Աստծու սերը նման է մայրական սիրուն
«Մի՞թէ կինը կ’մոռանայ իր կաթնակեր մանուկին, որ չ’գթայ իր որովայնի ծննդեան վերայ. նորանք եթէ մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանալ» (ԵՍԱՅԻԱ 49։15)։
ՄԱՅՐԸ քնքշանքով գրկել է իր նորածին մանուկին և կերակրում է նրան։ Սիրո և քնքշության ինչպիսի՜ տեսարան։ «Երբ ես առաջին անգամ երեխայիս վերցրի ձեռքերիս մեջ,— ասում է Պամ անունով մի կին,— սիրո անչափ մեծ զգացում պատեց ինձ, և ես պատասխանատվություն զգացի նոր կյանք սկսող այս մանկան համար»։
Թեև ակնհայտ է, սակայն հետազոտությունները նույնպես ցույց են տվել, որ մայրական սերը մեծ ազդեցություն է թողնում երեխայի զարգացման վրա։ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը» մտավոր առողջության վերաբերյալ մի փաստաթղթում նշում է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն նորածինները, որոնք լքված են և բաժանված են իրենց մայրերից, դառնում են դժբախտ և ընկճվածության մեջ են ընկնում, ինչը երբեմն ծայրահեղ աստիճանի է հասնում»։ Սակայն նույն փաստաթղթում նշվում է նաև, որ այն երեխաները, որոնք մանկուց սիրո և ուշադրության են արժանանում, սովորաբար մտային ավելի բարձր կարողություններ են ունենում, քան այն երեխաները, որոնք անտեսված են։
Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) հոգեբանության պրոֆեսոր Ալան Շորը մայրական սիրո կարևորության մասին ասում է. «Մոր հետ առաջին շփումը ձևավորում է երեխայի մտային կարողությունները, որոնք օգնում են նրան հետագայում մարդկանց հետ հաղորդակցվելիս»։
Ցավոք, ընկճվածությունը, հիվանդությունը կամ այլ դժվարություններ կարող են պատճառ լինել, որ մայրն անտեսի կամ նույնիսկ «մոռանա իր կաթնակեր մանուկին» (Եսայիա 49։15)։ Սակայն նման դեպքերը բացառություն են։ Իրականում մոր մեջ դրված է իր երեխային սիրելը։ Գիտնականները հայտնաբերել են, որ ծննդաբերության ժամանակ մոր օրգանիզմում բարձրանում է օքսիտոցին կոչվող հորմոնի պարունակությունը։ Այդ հորմոնը կծկումներ է առաջացնում և հետագայում կարևոր դեր է խաղում կաթնարտադրության համար։ Այն կարծիքը կա, որ այդ նույն հորմոնի շնորհիվ, որը գոյություն ունի թե՛ տղամարդու և թե՛ կնոջ օրգանիզմում, մայրը սիրով և անեսասիրաբար է վարվում երեխայի հետ։
Ո՞րն է սիրո աղբյուրը
Նրանք, ովքեր հավատում են էվոլյուցիոն տեսությանը, սովորեցնում են, որ անշահախնդիր սերը, ինչպես օրինակ՝ մոր և երեխայի միջև սերը, առաջացել է պատահականորեն և պահպանվել է բնական ընտրության միջոցով, քանի որ դա օգտակար է նրանց համար։ Օրինակ՝ մայրության մասին էլեկտրոնային մի պարբերականում ասվում է. «Մեր ուղեղի առաջին բաժինը, որն առաջացել է որպես լրացում ուղեղի այն հատվածի համար, որ ժառանգել ենք սողուններից, կոչվում է լիմբիական համակարգ և պատասխանատու է հույզերի համար։ Ուղեղի այս բաժնի շնորհիվ մոր և երեխայի միջև սերտ կապվածություն է առաջանում» (Mothering Magazine)։
Հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղի լիմբիական համակարգը կարևոր դեր է խաղում հույզերի արտահայտման մեջ։ Սակայն մի՞թե խելամիտ է ասել, որ մոր սերն իր երեխայի հանդեպ զարգանում է սողուններից ժառանգած ուղեղի շնորհիվ, որի վրա պատահականորեն առաջացել է լիմբիական համակարգը։
Քննենք մեկ ուրիշ բացատրություն։ Աստվածաշունչը ասում է, որ մարդիկ ստեղծվել են Աստծու պատկերով, ինչը նշանակում է, որ նրանք ընդունակ են արտացոլելու նրա հատկությունները (Ծննդոց 1։27)։ Աստծու գլխավոր հատկությունը սերն է։ «Նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն»,— գրեց Հովհաննես առաքյալը։ Ինչո՞ւ։ «Որովհետև Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Ուշադրություն դարձրեք, որ աստվածաշնչյան այս համարը չի ասում, թե Աստված սեր ունի։ Այն ասում է, որ Աստված սեր է։ Նա է սիրո Աղբյուրը։
Աստվածաշունչը այդ սերը այսպես է նկարագրում. «Սերը երկայնամիտ է ու բարի։ Սերը նախանձոտ չէ, այն չի պարծենում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, իր սեփական շահերը չի փնտրում, բարկությամբ չի բորբոքվում, վիրավորանքները չի հաշվում, անարդարության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ։ Ամեն ինչի դիմանում է, ամեն ինչի հավատում է, ամեն ինչի համար հույս ունի, ամեն ինչի տոկում է։ Սերը երբեք չի վերջանում» (1 Կորնթացիներ 13։4–8)։ Խելամի՞տ է արդյոք հավատալ, որ այս վեհ հատկությունը առաջացել է պատահականորեն։
Այս ամենը ի՞նչ ազդեցություն է թողնում ձեզ վրա
Նախորդ պարբերության մեջ տրված սիրո նկարագրությունը կարդալիս արդյոք ձեր մեջ չառաջացա՞վ այնպիսի ցանկություն, որ ձեր կողքին լինի մեկը, ով այդպիսի սեր կդրսևորի ձեր հանդեպ։ Միանգամայն բնական է նման ցանկություն ունենալը։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք «Աստծու ազգատոհմն ենք» (Գործեր 17։29)։ Մենք ստեղծված ենք այդպիսի սեր դրսևորելու և ստանալու համար։ Եվ կարող ենք վստահ լինել, որ Աստված մեծ սեր ունի մեր հանդեպ (Հովհաննես 3։16; 1 Պետրոս 5։6, 7)։ Այս հոդվածի սկզբում մեջբերված սուրբգրային համարը ցույց է տալիս, որ Աստծու սերը մեր հանդեպ ավելի զորեղ է և մնայուն, քան մոր սերը՝ երեխայի հանդեպ։
Սակայն գուցե մտածեք այսպիսի հարցերի շուրջ. եթե Աստված իմաստուն է, զորեղ և սիրող, ապա ինչո՞ւ վերջ չի դնում տառապանքին, ինչո՞ւ է նա թույլ տալիս, որ երեխաները մահանան, որ գոյություն ունենան ճնշումները, և որ երկիրն ապականվի ագահության պատճառով և այն սխալ ձևով կառավարելու։ Սրանք խելամիտ հարցեր են և գոհացուցիչ պատասխաններ են պահանջում։
Անկախ այն բանից, թե ինչ կասեն ագնոստիկները՝ հնարավո՛ր է այդ հարցերին բավարարող պատասխաններ տալ։ Միլիոնավոր մարդիկ հարյուրավոր երկրներում արդեն գտել են այդ հարցերի պատասխանները՝ Եհովայի վկաների հետ ուսումնասիրելով Աստվածաշունչը։ Այս պարբերագրի հրատարակիչները հրավիրում են ձեզ նույնը անելու։ Աստծու Խոսքը և նրա ստեղծագործությունը ուսումնասիրելով՝ դուք գիտելիքներ ձեռք կբերեք Աստծու մասին և կհամոզվեք, որ նա մոտ է ձեզ, և որ նրան հնարավոր է ճանաչել։ Հավանաբար դուք կհամոզվեք, որ Աստված «մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։27)։
[նկար 8–րդ էջի վրա]
Մեր հանդեպ Աստծու սերն ավելի զորեղ է, քան մոր սերը՝ երեխայի հանդեպ