Կենսագրություն
Մշտապես օրհնվել եմ ճիշտ որոշումների շնորհիվ
Պատմում է Փոլ Քուշնիրը
ԻՄ ՊԱՊՆ ու տատը 1897 թ.–ին Ուկրաինայից գաղթեցին Կանադա և բնակություն հաստատեցին Յորքթոն քաղաքի մոտ (Սասկաչևան նահանգ)։ Նրանք չորս երեխա ունեին՝ երեք տղա և մեկ աղջիկ։ 1923 թ.–ին այդ աղջիկը՝ Մարինկան, դարձավ իմ մայրը. ես նրա յոթերորդ երեխան էի։ Այն ժամանակ կյանքը հասարակ էր ու հանգիստ։ Մենք ունեինք բավարար սնունդ և տաք հագուստ, իսկ պետությունը կատարում էր հասարակության համար անհրաժեշտ ծառայությունները։ Բարյացակամ հարևանները պատրաստ էին միմյանց օգնելու։ 1925 թ. վերջում մի Աստվածաշունչ ուսումնասիրող, ինչպես նախկինում կոչվում էին Եհովայի վկաները, եկավ մեր տուն։ Այդ այցելությունը մղեց մեզ կայացնելու այնպիսի որոշումներ, որոնց համար մինչև օրս երախտապարտ եմ։
Աստվածաշնչյան ճշմարտությունը մտնում է մեր տուն
Այդ Ուսումնասիրողից մայրս մի քանի գրքույկ վերցրեց և շուտով ընդունեց ճշմարտությունը։ Նա շատ արագ հոգևորապես աճեց և 1926 թ.–ին մկրտվեց։ Երբ նա դարձավ Աստվածաշնչի ուսումնասիրող, մեր ընտանիքը սկսեց բոլորովին այլ կերպ նայել կյանքին։ Մեր տանը ամեն ժամանակ հյուրեր էինք ընդունում։ Շրջագայող վերակացուները, որոնք կոչվում էին պիլիգրիմներ, և Աստվածաշնչի այլ ուսումնասիրողներ հաճախ գիշերում էին մեզ մոտ։ 1928 թ.–ին մի շրջագայող վերակացու ցույց տվեց մեզ «Էվրիկա դրաման»՝ «Արարչության լուսադրամայի» պարզեցված տարբերակը։ Նա ժամանակավորապես մեզանից՝ երեխաներից, խնդրեց ձայն հանող մի խաղալիք–գորտ, որն օգտագործելու էր ֆիլմի ցուցադրման ժամանակ։ Երբ գորտը ձայն էր հանում, դա նշանակում էր, որ սլայդը փոխելու ժամանակն էր։ Մենք հպարտ էինք, որ կարող ենք ինչ–որ բանով օգտակար լինել նրան։
Էմիլ Զարիցկի անունով մի շրջագայող վերակացու հաճախ էր այցելում մեզ իր մեքենա–տնակով։ Երբեմն նրան ուղեկցում էր իր չափահաս որդին, որը քաջալերում էր մեզ՝ երեխաներիս, մտածել լիաժամ ծառայության՝ ռահվիրայության մասին։ Մեր տանը գիշերում էին նաև շատ ռահվիրաներ։ Մի անգամ մայրս նրանցից մեկին մի վերնաշապիկ տվեց, մինչ ինքը կնորոգեր նրա վերնաշապիկը։ Այնպես ստացվեց, որ այդ ռահվիրան սխալմամբ իր հետ տարավ մորս տված վերնաշապիկը։ Բավական ժամանակ անց նա այն ետ ուղարկեց՝ ներողություն խնդրելով ուշացման համար։ Նա գրում էր. «Չէի կարողանում ուղարկել, քանի որ չունեի փոստային ծախքերի համար անհրաժեշտ տասը ցենտը»։ Իհարկե, մենք կուզենայինք, որ նա այդ վերնաշապիկը ետ ուղարկած չլիներ։ Ես երազում էի, որ մի գեղեցիկ օր ինքս դառնամ այդպիսի անձնազոհ ռահվիրա։ Շնորհակալ եմ մայրիկին, որ այդքան հյուրասեր է եղել։ Այդ հատկությունը հարստացնում էր մեր կյանքը և ավելացնում սերը եղբայրության հանդեպ (Ա Պետրոս 4։8, 9)։
Հայրս չդարձավ Աստվածաշունչ ուսումնասիրող, բայց չէր էլ հակառակվում մեզ։ Նա մեծ ծածկով մի շինություն ուներ։ 1930 թ.–ին նույնիսկ թույլ տվեց եղբայրներին այդ շինությունն օգտագործել մեկօրյա համաժողովի համար։ Թեև ընդամենը յոթ տարեկան էի, սակայն այդ ուրախալի և կարևոր իրադարձությունից շատ էի տպավորվել։ Հայրիկը մահացավ 1933 թ.–ին։ Մայրս, որն այժմ ութ երեխա ունեցող այրի էր, փոքր–ինչ անգամ չթուլացավ մեզ ճշմարիտ երկրպագության ուղու վրա պահելու իր վճռականության մեջ։ Նա ինձ իր հետ տանում էր ժողովի հանդիպումներին։ Երբեմն հանդիպումներն անվերջանալի էին թվում, ուստի ցանկանում էի միանալ այն երեխաներին, որոնց թույլատրում էին դրսում խաղալ։ Սակայն, հարգելով մորս, մնում էի տեղս նստած։ Տանը կերակուր պատրաստելիս մայրս հաճախ էր Աստվածաշնչից մեջբերում անում և ինձ հարցնում, թե դա որ համարն է։ 1933 թ.–ին բերքը շատ առատ էր, և մայրիկը ավելացած եկամտով ավտոմեքենա գնեց։ Հարևաններից ոմանց կարծիքով՝ նա փողը քամուն էր տվել, բայց մայրս կարծում էր, որ մեքենան մեզ պետք կգա մեր աստվածապետական գործունեության մեջ։ Եվ նա իրավացի էր։
Օգնություն՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար
Գալիս է մի ժամանակ, երբ երիտասարդը պետք է որոշի, թե այնուհետև ինչպես է ապրելու։ Ավագ քույրերիս՝ Հելենի ու Քեյի համար այդ ժամանակը եկավ, և նրանք ռահվիրայություն սկսեցին։ Մեր տանը հյուրընկալվել էր մի հրաշալի երիտասարդ ռահվիրա՝ Ջոն Յազուցկին։ Մայրիկը նրան խնդրեց մի որոշ ժամանակ մնալ և օգնել ագարակում։ Հետագայում Ջոնն ամուսնացավ Քեյի հետ, և նրանք շարունակեցին ռահվիրայական ծառայությունը մեր տնից ոչ շատ հեռու։ Երբ 12 տարեկան էի, նրանք ինձ առաջարկեցին, որ դպրոցական արձակուրդների ժամանակ իրենց հետ գնամ ծառայության։ Ես հնարավորություն ստացա «համտեսելու» ռահվիրայությունը։
Ժամանակի ընթացքում ես ու իմ եղբայր Ջոնը ագարակի գործը արդեն փոքրիշատե կարողանում էինք երկուսով անել։ Այդպիսով մայրիկը կարող էր ամառվա ամիսներին կատարել այն ծառայությունը, որն այժմ կոչվում է ենթառահվիրայություն։ Նա երկանիվ ձիասայլով էր գնում քարոզչության։ Ձին արդեն ծեր էր։ Հայրիկը այդ համառ ձիու անունը դրել էր Սոլ (Սողոս), բայց մայրիկի համար նա մի հնազանդ կենդանի էր։ Ինձ ու Ջոնին դուր էր գալիս ագարակում աշխատելը, բայց ամեն անգամ, երբ մայրիկը ծառայությունից տուն էր գալիս և դեպքեր պատմում, մենք ավելի էինք լցվում ռահվիրա ծառայելու ցանկությամբ։ 1938 թ.–ին սկսեցի ավելի աշխուժորեն մասնակցել քարոզչական ծառայությանը և 1940 թ. փետրվարի 9–ին մկրտվեցի։
Որոշ ժամանակ անց նշանակվեցի որպես ժողովի ծառայող։ Ես զբաղվում էի ժողովի հաշվետվություններով և աճ նկատելու դեպքում անչափ ուրախանում էի։ Իմ քարոզչական տարածքը գտնվում էր մի քաղաքում, որը մեր տնից հեռու էր մոտավորապես տասը մղոն։ Ձմռանը ամեն շաբաթ ոտքով գնում էի այնտեղ։ Մեկ կամ երկու գիշեր մնում էի այն ընտանիքի տան ձեղնահարկում, որը հետաքրքրություն էր ցույց տալիս Աստվածաշնչի հանդեպ։ Մի անգամ, երբ զրուցում էի մի լյութերական քարոզչի հետ, փոքր–ինչ աննրբանկատ եղա նրա հանդեպ, և նա սպառնաց ոստիկանություն կանչել, եթե նրա հոտին հանգիստ չթողնեի։ Սակայն քարոզելու իմ վճռականությունը դրանից ավելի ուժեղացավ։
1942 թ.–ին քույրս՝ Քեյը, և նրա ամուսինը՝ Ջոնը, պլանավորեցին ներկա լինել Քլիվլենդում (Օհայո, ԱՄՆ) անցկացվող համաժողովին։ Շատ ուրախացա, երբ նրանք ինձ էլ հրավիրեցին գնալ իրենց հետ։ Այդ համաժողովը իմ կյանքում տեղի ունեցած լավագույն իրադարձություններից մեկն էր։ Ավելի հստակ պատկերացրեցի, թե ապագայում ինչ պիտի անեմ։ Երբ եղբայր Նաթան Նորը, որն այդ ժամանակ ղեկավարում էր համաշխարհային գործը, հայտարարեց, որ 10 000 ռահվիրաների կարիք կա, իսկույն վճռեցի նրանցից մեկը լինել։
1943 թ. հունվարին Հենրի անունով մի շրջագայող ծառայող այցելեց մեր ժողով։ Նրա ելույթը բոլորիս մեծ խանդավառությամբ լցրեց։ Հաջորդ օրը ջերմաստիճանը -40°C էր, իսկ հյուսիսարևմտյան սառնաշունչ քամին է՛լ ավելի էր խստացնում ցուրտը։ Նման դեպքերում մենք տնից դուրս չէինք գալիս, բայց Հենրին շատ էր ուզում գնալ ծառայության։ Նա և մյուսները փայտի վառարան ունեցող ձիաքարշ ծածկասահնակով գնացին 11 կիլոմետր հեռու գտնվող մի գյուղ։ Իսկ ես այցելեցի մի ընտանիքի, որտեղ հինգ տղաներ կային։ Ես նրանց Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեցի, և ժամանակի ընթացքում նրանք ընդունեցին ճշմարտությունը։
Քարոզում եմ արգելքի տակ
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կանադայում Թագավորության քարոզչության գործն արգելվեց։ Մենք ստիպված էինք թաքցնել աստվածաշնչային գրականությունը, և մեր ագարակը հարմար էր դրա համար։ Ոստիկանությունը հաճախ էր խուզարկություն կատարում մեզ մոտ, բայց ոչինչ չէր գտնում։ Քարոզչության ժամանակ միայն Աստվածաշունչ էինք օգտագործում։ Հավաքվում էինք փոքր խմբերով։ Ես և իմ եղբայր Ջոնը նշանակվեցինք որպես գաղտնի թղթատարներ։
Պատերազմի ընթացքում մեր ժողովը մասնակցեց «Ֆաշիզմի վերջը» գրքույկի համերկրային տարածմանը։ Գրքույկը տարածեցինք կեսգիշերին։ Ես խիստ անհանգիստ էի։ Մենք անձայն մոտենում էինք տներին և դռների մոտ թողնում մեկական գրքույկ։ Երբեք այդքան վախ չէի զգացել որևէ հանձնարարություն կատարելիս։ Ինչպիսի՜ թեթևացում ապրեցինք, երբ թողեցինք վերջին գրքույկը։ Հետո շտապեցինք դեպի մեքենան, համոզվեցինք, որ բոլորս ներկա ենք և անհետացանք գիշերվա խավարում։
Ռահվիրայություն, բանտեր և համաժողովներ
1943 թ. մայիսի 1–ին հրաժեշտ տվեցի մորս ու, գրպանումս ունենալով 20 դոլար և ձեռքիս՝ մի փոքր ճամպրուկ, մեկնեցի իմ առաջին ռահվիրայական նշանակման վայրը։ Եղբայր Թոմ Թրուփը և նրա սիրառատ ընտանիքը, որ ապրում էին Քուիլ Լեյք քաղաքում (Սասկաչևան), ջերմորեն ընդունեցին ինձ։ Հաջորդ տարի գնացի հեռավոր տարածք՝ Ուեյբերն (Սասկաչևան)։ 1944 թ. դեկտեմբերի 24–ին փողոցում քարոզելիս ինձ ձերբակալեցին։ Տեղի բանտում մի որոշ ժամանակ պահելուց հետո ինձ տեղափոխեցին Ջասպեր քաղաքի (Ալբերտա) աշխատանքային ճամբար։ Ես մենակ չէի. ինձ հետ կային նաև ուրիշ Վկաներ։ Մենք շրջապատված էինք Եհովայի հրաշալի ստեղծագործությամբ՝ Ժայռոտ լեռների կանադական հատվածով։ 1945 թ. սկզբներին ճամբարի ղեկավարությունը թույլ տվեց մեզ գնալ Էդմոնտոնում (Ալբերտա) անցկացվող մի հանդիպման։ Եղբայր Նորը համաշխարհային գործի առաջընթացի մասին իր ելույթով բոլորին ոգևորեց։ Մենք բաղձանքով սպասում էինք այն օրվան, երբ բանտից դուրս կգայինք և դարձյալ կկարողանայինք լիարժեքորեն մասնակցել քարոզչական ծառայությանը։
Բանտից ազատվելուն պես վերսկսեցի ռահվիրայական ծառայությունս։ Շուտով հայտարարվեց, որ Լոս Անջելեսում (Կալիֆորնիա) տեղի է ունենալու «Համաշխարհային աճ» համաժողովը։ Իմ ծառայակիցը իր բեռնատարում 20 հոգու համար նստարաններ տեղադրեց։ 1947 թ. օգոստոսի 1–ին մենք ճանապարհ ընկանք դեպի Լոս Անջելես, որը հեռու էր 7 200 կիլոմետր։ Դա ուղղակի անմոռանալի ճանապարհորդություն էր, որն անցնում էր տափաստաններով ու անապատներով։ Մեր առջև անընդհատ բացվում էին հիասքանչ տեսարաններ. զմայլվեցինք նաև Ելոուստոնյան և Յոսեմիթյան ազգային պարկերի գեղեցկությամբ։ 27 օր անց մեծ տպավորություններով տեղ հասանք։
Համաժողովին ներկա լինելը ինձ համար մեծ օրհնություն էր։ Երբեք չեմ մոռանա այդ համաժողովը։ Լիովին մասնակցություն բերելու համար ես ցերեկը ծառայում էի որպես սպասարկու, իսկ գիշերը՝ պահակ։ Միսիոներական ծառայությամբ հետաքրքրվողների համար կազմակերպված հանդիպմանը ներկա լինելուց հետո դիմում լրացրեցի, բայց առանձնակի ակնկալիքներ չունեի։ Միևնույն ժամանակ՝ 1948 թ.–ին, համաձայնվեցի ռահվիրայություն կատարել Կանադայի Քվեբեկ նահանգում (Եսայիա 6։8)։
«Գաղաադ» և «Գաղաադից» հետո
1949 թ.–ին շատ ուրախացա՝ ստանալով «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 14–րդ դասարանում սովորելու հրավեր։ Այնտեղ ստացած կրթությունը ամրացրեց հավատս, և ես ավելի մտերմացա Եհովայի հետ։ Ջոնն ու Քեյը արդեն ավարտել էին 11–րդ դասարանը և ծառայում էին որպես միսիոներներ Հյուսիսային Ռոդեզիայում (այժմ՝ Զամբիա)։ Եղբայրս՝ Ջոնը, «Գաղաադը» ավարտել էր 1956 թ.–ին։ Իր կնոջ՝ Ֆրիդայի հետ նա 32 տարի՝ մինչև իր մահը, ծառայեց Բրազիլիայում։
1950 թ. փետրվարին՝ մեր դասարանի ավարտականի օրը, ստացա երկու քաջալերիչ հեռագրեր՝ մեկը մայրիկից, մյուսը՝ Թրուփների ընտանիքից։ Վերջիններիս հեռագիրը այսպիսի վերնագիր ուներ՝ «Խորհուրդ՝ շրջանավարտին»։ Այնտեղ գրված էր. «Ցնծալի օր է այսօր քեզ համար։ Փայփայիր այն սրտումդ հար, թող հաջողություն և ուրախություն ունենաս անհամար»։
Ինձ նշանակեցին ծառայելու Քվեբեկ քաղաքում, բայց մի որոշ ժամանակ մնացի Թագավորության ֆերմայում (Նյու Յորք նահանգ). այն ժամանակ այստեղ էր անցկացվում «Գաղաադ» դպրոցը։ Մի օր եղբայր Նորը ինձ հարցրեց, թե կցանկանամ արդյոք ծառայել Բելգիայում։ Բայց մի քանի օր անց նա հարցրեց՝ իսկ եթե Նիդերլանդներո՞ւմ։ Երբ ստացա նշանակման նամակը, այնտեղ գրված էր, որ ես ստանձնելու եմ մասնաճյուղի ծառայողի նշանակումը։ Պարզապես ապշել էի։
1950 թ. օգոստոսի 24–ին նավ նստեցի և ուղևորվեցի Նիդերլանդներ։ Ճանապարհորդությունը տևեց 11 օր։ Այդ ժամանակը բավական էր, որ ամբողջությամբ կարդայի «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»։ Սեպտեմբերի 5–ին հասա Ռոտերդամ։ Բեթելի ընտանիքը ինձ գրկաբաց ընդունեց։ Չնայած երկրորդ համաշխարհային պատերազմի թողած հետևանքներին՝ եղբայրները զգալի աշխատանք էին կատարել քրիստոնեական գործունեությունը վերսկսելու համար։ Մինչ նրանք պատմում էին, թե ինչպես են անարատություն պահել դաժան հալածանքի տարիներին, ես մտածում էի, որ այդ եղբայրների համար դժվար կլինի ծառայել ինձ նման անփորձ ու երիտասարդ եղբոր առաջնորդության ներքո։ Սակայն շուտով պարզ դարձավ, որ ես անհանգստանալու հիմքեր չունեի։
Իհարկե, որոշ հարցեր ուշադրություն էին պահանջում։ Նիդերլանդներում նախատեսվում էր համաժողով անցկացնել, և ես ժամանել էի դրանից անմիջապես առաջ։ Խիստ զարմացել էի՝ տեսնելով, որ հազարավոր պատվիրակներ պիտի գիշերեն համաժողովի անցկացման վայրում։ Ես առաջարկեցի, որ հաջորդ համաժողովին պատվիրակներին տեղավորենք տներում։ Եղբայրներն ասացին, որ դա հրաշալի միտք է, սակայն՝ ոչ իրենց երկրի համար։ Խորհրդակցելուց հետո մենք եկանք փոխհամաձայնության. պատվիրակների կեսին տեղավորելու էինք համաժողովի անցկացման վայրում, իսկ մյուս կեսին՝ քաղաքի ոչ Վկաների տներում։ Երբ եղբայր Նորը ժամանեց, ես որոշակի հպարտության զգացումով նրան տեղեկացրի արդյունքների մասին։ Իմ գոհունակությունն անհետացավ, երբ հետագայում «Դիտարանում» կարդացի մեր համաժողովի վերաբերյալ տեղեկագրությունը. «Վստահ ենք, որ հաջորդ անգամ եղբայրները նախևառաջ հավատով կգործեն և պատվիրակներին կտեղավորեն վկայություն տալու համար ամենահարմար վայրերում՝ մարդկանց տներում»։ «Հաջորդ անգամ» հենց այդպես էլ արեցինք։
1961 թ. հուլիսին մեր մասնաճյուղից երկու հոգի հրավիրվեցին մասնակցելու մասնաճյուղերի ներկայացուցիչների հանդիպմանը Լոնդոնում։ Եղբայր Նորը հայտարարեց, որ նախատեսվում է «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս ընծայել այլ լեզուներով, այդ թվում նաև հոլանդերենով։ Բոլորս անչափ հուզվեցինք՝ լսելով նորությունը։ Բարեբախտաբար, մենք գաղափար անգամ չունեինք, թե ինչ ծավալի աշխատանքներ են մեզ սպասում։ Երկու տարի անց՝ 1963 թ.–ին, պատիվ ունեցա մասնակցելու Նյու Յորքում անցկացվող համաժողովի ծրագրին, որի ընթացքում հայտարարվեց հոլանդերեն լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։
Որոշումներ և նոր նշանակումներ
1961 թ. օգոստոսին ամուսնացա Լայդա Վամելինկի հետ։ Նրա ընտանիքը ճշմարտությունն ընդունել էր նացիզմի տարիներին՝ 1942 թ.–ին։ Լայդան ռահվիրայական ծառայություն էր սկսել 1950 թ.–ից, իսկ 1953–ից՝ ծառայում էր Բեթելում։ Տեսնելով, թե ինչպես էր նա ծառայում Բեթելում և ժողովում՝ ես հասկացա, որ Լայդան կարող է նվիրված ընկեր լինել իմ ծառայության մեջ։
Մեր ամուսնությունից մեկ տարի և մի քանի ամիս անց ինձ հրավիրեցին Բրուքլին՝ տասնամսյա լրացուցիչ կրթություն ստանալու։ Այդ ժամանակ նախատեսված չէր, որ կանայք ուղեկցեին իրենց ամուսիններին։ Լայդայի առողջական վիճակը լավ չէր, բայց նա առանց տատանվելու ասաց, որ ես պետք է ընդունեմ այդ հրավերը։ Հետագայում կնոջս առողջությունն ավելի վատացավ։ Մենք փորձեցինք շարունակել ծառայությունը Բեթելում, բայց ի վերջո որոշեցինք, որ ավելի ճիշտ կլինի լիաժամ ծառայությունը կատարել «դաշտում»։ Եվ այսպես, մեզ նշանակեցին շրջագայական ծառայության։ Շուտով կինս լուրջ վիրահատության ենթարկվեց։ Մեր հոգատար ընկերները օգնեցին մեզ հաղթահարել այդ դժվարությունը, իսկ մեկ տարի անց նույնիսկ ի վիճակի եղանք ընդունելու նոր նշանակում. ես նշանակվեցի որպես մարզային վերակացու։
Յոթ տարի վայելեցինք շրջագայական ծառայության օրհնությունները։ Հետո դարձյալ եկավ ժամանակը լուրջ որոշում կայացնելու. ինձ հրավիրեցին դասավանդելու Թագավորական ծառայության դպրոցում, որն անց էր կացվելու Բեթելում։ Մենք համաձայնվեցինք, թեպետ դժվար էր այդպիսի փոփոխություն կատարել, քանի որ շատ էինք սիրում շրջագայական ծառայությունը։ 47 դասարանները, որոնցից յուրաքանչյուրը տևում էր երկու շաբաթ, լավ հնարավորություն տվեցին ինձ հոգևոր օրհնություններ փոխանցելու ժողովի երեցներին։
Ես պլանավորում էի 1978 թ.–ին այցելել մայրիկիս։ Սակայն 1977 թ. ապրիլի 29–ին հանկարծ հեռագիր ստացանք, որ նա մահացել է։ Դառնապես վշտացել էի՝ գիտակցելով, որ այլևս չեմ կարող լսել նրա անուշ ձայնը և ասել, թե որքան շնորհակալ եմ ինձ համար արած բոլոր բաների համար։
Թագավորական ծառայության դպրոցի վերջում մեզ առաջարկեցին դառնալ Բեթելի ընտանիքի անդամ։ Հետագայում տասը տարի ծառայեցի որպես մասնաճյուղի կոմիտեի կոորդինատոր։ Հետո Կառավարիչ մարմինը նոր կոորդինատոր նշանակեց, որն այդ գործը կարող էր ավելի լավ կատարել։ Շատ շնորհակալ եմ այդ փոփոխության համար։
Ծառայում ենք, որքան տարիքն է թույլ տալիս
Ես ու Լայդան այժմ 83 տարեկան ենք։ Ես լիաժամ ծառայության մեջ անց եմ կացրել 60 տարի, իսկ վերջին 45 տարիները՝ հավատարիմ կնոջս հետ։ Լայդան մեր բոլոր նշանակումներում ինձ ցույց տված իր աջակցությունը համարում է որպես Եհովային մատուցած իր ծառայության մի մաս։ Ներկայումս Բեթելում և ժողովում անում ենք այն, ինչ կարող ենք (Եսայիա 46։4)։
Ժամանակ առ ժամանակ հաճույքով հիշում ենք մեր կյանքի նշանակալից պահերը։ Մենք չենք ափսոսում այն ամենի համար, ինչ արել ենք Եհովայի ծառայության մեջ, և համոզված ենք, որ մեր կյանքի վաղ շրջանում կայացրած որոշումները լավագույնն են եղել։ Լի ենք վճռականությամբ՝ շարունակելու ծառայել ու փառաբանել Եհովային մեր ողջ զորությամբ։
[նկար 13–րդ էջի վրա]
Մեծ եղբորս՝ Բիլի, և մեր ձիու՝ Սոլի հետ
[նկար 15–րդ էջի վրա]
Մեր հարսանիքի օրը, 1961, օգոստոս
[նկար 15–րդ էջի վրա]
Լայդայի հետ՝ այսօր