Ընթերցողների հարցերը
Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ ասաց, որ քրիստոնեական ժողովից օգնություն ստանալու կարգավիճակ ունենալու համար այրին պետք է «մեկ ամուսնու կին» լինի (1 Տիմոթեոս 5:9)։
Պողոս առաքյալը այս համարում խոսում է այրի կնոջ մասին։ Ուստի «մեկ ամուսնու կին» արտահայտությունը, ակներևաբար, վերաբերում է այդպիսի կնոջ՝ մինչ նրա այրիանալը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ այրին պետք է միայն մեկ անգամ ամուսնացած լիներ, թե՞ Պողոսի խոսքերն այլ իմաստ ունեն։a
Ոմանք կարծում են, թե Պողոսը խոսում էր այն այրիների մասին, ովքեր միայն մեկ անգամ էին ամուսնացել։ Ճիշտ է, շատ մշակույթներում այրիները, ովքեր չէին ամուսնանում, առավել առաքինի էին համարվում, սակայն այդպիսի տեսակետը չի համապատասխանում Պողոսի նամակներում գրված տեղեկություններին։ Օրինակ՝ Կորնթոսի քրիստոնյաներին նա հստակ ասաց, որ թեև ինքը այն կարծիքին է, որ այրին ավելի երջանիկ կլինի, եթե կրկին չամուսնանա, սակայն «նա ազատ է ամուսնանալու, ում հետ որ կամենա, բայց միայն Տիրոջով» (1 Կորնթացիներ 7:39, 40; Հռոմեացիներ 7:2, 3)։ Իսկ Տիմոթեոսին ուղղված իր նամակում Պողոսը նույնիսկ ասաց. «Կամենում եմ, որ երիտասարդ այրիներն ամուսնանան» (1 Տիմոթեոս 5:14)։ Հետևաբար, եթե այրի կինը որոշում էր կրկին ամուսնանալ, ոչ մի նախատինքի չէր արժանանում։
Այդ դեպքում ի՞նչ նկատի ուներ Պողոսը Տիմոթեոսին ուղղված իր նամակում։ «Մեկ ամուսնու կին» արտահայտությունը հանդիպում է միայն այս համարում։ Բնագիր լեզվում այն բառացի նշանակում է «մեկ մարդու կին»։ Ուշագրավ է, որ Պողոսն իր նամակներում մի քանի անգամ նման արտահայտություն է գրել, այսինքն՝ «մեկ կնոջ ամուսին» կամ բնագրի համաձայն՝ «մեկ կնոջ մարդ» (1 Տիմոթեոս 3:2, 12; Տիտոս 1:6)։ Պողոսը այս արտահայտությունը գործածեց քրիստոնյա վերակացուների և ծառայող օգնականների որակները թվարկելիս։ Վերոնշյալ արտահայտությունը այս համատեքստում գլխավորապես նշանակում է, որ քրիստոնեական ժողովում պատասխանատվություն ստանձնելու համար՝ ամուսնացած տղամարդիկ պետք է լինեն իրենց կանանց հավատարիմ ու նվիրված, ինչպես նաև անպարսավելի՝ բարոյական առումով։b Հետևաբար, 1 Տիմոթեոս 5:9–ում նշված «մեկ ամուսնու կին» արտահայտությունը պետք է որ նույն նշանակությունն ունենա. այրի կինը ժողովից օգնություն ստանալու կարգավիճակ ունենալու համար պետք է իր ամուսնուն հավատարիմ ու նվիրված լիներ, երբ վերջինս ողջ էր, և պետք է զերծ լիներ անբարոյության մեջ որևէ մեղադրանքից։ Այրուն վերաբերող մյուս պահանջները, որոնք Պողոսը թվարկեց, հենց այդպիսի անձնավորության են մատնացույց անում (1 Տիմոթեոս 5:10)։
[ծանոթագրություններ]
a Բազմամուսնությունը, այսինքն այն, որ կինը կարող էր միաժամանակ մի քանի ամուսին ունենալ, առաքյալների օրոք հունահռոմեական աշխարհում ընդունված չէր։ Ուստի քիչ հավանական է, որ Պողոսը Տիմոթեոսին այդ մասին գրեր, կամ ինչ–որ մեկին հանդիմաներ նման արարքի համար։
b Այս արտահայտությունը քննարկվում է «Դիտարանի» 1996 թ. հոկտեմբերի 15–ի համարում (էջ 17, ռուս.) և «Դիտարանի» 1982 թ. նոյեմբերի 1–ի համարի «Ընթերցողների հարցերը» հոդվածում (էջ 23, ռուս.)։