Ծնված՝ Աստծու ընտրյալ ազգի մեջ
«Քո Եհովայ Աստուածը քեզ ընտրեց, որ դու նորա համար.... ժողովուրդ լինես» (Բ ՕՐԻՆԱՑ 7։6)։
1, 2. Ի՞նչ զորավոր գործեր կատարեց Եհովան իր ժողովրդի համար, և ի՞նչ փոխհարաբերությունների մեջ մտան իսրայելացիները Աստծու հետ։
ՄԵՐ թվարկությունից առաջ 1513 թ.–ին Եհովան նոր փոխհարաբերություններ հաստատեց իր երկրային ծառաների հետ։ Այդ տարի նա խոնարհեցրեց մի աշխարհակալ տերության և ազատագրեց իսրայելացիներին ստրկությունից։ Եհովան դարձավ նրանց Փրկիչը և Տերը։ Մինչ այդ Աստված Մովսեսին ասել էր. «Իսրայէլի որդիներին ասիր. Ես եմ Եհովան. եւ ես ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը կ’հանեմ, եւ ձեզ նորանց ծառայութիւնիցը կ’ազատեմ, եւ կ’փրկեմ ձեզ մեկնած բազուկով եւ մեծ դատաստաններով։ Եւ ձեզ ինձ համար ժողովուրդ վեր կ’առնեմ, եւ ձեզ համար Աստուած կ’լինիմ» (Ելից 6։6, 7; 15։1–7, 11)։
2 Եգիպտոսից դուրս գալուց կարճ ժամանակ անց իսրայելացիները ուխտի վրա հիմնված փոխհարաբերություններ հաստատեցին իրենց Աստծու՝ Եհովայի հետ։ Այսուհետև Եհովան գործ չէր ունենալու առանձին անհատների, ընտանիքների կամ տոհմերի հետ, այլ երկրի վրա ունենալու էր մի կազմակերպված ժողովուրդ (Ելից 19։5, 6; 24։7)։ Նա իր ծառաներին տվեց օրենքներ, որոնցով նրանք պետք է առաջնորդվեին առօրյա կյանքում և, ինչը ավելի կարևոր է, երկրպագության մեջ։ Մովսեսը նրանց ասաց. «Ո՞րն է այն մեծ ազգը, որ իր աստուածները իր մօտ լինեն ինչպէս մեր Եհովայ Աստուածը ամեն բանում, որ նորանից խնդրում ենք։ Եւ ո՞րն է այն մեծ ազգը, որ արդար կանոններ ու դատաստաններ ունենայ իմ այսօր ձեր առաջին դրած այս բոլոր օրէնքի նման» (Բ Օրինաց 4։7, 8)։
Ծնված՝ վկաների ազգի մեջ
3, 4. Ի՞նչ կարևոր պատճառ կար, որ իսրայելացիները գոյություն ունենային որպես ազգ։
3 Դարեր անց Եհովան իր մարգարե Եսայիայի միջոցով իսրայելացիներին հիշեցրեց, թե որն էր նրանց՝ որպես ազգ գոյություն ունենալու կարևոր պատճառներից մեկը։ Եսայիան ասաց. «Այսպէս է ասում Տէրը՝ քո Ստեղծողը, ով Յակոբ, եւ քո Արարիչը, ով Իսրայէլ. մի վախենար, որովհետեւ ես քեզ փրկել եմ, քո անունովը կանչել եմ, թէ դու իմն ես։ Որովհետեւ ես Տէրս քո Աստուածն եմ, Իսրայէլի Սուրբս քո Փրկիչն եմ.... Բեր իմ որդիներին հեռուից, եւ իմ աղջիկներին՝ երկրի ծայրից։ Բոլոր իմ անունով կոչուածներին, եւ որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար, նորանց կազմեցի եւ արի էլ։ Դուք էք իմ վկաները, ասում է Տէրը. եւ իմ ծառան, որին ես ընտրել եմ.... Այն ազգը, որ ես կազմել եմ ինձ համար, պիտի պատմէ իմ օրհնաբանութիւնը» (Եսայիա 43։1, 3, 6, 7, 10, 21)։
4 Լինելով Եհովայի անունը կրող ժողովուրդ՝ իսրայելացիները պետք է ուրիշ ազգերին վկայություն տային նրա գերիշխանության մասին։ Նրանք մի ազգ էին, որը ‘ստեղծվել էր Եհովայի փառքի համար’։ Իսրայելացիները պետք է ‘պատմեին Եհովայի օրհնաբանությունը’՝ պատմեին նրա փրկաբեր գործերի մասին և այդպիսով փառաբանեին նրա սուրբ անունը։ Պարզ ասած՝ նրանք պետք է Եհովայի համար լինեին որպես վկաների ազգ։
5. Ինչպե՞ս էր Իսրայելը Աստծուն նվիրված ժողովուրդ։
5 Մ. թ. ա. 11–րդ դարում Սողոմոն թագավորը նշեց, որ Եհովան Իսրայելին դարձրել էր ‘ջոկված’, կամ՝ ‘զատված’ (ԱԱ) ազգ։ Եհովային ուղղված իր աղոթքում նա ասաց. «Դու նորանց քեզ համար ժառանգութիւն ջոկեցիր երկրի ամեն ազգերից» (Գ Թագաւորաց 8։53)։ Սակայն իսրայելացիները Եհովայի հետ փոխհարաբերությունների մեջ էին ոչ միայն որպես մեկ ամբողջական ազգ, այլև որպես առանձին անհատներ։ Ավելի վաղ Մովսեսը նրանց ասել էր. «Դուք ձեր Եհովայ Աստուծոյ որդիքն էք.... որովհետեւ դու քո Եհովայ Աստուծոյ համար սուրբ ժողովուրդ ես» (Բ Օրինաց 14։1, 2)։ Հարկ չկար, որ իսրայելացի երեխաներն իրենց կյանքը նվիրեին Եհովային։ Նրանք արդեն ծնված օրվանից Աստծուն նվիրված ժողովրդի անդամներ էին (Սաղմոս 79։13; 95։7)։ Իսրայելացիների յուրաքանչյուր նոր սերունդ դաստիարակվում էր Եհովայի օրենքներով և պարտավոր էր պահել դրանք, քանի որ Եհովայի հետ կապված էր ուխտով (Բ Օրինաց 11։18, 19)։
Ընտրության ազատություն ունեին
6. Յուրաքանչյուր իսրայելացի ի՞նչ ընտրություն պետք է կատարեր։
6 Թեև իսրայելացիները ծնվում էին Աստծուն նվիրված ժողովրդի մեջ, սակայն նրանցից յուրաքանչյուրը պետք է անձամբ որոշում կայացներ ծառայելու Աստծուն։ Նախքան իսրայելացիների՝ Ավետյաց երկիր մտնելը Մովսեսն ասաց. «Այսօր երկինքն ու երկիրը վկայ եմ կանչում ձեզ վերայ, որ կեանքը ու մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը. որ քո Եհովայ Աստուծուն սիրես՝ նորա ձայնին լսես, եւ նորան յարես, որովհետեւ նա է քո կեանքը եւ քո օրերի երկայնութիւնը, որ բնակուես այն երկրի վերայ, որ Եհովան քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ նորանց տալու համար» (Բ Օրինաց 30։19, 20)։ Ուստի իսրայելացիները անձամբ պետք է որոշում կայացնեին սիրելու Եհովային, լսելու նրա ձայնին և հարելու նրան։ Ունենալով կամքի ազատություն՝ նրանք կարող էին կա՛մ ճիշտ, կա՛մ սխալ ընտրություն կատարել և համապատասխանաբար օգուտ կամ վնաս բերել իրենց (Բ Օրինաց 30։16–18)։
7. Ի՞նչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հեսուի օրերի սերունդը մահացավ։
7 Այն, ինչ տեղի էր ունենում դատավորների օրոք, հստակորեն ցույց է տալիս, թե որն է հավատարմության ու անհավատարմության արդյունքը։ Մինչ այդ իսրայելացիները հետևել էին Հեսուի լավ օրինակին և օրհնություններ ստացել։ «Ժողովուրդը Տիրոջը պաշտեց Յեսուի բոլոր օրերումը եւ Յեսուից յետոյ ողջ մնացող եւ Իսրայելի համար Տիրոջ արած ամեն մեծ գործքերը տեսնող ծերերի բոլոր օրերումը»։ Սակայն Հեսուի մահից որոշ ժամանակ անց «մեկ ուրիշ ազգ [«սերունդ», ԷԹ] վեր կացավ, որ չէր ճանաչում ոչ Տիրոջը եւ ոչ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի համար։ Եւ Իսրայելի որդիքը Տիրոջ առաջին չարութիւն արին» (Դատաւորաց 2։7, 10, 11)։ Ակներևաբար, նոր՝ անփորձ սերունդը չգնահատեց իր ժառանգությունը, այսինքն՝ նվիրված ազգի անդամներ լինելը, ազգ, որի համար իրենց Աստվածը՝ Եհովան, հնում զորավոր գործեր էր արել (Սաղմոս 78։3–7, 10, 11)։
Ապրել նվիրման համաձայն
8, 9. ա) Ինչպե՞ս կարող էին իսրայելացիները ցույց տալ իրենց նվիրումը Եհովային։ բ) Ինչպե՞ս էր Եհովան վերաբերվում կամավոր զոհաբերություններ մատուցողներին։
8 Եհովան իր ժողովրդին հնարավորություններ էր տվել ապրելու նվիրման համաձայն։ Օրինակ՝ Օրենքով նախատեսված էր, որ իսրայելացիները զոհեր, կամ՝ նվիրաբերություններ անեին։ Որոշ զոհաբերություններ պարտադիր էին, մինչդեռ մյուսները՝ կամավոր (Եբրայեցիս 8։3)։ Կամավոր նվիրաբերություններից էին ողջակեզը, հացի նվերը և խաղաղության զոհը, որոնք իսրայելացիները մատուցում էին Եհովային՝ նրա բարեհաճությանն արժանանալու և իրենց երախտագիտությունը հայտնելու համար (Ղեւտացոց 7։11–13)։
9 Այդ կամավոր ընծաները հաճելի էին Եհովային։ Ողջակեզի և հացի նվերի մասին ասվում է, որ դրանք ‘Եհովային անուշահոտ պատարագներ’ էին (Ղեւտացոց 1։9; 2։2)։ Խաղաղության զոհի ժամանակ արյունն ու ճարպը մատուցվում էին Եհովային, իսկ միսը ուտում էին քահանան և զոհ բերողը։ Դա այլաբանական ընթրիք էր, որը խորհրդանշում էր խաղաղ փոխհարաբերություններ Եհովայի հետ։ Օրենքում ասվում էր. «Եթէ խաղաղութեան զոհ մատուցանէք Եհովային ձեր ընդունելութեան համար մատուցրէք» (Ղեւտացոց 19։5)։ Թեև բոլոր իսրայելացիներն ի ծնե նվիրված էին Եհովային, նրանք, ովքեր իրոք ջանացին ապրել նվիրման համաձայն, կամավոր զոհաբերությունների շնորհիվ ‘ընդունելի’ եղան Աստծուն և առատապես օրհնվեցին (Մաղաքիա 3։10)։
10. Եսայիայի և Մաղաքիայի օրերում Եհովան ինչպե՞ս արտահայտեց իր անհավանությունը։
10 Սակայն Իսրայել ազգը հաճախ անհավատարմություն էր դրսևորում Եհովայի հանդեպ։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան ասաց. «Դու ինձ համար չես բերել քո ողջակէզների ոչխարները, եւ քո զոհերովը չ’փառաւորեցիր ինձ. ես քեզ չ’ծառայեցրի ընծայով» (Եսայիա 43։23)։ Դեռ ավելին, այն զոհերը, որոնք չէին մատուցվում կամավորապես և սիրուց մղված, Եհովայի աչքում ոչ մի արժեք չունեին։ Օրինակ՝ Եսայիայից երեք հարյուրամյակ անց՝ Մաղաքիա մարգարեի օրերում, իսրայելացիները արատավոր զոհեր էին մատուցում։ Ուստի Մաղաքիան նրանց ասաց. «Ես ձեզ չեմ հաւանում, ասում է Զօրաց Տէրը. եւ ընծայ չեմ ընդունում ձեր ձեռքիցը.... Բերում էք յափշտակուածն ու կաղը եւ հիւանդը. այսպէս էք բերում ընծան. մի՞թէ ես կ’ընդունեմ այդ ձեր ձեռքերիցը, ասում է Տէրը» (Մաղաքիա 1։10, 13; Ամովս 5։22)։
Նվիրված ազգը մերժվեց
11. Ի՞նչ հնարավորություն էր տրվել իսրայելացիներին։
11 Երբ իսրայելացիները դարձան նվիրված ազգ, Եհովան նրանց խոստացավ. «Եթէ իրաւ իմ ձայնին լսէք եւ իմ ուխտը պահէք, այն ժամանակ դուք ինձ համար սեպհական ժողովուրդ կ’լինիք ամեն ազգերից, որովհետեւ իմն է բոլոր երկիրը։ Եւ դուք ինձ համար քահանաների թագաւորութիւն եւ սուրբ ազգ կ’լինիք» (Ելից 19։5, 6)։ Խոստացյալ Մեսիան պետք է հայտնվեր նրանց մեջ և նրանց հնարավորություն տար առաջինը դառնալու Աստծու Թագավորության անդամներ (Ծննդոց 22։17, 18; 49։10; Բ Թագաւորաց 7։12, 16; Ղուկաս 1։31–33; Հռովմայեցիս 9։4, 5)։ Սակայն իսրայելացիների մեծամասնությունը թերացավ ապրել նվիրման համաձայն (Մատթէոս 22։14)։ Նրանք մերժեցին Մեսիային և վերջիվերջո սպանեցին (Գործք 7։51–53)։
12. Հիսուսի ո՞ր խոսքերն են ցույց տալիս, որ Եհովան մերժել էր իսրայելացիներին՝ որպես իրեն նվիրված ազգի։
12 Իր մահից մի քանի օր առաջ Հիսուսը հրեա կրոնական առաջնորդներին ասաց. «Դուք երբէք չէ՞ք կարդացել գրքումը՝ Այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղաւ անկիւնի գլուխ. սա Տիրոջիցը եղաւ, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։ Սորա համար ասում եմ ձեզ. որ Աստուծոյ արքայութիւնը ձեզանից վեր կ’առնուի եւ մի ազգի կ’տրուի, որ նորա պտուղներ կ’բերէ» (Մատթէոս 21։42, 43)։ Ցույց տալով, որ Եհովան մերժել է նրանց որպես իրեն նվիրված ազգի՝ Հիսուսը բացականչեց. «Երուսաղէմ Երուսաղէմ, մարգարէները կոտորող, եւ քեզ մօտ ուղարկուածները քարկոծող. քանի անգամ կամեցայ քո երեխաները ժողովել, ինչպէս հաւը ժողովում է իր ձագերը թեւերի տակը. եւ դուք չ’կամեցաք։ Ահա ձեր տունն աւերուած կ’թողուի ձեզ» (Մատթէոս 23։37, 38)։
Եհովային նվիրված նոր ազգ
13. Ի՞նչ մարգարեացավ Եհովան Երեմիայի միջոցով։
13 Եհովան Երեմիայի միջոցով մի նոր բան մարգարեացավ իր ժողովրդի մասին։ Կարդում ենք. «Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Իսրայէլի տան հետ եւ Յուդայի տան հետ պիտի նոր ուխտ կապեմ։ Ոչ թէ այն ուխտի պէս, որ ես արի նորանց հայրերի հետ, այն օրը որ ես բռնեցի նորանց ձեռքիցը Եգիպտոսի երկրիցը նորանց հանելու համար, որ իմ այն ուխտը նորանք զանց արին, թէպէտ ես նորանց հետ ամուսնականապէս կապուել էի, ասում է Տէրը։ Այլ այս է այն ուխտը, որ պիտի կապեմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը. իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նորանց Աստուած, եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն» (Երեմիա 31։31–33)։
14. Ե՞րբ և ինչի հիման վրա սկսեց գոյություն ունենալ Եհովային նվիրված նոր ազգը։ Ո՞րն է այդ ազգը։
14 Այդ նոր ուխտի հիմքը դրվեց մ. թ. 33 թ.–ին, երբ Հիսուսը մահացավ և ավելի ուշ իր թափած արյան արժեքը ներկայացրեց իր Հորը (Ղուկաս 22։20; Եբրայեցիս 9։15, 24–26)։ Սակայն նոր ուխտը սկսեց գործել մ. թ. 33–ի Պենտեկոստեին, երբ թափվեց սուրբ ոգին, և ծնվեց նոր ազգ՝ ‘Աստծու Իսրայելը’ (Գաղատացիս 6։16; Հռովմայեցիս 2։28, 29; 9։6; 11։25, 26)։ Պետրոս առաքյալը օծյալ քրիստոնյաներին հետևյալը գրեց. «Դուք ընտիր ազգ էք, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեփհական ժողովուրդ, որ քարոզէք նորա առաքինութիւնները, որ ձեզ խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ. որ դուք ժամանակով ժողովուրդ չ’էիք, բայց հիմա Աստուծոյ ժողովուրդ էք» (Ա Պետրոս 2։9, 10)։ Եհովայի հատուկ փոխհարաբերությունները իսրայելացիների հետ ավարտվել էին։ Մ. թ. 33–ին Աստված դադարեց հավանել մարմնավոր Իսրայելին և սկսեց իր հաճությանն արժանացնել հոգևոր Իսրայելին՝ քրիստոնեական ժողովին, որը Մեսիական Թագավորության պտուղներ էր բերում (Մատթէոս 21։43)։
Անձնական նվիրում
15. Ի՞նչ մկրտություն էր հորդորում ընդունել Պետրոսը մ. թ. 33–ի Պենտեկոստեին։
15 Մ. թ. 33–ի Պենտեկոստեից հետո յուրաքանչյուր անհատ, լիներ հրեա, թե՝ այլազգի, պետք է անձամբ նվիրվեր Աստծուն և մկրտվեր «Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը»a (Մատթէոս 28։19)։ Պենտեկոստեին Պետրոս առաքյալը ազնվասիրտ հրեաներին և պրոզելիտներին ասաց. «Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողութեան համար, եւ Սուրբ Հոգու պարգեւը կ’ընդունիք» (Գործք 2։38)։ Այդ հրեաներն ու պրոզելիտներն իրենց մկրտությամբ ցույց կտային, որ ոչ միայն իրենց անձերը նվիրել էին Եհովային, այլև ընդունում էին Հիսուսին որպես միջոցի, որով Եհովան ներում էր նրանց մեղքերը։ Նրանք պետք է ընդունեին Քրիստոսին որպես Եհովայի Քահանայապետի, իրենց Առաջնորդի և քրիստոնեական ժողովի Գլխի (Կողոսացիս 1։13, 14, 18)։
16. Պողոսի օրերում ինչպե՞ս ազնվասիրտ հրեաներն ու այլազգիները հոգևոր Իսրայելի մաս կազմեցին։
16 Տարիներ անց Պողոս առաքյալը գրեց. «Առաջ նորանց՝ որ Դամասկոսումը եւ Երուսաղէմումն էին եւ բոլոր Հրէաստանի երկրումը եւ հեթանոսներին պատմեցի, ապաշխարել եւ դառնալ դէպի Աստուծուն, ապաշխարութեան արժանի գործեր գործելով» (Գործք 26։20)։ Հրեաներին և ուրիշ ազգերի մարդկանց համոզելով, որ Հիսուսը Քրիստոսն էր, այսինքն՝ Մեսիան՝ Պողոսն օգնեց նրանց նվիրվել և մկրտվել (Գործք 16։14, 15, 31–33; 17։3, 4; 18։8)։ Դառնալով Աստծուն՝ այդ նոր աշակերտները հոգևոր Իսրայելի անդամներ եղան։
17. Կնիք դնելու ի՞նչ գործ է մոտենում ավարտին, և ի՞նչ հավաք է արագորեն կատարվում։
17 Այսօր հոգևոր իսրայելացիների մնացորդի վրա կնիք դնելու գործը մոտենում է ավարտին։ Երբ այն ամբողջացվի, ‘չորս հրեշտակներին’ թույլ կտրվի բաց թողնել «մեծ նեղության» կործանարար քամիները։ Իսկ մինչ այդ երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեցող մարդիկ արագորեն հավաքվում են «մեծ բազմության» մեջ։ Այդ «ուրիշ ոչխարները» սրտանց ցանկանում են հավատ ընծայել ‘Գառի արյանը’ և մկրտվել՝ ի նշան իրենց նվիրման Եհովային (Յայտնութիւն 7։1–4, 9–15; 22։17; Յովհաննէս 10։16; Մատթէոս 28։19, 20)։ Նրանց մեջ կան շատ երիտասարդներ, որոնք մեծացել են քրիստոնեական ընտանիքում։ Եթե դու այդ երիտասարդներից մեկն ես, ապա քեզ համար հետաքրքիր կլինի ընթերցել հաջորդ հոդվածը։
[ծանոթագրություն]
Փորձենք հիշել
• Ինչո՞ւ հարկ չկար, որ իսրայելացի երեխաները նվիրվեին Եհովային։
• Իսրայելացիներն ինչպե՞ս կարող էին ցույց տալ, որ ապրում են իրենց նվիրման համաձայն։
• Եհովան ինչո՞ւ մերժեց Իսրայելին և ո՞ւմ ընտրեց նրա փոխարեն։
• Մ. թ. 33 թ. Պենտեկոստեից հետո ի՞նչ պետք է անեին հրեաներն ու այլազգիները՝ հոգևոր Իսրայելի անդամներ դառնալու համար։
[նկար 21-րդ էջի վրա]
Իսրայելացի երեխաները ծնված օրվանից Աստծու ընտրյալ ժողովրդի անդամներ էին
[նկար 23-րդ էջի վրա]
Յուրաքանչյուր իսրայելացի պետք է անձամբ որոշեր ծառայել Աստծուն
[նկար 23-րդ էջի վրա]
Կամավոր նվիրաբերությունները իսրայելացիներին հնարավորություն էին տալիս դրսևորելու իրենց սերը Եհովայի հանդեպ
[նկար 25-րդ էջի վրա]
Մ. թ. 33 թ. Պենտեկոստեից հետո Քրիստոսի աշակերտները պետք է անձամբ նվիրվեին Աստծուն և դա խորհրդանշեին ջրի մկրտությամբ