Երբ ակնկալիքները չեն իրականանում
ՑԱՆԿԱՑԱԾ ամուսնության մեջ հնարավոր է հիասթափություն լինի, նույնիսկ եթե մտերմության շրջանում թվում էր, թե տղամարդն ու կինը շատ համապատասխան զույգ են։ Սակայն ինչպե՞ս կարող են երկու անձնավորություններ ամուսնությունից հետո բոլորովին տարբեր մարդիկ դառնալ, երբ մինչև ամուսնական երդում տալը թվում էր, թե իրար համար են ստեղծված։
Աստվածաշնչում ասվում է, որ նրանք, ովքեր ամուսնացած են, «նեղություն կունենան» (1 Կորնթացիներ 7:28)։ Հաճախ դա մարդկային անկատարության արդյունքն է (Հռոմեացիներ 3:23)։ Բացի այդ, նրանցից մեկը կամ երկուսն էլ գուցե թերանան Աստվածաշնչի սկզբունքները կիրառել (Եսայիա 48:17, 18)։ Սակայն երբեմն տղամարդը կամ կինը ամուսնանում են՝ անիրական սպասելիքներ ունենալով։ Այդ դեպքում տարաձայնությունները կարող են հանգեցնել լուրջ խնդիրների։
Անիրական ակնկալիքներ
Հավանաբար ամուսնանալիս բազմաթիվ սպասելիքներ ես ունեցել։ Մի պահ մտածիր, թե ինչպիսի կյանքի հույս ունեիր։ Այժմ կյանքդ այնպիսի՞ն է, ինչպիսին որ պատկերացնում էիր։ Եթե այդպես չէ, ապա մի եզրակացրու, որ խնդիրներդ անլուծելի են։ Աստվածաշնչյան սկզբունքները կիրառելը կօգնի քեզ «ուղղելու» ամեն բան (2 Տիմոթեոս 3:16)։a Իսկ մինչ այդ, լավ կլինի քննել, թե ինչ սպասելիքներ ես ունեցել ամուսնությունից։
Օրինակ՝ ոմանք կարծում էին, թե ամուսնական կյանքը ռոմանտիկ է լինելու, ինչպես նկարագրվում է հեքիաթներում։ Կամ գուցե մտածել ես, որ դու և կողակիցդ շատ ժամանակ եք անցկացնելու միասին, կամ երկուսդ էլ ցանկացած տարաձայնություն մեղմ և հասուն ձևով եք լուծելու։ Շատերը կարծել են, որ ամուսնությունը կվերացնի ինքնատիրապետում ունենալու անհրաժեշտությունը սեռական հարաբերություններում։ Եվ քանի որ այս բոլոր սպասելիքները ինչ–որ առումով անիրական են, ուստի բնական է, որ կհիասթափեցնեն անհատին (Ծննդոց 3:16)։
Անիրական սպասելիքներից մեկն էլ այն է, որ շատերը կարծում են, թե ամուսնությունն ինքնին կերջանկացնի անհատին։ Անշուշտ, կողակից ունենալը կարող է ուրախություն պարգևել (Առակաց 18:22; 31:10; Ժողովող 4:9)։ Սակայն կարո՞ղ ենք արդյոք ակնկալել, որ այն հրաշքով կլուծի մեր տարաձայնությունները։ Նրանք, ովքեր այդպես են մտածում, սովորաբար անակնկալի են գալիս։
Չասված ակնկալիքներ
Սակայն ոչ բոլոր սպասելիքներն են անիրական. կան ցանկություններ, որոնք հիմնավոր են։ Բայցևայնպես, որոշ ակնկալիքների պատճառով կարող են խնդիրներ առաջանալ։ Ամուսնության հարցերով մի խորհրդատու նշել է. «Ես նկատել եմ, որ ամուսինները բարկանում են իրար վրա այն դեպքերում, երբ նրանցից մեկը ակնկալում է, որ իր ուզած բանը կատարվի, մինչդեռ մյուսը տեղյակ չէ այդ ցանկության մասին»։ Հասկանալու համար, թե ինչպես է դա տեղի ունենում՝ քննարկենք հետևյալ իրադրությունը։
Մերին ամուսնանում է Դավթի հետ, որը ապրում է նրա քաղաքից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։ Ամուսնանալուց առաջ Մերին հասկանում էր, որ նոր միջավայր տեղափոխվելը իր հետ խնդիրներ առաջ կբերի, քանի որ ինքը բնավորությամբ ամաչկոտ էր։ Սակայն նա վստահ էր, որ Դավիթը կօգնի իրեն հարմարվել նոր միջավայրին։ Օրինակ՝ Մերին ակնկալում էր, որ Դավիթը միշտ իր կողքին կլինի և կօգնի իրեն ծանոթանալ բոլոր ընկերների հետ։ Սակայն դա այդպես չեղավ։ Դավիթը տարվում էր ընկերների հետ շփվելով՝ թողնելով Մերիին մենակ։ Մերին իրեն արհամարհված, նույնիսկ ինչ–որ առումով լքված էր զգում։ «Ինչպե՞ս կարող է Դավիթն այդքան անտարբեր լինել»,— զարմանում էր նա։
Մերիի սպասելիքները անիրակա՞ն էին։ Ո՛չ։ Պարզապես նա ուզում էր, որ իր ամուսինը օգներ իրեն հարմարվել նոր շրջապատին։ Նա ամաչկոտ էր և նոր մարդկանց միջավայրում իրեն ընկճված էր զգում։ Սակայն փաստն այն է, որ Մերին երբեք իր զգացումների մասին չէր խոսում Դավթի հետ։ Հետևաբար Դավիթը գաղափար անգամ չուներ, թե ինչ է կատարվում կնոջ հետ։ Ի՞նչ տեղի կունենար, եթե այդ իրավիճակը շարունակվեր։ Մերին կարող էր այն աստիճան վրդովվել, որ ժամանակի ընթացքում գուցե մտածեր, թե իր ամուսինը բացարձակ քարսիրտ է դարձել իր զգացումների հանդեպ։
Հավանաբար դու նույնպես հիասթափվել ու վհատվել ես, երբ կողակիցդ չի արձագանքել քո կարիքներին։ Եթե դա է պատճառը, ապա ի՞նչ կարող ես անել։
Արտահայտվիր
Չիրականացած սպասելիքները իրականում կարող են մտահոգության պատճառ դառնալ (Առակաց 13:12)։ Սակայն դու կարող ես որոշ չափով շտկել իրավիճակը։ Աստվածաշնչյան մի թարգմանության մեջ ասվում է. «Դու կարող ես հորդորել ուրիշներին, եթե իմաստուն ես և խելամտորեն ես խոսում» (Առակաց 16։23, «Contemporary English Version»)։ Հետևաբար եթե քո ակնկալիքները խելամիտ են, սակայն չեն իրականացել, քննարկիր դրանք կողակցիդ հետ։
Ձգտիր ընտրել հարմար ժամանակ, հարմար տեղ և հարմար բառեր՝ արտահայտելու քո մտահոգությունները (Առակաց 25:11)։ Խոսիր հանգիստ ու հարգանքով։ Հիշիր, որ քո նպատակը ոչ թե կողակցիդ մեղադրելն է, այլ սպասելիքներիդ և զգացումներիդ մասին նրան հայտնելը (Առակաց 15:1)։
Ինչո՞ւ դու պետք է այդպես վարվես։ Մի՞թե հոգատար ամուսինը ի վիճակի չէ հասկանալու իր կնոջ կարիքները։ Հնարավոր է՝ կողակիցդ հարցերին այլ տեսանկյունից է նայում, սակայն նա ուրախությամբ հաշվի կառնի քո կարիքները, եթե խոսե՛ս դրանց մասին։ Երբ խոսում ես քո ցանկությունների կամ կարիքների մասին, դա չի նշանակում, որ ձեր ամուսնությունը հաջող ամուսնություն չէ, և ոչ էլ նշանակում է այն, որ կողակիցդ անտարբեր անձնավորություն է։
Ուստի, առանց վարանելու, քեզ հուզող հարցերը քննարկիր կողակցիդ հետ։ Օրինակ՝ Մերին կարող էր ասել Դավթին. «Խոստովանում եմ, որ ինձ համար դժվար է նոր մարդկանց հետ շփվելը։ Երբեմն նույնիսկ գերադասում եմ տանը մնալ։ Կարո՞ղ ես ինձ օգնել որևէ մեկի հետ ծանոթանալ»։
«Արագ եղիր լսելու մեջ»
Հիմա հարցին մեկ այլ կողմից նայենք։ Ենթադրենք՝ դու մոտեցել ես քո կողակցին և վշտացրել ես նրան, քանի որ խելամիտ բաներ չես ասել։ Եթե այդպես է, լսիր քո կողակցին։ Մի փորձիր պաշտպանվել։ Փոխարենը՝ «արագ եղիր լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1:19; Առակաց 18:13)։ Պողոս առաքյալը հորդորեց քրիստոնյաներին. «Թող ամեն մեկը ոչ թե իր սեփական օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10:24)։
Դու կարող ես դա անել՝ փորձելով հասկանալ, թե ինչ է զգում կողակիցդ։ Աստվածաշնչում ասվում է. «Դո՛ւք, ամուսիննե՛ր, շարունակե՛ք [ձեր կանանց] հետ ապրել գիտության համաձայն»։ Կամ ինչպես արձանագրված է Ֆիլիպսի թարգմանության մեջ, «դո՛ւք, ամուսիննե՛ր, պետք է փորձեք հասկանալ ձեր կանանց» (1 Պետրոս 3:7)։ Իհարկե, կանայք նույնպես պետք է ձգտեն հասկանալ իրենց ամուսիններին։
Հիշիր, անկախ այն բանից, թե որքանով եք դուք իրար համապատասխանում՝ միևնույն է, իրերին տարբեր տեսանկյունից եք նայում (տե՛ս «Նույն բնատեսարանը, սակայն տարբեր կարծիքներ» շրջանակը)։ Իրականում ձեզ համար օգտակար կլինի հարցերը քննել նաև մեկ ուրիշի տեսանկյունից։ Դու և քո կողակիցը ձեր ամուսնական կյանքը սկսել եք այն բանով, որ ձեզանից յուրաքանչյուրը մյուսից ունեցել է այնպիսի սպասելիքներ, որոնք հատուկ են միայն ձե՛ր մշակույթին և ձե՛ր ընտանեկան դաստիարակությանը։ Այնուհանդերձ, դուք կարող եք խորը սեր տածել իրար հանդեպ և միևնույն ժամանակ իրարից տարբեր ակնկալիքներ ունենալ։
Քրիստոնյա կողակիցները լավ գիտեն Աստվածաշնչի գլխավորության սկզբունքը (Եփեսացիներ 5:22, 23)։ Սակայն այս պարագայում ինչպե՞ս գլխավորությունը գործի դնել և ինչպե՞ս հնազանդություն ցուցաբերել։ Արդյո՞ք երկուսդ էլ առաջնորդվում եք Աստվածաշնչի այս սկզբունքով և ջանքեր եք ներդնում հետևելու դրան։
Հնարավոր է՝ դուք տարբեր տեսակետներ ունենաք նաև առօրյա հարցերի վերաբերյալ։ Ո՞վ պետք է զբաղվի տնտեսության հետ կապված գործերով։ Ե՞րբ պետք է դուք ժամանակ անցկացնեք ձեր բարեկամների հետ և որքա՞ն ժամանակ պետք է հատկացնեք նրանց։ Ինչպե՞ս քրիստոնյա կողակիցները ցույց կտան, որ Թագավորության շահերը իրենց կյանքում առաջին տեղում են դնում (Մատթեոս 6:33)։ Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, հեշտ է ընկնել պարտքերի մեջ, ուստի արժե՛ տնտեսող լինել։ Սակայն իրականում ի՞նչ է նշանակում լինել տնտեսող։ Այս հարցերի մասին ազատորեն և հարգանքով խոսելը մեծ օգուտներ կբերի։
Նման քննարկումները կարող են օգնել ձեզ ձեր ամուսնական կյանքը խաղաղ դարձնելու, եթե նույնիսկ մինչև հիմա որոշ սպասելիքներ դեռ չեն իրականացել։ Լավ կլինի հետևել Պողոս առաքյալի հորդորին. «Շարունակե՛ք համբերել մեկդ մյուսիդ և մեծահոգաբար ներել իրար, եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի» (Կողոսացիներ 3:13)։
[ծանոթագրություն]
a Կողակիցների համար խորհուրդներ կարելի է գտնել «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գրքում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[շրջանակ/նկար 10–րդ էջի վրա]
ՆՈՒՅՆ ԲՆԱՏԵՍԱՐԱՆԸ, ՍԱԿԱՅՆ ՏԱՐԲԵՐ ԿԱՐԾԻՔՆԵՐ
«Պատկերացրու՝ զբոսաշրջիկների մի խումբ դիտում է հիանալի մի բնապատկեր։ Չնայած որ ամբողջ խումբը կանգնած է նույն տեսարանի առջև, սակայն յուրաքանչյուրը տարբեր բաների վրա է ուշադրություն դարձնում։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանցից ամեն մեկը տարբեր տեղերից է դիտում։ Միևնույն տեղում երկու հոգի իրար հետ կանգնած չեն։ Ավելին, բոլորը չէ, որ կենտրոնանում են միևնույն տեսարանի վրա։ Ամեն մեկը գտնում է մի բան, որը միայն իր համար է գրավիչ։ Նույնը ամուսնության պարագայում է։ Որքան էլ զույգը համապատասխան է, այնուհանդերձ, երկուսն էլ նույն հարցերի վերաբերյալ միևնույն տեսակետը չունեն.... Հաղորդակցվելիս ջանքեր է պետք ներդնել, որպեսզի տարբեր կարծիքների միախառնումից մի ընդհանուր կարծիք ստեղծվի, և ամուսինների միջև ներդաշնակ փոխհարաբերություններ հաստատվեն։ Ուստի պետք է ժամանակ հատկացնել իրար հետ խոսելու համար» («Դիտարանի» 1993 թ. օգոստոսի 1–ի համարը, էջ 4, ռուս.)։
[շրջանակ 11–րդ էջի վրա]
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
• Վերանայիր սպասելիքներդ։ Որքանո՞վ են դրանք իրական։ Արդյոք ավելին չե՞ս ակնկալում քո կողակցից, քան իրականում դա հնարավոր է (Փիլիպպեցիներ 2:4; 4:5)։
• Եթե սպասելիքներդ անիրական են, փորձիր հարմարվել։ Օրինակ՝ «մենք երբեք համաձայնության չենք գա» ասելու փոխարեն՝ տարաձայնությունները խաղաղությամբ լուծիր (Եփեսացիներ 4:32)։
• Քննարկիր սպասելիքներդ։ Քո խնդիրների մասին արտահայտվելը կօգնի սովորել, թե ինչպես կարող եք սեր ու հարգանք ցուցաբերել իրար նկատմամբ (Եփեսացիներ 5:33)։
[նկար 9–րդ էջի վրա]
«Արագ եղիր» կողակցիդ մտահոգող հարցերը լսելու մեջ