Հարգանք ցուցաբերենք մեր սուրբ հանդիպումների նկատմամբ
«Նորանց էլ պիտի բերեմ իմ սուրբ սարը, եւ նորանց ուրախացնեմ իմ աղօթքի տան մէջ» (ԵՍԱՅԻԱ 56։7)։
1. Սուրբգրային ի՞նչ հիմքեր ունենք մեր հանդիպումների նկատմամբ պատշաճ հարգանք ցուցաբերելու։
ԵՀՈՎԱՆ հավաքել է իր ժողովրդին՝ օծյալ քրիստոնյաներին և նրանց ընկերակիցներին, որպեսզի երկրպագեն իրեն իր ‘սուրբ սարի’ վրա։ Աստված ուրախություն է պարգևում նրանց իր ‘աղոթքի տանը’՝ հոգևոր տաճարում, որ ‘աղոթքի տուն է բոլոր ազգերի համար’ (Եսայիա 56։7; Մարկոս 11։17)։ Այս ամենը ցույց է տալիս, որ Եհովայի երկրպագությունը սուրբ է, անաղարտ և վեհ։ Ուսումնասիրության և երկրպագության համար նախատեսված մեր հանդիպումների նկատմամբ պատշաճ հարգանք ցուցաբերելով՝ մենք փաստում ենք, որ ունենք Եհովայի տեսակետը սուրբ բաների վերաբերյալ։
2. Ինչի՞ց է երևում, որ Եհովան իր երկրպագության համար նախատեսված վայրը սուրբ էր համարում, և ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ ունի նույն վերաբերմունքը։
2 Եհովայի ընտրած վայրը, որտեղ հին իսրայելացիները երկրպագում էին իրեն, պետք է սուրբ համարվեր։ Խորանը և նրա պիտույքները պետք է օծվեին ու սրբացվեին, «որ ամենասուրբ լինին» (Ելից 30։26–29)։ Սրբարանի երկու բաժանմունքներից մեկը կոչվում էր «սրբութիւն», իսկ երկրորդը՝ «Սրբութիւն սրբութեանց» (Եբրայեցիս 9։2, 3)։ Հետագայում խորանին փոխարինեց Երուսաղեմի տաճարը։ Լինելով Եհովայի երկրպագության կենտրոն՝ Երուսաղեմը կոչվում էր ‘սուրբ քաղաք’ (Նէեմիա 11։1; Մատթէոս 27։53)։ Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը պատշաճ հարգանք ցույց տվեց տաճարի նկատմամբ։ Նա բարկացավ մարդկանց վրա այն բանի համար, որ նրանք անհարգալից վարք էին դրսևորում տաճարի նկատմամբ. այն օգտագործում էին առևտրով զբաղվելու համար, ինչպես նաև անցնում էին նրա միջով՝ իրենց ճանապարհը կարճացնելու համար (Մարկոս 11։15, 16)։
3. Ի՞նչն էր ցույց տալիս, որ իսրայելացիների հավաքույթները սուրբ էին։
3 Իսրայելացիները կանոնավորաբար հավաքվում էին Եհովային երկրպագելու և նրա Օրենքի ընթերցանությունը լսելու։ Նրանց տոների որոշ օրեր կոչվում էին ‘սուրբ ժողովներ’ կամ ‘հանդիսավոր ժողովներ’, ինչը վկայում էր, որ այդ հավաքույթները սուրբ էին (Ղեւտացոց 23։2, 3, 36, 37)։ Եզրասի և Նեեմիայի օրերում տեղի ունեցած հանրային հավաքույթի ժամանակ ղևտացիները «օրէնքը հասկացնում էին ժողովրդին»։ Քանի որ «բոլոր ժողովուրդը լաց էին լինում երբոր լսում էին օրէնքի խօսքերը», ղևտացիները «լռեցրին բոլոր ժողովրդին ասելով. Լռեցէք, որովհետեւ այս օրը սուրբ է»։ Այնուհետև իսրայելացիները ‘շատ մեծ ուրախությամբ’ տոնեցին յոթ օր տևող Տաղավարահարաց տոնը։ Նրանք նաև «կարդում էին Աստուծոյ օրէնքի գրքումը ամեն օր՝ առաջին օրից մինչեւ վերջին օրը, եւ եօթը օր տօն կատարեցին, եւ ութերորդ օրը հանդիսաւոր ժողով էր ըստ կանոնին» (Նէեմիա 8։7–11, 17, 18)։ Դրանք իսկապես սուրբ իրադարձություններ էին, որոնք հարգալից վերաբերմունք էին պահանջում ներկաներից։
Մեր հանդիպումները սուրբ հավաքույթներ են
4, 5. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մեր հանդիպումները սուրբ են։
4 Ճիշտ է, այսօր Եհովան երկրի վրա չունի սուրբ քաղաք, որտեղ կա իրեն երկրպագելու համար նախատեսված տաճար։ Այնուամենայնիվ, մենք չպետք է մոռանանք, որ Եհովային երկրպագություն մատուցելու նպատակով կատարվող հանդիպումները սուրբ հավաքույթներ են։ Շաբաթը երեք անգամ մենք հանդիպում ենք Գրությունները կարդալու և ուսումնասիրելու համար։ Այդ հավաքույթների ժամանակ Եհովայի Խոսքը, ինչպես Նեեմիայի օրերում, ‘բացատրում են և հասկացնում’ (Նէեմիա 8։8)։ Մեր բոլոր հանդիպումները սկսվում և ավարտվում են աղոթքով, իսկ որոշ հանդիպումներում նաև Եհովային փառաբանող երգեր ենք երգում (Սաղմոս 26։12)։ Ժողովի հանդիպումները մեր երկրպագության կարևոր մասն են կազմում, ուստի մենք պետք է լուրջ և հարգալից վերաբերմունք ունենանք դրանց նկատմամբ։
5 Եհովան օրհնում է իր ծառաների հանդիպումները, որ նրանք կազմակերպում են իրեն երկրպագելու, իր Խոսքն ուսումնասիրելու և քրիստոնեական ընկերակցություն վայելելու համար։ Մենք կարող ենք վստահ լինել, որ նա հենց այնտեղ է ‘հաստատում իր օրհնությունը’ (Սաղմոս 133։1, 3 ԱԱ)։ Մենք կստանանք այդ օրհնությունը, եթե ներկա լինենք և ուշադրությամբ հետևենք հոգևոր ծրագրին։ Բացի այդ, Հիսուսն ասաց. «Ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ»։ Համատեքստում այս խոսքերը վերաբերում են քրիստոնյա երեցների այն հանդիպմանը, երբ նրանք հավաքվում են լուծելու համար քրիստոնյաների միջև ծագած լուրջ խնդիրները։ Սակայն սկզբունքորեն դրանք վերաբերում են նաև ժողովի հանդիպումներին (Մատթէոս 18։20)։ Եթե Քրիստոսը սուրբ ոգու միջոցով ներկա է այնտեղ, որտեղ քրիստոնյաները հավաքվում են իր անունով, ապա չպե՞տք է նման հանդիպումները սուրբ համարենք։
6. Ի՞նչ կարելի է ասել մեր հանդիպումների վայրերի մասին՝ լինեն դրանք մեծ թե փոքր։
6 Իհարկե, Եհովան մարդակերտ տաճարներում չի բնակվում։ Այդուհանդերձ, մեր Թագավորության սրահները ճշմարիտ երկրպագության վայրեր են (Գործք 7։48; 17։24)։ Մենք հանդիպում ենք այնտեղ՝ Եհովայի Խոսքն ուսումնասիրելու, աղոթելու և նրան երգերով փառաբանելու համար։ Նույնը կարելի է ասել մեր Համաժողովների սրահների մասին։ Ավելի մեծ շենքերը, որոնք վարձվում են համաժողովների անցկացման համար, օրինակ, համերգասրահները, ցուցասրահները և ստադիոնները, դառնում են ճշմարիտ երկրպագության վայրեր, որտեղ անց են կացվում սուրբ հավաքույթներ։ Մենք պետք է հարգանք դրսևորենք այդպիսի հավաքույթների նկատմամբ՝ լինեն դրանք մեծ թե փոքր, և դա պետք է արտացոլվի մեր մտածելակերպի և վարվելակերպի մեջ։
Ինչպես հարգանք ցուցաբերենք մեր հավաքույթների նկատմամբ
7. Ինչպե՞ս կարող ենք հարգանք ցուցաբերել մեր հավաքույթների նկատմամբ։
7 Ժողովների նկատմամբ մեր հարգանքը կարող ենք ցույց տալ մի քանի կերպերով, օրինակ, ներկա լինելով Սրահում՝ Թագավորության երգերը երգելու համար։ Դրանցից շատերը գրված են աղոթքի ձևով, հետևաբար դրանք հարկավոր է երգել ակնածանքով։ Մեջբերելով 22–րդ սաղմոսից՝ Պողոս առաքյալը, նկատի ունենալով Հիսուսին, գրեց. «Կ’պատմեմ քո անունը իմ եղբայրներին, ժողովրդի մէջ կ’օրհնեմ [«պիտի օրհներգեմ», ԱՆԹ] քեզ» (Եբրայեցիս 2։12)։ Ուստի մենք պետք է սովորություն դարձնենք մեր տեղերը զբաղեցնել, նախքան նախագահողը կհայտարարի երգը, այնուհետև երգելիս կենտրոնանալ խոսքերի իմաստի վրա։ Թող որ մեր երգեցողությունը արտահայտի սաղմոսերգուի զգացումները, որը գրեց. «Տէրիցը կ’գոհանամ բոլոր սրտով ուղիղների ժողովքումը ու ժողովրդի մէջ» (Սաղմոս 111։1)։ Այո՛, Եհովային երգով փառաբանելը շատ ծանրակշիռ հիմք է, որ մենք հանդիպումներին շուտ գանք և մնանք մինչև դրանց ավարտը։
8. Աստվածաշնչյան ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ մեր հանդիպումներում մատուցվող աղոթքներն արժանի են հարգալից ուշադրության։
8 Մեր բոլոր հանդիպումները հոգևորապես հարստացնում են նաև այն սրտաբուխ աղոթքները, որ մատուցվում են բոլոր ներկաների համար։ Մի անգամ Երուսաղեմում գտնվող առաջին դարի քրիստոնյաները հավաքվեցին և «միաբանութեամբ իրանց ձայները բարձրացրին դէպի Աստուած»՝ ջերմեռանդորեն աղոթելով։ Արդյունքում՝ նրանք, չնայած հալածանքին, «Աստուծոյ խօսքը խօսում էին համարձակութեամբ» (Գործք 4։24–31)։ Մի՞թե ներկաներից որևէ մեկը թույլ կտար, որ իր միտքը թափառի այդ աղոթքի ժամանակ։ Ո՛չ, քանի որ նրանք աղոթում էին «միաբանութեամբ»։ Մեր հանդիպումներում մատուցված աղոթքներն արտահայտում են բոլոր ներկաների զգացմունքները։ Դրանք մեր հարգալից ուշադրությանն են արժանի։
9. Ինչպե՞ս կարող ենք մեր հագուստով և վարքով հարգանք ցուցաբերել մեր սուրբ հավաքույթների նկատմամբ։
9 Սուրբ հավաքույթների նկատմամբ խոր հարգանք ենք տածում նաև մեր հագվելակերպով։ Մեր արտաքին տեսքը՝ թե՛ հագուստը և թե՛ սանրվածքը, կարող են է՛լ ավելի վեհ դարձնել մեր հանդիպումները։ Պողոս առաքյալը խորհուրդ տվեց. «Կամենում եմ, որ մարդիկ ամեն տեղ աղօթք անեն, սուրբ ձեռքեր վեր բարձրացնեն առանց բարկութեան եւ երկմտութեան։ Այնպէս էլ կանայքը վայելուչ հագուստով ամօթխածութիւնով [«համեստությամբ», ՆԱ] եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարեն, ոչ թէ հիւսուածներով, կամ ոսկիով կամ մարգարիտներով կամ թանգագին հանդերձներով. այլ ինչպէս կ’վայելէ աստուածպաշտութիւնը յանձն առած կանանց» (Ա Տիմոթէոս 2։8–10)։ Երբ ներկա ենք լինում բացօթյա ստադիոններում անցկացվող մեծ համաժողովների, մենք կարող ենք հագնվել եղանակին համապատասխան, բայց արժանավայել կերպով։ Մեր հարգանքը նաև կդրսևորենք նրանով, որ համաժողովի ծրագրի ժամանակ չենք ուտի կամ ծամոն չենք ծամի։ Հավաքույթներին մեր պատշաճ հագուստով և վարքով մենք պատիվ ենք բերում Եհովա Աստծուն, նրա երկրպագությանը և մեր հավատակիցներին։
Վարք, որ վայել է Աստծու ծառաներին
10. Ինչպե՞ս Պողոս առաքյալը ցույց տվեց, որ քրիստոնեական հանդիպումների ժամանակ պետք է հետևել վարքի բարձր չափանիշների։
10 Պողոս առաքյալը Ա Կորնթացիս 14–րդ գլխում իմաստուն խորհուրդներ տվեց այն մասին, թե ինչպես պետք է անցկացվեն քրիստոնեական ժողովները։ Վերջում նա ասաց. «Ամեն բան թող պարկեշտութեամբ եւ կարգով լինի» (Ա Կորնթացիս 14։40)։ Մեր հանդիպումները քրիստոնեական ժողովի գործունեության կարևոր մաս են կազմում, ուստի դրանց ժամանակ հարկավոր է Եհովայի ծառաներին վայել վարք դրսևորել։
11, 12. ա) Ի՞նչ պետք է հասկանան երեխաները, որոնք հաճախում են ժողովի հանդիպումներին։ բ) Ինչպե՞ս կարող են երեխաները հանդիպումների ժամանակ արտահայտել իրենց հավատը։
11 Մասնավորապես երեխաներին պետք է սովորեցնել, թե ինչպես իրենց պահեն հանդիպումների ժամանակ։ Քրիստոնյա ծնողները պետք է բացատրեն երեխաներին, որ Թագավորության սրահը կամ Գրքի ուսումնասիրության անցկացման վայրը խաղալու տեղեր չեն։ Դրանք նախատեսված են Եհովային երկրպագելու և նրա Խոսքն ուսումնասիրելու համար։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրեց. «Զգոյշ եղիր ոտքիդ համար, երբոր գնաս Աստուծոյ տունը. եւ մօտեցիր աւելի լսելու համար» (Ժողովող 5։1)։ Մովսեսը իսրայելացիներին պատվիրեց, որ մեկտեղ հավաքվեն՝ թե՛ մեծերը, թե՛ «տղերքը», այսինքն՝ երեխաները։ Նա ասաց. «Ժողովիր ժողովուրդը.... որ լսեն, եւ որ սովորեն եւ ձեր Եհովայ Աստուածանից վախենան, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահեն եւ կատարեն. եւ նորանց տղերքը, որ չեն գիտում, կ’լսեն եւ կ’սովորեն ձեր Եհովայ Աստուածանից վախենալը» (Բ Օրինաց 31։12, 13)։
12 Նմանապես և այսօր։ Երեխաներն իրենց ծնողների հետ հաճախում են ժողովի հանդիպումներին գլխավորապես լսելու և սովորելու համար։ Երբ երեխաներն արդեն ի վիճակի են լինում ուշադիր լսել և հասկանալ Աստվածաշնչի գոնե հիմնական ճշմարտությունները, նրանք նաև կարող են ‘բերանով դավանել’ իրենց հավատը՝ կարճ մեկնաբանություններ տալով (Հռովմայեցիս 10։10)։ Փոքրիկ երեխան կարող է սկսել նրանից, որ մի քանի բառով պատասխանի այն հարցին, որը հասկանում է։ Սկզբում գուցե նա ընթերցի պատասխանը, բայց ժամանակի ընթացքում կփորձի մեկնաբանություններ տալ իր բառերով։ Դա օգտակար և հաճելի է երեխայի համար, իսկ մեծերը շատ են ուրախանում՝ տեսնելով, թե ինչպես են երեխաներն այդպիսի բնական պատասխաններով ցույց տալիս իրենց հավատը։ Անշուշտ, ծնողները, մեկնաբանություններ տալով, լավ օրինակ են ծառայում իրենց երեխաներին։ Նաև ցանկալի է, որ, եթե հնարավոր է, երեխաներն ունենան իրենց սեփական Աստվածաշունչը, երգարանը և ուսումնասիրվող գրականությունը։ Նրանք պետք է սովորեն գնահատել այդ հրատարակությունները։ Այս ամենը կօգնի երեխաներին հասկանալ, որ մեր հանդիպումները սուրբ են։
13. Ո՞րն է մեր ցանկությունը՝ կապված այն անձնավորությունների հետ, ովքեր առաջին անգամ են ներկա լինում մեր հանդիպումներին։
13 Իհարկե, մենք չենք ցանկանում, որ մեր հանդիպումները նման լինեն քրիստոնեական աշխարհի եկեղեցական ծառայություններին։ Այդ ծառայություններին հատուկ են անտարբերությունը, կեղծ բարեպաշտությունը, իսկ երբեմն էլ մեծ ժխորը, որ տիրում է ռոք համերգների ժամանակ։ Մենք ցանկանում ենք, որ Թագավորության սրահում անցկացվող հանդիպումները լինեն ջերմ և դուրեկան, բայց չէինք ցանկանա, որ այնպիսի տպավորություն ստեղծվեր, թե այնտեղ հավաքվել են ինչ–որ ակումբի անդամներ։ Մենք հանդիպում ենք, որպեսզի երկրպագենք Եհովային, հետևաբար մեր հանդիպումները միշտ պետք է վեհ լինեն։ Մենք ցանկանում ենք, որ նրանք, ովքեր առաջին անգամ են ներկա հանդիպման, լսելով ներկայացված նյութը և տեսնելով մեր և մեր երեխաների վարքը, ասեն. «Արդարեւ Աստուած ձեր միջումն է» (Ա Կորնթացիս 14։25)։
Երկրպագության անբաժանելի մաս
14, 15. ա) Ինչպե՞ս կարող ենք ‘չձգել, այսինքն՝ չթողնել մեր Աստծու տունը’։ բ) Ինչպե՞ս են այսօր կատարվում Եսայիա 66։23–ի խոսքերը։
14 Ինչպես նշվեց հոդվածի սկզբում, Եհովան հավաքում է իր ծառաներին և ուրախություն է պարգևում նրանց իր ‘աղոթքի տանը’՝ հոգևոր տաճարում (Եսայիա 56։7)։ Հավատարիմ Նեեմիան իր ազգակից հրեաներին հիշեցրեց, որ նրանք պետք է պատշաճ հարգանք դրսևորեն տաճարի նկատմամբ՝ նյութական աջակցություն ցուցաբերելով։ Նա ասաց. «Մեր Աստուծոյ տունը չ’ձգենք» (Նէեմիա 10։39)։ Եհովան մեզ հրավիրում է երկրպագել իրեն իր ‘աղոթքի տանը’, և մենք չպետք է արհամարհենք այդ հրավերը։
15 Ցույց տալով, որ հարկավոր է կանոնավորաբար հավաքվել Աստծուն երկրպագելու համար՝ Եսայիան մարգարեացավ. «Պիտի լինի, որ ամսից ամիս եւ շաբաթից շաբաթ պիտի գայ ամեն մարմին իմ առաջը երկրպագելու, ասում է Տէրը» (Եսայիա 66։23)։ Այսօր հենց սա է տեղի ունենում։ Հավատարիմ քրիստոնյաները յուրաքանչյուր ամսվա յուրաքանչյուր շաբաթ կանոնավորաբար հավաքվում են Եհովային երկրպագելու համար։ Նրանք, այլ բաների թվում, նաև հաճախում են քրիստոնեական հանդիպումների ու մասնակցում քարոզչական ծառայությանը։ Իսկ դու այն անհատների՞ց ես, ովքեր կանոնավորաբար ‘գալիս են Եհովայի առաջ երկրպագելու’։
16. Ինչո՞ւ հանդիպումներին կանոնավորաբար հաճախելը պետք է լինի մեր կյանքի անբաժանելի մասը հենց այսօր։
16 Եսայիա 66։23–ում գրված խոսքերը լիովին կիրականանան Եհովայի խոստացած նոր աշխարհում։ Այդ ժամանակ «ամեն մարմին» բառացիորեն շաբաթից շաբաթ և ամսից ամիս կգա Եհովայի «առաջը», և նրան ‘կերկրպագի’ ողջ հավիտենության ընթացքում։ Քանի որ իրերի նոր համակարգում Եհովային երկրպագելու նպատակով հավաքվելը կլինի մեր հոգևոր կյանքի անբաժանելի մասը, ապա չպե՞տք է արդյոք մեր սուրբ հավաքույթներին կանոնավորաբար այցելելը դարձնենք մեր կյանքի անբաժանելի մասը հենց այսօր։
17. Ինչո՞ւ է հարկավոր հաճախել ժողովի հանդիպումներին «այնքան աւելի՝ որքան տեսնում [ենք] որ օրը մօտեցած է»։
17 Մինչ մոտենում է վերջը, մենք պետք է ավելի քան երբևէ վճռականորեն տրամադրված լինենք, որ հաճախենք երկրպագության համար նախատեսված մեր հավաքույթներին։ Հարգանք ցուցաբերելով մեր սուրբ հանդիպումների նկատմամբ՝ մենք թույլ չենք տալիս, որ աշխատանքը, դպրոցական տնային հանձնարարությունները կամ երեկոյան մասնավոր պարապմունքները ստիպեն մեզ բաց թողնել հավատակիցների հետ կանոնավոր հանդիպումները։ Մենք զորության կարիք ունեք, որը ստանում ենք քույրերի և եղբայրների հետ շփումից։ Ժողովի հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս ճանաչել միմյանց, հորդորել ու խրախուսել ‘սիրո և բարի գործերի’։ Մենք պետք է դա անենք «այնքան աւելի՝ որքան տեսնում [ենք] որ օրը մօտեցած է» (Եբրայեցիս 10։24, 25)։ Ուստի, եկե՛ք միշտ պատշաճ հարգանք ցուցաբերենք սուրբ հանդիպումների նկատմամբ մեր կանոնավոր մասնակցությամբ, համապատասխան հագուստով և վարքով։ Այդպես վարվելով՝ մենք ցույց ենք տալիս, որ ունենք Եհովայի տեսակետը սուրբ բաների նկատմամբ։
Կրկնենք
• Ինչի՞ց է երևում, որ Եհովայի ժողովրդի հանդիպումները պետք է սուրբ համարվեն։
• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մեր հանդիպումները սուրբ են։
• Ինչպե՞ս կարող են երեխաները ցույց տալ, որ հարգանք են դրսևորում մեր սուրբ հանդիպումների նկատմամբ։
• Ինչո՞ւ պետք է հավաքույթներին կանոնավորաբար հաճախելը մեր կյանքի անբաժանելի մասը դարձնենք։
[նկարներ 28-րդ էջի վրա]
Հանդիպումները, որոնց ժամանակ երկրպագում ենք Եհովային, սուրբ են՝ անկախ այն բանից, թե որտեղ են անցկացվում
[նկար 31-րդ էջի վրա]
Երեխաները գալիս են հանդիպումների՝ լսելու և սովորելու համար