Ընթերցողների հարցերը
Որտեղի՞ց գիտենք, որ Առակաց 8։22–31-ում նկարագրված իմաստությունը վերաբերում է Հիսուս Քրիստոսին նրա մինչմարդկային գոյության ժամանակ։
Աստծուց ներշնչված «Առակաց» գրքում իմաստության մասին կարդում ենք հետևյալը. «Տէրն ինձ ունէր [«զիս ստեղծեց», ԱԱ] իր ճանապարհի սկզբումը, իր վաղեմի գործքերիցն առաջ....։ Տակաւին սարերը չ’ձգուած, բլուրներիցն առաջ եմ ես ծնուել....։ Նա երկինքները պատրաստելիս՝ ես այնտեղ էի....։ Այն ժամանակ ես նորա կշտին ճարտարապետ էի, եւ նորա ուրախութիւնն էի ամեն օր՝ զուարճանալով նորա առաջին ամեն ժամանակ.... եւ իմ զուարճութիւնը մարդկանց որդիների հետ էր»։
Այս համարներում չի խոսվում պարզապես Աստծու իմաստության կամ առհասարակ իմաստության մասին։ Ինչո՞ւ։ Քանի որ այստեղ հիշատակած իմաստությունը Աստված ‘ստեղծել’ է որպես իր ճանապարհի սկիզբ։ Եհովան միշտ գոյություն է ունեցել և միշտ իմաստուն է եղել (Սաղմոս 90։1, 2)։ Իր իմաստությունը սկիզբ չի ունեցել. այն ո՛չ ստեղծվել է, ո՛չ էլ «ծնուել»։ Դեռ ավելին, այս իմաստության մասին ասվում է, որ այն խոսում է և գործում, հետևաբար վերջինս անձնավորության է մատնանշում (Առակաց 8։1)։
«Առակաց» գրքում ասվում է, որ շատ վաղուց իմաստությունը Աստծու մոտ «ճարտարապետ» էր։ Դա, անշուշտ, վերաբերում է Հիսուսին։ Երկիր գալուց շատ առաջ Քրիստոսը այնքան սերտորեն էր համագործակցում Եհովայի հետ, որ Աստծու Խոսքն ասում է. «Նա ամենից առաջ է, եւ ամեն բան նորանով է հաստատ» (Կողոսացիս 1։17; Յայտնութիւն 3։14)։
Աստծու Որդուն որպես իմաստություն նկարագրելը տեղին է, քանի որ նա այն անձնավորությունն էր, որը հայտնեց Եհովայի իմաստուն նպատակներն ու վճիռները։ Իր մինչմարդկային գոյության ժամանակ Հիսուսը Աստծու ‘Բանն’ էր, կամ՝ Խոսնակը (Յովհաննէս 1։1)։ Սուրբ Գրություններում նա կոչվում է «Աստուծոյ զօրութիւն եւ Աստուծոյ իմաստութիւն» (Ա Կորնթացիս 1։24, 30)։ Ի՜նչ գեղեցիկ կերպով է նկարագրվում Աստծու Որդին, որի սերը մարդկանց հանդեպ մղեց նրան տալու իր կյանքը նրանց համար որպես փրկանք (Յովհաննէս 3։16)։
[նկար 31-րդ էջի վրա]
‘Տակավին սարերը չձգված՝ ես ծնվել եմ’