Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 5/15 էջ 21–25
  • Պատրա՞ստ ես փրկվելու

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատրա՞ստ ես փրկվելու
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նոյի օրերի ժամանակակից զուգահեռը
  • Փրկության համար հավատ է անհրաժեշտ
  • Կազմակերպչական փոփոխությունները նախապատրաստում են մեզ փրկությանը
  • Նախապատրաստվիր փրկությանը
  • «Նա ճշմարիտ Աստծու հետ քայլեց»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • «Նա ճշմարիտ Աստծու հետ քայլեց»
    2013 Դիտարան
  • Նա փրկվեց «ևս յոթ հոգու հետ»
    2013 Դիտարան
  • Նոյի հավատը դատապարտում է աշխարհը
    2001 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 5/15 էջ 21–25

Պատրա՞ստ ես փրկվելու

«Մտիր դու եւ քո բոլոր տունը տապանի մէջ. որովհետեւ այս դարի մէջ քեզ տեսի արդար իմ առաջին» (ԾՆՆԴՈՑ 7։1)։

1. Փրկության ի՞նչ միջոց ձեռնարկեց Եհովան Նոյի օրերում։

ԵՀՈՎԱՆ Նոյի օրերում «ամբարիշտների աշխարհքի վերայ ջրհեղեղը ածեց», սակայն նա նաև մի միջոց ձեռնարկեց փրկության համար (Բ Պետրոս 2։5)։ Ճշմարիտ Աստվածը մանրամասն հրահանգներ տվեց արդար Նոյին, որպեսզի նա իմանար, թե ինչպես կառուցեր տապանը՝ համաշխարհային ջրհեղեղից փրկվելու համար (Ծննդոց 6։14–16)։ Ինչպեսև ակնկալվում է Եհովայի հնազանդ ծառայից, «Նոյն արաւ բոլորը ինչպէս Աստուած պատուիրել էր նորան, այնպէս արաւ»։ Մասամբ Նոյի հնազանդության շնորհիվ է, որ մենք այսօր գոյություն ունենք (Ծննդոց 6։22)։

2, 3. ա) Ի՞նչ ազդեցություն թողեց Նոյի կատարած գործը նրա ժամանակակիցների վրա։ բ) Ինչպիսի՞ տրամադրվածությամբ Նոյը մտավ տապան։

2 Տապան կառուցելը հեշտ առաջադրանք չէր։ Հավանաբար բազմաթիվ մարդկանց տպավորում էր այն, ինչ անում էին Նոյն ու իր ընտանիքը։ Այնուհանդերձ, տապանի շինարարությունը չհամոզեց այն օրերի մարդկանց, որ փրկությունը կախված է տապան մտնելուց։ Ի վերջո, այդ ամբարիշտ աշխարհի նկատմամբ Աստծու համբերատարությունը սպառվեց (Ծննդոց 6։3; Ա Պետրոս 3։20)։

3 Նոյի և իր ընտանիքի կատարած ծանր աշխատանքներից տասնամյակներ անց Եհովան ասաց Նոյին. «Մտիր դու եւ քո բոլոր տունը տապանի մէջ. որովհետեւ այս դարի մէջ քեզ տեսի արդար իմ առաջին»։ Հավատ դրսևորելով և Եհովայի խոսքի հանդեպ վստահություն ունենալով՝ «Նոյը եւ իր որդիքը, եւ իր կինը եւ իր որդկանց կանայքը իր հետ» մտան տապան։ Եհովան փակեց դուռը, որ պաշտպանի իր երկրպագուներին։ Երբ Ջրհեղեղը սկսվեց, ակնհայտ դարձավ, որ տապանը հուսալի միջոց էր փրկության համար (Ծննդոց 7։1, 7, 10, 16)։

Նոյի օրերի ժամանակակից զուգահեռը

4, 5. ա) Ինչի՞ հետ Հիսուսը համեմատեց իր ներկայության ժամանակը։ բ) Ի՞նչ զուգահեռներ կան Նոյի օրերի և մեր ժամանակների միջև։

4 «Ինչպէս Նոյի օրերն, այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը [«ներկայությունը», ՆԱ]» (Մատթէոս 24։37)։ Այս խոսքերով Հիսուսը ցույց տվեց, որ իր անտեսանելի ներկայության ժամանակը նման կլինի Նոյի օրերին, և նրա խոսքերը իրականություն են դարձել։ 1919 թ.–ից սկսած՝ Նոյի պատգամի պես նախազգուշական պատգամ է հռչակվում բոլոր ազգերի մարդկանց։ Ընդհանուր առմամբ նրանց արձագանքը նման է Նոյի օրերի մարդկանց արձագանքին։

5 Ջրհեղեղի միջոցով Եհովան քայլեր ձեռնարկեց «անիրաւութեամբ [«բռնությամբ», ՆԱ] լցուած» աշխարհի դեմ (Ծննդոց 6։13)։ Այն, որ Նոյը և իր ընտանիքը բռնությանը մասնակից չէին լինում, այլ խաղաղությամբ շարունակում էին կառուցել տապանը, տեսնում էին բոլորը։ Այսօր մենք տեսնում ենք դրա զուգահեռը։ Անկեղծ մարդիկ նկատում են «արդարի ու ամբարշտի տարբերութիւնը. Աստուծոյ ծառայութիւն անողին եւ ծառայութիւն չ’անողին տարբերութիւնը» (Մաղաքիա 3։18)։ Կանխակալ կարծիք չունեցող մարդիկ հիանում են Եհովայի վկաների ցուցաբերած ազնվությամբ, բարությամբ, խաղաղասիրությամբ և ջանասիրությամբ ու այդ հատկությունների շնորհիվ տարբերում են Աստծու ծառաներին մյուս մարդկանցից։ Վկաները մերժում են ամեն տեսակի բռնություն և թույլ են տալիս, որ իրենց առաջնորդի Եհովայի սուրբ ոգին։ Ահա թե ինչու նրանք խաղաղություն ունեն և արդար կյանքով են ապրում (Եսայիա 60։17)։

6, 7. ա) Ի՞նչ չհասկացան Նոյի ժամանակակիցները, և ինչպե՞ս է նույնը տեղի ունենում մեր օրերում։ բ) Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Եհովայի վկաները տարբերվում են մյուս մարդկանցից։

6 Նոյի ժամանակակիցները չհասկացան, որ Նոյին աջակցում էր Աստված, և որ նա գործում էր Աստծու առաջնորդության ներքո։ Ուստի նրանք լրջորեն չվերաբերվեցին Նոյի քարոզչությանը և նրա նախազգուշական պատգամին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Չնայած շատերը հիանում են Եհովայի վկաների գործերով ու վարքով, սակայն լրջորեն չեն վերաբերվում բարի լուրին և Աստվածաշնչի նախազգուշացումներին։ Հարևանները, գործընկերները կամ հարազատները գուցե գովեստով են խոսում ճշմարիտ քրիստոնյաների լավ հատկությունների մասին, սակայն դժգոհում են՝ բացականչելով. «Բայց ափսո՜ս, որ նրանք Եհովայի վկաներ են»։ Նրանք անտեսում են այն, որ Եհովայի վկաները դրսևորում են սեր, խաղաղություն, բարություն, քաղցրություն, մեղմություն և ինքնատիրապետում, քանի որ առաջնորդվում են Աստծու սուրբ ոգով (Գաղատացիս 5։22–25)։ Նման հատկություններ դրսևորելը կշիռ է հաղորդում Վկաների քարոզած պատգամին։

7 Օրինակ՝ երբ Ռուսաստանում Եհովայի վկաները Թագավորության սրահ էին կառուցում, մի մարդ, մոտենալով շինարարներից մեկին, ասաց. «Ինչ հետաքրքիր շինարարներ եք. ոչ ծխում եք, ոչ կոպիտ խոսք ասում միմյանց, բոլորդ սթափ վիճակում եք։ Կարո՞ղ է Եհովայի վկաներ եք»։ Շինարարը պատասխանեց նրան. «Եթե ասեմ՝ ոչ, կհավատա՞ք»։ Այդ մարդը շտապ ասաց. «Իհարկե չեմ հավատա»։ Ռուսաստանի մեկ ուրիշ քաղաքում քաղաքապետը մեծապես տպավորվեց, երբ տեսավ, որ Վկաները Թագավորության նոր սրահ են կառուցում։ Նա ասաց, որ չնայած նախկինում կրոնական խմբերի մեջ տարբերություն չէր տեսնում, սակայն Եհովայի վկաների անկեղծությունն ու անշահախնդիր աշխատանքը տեսնելով՝ այլևս այդպես չի մտածում։ Սրանք ընդամենը երկու օրինակներ են, որոնք ցույց են տալիս, որ Եհովայի ծառաները տարբերվում են նրանցից, ովքեր Աստվածաշնչի չափանիշներով չեն ապրում։

8. Ինչի՞ց է կախված մեր փրկությունը այս չար աշխարհից։

8 Այն ‘հին աշխարհի’ վերջին օրերում, որը կործանվեց Ջրհեղեղի ժամանակ, Նոյը հավատարմորեն ծառայում էր որպես ‘արդարության քարոզիչ’ (Բ Պետրոս 2։5)։ Նմանապես և այսօր՝ իրերի այս համակարգի վերջին օրերում, Եհովայի ժողովուրդը տեղեկացնում է մարդկանց Աստծու արդար չափանիշների մասին և հռչակում, որ հնարավոր է փրկվել ու ապրել նոր աշխարհում (Բ Պետրոս 3։9–13)։ Ճիշտ ինչպես որ Նոյն ու իր աստվածավախ ընտանիքը փրկվեցին տապանի միջոցով, այնպես էլ այսօր մարդկանց փրկությունը կախված է հավատ ունենալուց և Եհովայի համաշխարհային կազմակերպության երկրային մասի հետ հավատարմորեն համագործակցելուց։

Փրկության համար հավատ է անհրաժեշտ

9, 10. Ինչո՞ւ է անհրաժեշտ հավատ ունենալ, եթե ցանկանում ենք փրկվել Սատանայի համակարգի կործանումից։

9 Ի՞նչ պետք է անի անհատը, որպեսզի փրկվի Սատանայի իշխանության տակ գտնվող այս աշխարհի անխուսափելի կործանումից (Ա Յովհաննէս 5։19)։ Նախ նա պետք է գիտակցի, որ անհրաժեշտ է պաշտպանություն ունենալ։ Այնուհետև նա պետք է օգտվի այդ պաշտպանությունից։ Նոյի օրերում ապրող մարդիկ զբաղվում էին իրենց առօրյա գործերով և մոտալուտ կործանումից պաշտպանվելու անհրաժեշտություն չէին տեսնում, քանի որ հավատ չունեին Աստծու հանդեպ։

10 Ի տարբերություն նրանց՝ Նոյն ու իր ընտանիքը գիտակցում էին պաշտպանության և փրկության անհրաժեշտությունը։ Նրանք նաև հավատ էին դրսևորում Տիեզերքի Գերիշխանի՝ Եհովա Աստծու հանդեպ։ «Առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել [Եհովային],— գրեց Պողոս առաքյալը,—որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի»։ Պողոսը նաև ավելացրեց. «Հաւատքով Նոյը պատգամ առնելով դեռ չ’երեւացած բաների համար եւ երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկութեան համար, որով աշխարհքիս դատապարտեց. եւ ժառանգ եղաւ հաւատքով լինող արդարութեանը» (Եբրայեցիս 11։6, 7)։

11. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես Եհովան պաշտպանեց իր ժողովրդին անցյալում։

11 Իրերի ներկա ամբարիշտ համակարգի կործանումից փրկվելու համար մենք պետք է ոչ միայն հավատանք, որ այն կկործանվի, այլ նաև դրսևորենք մեր հավատը՝ լիարժեքորեն օգտվելով փրկության համար Աստծու նախատեսած միջոցներից։ Իհարկե, մենք պետք է հավատ դրսևորենք Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության հանդեպ (Յովհաննէս 3։16, 36)։ Լավ կլինի հիշենք, որ փրկվեցին միայն նրանք, ովքեր Նոյի տապանում էին։ Նմանապես, հին Իսրայելում ապաստանի քաղաքները պաշտպանություն էին տալիս մարդասպանին միայն այն դեպքում, եթե նա փախչեր այդ քաղաքներից մեկը և մնար այնտեղ մինչև քահանայապետի մահը (Թուոց 35։11–32)։ Մովսեսի օրերում տասներորդ պատուհասի ժամանակ եգիպտացիների առաջնեկները մահացան, սակայն իսրայելացիների առաջնեկները փրկվեցին։ Ինչո՞ւ։ Եհովան Մովսեսին պատվիրել էր. «[Իսրայելացիները Պասեքի գառի] արիւնիցն առնեն եւ տների երկու կողմի դրանդիներին եւ վերի սեմին քսեն, ուր որ նորան պիտի ուտեն։ .... եւ մինչեւ առաւօտ ձեզանից մէկն իր տան դռնիցը դուրս չ’գայ» (Ելից 12։7, 22)։ Արդյոք իսրայելացիների առաջնեկներից որևէ մեկը կհամարձակվե՞ր արհամարհել Աստծու տված այդ հրահանգը և դուրս գալ տնից, որի «դրանդիներին եւ վերի սեմին» արյուն էր քսված։

12. Ի՞նչ հարց պետք է տա մեզանից յուրաքանչյուրն ինքն իրեն։

12 Ուստի մենք պետք է խորապես մտածենք մեր իրավիճակի մասին։ Իսկապե՞ս մենք գտնվում ենք Եհովայի հոգևոր պաշտպանության տակ։ Երբ մեծ նեղությունը սկսվի, ուրախության և երախտագիտության արցունքներ կհոսեն նրանց աչքերից, ովքեր փնտրել են այդ պաշտպանությունը։ Իսկ մնացած մարդկանց աչքերից կհոսեն միայն տխրության և ափսոսանքի արցունքներ։

Կազմակերպչական փոփոխությունները նախապատրաստում են մեզ փրկությանը

13. ա) Ի՞նչ նպատակի են ծառայել կազմակերպչական փոփոխությունները։ բ) Պատմիր մի քանի փոփոխությունների մասին։

13 Եհովան աստիճանաբար փոփոխություններ է կատարել իր կազմակերպության երկրային մասի մեջ։ Այդ փոփոխություններն ավելի են գեղեցկացրել և ամրապնդել մեր հոգևոր պաշտպանության համար ստեղծված այս կառույցը։ 1870–1932 թթ.–ին երեցներն ու ծառայող օգնականները ընտրվում էին ժողովի անդամների կողմից։ 1932 թ.–ին ժողովները սկսեցին ընտրել ոչ թե երեցներին, այլ Ծառայողական կոմիտեին, որը պետք է աջակցեր ծառայողական ղեկավարին։ 1938 թ. ընթացքում միջոցներ ձեռնարկվեցին, որ ժողովի բոլոր ծառայողները նշանակվեն աստվածապետականորեն։ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի առաջնորդության ներքո սկսած 1972 թ.–ից՝ ժողովներում երեցներն ու ծառայող օգնականները նշանակվում են աստվածապետականորեն։ Նրանց մասին երաշխավորագրեր են ուղարկվում, և եթե դրանց հավանություն է տրվում, ժողովը նամակ է ստանում այդ եղբայրների նշանակման մասին։ Տարիների ընթացքում Կառավարիչ մարմնի պատասխանատվությունները շատացել են, և նրա աշխատանքը հեշտացնելու համար փոփոխություններ են արվել։

14. Կրթական ի՞նչ ծրագիր է գործում 1959 թ.–ից։

14 1950 թ.–ին Սաղմոս 45։16–ի մանրամասն քննարկումը զարկ տվեց կրթական ծրագրին։ Այդ համարում ասվում է. «Քո հայրերի տեղ քո որդիքը կ’լինին, եւ իշխաններ կ’դնես նորանց ամեն երկրի վերայ»։ Ժողովում առաջնորդություն վերցնող երեցները կրթվում են աստվածապետական գործունեություն կատարելու համար թե՛ ներկայումս և թե՛ Արմագեդոնից հետո (Յայտնութիւն 16։14, 16)։ 1959 թ.–ին սկսեց գործել Թագավորական ծառայության դպրոցը։ Այդ ժամանակ մեկամսյա դասընթաց անցկացվեց հիմնականում ժողովի ծառայողների համար, ինչպես որ այն ժամանակ կոչվում էին նախագահող վերակացուները։ Իսկ այժմ այդ դպրոցում կրթվում են բոլոր երեցներն ու ծառայող օգնականները։ Իրենց հերթին այս եղբայրները առաջնորդություն են վերցնում՝ կրթելով յուրաքանչյուր Եհովայի վկայի այն ժողովում, որտեղ ծառայում են։ Այսպիսով բոլորին հոգևոր օգնություն է ցույց տրվում, որի արդյունքում նրանք դառնում են Թագավորության բարի լուրի ավելի արդյունավետ քարոզիչներ (Մարկոս 13։10)։

15. Ո՞ր երկու ձևերով է պահպանվում քրիստոնեական ժողովի մաքրությունը։

15 Այն անհատները, ովքեր ցանկանում են դառնալ քրիստոնեական ժողովի մի մասը, պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների։ Իսկ նրանք, ովքեր ծաղրող են, չեն դառնա նրա մի մասը, ինչպես որ Նոյի օրերում ծաղրողները տեղ չունեցան տապանում (Բ Պետրոս 3։3–7)։ Հատկապես 1952 թ.–ից Եհովայի վկաները մեծապես աջակցում են ժողովը մաքուր պահելու գործին, որն իրականացվում է՝ չզղջացող մեղավորներին ընկերակցությունից զրկելու միջոցով։ Իհարկե, անկեղծորեն զղջացող մեղավորներին սիրով օգնում են, որպեսզի նրանք իրենց «ոտների համար ուղիղ ճանապարհներ» շինեն (Եբրայեցիս 12։12, 13; Առակաց 28։13; Գաղատացիս 6։1)։

16. Հոգևորապես ի՞նչ վիճակում են գտնվում Եհովայի ծառաները։

16 Այն, որ Եհովայի ժողովուրդը հոգևորապես բարեկեցիկ վիճակում է, զարմանալի չէ և ոչ էլ պատահականության արդյունք է։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան ասաց. «Ահա իմ ծառաները պիտի ուտեն, բայց դուք պիտի սոված մնաք, ահա իմ ծառաները պիտի խմեն, բայց դուք պիտի ծարաւ մնաք, ահա իմ ծառաները պիտի ուրախանան, բայց դուք պիտի ամաչէք։ Ահա իմ ծառաները պիտի ցնծան սրտի բերկրութիւնից, բայց դուք պիտի գոռաք սրտի ցաւից, եւ սրտաբեկութիւնից պիտի ոռնաք» (Եսայիա 65։13, 14)։ Եհովան շարունակում է մեզ առատապես ապահովել ժամանակահարմար և հոգևորապես առողջարար սննդով, որը մեզ օգնում է հոգևորապես ամուր մնալ (Մատթէոս 24։45)։

Նախապատրաստվիր փրկությանը

17. Ի՞նչը կօգնի մեզ նախապատրաստվել փրկությանը։

17 Այսօր առավել քան երբևէ ժամանակն է, որ «իրարու հոգ տանինք՝ սիրոյ եւ բարեգործութեան մղելով եւ մէկտեղ հաւաքուիլը չթողունք, ինչպէս ոմանք սովորութիւն ունին. հապա մէկըզմէկ յորդորենք» (Եբրայեցիս 10։23–25, ԱԱ)։ Լինելով Եհովայի վկաների 98 000 ժողովներից որևէ մեկում և ակտիվորեն համագործակցելով ժողովի հետ՝ կկարողանանք նախապատրաստվել փրկությանը։ Մեր հավատակիցները մեզ կաջակցեն, որպեսզի կարողանանք հագնել «նոր մարդը» և օգնել մարդկանց սովորելու փրկության համար Եհովայի ձեռնարկած միջոցառման մասին (Եփեսացիս 4։22–24; Կողոսացիս 3։9, 10; Ա Տիմոթէոս 4։16)։

18. Ինչո՞ւ ես վճռել հավատարիմ մնալ քրիստոնեական ժողովին։

18 Սատանան և նրա չար աշխարհը ամեն ջանք թափում են, որ մեզ հեռացնեն քրիստոնեական ժողովից։ Սակայն մենք կարող ենք մնալ քրիստոնեական ժողովում և փրկվել իրերի այս չար համակարգի կործանումից։ Թող որ Եհովայի հանդեպ սերն ու նրա սիրառատ միջոցառումների հանդեպ գնահատանքը մղեն մեզ առավել քան երբևէ վճռական լինել Սատանային հակառակվելու հարցում։ Մեր ունեցած օրհնությունների շուրջ խորհրդածելը ավելի վճռական կդարձնի մեզ։ Այդ օրհնություններից մի քանիսի մասին կքննարկվի հաջորդ հոդվածում։

Ինչպե՞ս կպատասխանեք

• Ինչո՞վ են մեր օրերը նման Նոյի օրերին։

• Փրկության համար ի՞նչ է անհրաժեշտ։

• Ո՞ր կազմակերպչական փոփոխություններն են ամրացրել հոգևոր պաշտպանության համար Եհովայի նախատեսած կառույցը։

• Ինչպե՞ս կարող ենք նախապատրաստվել փրկությանը։

[նկար 22-րդ էջի վրա]

Նոյի ժամանակակիցները լրջորեն չվերաբերվեցին նրա պատգամին

[նկար 23-րդ էջի վրա]

Հարկավոր է լրջորեն վերաբերվել Աստծու նախազգուշական պատգամներին

[նկար 24-րդ էջի վրա]

Ի՞նչ նպատակի է ծառայում Թագավորական ծառայության դպրոցը

[նկար 25-րդ էջի վրա]

Այժմ ժամանակն է հավատարիմ մնալ քրիստոնեական ժողովին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը