Սուրբ ոգու դե՞մ ես մեղք գործել
«Կա մեղք, որ մահվան է տանում» (1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 5։16)։
1, 2. Որտեղի՞ց գիտենք, որ հնարավոր է Աստծու սուրբ ոգու դեմ մեղք գործել։
«ԵՍ ՉԷԻ կարողանում ազատվել այն մտքից, որ սուրբ ոգու դեմ մեղք եմ գործել»։ Այսպիսի խոսքեր գրեց Գերմանիայում ապրող մի կին, թեև նա ծառայում էր Աստծուն։ Մի՞թե հնարավոր է, որ քրիստոնյան մեղանչի Աստծու սուրբ ոգու՝ գործուն ուժի դեմ։
2 Այո՛, հնարավոր է մեղք գործել Եհովայի սուրբ ոգու դեմ։ Հիսուս Քրիստոսն ասաց. «Ամեն տեսակ մեղք և հայհոյանք կներվի մարդկանց, բայց ոգու դեմ հայհոյանքը չի ներվի» (Մատթեոս 12։31)։ Աստվածաշունչն ասում է. «Եթե ճշմարտության ճշգրիտ գիտությունը ստանալուց հետո հոժար կամքով շարունակում ենք մեղք գործել, ապա մեղքերի համար այլևս զոհ չի մնում, այլ մնում է դատաստանի ահազդու սպասումը» (Եբրայեցիներ 10։26, 27)։ Իսկ Հովհաննես առաքյալը գրեց. «Կա մեղք, որ մահվան է տանում» (1 Հովհաննես 5։16)։ Բայց արդյո՞ք լուրջ մեղք գործած անձնավորությունը ինքն է որոշում, որ «մահվան տանող մեղք» է գործել։
Զղջումը ներում է բերում
3. Եթե խորապես վշտացած ենք մեր գործած մեղքի համար, ապա, ըստ ամենայնի, ի՞նչ է դա նշանակում։
3 Եհովան է վերջնականապես դատելու մեղք գործողներին։ Նա միշտ ճիշտ է վարվում, և մենք բոլորս պիտի հաշիվ տանք նրան (Ծննդոց 18։25; Հռոմեացիներ 14։12)։ Եհովան է որոշում, թե արդյոք աններելի մեղք ենք գործել, և միայն նա կարող է իր ոգին վերցնել մեզանից (Սաղմոս 51։11)։ Եթե խորապես վշտացած ենք մեր գործած մեղքի համար, ապա, ամենայն հավանականությամբ, դա նշանակում է, որ իսկապես զղջացել ենք։ Իսկ ի՞նչ է իսկական զղջումը։
4. ա) Ինչպե՞ս կսահմանեիր զղջումը։ բ) Ինչո՞ւ են սաղմոսերգուի խոսքերն այդքան մխիթարական։
4 Զղջալ նշանակում է փոխել վերաբերմունքը կատարած սխալի հանդեպ կամ այն սխալի հանդեպ, որը մտադիր էինք անել։ Դա նշանակում է ցավ ու ափսոսանք զգալ և ետ դառնալ մեղավոր ընթացքից։ Եթե ծանր մեղք ենք գործել, սակայն համապատասխան քայլեր ենք ձեռնարկել, որոնք փաստում են, որ իսկապես զղջացել ենք, ապա կարող ենք մխիթարվել սաղմոսերգուի հետևյալ խոսքերից. «[Եհովան] չէ անում մեզ մեր մեղքերի համեմատ. եւ չէ հատուցանում մեզ մեր անօրէնութիւնների համեմատ։ Այլ որքան որ բարձր է երկինքը երկրիս վերայ, այնքան զօրաւոր է նորա գութը իրանից վախեցողների վերայ։ Որքան որ արեւելքը հեռու է արեւմուտքիցը, այնքան նա հեռացրեց մեզանից մեր յանցանքները։ Ինչպէս որ հայրը կ’գթայ որդիներին, այնպէս գթած է Տէրը իրանից վախեցողներին։ Որովհետեւ նա գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք» (Սաղմոս 103։10–14)։
5, 6. Ո՞րն է 1 Հովհաննես 3։19–22 համարների հիմնական միտքը։ Բացատրիր առաքյալի խոսքերի իմաստը։
5 Մխիթարական են նաև Հովհաննես առաքյալի խոսքերը. «Սրանով կիմանանք, որ ճշմարտությունից ենք, և մեր սրտերը կհավաստիացնենք նրա առաջ, ինչ բաներում էլ որ մեր սրտերը դատապարտեն մեզ, որովհետև Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի։ Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը մեզ չեն դատապարտում, ապա խոսելու ազատություն ունենք առ Աստված, և ինչ էլ որ խնդրենք, կստանանք նրանից, քանի որ պահում ենք նրա պատվիրանները և նրա աչքին հաճելի բաներն ենք անում» (1 Հովհաննես 3։19–22)։
6 Մենք «գիտենք, որ ճշմարտությունից ենք», որովհետև դրսևորում ենք եղբայրական սեր և մեղք գործելը սովորություն չենք դարձնում (Սաղմոս 119։11)։ Եթե «մեր սրտերը մեզ դատապարտեն» ինչ–որ պատճառով, մենք պետք է հիշենք, որ «Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի»։ Եհովան գթում է մեզ, քանի որ գիտի՝ մենք սիրում ենք մեր եղբայրներին առանց կեղծավորության, պայքարում ենք մեղքի դեմ և ջանում ենք կատարել նրա կամքը (1 Պետրոս 1։22)։ Մեր սիրտը «մեզ չի դատապարտի», եթե վստահենք Եհովային, դրսևորենք եղբայրական սեր և գիտակցաբար չմեղանչենք։ Մենք աղոթքով «խոսելու ազատություն կունենանք առ Աստված», և նա կպատասխանի մեզ, քանի որ պահում ենք նրա պատվիրանները։
Նրանք մեղք գործեցին սուրբ ոգու դեմ
7. Ինչի՞ց է կախված մեղքի ներելի կամ աններելի լինելը։
7 Ո՞ր մեղքերը չեն ներվում։ Այս հարցին պատասխանելու համար քննենք մի քանի աստվածաշնչային օրինակներ։ Դրանք կմխիթարեն մեզ, եթե իսկապես զղջացել ենք, սակայն շարունակում ենք խոր ցավ զգալ մեր կատարած լուրջ սխալի համար։ Կտեսնենք, որ մեղքը ներելի է, թե՝ ոչ, կախված է ոչ այնքան անհատի գործած մեղքից, որքան նրա մղումներից, սրտի վիճակից և դիտավորության աստիճանից։
8. Առաջին դարի որոշ հրեա կրոնական առաջնորդներ ինչպե՞ս մեղք գործեցին սուրբ ոգու դեմ։
8 Առաջին դարի որոշ հրեա կրոնական առաջնորդներ, որոնք չարամտորեն ընդդիմանում էին Հիսուս Քրիստոսին, մեղանչեցին սուրբ ոգու դեմ։ Նրանք տեսան, որ Հիսուսը Աստծու սուրբ ոգու զորությամբ էր հրաշքներ գործում, որոնք պատվում էին Եհովային։ Սակայն Քրիստոսի թշնամիները այդ զորությունը վերագրում էին Բանսարկու Սատանային։ Հիսուսն ասաց, որ ովքեր նման ձևով հայհոյում են Աստծու սուրբ ոգու դեմ, գործում են այնպիսի մեղք, որը չի ներվի «ո՛չ իրերի այս համակարգում, ո՛չ էլ գալիք համակարգում» (Մատթեոս 12։22–32)։
9. Ի՞նչ է հայհոյությունը, և ի՞նչ ասաց Հիսուսն այդ մասին։
9 Հայհոյությունը զրպարտիչ, վնասակար և վիրավորական խոսքն է։ Քանի որ սուրբ ոգու Աղբյուրը Աստված է, նրա ոգու դեմ ինչ–որ բան ասելը նույնն է, ինչ Եհովայի դեմ խոսելը։ Եթե անհատը շարունակ այդպիսի խոսքեր է ասում և չի զղջում, ապա նրա արարքը աններելի է։ Հիսուսի խոսքերն ուղղված էին նրանց, ովքեր գիտակցաբար հակառակվում էին Աստծու սուրբ ոգու ակնհայտ դրսևորմանը։ Եհովայի ոգին գործում էր Հիսուսի միջոցով, այնինչ նրա հակառակորդներն այդ ուժը վերագրեցին Սատանային՝ դրանով իսկ հայհոյելով սուրբ ոգու դեմ։ Ուստի Հիսուսն ասաց. «Ով որ սուրբ ոգու դեմ է հայհոյում, հավիտյան ներում չունի, այլ հանցավոր է հավիտենական մեղքով» (Մարկոս 3։20–29)։
10. Ինչո՞ւ Հիսուսը Հուդային անվանեց «կործանման որդի»։
10 Քննենք նաև Հուդա Իսկարիովտացու դեպքը։ Նա անազնիվ էր, քանի որ իրեն վստահված փողի արկղից գողություն էր անում (Հովհաննես 12։5, 6)։ Հետո նա գնաց հրեա առաջնորդների մոտ և պայմանավորվեց Հիսուսին մատնել 30 կտոր արծաթով։ Ճիշտ է, Հուդան դավաճանությունից հետո խղճի խայթ զգաց, սակայն ամենևին էլ չզղջաց գիտակցաբար կատարած մեղքի համար։ Նա արժանի չէ հարության։ Ուստի Հիսուսը նրան անվանեց «կործանման որդի» (Հովհաննես 17։12; Մատթեոս 26։14–16)։
Նրանք մեղք չգործեցին սուրբ ոգու դեմ
11–13. Ինչպե՞ս եղավ, որ Դավիթ թագավորը մեղք գործեց Բերսաբեի հետ։ Ինչպե՞ս կարող է մեզ մխիթարել այն, որ Աստված նրանց ներեց։
11 Երբեմն այն քրիստոնյաները, ովքեր խոստովանել են իրենց լուրջ մեղքը և ժողովի երեցներից ստացել հոգևոր օգնություն, շարունակում են տանջվել այն մտքից, որ խախտել են Աստծու օրենքը (Հակոբոս 5։14)։ Եթե մենք նույնպես այդպիսի մտատանջություններ ունենք, ապա օգտակար կլինի քննել, թե ինչ են ասում Գրություններն այն մարդկանց մասին, որոնց մեղքերը ներվել են։
12 Դավիթ թագավորը ծանր մեղք գործեց Բերսաբեի՝ Ուրիայի կնոջ հետ։ Իր տան տանիքից տեսնելով այդ գեղեցիկ կնոջը լողանալիս՝ Դավիթը նրան բերել տվեց իր պալատ և սեռական հարաբերություն ունեցավ նրա հետ։ Ավելի ուշ իմանալով, որ Բերսաբեն հղիացել է՝ մտածեց այնպես անել, որ նրա ամուսինը՝ Ուրիան, քնի նրա հետ՝ խորհելով, որ այդպիսով շնությունը ծածկված կլինի։ Երբ այդ ծրագիրը խափանվեց, թագավորն այնպես արեց, որ Ուրիան մարտում սպանվի։ Այնուհետև Բերսաբեն դարձավ Դավթի կինը, զավակ ծնեց, որը, սակայն, մահացավ (Բ Թագաւորաց 11։1–27)։
13 Ինչպե՞ս վարվեց Եհովան։ Աստված ներեց Դավթին՝ ակներևաբար հաշվի առնելով նրա զղջումը և նրա հետ կապած Թագավորության ուխտը (Բ Թագաւորաց 7։11–16; 12։7–14)։ Բերսաբեն, ըստ ամենայնի, նույնպես զղջում ցուցաբերեց. դա երևում է նրանից, որ նա առանձնաշնորհում ստացավ դառնալու Սողոմոն թագավորի մայրը և Հիսուս Քրիստոսի նախամայրը (Մատթեոս 1։1, 6, 16)։ Եթե մեղք ենք գործել, ապա լավ կլինի հիշել, որ Եհովան հաշվի է առնում մեր զղջամիտ տրամադրվածությունը։
14. Այն, թե որքան մեծ է Եհովայի ներողամտությունը, ինչպե՞ս է երևում Մանասե թագավորի դեպքից։
14 Այն, թե որքան մեծ է Եհովայի ներողամտությունը, վառ կերպով երևում է նաև Հուդայի Մանասե թագավորի դեպքից։ «Նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին»։ Մանասեն զոհասեղաններ շինեց Բահաղի համար, «երկնքի բոլոր զօրքերին երկրպագութիւն արաւ» և նույնիսկ Եհովայի «տան երկու գաւիթներումը» զոհասեղաններ դրեց կեղծ աստվածների համար։ «Նա իր որդիներին անցկացրեց կրակով», խրախուսեց ոգեհարցությունը և պատճառ եղավ, որ Հուդայի ու Երուսաղեմի բնակիչները «այն ազգերից աւելի չարութիւն անեն, որոնց փչացրեց Տէրը Իսրայէլի որդկանց առաջին»։ Մանասեն ուշադրություն չէր դարձնում Աստծու մարգարեների նախազգուշացումներին։ Ի վերջո, Ասորեստանի թագավորը նրան գերի տարավ։ Գերության մեջ Մանասեն զղջաց և խոնարհաբար աղոթքներ արեց Աստծուն. Եհովան ներեց նրան, «ետ դարձրեց Երուսաղէմ իր թագաւորութեան մէջ», որից հետո Մանասեն քայլեր ձեռնարկեց հօգուտ ճշմարիտ երկրպագության (Բ Մնացորդաց 33։2–17)։
15. Պետրոս առաքյալի կյանքի ո՞ր դրվագն է ցույց տալիս, որ Եհովան «առատապէս» ներում է։
15 Պետրոս առաքյալը ծանր մեղք գործեց՝ ուրանալով Հիսուսին (Մարկոս 14։30, 66–72)։ Սակայն Եհովան «առատապէս» ներեց նրան (Եսայիա 55։7, ԱԱ)։ Ինչո՞ւ։ Որովհետև վերջինս անկեղծորեն զղջաց (Ղուկաս 22։62)։ Այն, որ Աստված ներել էր Պետրոսին, հստակ երևաց 50 օր անց, երբ նրան առանձնաշնորհում տրվեց Պենտեկոստեի օրը համարձակորեն վկայելու Հիսուսի մասին (Գործեր 2։14–36)։ Մի՞թե հիմքեր կան մտածելու, որ Աստված այսօր պակաս ներողամիտ կլինի այն քրիստոնյաների հանդեպ, ովքեր իսկապես զղջում են։ «Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ, Տէր,— ասաց սաղմոսերգուն։— Որովհետեւ քեզ մօտ է թողութիւնը» (Սաղմոս 130։3, 4)։
Չանհանգստանանք, թե մեղք ենք գործել սուրբ ոգու դեմ
16. Ո՞ր դեպքում է Աստված ներում շնորհում։
16 Վերոհիշյալ օրինակները օգնում են մեզ, որ չանհանգստանանք, թե մեղք ենք գործել սուրբ ոգու դեմ։ Դրանք ցույց են տալիս, որ Եհովան իսկապես ներում է զղջամիտ մեղավորներին։ Եթե մեղք ենք գործել, ապա անչափ կարևոր է ջերմեռանդորեն աղոթել Աստծուն։ Կարող ենք աղերսել նրան, որ ների մեզ Հիսուսի քավիչ զոհաբերության և իր ողորմածության հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով մեր ժառանգած անկատարությունը և անձնվեր ծառայությունը։ Ճանաչելով Եհովայի անարժան բարությունը՝ մենք կարող ենք ներում խնդրել՝ վստահ լինելով, որ նա այն կշնորհի մեզ (Եփեսացիներ 1։7)։
17. Ի՞նչ պետք է անենք, եթե մեղանչել ենք և հոգևոր օգնության կարիք ունենք։
17 Իսկ ի՞նչ կարող ենք անել, եթե մեղք ենք գործել, սակայն ի վիճակի չենք աղոթելու, քանի որ կատարած հանցանքի պատճառով հոգևորապես հիվանդացել ենք։ Ահա թե ինչ է գրում Հակոբոս աշակերտը. «Թող [այդպիսի անհատը] իր մոտ կանչի ժողովի երեցներին, և թող նրանք աղոթք անեն նրա վրա և Եհովայի անունով յուղով օծեն նրան։ Հավատով արված աղոթքը կլավացնի հիվանդին, ու Եհովան ոտքի կկանգնեցնի նրան։ Նաև եթե նա մեղքեր է գործել, կներվի նրան» (Հակոբոս 5։14, 15)։
18. Նույնիսկ եթե անհատը հեռացվում է ժողովից, ինչո՞ւ չի կարելի միանշանակ ասել, որ նա աններելի մեղք է գործել։
18 Եթե մեղավոր անհատը չի զղջում և հեռացվում է ժողովից, ապա չի կարելի միանշանակ ասել, որ նա աններելի մեղք է գործել։ Կորնթոսի ժողովից վտարված մի օծյալի մասին Պողոսը գրեց. «Մեծամասնության կողմից տրված այս նկատողությունը բավական է այդպիսի մարդու համար, այնպես որ այժմ, ընդհակառակը, դուք պետք է մեծահոգաբար ներեք ու մխիթարեք նրան, որ չլինի թե այդպիսի անհատը կուլ գնա իր ծայրահեղ տրտմությանը» (2 Կորնթացիներ 2։6–8; 1 Կորնթացիներ 5։1–5)։ Մեղք գործած անհատը հոգևորապես առողջանալու համար պետք է ընդունի քրիստոնյա երեցների սուրբգրային օգնությունը և փաստի, որ իսկապես զղջում է։ Նա պետք է «զղջմանը արժանի պտուղներ բերի» (Ղուկաս 3։8)։
19. Ի՞նչը կարող է մեզ օգնել, որ «առողջ մնանք հավատի մեջ»։
19 Ի՞նչը կարող է նպաստել այն բանին, որ մտածենք, թե սուրբ ոգու դեմ մեղք ենք գործել։ Այդպիսի գործոններից կարող են լինել սեփական անձի հանդեպ չափազանց պահանջկոտ լինելը և վատ ֆիզիկական վիճակը։ Նման դեպքերում օգտակար կարող են լինել աղոթքը և լրացուցիչ հանգիստը։ Հատկապես կարևոր է թույլ չտալ, որ Սատանան մեզ վհատեցնի ու ետ պահի Աստծուն ծառայելուց։ Եթե Եհովային հաճելի չէ ամբարշտի մահը, ապա առավել ևս նրան ցավ է պատճառում իր ծառաներից որևէ մեկի կորուստը։ Ուստի եթե մտավախություններ ունենք, որ մեղանչել ենք սուրբ ոգու դեմ, ապա պետք է շարունակենք սնվել Աստծու Խոսքով, մասնավորապես սաղմոսներով, որտեղ կարող ենք բազմաթիվ մխիթարական մտքեր գտնել։ Պետք է շարունակենք հաճախել ժողովի հանդիպումներին և մասնակցել Թագավորության քարոզչության գործին։ Այսպես անելը կնպաստի, որ լինենք «հավատի մեջ առողջ» և ազատվենք այն անհանգստությունից, որ գուցե աններելի մեղք ենք գործել (Տիտոս 2։2)։
20. Ո՞ր հարցերը կարող են օգնել անհատին հասկանալու, որ մեղք չի գործել սուրբ ոգու դեմ։
20 Եթե անհատը մտավախություն ունի, թե մեղք է գործել սուրբ ոգու դեմ, կարող է ինքն իրեն հարց տալ. «Հայհոյե՞լ եմ սուրբ ոգու դեմ։ Իսկապե՞ս զղջացել եմ իմ գործած մեղքի համար։ Կարո՞ղ եմ ասել, որ հավատում եմ Աստծու ներողամտությանը։ Հավատուրա՞ց եմ, որը մերժում է հոգևոր լույսը»։ Շատ հավանական է՝ նա գա եզրակացության, որ չի հայհոյել Աստծու սուրբ ոգու դեմ, ոչ էլ հավատուրաց է դարձել։ Նա զղջացել է իր արածի համար և համոզված է, որ Եհովան ներող Աստված է։ Այսպիսով՝ նա մեղք չի գործել Եհովայի սուրբ ոգու դեմ։
21. Հաջորդ հոդվածում ի՞նչ հարցեր կքննարկվեն։
21 Ի՜նչ օրհնություն է համոզված լինել, որ մեղք չենք գործել սուրբ ոգու դեմ։ Սակայն սուրբ ոգու հետ կապված ուրիշ հարցեր էլ կան։ Դրանք կքննարկենք հաջորդ հոդվածում։ Այդ հարցերից են. «իսկապե՞ս առաջնորդվում եմ Աստծու սուրբ ոգով», «նրա պտուղը ակնհա՞յտ է իմ կյանքում»։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ հնարավոր է մեղք գործել սուրբ ոգու դեմ։
• Ի՞նչ է նշանակում զղջալ։
• Ովքե՞ր մեղանչեցին սուրբ ոգու դեմ, երբ Հիսուսը երկրի վրա էր։
• Ինչպե՞ս կարող ենք ազատվել մտատանջությունից, որ աններելի մեղք ենք գործել։
[նկար 17–րդ էջի վրա]
Ովքեր ասում էին, թե Հիսուսը Սատանայի զորությամբ է հրաշքներ գործում, մեղանչում էին Աստծու սուրբ ոգու դեմ
[նկար 18–րդ էջի վրա]
Ճիշտ է, Պետրոսն ուրացավ Հիսուսին, բայց աններելի մեղք չգործեց