Տեղ մի՛ տվեք Սատանային
«Առիթ մի՛ տվեք Սատանային» (ԵՓԵՍԱՑԻՍ 4։27, ԱՆԹ)։
1. Շատերն ինչո՞ւ են կասկածում Սատանայի գոյությանը։
ԴԱՐԵՐ շարունակ մարդիկ Սատանային պատկերացրել են որպես մի եղջյուրավոր, երկսմբակավոր, կարմիր շորերով արարածի, որը ամբարիշտ մարդկանց եղանով գցում է կրակե դժոխքը։ Թեև Աստվածաշունչը թիկունք չի կանգնում այդ պատկերացումին, անշուշտ նման սխալ գաղափարների պատճառով միլիոնավոր մարդիկ կասկածում են Սատանայի գոյությանը կամ էլ այն կարծիքին են, թե այդ բառը պարզապես նշանակում է «չարության խորհրդանիշ»։
2. Ի՞նչ տեղեկություններ է պարունակում Աստվածաշունչը Սատանայի մասին։
2 Աստվածաշունչը պարունակում է ականատեսի միանշանակ վկայություն, որ Սատանան գոյություն ունի։ Հիսուս Քրիստոսը տեսել է նրան երկնային ոգեղեն ոլորտում և խոսել է նրա հետ երկրի վրա եղած ժամանակ (Յոբ 1։6; Մատթէոս 4։4–11)։ Թեպետ Աստվածաշունչը չի նշում այդ ոգեղեն արարածի սկզբնական անունը, բայց այն նրան անվանում է Բանսարկու, այսինքն՝ զրպարտիչ, որովհետև նա զրպարտել է Աստծուն։ Նրան տրվել է նաև Սատանա անունը (նշանակում է հակառակորդ), քանի որ նա դուրս է եկել Եհովայի դեմ։ Բանսարկու Սատանան կոչվում է «առաջի օձը», ըստ ամենայնի այն պատճառով, որ նա օձի միջոցով խաբեց Եվային (Յայտնութիւն 12։9; Ա Տիմոթէոս 2։14)։ Այդ ոգեղեն արարածը հայտնի է նաև ‘չար’ անվանումով (Մատթէոս 6։13)։a
3. Ի՞նչ ենք քննարկելու այժմ։
3 Լինելով Եհովայի ծառաներ՝ մենք չենք ցանկանում որևէ ձևով նմանվել Սատանային՝ միակ ճշմարիտ Աստծու ոխերիմ թշնամուն։ Մենք պետք է ականջ դնենք Պողոս առաքյալի խորհրդին. «Առիթ մի՛ տվեք Սատանային» (Եփեսացիս 4։27, ԱՆԹ)։ Բանսարկուն ունի հատկություններ, որոնք մենք չպետք է դրսևորենք։ Որո՞նք են դրանցից մի քանիսը։
Մի՛ նմանվիր մեծ զրպարտչին
4. Ինչպե՞ս ‘չարը’ Աստծուն զրպարտեց։
4 ‘Չարն’ իրավամբ կոչվում է զրպարտիչ։ Զրպարտությունը կեղծ, չարամիտ և վարկաբեկիչ արտահայտություն է մեկի մասին։ Աստված Ադամին պատվիրեց. «Բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս» (Ծննդոց 2։17)։ Եվան տեղյակ էր այդ պատվերից, բայց Սատանան օձի միջոցով նրան ասաց. «Բնաւ չէք մեռնիլ։ Այլ Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կ’բացուին, եւ Աստուծոյ պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող» (Ծննդոց 3։4, 5)։ Դա չարամիտ զրպարտությո՛ւն էր Եհովա Աստծու հասցեին։
5. Ինչի՞ համար Դիոտրեփեսը պետք է պատասխան տար։
5 Իսրայելացիներին պատվիրված էր. «Քո ժողովրդի մէջ չարախօսութիւն անելու ման չ’գաս» (Ղեւտացոց 19։16)։ Հովհաննես առաքյալն իր օրերում ապրող մի զրպարտչի մասին ասաց. «Ես գրեցի եկեղեցուն. բայց Դիոտրէփէսը որ ուզում է նորանց միջումը առաջինը լինել, մեզ չէ ընդունում։ Սորա համար եթէ գամ նորա գործերը կ’յիշեմ որ չար խօսքերով շատախօսութիւն է անում մեզ վերայ» (Գ Յովհաննէս 9, 10)։ Դիոտրեփեսը զրպարտում էր Հովհաննեսին և պետք է պատասխան տար դրա համար։ Ո՞ր հավատարիմ քրիստոնյան կցանկանա Դիոտրեփեսի պես լինել և նմանվել Սատանային՝ մեծ զրպարտչին։
6, 7. Ինչո՞ւ չենք ցանկանում որևէ մեկին զրպարտել։
6 Եհովայի ծառաների հասցեին հաճախ են հնչում զրպարտչական հայտարարություններ և կեղծ ամբաստանություններ։ «Քահանայապետները եւ դպիրները կանգնած էին, եւ շատ սաստիկ ամբաստանութիւն էին անում [Հիսուսին]» (Ղուկաս 23։10)։ Անանիա քահանայապետը և ուրիշներ Պողոսի դեմ ուղղված անհիմն մեղադրանքներ առաջ քաշեցին (Գործք 24։1–8)։ Աստվածաշունչը Սատանային անվանում է «մեր եղբայրների չարախօսը, որ չարախօսում էր նորանցից Աստուծոյ առաջին ցերեկ եւ գիշեր» (Յայտնութիւն 12։10)։ Այդ ‘չարախոսվող’ եղբայրները այս վերջին օրերում երկրի վրա գտնվող օծյալներն են։
7 Ոչ մի քրիստոնյա չի ցանկանա որևէ մեկին զրպարտել կամ անհիմն մեղադրել։ Սակայն դա կարող է պատահել, եթե բոլոր փաստերին տեղյակ չլինելով՝ որևէ մեկի դեմ վկայություն տանք։ Մովսիսական օրենքով՝ կանխամտածված կերպով սուտ վկայություն տալու համար անհատը կարող էր մահվան դատապարտվել (Ելից 20։16; Բ Օրինաց 19։15–19)։ Բացի այդ, ի թիվս այլ բաների, Եհովան զզվում է «սուտեր փչող անիրաւ վկա[յից]» (Առակաց 6։16–19)։ Անշուշտ, մենք չենք ցանկանում ընդօրինակել գլխավոր զրպարտչին և կեղծ մեղադրանքներ ներկայացնողին։
Խուսափի՛ր առաջին մարդասպանի ուղիներից
8. Ինչպե՞ս Բանսարկուն «սկզբիցը մարդասպան» դարձավ։
8 Բանսարկուն մարդասպան է։ «Նա սկզբիցը մարդասպան էր»,— ասաց Հիսուսը (Յովհաննէս 8։44)։ Սատանան մարդասպան դարձավ այն ժամանակ, երբ Ադամին ու Եվային դրդեց հեռանալ Աստծուց։ Նա էր առաջին մարդկային զույգի և նրանց սերունդների մահվան պատճառը (Հռովմայեցիս 5։12)։ Նկատենք, որ մարդասպանությունը կարելի է վերագրել միայն անձի և ոչ թե «չարության խորհրդանիշի»։
9. Ըստ Ա Յովհաննէս 3։15–ի՝ ինչպե՞ս է հնարավոր, որ քրիստոնյան մարդասպան դառնա։
9 «Մի սպանիր»,— ասվում է Իսրայել ազգին տրված Տասը պատվիրաններից մեկում (Բ Օրինաց 5։17)։ Պետրոս առաքյալը քրիստոնյաներին գրեց. «Ձեզանից մէկը չ’չարչարուի ինչպէս մարդասպան» (Ա Պետրոս 4։15)։ Ուրեմն՝ լինելով Եհովայի ծառաներ՝ մենք սպանություն չենք գործի։ Սակայն մենք Աստծու առջև մեղավոր կլինենք, եթե ատենք մեր հավատակցին և ցանկանանք նրա մահը։ «Ամեն ով որ իր եղբօրն ատում է, մարդասպան է,— գրեց Հովհաննես առաքյալը.— եւ գիտէք որ ամեն մարդասպան յաւիտենական կեանք չ’ունի հաստատուած իրանում» (Ա Յովհաննէս 3։15)։ Իսրայելացիներին պատվիրված էր. «Քո եղբօրը սրտումդ չ’ատես» (Ղեւտացոց 19։17)։ Թող որ արագորեն լուծենք ցանկացած խնդիր, որ ծագում է մեր ու հավատակցի միջև, որպեսզի մարդասպան Սատանան չկարողանա խարխլել մեր քրիստոնեական միությունը (Ղուկաս 17։3, 4)։
Վճռականորեն մերժի՛ր գլխավոր ստախոսի ճանապարհները
10, 11. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի վճռականորեն մերժենք գլխավոր ստախոսին՝ Սատանային։
10 Սատանան ստախոս է։ Հիսուսն ասաց. «Երբոր [նա] սուտն է խօսում, իրաններիցն է խօսում, որովհետեւ ստախօս է եւ ստութեան հայրը» (Յովհաննէս 8։44)։ Սատանան խաբեց Եվային, այնինչ Հիսուսը երկիր եկավ ճշմարտությունը վկայելու համար (Յովհաննէս 18։37)։ Եթե որպես Քրիստոսի հետևորդներ ցանկանում ենք վճռականորեն մերժել Սատանայի ճանապարհները, ապա չենք դիմի ստի ու խաբեության։ Մենք պետք է ‘ճշմարտությունը խոսենք’ (Զաքարիա 8։16; Եփեսացիս 4։25)։ Եհովան՝ ‘ճշմարտության Աստվածը’, օրհնում է միայն իր ճշմարտախոս Վկաներին, իսկ ամբարիշտներին նա իրավունք չի տալիս իրեն ներկայացնելու (Սաղմոս 31։5, ԱԱ; 50։16; Եսայիա 43։10)։
11 Եթե մեզ համար թանկ է այն, որ ազատված ենք Սատանայի ստերից, ապա կկառչենք քրիստոնեությանը՝ ‘ճշմարտության ճանապարհին’ (Բ Պետրոս 2։2; Յովհաննէս 8։32)։ Քրիստոնեական ուսմունքների ամբողջությունը կազմում է «աւետարանի»՝ բարի լուրի «ճշմարտութիւնը» (Գաղատացիս 2։5, 14)։ Մեր փրկությունն իսկ կախված է այն բանից, թե ‘կգնանք արդյոք ճշմարտության մեջ’, այսինքն՝ կառչած կմնանք նրանից և վճռականորեն կմերժենք ‘ստության հորը’ (Գ Յովհաննէս 3, 4, 8)։
Դիմադրի՛ր մեծ հավատուրացին
12, 13. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք հավատուրացներին։
12 Բանսարկու դարձած ոգեղեն արարածը մի ժամանակ ճշմարտության մեջ էր։ Բայց նա, ինչպես Հիսուսն ասաց, «ճշմարտութեան մէջ չ’կեցաւ, որովհետեւ ճշմարտութիւն չ’կայ նորանում» (Յովհաննէս 8։44)։ Այս մեծ հավատուրացը միշտ ընդդիմացել է ‘ճշմարտության Աստծուն’։ Առաջին դարի որոշ քրիստոնյաներ ընկան ‘Սատանայի որոգայթը’ ակներևաբար այն պատճառով, որ մոլորվելով հեռացել էին ճշմարտության ճանապարհից։ Ուստի Պողոսն իր գործընկեր Տիմոթեոսին կոչ արեց հանդարտորեն խրատել նրանց, որպեսզի նրանք հոգևորապես ապաքինվեն և ազատվեն Սատանայի որոգայթից (Բ Տիմոթէոս 2։23–26)։ Անկասկած, շատ ավելի լավ է ամուր կառչել ճշմարտությանը ու երբեք չընկնել հավատուրաց գաղափարների որոգայթը։
13 Առաջին մարդկային զույգը դարձավ հավատուրաց, քանի որ ականջ դրեց Սատանային ու չմերժեց նրա ստերը։ Ուստի մի՞թե պետք է լսենք հավատուրացներին, կարդանք նրանց գրականությունը կամ Ինտերնետում այցելենք նրանց կայքերը։ Եթե սիրում ենք Աստծուն և ճշմարտությունը, այդպիսի բաներ չենք անի։ Մենք թույլ չենք տա, որ հավատուրացները մուտք գործեն մեր տները, և նույնիսկ չենք ողջունի նրանց. չէ՞ որ դա անելով ‘մասնակից կլինենք նրանց չար գործերին’ (Բ Յովհաննէս 9–11)։ Թող որ երբեք զոհ չգնանք Սատանայի խորամանկություններին և չթողնենք ‘ճշմարտության քրիստոնեական ճանապարհը’՝ հետևելով սուտ ուսուցիչներին, որոնք ջանում են «ներմուծել կործանարար գաղափարախոսություններ» և «մեզ շահագործել հղկված խոսքերով» (Բ Պետրոս 2։1–3, Byington)։
14, 15. Ինչի՞ց զգուշացրեց Պողոսը եփեսացի երեցներին և իր գործընկեր Տիմոթեոսին։
14 Պողոսը Եփեսոսի ժողովի քրիստոնյա երեցներին պատվիրեց. «Զգոյշ կացէք ձեր անձերին՝ եւ բոլոր հօտին, որի մէջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրաւ, որ արածեցնէք Աստուծոյ եկեղեցին, որ իր [«իր Որդու», ՆԱ] արիւնովն ստացաւ։ Որովհետեւ ես գիտեմ, որ իմ հեռանալուց յետոյ յափշտակող գայլեր կ’գան ձեր մէջը, որ հօտին չեն խնայիլ։ Եւ հէնց ձեզանից մարդիկ վեր կ’կենան, որ ծուռ բաներ կ’խօսեն, որ աշակերտներին իրանց ետեւից քաշեն» (Գործք 20։28–30)։ Ժամանակի ընթացքում հավատուրացներն իրոք հայտնվեցին և ‘ծուռ բաներ խոսեցին’։
15 Մոտ մ. թ. 65–ին առաքյալը Տիմոթեոսին հորդորեց ‘ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարել’։ «Բայց,— գրեց Պողոսը,— պիղծ ունայնախօսութիւնիցը ետ քաշուիր. որովհետեւ աւելի առաջ կ’գնան ամբարշտութեան մէջ։ Եւ նորանց խօսքերը քաղցկեղի պէս ճարակում է. որոնցից են Հիմենոսը եւ Փիլետոսը, որոնք ճշմարտութիւնիցը մոլորել են, ասելով թէ մեռելների յարութիւնն արդէն եղած է. եւ կործանում են ոմանց հաւատքը»։ Հավատուրացությունը սկսվե՛լ էր։ «Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է»,— ավելացրեց Պողոսը (Բ Տիմոթէոս 2։15–19)։
16. Չնայած մեծ հավատուրացի խորամանկություններին՝ ինչո՞ւ են ճշմարիտ քրիստոնյաները Եհովային ու նրա Խոսքին նվիրված մնացել։
16 Սատանան հաճախ է փորձել հավատուրացների միջոցով ապականել ճշմարիտ երկրպագությունը, բայց՝ ապարդյուն։ Մոտավորապես 1868 թ.–ին Չարլզ Թեյզ Ռասելը սկսեց ուշադիր քննել քրիստոնեական եկեղեցիների ավանդական ուսմունքները և հայտնաբերեց Աստվածաշնչին հակասող գաղափարներ։ Ռասելն ու ճշմարտությունը փնտրող մի քանի ուրիշ մարդիկ Աստվածաշնչի ուսումնասիրության խմբակ ստեղծեցին Պիտսբուրգում (Փենսիլվանիա, ԱՄՆ)։ Այդ ժամանակվանից անցել է գրեթե 140 տարի, ու Եհովայի ծառաները բավականաչափ գիտելիքներ են ձեռք բերել Աստծու մասին, ավելի խորն են հասկացել նրա Խոսքը, ինչպես նաև ավելի մեծ սիրով են լցվել նրա ու Աստվածաշնչի հանդեպ։ Չնայած մեծ հավատուրացի խորամանկություններին՝ ճշմարիտ քրիստոնյաները հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի հոգևոր զգոնության շնորհիվ նվիրված են մնացել Եհովային ու նրա Խոսքին (Մատթէոս 24։45)։
Երբեք թույլ մի՛ տուր, որ աշխարհի իշխանը իշխանություն ունենա քեզ վրա
17–19. Ի՞նչ է իրենից ներկայացնում Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհը, և ինչո՞ւ չպետք է սիրենք այն։
17 Սատանան մեկ այլ ձևով էլ է փորձում մեզ որոգայթի մեջ գցել։ Նա մեզ դրդում է սիրել այս աշխարհը՝ Աստծուց օտարացած մարդկային անարդար հասարակությունը։ Հիսուսը Սատանային անվանեց ‘աշխարհի իշխան’ և ասաց. «[Նա] իմ վրայ ոչ մի իշխանութիւն չունի» (Յովհաննէս 14։30, ԷԹ)։ Թող որ Սատանան երբեք իշխանություն չունենա մեզ վրա։ Մենք գիտակցում ենք, որ «բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում [«Չարի իշխանության տակ է», ՆԱ]» (Ա Յովհաննէս 5։19)։ Ուստի չենք զարմանում, որ Սատանան կարող էր Հիսուսին առաջարկել «աշխարհքի բոլոր թագաւորութիւնները»՝ մեկ հավատուրաց պաշտամունքային գործողության դիմաց։ Բայց Աստծու Որդին միանշանակ ու վճռականորեն մերժեց այդ առաջարկը (Մատթէոս 4։8–10)։ Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհն ատում է Քրիստոսի հետևորդներին (Յովհաննէս 15։18–21)։ Պատահական չէ, որ Հովհաննես առաքյալը խորհուրդ է տալիս չսիրե՛լ աշխարհը։
18 Նա գրեց. «Մի սիրէք աշխարհքը. եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է։ Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ. որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը [«երկրային հարստությամբ հպարտանալը», ԱՆԹ], Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է։ Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։15–17)։ Մենք չպետք է սիրենք աշխարհը, քանի որ աշխարհային ապրելակերպը կենտրոնացած է մեղավոր մարմնի ցանկությունների վրա և տրամագծորեն հակառակ է Եհովա Աստծու չափանիշներին։
19 Ի՞նչ կարող ենք անել, եթե մեր սրտում սեր կա այս աշխարհի հանդեպ։ Այդ դեպքում եկեք աղոթենք Աստծուն, որ մեզ օգնի ճնշել այդ սերը և ‘մարմնի ցանկությունները’ (Գաղատացիս 5։16–21)։ Անշուշտ, մենք կձգտենք մեր «անձն աշխարհքից անարատ պահել», եթե միշտ հիշենք, որ չար ոգիները աշխարհի՝ մարդկային անարդար հասարակության անտեսանելի իշխաններն են (Յակոբոս 1։27; Եփեսացիս 6։11, 12 ԱԱ; Բ Կորնթացիս 4։4)։
20. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ‘աշխարհից չենք’։
20 Իր աշակերտների վերաբերյալ Հիսուսն ասաց. «Այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ» (Յովհաննէս 17։16)։ Օծյալ քրիստոնյաները և նրանց հավատարիմ աջակիցները ջանում են բարոյապես և հոգևորապես մաքուր մնալ, այս աշխարհի մաս չկազմել (Յովհաննէս 15։19; 17։14; Յակոբոս 4։4)։ Անարդար աշխարհն ատում է մեզ, քանի որ նրա մի մասը չենք և ‘արդարության քարոզիչներ’ ենք (Բ Պետրոս 2։5)։ Ճիշտ է, մենք ապրում ենք մարդկային հասարակության մեջ, որտեղ կան պոռնիկներ, շնացողներ, հափշտակողներ, կռապաշտներ, գողեր, ստախոսներ և հարբեցողներ (Ա Կորնթացիս 5։9–11; 6։9–11; Յայտնութիւն 21։8)։ Բայց մենք չենք շնչում աշխարհի ոգին, թույլ չենք տալիս, որ այդ մեղսավոր ազդեցությունը ղեկավարի մեզ (Ա Կորնթացիս 2։12)։
Տեղ մի՛ տվեք Սատանային
21, 22. Ինչպե՞ս կարող ես կիրառել Պողոսի՝ Եփեսացիս 4։26, 27–ում գրված խորհուրդը։
21 Աշխարհի ոգով առաջնորդվելու փոխարեն՝ մենք ղեկավարվում ենք Աստծու ոգով, որը մեր մեջ առաջ է բերում այնպիսի հատկություններ, ինչպիսիք են սերն ու ինքնատիրապետումը (Գաղատացիս 5։22, 23)։ Այս հատկությունների շնորհիվ կարող ենք դիմադրել մեր հավատի վրա Սատանայի կատարած հարձակումներին։ Նա ուզում է, որ ‘մենք բարկանանք ու չար գործենք’, բայց Աստծու ոգին օգնում է մեզ ‘դադարել բարկությունից և թողնել սրտմտությունը’ (Սաղմոս 37։8)։ Ճիշտ է, երբեմն գուցե արդարացի կերպով բարկանանք, բայց ահա թե ինչ է Պողոսը խորհուրդ տալիս. «Բարկանաք՝ մի մեղանչէք. թող արեգակը ձեր բարկութեան վերայ չ’մտնէ։ Եւ տեղի [«տեղ», ՆԱ] չ’տաք սատանային» (Եփեսացիս 4։26, 27)։
22 Եթե բարկությամբ ենք լցվում ու մնում այդ վիճակում, ապա ի վերջո գուցե մեղք գործենք։ Այդպես Սատանային հնարավորություն ենք տալիս տարաձայնություն ներմուծել ժողով կամ դրդել մեզ չար գործեր անելու։ Ուստի պետք է աստվածահաճո ձևով արագորեն լուծենք ուրիշների հետ ունեցած մեր անհամաձայնությունը (Ղեւտացոց 19։17, 18; Մատթէոս 5։23, 24; 18։15, 16)։ Ուրեմն՝ եկեք առաջնորդվենք Աստծու ոգով և ինքնատիրապետում դրսևորենք՝ երբեք թույլ չտալով, որ նույնիսկ արդարացի բարկությունը վերածվի դառնության, չարակամության և ատելության։
23. Ի՞նչ հարցեր կքննարկենք հաջորդ հոդվածում։
23 Մենք քննարկեցինք Սատանայի մի քանի հատկություններ, որոնք չպետք է ընդօրինակենք։ Սակայն որոշ ընթերցողներ գուցե հարցնեն. «Պե՞տք է արդյոք վախենանք Սատանայից։ Ինչո՞ւ է նա քրիստոնյաների դեմ հալածանք հրահրում։ Ի՞նչ կարող ենք անել, որ Սատանան մեզ չխաբի»։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Արդյո՞ք Բանսարկուն իրական անձնավորություն է» հոդվածաշարը «Դիտարանի» 2005 թ. նոյեմբերի 15–ի համարում։
Ի՞նչ կպատասխանեիք
• Ինչո՞ւ երբեք չպետք է որևէ մեկին զրպարտենք։
• Համաձայն Ա Յովհաննէս 3։15–ի՝ ինչպե՞ս կարող ենք խուսափել մարդասպան լինելուց։
• Ինչպե՞ս պետք է վերաբերվենք հավատուրացներին, և ինչո՞ւ։
• Ինչո՞ւ չպետք է սիրենք աշխարհը։
[նկար 23-րդ էջի վրա]
Մենք երբեք թույլ չենք տա, որ Սատանան խարխլի մեր քրիստոնեական միությունը
[նկարներ 24-րդ էջի վրա]
Ինչո՞ւ է Հովհաննեսը հորդորում չսիրել աշխարհը