Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 12/1 էջ 12–16
  • Դեպի նոր աշխարհ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դեպի նոր աշխարհ
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Սերմը ցանված էր
  • Դառնում եմ նավաստի
  • Ծառայության հատուկ ձև
  • Կյանքս փոխվում է
  • Ստանում եմ դժվարին նշանակում
  • Մեծ իրադարձություն իմ կյանքում
  • Մանկությունից ուսուցանված Եհովայի կողմից
    2003 Դիտարան
2007 Դիտարան
w07 12/1 էջ 12–16

Կենսագրություն

Դեպի նոր աշխարհ

Պատմում է Ջեք Փրամբերգը

Շվեդիայի կենտրոնական մասում մի գեղատեսիլ փոքրիկ քաղաք կա՝ Արբուգա անունով։ Նրա մոտ է գտնվում Եհովայի վկաների մասնաճյուղը, որտեղ ծառայում են ավելի քան 80 կամավորներ։ Այստեղ ենք ես ու կինս՝ Կարինը, ապրում և աշխատում։ Իսկ ինչպե՞ս մենք հայտնվեցինք մասնաճյուղում։

ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ դարի վերջում 15–ամյա մի շվեդուհի գաղթեց Միացյալ Նահանգներ։ Նյու Յորք քաղաքի ներգաղթյալների ապաստարանում նա ծանոթացավ մի շվեդ նավաստու հետ։ Նրանք սիրահարվեցին, ամուսնացան և մի որդի ունեցան. այդ որդին ես էի։ Ես ծնվեցի Բրոնքսում (Նյու Յորք, ԱՄՆ) 1916 թ.–ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Շատ չանցած մեր ընտանիքը տեղափոխվեց Բրուքլին՝ մի քանի թաղամաս հեռու Բրուքլին Հայթսից։ Հետագայում հայրս ինձ պատմեց, որ մի անգամ ինքը և ես նավի մոդել փորձարկեցինք Բրուքլինի կամրջի մոտակայքում, որը պարզ տեսանելի էր Եհովայի վկաների գլխավոր վարչության շենքից։ Մտքովս անգամ չէր անցնում, որ այնտեղ կատարվող գործունեությունը կարող է մեծ նշանակություն ունենալ իմ կյանքում։

1918–ին ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ու Եվրոպայում միառժամանակ դադարեց անիմաստ արյունահեղությունը։ Զինվորները վերադարձան տուն, բայց հանդիպեցին նոր թշնամիների՝ գործազրկության ու աղքատության։ Հայրս կարծում էր, որ ճիշտ կլինի հետ գնալ Շվեդիա։ Այդպես էլ արեցինք. 1923–ին վերադարձանք։ Սկսեցինք ապրել Դալսլանդի շրջանի Էրիկստադ փոքրիկ գյուղում՝ երկաթուղային կայարանի մոտ։ Հայրս մեխանիկական արտադրամաս բացեց։ Այս գյուղում ես մեծացա ու դպրոց գնացի։

Սերմը ցանված էր

Հորս գործերը այնքան էլ լավ չէին ընթանում։ Ուստի 1930–ականների սկզբներին նա կրկին ծովային դարձավ։ Մենք մենակ մնացինք. մայրս զանազան հոգսեր ուներ, իսկ ես պետք է զբաղվեի արտադրամասով։ Մի օր մայրս այցելեց իր փեսային՝ քեռի Յուհանին։ Աշխարհի իրավիճակներից հիասթափված՝ մայրս հարցրեց նրան. «Յուհա՛ն, աշխարհը միշտ այսպե՞ս է մնալու»։

«Ո՛չ, Ռո՛ւթ»,— պատասխանեց քեռի Յուհանը։ Նա մորս պատմեց Աստծու խոստման մասին ու տեղեկացրեց, որ Աստված շուտով վերջ է դնելու չարությանը և Հիսուս Քրիստոսի Թագավորության միջոցով ամբողջ երկրի վրա արդար իշխանություն է հաստատելու (Եսայիա 9։6, 7; Դանիէլ 2։44)։ Նա բացատրեց, որ Թագավորությունը, որի մասին Հիսուսը սովորեցրեց աղոթել, արդար կառավարություն է, որը երկրի վրա դրախտային պայմաններ է հաստատելու (Մատթեոս 6։9, 10; Հայտնություն 21։3, 4)։

Աստվածաշնչի այս խոստումները դիպան մորս սրտին։ Տունդարձի ճանապարհին յուրաքանչյուր քայլ դնելիս նա շնորհակալություն էր հայտնել Աստծուն։ Սակայն ո՛չ ինձ և ո՛չ էլ հայրիկին դուր չէր գալիս, որ մայրիկը հետաքրքրվում է կրոնով։ Հենց այս ժամանակ էլ 1930–ականների կեսերին տեղափոխվեցի Տրոլհետան՝ Շվեդիայի արևմուտք, որտեղ աշխատանք գտա մի մեծ արհեստանոցում։ Շուտով հայրս, որ նոր էր վերադարձել ծովից, և մայրս տեղափոխվեցին ինձ մոտ։ Մեր ընտանիքը կրկին միավորված էր։

Իր հոգևոր քաղցը բավարարելու համար մայրս գտավ այդ տարածքում ապրող Եհովայի վկաներին։ Այդ ժամանակ նրանց հանդիպումներն անցկացվում էին տներում, ինչպես որ առաջին դարի քրիստոնյաներն էին անում (Փիլիմոն 1, 2)։ Մի օր մայրիկի հերթն էր տրամադրելու մեր տունը ժողովի հանդիպում անցկացնելու համար։ Մտահոգված՝ նա հարցրեց հորս, թե կարող է հրավիրել իր ընկերներին։ Հայրս պատասխանեց. «Քո ընկերները իմ ընկերներն են»։

Այդ օրը տան դուռը բաց էինք թողել։ Հենց մարդիկ սկսեցին մտնել մեր տուն, ես հեռացա։ Սակայն հետագայում որոշեցի մնալ։ Վկաների ջերմությունն ու իրատեսական, պարզ դատողությունները ամբողջությամբ փշրեցին իմ կանխակալ կարծիքը, որ ունեի նրանց մասին։ Իմ սրտում սերմը սկսեց աճել, և ես հույսով լցվեցի ապագայի հանդեպ։

Դառնում եմ նավաստի

Երևի հորիցս մի քիչ աղի ջուր էր անցել արյանս մեջ, քանի որ ես նույնպես նավաստի դարձա։ Նաև գնալով ավելի խորն էի գիտակցում հոգևոր կարիքներս։ Ամեն անգամ, երբ որևէ նավահանգիստ էինք հասնում, փորձում էի գտնել Եհովայի վկաներին։ Մի անգամ Ամստերդամում (Հոլանդիա, այժմ՝ Նիդերլանդներ) գնացի փոստատուն՝ հարցնելու, թե որտեղ կարող եմ գտնել նրանց։ Մի քանի խոսք փոխանակելուց հետո ինձ հասցե տվեցին, և ես անմիջապես գնացի այդ հասցեով։ Մի տասնամյա աղջիկ սիրալիր դիմավորեց ինձ դռան մոտ։ Չնայած օտարերկրացի էի, սակայն այդ պահից սկսած ջերմ կապվածություն զգացի այդ աղջնակի ու նրա ընտանիքի նկատմամբ. ես զգացի միջազգային հրաշալի եղբայրության համը։

Ճիշտ է, մենք տարբեր լեզուներով էինք խոսում, բայց երբ այդ ընտանիքի անդամները բերեցին օրացույց և գնացքի չվացուցակ ու սկսեցին քարտեզ նկարել, հասկացա, որ մոտակա Հառլեմ քաղաքում շուտով համաժողով է տեղի ունենալու։ Ես ներկա եղա համաժողովին ու թեև ոչ մի բառ չհասկացա, այն ինձ շատ դուր եկավ։ Իսկ երբ տեսա, թե ինչպես են Վկաները կիրակնօրյա հանրային ելույթի համար թերթիկներ բաժանում, ես էլ ցանկացա մասնակցել։ Ուստի վերցրեցի այն հրավիրատոմսերը, որոնցից մարդիկ հրաժարվել էին, և կրկին բաժանեցի։

Մի անգամ հանգրվանեցինք Բուենոս Այրեսում (Արգենտինա)։ Այնտեղ գտա Եհովայի վկաների մասնաճյուղը։ Ներսում կար գրասենյակ և պահեստ։ Սեղանի մոտ մի կին էր նստած և շյուղերով գործում էր, իսկ նրա կողքին մի աղջնակ՝ հավանաբար, նրա դուստրը, խաղում էր տիկնիկով։ Ուշ գիշեր էր։ Մի մարդ գրապահարանից մի քանի գիրք վերցրեց, այդ թվում նաև «Արարչագործություն» գիրքը շվեդերեն լեզվով։ Տեսնելով նրանց ուրախ ու հաճելի դեմքի արտահայտությունը՝ ես հասկացա, որ ուզում եմ դառնալ Եհովայի վկա։

Տունդարձի ճանապարհին մեր նավը ուղևորներ վերցրեց՝ կանադական ռազմական ինքնաթիռի անձնակազմին։ Նրանց ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Նյուֆաունդլենդի ծովափից քիչ հեռու։ Մի քանի օր անց, երբ մեր նավը մոտենում էր Շոտլանդիային, մի անգլիական ռազմանավ մեզ ձերբակալեց։ Հարցաքննելու նպատակով նրանք մեզ տարան Քերքուոլ՝ Օրկնեյան կղզիներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել էր։ 1939 թ. սեպտեմբերին Հիտլերի նացիստական զորքերը ներխուժեցին Լեհաստան։ Մի քանի օրից մեզ ազատ արձակեցին, և մենք անփորձանք վերադարձանք Շվեդիա։

Վերադառնալով տուն՝ այժմ կարող էի ամբողջությամբ ուշադրություն դարձնել իմ հոգևորին։ Իրոք ցանկանում էի պատկանել Աստծու ժողովրդին և միշտ ներկա լինել նրանց հավաքույթներին (Եբրայեցիներ 10։24, 25)։ Մեծ ուրախությամբ եմ լցվում, երբ հիշում եմ, որ միշտ վկայություն էի տալիս նավաստիներին։ Նրանցից մեկը դարձավ Եհովայի վկա։

Ծառայության հատուկ ձև

1940–ի սկզբներին այցելեցի Ստոկհոլմում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղը։ Ինձ ընդունեց Յուհան Էներոքը, որն այն ժամանակ ղեկավարում էր քարոզչական գործունեությունը Շվեդիայում։ Ես ասացի նրան, որ ուզում եմ լիաժամ մասնակցել քարոզչական գործին։ Նա ուշադիր նայեց ինձ և հարցրեց. «Հավատո՞ւմ ես, որ սա Աստծու կազմակերպությունն է»։

«Այո՛»,— պատասխանեցի ես։ 1940–ի հունիսի 22–ին մկրտվեցի ու սկսեցի ծառայել մասնաճյուղում՝ այդ չքնաղ միջավայրում՝ սքանչելի համագործակիցների կողքին։ Շաբաթ և կիրակի օրերը անցկացնում էինք քարոզչական ծառայության մեջ։ Ամռանը հաճախ հեծանվով գնում էինք հեռավոր տարածքներ և ամբողջ հանգստյան օրերն անցկացնում ծառայության մեջ, իսկ գիշերները քնում էինք հնձած խոտի վրա։

Բայց տնետուն ծառայում էինք հիմնականում Ստոկհոլմ քաղաքում և շրջակայքում։ Մի անգամ տեսա, թե ինչպես է մի մարդ իր տան ներքնահարկում նյարդայնացած փորձում նորոգել ջուր եռացնելու բաքը։ Թևերս մինչև արմունկներս քշտեցի և օգնեցի նրան։ Երբ ջրի հոսքը դադարեց, նա երախտագիտությամբ ինձ նայեց ու ասաց. «Կարծում էի, թե ուրիշ պատճառով ես ինձ մոտ եկել։ Եկ բարձրանանք տուն, լվացվենք ու սուրճ խմենք»։ Ընթացքում վկայություն տվեցի նրան։ Հետագայում նա դարձավ Եհովայի վկա։

Չնայած Շվեդիան հայտարարել էր իր չեզոքության մասին, այնուհանդերձ, պատերազմն իր ազդեցությունը թողեց։ Բազմաթիվ տղամարդկանց կանչեցին զինվորական ծառայության, այդ թվում նաև ինձ։ Երբ հրաժարվեցի զինվորական վարժություններ կատարելուց, ինձ կարճ ժամանակով բանտարկեցին։ Հետագայում ինձ աշխատանքային գաղութ ուղարկեցին։ Երիտասարդ Վկաներին հաճախ կանչում էին դատավորների մոտ, և մենք կարողանում էինք նրանց վկայություն տալ Աստծու Թագավորության մասին։ Այսպիսով կատարվում էր Հիսուսի մարգարեությունը. «Քարշ կտան կառավարիչների ու թագավորների առաջ իմ պատճառով, որպեսզի վկայություն լինեք նրանց և ազգերին» (Մատթեոս 10։18)։

Կյանքս փոխվում է

1945–ին հրանոթները լռեցին Եվրոպայում։ Պատերազմի ավարտից հետո այդ նույն տարում Նաթան Նորը, որն այդ ժամանակ ղեկավարում էր համաշխարհային քարոզչական գործունեությունը, իր քարտուղար Միլթոն Հենշելի հետ Բրուքլինից եկավ մեզ մոտ։ Նրանց այցելությունը շրջադարձային եղավ Շվեդիայում քարոզչական գործունեության կազմակերպման, ինչպես նաև անձամբ ինձ համար։ Երբ լսեցի «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում սովորելու հնարավորության մասին, անմիջապես դիմում լրացրեցի։

Հաջորդ տարի ես նստած էի «Գաղաադ» դպրոցի դասարանում։ Այն ժամանակ դպրոցը անցկացվում էր Սաութ Լանսինգում (Նյու Յորք)։ Հնգամսյա դասընթացների ժամանակ ստացա մի կրթություն, որն ավելի խորացրեց իմ գնահատանքը Աստվածաշնչի և Աստծու կազմակերպության հանդեպ։ Հասկացա, որ նրանք, ովքեր առաջնորդություն են վերցնում համաշխարհային քարոզչական գործունեության մեջ, մատչելի և հոգատար մարդիկ են։ Նրանք ջանադրաբար ծառայում էին մյուս եղբայրների ու քույրերի հետ (Մատթեոս 24։14)։ Դա ինձ չէր զարմացնում, բայց ուրախ էի, որ այդ ամենը իմ սեփական աչքերով եմ տեսնում։

Ի վերջո եկավ այնքան սպասված պահը. 1947–ի փետրվարի 9–ին տեղի ունեցավ «Գաղաադ» դպրոցի ութերորդ դասարանի ավարտականը։ Եղբայր Նորը հայտարարեց, թե ուսանողները ուր են ուղարկվելու։ Երբ եկավ իմ հերթը, նա ասաց. «Եղբայր Փրամբերգը վերադառնում է Շվեդիա՝ ծառայելու իր եղբայրներին»։ Պետք է խոստովանեմ, որ տուն վերադառնալու հետ կապված ես այնքան էլ խանդավառված չէի։

Ստանում եմ դժվարին նշանակում

Վերադառնալով Շվեդիա՝ իմացա, որ ամբողջ աշխարհում գործողության մեջ է դրվելու աստվածապետական նոր նշանակում. դա մարզային վերակացուի նշանակումն էր։ Ես դարձա Շվեդիայի առաջին մարզային վերակացուն։ Իմ տարածքը ընդգրկում էր ողջ երկիրը։ Շվեդիայի ամենատարբեր քաղաքներում կազմակերպում էի շրջանային համաժողովներ ու հետևում դրանց անցկացմանը։ Քանի որ այս միջոցառումները նոր էին, շատ քիչ հրահանգներ էի ստանում։ Եղբայր Իներոթը և ես նստում էինք ու միասին պատրաստում ծրագիրը՝ մեր կարողությունների չափով։ Ես շատ էի անհանգստանում, որ իմ նշանակումը լավ կատարեի, ուստի անդադար աղոթում էի Եհովային։ 15 տարի շարունակ պատիվ եմ ունեցել ծառայելու որպես մարզային վերակացու։

Այդ ժամանակ դժվար էր հարմար վայր գտնել հանդիպումներն անցկացնելու համար։ Մենք գոհանում էինք՝ հավաքվելով պարասրահներում և նման տեղերում, որտեղ հաճախ գրեթե ջեռուցում չէր լինում, իսկ շինությունները խարխուլ էին։ Մի անգամ Ռոկիոյում համաժողով կազմակերպվեց։ Մենք հավաքվել էինք ակումբում, որը մի հին շենք էր և որոշ ժամանակ չէր օգտագործվել։ Բուք ու բորան էր, ջերմաստիճանը՝ չորս աստիճան ցածր զրոյից։ Ուստի մենք երկու հսկա վառարաններում, որոնք պատրաստված էին յուղի տարաներից, կրակ վառեցինք։ Սակայն չգիտեինք, որ թռչունները բներ էին շինել ծխնելույզի մեջ։ Ամենուրեք ծուխ էր։ Այդուհանդերձ, բոլորը՝ վերարկուներով փաթաթված և մրմռացող աչքերով, մնացին նստած։ Դա անմոռանալի համաժողով էր։

Եռօրյա շրջանային համաժողովներ կազմակերպելու հետ մեկտեղ պետք է նաև ուտելիք պատրաստեինք պատվիրակների համար։ Սկզբնական շրջանում չունեինք ո՛չ սարքավորում, ո՛չ փորձ։ Սակայն մենք հրաշալի եղբայրներ ու քույրեր ունեինք, որոնք ուրախությամբ հանձն առան այդ դժվարին առաջադրանքը։ Համաժողովից մեկ օր առաջ կարելի էր տեսնել, թե ինչպես են նրանք կռացած կարտոֆիլ մաքրում և տարբեր դեպքեր պատմում. ժամանակը նրանց համար ուրախ էր անցնում։ Եղբայրների և քույրերի միջև շատ ամուր ընկերություն է սկսվել հենց այսպիսի առիթների ժամանակ, երբ նրանք միասին փութաջանորեն աշխատել են։

Մեր գործի մյուս առանձնահատկությունն այն էր, որ պետք է քայլեինք ցուցանակներով ու ազդարարեինք տեղի ունենալիք շրջանային համաժողովների մասին։ Քայլում էինք երթով ինչ–որ քաղաքի կամ գյուղի միջով և հրավիրում մարդկանց հանրային ելույթի։ Մեծամասամբ մարդիկ բարյացակամ էին ու հարգալից։ Մի անգամ Ֆինսփանգ քաղաքում փողոցը լի էր գործարանից եկող բանվորներով։ Հանկարծ նրանցից մեկը գոռաց. «Տղանե՛ր, այս մարդկանց է, որ Հիտլերը չկարողացավ հաղթել»։

Մեծ իրադարձություն իմ կյանքում

Այն բանից հետո, երբ հանդիպեցի մի հրաշալի երիտասարդ կնոջ՝ Կարինին, իմ կյանքում մեծ փոփոխություն տեղի ունեցավ։ 1953–ի հուլիսին երկուսիս էլ հրավիրեցին միջազգային համաժողովի, որը պետք է տեղի ունենար «Յանկի» մարզադաշտում (Նյու Յորք քաղաք)։ Համաժողովի ընդմիջման ժամանակ (երկուշաբթի օրը՝ հուլիսի 20–ին), եղբայր Միլթոն Հենշելը ներկայացրեց մեր հարսանեկան ելույթը։ Դա մի արտասովոր իրադարձություն էր բեյսբոլի հայտնի մարզադաշտում։ Մինչև 1962 թվականը ես ու Կարինը շրջագայական ծառայության մեջ էինք, այնուհետև հրավիրվեցինք ծառայելու Շվեդիայի Բեթելում։ Սկզբում աշխատում էի պարբերագրերի բաժնում։ Սակայն հետագայում, քանի որ արհեստավոր էի, նշանակվեցի այնպիսի բաժին, որտեղ պետք է հոգ տանեի մասնաճյուղի տպամամլիչների և այլ սարքավորումների մասին։ Կարինը մի քանի տարի աշխատել է լվացքատանը։ Այժմ երկար տարիներ է, ինչ նա ծառայում է սրբագրության բաժնում։

Ամուսնությունից հետո ավելի քան 54 տարի երջանիկ, իմաստալից և իրադարձություններով հարուստ կյանք ենք անցկացրել՝ ծառայելով Եհովային։ Եհովան իսկապես օրհնել է իր սիրառատ և ջանասեր ծառաներին։ 1940–ին, երբ սկսեցի ծառայել Շվեդիայի մասնաճյուղում, երկրում կար ընդամենը 1 500 Վկա։ Այսօր նրանց թիվն անցնում է 22 000–ից։ Քարոզիչների աճը աշխարհի այլ մասերում նույնիսկ ավելի մեծ է եղել, ուստի ամբողջ աշխարհում այժմ մեր թիվը կազմում է ավելի քան վեց ու կես միլիոն։

Եհովայի ոգին աջակցում է մեր գործին և շարունակ մղում է մեր «առագաստանավերին» առաջ ընթանալ։ Հավատի աչքերով մենք սևեռուն նայում ենք մարդկության անհանգիստ ծովին, սակայն չենք վախենում։ Առջևում հստակորեն երևում է Աստծու նոր աշխարհը։ Կարինն ու ես երախտապարտ ենք Եհովային նրա բարության համար։ Մենք ամեն օր նրանից ուժ ենք խնդրում, որ կարողանանք պահել մեր անարատությունը և, ի վերջո, հասնենք մեր նպատակին՝ արժանանանք Աստծու հավանությանն ու հավիտենական կյանքին (Մատթեոս 24։13)։

[նկար 12–րդ էջի վրա]

Մորս ծնկներին

[նկար 13–րդ էջի վրա]

Այստեղ 1920–ականների սկզբին հորս հետ նավի մոդել փորձարկեցինք

[նկար 15–րդ էջի վրա]

Հերման Հենշելի (Միլթոն Հենշելի հոր) հետ «Գաղաադ» դպրոցում, 1946

[նկարներ 16–րդ էջի վրա]

Մենք ամուսնացանք «Յանկի» մարզադաշտում 1953 թ. հուլիսի 20–ին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը