Հարկ կա՞, որ մայրը աշխատի
ԱՅՍՕՐ ամբողջ աշխարհում կանանց մեծամասնությունն աշխատում է։ Զարգացած երկրներում աշխատող բնակչության գրեթե կեսը կին է։ Իսկ զարգացող երկրներում կանայք ժամերով ծանր գյուղատնտեսական աշխատանք են կատարում։
Անշուշտ, կանայք ունեն նաև տնային հոգսեր։ Բավական չէ, որ աշխատում են, նրանք նաև պետք է գործից հետո ճաշ պատրաստեն, լվացք անեն և տունը մաքրեն։
Քրիստոնյա մայրերը, ի հավելումն այդ ամենի, պետք է իրենց երեխաների մեջ հոգևոր արժեքներ ներարկեն։ «Անկեղծ ասած՝ աշխատանքն ու ընտանեկան պարտականությունները հավասարակշռելը շատ դժվար է, հատկապես երբ փոքր երեխաներ ունես,— խոստովանում է երկու աղջիկների մայր Քրիստինան։— Երեխաները շատ ուշադրություն են պահանջում, և հեշտ չէ նրանց այդ կարիքը լիովին բավարարել»։
Ինչո՞ւ են մայրերը որոշում աշխատել։ Ի՞նչ դժվարություններ ունեն նրանք։ Եվ ընդհանրապես, հարկ կա՞, որ մայրը աշխատի, որպեսզի զգա, որ իր հնարավորությունները լիովին են օգտագործվում։
Ինչու են մայրերը աշխատում
Շատ մայրերի համար ամբողջ օրն աշխատելը բացարձակ անհրաժեշտություն է։ Ոմանք չունեն ամուսին, որը կհոգար ընտանիքի կարիքները։ Մյուսներն էլ ունեն ամուսին, սակայն վերջինիս աշխատավարձը չի բավականացնում հիմնական ծախսերը փակելուն։
Ճիշտ է, բոլոր կանայք չէ, որ աշխատում են՝ ելնելով զուտ ընտանիքի ֆինանսական վիճակից։ Զգալի թվով կանայք աշխատում են, որպեսզի բարձրացնեն սեփական արժանապատվության զգացումը։ Ոմանք էլ ցանկանում են ֆինանսապես անկախ լինել կամ իրենց ճոխություններ թույլ տալ։ Շատերն էլ պարզապես լավ մասնագետներ են և հաճույք են ստանում իրենց գործից։
Կողմնակի ճնշումը մեկ այլ պատճառ է, թե ինչու են մայրերը գնում աշխատելու։ Մարդկանց մեծամասնությունը ընդունում է, որ աշխատող մայրերը միշտ սթրեսի են ենթարկվում, իսկ գործի վերջում տուն են վերադառնում ուժասպառ եղած։ Բայց որքան էլ տարօրինակ է, նրանք քննադատում են այն կանանց, ովքեր չեն աշխատում, և նույնիսկ ծաղրում են։ «Հեշտ չէ ուրիշներին բացատրել, որ դու պարզապես տնային տնտեսուհի ես,— խոստովանում է մի կին։— Ոմանք խոսքով կամ դեմքի արտահայտությամբ ակնարկում են, թե վատնում եմ կյանքիս տարիները»։ Ռեբեկա անունով մի կին, որը երկու տարեկան աղջկա մայր է, ասում է. «Թեպետ այն հասարակության մեջ, որում մենք ապրում ենք, ընդունված է, որ կինը հոգ տանի երեխաներին, ես զգացել եմ, որ չաշխատող մայրերին վերևից են նայում»։
Իրականությունն ընդդեմ պատրանքի
Աշխարհի որոշ վայրերում զանգվածային լրատվության միջոցները «իդեալական կնոջ» կերպարը հետևյալ ձևով են ներկայացնում. նա հաջողակ է իր ընտրած ասպարեզում, այսինքն՝ ունի բարձր վարձատրությամբ աշխատանք, ունի անթերի հագուկապ և միանգամայն վստահ է իր ուժերի վրա։ Երբ նա տուն է վերադառնում, լի է եռանդով՝ զբաղվելու երեխաներով, ուղղելու ամուսնու սխալները և լուծելու տան հետ կապված ցանկացած խնդիր։ Հասկանալի է, որ դա պատրանք է. իրականում շատ քիչ կանայք կարող են համապատասխանել այս նկարագրությանը։
Գործնականում բազմաթիվ աշխատանքներ, որ կանայք անում են, հիմնականում միապաղաղ և համեմատաբար քիչ վարձատրվող են։ Մայրերը շուտով հիասթափվում են՝ հայտնաբերելով, որ տվյալ աշխատանքը նրանց հնարավորություն չի տալիս լիովին գործի դնելու իրենց բոլոր ունակությունները։ Մի գրքում նշվում է. «Չնայած մեծ ձեռքբերումներ կան սեռերի միջև հավասարության հարցում, տղամարդիկ շարունակում են զբաղեցնել ավելի լավ վարձատրվող և ավելի բարձր պաշտոններ։ Ուստի կանայք, ովքեր ուզում են աշխատանքի միջոցով ինքնահաստատվել, անբարենպաստ պայմաններում են հայտնվում» («Social Psychology»)։ Իսպանական «Պաիս» օրաթերթը գրում է. «Ըստ հաշվարկների՝ հավանականությունը մեծ է, որ կանայք երեք անգամ ավելի շատ կենթարկվեն սթրեսների, քան տղամարդիկ։ Պատճառն այն է, որ կանանց ճնշող մեծամասնությունը երկու գործ է անում՝ մեկը՝ աշխատավայրում, մյուսը՝ տանը»։
Ինչպես կարող է օգնել ամուսինը
Քրիստոնյա մայրը կաշխատի, թե ոչ՝ անձնական որոշում է։ Եթե նա ամուսին ունի, ապա այդ մասին նրանք պետք է որոշում կայացնեն միայն այն բանից հետո, երբ միասին ուշադիր ծանրութեթև անեն բոլոր հանգամանքները (Առակաց 14։15)։
Հնարավոր է՝ ամուսինները որոշեն, որ, ելնելով խիստ կարիքից, երկուսն էլ պետք է լիաժամ աշխատեն։ Այդ դեպքում, իմաստուն ամուսինը հատուկ ուշադրություն կդարձնի Աստվածաշնչի հետևյալ խորհրդին. «Դո՛ւք, ամուսիննե՛ր, պետք է ձեր ամուսնական կյանքում հասկացողություն հանդես բերեք՝ ձեր կանանց հետ վարվելով հարգալից կերպով, ոչ միայն այն պատճառով, որ նրանք ֆիզիկապես ավելի թույլ են, այլև որ դուք միասին Աստծու տված կյանքի պարգևին բաժնեկիցներ եք» (1 Պետրոս 3։7, The Revised English Bible)։ Ամուսինը կհարգի իր կնոջը նրանով, որ ուշադիր կլինի նրա ֆիզիկական և զգացական կարիքների նկատմամբ։ Հնարավորության դեպքում նա կնոջը կօգնի տնային գործերում։ Հիսուսի պես՝ ամուսինը պատրաստ կլինի խոնարհաբար կատարելու այնպիսի գործեր, որոնք գուցե արժանապատվությունից ցածր են համարվում (Հովհաննես 13։12–15)։ Նա նման աշխատանքը կդիտի որպես լավ հնարավորություն՝ դրսևորելու իր սերը իր ժրաջան կնոջ հանդեպ։ Վերջինս, անշուշտ, անչափ շնորհակալ կլինի նման օգնության համար (Եփեսացիներ 5։25, 28, 29)։
Անկասկած, համագործակցությունը շատ կարևոր է, եթե երկուսն էլ աշխատում են։ Այս հանգամանքն ընդգծում է իսպանական «Էյ-Բի-Սի» լրագիրը։ Նա մեկնաբանում է մի հետազոտություն, որն անցկացրեց ընտանեկան հարցերով զբաղվող մի ինստիտուտ։ Հոդվածում նշվում է, որ Իսպանիայում ամուսնալուծությունների պատճառը միայն այն չէ, որ «կրոնական և բարոյական չափանիշները անկում են ապրում»։ Կան ևս երկու գործոններ, դրանք են՝ «կանայք սկսել են աշխատել, իսկ տղամարդիկ չեն օգնում նրանց տնային գործերում»։
Քրիստոնյա մոր կենսական դերը
Եհովա Աստված գլխավորապես հայրերին է հանձնարարել երեխաների դաստիարակությունը։ Սակայն քրիստոնյա մայրերը Աստվածաշնչից գիտեն, որ իրենց նույնպես վստահվել է այդ պատասխանատվությունը, հատկապես երբ երեխան շատ փոքր է (Առակաց 1։8; Եփեսացիներ 6։4)։ Երբ Եհովան իսրայելացի ծնողներին ասաց, որ իր Օրենքը «կրկնեն» իրենց երեխաների համար, նա դիմում էր թե՛ մայրերին, թե՛ հայրերին։ Նա գիտեր, որ «կրկնելու», կամ՝ սովորեցնելու համար ժամանակ և համբերություն է պետք, մասնավորապես երեխայի ձևավորման տարիներին։ Այդ իսկ պատճառով Աստված պատվիրեց ծնողներին, որ կրթեն իրենց երեխաներին տանը, ճանապարհին, «պառկելիս և վեր կենալիս» (Բ Օրինաց 6։4–7)։
Աստծու Խոսքը, ասելով «քո մօր օրէնքը մի մերժիր», ընդգծում է կնոջ կարևոր և արժանապատիվ դերը (Առակաց 6։20)։ Իհարկե, ամուսնացած կինը կխորհրդակցի կողակցի հետ նախքան երեխաների համար որևէ օրենք սահմանելը։ Ինչևէ, այս համարը ցույց է տալիս, որ մայրերը իրավունք ունեն օրենքներ դնելու։ Իսկ երբ երեխաները հնազանդվում են այն հոգևոր և բարոյական օրենքներին, որոնք սովորում են իրենց աստվածավախ մորից, նրանք մեծապես շահում են (Առակաց 6։21, 22)։ Թերեզան, որը երկու տղա ունի, բացատրում է, թե ինչու ինքը չի ուզում աշխատել։ Նա ասում է. «Իմ ամենակարևոր գործն այն է, որ երեխաներիս դաստիարակեմ այնպես, որ ի վերջո ծառայեն Աստծուն։ Ես ուզում եմ այդ գործն անել լավագույն ձևով»։
Օրինակելի մայրեր
Իսրայելի Լեմուել թագավորը, անկասկած, մեծ օգուտներ քաղեց իր մոր տված դաստիարակությունից։ Այն «պատգամը», որով նրա մայրը «խրատեց» նրան, ընդգրկվել է Աստծու ներշնչյալ Խոսքի մեջ (Առակաց 31։1; 2 Տիմոթեոս 3։16)։ Լեմուելի մայրը տվեց առաքինի կնոջ նկարագիրը։ Այդ նկարագիրը մինչև օրս օգնում է որդիներին կողակցի ճիշտ ընտրություն կատարել։ Իսկ անբարոյականության և ալկոհոլը չարաշահելու վերաբերյալ նրա նախազգուշացումներն այսօր նույնքան գործնական են, որքան հնում (Առակաց 31։3–5, 10–31)։
Առաջին դարում Եվնիկե անունով մի մայր Պողոս առաքյալի կողմից գովասանքի արժանացավ իր որդուն՝ Տիմոթեոսին, լավ դաստիարակելու համար։ Քանի որ նրա ամուսինը հավանաբար երկրպագում էր հունական աստվածների, Եվնիկեն պետք է օգներ Տիմոթեոսին հավատ ընծայելու «սուրբ գրություններին»։ Իսկ ե՞րբ Եվնիկեն սկսեց Գրություններն ուսուցանել Տիմոթեոսին։ Աստվածաշնչում ասվում է՝ «վաղ մանկությունից», այլ կերպ ասած, երբ Տիմոթեոսը դեռ շատ փոքր էր (2 Տիմոթեոս 1։5; 3։14, 15)։ Եվնիկեի հավատն ու օրինակը, ինչպես նաև այն գիտելիքները, որ նա փոխանցեց իր որդուն, ակներևաբար պատրաստեցին Տիմոթեոսին ապագա միսիոներական ծառայության (Փիլիպպեցիներ 2։19–22)։
Աստվածաշնչում նաև նշվում է այն մայրերի մասին, ովքեր հյուրասիրություն են ցույց տվել Աստծու հավատարիմ ծառաներին, ինչի շնորհիվ նրանց երեխաները հնարավորություն են ունեցել շփվելու օրինակելի մարդկանց հետ։ Օրինակ՝ մի սունամացի կին, որն ուներ որդի, պարբերաբար իր տանը հյուրընկալում էր Եղիսեին՝ Աստծու մարգարեին։ Այս կնոջ որդին մի օր մահացավ, և Եղիսեն նրան հարություն տվեց (Դ Թագաւորաց 4։8–10, 32–37)։ Ընդօրինակման է արժանի նաև Մարիամը՝ ավետարանագիր Մարկոսի մայրը։ Նա, ըստ ամենայնի, Երուսաղեմում գտնվող իր տունը տրամադրել էր Հիսուսի վաղ աշակերտներին՝ հանդիպումներ անցկացնելու համար (Գործեր 12։12)։ Մարկոսը, անկասկած, մեծ օգուտներ է քաղել առաքյալներից և մյուս քրիստոնյաներից, ովքեր միշտ գալիս էին իրենց տուն։
Պարզ է, որ Եհովան բարձր է գնահատում հավատարիմ կանանց, ովքեր իր սկզբունքները սովորեցնում են իրենց երեխաներին։ Նա սիրում է այդ կանանց այն բանի համար, որ նրանք հավատարիմ են և ջանք չեն խնայում իրենց տներում հոգևոր մթնոլորտ ստեղծելու համար (Բ Թագաւորաց 22։26; Առակաց 14։1)։
Լավագույն որոշումը
Ինչպես որ ցույց են տալիս վերոհիշյալ աստվածաշնչային օրինակները, եթե հայրն ու մայրը լավ են հոգում ընտանիքի ֆիզիկական, հոգևոր և զգացական կարիքները, ապա բոլորը մեծ օրհնություններ են ստանում։ Բայց դա անելը հեշտ չէ։ Այն աշխատանքը, որ մայրը կատարում է տանը, հաճախ ավելի ծանր է թվում, քան շատ պատասխանատվություններ ունեցող ղեկավարի աշխատանքը։
Ճիշտ է, եթե կինը ամուսնու հետ խորհրդակցելուց հետո որոշում է ավելի քիչ աշխատել, ապա ընտանիքը գուցե ստիպված լինի նվազեցնել ծախսերը։ Բացի այդ, հնարավոր է՝ կինը ծաղրանքի ենթարկվի նրանցից, ովքեր չեն հասկանում, թե ինչու է նա այդպիսի որոշում կայացրել։ Սակայն օրհնությունները կարող են ավելի քան փոխհատուցել այդ զոհողությունը։ Պակի անունով մի մայր ունի երեք երեխա և աշխատում է կես օր։ Նա ասում է. «Ինձ դուր է գալիս, որ ես տանն եմ լինում, երբ երեխաներս վերադառնում են դպրոցից։ Տանը դիմավորող կա, և նրանք կարող են խոսել մեկի հետ»։ Իսկ ինչո՞վ է օգտակար երեխաների համար այն, որ Պակին տանն է լինում։ «Ես օգնում եմ նրանց կատարելու տնային աշխատանքները։ Իսկ եթե խնդիրներ են ծագում, կարող եմ անմիջապես զբաղվել դրանցով,— ասում է նա։— Ամեն օր մենք միասին ենք, և դա օգնում է երեխաներին ազատորեն հաղորդակցվելու ինձ հետ։ Ինձ համար շատ թանկ է այն ժամանակը, որ անցկացնում եմ երեխաներիս հետ, ուստի մերժեցի լիաժամ աշխատանքի առաջարկը»։
Շատ քրիստոնյա մայրեր զգացել են, որ եթե ավելի քիչ են աշխատում և ավելի շատ ժամանակ հատկացնում ընտանիքին, ապա դա ընտանիքի բոլոր անդամներին է օգուտ բերում։ «Երբ դուրս եկա գործից, մեր ընտանիքում կարծես պրոբլեմները պակասեցին,— բացատրում է Քրիստինան, որի մասին նշվեց վերևում։— Ես արդեն ժամանակ ունեի երեխաներիս հետ խոսելու և ամուսնուս օգնելու։ Սկսեցի հաճույքով ուսուցանել աղջիկներիս։ Հիանում էի, թե ինչպես են նրանք նոր բաներ սովորում և առաջադիմում»։ Մի դեպք Քրիստինան երբեք չի մոռանում։ Նա պատմում է. «Մեծ աղջիկս առաջին քայլերը կատարեց մանկապարտեզում, բայց իմ երկրորդ աղջկան ինքս սովորեցրի քայլել։ Ի՜նչ մեծ բավականություն ստացա, երբ նա ինքնուրույն մի քանի քայլ արեց և ընկավ ուղիղ իմ գիրկը»։
Հարկավոր է նաև հաշվի առնել, որ երբեմն աշխատանքից հրաժարվելն առանձնապես չի անդրադառնում ընտանիքի նյութականի վրա։ Քրիստինան բացատրում է. «Աշխատավարձիս մեծ մասը գնում էր մանկապարտեզի ու տրանսպորտային ծախսերի վրա։ Երբ ուշադիր քննեցինք մեր իրավիճակը, հասկացանք, որ իմ աշխատանքը լրացուցիչ գումար չի բերում մեր տուն»։
Իրենց իրավիճակը գնահատելուց հետո որոշ ամուսիններ գալիս են այն եզրակացության, որ օգուտն ավելի շատ կլինի, եթե կինը չաշխատի։ «Ես շատ ուրախ եմ, որ կինս տանն է լինում և հոգ է տանում երկու երեխաներիս,— պատմում է Քրիստինայի ամուսինը՝ Փոլը։— Երկուսս էլ լարված էինք լինում, երբ կինս աշխատում էր»։ Իսկ ինչպե՞ս ազդեց նրանց որոշումը աղջիկների վրա։ «Նրանք ոչ միայն ապահով են զգում իրենց,— ասում է Փոլը,— այլ նաև բավականաչափ պաշտպանված են այն վատ ազդեցությունից, որ կար նախկինում»։ Ինչո՞ւ է այս ամուսնական զույգը կարծում, որ անչափ կարևոր է հնարավորին չափ շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Փոլն ասում է. «Ես համոզված եմ, որ եթե մեր երեխաների սրտերի վրա «չգրենք» մենք՝ ծնողներս, ապա դա կանի ուրիշը»։
Հստակ է, որ յուրաքանչյուր զույգ պետք է քննի իր հանգամանքները։ Ոչ ոք չպետք է քննադատի ուրիշների կայացրած որոշումը (Հռոմեացիներ 14։4; 1 Թեսաղոնիկեցիներ 4։11)։ Այդուհանդերձ, արժե քննել, թե ինչ օգուտներ կարող է ընտանիքը ստանալ, եթե մայրը չաշխատի ամբողջ օրը։ Թերեզան, որի մասին նշվեց վերևում, ասում է. «Ոչինչ այնքան մեծ բավարարվածություն չի պատճառում, որքան այն ժամանակը, որ անցկացնում ես երեխաներիդ հետ» (Սաղմոս 127։3)։
[նկար 31–րդ էջի վրա]
Քրիստոնյա մայրերը կարևոր դեր են խաղում երեխաներին դաստիարակելու հարցում