Ինչո՞ւ է չարությունը շարունակվում
«ՏԷՐ [Եհովան] արդար է իր բոլոր ճանապարհներումը»,— նշվում է Աստվածաշնչում (Սաղմոս 145։17; Հայտնություն 15։3)։ Մովսես մարգարեն Աստծու մասին ասաց. «Աստուծոյ գործը կատարեալ է. որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի. արդար եւ ուղիղ է նա» (Բ Օրինաց 32։4)։ Իսկ Հակոբոս 5։11–ում գրված է. «Եհովան անչափ գորովալից է և ողորմած»։ Այս համարները ցույց են տալիս, որ Աստված չի կարող լինել չարության պատճառը։
Հակոբոս աշակերտը գրել է. «Փորձության մեջ լինելիս թող ոչ ոք չասի. «Ես Աստծուց եմ փորձվում»։ Որովհետև Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ոչ էլ ինքն է փորձում որևէ մեկին» (Հակոբոս 1։13)։ Եհովա Աստված ո՛չ փորձում է մարդկանց չար բաներով, ո՛չ էլ մղում է նրանց չար գործեր անելու։ Ո՞վ է, ուրեմն, պատասխանատու չարության և տառապանքի համար։
Ո՞վ է պատասխանատու
Աստվածաշունչը գրողներից մեկը՝ Հակոբոսը, նշում է, որ մասամբ մարդիկ են պատասխանատու չարության համար։ Նա գրում է. «Ամեն մեկը փորձվում է՝ տարվելով և հրապուրվելով իր սեփական ցանկություններով։ Այնուհետև երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում, իսկ մեղքը, երբ կատարվում է, մահ է ծնում» (Հակոբոս 1։14, 15)։ Մարդիկ կարող են առաջնորդվել իրենց սխալ ցանկություններով։ Պետք է հաշվի առնել նաև այն, թե ինչ ազդեցություն է ունենում մարդկանց վրա ժառանգած մեղքը։ Մեղքի ազդեցությունը պատճառ է դառնում, որ մեր սխալ ցանկություններն ավելի սաստկանան, ինչն էլ իր հերթին շատ վնասակար հետևանքների է հանգեցնում (Հռոմեացիներ 7։21–23)։ Իրոք որ, ժառանգած մեղքը մարդկանց վրա «իշխեց ինչպես թագավոր»՝ դրդելով նրանց վատ արարքների, որոնք շատ տառապանքների պատճառ դարձան (Հռոմեացիներ 5։21)։ Ավելին, չար մարդիկ կարող են այնպիսի ազդեցություն թողնել ուրիշների վրա, որ նրանք էլ չարանան։
Սակայն չարության գլխավոր պատճառը Բանսարկու Սատանան է։ Նա՛ տարածեց չարությունը աշխարհում։ Հիսուս Քրիստոսը Սատանային կոչեց «Չարը» և «այս աշխարհի», կամ՝ մարդկային անարդար հասարակության «իշխանը»։ Ընդհանուր առմամբ մարդիկ ենթարկվում են Սատանայի ազդեցությանը՝ լսելով նրա համոզիչ պնդումները, այն է՝ չհետևել Եհովա Աստծու արդար ճանապարհներին (Մատթեոս 6։13; Հովհաննես 14։30; 1 Հովհաննես 2։15–17)։ «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է»,— գրված է 1 Հովհաննես 5։19–ում։ Իրականում Սատանան և իր հրեշտակները «մոլորեցնում են ողջ բնակեցված երկիրը»՝ բերելով միայն «վայեր» (Հայտնություն 12։9, 12)։ Այդ պատճառով էլ գլխավորապես Բանսարկու Սատանան է մեղադրվում չարության համար։
Ցավի ու տառապանքի մյուս պատճառը բացահայտվում է Ժողովող 9։11 համարում, որտեղ գրված է. «Ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին»։ Հիսուս Քրիստոսը խոսեց մի դժբախտ պատահարի մասին, որի ժամանակ աշտարակը փուլ էր եկել, և արդյունքում մահացել էր 18 հոգի (Ղուկաս 13։4)։ Այդ մարդիկ մահացան, քանի որ սխալ ժամին սխալ վայրում էին գտնվում։ Նման դեպքեր տեղի են ունենում նաև այսօր։ Օրինակ՝ հնարավոր է, որ բարձրահարկ շենքի տանիքից մի աղյուս ընկնի և վնաս հասցնի որևէ մեկին։ Ի՞նչ եք կարծում, Աստվա՞ծ է մեղավոր։ Ո՛չ։ Այդ պատահարը նախապես ծրագրավորված չէր։ Հաճախ Աստծուն մեղադրում են նաև, երբ ընտանիքի անդամներից մեկը հիվանդանում է, կամ ընտանիքի հայրը հանկարծամահ է լինում՝ թողնելով իր երեխաներին որբ, իսկ կնոջը՝ այրի։
Հստակ է, ուրեմն, որ Աստվա՛ծ չէ պատասխանատու չարության ու տառապանքի համար։ Ընդհակառակը՝ Եհովայի նպատակն է վերացնել չարությունը, ինչպես նաև նրանց, ովքեր չարություն են գործում (Առակաց 2։22)։ Իրականում նա դրանից ավելին է անելու։ Գրությունները նշում են, որ Աստված նպատակ ունի Քրիստոսի միջոցով «Բանսարկուի գործերը քանդել» (1 Հովհաննես 3։8)։ Այնուհետև իրերի ներկա համակարգը, որը հիմնված է ագահության, ատելության և չարության վրա, կկործանվի։ Աստված «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից»՝ այդպիսով վերջ դնելով տառապանքին (Հայտնություն 21։4)։ Սակայն գուցե հարցնեք. «Ինչո՞ւ Աստված վաղուց չի արել դա։ Ինչո՞ւ է նա թույլ տվել, որ չարությունն ու տառապանքը մինչև հիմա գոյություն ունենան»։ Պատասխանը կարող ենք գտնել Ադամի ու Եվայի մասին աստվածաշնչյան արձանագրության մեջ։
Կարևոր հարց բարձրացվեց
Պատճառը, թե ինչու է Աստված թույլ տվել, որ չարությունը գոյություն ունենա մինչև մեր օրերը, մարդկության պատմության վաղ շրջանում կատարված իրադարձություններն են։ Այդ ժամանակ էր, որ Ստեղծչի առնչությամբ մի կարևոր հարց բարձրացավ, որը չէր կարող արագ և հեշտությամբ լուծվել։ Եկեք տեսնենք, թե ինչ էր պատահել։
Եհովա Աստված կատարյալ ստեղծեց առաջին մարդկային զույգին և բնակեցրեց նրանց Դրախտում։ Նրանք մի պարգև էին ստացել, որը տարբերում էր նրանց կենդանիներից։ Ադամն ու Եվան ազատ կամքով էին օժտված (Ծննդոց 1։28; 2։15, 19)։ Ստեղծված լինելով ճիշտն ու սխալը զանազանելու ունակությամբ՝ նրանք կարող էին օգտագործել իրենց բանականությունը, որպեսզի սիրեին իրենց Ստեղծչին, ծառայեին ու հնազանդվեին նրան։ Կամ էլ նրանք կարող էին ընտրել Աստծուց անկախ ապրելու ուղին և գիտակցաբար չհնազանդվել նրան։
Հնարավորություն տալով Ադամին ու Եվային իրենց սերը դրսևորելու իր հանդեպ՝ Աստված նրանց վրա մի սահմանափակում դրեց։ Նա պատվիրեց Ադամին. «Պարտէզի ամեն ծառիցը համարձակ կեր. բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս» (Ծննդոց 2։16, 17)։ Աստծու բարեհաճությունն ունենալու համար, ինչը ծառայելու էր իրենց ու իրենց սերունդների օգտին, Ադամն ու Եվան պետք է չուտեին այդ առանձնահատուկ ծառի պտղից։ Ինչպե՞ս կվարվեին նրանք։
Աստվածաշունչը տեղեկացնում է մեզ, թե ինչ պատահեց։ Օձի միջոցով Բանսարկու Սատանան մոտեցավ Եվային և ասաց. «Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք»։ Երբ Եվան կրկնեց Աստծու պատվերը, Սատանան ասաց. «Բնաւ չէք մեռնիլ։ Այլ Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կ’բացուին, եւ Աստուծոյ պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող»։ Դրանից հետո ծառն այնքան ցանկալի դարձավ Եվայի համար, որ նա «առաւ նորա պտղից եւ կերաւ»։ Շարունակության մեջ կարդում ենք. «Եւ իր հետ իր մարդին էլ տուաւ, եւ նա կերաւ» (Ծննդոց 3։1–6)։ Թե՛ Ադամը, թե՛ Եվան ճիշտ ձևով չօգտագործեցին իրենց ազատ կամքը և չհնազանդվելով Աստծուն՝ մեղք գործեցին։
Հասկանո՞ւմ եք պատահածի լրջությունը։ Սատանան հերքեց այն, ինչ Աստված ասել էր Ադամին։ Նրա խոսքերը ցույց էին տալիս, որ առանց Եհովայի օգնության՝ Ադամն ու Եվան իրենք կարող էին որոշել, թե իրենց համար ինչն է բարի և ինչը՝ չար։ Սատանայի այդ պնդումը հարցականի տակ դրեց Եհովայի՝ մարդկության վրա իշխելու օրինական իրավունքը։ Ուստի կարևոր հարցը, որ բարձրացրեց Սատանան, հետևյալն էր. Եհովան իրավունք ունի՞ իշխելու մարդկության վրա։ Իսկ ի՞նչ պատասխան տվեց ճշմարիտ Աստված այս մարտահրավերին։
Բավականաչափ ժամանակ պետք է անցներ
Եհովան ի զորու էր կործանելու այդ երեք ըմբոստներին՝ Սատանային, Ադամին ու Եվային։ Ինչ խոսք, Աստված նրանցից ավելի զորեղ էր։ Սակայն Սատանան Աստծու զորությունը չէ, որ հարցականի տակ դրեց։ Նա հարցականի տակ դրեց Եհովայի իշխելու իրավունքը։ Այդ հարցը վերաբերում էր ազատ կամք ունեցող բոլոր արարածներին։ Նրանք պետք է հասկանային, որ ազատ կամք ունենալու պարգևը անհրաժեշտ է ճիշտ կերպով օգտագործել, այսինքն՝ հաշվի առնել, որ Աստծու կողմից ֆիզիկական, բարոյական և հոգևոր սահմանափակումներ են դրված։ Հակառակ դեպքում մեծ վնասներ կլինեն, ինչպես որ վնասվածքներ կստանա այն մարդը, ով բարձրահարկ շենքի տանիքից ցատկի՝ անտեսելով ձգողականության ուժը (Գաղատացիներ 6։7, 8)։ Բոլոր բանական արարածները օգուտներ կքաղեն, եթե քննեն, թե ինչ վատ հետևանքներ կարող են լինել Աստծուց անկախ ապրելու ուղին ընտրելու դեպքում։ Սա հասկանալու համար բավականաչափ ժամանակ պետք է անցներ։
Դա կարելի է բացատրել հետևյալ օրինակով։ Ենթադրենք՝ մի ընտանիքի հայր մարտահրավեր է նետում մի ուրիշ ընտանիքի հորը՝ ապացուցելու, որ ինքն ավելի ուժեղ է։ Այս հարցը կարելի է շատ արագ լուծել։ Այն, թե ով է ուժեղ, հնարավոր է որոշել քարեր բարձրացնելով. նա, ով կկարողանա բարձրացնել ամենածանր քարը, հաղթող կճանաչվի։ Իսկ այժմ պատկերացրեք, որ հարցը վերաբերում է այն բանին, թե հայրերից ո՛ր մեկն է իրականում սիրում իր երեխաներին, և թե արդյոք նրանք նույնպես սիրում են իրենց հորը անշահախնդրորեն։ Կամ հարց է առաջացել, թե որ հայրն է լավագույնս ղեկավարում իր ընտանիքը։ Այս պարագայում ո՛չ զորության դրսևորումը, ո՛չ էլ խոսքերը բավարար չեն լինի։ Բավականաչափ ժամանակ պետք է անցնի, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպես են նրանք իրենց դրսևորում, և ապա որոշեն՝ ով է նրանցից ավելի լավ հայրը։
Ի՞նչ է ցույց տվել ժամանակը
Մոտավորապես 6 000 տարի է անցել այն ժամանակից, երբ Սատանան հարցականի տակ դրեց Աստծու իշխելու իրավունքը։ Ի՞նչ բացահայտվեց պատմության ընթացքում։ Քննենք, թե Աստծու դեմ մեղադրանք ներկայացնելիս Սատանան ինչ երկու հարց բարձրացրեց։ Նա համարձակությամբ ասաց Եվային. «Բնաւ չէք մեռնիլ» (Ծննդոց 3։4)։ Փաստորեն, ասելով, որ Ադամն ու Եվան չեն մեռնի, եթե ուտեն արգելված պտուղը, Սատանան Եհովային ստախոս անվանեց։ Ինչպիսի՜ լուրջ մեղադրանք։ Եթե Աստված այս հարցում ճշմարտախոս չէր, ապա կարելի՞ էր արդյոք նրան վստահել այլ հարցերում։ Ի՞նչ ցույց տվեց ժամանակը։
Ադամն ու Եվան հիվանդացան, տառապեցին, ծերացան և ի վերջո մահացան։ «Ադամի ապրած բոլոր օրերը ինը հարիւր երեսուն տարի եղաւ, եւ մեռաւ»,— գրված է Աստվածաշնչում (Ծննդոց 3։19; 5։5)։ Հետևաբար այս ժառանգությունը Ադամը փոխանցեց ամբողջ մարդկությանը (Հռոմեացիներ 5։12)։ Ժամանակն ապացուցեց, որ Սատանան է «ստախոսը և ստության հայրը», իսկ Եհովան «ճշմարիտ Աստուած» է (Հովհաննես 8։44; Սաղմոս 31։5)։
Սատանան նաև ասաց Եվային. «Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կ’բացուին, եւ Աստուծոյ պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող» (Ծննդոց 3։5)։ Այս խորամանկ խոսքերով Սատանան իբր հնարավորություն տվեց մարդկանց, որպեսզի իրենք իրենց կառավարեն։ Մարդկանց խաբելու նպատակով նա ակնարկեց, որ նրանք ավելի հաջող կյանքով կապրեն, եթե Աստծուց անկախ լինեն։ Ճշմարի՞տ էին արդյոք այս խոսքերը։
Պատմության ընթացքում շատ կայսրություններ են փոխարինել միմյանց։ Մարդիկ փորձել են կառավարման բոլոր հնարավոր ձևերը։ Սակայն մարդկային ընտանիքը բազմիցս սարսափելի բաների է բախվել։ «Մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար»,— մոտ 3 000 տարի առաջ այսպիսի իմաստուն եզրահանգման եկավ Աստվածաշնչի գրողներից մեկը (Ժողովող 8։9)։ Իսկ Երեմիա մարգարեն գրեց. «Գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։ Անգամ վերջին տարիների գիտության ու տեխնիկայի նվաճումները չեն հերքում այս խոսքերի ճշմարտացիությունը։ Ժամանակը հստակ ցույց տվեց, որ վերոհիշյալ խոսքերը ճշմարիտ են։
Ի՞նչ կանեք անձամբ դուք
Աստված թույլ տվեց, որ ժամանակն ապացուցի, որ իր գերիշխանության իրավասության հարցում Սատանան սխալ է։ Եհովա Աստված է տիեզերքի բացարձակ Գերիշխանը։ Նա իրավունք ունի իշխելու իր ստեղծագործության վրա, և նրա կառավարման ձևը լավագույնն է։ Ընդունելով այս փաստը՝ երկնային արարածները, որոնք բավական երկար տարիներ ապրել են Աստծու իշխանության ներքո, բացականչում են. «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները, և քո կամքով նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին» (Հայտնություն 4։11)։
Աստծու իշխանության հարցում ո՞րն է ձեր դիրքորոշումը։ Համաձա՞յն եք, որ իրավամբ Աստված պետք է կառավարի ձեզ։ Եթե այո, ապա դուք պետք է դիրք բռնեք Եհովայի գերիշխանության կողմը։ Դա կարող եք անել՝ նրա Խոսքի՝ Աստվածաշնչի հրաշալի ճշմարտությունները և խորհուրդները կիրառելով ձեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում։ «Աստված սեր է», իսկ նրա օրենքներն ու պատվիրանները հիմնված են իր արարածների հանդեպ ունեցած սիրո վրա (1 Հովհաննես 4։8)։ Եհովան մեզանից ոչ մեկին չի զրկում օգտակար բաներից։ Հետևաբար դուք կարող եք սրտանց ընդունել Աստվածաշնչի հետևյալ հորդորը. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։5, 6)։
[նկար 7–րդ էջի վրա]
Դուք կարող եք ընտրել Աստծու իշխանությունը՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը և կիրառելով ձեր կյանքում այն, ինչ սովորում եք
[նկար 4–րդ էջի վրա. թույլտվությամբ]
© Jeroen Oerlemans/Panos Pictures