Կենսագրություն
Ինչու է ինձ դուր գալիս աշակերտներ պատրաստելը
Պատմում է Պամելա Մոսլին
1941 թ.–ին, երբ Անգլիան լիովին ներքաշվել էր պատերազմի մեջ, մայրս ինձ տարավ Եհովայի վկաների համաժողով Լեստերում։ Ջոզեֆ Ռադերֆորդը հատուկ ելույթ ներկայացրեց երեխաների վերաբերյալ։ Երբ ես ու մայրս մկրտվեցինք այդ համաժողովին, նկատեցի, որ այն անհատները, ովքեր օգնել էին մեզ հոգևորապես աճելու, շատ ուրախ էին։ Այդ ժամանակ ես դեռ չէի գիտակցում, թե որքան շատ ուրախություն է մարդ ստանում աշակերտներ պատրաստելուց։
ՄԵՆՔ սկսել էինք Աստվածաշունչ ուսումնասիրել մեկ տարի առաջ։ Ես դեռ հիշում եմ 1939 թ. սեպտեմբերյան այն սարսափելի օրը, երբ բռնկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մորս այտերով արցունքներ էին հոսում, և նա անընդհատ ինքն իրեն հարց էր տալիս. «Ինչո՞ւ այս աշխարհը չի կարողանում խաղաղություն գտնել»։ Թե՛ մայրս, թե՛ հայրս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել էին զինված ուժերում և ականատես եղել պատերազմի սարսափներին։ Մայրս իրեն հուզող այդ հարցը տվեց Անգլիկան եկեղեցու Բրիստոլ քաղաքի ծառայողին, բայց նա պարզապես պատասխանեց. «Պատերազմներ միշտ էլ եղել են ու կլինեն»։
Դրանից կարճ ժամանակ անց մի տարեց կին այցելեց մեզ։ Նա Եհովայի վկա էր։ Մայրս նույն հարցը տվեց նրան. «Ինչո՞ւ այս աշխարհը չի կարողանում խաղաղություն գտնել»։ Վկան բացատրեց, որ պատերազմները մաս են կազմում այն նշանի, որը ցույց է տալիս, որ մենք ապրում ենք իրերի այս դաժան համակարգի վերջին օրերում (Մատթէոս 24:3–14)։ Շուտով նրա դուստրն արդեն Աստվածաշունչ էր ուսումնասիրում մեզ հետ։ Նրանք այն ուրախացողների թվում էին, ովքեր ներկա էին մեր մկրտությանը։ Իսկ ինչո՞ւ է աշակերտներ պատրաստելը ուրախություն պատճառում։ Հետագայում հասկացա, թե ինչու։ Թույլ տվեք պատմել, թե ավելի քան 65 տարի աշակերտներ պատրաստելու շնորհիվ ինչ եմ սովորել։
Ճաշակում եմ ուսուցանելու քաղցրությունը
Ես սկսեցի մասնակցել Թագավորության քարոզչությանը Բրիստոլում, երբ 11 տարեկան էի։ Մի եղբայր ձայնափողով նվագարկիչ և վկայության քարտ տվեց ինձ ու ասաց. «Այժմ կարող ես այցելել փողոցի այն մասում գտնվող բոլոր տները»։ Փաստորեն, ես առաջին անգամ քարոզչական ծառայության մենակ գնացի։ Ինչ խոսք, շատ լարված էի ինձ զգում։ Սկզբում աստվածաշնչյան ելույթ էի միացնում, հետո տանտիրոջը ցույց էի տալիս վկայության քարտը, որը մարդկանց քաջալերում էր աստվածաշնչյան գրականություն վերցնել։
Սկսած 1950–ականներից՝ ավելի մեծ շեշտ սկսեց դրվել տնետուն ծառայության ժամանակ Աստվածաշնչից ընթերցելուն։ Սկզբում ինձ համար դժվար էր զրուցել անծանոթ մարդկանց հետ և բացատրել աստվածաշնչյան համարները, քանի որ բնավորությամբ ամաչկոտ էի։ Սակայն, ի վերջո, վստահություն ձեռք բերեցի։ Այդ ժամանակ էր, որ սկսեցի հաճույք ստանալ ծառայությունից։ Որոշ մարդիկ մեզ համարում էին գրավաճառներ, սակայն երբ մենք սկսեցինք կարդալ աստվածաշնչյան համարները ու բացատրել, նրանք իրենց կարծիքը փոխեցին. այժմ մենք նրանց համար Աստծու Խոսքի ուսուցիչներ էինք։ Ինձ այնքան շատ դուր եկավ քարոզելը, որ ցանկացա ընդարձակել ծառայությունս։ Ուստի 1955 թ. սեպտեմբերին մտա լիաժամ ծառայողների՝ ռահվիրաների շարքերը։
Հաստատակամությունը վարձատրվում է
Առաջին դասերից մեկը, որ սովորեցի, այն էր, որ հաստատակամությունը վարձատրվում է։ Մի անգամ «Դիտարան» պարբերագիր տվեցի Վիոլետ Մորիս անունով մի կնոջ։ Երբ հաջորդ անգամ այցելեցի Վիոլետին, նա լայն բաց արեց դուռը, ձեռքերը խաչեց կրծքին և սկսեց ուշադրությամբ լսել, մինչ ես բացատրում էի Գրությունները։ Ամեն անգամ, երբ այցելում էի նրան, թվում էր, թե նա անկեղծ հետաքրքրություն է ցուցաբերում։ Սակայն երբ առաջարկեցի կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրել, Վիոլետն ասաց. «Ո՛չ, չե՛մ ուզում։ Երբ երեխաներս մեծանան, այդ ժամանակ կուսումնասիրեմ»։ Այնպե՜ս էի հիասթափվել։ Աստվածաշունչն ասում է, որ կա «որոնելու ժամանակ, եւ կորցնելու ժամանակ» (Ժողովող 3:6)։ Սակայն ես որոշել էի «չկորցնել» Վիոլետին։
Մեկ ամիս անց վերադարձա և նրա հետ ուրիշ սուրբգրային համարներ քննարկեցի։ Շուտով նա սկսեց կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրել, բայց տան շեմին։ Վերջիվերջո, Վիոլետն ասաց. «Ինձ թվում է, ձեզ ավելի հարմար կլիներ, որ տանը պարապեինք, ի՞նչ կասեք»։ Նա մկրտվեց և դարձավ Եհովայի վկա։ Վիոլետն ինձ համար շատ լավ հավատակից էր և մտերիմ ընկերուհի։
Մի օր նա իմացավ, որ իր ամուսինը առանց իր գիտության վաճառել է իրենց տունը ու թողել գնացել։ Նա ուղղակի ապշել էր։ Բարեբախտաբար, մի Եհովայի վկա օգնեց նրան հենց նույն օրը մեկ ուրիշ տուն գտնել։ Եհովայի հանդեպ երախտագիտությունից մղված՝ Վիոլետը որոշեց իր հետագա կյանքը նվիրել ռահվիրայական ծառայությանը։ Տեսնելով, թե ինչպես է Եհովայի ոգին լցնում նրան նախանձախնդրությամբ ճշմարիտ երկրպագության համար՝ ես հասկացա, թե ինչու է աշակերտ պատրաստելը մեծ ուրախություն պարգևում։ Այո՛, մեկ անգամ ևս համոզվեցի, որ ամբողջ կյանքս պետք է նվիրեմ աշակերտներ պատրաստելու գործին։
1957 թ.–ին Մերի Ռոբինսոնը և ես նշանակվեցինք ծառայելու Ռուտերգլենում, որը Գլազգոյի (Շոտլանդիա) արդյունաբերական շրջաններից էր։ Մենք քարոզում էինք՝ չնայելով եղանակին՝ լիներ մառախուղ, քամի, անձրև թե ձյուն։ Մի օր հանդիպեցի Ջեսի անունով մի կնոջ։ Նրա հետ հաճելի էր Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել։ Ջեսիի ամուսինը՝ Ուոլին, կոմունիստ էր և խուսափում էր ինձանից։ Բայց երբ սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը և հասկացավ, որ միայն Աստծու Թագավորությունն է իդեալական պայմաններ բերելու, մեծ ուրախություն ապրեց։ Ժամանակի ընթացքում նրանք իրենք սկսեցին աշակերտներ պատրաստել։
Առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել
Հետագայում մեզ նշանակեցին ծառայելու Փեյսլիում (Շոտլանդիա)։ Մի օր տնետուն ծառայության ժամանակ մի կին դուռը երեսիս առաջ շրխկացրեց։ Մենք հեռացանք։ Կարճ ժամանակ անց այդ կինը սկսեց փնտրել մեզ, որպեսզի ներողություն խնդրի։ Երբ հաջորդ շաբաթ վերադարձա, նա ասաց. «Ինձ թվաց, թե Աստծու առաջ դուռը փակեցի։ Ուստի դուրս եկա տանից ու սկսեցի փնտրել ձեզ»։ Նրա անունը Փերլ էր։ Նա ասաց, որ այնքան հիասթափված է իր ընկեր–ընկերուհիներից ու բարեկամներից, որ աղոթում էր Աստծուն իսկական ընկերուհի գտնելու համար։ «Հետո դուք եկաք,— ասաց նա,— և ինձ թվում է, որ դուք հենց այդ ընկերուհին եք»։
Փերլի ընկերուհի լինելը հեշտ չէր։ Նա ապրում էր զառիվեր բլրի գագաթին, ու նրա մոտ հնարավոր էր միայն ոտքով բարձրանալ։ Երբ գնացի նրա ետևից, որպեսզի առաջին անգամ ժողովի հանդիպման տանեի, ուժեղ քամի էր փչում և անձրև էր գալիս։ Հազիվ էի ոտքիս վրա կանգնած մնում։ Անձրևանոցս պատառոտվեց, ու ես դեն գցեցի այն։ Վեց ամիս անց այն բանից հետո, երբ Փերլը դուռը շրխկացրել էր երեսիս առաջ, նա իր նվիրումն Աստծուն խորհրդանշեց ջրի մկրտությամբ։
Նրա ամուսինը դրանից հետո որոշեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Կարճ ժամանակ անց նա արդեն ուղեկցում էր ինձ ծառայության մեջ։ Ինչպես միշտ, անձրև էր գալիս։ «Ինձ համար մի անհանգստացիր,— ասաց նա։— Այսպիսի եղանակի ես ժամերով ֆուտբոլ եմ նայում, ուրեմն մի՞թե չեմ կարող անձրևի տակ Եհովային ծառայել»։ Ես միշտ հիացել եմ շոտլանդացիների տոկունությամբ։
Որքա՜ն ուրախացա, երբ տասնամյակներ անց, վերադառնալով Շոտլանդիա, տեսա, որ գրեթե բոլորը, ում հետ Աստվածաշունչ եմ ուսումնասիրել, շարունակում են ամուր մնալ հավատի մեջ։ Հենց այս է այն ուրախությունը, որ ստանում ես աշակերտներ պատրաստելուց (Ա Թեսաղոնիկեցիս 2:17–20)։ 1966 թ.–ին՝ ավելի քան ութ տարի Շոտլանդիայում ռահվիրայություն անելուց հետո, հրավիրվեցի «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց։
Օտարախոս դաշտում
Ինձ նշանակեցին ծառայելու Բոլիվիայի արևադարձային Սանտա Կրուզ քաղաքում, որտեղ 50 հոգանոց ժողով կար։ Քաղաքը հիշեցնում էր ինձ «Վայրի Արևմուտքը», ինչպես որ այն պատկերվում է հոլիվուդյան ֆիլմերում։ Սակայն իմ միսիոներական ծառայության մեջ արտասովոր դեպքեր տեղի չեն ունեցել։ Ոչ մի անգամ ինձ վրա կոկորդիլոս չի հարձակվել, մոլեգին ամբոխը ինձ չի շրջապատել, անապատում չեմ մոլորվել և բաց ծովում նավաբեկության չեմ ենթարկվել։ Այդուհանդերձ, ինձ շատ է տպավորել աշակերտներ պատրաստելը։
Առաջին կանանցից մեկը, որի հետ Աստվածաշունչ եմ ուսումնասիրել Սանտա Կրուզում, Անտոնիան էր։ Ինձ համար շատ դժվար էր ուսուցանել իսպաներենով։ Մի անգամ Անտոնիայի փոքրիկ տղան ասաց. «Մամա՛, նա դիտմամբ սխալ է խոսում, որ մեզ ծիծաղեցնի՞»։ Անտոնիան ի վերջո մկրտվեց։ Նրա աղջիկը՝ Յոլանդան, նույնպես ընդունեց ճշմարտությունը։ Յոլանդան մի ընկեր ուներ, որն իրավաբանություն էր ուսումնասիրում։ Նրա մականունը Դիտո էր։ Դիտոն նույնպես սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել մեր հանդիպումներին։ Նրա հետ կապված մի բան էլ սովորեցի աստվածաշնչյան ճշմարտությունը ուսուցանելու մասին. երբեմն մարդկանց պետք է թեթևակի «հրել»։
Երբ մեր ուսումնասիրությունները Դիտոյի հետ սկսեցին անկանոն բնույթ կրել, ես ասացի. «Դիտո՛, Եհովան չի պարտադրում քեզ թիկունք կանգնել իր Թագավորությանը։ Դու ինքդ պետք է ցանկանաս»։ Երբ նա պատասխանեց, որ ուզում է ծառայել Աստծուն, ասացի. «Այստեղ հեղափոխական գործչի լուսանկարներ ունես։ Եթե ինչ–որ մեկը տեսնի դրանք, կեզրակացնի՞, որ դու Աստծու Թագավորության կողմն ես»։ Սա հենց այն «հրումն» էր, որի կարիքը նա ուներ։
Երկու շաբաթ անց հեղափոխություն սկսվեց. համալսարանի ուսանողներն ու ոստիկանները կրակում էին իրար վրա։ «Արի փախչե՛նք այստեղից»,— բացականչեց Դիտոն իր ընկերոջը։ «Ո՛չ։ Սա այն մեծ օրն է, որին մենք երկար ենք սպասել»,— պատասխանեց ընկերը և վերցնելով հրացանը՝ արագորեն բարձրացավ համալսարանի տանիք։ Նա Դիտոյի այն ութ ընկերներից մեկն էր, որոնք այդ օրը սպանվեցին։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան երջանիկ եմ, որ Դիտոյին այսօր կենդանի եմ տեսնում. նա գուցեև սպանվեր, եթե որոշած չլիներ դառնալ ճշմարիտ քրիստոնյա։
Տեսնում եմ, թե ինչպես է Եհովայի ոգին գործում
Մի անգամ ծառայության ժամանակ մի տան մոտով պարզապես անցա՝ մտածելով, որ այնտեղ արդեն եղել ենք։ Բայց դուռը բացվեց, և տանտիրուհին ձայն տվեց ինձ։ Նրա անունը Իգնասիա էր։ Նա գիտեր Եհովայի վկաների մասին, սակայն նրա ամուսինը՝ Ադալբերտոն, որը մի հաղթանդամ տղամարդ էր և աշխատում էր ոստիկանությունում, ուժգին հակառակվում էր նրան և արգելում սուրբգրային գիտելիքներ ձեռք բերել։ Իգնասիան շատ հարցեր ուներ Աստվածաշնչի հիմնական ուսմունքների վերաբերյալ, ուստի սկսեցի նրա հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Թեև Ադալբերտոն ամեն ինչ անում էր ուսումնասիրությունը դադարեցնելու համար, սակայն ինձ հաջողվում էր բավական երկար զրուցել նրա հետ տարբեր թեմաներով։ Սա մեր՝ ընկերներ դառնալու առաջին քայլն էր։
Ես երջանիկ էի, երբ Իգնասիան մկրտվեց։ Անչափ ուրախ էի տեսնել, թե ինչպես է նա հոգևոր և նյութական առումով հոգ տանում մխիթարության կարիք ունեցողներին։ Ժամանակի ընթացքում նրա ամուսինը, ինչպես նաև երեխաներից երեքը դարձան Վկաներ։ Հիշում եմ, որ մի անգամ Ադալբերտոն, երբ վերջապես հասկացել էր բարի լուրի նշանակությունը, գնացել էր ոստիկանատուն և այնպիսի խանդավառությամբ էր քարոզել, որ 200 հոգի բաժանորդագրվել էին «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրեր։
Եհովան աճեցնում է
Սանտա Կրուզում վեց տարի ծառայելուց հետո ես նշանակվեցի ծառայելու Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում, որտեղ անցկացրեցի հաջորդ 25 տարիները։ 1970–ականների սկզբին Եհովայի վկաների գրասենյակում, որը գտնվում էր Լա Պասում, ծառայում էր ընդամենը 12 հոգի։ Քարոզչական գործն ընդլայնվում էր, պահանջվում էին ավելի մեծ շենքեր, ուստի արագորեն զարգացող Սանտա Կրուզ քաղաքում նոր մասնաճյուղ կառուցվեց։ Անձնակազմը տեղափոխվեց այնտեղ 1998 թ.–ին։ Ինձ հրավիրեցին դառնալ Բեթելի ընտանիքի անդամ, որն արդեն բաղկացած էր ավելի քան 50 հոգուց։
1966 թ.–ին Սանտա Կրուզում կար ընդամենը մեկ ժողով, իսկ այսօր՝ ավելի քան 50։ Այն ժամանակ ամբողջ Բոլիվիայում կար 640 Եհովայի վկա, իսկ այսօր՝ գրեթե 18 000։
Ես շատ ուրախ եմ, որ իմ ծառայությունը Բոլիվիայում արդյունավետ է եղել։ Բայց ինձ քաջալերում է նաև աշխարհի տարբեր ծայրերում ապրող իմ եղբայրների և քույրերի հավատարմությունը։ Մենք բոլորս ցնծում ենք՝ տեսնելով, որ Եհովան օրհնում է Թագավորության քարոզչության գործը։ Անկասկած, աշակերտներ պատրաստելը մեծ ուրախություն է պատճառում (Մատթէոս 28:19, 20)։
[նկար 13–րդ էջի վրա]
Ռահվիրայություն՝ Շոտլանդիայում
[նկարներ 15–րդ էջի վրա]
Ծառայում եմ Բոլիվիայի մասնաճյուղում։ Ներդիրում՝ «Գաղաադի» 42–րդ դասարանը