Եկեք միասին փառաբանենք Եհովայի անունը
«Մեծացրէք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նորա անունը» (ՍԱՂՄՈՍ 34:3)։
1. Ի՞նչ լավ օրինակ թողեց Հիսուսը իր երկրային ծառայության ընթացքում։
ՄԵՐ թվարկության 33 թ. նիսանի 14–ի գիշերը Հիսուսն ու իր առաքյալները միասին Եհովային փառաբանական երգեր երգեցին Երուսաղեմի տներից մեկի վերնասենյակում (Մատթէոս 26:30)։ Հիսուսը վերջին անգամ էր դա անում իր առաքյալների հետ։ Սակայն տեղին էր, որ նա այդպես եզրափակեր իրենց հանդիպումը։ Իր երկրային ծառայության ողջ ընթացքում Հիսուսը փառաբանեց իր երկնային Հորը և նախանձախնդրորեն հռչակեց Նրա անունը (Մատթէոս 4:10; 6:9; 22:37, 38; Յովհաննէս 12:28; 17:6)։ Այդպիսով՝ նա արձագանքեց սաղմոսերգուի ջերմ հրավերին. «Մեծացրէք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նորա անունը» (Սաղմոս 34:3)։ Ի՜նչ լավ օրինակ թողեց Հիսուսի մեզ համար։
2, 3. ա) Որտեղի՞ց գիտենք, որ 34–րդ սաղմոսը մարգարեական նշանակություն ունի։ բ) Ի՞նչ կքննարկենք այս և հաջորդ հոդվածում։
2 Հիսուսի հետ փառաբանական երգեր երգելուց մի քանի ժամ անց Հովհաննես առաքյալն ականատես եղավ լիովին այլ իրադարձության։ Նա տեսավ, թե ինչպես իր Տիրոջը և երկու հանցագործների մահապատժի ենթարկեցին տանջանքի ցցի վրա։ Նա տեսավ, թե ինչպես հռոմեացի զինվորները կոտրեցին երկու հանցագործների ոտքերը, որպեսզի արագացնեն նրանց մահը։ Սակայն Հիսուսի ոտքերը չկոտրեցին, քանի որ երբ զինվորները մոտեցան Հիսուսին, նա արդեն մահացած էր։ Իր Ավետարանում Հովհաննեսը բացատրեց, որ դրանով կատարվեց 34–րդ սաղմոսի մեկ ուրիշ հատված. «Նորա ոսկորը չ’պիտի փշրուի» (Յովհաննէս 19:32–36; Սաղմոս 34:20)։
3 34–րդ սաղմոսը բազում այլ ուշագրավ մտքեր է պարունակում քրիստոնյաների համար։ Այս և հաջորդ հոդվածում կքննարկենք, թե Դավիթը ինչպիսի հանգամանքներում գրեց այս սաղմոսը, և թե ինչպես այն կարող է քաջալերել մեզ։
Դավիթը փախչում է Սավուղից
4. ա) Ինչո՞ւ Դավիթը օծվեց որպես Իսրայելի ապագա թագավոր։ բ) Ինչպե՞ս եղավ, որ Սավուղը Դավթին «շատ սիրեց»։
4 Երբ Դավիթը երիտասարդ էր, Սավուղը Իսրայելի թագավորն էր։ Սակայն Սավուղը անհնազանդ գտնվեց և կորցրեց Եհովայի հավանությունը։ Այդ պատճառով Սամուել մարգարեն ասաց նրան. «Տէրն այսօր քո վերայից Իսրայէլի թագաւորութիւնը պատառեց եւ տուաւ նորան քեզանից լաւ ընկերիդ» (Ա Թագաւորաց 15:28)։ Հետագայում Եհովան պատվիրեց Սամուելին, որ նա Հեսսեի ամենակրտսեր որդուն՝ Դավթին, օծի որպես Իսրայելի հաջորդ թագավոր։ Այդ ընթացքում Սավուղ թագավորը, որը զրկվել էր Աստծու ոգուց, հաճախ մռայլ տրամադրության մեջ էր լինում։ Իսկ քանի որ Դավիթը լավ երաժիշտ էր, նրան բերեցին Գաբաա՝ ծառայելու թագավորին։ Նրա երաժշտությունը հանգստացնում էր Սավուղին, և նա «նորան [Դավթին] շատ սիրեց» (Ա Թագաւորաց 16:11, 13, 21, 23)։
5. Ինչո՞ւ Սավուղի վերաբերմունքը Դավթի հանդեպ փոխվեց, և Դավիթը ի՞նչ ստիպված եղավ անելու։
5 Ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ Եհովան Դավթի հետ էր։ Նա օգնեց Դավթին հաղթել փղշտացի հսկա Գողիաթին և աջակցեց նրան, երբ նա վերադարձավ և իր զինվորական սխրագործության համար Իսրայելի կողմից փառքի արժանացավ։ Սակայն Սավուղը նախանձեց՝ տեսնելով, թե ինչպես է Եհովան օրհնում Դավթին, և սկսեց ատել նրան։ Երկու անգամ Սավուղը փորձեց սպանել Դավթին՝ իր նիզակը նետելով նրա վրա, երբ վերջինս քնար էր նվագում։ Երկու դեպքում էլ Դավիթը խույս տվեց։ Երբ Սավուղը երրորդ անգամ փորձեց սպանել նրան, Իսրայելի ապագա թագավորը հասկացավ, որ իր կյանքը փրկելու համար հարկավոր է փախուստի դիմել։ Եվ քանի որ Սավուղը շարունակ ջանում էր բռնել և սպանել նրան, Դավիթը որոշեց ապաստան փնտրել Իսրայելի սահմաններից դուրս (Ա Թագաւորաց 18:11; 19:9, 10)։
6. Ինչո՞ւ Սավուղը հրամայեց սպանել Նոբի բնակիչներին։
6 Ճանապարհին Դավիթը կանգ առավ Նոբ քաղաքում, որտեղ գտնվում էր Եհովայի խորանը։ Ամենայն հավանականությամբ, փախուստի ժամանակ Դավթին ուղեկցում էր երիտասարդներից բաղկացած պահակախումբ, և Դավիթը ցանկանում էր իր և նրանց համար ուտելիք ձեռք բերել։ Սավուղին տեղեկացրին, որ քահանայապետը Դավթին և նրա մարդկանց ուտելիք էր տվել, նաև այն սուրը, որը Դավիթը վերցրել էր մահացած Գողիաթից։ Զայրանալով՝ Սավուղը սպանել տվեց քաղաքի բոլոր բնակիչներին՝ ներառյալ 85 քահանաների (Ա Թագաւորաց 21:1, 2; 22:12, 13, 18, 19; Մատթէոս 12:3, 4)։
Կրկին փրկվում է մահվան վտանգից
7. Ինչո՞ւ տեղին չէր, որ Դավիթը թաքնվեր Գեթ քաղաքում։
7 Դավիթը Նոբից փախավ փղշտացիների երկիր՝ 40 կիլոմետր դեպի արևմուտք, և ապաստան փնտրեց Անքուս թագավորի մոտ՝ Գեթ քաղաքում, որը Գողիաթի հայրենիքն էր։ Հավանաբար Դավիթը մտածում էր, որ դժվար թե Սավուղը իրեն այստեղ փնտրի։ Սակայն շատ չանցած՝ Գեթի թագավորի ծառաները ճանաչեցին Դավթին։ Երբ Դավիթն իմացավ, այդ մասին, «Գէթի թագաւորի Անքուսի երեսիցը շատ վախեցաւ» (Ա Թագաւորաց 21:10–12)։
8. ա) 56–րդ սաղմոսը ի՞նչ է հայտնում մեզ Դավթի մասին Գեթում եղած ժամանակ։ բ) Ինչպե՞ս Դավիթը ազատվեց մահվան վտանգից։
8 Այնուհետև փղշտացիները բռնեցին Դավթին։ Հնարավոր է՝ այդ ժամանակ էր, որ նա սրտաբուխ մի սաղմոս գրեց, որտեղ Եհովային աղաչում էր. «Իմ արտասուքները դիր քո տկի մէջ» (Սաղմոս 56:8 և ենթախորագիրը)։ Այդպիսով նա իր վստահությունն արտահայտեց այն բանի հանդեպ, որ Եհովան չի մոռանա իր վիշտը և սիրով հոգ կտանի իր մասին ու կպաշտպանի իրեն։ Դավիթը նաև փղշտացիների թագավորին խաբելու հնար գտավ։ Նա իրեն խելագար ձևացրեց։ Դա տեսնելով՝ Անքուս թագավորը հանդիմանեց իր ծառաներին, որ «խելագար» մարդու էին բերել իր մոտ։ Անկասկած, Եհովան օգնեց Դավթին այս հարցում։ Դավթին դուրս արեցին այդ քաղաքից, և այդպիսով՝ նա իր կյանքը փրկեց մահվան վտանգից (Ա Թագաւորաց 21:13–15)։
9, 10. Ի՞նչը պատճառ եղավ, որ Դավիթը գրի 34–րդ սաղմոսը, և հավանաբար ո՞ւմ մասին էր նա մտածում այդ սաղմոսը գրելիս։
9 Աստվածաշունչը չի հայտնում, թե ինչ արեցին Դավթի պահապանները՝ իր հետ փախան Գեթ, թե մնացին սահմանամերձ իսրայելական գյուղերում, որպեսզի այդ տեղերից աջակցեն նրան։ Սակայն որտեղ էլ որ նրանք լինեին, անշուշտ, շատ ուրախացան, երբ կրկին հանդիպեցին, ու Դավիթը պատմեց նրանց, թե ինչպես է Եհովան կրկին ազատել իրեն։ Այդ դեպքը պատճառ եղավ, որ գրվի 34–րդ սաղմոսը, ինչպես երևում է նրա ենթախորագրից։ Առաջին յոթ համարներում Դավիթը գովաբանում է Աստծուն իրեն ազատելու համար և հրավիրում է իր ընկերներին միասին փառաբանելու Եհովային՝ որպես Իր ժողովրդի Մեծ Փրկչի (Սաղմոս 34:3, 4, 7)։
10 Դավիթն իր մարդկանց հետ ապաստան գտավ Ոդողոմի քարայրում, որը գտնվում է Իսրայելի լեռնային շրջանում՝ Գեթից 15 կիլոմետր դեպի արևելք։ Այն իսրայելացիները, որոնք դժգոհ էին Սավուղ թագավորի իշխանությունից, եկան ու միացան նրանց (Ա Թագաւորաց 22:1, 2)։ Թերևս Դավիթը մտածում էր այդ մարդկանց մասին, երբ գրում էր Սաղմոս 34։8–22 խոսքերը։ Այս համարներում ամփոփված հիշեցումները մեզ համար նույնպես կարևոր նշանակություն ունեն, և մենք, վստահաբար, օգուտներ կքաղենք՝ մանրամասնորեն քննելով այս գեղեցիկ սաղմոսը։
Ունե՞ս այն նույն ցանկությունը, ինչ որ Դավիթը
11, 12. Ի՞նչ պատճառներ ունենք շարունակ փառաբանելու Եհովային։
11 «Տիրոջը կ’օրհնեմ ամեն ժամանակ. նորա փառաբանութիւնը միշտ իմ բերանումը պիտի լինի» (Սաղմոս 34:1)։ Ապրելով որպես վտարանդի՝ Դավիթը, հավանաբար, նյութական շատ դժվարություններ ուներ, սակայն այս խոսքերից երևում է, որ նա թույլ չէր տալիս, որ առօրյա հոգսերը խանգարեն իրեն փառաբանելու Եհովային։ Ի՜նչ լավ օրինակ է նա մեզ համար, երբ բախվում ենք դժվարությունների։ Անկախ այն բանից՝ դպրոցում ենք, աշխատանքի վայրում, քրիստոնյա հավատակիցների հետ, թե քարոզչական ծառայության մեջ՝ մեր ամենամեծ ցանկությունը պետք է լինի Եհովային փառաբանելը։ Միայն մտածիր, թե որքան շատ պատճառներ ունենք այդպես վարվելու։ Օրինակ՝ Եհովայի հրաշալի ստեղծագործություններն այնքան շատ են, որ մենք անվերջ կարող ենք բացահայտել դրանք և հիանալ դրանցով։ Մտածիր նաև, թե ինչեր է արել Եհովան իր կազմակերպության երկրային մասի միջոցով։ Չնայած իր ծառաների անկատարությանը՝ Եհովան մեր ժամանակներում մեծապես օգտագործում է այդ հավատարիմ մարդկանց։ Համեմատելի՞ են արդյոք Եհովայի գործերը այն մարդկանց գործերի հետ, որոնց աստվածացնում է աշխարհը։ Համաձայն չե՞ս Դավթի հետևյալ խոսքերին. «Քեզ նմանը չ’կայ աստուածների մէջ, Տէր, եւ չ’կայ քո գործքերի պէս» (Սաղմոս 86:8)։
12 Դավթի նման՝ մենք մղվում ենք շարունակ փառաբանելու Եհովային իր անզուգական գործերի համար։ Ավելին, Մենք հուզմունքով ենք լցվում՝ իմանալով, որ այժմ Աստծու Թագավորության իշխանությունը Դավթի անփոփոխ Ժառանգի՝ Հիսուս Քրիստոսի ձեռքում է (Յայտնութիւն 11:15)։ Դա նշանակում է, որ իրերի այս համակարգի վերջը մոտ է, և որ վեց միլիարդ մարդկանց հավիտենական ապագան վտանգի տակ է։ Այժմ ավելի քան երբևէ անհրաժեշտ է հայտնել ուրիշներին, թե Աստծու Թագավորությունը ինչ է շուտով անելու մարդկության համար, և օգնել նրանց, որ մեզ հետ միասին փառաբանեն Եհովային։ Անշուշտ, մենք պետք է օգտագործենք յուրաքանչյուր հնարավորություն՝ քաջալերելու մարդկանց ընդունել այս բարի լուրը, քանի դեռ շատ ուշ չէ, և դա մեր կյանքում առաջնահերթություն պետք է լինի (Մատթէոս 24:14)։
13. ա) Ո՞ւմ անձով էր պարծենում Դավիթը, և ինչպիսի՞ մարդիկ էին արձագանքում դրան։ բ) Ի՞նչն է մղում այսօր խոնարհ անհատներին գալ քրիստոնեական ժողով։
13 «Թող իմ անձը Տէրովը պարծենայ. խեղճերը [խոնարհները, ԱԱ] թող լսեն ու ուրախանան» (Սաղմոս 34:2)։ Դավիթը չէր պարծենում իր անձնական հաջողություններով։ Օրինակ՝ նա չէր պարծենում նրանով, թե ինչպես խաբեց Գեթի թագավորին։ Դավիթը հասկանում էր, որ Եհովան է պաշտպանում իրեն, և որ նա կարողացավ փախչել Գեթից՝ շնորհիվ Եհովայի օգնության (Առակաց 21:1)։ Այսպիսով՝ Դավիթը պարծենում էր ոչ թե ինքն իրենով, այլ Եհովայով։ Դա մղեց հեզ ու խոնարհ մարդկանց մոտենալ Եհովային։ Հիսուսը նույնպես ամեն առիթով փառաբանում էր Եհովայի անունը, և դա խոնարհ ու սովորելու պատրաստ մարդկանց մոտեցնում էր Եհովային։ Այսօր բոլոր ազգերից հեզ մարդիկ գալիս են դեպի օծյալ քրիստոնյաների միջազգային ժողովը, որի Գլուխը Հիսուսն է (Կողոսացիս 1:18)։ Այս խոնարհ անհատների վրա մեծ ազդեցություն է թողնում Աստվածաշնչի պատգամը, որը Աստծու սուրբ ոգին օգնում է նրանց հասկանալ։ Նրանց մեծապես տպավորում է նաև այն, թե ինչպես են Աստծու հեզ ծառաները փառաբանում նրա անունը (Յովհաննէս 6:44; Գործք 16:14)։
Ժողովները զորացնում են մեր հավատը
14. ա) Արդյոք բավարարվո՞ւմ էր Դավիթը՝ միայնակ Եհովային փառաբանելով։ բ) Ի՞նչ օրինակ թողեց Հիսուսը երկրպագության համար հավաքվելու հարցում։
14 «Մեծացրէք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նորա անունը» (Սաղմոս 34:3)։ Դավիթը չէր բավարարվում միայնակ Եհովային փառաբանելով։ Նա սրտանց հրավիրում էր իր ընկերներին իր հետ միասին փառաբանել Աստծու անունը։ Հիսուս Քրիստոսի՝ Մեծ Դավթի համար նույնպես հաճելի էր հրապարակորեն փառաբանել Եհովային. նա դա անում էր տեղի ժողովարանում, Երուսաղեմում գտնվող Աստծու տաճարում անցկացվող տոնախմբությունների ժամանակ, ինչպես նաև երբ իր հետևորդների հետ էր (Ղուկաս 2:49; 4:16–19; 10:21; Յովհաննէս 18:20)։ Ինչպիսի՜ մեծ առանձնաշնորհում է հետևել Հիսուսի օրինակին և մեր հավատակիցների հետ միասին ամեն առիթով փառաբանել Եհովային, հատկապես այժմ, երբ «տեսնում [ենք] որ օրը մօտեցած է» (Եբրայեցիս 10:24, 25)։
15. ա) Ի՞նչ ազդեցություն թողեց Դավթի հետ պատահածը իր ընկերների վրա։ բ) Ինչպե՞ս են նոր հետաքրքրվող անհատները օգուտներ քաղում ժողովի հանդիպումներից։
15 «Ես խնդրեցի Տիրոջը, եւ նա պատասխան տուաւ ինձ, եւ իմ ամեն ահ ու վախիցն ազատեց ինձ» (Սաղմոս 34:4)։ Դավթի հետ պատահածը կարևոր դեր խաղաց նրա կյանքում։ Նա շարունակում է. «Այս խեղճը կանչեց, եւ Տէրը լսեց. եւ իր ամեն նեղութիւններիցը փրկեց սորան» (Սաղմոս 34:6)։ Մեր հավատակիցների հետ շփվելիս շատ առիթներ ենք ունենում քաջալերական դեպքեր պատմելու այն մասին, թե Եհովան ինչպես է օգնել մեզ, որպեսզի տոկանք դժվար իրավիճակներում։ Դա զորացնում է հավատը, ինչպես որ Դավթի խոսքերը զորացրեցին իր ուղեկիցների հավատը։ Դավթի պարագայում նրա ընկերները «[Եհովային էին] մտիկ տալիս եւ լուսաւորվում. եւ նորանց երեսը չ[էր] ամաչիլ» (Սաղմոս 34:5)։ Թեև նրանք փախուստի էին դիմել Սավուղ թագավորի պատճառով, սակայն չէին ամաչում դրանից։ Նրանք վստահ էին, որ Աստված օգնում էր Դավթին, և նրանց երեսը ‘լուսավոր’ էր։ Նմանապես, նորերս հետաքրքրված անհատները, ինչպես նաև նրանք, ովքեր երկար ժամանակ է՝ ճշմարիտ քրիստոնյա են, օգնության համար դիմում են Եհովային։ Քանի որ նրանք անձամբ զգացել են Եհովայի օգնությունը, նրանց ‘լուսավոր’ երեսները արտացոլում են հավատարիմ մնալու իրենց վճռականությունը։
Երախտագետ եղիր հրեշտակների օգնության համար
16. Եհովան ինչպե՞ս է օգտագործում իր հրեշտակներին մեզ փրկելու համար։
16 «Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց» (Սաղմոս 34:7)։ Դավիթը չէր կարծում, թե Եհովան փրկում է միայն իրեն։ Ճիշտ է, նա Աստծու օծյալն էր՝ Իսրայելի ապագա թագավորը, սակայն գիտեր, որ Եհովան հրեշտակների միջոցով պաշտպանում է իր բոլոր հավատարիմ երկրպագուներին՝ անկախ նրանց դիրքից։ Մեր օրերում ճշմարիտ երկրպագուները նույնպես զգացել են Եհովայի տված պաշտպանությունը։ Նացիստական Գերմանիայում, ինչպես նաև Անգոլայում, Մալավիում, Մոզամբիկում և ուրիշ շատ երկրներում իշխանություններն ակտիվ միջոցներ են ձեռնարկել Եհովայի վկաներին ոչնչացնելու համար։ Սակայն նրանց ջանքերը ապարդյուն են եղել։ Եհովայի ժողովուրդն այս երկրներում շարունակում է բարգավաճել՝ միասին փառաբանելով Աստծու անունը։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովան օգտագործում է իր սուրբ հրեշտակներին իր ժողովրդին պաշտպանելու և պահպանելու համար (Եբրայեցիս 1:14)։
17. Ինչպե՞ս են Աստծու հրեշտակներն օգնում մեզ։
17 Բացի այդ, Եհովայի հրեշտակները կարող են դեպքերին այնպիսի ընթացք տալ, որ ցանկացած մարդ, ով գայթակղեցնում է ուրիշներին, հեռացվի Եհովայի ժողովրդի միջից (Մատթէոս 13:41; 18:6, 10)։ Հրեշտակները վերացնում են այն խոչընդոտները, որոնք կարող են խանգարել մեզ ծառայել Աստծուն, և պաշտպանում են այն բաներից, որոնք կարող են վտանգի ենթարկել Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները, թեև մենք գուցե տեղյակ չլինենք այդ մասին։ Իսկ որն ամենակարևորն է, նրանք առաջնորդում են մեզ «յաւիտենական աւետիք[ը]» աշխարհով մեկ տարածելու գործում, ներառյալ այնպիսի վայրերում, որտեղ քարոզելը վտանգավոր է (Յայտնութիւն 14:6)։ Հրեշտակների օգնության վերաբերյալ ապացույցների մասին հաճախ տպագրվում է Եհովայի վկաների կողմից հրատարակված աստվածաշնչյան գրականության մեջ։ Այդպիսի դեպքերը չափազանց շատ են, որպեսզի պատահականություն համարվեն։a
18. ա) Ի՞նչ պետք է անենք հրեշտակների օգնությունը ստանալու համար։ բ) Ի՞նչ կքննարկվի հաջորդ հոդվածում։
18 Հրեշտակների աջակցությունն ու պաշտպանությունը ունենալու համար մենք պետք է շարունակենք փառաբանել Եհովայի անունը, նույնիսկ երբ բախվում ենք հակառակությունների։ Հիշիր՝ Աստծու հրեշտակը «բանակ է շինում» միայն «[Եհովայից] վախեցողների չորս կողմովը»։ Ի՞նչ է դա նշանակում։ Ի՞նչ է աստվածավախությունը, և ինչպե՞ս կարող ենք այն զարգացնել։ Ինչո՞ւ է սիրառատ Աստվածը ցանկանում, որ մենք վախենանք իրենից։ Այս հարցերը կքննարկվեն հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գիրք, էջ 550, ռուս.; 2005 թ. «Եհովայի վկաների տարեգիրք», էջ 53, ռուս.; «Դիտարան», 2000, մարտի 1, էջ 5, 6, արևմտ., ռուս.; «Դիտարան», 1991, հունվարի 1, էջ 27, ռուս.; «Դիտարան», 1991, փետրվարի 15, էջ 26, ռուս.։ Հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ի՞նչ փորձությունների բախվեց Դավիթը, երբ երիտասարդ էր։
• Դավթի նման՝ ինչի՞ն պետք է առաջնահերթություն տանք մեր կյանքում։
• Ինչպե՞ս պետք է վերաբերվենք քրիստոնեական հանդիպումներին։
• Ինչպե՞ս է Եհովան հրեշտակների միջոցով օգնում մեզ։
[Քարտեզ 21–րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
Ռամա
Գեթ
Սիկելակ
Գաբաա
Նոբ
Երուսաղեմ
Բեթլեհեմ
Ոդողոմ
Կեիլա
Քեբրոն
Զիփ
Հորեշ
Կարմեղոս
Մաոն
Ենգադդի
Աղի ծով
[թույլտվությամբ]
Map: Based on maps copyrighted by Pictorial Archive (Near Eastern History) Est. and Survey of Israel
[նկար 21–րդ էջի վրա]
Նույնիսկ երբ փախուստի մեջ էր, Դավիթը փառաբանում էր Եհովայի անունը
[նկար 23–րդ էջի վրա]
Մեր հավատը զորանում է, երբ քրիստոնեական հավաքույթների ժամանակ լսում ենք քաջալերական դեպքեր