Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 11/15 էջ 18–20
  • Ղուկաս՝ սիրելի համագործակից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ղուկաս՝ սիրելի համագործակից
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Գրող և միսիոներ
  • Ինչպես հավաքեց տեղեկությունները
  • Բանտարկյալի ուղեկից
  • Աստվածաշնչի գիրք համար 42. Ղուկաս
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • «Անցիր Մակեդո՛նիա»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Աստվածաշնչի գիրք համար 44. Գործեր
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ուշագրավ մտքեր «Ղուկաս» գրքից
    2008 Դիտարան
Ավելին
2007 Դիտարան
w07 11/15 էջ 18–20

Ղուկաս՝ սիրելի համագործակից

ՀՌՈՄ. մեր թվարկության 65 թվականն էր։ Ղուկասը գիտակցում էր, որ վտանգի է ենթարկում իրեն՝ ճանաչվելով որպես Պողոս առաքյալի ընկեր, որն այդ ժամանակ բանտարկված էր իր հավատի պատճառով։ Շուտով Պողոսը մահվան էր դատապարտվելու։ Այդ դժվարին ժամանակներում Ղուկասը, և միմիայն նա էր առաքյալի հետ (2 Տիմոթեոս 4։6, 11)։

Ղուկաս անունը ծանոթ է Աստվածաշունչ ընթերցողներին, քանի որ նրա գրած Ավետարանը կրում է իր անունը։ Ղուկասը երկար ճանապարհներ է անցել Պողոսի հետ. վերջինս նրան անվանում էր «սիրելի բժիշկ» և «գործակից» (Կողոսացիներ 4։14; Փիլիմոն 24)։ Գրությունները քիչ տեղեկություններ են հայտնում Ղուկասի մասին՝ հիշատակելով նրա անունը ընդամենը երեք անգամ։ Սակայն եթե քննեք, թե ինչ են ասում ուսումնասիրությունները Ղուկասի մասին, հավանաբար դուք նույն գնահատանքը կունենաք այդ հավատարիմ քրիստոնյայի հանդեպ, որն ուներ Պողոսը։

Գրող և միսիոներ

Ղուկասի Ավետարանը և «Գործեր» գիրքը ուղղված են Թեոֆիլոսին, ինչը ցույց է տալիս, որ Ղուկասն է գրել այս երկու ներշնչված գրքերը (Ղուկաս 1։3; Գործեր 1։1)։ Ղուկասը չի պնդում, որ եղել է Հիսուս Քրիստոսի ծառայության ականատեսը։ Ընդհակառակը՝ նա ասում է, որ ինքը տեղեկությունները հավաքել է ականատեսներից և «սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտել է» (Ղուկաս 1։1–3)։ Ուստի հավանական է, որ Ղուկասը դարձել է Քրիստոսի հետևորդը մ.թ. 33թ. Պենտեկոստեից որոշ ժամանակ հետո։

Ոմանք կարծում են, որ Ղուկասը Ասորիքի Անտիոքից էր։ Նրանք նշում են, որ «Գործերը» մանրամասնորեն նկարագրում է այդ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները, և գիրքը հիշատակում է յոթ «բարի համբավ ունեցող» մարդկանցից մեկին՝ որպես անտիոքցի մի նորահավատի, մինչդեռ մյուս վեցի քաղաքների մասին ոչինչ չի նշվում։ Իհարկե, չենք կարող վստահությամբ ասել, որ սրանով հատուկ ուշադրություն է հատկացվում Ղուկասի հարազատ քաղաքին (Գործեր 6։3–6)։

Թեև Ղուկասի անունը չի հիշատակվում «Գործեր» գրքում, որոշ հատվածներում «մենք», «մեր», և «մեզ» դերանունները ցույց են տալիս, որ նա մասնակցել է գրքում նկարագրված որոշակի իրադարձությունների։ Երբ Ղուկասը նկարագրում է Պողոսի և իր ընկերակիցների ճանապարհորդությունը Փոքր Ասիայով, նա ասում է. «Մյուսիայով անցան և իջան Տրովադա»։ Տրովադայում էր, որ Պողոսը տեսիլքում տեսավ մի մակեդոնացի մարդու, որն աղաչեց. «Անցի՛ր Մակեդոնիա և օգնի՛ր մեզ»։ Ղուկասն ավելացնում է. «Հենց որ նա տեսիլքը տեսավ, մենք ուզեցինք առաջ գնալ դեպի Մակեդոնիա» (Գործեր 16։8–10)։ «Նրանք»–ից «մենք»–ին անցնելը ցույց է տալիս, որ Ղուկասը Պողոսին միացավ Տրովադայում։ Այնուհետև Ղուկասը հոգնակի թվով պատմում է Փիլիպպեում կատարած քարոզչական գործունեության մասին, ինչն էլ ցույց է տալիս, որ նա մասնակցել է դրան։ Նա գրում է. «Շաբաթ օրը դարպասից դուրս եկանք մի գետի մոտ, որտեղ, մեր կարծիքով, աղոթատեղի կար. նստեցինք ու սկսեցինք խոսել այնտեղ հավաքված կանանց հետ»։ Դրա շնորհիվ Լիդիան և իր տնեցիները ընդունեցին բարի լուրը և մկրտվեցին (Գործեր 16։11–15)։

Նրանք հակառակության բախվեցին Փիլիպպեում, որտեղ Պողոսը բուժեց մի աղախնու, որը կանխագուշակություններ էր անում «գուշակող ոգու» ազդեցությամբ։ Երբ նրա տերերը տեսան, որ իրենց շահ ստանալու աղբյուրը վերջացավ, նրանք բռնեցին Պողոսին ու Շիղային, ծեծեցին և բանտը գցեցին։ Ղուկասը ակներևաբար չբանտարկվեց, քանի որ նկարագրում է իր ուղեկիցների ծանր փորձությունները երրորդ դեմքով։ Ազատ արձակվելով՝ «[Պողոսն ու Շիղան] քաջալերեցին նրանց [եղբայրներին] և ապա հեռացան»։ Ղուկասը առաջին դեմքով է դարձյալ գրում միայն այն ժամանակ, երբ ասում է, որ Պողոսը վերադարձավ Փիլիպպե ավելի ուշ (Գործեր 16։16–40; 20։5, 6)։ Հավանաբար, Ղուկասը մնացել էր Փիլիպպեում՝ վերահսկելու այնտեղի գործունեությունը։

Ինչպես հավաքեց տեղեկությունները

Ինչպե՞ս Ղուկասը տեղեկություններ հավաքեց իր Ավետարանի և «Գործեր» գրքի համար։ «Գործեր» գրքում առաջին դեմքով գրված հատվածները, որոնցում Ղուկասն իրեն ընդգրկում է պատմության մեջ, ցույց են տալիս, որ նա Պողոսին ուղեկցել է Փիլիպպեից Երուսաղեմ, որտեղ առաքյալը կրկին ձերբակալվել է։ Ճանապարհին Պողոսը և նրա ընկերակիցները մի որոշ ժամանակ անցկացրեցին Փիլիպպոս ավետարանչի հետ Կեսարիայում (Գործեր 20։6; 21։1–17)։ Հավանաբար Ղուկասը Սամարիայում ծավալված վաղ միսիոներական գործունեության մասին տեղեկություններ է հավաքել Փիլիպպոսից, որը այնտեղ սկիզբ էր դրել քարոզչական գործին (Գործեր 8։4–25)։ Է՞լ ումից է Ղուկասը մանրամասներ իմացել։

Երկու տարիները, որոնց ընթացքում Պողոսը բանտարկված էր Կեսարիայում, հավանաբար Ղուկասին հնարավորություն տվեցին հետազոտություններ կատարել իր Ավետարանի համար։ Մոտակայքում գտնվում էր Երուսաղեմը, որտեղ նա կարող էր ստուգել Հիսուսի տոհմաբանական արձանագրությունը։ Ղուկասը բազմաթիվ իրադարձություններ է շարադրել Հիսուսի կյանքի և ծառայության մասին, որոնք գտնվում են միայն նրա Ավետարանում։ Մի աստվածաշնչագետ նկատել է, որ Ավետարանի առնվազն 82 հատվածներ պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք չեն կրկնվում մյուս Ավետարաններում։

Հնարավոր է, որ Ղուկասը Հովհաննես Մկրտչի ծննդի մասին իմացել է նրա մորից՝ Եղիսաբեթից։ Իսկ Հիսուսի ծննդի մանրամասների և վաղ տարիների մասին թերևս նա իմացել է Հիսուսի մորից՝ Մարիամից (Ղուկաս 1։5–2։52)։ Հավանաբար Պետրոսը, Հակոբոսը կամ Հովհաննեսը պատմել են Ղուկասին ձկնորսության հրաշքի մասին (Ղուկաս 5։4–10)։ Միայն Ղուկասի Ավետարանից կարող ենք իմանալ Հիսուսի մի քանի առակների մասին, օրինակ՝ բարի սամարացու, նեղ դռնով մտնելու, կորցրած դրախմայի, անառակ որդու և հարուստ մարդու ու Ղազարոսի մասին առակները (Ղուկաս 10։29–37; 13։23, 24; 15։8–32; 16։19–31)։

Ղուկասը անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում մարդկանց նկատմամբ։ Նա գրի է առել Մարիամի մաքրման օրերի հետ կապված զոհաբերության, որբևայրի կնոջ որդու հարության մասին դեպքերը և Հիսուսի ոտքերը օծող կնոջ մասին պատմությունը։ Ղուկասը պատմում է այն կանանց մասին, ովքեր ծառայում էին Քրիստոսին, և ասում է, որ Մարթան ու Մարիամը հյուրընկալեցին Նրան։ Ղուկասի Ավետարանում պատմվում է մի կծկված կնոջ մասին, որը բժշկվեց, ջրգողությամբ տառապող մի մարդու, ինչպես նաև տասը բորոտների բժշկության մասին։ Ղուկասը պատմում է նաև կարճահասակ Զակքեոսի մասին, որը ծառ էր բարձրացել, որպեսզի տեսներ Հիսուսին։ Բացի այդ, նա գրի է առել Քրիստոսի կողքին գամված զղջացող չարագործի մասին (Ղուկաս 2։24; 7։11–17, 36–50; 8։2, 3; 10։38–42; 13։10–17; 14։1–6; 17։11–19; 19։1–10; 23։39–43)։

Ուշադրության է արժանի այն, որ Ղուկասի Ավետարանը հիշատակում է վիրավոր մարդուն օգնություն ցուցաբերելու վերաբերյալ Հիսուսի՝ բարի սամարացու մասին առակը։ Ղուկասը բժշկի աչքերով է արձանագրել Հիսուսի նկարագրությունը՝ առաջին օգնություն ցույց տալու վերաբերյալ՝ նշելով, որ գինին որպես հականեխիչ դեղանյութ է օգտագործվել, ձեթը՝ հանգստացնող միջոց և վիրակապ է դրվել (Ղուկաս 10։30–37)։

Բանտարկյալի ուղեկից

Ղուկասը մտահոգվում էր Պողոս առաքյալի մասին։ Երբ Պողոսը Կեսարիայում բանտարկված էր, հռոմեացի կառավարիչ Ֆելիքսը հրամայել էր, որ Պողոսի «մարդկանցից ոչ մեկին» չարգելվի «սպասավորություն անել նրան» (Գործեր 24։23)։ Հավանաբար Ղուկասը այցելուներից մեկն էր։ Քանի որ Պողոսը այդքան էլ լավ առողջություն չուներ, հնարավոր է, որ «սիրելի բժիշկը» խնամել է նրան (Կողոսացիներ 4։14; Գաղատացիներ 4։13)։

Երբ Պողոսը կայսրին դիմեց, հռոմեացի կառավարիչ Ֆելիքսը առաքյալին ուղարկեց Հռոմ։ Ղուկասը հավատարմորեն ուղեկցեց բանտարկյալին երկար ճանապարհորդության ընթացքում մինչև Իտալիա և վառ կերպով նկարագրեց իրենց կրած նավաբեկությունը (Գործեր 24։27; 25։9–12; 27։1, 9–44)։ Հռոմում տնային կալանքի ժամանակ Պողոսը մի քանի ներշնչված նամակներ գրեց, և դրանցից երկուսի մեջ հիշատակեց Ղուկասին (Գործեր 28։30; Կողոսացիներ 4։14; Փիլիմոն 24)։ Հավանաբար այդ երկու տարիների ընթացքում էր, որ Ղուկասը գրեց «Գործեր» գիրքը։

Պողոսի՝ Հռոմի կացարանում հոգևոր գործունեությունը եռում էր։ Այնտեղ Ղուկասը կարող էր շփվել Պողոսի մյուս համագործակիցների՝ Տյուքիկոսի, Արիստարքոսի, Մարկոսի, Հուստոսի, Եպաֆրասի և Օնեսիմոսի հետ, որոնց մասին հիշատակվում է Կողոսացիներ 4։7–14-ում։

Թեև մյուսները լքել էին Պողոսին նրա երկրորդ բանտարկության ընթացքում, Ղուկասը նրա կողքին էր. առաքյալն արդեն զգում էր, որ իր մահը մոտ է։ Պողոսի հետ մնալով՝ Ղուկասը վտանգի էր ենթարկում իր ազատությունը։ Հավանաբար որպես գրագիր՝ Ղուկասը արձանագրել է Պողոսի հետևյալ խոսքերը. «Միայն Ղուկասն է ինձ հետ»։ Ըստ ավանդության՝ դրանից կարճ ժամանակ անց Պողոսը գլխատվել է (2 Տիմոթեոս 4։6–8, 11, 16)։

Ղուկասն անձնուրաց ու համեստ էր։ Նա չէր ցուցադրում իր իմացածը և իր վրա անհարկի ուշադրություն չէր գրավում։ Նա կարող էր աշխատել որպես բժիշկ, սակայն նախընտրեց առաջ տանել Թագավորության շահերը։ Ղուկասի նման՝ թող որ անեսասիրաբար հռչակենք բարի լուրը և խոնարհաբար ծառայենք Եհովայի փառքի համար (Ղուկաս 12։31)։

[շրջանակ 19–րդ էջի վրա]

ՈՎ ԷՐ ԹԵՈՖԻԼՈՍԸ

Ղուկասն ուղղեց իր երկու գրքերը՝ Ավետարանը և «Գործեր» գիրքը, Թեոֆիլոսին։ Իր Ավետարանում նա այս մարդուն անվանում է «ո՛վ պատվարժան Թեոֆիլոս» (Ղուկաս 1։3)։ «Ո՛վ պատվարժան» տիտղոսով դիմում էին ճանաչված և մեծ հարստության տեր մարդկանց, նաև հռոմեական կայսրությունում բարձր պաշտոն զբաղեցնողներին։ Պողոս առաքյալը Հրեաստանի հռոմեացի կուսակալ Ֆեստոսին դիմում է նմանատիպ ձևով (Գործեր 26։25)։

Ակներևաբար, Թեոֆիլոսը լսել էր Հիսուսի մասին լուրը և հետաքրքրություն էր ցուցաբերել։ Ղուկասը հույս ուներ, որ իր Ավետարանը կօգներ Թեոֆիլոսին «ամբողջովին իմանալ այն բաների ստուգությունը, որոնք սովորել էր» (Ղուկաս 1։4)։

Ըստ հույն գիտնական Ռիչարդ Լենսկու՝ անհավանական է, որ Թեոֆիլոսը քրիստոնյա լիներ այն ժամանակ, երբ Ղուկասը նրան կոչեց «ո՛վ պատվարժան», քանի որ «քրիստոնեական գրականության մեջ.... ոչ մի քրիստոնյա եղբոր այդպես չեն դիմել»։ Երբ Ղուկասը հետագայում գրեց «Գործեր» գիրքը, նա չօգտագործեց «ո՛վ պատվարժան» տիտղոսը, այլ պարզապես ասաց. «ո՛վ Թեոֆիլոս» (Գործեր 1։1)։ Լենսկին եզրակացնում է. «Երբ Ղուկասը Թեոֆիլոսին գրեց իր Ավետարանը, այս ճանաչված մարդը դեռ քրիստոնյա չէր, բայց մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում քրիստոնեության հանդեպ, սակայն երբ Ղուկասը նրան ուղարկեց «Գործեր» գիրքը, Թեոֆիլոսն արդեն նորահավատ էր»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը