Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 4/1 էջ 17–20
  • Նա դիտում էր և սպասում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա դիտում էր և սպասում
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ունենալ աղոթելու տրամադրվածություն
  • Լինել վստահ և աչալուրջ
  • Եհովան թեթևացում և օրհնություններ է բերում
  • Նա արթնությամբ սպասում էր
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա մխիթարություն գտավ իր Աստծու մոտ
    2011 Դիտարան
  • Նա մխիթարություն գտավ իր Աստծու մոտ
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա պաշտպանեց ճշմարիտ երկրպագությունը
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
2008 Դիտարան
w08 4/1 էջ 17–20

Ընդօրինակեք նրանց հավատը

Նա դիտում էր և սպասում

ԵՂԻԱՆ ցանկանում էր առանձնանալ և աղոթել իր երկնային Հորը։ Նրա շուրջ խմբված մարդիկ հենց նոր էին տեսել, թե ինչպես այս ճշմարիտ մարգարեն խնդրեց, որ երկնքից կրակ իջնի, և նրանցից շատերն անկասկած ուզում էին շահել նրա բարեհաճությունը։ Նախքան Եղիան կբարձրանար Կարմեղոս լեռը, որի բարձունքները պաշտպանված չէին քամիներից, և առանձին կաղոթեր Եհովա Աստծուն, պետք է մի անցանկալի հանձնարարություն կատարեր։ Նա պետք է խոսեր Աքաաբ թագավորի հետ։

Այս երկու անհատները տարբեր անձնավորություններ էին։ Աքաաբը հագել էր իր ճոխ արքայական հագուստը։ Նա ագահ էր և թուլակամ հավատուրաց։ Իսկ Եղիան հագել էր մարգարեի իր հասարակ հագուստը, որը հավանաբար կենդանու կաշվից պատրաստված կամ ուղտի և այծի մազից գործված թիկնոց էր։ Նա անարատ մարդ էր, քաջ էր և մեծ հավատ ուներ։ Այդ օրը, որ մոտենում էր իր ավարտին, շատ բան էր բացահայտել այս երկու անհատների մասինa։

Այդ օրը լավ օր չէր եղել Աքաաբի և Բահաղի մյուս երկրպագուների համար։ Ապացուցվեց, որ հեթանոսական կրոնը, որն Աքաաբը և նրա կինը՝ Հեզաբել թագուհին, տարածել էին Իսրայելի տասցեղ թագավորության մեջ, կեղծ էր։ Բացահայտվեց, որ Բահաղը կեղծ աստված էր։ Այդ անկենդան աստվածը չկարողացավ նույնիսկ մի փոքր կրակ վառել, երբ նրա մարգարեները դիմում էին իրեն սաստիկ աղաչանքներով, պարերով և ծիսականորեն արյուն թափելով։ Բահաղը չկարողացավ մահվան դատապարտությունից ազատել այն 450 տղամարդկանց, որոնք մահվան արժանացան։ Այդ կեղծ աստվածը մեկ բանում էլ էր թերացել, ինչը շուտով բացահայտվելու էր։ Ավելի քան երեք տարի Բահաղի մարգարեները աղերսել էին իրենց աստծուն, որ նա վերջ դներ երաշտին, որը վնասում էր հողը։ Սակայն նա չէր կարողացել դա անել։ Շուտով, երաշտին վերջ դնելով, Եհովան ցույց էր տալու, որ ինքն է ճշմարիտ Աստվածը (Գ Թագաւորաց 16։30–17։1; 18։1–40)։

Իսկ եր՞բ էր Եհովան գործի անցնելու։ Ի՞նչ էր անելու Եղիան մինչ այդ։ Եվ ի՞նչ կարող ենք սովորել այս հավատարիմ մարդուց։ Այս հարցերի պատասխանները կիմանանք՝ քննելով Գ Թագաւորաց 18։41–46 համարները։

Ունենալ աղոթելու տրամադրվածություն

Եղիան մոտեցավ Աքաաբին և ասաց. «Վեր գնա կեր ու խմիր. որովհետեւ անձրեւի սաստիկ ձայն կայ» (համար 41)։ Այս չար թագավորը ինչ–որ բան սովորե՞լ էր այդ օրվա իրադարձություններից։ Աստվածաշնչում կոնկրետ ոչ մի բան չի նշվում։ Այնտեղ չենք գտնում նաև զղջման խոսքեր կամ որևէ խնդրանք՝ ուղղված մարգարեին, որ վերջինս օգնի իրեն մոտենալ Եհովային և ներում խնդրել նրանից։ Աքաաբը «վեր գնաց ուտելու եւ խմելու» (համար 42)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Եղիայի մասին։

«Եղիան վեր ելաւ Կարմեղոսի գլուխը, եւ ծռուեցաւ մինչեւ գետինը եւ երեսը դրաւ իր ծունկերի մէջտեղը»։ Մինչ Աքաաբը զբաղված էր ուտելով, Եղիան աղոթում էր իր Հորը։ Նկատեք, թե ինչ խոնարհ կեցվածք ուներ Եղիան. նա խոնարհվել էր մինչև գետին և երեսը մոտեցրել ծնկներին։ Ինչի՞ մասին էր աղոթում նա։ Կռահելու կարիք չկա։ Հակոբոս 5։18–ում նշվում է, որ Եղիան աղոթում էր, որ երաշտը վերջանա։ Անկասկած, նա դա անում էր Կարմեղոս լեռան գագաթին։

Ավելի վաղ Եհովան ասել էր. «Ես անձրեւ պիտի տամ երկրի երեսին» (Գ Թագաւորաց 18։1)։ Ուստի Եղիան աղոթում էր, որ կատարվեր այն, ինչ ասել էր իր Հայրը, ինչպես որ Հիսուսը մոտ հազար տարի անց սովորեցրեց իր հետևորդներին աղոթել այն մասին, որ կատարվի Հոր կամքը (Մատթեոս 6։9, 10)։

Եղիայի օրինակը մեզ շատ բան է սովորեցնում աղոթքի մասին։ Նախևառաջ Եղիան ուզում էր, որ իր Հոր կամքը կատարվի։ Ուստի աղոթելիս լավ կլինի հիշել հետևյալը. «Ի՛նչ էլ որ խնդրում ենք [Աստծու] կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)։ Պարզ է, ուրեմն, որ պետք է իմանանք, թե որն է Աստծու կամքը, որ մեր աղոթքները լսվեն։ Ուստի սա հիմնավոր պատճառ է, որ Աստվածաշնչի ուսումնասիրությունը դարձնենք մեր առօրյայի մի մասը։ Անկասկած, Եղիան ուզում էր, որ երաշտը ավարտվի, քանի որ իր հայրենակիցները տառապում էին դրա պատճառով։ Այն բանից հետո, երբ նա տեսավ, թե ինչ հրաշք արեց Եհովան այդ օրը, հավանաբար նրա սիրտը երախտագիտությամբ լցվեց։ Ուրիշների բարօրության մասին աղոթելը և սրտանց երախտագիտություն հայտնելը պետք է մեր աղոթքների մի մասը լինեն (2 Կորնթացիներ 1։11; Փիլիպպեցիներ 4։6)։

Լինել վստահ և աչալուրջ

Եղիան վստահ էր, որ Եհովան վերջ էր դնելու երաշտին, սակայն չգիտեր, թե երբ էր անելու դա։ Ի՞նչ արեց մարգարեն այդ ընթացքում։ Նկատի առեք, թե ինչ է գրված 43–րդ համարում. «Եւ ասեց իր պատանիին. Վեր գնա մտիկ արա դէպի ծովակողմը. Եւ նա վեր գնաց եւ մտիկ արաւ եւ ասեց. Մի բան չ’կայ. եւ Եղիան ասեց. Դարձեալ գնա. եօթն անգամ»։ Եղիայի օրինակից առնվազն երկու բան կարող ենք սովորել։ Նախ՝ այն, որ նա վստահ էր, և ապա՝ այն, որ նա աչալուրջ էր։

Եղիան անհամբերությամբ սպասում էր, թե երբ էր Եհովան գործի անցնելու, ուստի իր սպասավորին ուղարկեց մի բարձր տեղ, որ նա տեսնի, թե արդյոք հորիզոնում անձրևի նշաններ չեն երևում։ Վերադառնալով սպասավորը հայտնեց հետևյալ ոչ հուսադրող լուրը. «Մի բան չ’կայ»։ Հորիզոնում ոչինչ չէր երևում, իսկ երկինքը, ակներևաբար, անամպ էր։ Ինչ–որ տարօրինակ բան նկատո՞ւմ եք։ Հիշեք, որ Եղիան Աքաաբ թագավորին հենց նոր ասել էր. «Անձրեւի սաստիկ ձայն կայ»։ Ինչպե՞ս կարող էր մարգարեն նման բան ասել, եթե երկնքում ամպեր չկային։

Եղիան գիտեր Եհովայի խոստման մասին։ Լինելով Եհովայի մարգարեն և ներկայացուցիչը՝ նա վստահ էր, որ Աստված կկատարի իր խոստումը։ Եղիան այնքան վստահ էր, որ կարծես արդեն լսում էր հեղեղի ձայնը։ Կարող ենք հիշել, թե ինչպես է Աստվածաշունչը նկարագրում Մովսեսին. «[Նա] շարունակեց հաստատուն մնալ, ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է»։ Արդյոք Աստված իրակա՞ն է ձեզ համար։ Նա բազմաթիվ հիմքեր է մեզ տալիս իր և իր տված խոստումների հանդեպ այդպիսի հավատ ունենալու համար (Եբրայեցիներ 11։1, 27)։

Այժմ քննենք, թե որքան աչալուրջ էր Եղիան։ Նա իր սպասավորին հետ ուղարկեց ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ յոթ անգամ։ Պատկերացրեք, թե որքան էր նրա սպասավորը հոգնել գնալ–գալուց, իսկ Եղիան շարունակում էր սպասել նշանի և չէր հուսահատվում։ Ի վերջո, յոթերորդ անգամ վերադառնալուց հետո սպասավորը ասաց. «Ահա մի փոքր ամպ՝ մարդի ձեռի չափ՝ բարձրանում է ծովիցը» (համար 44)։ Կարո՞ղ եք պատկերացնել այդ սպասավորին, որը պարզել է ձեռքը և ափով ցույց է տալիս, թե ինչ չափի էր Մեծ ծովի վրա հայտնված փոքրիկ ամպըb։ Նրա համար այդ փոքր ամպը գուցե այդքան էլ տպավորիչ չէր։ Մինչդեռ Եղիայի համար այն մեծ նշանակություն ուներ։ Նա իր սպասավորին հրատապ հրահանգներ տվեց. «Վեր գնա ասիր Աքաաբին. Լծիր եւ իջիր որ անձրեւը քեզ չ’բռնէ»։

Մի բանում էլ Եղիան մեզ համար հիանալի օրինակ է։ Մենք նույնպես ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ Աստված շուտով իրագործելու է իր նպատակները։ Եղիան սպասում էր երաշտի ավարտին, իսկ Աստծու ծառաներն այսօր սպասում են այս ապականված աշխարհի վերջին (1 Հովհաննես 2։17)։ Մինչ Եհովա Աստված գործի կանցնի, մենք պետք է Եղիայի պես աչալուրջ լինենք։ Աստծու Որդին՝ Հիսուսը, իր հետևորդներին խորհուրդ տվեց. «Արթո՛ւն եղեք, որովհետև չգիտեք, թե ո՛ր օրն է ձեր Տերը գալու» (Մատթեոս 24։42)։ Արդյո՞ք Հիսուսը նկատի ուներ, որ իր հետևորդները ոչինչ չէին իմանալու այն մասին, թե երբ էր գալու վերջը։ Ո՛չ, քանի որ նա մանրամասնորեն նկարագրել էր, թե ինչ իրավիճակ էր տիրելու աշխարհում վերջը գալուց առաջ։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է մանրամասնորեն ուսումնասիրել «իրերի համակարգի վախճանի» նշանը (Մատթեոս 24։3–7)c։

Այդ նշանի յուրաքանչյուր մաս զորեղ և համոզիչ փաստ է։ Արդյոք այդ փաստերը բավակա՞ն են, որ մենք հրատապությամբ գործենք։ Հորիզոնում հայտնված մի փոքրիկ ամպը բավական էր, որ Եղիան համոզվեր, որ Եհովան շուտով գործի է անցնելու։ Արդյոք այդ հավատարիմ մարգարեն հուսահատվե՞ց։

Եհովան թեթևացում և օրհնություններ է բերում

Շարունակության մեջ կարդում ենք. «Մինչեւ այս կողմը այն կողմը դառնալը՝ երկինքը մթնեց ամպերով եւ հողմով. եւ մեծ անձրեւ եղաւ. եւ Աքաաբը հեծաւ եւ գնաց Յեզրայէլ» (համար 45)։ Իրադարձությունները շատ արագ զարգացան։ Մինչ Եղիայի սպասավորը մարգարեի պատգամը կհասցներ Աքաաբին, փոքրիկ ամպը մեծացավ, տարածվեց երկնքում, և երկինքը մթնեց։ Ուժգին քամի բարձրացավ։ Վերջապես, երեք ու կես տարի անց անձրև թափվեց Իսրայելի հողի վրաd։ Անձրևի կաթիլները ներծծվեցին չորացած հողի մեջ։ Երբ անձրևը վերածվեց հեղեղի, Կիսոն գետը վարարեց՝ սրբել–տանելով մահվան դատապարտված Բահաղի մարգարեների արյունը։ Կամակոր իսրայելացիներին նույնպես հնարավորություն տրվեց երկրից մաքրելու Բահաղի երկրպագության սարսափելի հետքերը։

Եղիան, անշուշտ, հույս ուներ, որ այդպես էլ կլինի։ Արդյոք Աքաաբը կզղջա՞ր և հետ կկանգնե՞ր Բահաղի ապականված երկրպագությունից։ Այդ օրվա իրադարձություններից հետո հիմնավոր պատճառներ կային այդպիսի փոփոխություններ կատարելու համար։ Իհարկե, մենք չենք կարող իմանալ, թե այդ պահին ինչի մասին էր մտածում Աքաաբը։ Աստվածաշնչում միայն ասվում է, որ թագավորը «հեծաւ եւ գնաց Յեզրայէլ»։ Արդյոք տեղի ունեցածից նա ինչ–որ բան սովորե՞լ էր։ Վճռե՞լ էր փոփոխություններ կատարել իր կյանքում։ Հետագա իրադարձություններից կարելի է ենթադրել, որ պատասխանը բացասական է։ Սակայն Եղիայի և Աքաաբի համար օրը դեռ չէր վերջացել։

Եհովայի մարգարեն ճանապարհ ընկավ այն նույն ուղով, որով գնացել էր Աքաաբը։ Մութ էր, ճանապարհը երկար էր ու թաց։ Սակայն ինչ–որ տարօրինակ բան տեղի ունեցավ։

«Տիրոջ ձեռքը Եղիայի հետ էր. եւ նա իր մէջքը պնդեց եւ վազեց Աքաաբի առաջից մինչեւ Յեզրայէլ» (համար 46)։ Հստակ է, որ «Տիրոջ ձեռքը» Եղիայի վրա գերբնական ազդեցություն ուներ։ Հեզրայելը գտնվում էր մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Եղիան արդեն երիտասարդ չէրe։ Մի պահ կարելի է պատկերացնել մարգարեին, որն իր երկար հագուստը կապում է ազդրերին, որպեսզի կարողանա ազատ շարժել ոտքերը, և վազում է անձրևից թրջված ճանապարհով. նա այնքան արագ է վազում, որ հասնում է արքայական կառքին և նույնիսկ առաջ անցնում։

Որքա՜ն մեծ օրհնություն էր դա Եղիայի համար։ Անչափ հուզիչ էր նրա համար, որ այդքան մեծ զորություն ու եռանդ ստացավ, ինչպիսին գուցե չէր ունեցել նույնիսկ իր երիտասարդ տարիներին։ Մենք պետք է հիշենք այն մարգարեությունները, որոնք հավատարիմ մարդկանց կատարյալ առողջություն ու եռանդ են խոստանում գալիք երկրային դրախտում (Եսայիա 35։6; Ղուկաս 23։43)։ Այդ թաց ճանապարհով վազելիս Եղիան անկասկած գիտեր, որ իր Հոր՝ միակ ճշմարիտ Աստծու՝ Եհովայի հավանությունը ունի։

Եհովան ցանկանում է օրհնություններ տալ իր ծառաներին։ Այդ օրհնությունները ստանալու համար արժե ամեն ջանք թափել։ Եղիայի նման՝ մենք պետք է լինենք աչալուրջ և ուշադրությամբ հետևենք այն ազդեցիկ փաստերին, որոնք ցույց են տալիս, որ այս վտանգավոր և հրատապ ժամանակներում Եհովան շուտով գործի է անցնելու։ Մենք նույնպես հիմնավոր պատճառներ ունենք ամբողջությամբ վստահելու Եհովայի՝ «ճշմարիտ Աստծու» խոստումներին (Սաղմոս 31։5)։

[ծանոթագրություններ]

a Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Դիտարանի» 2008 թ. հունվարի 1–ի համարի «Նա պաշտպանեց ճշմարիտ երկրպագությունը» վերնագրով հոդվածը։

b Այսօր Մեծ ծովը հայտնի է Միջերկրական ծով անունով։

c Իմանալու համար, թե ինչպես են Հիսուսի խոսքերն այսօր կատարվում, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 9–րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

d Ոմանք կարծում են, որ երաշտի տևողության վերաբերյալ Աստվածաշունչը հակասական տեղեկություն է հաղորդում։ Տե՛ս շրջանակը, էջ 19։

e Այս դեպքից կարճ ժամանակ անց Եհովան Եղիային հանձնարարեց սովորեցնել Եղիսեին, որը հայտնի դարձավ որպես Եղիայի ձեռքերին ջուր լցնող (Դ Թագաւորաց 3։11)։ Եղիսեն ծառայում էր որպես Եղիայի սպասավոր և ամեն բան անում էր այդ տարեց մարդուն օգնելու համար։

[Շրջանակ/նկար 19–րդ էջի վրա]

Որքա՞ն տևեց Եղիայի օրերի երաշտը

Եղիա մարգարեն Աքաաբ թագավորին հայտնեց, որ երկարատև երաշտը շուտով ավարտվելու է։ Այս բանը Եղիան տեղեկացրեց «երրորդ տարում»՝ ակներևաբար, հաշված այն օրից, երբ նա առաջին անգամ հայտնել էր դրա մասին (Գ Թագաւորաց 18։1)։ Այն բանից հետո, երբ Եղիան ասաց, որ վերջ է դրվելու երաշտին, Եհովան անձրև ուղարկեց։ Ուստի ոմանք գուցե մտածեն, որ երաշտն ավարտվել է երրորդ տարվա ընթացքում, հետևաբար այն երեք տարուց ավելի կարճ է տևել։ Սակայն թե՛ Հիսուսը, թե՛ Հակոբոսը նշել են, որ երաշտը տևել է «երեք տարի ու վեց ամիս» (Ղուկաս 4։25; Հակոբոս 5։17)։ Արդյո՞ք Աստվածաշնչում հակասական տեղեկություն կա։

Ո՛չ։ Գուցե տեղյակ եք, որ հին Իսրայելում չոր եղանակը երկար էր տևում, մինչև վեց ամիս։ Անկասկած, Եղիան եկավ Աքաաբի մոտ՝ հայտնելու երաշտի մասին այն ժամանակ, երբ չոր եղանակը արդեն սովորականից շատ ավելի երկար էր տևում և անտանելի էր։ Սա նշանակում է, որ երաշտը սկսվել էր մոտավորապես կես տարի առաջ։ Հետևաբար երբ Եղիան «երրորդ տարում» հայտնեց երաշտի ավարտի մասին, արդեն մոտ երեք ու կես տարի էր, ինչ երաշտը շարունակվում էր։ «Երեք տարի ու վեց ամիսը» լրացավ այն ժամանակ, երբ ժողովուրդը հավաքվեց Կարմեղոս լեռան մոտ՝ ականատես լինելու մի հետաքրքիր իրադարձության։

Ուստի տեսնենք, թե ինչ ազդեցություն գործեց Եղիայի առաջին այցը Աքաաբի վրա։ Ժողովուրդը հավատում էր, որ Բահաղը «ամպեր հեծնող» աստված էր, որը կարող էր վերջ դնել չոր եղանակին՝ անձրև բերելով։ Սակայն երբ չոր եղանակը սովորականից ավելի երկար տևեց, մարդիկ հավանաբար մտածում էին՝ «որտե՞ղ է Բահաղը, ե՞րբ է նա անձրև բերելու»։ Եղիան հայտարարել էր, որ մինչև ինքը չհրամայի, ո՛չ անձրև և ո՛չ էլ ցող է լինելու։ Այս հայտարարությունը հավանաբար անհանգստություն էր պատճառել Բահաղի երկրպագուներին (Գ Թագաւորաց 17։1)։

[թույլտվությամբ]

Pictorial Archive (Near Eastern History) Est.

[նկար 18–րդ էջի վրա]

Եղիայի աղոթքները ցույց էին տալիս, որ նա շատ էր ցանկանում Աստծու կամքը կատարված տեսնել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը