք ծառայելու։ Աքաաբ թագավորն իր հեթանոս կնոջ՝ Հեզաբելի ազդեցությամբ Իսրայելի տասցեղ թագավորությունում առաջ էր տանում Բահաղի երկրպագությունը։ Բահաղը բերքատվության աստվածն էր, որն իբրև թե անձրև և առատ բերք է տալիս։ Բահաղի շատ երկրպագուներ սովորություն ունեին օդային համբույրներ ուղարկել իրենց աստծուն կամ էլ խոնարհվել նրա կուռքի առաջ։ Նրանք անբարո խրախճանքներ էին կազմակերպում տաճարային պոռնիկների հետ, որպեսզի Բահաղին մղեին օրհնելու բերքն ու անասունները։ Նրանք նաև սովորություն ունեին կտրտվածքներ անելու իրենց մարմնի վրա, որպեսզի արյունը հոսեր (Գ Թագաւորաց 18։28)։

3. Բահաղի պաշտամունքն ի՞նչ ազդեցություն էր թողել Աստծու ժողովրդի վրա։

3 Մոտ 7 000 իսրայելացիներ մերժեցին այդպիսի անբարո և դաժանությամբ լի կռապաշտությունը (Գ Թագաւորաց 19։18)։ Լինելով նվիրված՝ նրանք չէին ցանկանում խզել Եհովայի հետ՝ ուխտի վրա հիմնված իրենց փոխհարաբերությունները և դրա համար հալածվում էին։ Օրինակ՝ Հեզաբել թագուհին Եհովայի մարգարեներից շատերին սպանեց (Գ Թագաւորաց 18։4, 13)։ Այսպիսի ծանր պայմանների պատճառով իսրայելացիների մեծամասնությունն անցել էր միջդավանանքի՝ փորձելով միաժամանակ հաճեցնել Եհովային ու Բահաղին։ Սակայն իսրայելացու համար հավատուրացություն էր երես թեքել Եհովայից ու պաշտել կեղծ աստծու։ Եհովան իսրայելացիներին խոստացավ օրհնել իրենց, եթե նրանք սիրեին իրեն և հնազանդվեին իր պատվիրաններին։ Բայց նա նաև զգուշացրեց, որ եթե իր հանդեպ բացարձակ նվիրվածություն չցուցաբերեն, ապա նրանք բնաջինջ կլինեն (Բ Օրինաց 5։6–10; 28։15, 63)։

4. Ի՞նչ էին կանխագուշակել Հիսուսը և նրա առաքյալները, որ պիտի տեղի ունենար քրիստոնյաների շրջանում, և ինչպե՞ս դա իրականություն դարձավ։

4 Նմանատիպ իրավիճակ է տիրում ներկայիս քրիստոնեական աշխարհում։ Եկեղեցու անդամներն իրենց քրիստոնյա են համարում, մինչդեռ նրանց տոները, վարքը և հավատալիքները հակասում են Աստվածաշնչի ուսմունքներին։ Ինչպես որ Հեզաբելն էր հալածում Աստծու ծառաներին, այնպես էլ այսօր քրիստոնեական աշխարհի հոգևորականները նախաձեռնություն են հանդես բերում Եհովայի վկաներին հալածելու մեջ։ Նաև, հայտնի են բազմաթիվ փաստեր, որ այդ հոգևորականները թիկունք են կանգնել պատերազմներին և, հետևաբար, պատասխանատու են եկեղեցու միլիոնավոր անդամների մահվան համար։ Կրոնի այդպիսի աջակցությունը մարդկային կառավարություններին Աստվածաշունչը բնորոշում է որպես հոգևոր պոռնկություն (Յայտնութիւն 18։2, 3)։ Բացի այդ, քրիստոնեական աշխարհը գնալով ավելի հանդուրժողական է դառնում բուն պոռնկության հանդեպ, անգամ եթե դա տեղի է ունենում հոգևորականների շրջանում։ Հիսուս Քրիստոսը և նրա առաքյալները կանխագուշակել էին այս մեծ հավատուրացությունը (Մատթէոս 13։36–43; Գործք 20։29, 30; Բ Պետրոս 2։1, 2)։ Ի՞նչ է վերջիվերջո սպասում քրիստոնեական աշխարհի ավելի քան մեկ միլիարդ հետևորդներին։ Իսկ ի՞նչ պատասխանատվություն ունեն Եհովայի ճշմարիտ երկրպագուները այդ և ուրիշ մարդկանց հանդեպ, որոնց կեղծ կրոնը մոլորեցրել է։ Այս հարցերի հստակ պատասխանները կարող ենք ստանալ՝ քննելով անչափ հետաքրքիր դեպքեր, որոնք առնչություն են ունեցել ‘Իսրայելից Բահաղին բնաջինջ անելու’ հետ (Դ Թագաւորաց 10։28)։

Աստծու սերը իր կամակոր ժողովրդի հանդեպ

5. Ինչպե՞ս Եհովան սիրառատ հոգատարություն դրսևորեց իր կամակոր ժողովրդի հանդեպ։

5 Եհովա Աստված հաճույք չի ստանում՝ պատժելով իր հանդեպ անհավատարմության ուղին բռնած անձանց։ Լինելով սիրառատ Հայր՝ նա ցանկանում է, որ ամբարիշտները զղջան և վերադառնան դեպի իրեն (Եզեկիէլ 18։32; Բ Պետրոս 3։9)։ Աստծու այսպիսի տրամադրվածությունը երևում է այն բանից, որ նա Աքաաբի և Հեզաբելի օրերում բազմաթիվ մարգարեների միջոցով իր ժողովրդին զգուշացնում էր Բահաղի պաշտամունքի վատ հետևանքներից։ Այդպիսի մի մարգարե էր Եղիան։ Սաստիկ երաշտից հետո, որի տեղի ունենալը կանխագուշակվել էր, Եղիան Աքաաբ թագավորին ասաց, որ իսրայելացիներին և Բահաղի մարգարեներին հավաքի Կարմեղոս սարում (Գ Թագաւորաց 18։1, 19)։

6, 7. ա) Ինչպե՞ս Եղիան բացահայտեց, թե որն էր իսրայելացիների հավատուրացության բուն պատճառը։ բ) Ի՞նչ արեցին Բահաղի մարգարեները։ գ) Ի՞նչ արեց Եղիան։

6 Հանդիպումը կայացավ մի վայրում, որտեղ գտնվում էր Եհովայի զոհասեղանը, որը ‘քանդել’ էին, ըստ երևույթին, Հեզաբելին հաճեցնելու նպատակով (Գ Թագաւորաց 18։30)։ Ցավոք, այդտեղ ներկա իսրայելացիները վստահ չէին, թե ով իսկապես կարող էր առաջ բերել այնքան ցանկալի անձրևը՝ Եհովա՞ն, թե՞ Բահաղը։ Վերջինիս ներկայացնում էին 450 մարգարեներ, այնինչ Եհովային ներկայացնում էր ընդամենը մեկ հոգի՝ Եղիան։ Մարգարեն շեշտեց, թե որն է ժողովրդի խնդրի բուն պատճառը՝ ասելով. «Մինչեւ ե՞րբ պիտի դուք կաղաք երկու կողմի [«մտքի, ԱԱ] վերայ»։ Հետո նա նույնիսկ ավելի պարզ խոսքերով ներկայացրեց խնդիրը. «Եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք, եւ եթէ Բահաղն է, նորա ետեւից գնացէք»։ Մտադիր լինելով անվճռական իսրայելացիներին մղել, որ Եհովայի հանդեպ բացարձակ նվիրվածություն դրսևորեն՝ Եղիան առաջարկում է փորձ կատարել, թե ով է ճշմարիտ Աստված։ Երկու զվարակ պետք է զոհաբերեին՝ մեկը՝ Եհովային, մյուսը՝ Բահաղին։ Ճշմարիտ Աստված կրակով սպառելու էր իր զոհը։ Բահաղի մարգարեները պատրաստեցին իրենց զոհը, այնուհետև սկսեցին մի քանի ժամ շարունակ բղավել. «Ով Բահաղ, պատասխան տուր մեզ»։ Երբ Եղիան սկսեց ծաղրել նրանց, նրանք կտրտեցին իրենց մարմինը, մինչև որ արյունոտվեցին, և ամբողջ ձայնով բղավում էին։ Բայց պատասխան չկար (Գ Թագաւորաց 18։21, 26–29)։

7 Այժմ հերթը Եղիայինն էր։ Նախ՝ նա նորոգեց Եհովայի զոհասեղանը և զվարակի կտորները դրեց նրա վրա։ Հետո՝ Եղիան կարգադրեց չորս մեծ սափոր ջուր լցնել զոհի վրա։ Սա արվեց երեք անգամ, մինչև որ զոհասեղանի շուրջ փորված փոսը լցվեց։ Հետո Եղիան աղոթեց. «Ով Եհովայ՝ Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի Աստուածը. թող այսօր իմացուի, որ դու ես Աստուած Իսրայէլի մէջ, եւ ես քո ծառան եմ, եւ թէ ես քո խօսքովն եմ արել այս բոլոր բաները։ Պատասխան տուր ինձ, ով Տէր, պատասխան տուր ինձ որ այս ժողովուրդն իմանայ, որ դու Եհովադ ես Աստուած. եւ դու ետ կդարձնես նորանց սրտերը» (Գ Թագաւորաց 18։30–37)։

8. Ինչպե՞ս Աստված պատասխանեց Եղիայի աղոթքին, և ի՞նչ գործողությունների դիմեց մարգարեն։

8 Ճշմարիտ Աստվածը պատասխանեց՝ երկնքից կրակ ուղարկելով և սպառելով թե՛ զոհը, թե՛ զոհասեղանը։ Կրակը կլանեց նույնիսկ զոհասեղանի շուրջ փորված փոսի ջուրը։ Կարելի է պատկերացնել, թե այս ամենն ինչ տպավորություն թողեց իսրայելացիների վրա։ Նրանք «վայր ընկան իրանց երեսների վերայ եւ ասեցին. Եհովան է Աստուած, Եհովան է Աստուած»։ Այդժամ Եղիան մեկ այլ վճռական գործողություն ձեռնարկեց՝ իսրայելացիներին պատվիրելով. «Բռնեցէք Բահաղի մարգարէներին, որ նորանցից մէկ մարդ չ’պրծնի»։ Բահաղի բոլոր 450 մարգարեները մահապատժի ենթարկվեցին Կարմեղոս լեռան ստորոտում (Գ Թագաւորաց 18։38–40)։

9. Ինչպե՞ս ճշմարիտ երկրպագուների հալածանքը շարունակվեց։

9 Հենց այդ նույն անմոռանալի օրը Եհովան երեք ու կես տարվա մեջ առաջին անգամ անձրև առաջ բերեց (Յակոբոս 5։17, 18)։ Երևի պատկերացնում ես, թե տունդարձի ճանապարհին իսրայելացիներն ինչի մասին էին խոսում. այո, Եհովան հաստատեց իր Աստվածությունը։ Բահաղի երկրպագուները, սակայն, մտադիր չէին զիջելու։ Հեզաբելը շարունակեց հալածել Եհովայի ծառաներին (Գ Թագաւորաց 19։1, 2; 21։11–16)։ Աստծու ժողովրդի անարատությունը դարձյալ փորձվեց։ Բացարձակապես նվիրվա՞ծ կլինեին նրանք Եհովային, երբ նա դատաստան տեսներ Բահաղի երկրպագուների հետ։

Վճռականորեն գործիր այժմ

10. ա) Մեր ժամանակներում ի՞նչ են անում օծյալ քրիստոնյաները։ բ) Ի՞նչ է նշանակում հնազանդվել Յայտնութիւն 18։4–ում գրված պատվերին։

10 Մեր ժամանակներում օծյալ քրիստոնյաները կատարում են մի աշխատանք, որը նման է Եղիայի կատարած աշխատանքին։ Բանավոր և տպագիր խոսքով նրանք նախազգուշացնում են բոլոր ազգերի մարդկանց՝ լինեն նրանք քրիստոնեական աշխարհից, թե ոչ, որ կեղծ կրոնի մեջ գտնվելը վտանգավոր է։ Օծյալների գործունեությունը դրական արդյունքներ է բերել. միլիոնավոր մարդիկ վճռական քայլեր են ձեռնարկել՝ վերջ դնելու իրենց անդամակցությունը կեղծ կրոնին։ Նրանք իրենց կյանքը նվիրել են Եհովային և դարձել Հիսուս Քրիստոսի մկրտված աշակերտներ։ Այո, այդ մարդիկ ականջ են դրել կեղծ կրոնի վերաբերյալ Աստծու հրատապ կոչին. «Դուրս եկէք դորանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չ’լինիք դորա մեղքերին, եւ որ դորա պատուհասիցը չ’ընդունիք» (Յայտնութիւն 18։4)։

11. Եհովայի հավանությանն արժանանալու համար ի՞նչ է հարկավոր անել։

11 Բայց կան միլիոնավոր անհատներ, որոնք դիրքորոշման հարցում շարունակում են տատանվել, թեպետ դրականորեն են արձագանքում Եհովայի վկաների տարածած աստվածաշնչային պատգամին։ Ոմանք երբեմն գալիս են քրիստոնեական հանդիպումների, օրինակ՝ ներկա են լինում Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին կամ մարզային համաժողովի որոշ մասերի։ Մենք նրանց հորդորում ենք ամենայն ուշադրությամբ քննել Եղիայի խոսքերը. «Մինչև ե՞րբ դուք պիտի սպասողական դիրք բռնեք» (Գ Թագաւորաց 18։21, New English Bible)։ Հապաղելու փոխարեն՝ նրանք պետք է այսօրվանից իսկ վճռական քայլերի դիմեն՝ նպատակ ունենալով դառնալ Եհովայի նվիրված և մկրտված երկրպագուներ։ Հավիտենական կյանքի նրանց հեռանկարը հարցականի տակ է (Բ Թեսաղոնիկեցիս 1։6–9)։

12. Ի՞նչ վտանգավոր վիճակում են հայտնվել որոշ մկրտված քրիստոնյաներ, և նրանք ի՞նչ պետք է անեն։

12 Ցավոք, որոշ մկրտված քրիստոնյաներ ոչ կանոնավորաբար են երկրպագություն մատուցում Աստծուն կամ էլ ընդհանրապես դարձել են ոչ ակտիվ (Եբրայեցիս 10։23–25; 13։15, 16)։ Ոմանք կորցրել են եռանդը, քանի որ վախեցել են հալածանքից կամ չափազանց անհանգստացել են ապրուստի հոգսերով, ձգտել են հարստանալ կամ էլ եսասիրական ցանկություններին հագուրդ տալու նպատակ են հետապնդել։ Հիսուսը զգուշացրեց, որ իր հետևորդներից ոմանք հենց այս բաների պատճառով ‘կգայթակղվեն’, ‘կխեղդվեն’ և ‘որոգայթի’ մեջ կընկնեն (Մատթէոս 10։28–33; 13։20–22; Ղուկաս 12։22–31; 21։34–36)։ ‘Երկու մտքի վրա կաղալու’ փոխարեն՝ նրանք պետք է ‘ջանք անեն և ապաշխարեն’՝ վճռականորեն տրամադրվելով ապրել իրենց նվիրման համաձայն (Յայտնութիւն 3։15–19)։

Կեղծ կրոնի հանկարծակի վախճանը

13. Ինչպիսի՞ն էր իրադրությունը Իսրայելում, երբ Հեուն օծվեց որպես թագավոր։

13 Թե ինչու է հրատապ այսօրվանից իսկ վճռական գործողությունների դիմել, երևում է այն դեպքերից, որոնք Իսրայելում պատահեցին մոտ 18 տարի անց այն բանից հետո, երբ Կարմեղոս սարում լուծվեց Աստվածության հարցը։ Բահաղի պաշտամունքի վրա Եհովայի դատաստանի օրը եկավ հանկարծակի, անսպասելիորեն։ Աստված դա իրագործեց Եղիայի հաջորդի՝ Եղիսեի ծառայության օրերում։ Աքաաբ թագավորի որդի Հովրամն էր թագավորում Իսրայելում, իսկ այրիացած Հեզաբել թագուհին դեռևս կենդանի էր։ Եղիսեն իր սպասավորին ծածուկ կերպով ուղարկեց, որ իսրայելական բանակի զորապետ Հեուին օծի որպես նոր թագավորի։ Այդ ժամանակ Հեուն գտնվում էր Հորդանանի արևելյան կողմում՝ Ռամովթ–​գաղաադում, և պատերազմ էր մղում Իսրայելի թշնամիների դեմ։ Հովրամ թագավորը Հեզրայելի հովտում էր՝ Մակեդդովի (Մեգիդո) մոտ, և բուժվում էր մարտում ստացած վերքերից (Դ Թագաւորաց 8։29–9։4)։

14, 15. Ի՞նչ հանձնարարություն ստացավ Հեուն, և ինչպե՞ս նա արձագանքեց։

14 Ահա թե ինչ Եհովան հրամայեց Հեուին. «Դու ջարդիր քո տիրոջ Աքաաբի տունը, որ Յեզաբէլի ձեռքից առնեմ իմ մարգարէ ծառաների եւ Տիրոջ ամեն ծառաների արիւնների վրէժը։ Եւ Աքաաբի բոլոր տունը պիտի փչանայ.... Յեզաբէլին էլ պիտի շուներն ուտեն Յեզրայէլի ագարակումը, եւ թաղող պիտի չ’լինի» (Դ Թագաւորաց 9։7–10)։

15 Հեուն վճռական անձնավորություն էր։ Ժամանակ չկորցնելով՝ նա կառք նստեց և սլացավ Հեզրայել։ Քաղաքի դետերից մեկը, ճանաչելով Հեուի կառք վարելու ձևը, նրա գալստյան մասին զեկուցեց Հովրամ թագավորին։ Հովրամը կառք նստեց և գնաց իր զորապետին ընդառաջ։ Երբ նրանք հանդիպեցին, թագավորը հարցրեց. «Խաղաղութի՞ւն է, Յէ՛ու»։ Վերջինս պատասխանեց. «Ի՜նչ է խաղաղութիւնը, մինչեւ որ կան քո մօր՝ Յեզաբէլի պոռնկութիւնները եւ նորա շատ կախարդութիւնները»։ Հետո, նախքան Հովրամը կհասցներ փախչել, Հեուն քաշեց իր աղեղը և սպանեց նրան՝ նետը մխրճելով սիրտը (Դ Թագաւորաց 9։20–24)։

16. ա) Հեզաբելի պալատականներն անսպասելիորեն ի՞նչ իրավիճակում հայտնվեցին։ բ) Հեզաբելի մասին ասված Եհովայի խոսքն ինչպե՞ս կատարվեց։

16 Հեուն անհապաղ ուղղություն վերցրեց դեպի քաղաք։ Հեզաբելը, որ խիստ շպարվել էր, պատուհանից նայեց ներքև և Հեուին ողջունեց սպառնալից հնչերանգով։ Վերջինս, նրան ուշադրություն չդարձնելով, ձայն տվեց. «Ո՞վ է ինձ հետ, ո՞վ»։ Հասավ պահը, երբ Հեզաբելի սպասավորները պետք է վճռականորեն գործեին։ Երկու–​երեք պալատականներ իրենց գլուխները պատուհանից դուրս հանեցին։ Եվ այստեղ նրանց նվիրվածությունն իսկույն փորձի ենթարկվեց։ «Դորան վայր գցեցէք»,— հրամայեց Հեուն։ Պալատականները Հեզաբելին ներքև՝ փողոց գցեցին, և Հեուի ձիերն ու կառքը կոխկրտեցին նրա մարմինը։ Ահա այսպես նա, ով նախաձեռնեց Բահաղի պաշտամունքի տարածումն Իսրայելում, իր արժանի վախճանը գտավ։ Մինչև ժամանակ կգտնեին Հեզաբելին թաղելու համար, շներն արդեն կերել էին նրա մարմինը, ինչպես և կանխագուշակվել էր (Դ Թագաւորաց 9։30–37)։

17. Այն փաստը, որ Աստված Հեզաբելի հետ դատաստան տեսավ, ապագա ո՞ր իրադարձության հանդեպ պետք է մեր հավատն ամրապնդի։

17 Նմանատիպ ապշեցուցիչ վախճան է սպասում այլաբանական պոռնկին, որի անունն է «Մեծ Բաբելոն»։ Այդ պոռնիկը խորհրդանշում է Սատանայի աշխարհի կեղծ կրոնները, որոնք սկզբնավորվել են վաղեմի Բաբելոն քաղաքում։ Կեղծ կրոնին վերջ տալուց հետո Եհովա Աստված իր հայացքը կուղղի բոլոր այն մարդկանց վրա, ովքեր Սատանայի աշխարհի մնացած հատվածի մեջ են։ Այս հատվածը նույնպես կոչնչանա, և տեղ կպատրաստվի արդար նոր աշխարհի հաստատման համար (Յայտնութիւն 17։3–6; 19։19–21; 21։1–4)։

18. Հեզաբելի մահից հետո ի՞նչ պատահեց Բահաղի՝ Իսրայելում ապրող երկրպագուներին։

18 Հեզաբելին սպանելուց հետո Հեու թագավորն անհապաղ ձեռնամուխ եղավ Աքաաբի բոլոր հետնորդներին և գլխավոր աջակիցներին ոչնչացնելու համար (Դ Թագաւորաց 10։11)։ Բայց Բահաղին պաշտող շատ իսրայելացիներ մնացել էին։ Վերջիններիս վերացնելու համար Հեուն վճռական գործողությունների դիմեց՝ փաստելով, որ ինքը Եհովայի նախանձախնդիր ծառա է (Դ Թագաւորաց 10։16)։ Ձևանալով, թե նույնպես Բահաղի երկրպագու է՝ Հեուն մեծ տոնախմբություն կազմակերպեց Բահաղի տաճարում, որ Աքաաբը կառուցել էր Սամարիայում։ Բահաղի՝ Իսրայելում ապրող բոլոր երկրպագուները եկան այդ տոնին։ Սակայն հավաքվելով տաճարում՝ նրանք հայտնվեցին ծուղակի մեջ, և Հեուի մարդիկ բոլորին սպանեցին։ Աստվածաշունչը այս պատմությունն ավարտում է այսպես. «Եւ Յէուն Բահաղին բնաջինջ արաւ Իսրայէլիցը» (Դ Թագաւորաց 10։18–28)։

19. Ի՞նչ փառահեղ հեռանկար է սպասում Եհովայի հավատարիմ երկրպագուների «մեծ բազմությանը»։

19 Բահաղի պաշտամունքն արմատախիլ արվեց Իսրայելում։ Անկասկած, նույնը սպասում է այս աշխարհի կեղծ կրոններին, որոնք հանկարծակի, ապշեցուցիչ վախճան կունենան։ Ո՞ւմ կողմում կլինես դատաստանի այդ մեծ օրը։ Վճռականորեն գործիր հենց հիմա՛, և առանձնաշնորհում կունենաս լինելու «մեծ բազմության» մեջ, որը կվերապրի «մեծ նեղությունից»։ Դու հնարավորություն կունենաս անցյալին ուրախությամբ նայել ու Եհովային կփառաբանես այն բանի համար, որ դատաստան տեսավ ‘այն մեծ պոռնկի հետ, որն իր պոռնկությամբ երկիրն ապականեց’ (ԱԱ)։ Միացած լինելով ճշմարիտ երկրպագուներին՝ դու համամիտ կլինես երկնքից հնչող հուզիչ խոսքերին. «Ալելո՜ւիա [այսինքն՝ օրհնեցեք Յահին], որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց» (Յայտնութիւն 7։9, 10, 14; 19։1, 2, 6)։

Խորհրդածելու հարցեր

• Ինչպե՞ս հին իսրայելացիները մեղք գործեցին՝ կապված Բահաղի պաշտամունքի հետ։

• Աստվածաշնչում ի՞նչ մեծ հավատուրացության մասին էր կանխագուշակվել, և ինչպե՞ս է այդ մարգարեությունը կատարվել։

• Ինչպե՞ս Հեուն արմատախիլ արեց Բահաղի պաշտամունքը։

• Ի՞նչ պետք է անենք Աստծու դատաստանի օրից վերապրելու համար։

[Քարտեզ 25–րդ էջի վրա]

(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

Սոքով

Ափեկ

Քեղկաթ

Հեկնամ

Մակեդդով (Մեգիդո)

Թանաք

Դոթայիմ

ՍԱՄԱՐԻԱ

Ենդովր

Սունամ

Եփրա

Հեզրայել

Հեբղաամ (Գեթրեմոն)

Թերսա

Բեթսամյուս

Բեթսան

Գաղաադի Հաբիս?

Աբելմաուլա

Բեթարբել

Ռամովթ–գաղաադ

[Լեռնագագաթներ]

Կարմեղոս լեռ

Թաբոր լեռ

Մորե

Գեղբուե լեռ

[Ջրածածկ տարածություններ]

Միջերկրական ծով

Գալիլեայի ծով

[Գետ]

Հորդանան գետ

[Աղբյուր և ջրհոր]

Հարոդի աղբյուր

[թույլտվությամբ]

Based on maps copyrighted by Pictorial Archive (Near Eastern History) Est. and Survey of Israel

[նկարներ 26–րդ էջի վրա]

Կանոնավորաբար Թագավորության բարի լուրը քարոզելը և քրիստոնեական հանդիպումներին հաճախելը ճշմարիտ երկրպագության կարևոր երեսակներից են

[նկար 28–րդ և 29–րդ էջերի վրա]

Բոլոր նրանք, ովքեր ուզում են Եհովայի օրը կենդանի մնալ, Հեուի պես պետք է վճռականորեն գործեն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը