Գլանաձև փաթեթից՝ մատյան. ինչպես Աստվածաշունչը դարձավ գիրք
ԴԱՐԵՐ ի վեր մարդիկ ինֆորմացիան պահել են տարբեր կերպերով։ Նրանք գրել են հուշարձանների, քարե կամ փայտե տախտակների, մագաղաթի և այլ գրանյութերի վրա։ Դեռ նախքան առաջին դարը Մերձավոր Արևելքում գրավոր խոսքը պահելու ընդունված և հաստատված միջոցը գլանաձև փաթեթն էր։ Հետո ի հայտ եկավ մատյանը, որը ժամանակի ընթացքում փոխարինեց գլանաձև փաթեթին և դարձավ գրավոր նյութը պահելու սովորական միջոց։ Այն նաև մեծապես նպաստեց Աստվածաշնչի տարածմանը։ Ի՞նչ էր մատյանը, և ինչպե՞ս այն մտավ գործածության մեջ։
Մատյանը ժամանակակից գրքի ամենահին նախատիպն է։ Այն բաղկացած էր թերթերից, որոնք ծալված, իրար վրա դրված և ծալվածքի տեղից ամրացված էին։ Թերթերը գրվում էին երկու կողմից և պաշտպանված էին կազմով։ Հին մատյաններն այնքան էլ նման չէին այսօրվա գրքերին, սակայն, ինչպեսև շատ հայտնագործությունների դեպքում, դրանք բարելավվեցին և փոփոխությունների ենթարկվեցին՝ համաձայն դրանք գործածողների կարիքների և նախապատվությունների։
Փայտ, մոմ և մագաղաթ
Սկզբնական շրջանում մատյանները հաճախ պատրաստվում էին մոմապատ փայտե տախտակներից։ Հերկուլանում քաղաքում հայտնաբերվել են գրված մոմապատ պոլիպտիտներ, կամ՝ տախտակներ, որոնք միացված են եղել երկար կողմով (այս քաղաքը Պոմպեյի հետ ավերվեց Վեզուվ լեռան՝ մ.թ. 79–ին տեղի ունեցած հրաբխային ժայթքման հետևանքով)։ Չճկվող տախտակները, ի վերջո, փոխարինվեցին ծալվող գրանյութերով։ Լատիներեն այս մատյանները, կամ՝ գրքերը, կոչվում էին մեմբրանի, այսինքն՝ մագաղաթներ, քանի որ դրանց թերթերը հիմնականում պատրաստվում էին կաշվից։
Որոշ մատյաններ, որոնք մինչև օրս պահպանվել են, պատրաստվել են պապիրուսից։ Մեզ հայտնի հնագույն քրիստոնեական մատյանները, որոնք պահպանվել են Եգիպտոսի որոշ վայրերի չորային կլիմայի պայմաններում, պապիրուսից են պատրաստված։a
Փաթե՞թ, թե՞ մատյան
Ըստ երևույթին, քրիստոնյաները մինչև առաջին դարի վերջը հիմնականում օգտագործել են գլանաձև փաթեթներ։ Առաջին դարի վերջից մինչև երրորդ դար պայքար է ընթացել մատյանի կողմնակիցների և փաթեթի կողմնակիցների միջև։ Վերջիններս, որոնք սովոր էին փաթեթներին, չէին ուզում հրաժարվել հաստատված սովորություններից և ավանդույթներից։ Իսկ ինչպե՞ս էին կարդում գլանաձև փաթեթները։ Փաթեթը սովորաբար պատրաստվում էր պապիրուսի կամ մագաղաթի որոշակի թվով թերթերից։ Դրանք սոսնձում էին իրար, և արդյունքում ստացվում էր երկար լայն ժապավեն, որն այնուհետև փաթաթում էին։ Տեքստը գրում էին ներսի կողմում՝ սյունակներով։ Կարդալու համար փաթեթը բացում էին, գտնում իրենց ուզած տեղը, իսկ կարդալուց հետո նորից փաթաթում։ Հաճախ մեկ գրական աշխատության համար անհրաժեշտ էր լինում մեկից ավելի փաթեթ։ Սակայն այդ դեպքում փաթեթը մեծ ու ծանր էր լինում, ինչը դժվարացնում էր այն օգտագործելը։ Երկրորդ դարի քրիստոնյաները ակներևաբար նախընտրում էին Գրություններն ունենալ մատյանի տեսքով։ Այնուամենայնիվ փաթեթները դարեր շարունակ գործածության մեջ մնացին։ Ինչևէ, մասնագետները կարծում են, որ քրիստոնյաների կողմից մատյանի օգտագործումը նշանակալից դեր խաղաց դրա տարածման գործում։
Մատյանի առավելությունները շատ էին. այն տարողունակ էր, հարմար և հեշտ տեղափոխելի։ Թեև վաղ շրջանում ոմանք նկատել էին մատյանի առավելությունը, բայց մեծամասնությունը չէր ուզում հրաժարվել փաթեթներից։ Դարերի ընթացքում, սակայն, տարբեր գործոնների ազդեցությամբ մատյանը, ի վերջո, «հաղթանակեց»։
Փաթեթի հետ համեմատած՝ մատյանը փոքր ծավալ ուներ, բայց շատ տեղեկություններ էր պարունակում։ Թերթի երկու կողմում էլ կարելի էր գրել և մեկ հատորի մեջ ընդգրկել մի քանի գիրք։ Ըստ ոմանց՝ այն հանգամանքը, որ կարելի էր հեշտությամբ բացել անհրաժեշտ էջը, վճռորոշ նշանակություն ունեցավ, որ մատյանները լայնորեն գործածվեն քրիստոնյաների և օրենսգետների կողմից։ Դրանք չափազանց հարմար էին ավետարանչական գործում։ Ի լրումն այս ամենի՝ մատյանն ուներ կազմ, որը հաճախ լինում էր փայտից, ուստի այն փաթեթից ավելի դիմացկուն էր։
Մատյանները հարմար էին նաև անձնական ընթերցանության համար։ Երրորդ դարի վերջում կային փոքր չափի մագաղաթյա Ավետարաններ, որոնք օգտագործվում էին այսպես կոչված քրիստոնյաների կողմից։ Այդ ժամանակից ի վեր՝ ամբողջությամբ կամ մասամբ միլիարդավոր Աստվածաշնչեր են արտադրվել մատյանի տեսքով։
Այսօր բազմաթիվ միջոցներ կան, որոնք արագորեն և հեշտությամբ մատչելի են դարձնում Սուրբ Գրություններում պարունակվող աստվածային իմաստությունը։ Դրանք են՝ համակարգիչները, ձայներիզները և տպագիր հրատարակությունները։ Ինչ ձևով էլ որ նախընտրեք ունենալ Աստվածաշունչը, սեր զարգացրեք նրա հանդեպ՝ ամեն օր այն դարձնելով ձեր «մտածմունքը» (Սաղմոս 119։97, 167)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Վաղ քրիստոնեական մատյանը» հոդվածը «Դիտարանի» 1962 թ. օգոստոսի 15–ի համարում (էջ 501–505, անգլ.)։
[նկարներ 15–րդ էջի վրա]
Մատյանը մեծապես նպաստեց Աստվածաշնչի տարածմանը