Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 8/1 էջ 21–25
  • «Զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից»
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Անպատշաճ խնդրանք
  • Զգուշացե՛ք ագահությունից
  • Կյանքը կախված չէ ունեցվածքից
  • Ապահով ապագա
  • Ինչպե՞ս հավասարակշռվածություն ունենալ դրամի հանդեպ
    2001 Դիտարան
  • Դու «հարո՞ւստ ես Աստծու աչքին»
    2007 Դիտարան
  • Ագահություն
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Որքանո՞վ է ամուր քո վստահությունը Եհովայի հանդեպ
    2006 Դիտարան
Ավելին
2007 Դիտարան
w07 8/1 էջ 21–25

«Զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից»

«Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (ՂՈՒԿԱՍ 12։15)։

1, 2. ա) Ի՞նչ նպատակներ և հետաքրքրություններ ունեն մարդիկ այսօր։ բ) Ինչպե՞ս կարող են նման հայացքները ազդել մեզ վրա։

ՓՈՂ, ունեցվածք, հեղինակություն, եկամտաբեր աշխատանք, ընտանիք. սրանք այն բաներից են, որոնք մարդկանց մեծամասնությունը համարում է հաջողության չափանիշ և ապահով ապագայի երաշխիք։ Ակնհայտ է, որ թե՛ հարուստ և թե՛ աղքատ երկրներում շատ մարդկանց հետաքրքրություններն ու նպատակները կենտրոնացած են նյութականի և բարգավաճման վրա։ Իսկ ինչ վերաբերում է հոգևոր բաների հանդեպ նրանց հետաքրքրությանը (եթե ընդհանրապես ունեն), ապա այն արագորեն նվազում է։

2 Այս բոլոր բաները կանխագուշակված են եղել Աստվածաշնչում։ Աստծու Խոսքն ասում է. «Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու։ Որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր.... ավելի հաճոյասեր, քան աստվածասեր, որ Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն, բայց նրա զորությունն ուրանում են» (2 Տիմոթեոս 3։1–5)։ Ճշմարիտ քրիստոնյաները ապրում են նման մարդկանց շրջապատում, ուստի վտանգ կա, որ նրանք կընդօրինակեն նրանց մտածելակերպն ու ապրելակերպը։ Ի՞նչը կարող է մեզ օգնել դիմադրելու աշխարհին, որն ամեն ջանք թափում է մեզ «իր շրջանակների մեջ խցկելու համար» (Հռոմեացիներ 12։2, The New Testament in Modern English)։

3. Հիսուսի ո՞ր խորհուրդն ենք քննարկելու այս հոդվածում։

3 «Մեր հավատի Գլխավոր Առաջնորդն ու Կատարելագործողը»՝ Հիսուս Քրիստոսը, կարևոր բաներ է մեզ սովորեցնում (Եբրայեցիներ 12։2)։ Մի անգամ, երբ Հիսուսը բազմության հետ խոսում էր հոգևոր լուրջ բաների մասին, մի մարդ ընդհատեց նրան՝ ասելով. «Ուսուցի՛չ, իմ եղբորն ասա, որ ժառանգությունը բաժանի ինձ հետ»։ Ի պատասխան՝ Հիսուսն այդ մարդուն, ինչպես նաև բոլոր ունկնդիրներին մի կարևոր խորհուրդ տվեց։ Նա խստորեն զգուշացրեց ագահությունից և այդ խորհրդի կարևորությունն ընդգծեց մտածելու տեղիք տվող մի օրինակով։ Լավ կանենք, եթե ականջ դնենք Հիսուսի ասածներին և տեսնենք, թե ինչ օգուտներ կքաղենք՝ դրանք կիրառելով մեր կյանքում (Ղուկաս 12։13–21)։

Անպատշաճ խնդրանք

4. Ինչո՞ւ էր անպատշաճ, որ այդ մարդն ընդհատեց Հիսուսին։

4 Այդ մարդն ընդհատեց Հիսուսին այն ժամանակ, երբ վերջինս իր աշակերտների և մյուսների հետ խոսում էր կեղծավորությունից զգուշանալու մասին։ Հիսուսը նաև ասում էր, որ հարկավոր է քաջություն ունենալ խոստովանելու համար, որ անհատը միության մեջ է մարդու Որդու հետ։ Բացի այդ, նա խոսում էր սուրբ ոգուց օգնություն ստանալու մասին (Ղուկաս 12։1–12)։ Անկասկած, Հիսուսի ասածները շատ կարևոր էին աշակերտների համար։ Սակայն այդ մարդը, փոխանակ լսելու նրա անչափ հետաքրքիր ելույթը, կտրուկ ընդհատեց և խնդրեց, որ լուծի ընտանեկան մի վիճաբանություն նյութականի վերաբերյալ։ Ի՞նչ կարող ենք սովորել այս դեպքից։

5. Հիսուսին ընդհատող մարդու հարցը ի՞նչ է բացահայտում նրա մասին։

5 Մի աշխատությունում գրված է. «Մարդու բնավորությունը հաճախ երևում է այն բանից, թե կրոնական քարոզ լսելիս ինչի մասին է նա մտածում»։ Մինչ Հիսուսը խոսում էր հոգևոր լուրջ հարցերից, այդ մարդը, հավանաբար, մտածում էր, թե ինչ աներ, որ որոշակի ֆինանսական օգուտներ ստանար։ Հայտնի չէ, թե արդյոք ժառանգության հետ կապված նրա գանգատը հիմնավոր էր։ Գուցե նա փորձում էր օգտվել Հիսուսի իշխանությունից և իմաստուն դատավորի նրա հեղինակությունից (Եսայիա 11։3, 4; Մատթեոս 22։16)։ Ամեն դեպքում, նրա հարցից երևում է, որ նա մեծապես թերանում էր մի բանում. նա չէր գնահատում հոգևորը։ Մենք այստեղից կարևոր բան ենք սովորում։ Օրինակ՝ քրիստոնեական հանդիպումների ժամանակ գուցե մեր միտքը սկսի թափառել և կենտրոնանա այն բանի վրա, թե ինչ պիտի անենք հանդիպումից հետո։ Սակայն դրա փոխարեն պետք է ուշադրություն դարձնենք հանդիպման ժամանակ հնչող մտքերին և խորհենք, թե ինչպես կարող ենք դրանք կիրառել կյանքում, որպեսզի մեր փոխհարաբերությունները մեր երկնային Հոր՝ Եհովա Աստծու, ինչպես նաև հավատակիցների հետ ավելի լավանան (Սաղմոս 22։22; Մարկոս 4։24)։

6. Ինչո՞ւ Հիսուսը մերժեց մարդու խնդրանքը։

6 Անկախ այն բանից, թե ինչու այդ մարդը նման խնդրանքով դիմեց՝ Հիսուսը մերժեց նրան։ Նա ասաց. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատավոր կամ բաժանող նշանակեց ձեզ վրա» (Ղուկաս 12։14)։ Սա ասելով՝ Հիսուսը նկատի ուներ մի բան, որին մարդիկ լավ ծանոթ էին. համաձայն Մովսիսական օրենքի՝ քաղաքներում կային դատավորներ, որոնց պարտականությունը նման գործերով զբաղվելն էր (Բ Օրինաց 16։18–20; 21։15–17; Հռութ 4։1, 2)։ Հիսուսին ավելի կարևոր բաներ էին հետաքրքրում. քարոզել ճշմարտությունը Աստծու Թագավորության մասին և ուսուցանել Աստծու կամքը (Հովհաննես 18։37)։ Հետևելով Հիսուսի օրինակին՝ մենք չենք շեղվում՝ տարվելով կյանքի հոգսերով և խնդիրներով, այլ մեր ժամանակը և ուժերը տրամադրում ենք բարի լուրը քարոզելու և «բոլոր ազգերի մարդկանցից աշակերտներ» պատրաստելու գործին (Մատթեոս 24։14; 28։19)։

Զգուշացե՛ք ագահությունից

7. Ի՞նչ խորիմաստ միտք արտահայտեց Հիսուսը։

7 Հիսուսը ընդունակ էր տեսնելու սրտի ամենածածուկ մղումները, ուստի գիտեր, որ այդ մարդու խնդրանքի ետևում ավելի լուրջ բան կար։ Նա ոչ միայն հրաժարվեց կատարել խնդրանքը՝ միջամտել նրա անձնական գործերին, այլև մատնանշեց, թե որն է այդ բանը։ Հիսուսն ասաց. «Աչալո՛ւրջ եղեք և զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)։

8. Ի՞նչ է ագահությունը, և ինչի՞ կարող է այն տանել։

8 Ագահությունն այն չէ, որ մարդն ուզում է ունենալ փող կամ որոշակի իրեր, որոնք կարող է գործածել իրենց նշանակությամբ։ Ըստ մի բառարանի՝ «դա անզուսպ ցանկությունն է՝ ունենալու հարստություն, ձեռք բերելու սեփականություն և նույնիսկ տիրանալու ուրիշի ունեցվածքին»։ Անհատը ագահություն է դրսևորում նրանով, որ ձգտում է ձեռք բերել իրեր, այդ թվում նաև ուրիշներին պատկանող բաներ զուտ ունենալու նպատակով՝ առանց մտածելու, թե իրականում դրանք իրեն պետք են, թե ոչ, և առանց հաշվի առնելու, թե ինչպես իր արարքը կազդի ուրիշների վրա։ Ագահ մարդը թույլ է տալիս, որ իր ուզած բանը իշխի իր մտածելակերպի և գործելակերպի վրա այն աստիճան, որ դա, ըստ էության, դառնում է նրա աստվածը։ Հիշենք, որ Պողոս առաքյալը ագահ մարդուն հավասարեցնում է կռապաշտի հետ, որը չի ժառանգելու Աստծու Թագավորությունը (Եփեսացիներ 5։5; Կողոսացիներ 3։5)։

9. Ինչպե՞ս է ագահությունը դրսևորվում։ Բե՛ր օրինակներ։

9 Հետաքրքիր է, որ Հիսուսը զգուշացրեց «ամեն տեսակ ագահությունից»։ Ագահությունը դրսևորվում է շատ կերպերով։ Տասը պատվիրաններից վերջինում թվարկվում են դրանցից մի քանիսը։ Այնտեղ գրված է. «Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նորա ծառային՝ կամ նորա աղախնին՝ կամ նորա եզին՝ կամ նորա էշին եւ քո դրացու ոչ մէկ բանին» (Ելից 20։17)։ Աստվածաշունչը լի է այն մարդկանց օրինակներով, որոնք ծանր մեղք են գործել ագահության պատճառով։ Սատանան առաջինն էր, որ ագահաբար փափագեց տիրանալ ուրիշին պատկանող բաներին՝ այն փառքին, պատվին, իշխանությանը, որ պատկանում են միայն Եհովային (Հայտնություն 4։11)։ Եվան փափագեց անկախ լինել, սակայն խաբվեց, որի հետևանքով մարդկային ցեղը ընկղմվեց մեղքի ու մահվան մեջ (Ծննդոց 3։4–7)։ Դևերն այն հրեշտակներն են, որոնք չգոհացան «իրենց սկզբնական դիրքով, այլ թողեցին իրենց համար նախատեսված բնակության վայրը» հանուն մի բանի, որի իրավունքը չունեին (Հուդա 6; Ծննդոց 6։2)։ Կարելի է նշել նաև Բաղաամի, Աքարի, Գեեզիի և Հուդայի բացասական օրինակները։ Փոխանակ գոհ լինելու իրենց կյանքից՝ նրանք, տրվելով նյութական բաներ ունենալու անզուսպ ցանկությանը, չարաշահեցին իրենց վստահված պատասխանատու դիրքը ու կործանվեցին։

10. Ի՞նչ նպատակով պետք է «աչալուրջ լինենք»։

10 Շատ տեղին է, որ Հիսուսը ագահության վերաբերյալ խորհուրդ տալուց առաջ ասաց. «Աչալո՛ւրջ եղեք»։ Իսկ ինչո՞ւ նա այդպես ասաց։ Որովհետև մարդիկ հեշտությամբ տեսնում են ուրիշների ագահությունը, բայց հազվադեպ են ընդունում, որ իրենք էլ են ագահություն դրսևորում։ Պողոս առաքյալը շեշտեց, որ «բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է» (1 Տիմոթեոս 6։9, 10)։ Հակոբոս աշակերտը բացատրեց, որ երբ սխալ ցանկությունը «հղիանում է, մեղք է ծնում» (Հակոբոս 1։15)։ Ինչպես Հիսուսը հորդորեց, մենք պետք է «աչալուրջ լինենք», բայց ոչ թե նրա համար, որ տեսնենք՝ ուրիշներն ագահ են, թե՝ ոչ, այլ որ քննենք մեր անձը՝ տեսնելու, թե ուր է ուղղված մեր սիրտը, և արդյոք «զգուշանում ենք ամեն տեսակ ագահությունից»։

Կյանքը կախված չէ ունեցվածքից

11, 12. ա) Ի՞նչ ասաց Հիսուսն ագահությունից զգուշանալու վերաբերյալ։ բ) Ինչո՞ւ պետք է ականջ դնենք Հիսուսի խոսքերին։

11 Ագահությունից զգուշանալու մեկ պատճառ էլ կա։ Նկատի առնենք, թե Հիսուսն այնուհետև ինչ ասաց. «Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)։ Անշուշտ, այս խոսքերը մտածելու տեղիք են տալիս, քանի որ ապրում ենք նյութապաշտ աշխարհում, որտեղ լինել երջանիկ և հաջողակ՝ նշանակում է լինել հարուստ և բարգավաճ։ Այդ խոսքերով Հիսուսը մատնացույց էր անում, որ իմաստալից ու գոհացուցիչ կյանքը կախված չէ մարդու ունեցվածքի չափից։

12 Ոմանք գուցե չհամաձայնվեն այս մտքին։ Նրանք, հնարավոր է, կարծում են, որ նյութական բաները կյանքն ավելի հարմարավետ և հաճելի են դարձնում, ուստի արժե այդ նպատակին ձգտել։ Այդ մարդիկ տրվում են այնպիսի զբաղմունքների, որոնք իրենց հնարավորություն կտան ձեռք բերելու այն ամենը, ինչ ցանկանում են՝ զանազան իրեր, ժամանակակից սարքավորումներ և այլն։ Նրանց կարծիքով՝ այդ ամենը նպաստում է բարեկեցիկ կյանքին։ Բայց նման մտածելակերպ ունեցող մարդիկ այդպես էլ չեն հասկանում Հիսուսի խոսքերի իմաստը։

13. Ինչպե՞ս կարող ենք հավասարակշռված տեսակետ ունենալ կյանքի և նյութականի հանդեպ։

13 Հիսուսը չկենտրոնացավ այն բանի վրա, թե առատության մեջ ապրելը ճիշտ է կամ սխալ։ Փոխարենը՝ նա շեշտեց, որ մարդու «կյանքը կախված չէ ունեցվածքից», այսինքն՝ այն բաներից, որ նա արդեն ունի։ Բոլորս էլ գիտենք, որ ապրելու, կյանքը պահպանելու համար շատ բան պետք չէ։ Անհրաժեշտ է ունենալ միայն մի քիչ կերակուր, հագնելու ինչ–որ բան և պառկելու տեղ։ Հարուստներն առատությամբ ունեն այս ամենից, իսկ աղքատները ստիպված են գոյապայքար մղել։ Սակայն նրանց միջև տարբերությունները վերանում են, երբ թե՛ հարուստը և թե՛ աղքատը մահանում են. կյանքը վերջանում է (Ժողովող 9։5, 6)։ Ուստի որպեսզի կյանքն իմաստ և արժեք ունենա, այն չի կարող բաղկացած լինել և չպետք է բաղկացած լինի զուտ նյութական բաներից։ Այս միտքն ակնհայտ է դառնում, երբ քննում ենք, թե «կյանք» ասելով ինչ նկատի ուներ Հիսուսը։

14. Ի՞նչ ենք սովորում «կյանք» թարգմանված հունարեն բառի բացատրությունից։

14 «Կյանքը կախված չէ ունեցվածքից» արտահայտության մեջ «կյանք» բառը (հունարեն՝ զոի՛) վերաբերում է ոչ թե ապրելակերպին, այլ բուն կյանքին։a Հիսուսն ուզում էր ասել, որ հարուստ ենք, թե աղքատ, ապրում ենք շքեղության մեջ, թե հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում՝ մենք լիակատար իշխանություն չունենք մեր կյանքի վրա ու չենք կարող ասել, թե որքան երկար կապրենք, և նույնիսկ թե արդյոք կենդանի կլինենք վաղը։ Հիսուսը Լեռան քարոզում ասաց. «Ձեզանից ո՞ր մեկը մտահոգվելով կարող է իր կյանքի տևողությանը մեկ կանգուն ավելացնել» (Մատթեոս 6։27)։ Աստվածաշունչը պարզորոշ ցույց է տալիս, որ Եհովան է «կյանքի [միակ] աղբյուրը», և միայն նա կարող է հավատարիմներին շնորհել «իսկական կյանք», այսինքն՝ հավիտենական կյանք երկնքում կամ երկրի վրա (Սաղմոս 36։9; 1 Տիմոթեոս 6։12, 19)։

15. Ինչո՞ւ են շատերը ապավինում նյութական բաներին։

15 Հիսուսի խոսքերից երևում է, թե որքան հեշտությամբ են մարդիկ որդեգրում կյանքի վերաբերյալ աղավաղված տեսակետները։ Հարուստ թե աղքատ՝ բոլորն էլ անկատար են, և ամենքին էլ նույն բանն է սպասում։ Հին ժամանակներում ապրած Մովսեսը նկատել էր. «Մեր տարիների օրերը եօթանասուն տարի են, եւ եթէ զօրութիւնով ութսուն տարի էլ լինին, նորանց փառքն աշխատանք է եւ ցաւ. որովհետեւ շուտով է անց կենում, եւ մենք թռչում ենք» (Սաղմոս 90։10; Յոբ 14։1, 2; 1 Պետրոս 1։24)։ Ուստի այն մարդիկ, ովքեր Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ չեն զարգացրել, հաճախ որդեգրում են՝ «եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք» մտածելակերպը, որի մասին խոսեց Պողոս առաքյալը (1 Կորնթացիներ 15։32)։ Մյուսները, զգալով, որ կյանքը վաղանցիկ է ու անորոշ, փորձում են ապահովություն և կայունություն գտնել նյութականի մեջ՝ օրնիբուն աշխատելով։ Նրանք կարծում են, որ եթե ունենան բազմաթիվ շոշափելի բաներ, կուտակեն հարստություն և ունեցվածք, ապա ավելի երջանիկ ու ապահովված կլինեն (Սաղմոս 49։6, 11, 12)։

Ապահով ապագա

16. Ինչի՞ վրա չէ հիմնված կյանքի իրական արժեքը։

16 Գուցեև ճիշտ է, որ բարձր կենսամակարդակը՝ սննդի, հագուստի առատությունը, տուն և այլ հարմարություններ ունենալը, կարող է անհատի կյանքը բարեկեցիկ դարձնել, ինչպես նաև նրան հնարավորություն տալ լավագույն բուժօգնություն ստանալու և, այդպիսով, մի քանի տարով երկարացնելու կյանքի տևողությունը։ Բայց կարելի՞ է ասել, որ այդպիսի կյանքն իսկապես իմաստալից ու ապահովված է։ Կյանքի իրական արժեքը չի չափվում մարդու ապրած տարիների կամ նրա ունեցած իրերի քանակով։ Պողոս առաքյալը նշեց, որ նյութականի վրա չափից դուրս կենտրոնանալը վտանգավոր է։ Տիմոթեոսին նա գրեց. «Իրերի ներկա համակարգի հարուստներին պատվիրիր, որ չլինեն գոռոզամիտ և իրենց հույսը չդնեն անկայուն հարստության վրա, այլ դնեն Աստծու վրա, որն առատապես ապահովում է մեզ ամեն ինչով, որ վայելենք» (1 Տիմոթեոս 6։17)։

17, 18. ա) Նյութականի հանդեպ ճիշտ վերաբերմունք ունենալու հարցում ովքե՞ր կարող են մեզ համար օրինակ լինել։ բ) Հիսուսի ո՞ր առակն ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

17 Հարստության վրա հույս դնելը խելամիտ չէ, քանի որ այն «անկայուն» է։ Հոբ նահապետը շատ հարուստ էր, բայց երբ անսպասելիորեն չարիքը հարվածեց նրան, նրա հարստությունը չկարողացավ ոչինչ անել. Հոբի ունեցվածքը միանգամից ոչնչացավ։ Աստծու հետ ունեցած մտերիմ փոխհարաբերություններն էին, որ օգնեցին նրան դիմանալու այդ բոլոր փորձություններին (Յոբ 1։1, 3, 20–22)։ Աբրահամը թույլ չտվեց, որ իր մեծ ունեցվածքը խանգարի իրեն Եհովա Աստծուց դժվարին հանձնարարություն ընդունելու։ Դրա համար նա օրհնվեց՝ դարձավ «ազգերի բազմութեան հայր» (Ծննդոց 12։1, 4; 17։4–6)։ Հոբը, Աբրահամը և մյուսները արժանի են ընդօրինակման։ Երիտասարդ թե տարեց՝ մենք պետք է քննենք մեր անձը, որպեսզի տեսնենք, թե ինչն է իրականում կարևոր մեզ համար և ինչի վրա ենք դնում մեր հույսը (Եփեսացիներ 5։10; Փիլիպպեցիներ 1։10)։

18 Հիսուսն ընդամենը մի քանի բառ ասաց ագահությունից զգուշանալու և կյանքի վերաբերյալ ճիշտ տեսակետ ունենալու մասին, սակայն դրանք շատ իմաստալից են և ուսանելի։ Բայցևայնպես, նա ավելի շատ բան ուներ ասելու, ուստի խորհելու տեղիք տվող առակ պատմեց մի անխոհեմ հարուստ մարդու մասին։ Ինչպե՞ս է այդ օրինակը վերաբերում մեզ, և ի՞նչ կարող ենք սովորել։ Հաջորդ հոդվածում կտրվեն այս հարցերի պատասխանները։

[ծանոթագրություն]

a Հունարեն մեկ այլ բառ, որը թարգմանվում է «կյանք», բի՛ոս–ն է։ Ըստ «Վայնի՝ Հին և Նոր Կտակարանների բառերի բացատրական բառարանի» (անգլ.)՝ բի՛ոս բառը վերաբերում է «կյանքի տևողությանը», «կենսաձևին» և «կենսամիջոցներին»։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, որ Հիսուսը մերժեց մարդու խնդրանքը։

• Ինչո՞ւ պետք է զգուշանանք ագահությունից և ինչպե՞ս կարող ենք դա անել։

• Ինչո՞ւ կյանքը կախված չէ ունեցվածքից։

• Ի՞նչն է կյանքը դարձնում իսկապես արժեքավոր և ապահովված։

[նկար 23–րդ էջի վրա]

Ինչո՞ւ Հիսուսը հրաժարվեց կատարել մարդու խնդրանքը

[նկար 23–րդ էջի վրա]

Ագահությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ

[նկար 25–րդ էջի վրա]

Ինչպե՞ս Աբրահամը ճիշտ վերաբերմունք դրսևորեց նյութականի հանդեպ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը