Հոգևորապես աճիր՝ հետևելով Պողոսի օրինակին
«Ես մղեցի բարի պատերազմը, մինչև վերջ վազեցի ընթացքը, պահեցի հավատը» (2 ՏԻՄՈԹ. 4։7)։
1, 2. Ի՞նչ փոփոխություններ արեց տարսոնացի Սողոսը և ի՞նչ կարևոր գործ սկսեց։
ՆԱ ՄԻ վճռական և խելացի անձնավորություն էր, սակայն «վարվում էր իր մարմնի ցանկությունների համաձայն» (Եփես. 2։3)։ Հետագայում նա ասաց, որ ինքը «հայհոյող, հալածող ու անպատկառ մարդ է եղել» (1 Տիմոթ. 1։13)։ Այդ մարդը տարսոնացի Սողոսն էր։
2 Ժամանակի ընթացքում Սողոսը արմատական փոփոխություններ արեց իր կյանքում։ Նա հրաժարվեց իր նախկին ճանապարհներից և ջանք արեց «փնտրելու ոչ թե իր սեփական օգուտը, այլ շատերինը» (1 Կորնթ. 10։33)։ Սողոսը սկսեց քնքշությամբ ու ջերմությամբ վերաբերվել նրանց, ում մի ժամանակ հալածում էր (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 2։7, 8)։ «Ես.... ծառայող դարձա,— գրեց նա։— Ինձ, որ բոլոր սրբերի մեջ փոքրագույնից էլ փոքր եմ, տրվեց այս անարժան բարությունը, որպեսզի ուրիշ ազգերին քարոզեմ Քրիստոսի անհատակ հարստության մասին բարի լուրը» (Եփես. 3։7, 8)։
3. Պողոսի նամակներն ու նրա ծառայության մասին արձանագրությունը ուսումնասիրելը ինչպե՞ս կարող է օգնել մեզ։
3 Սողոսը, որ հայտնի էր նաև Պողոս անունով, ուշագրավ կերպով հոգևորապես առաջադիմեց (Գործ. 13։9)։ Մենք նույնպես անպայման կառաջադիմենք ճշմարտության մեջ, եթե Պողոսի նամակներն ու նրա ծառայության մասին արձանագրությունը ուսումնասիրենք և նրա հավատն ընդօրինակենք (կարդա՛ 1 Կորնթացիներ 11։1; Եբրայեցիներ 13։7)։ Քննենք, թե այդպես վարվելն ինչպես կմղի մեզ կանոնավորաբար անձնական ուսումնասիրություն կատարել, մարդկանց հանդեպ անկեղծ սեր զարգացնել և սեփական անձի մասին ճիշտ տեսակետ ունենալ։
Պողոսը կանոնավորաբար ուսումնասիրում էր Գրությունները
4, 5. Ի՞նչ օգուտներ ստացավ Պողոսը անձնական ուսումնասիրությունից։
4 Լինելով փարիսեցի, ով կրթվել էր «Գամաղիելի ոտքերի մոտ.... և ուսուցանվել նահապետական Օրենքի խստությամբ»՝ Պողոսը արդեն գիտելիքներ ուներ Գրություններից (Գործ. 22։1–3; Փիլիպ. 3։4–6)։ Իր մկրտությունից անմիջապես հետո նա «գնաց Արաբիա»՝ Սիրիական անապատ կամ էլ, հավանաբար, Արաբական թերակղզու մի հանգիստ վայր, որը հարմար էր խորհրդածելու համար (Գաղ. 1։17)։ Ըստ ամենայնի, Պողոսը ցանկանում էր մտածել Գրությունների այն համարների շուրջ, որոնք ապացուցում էին, որ Հիսուսը Մեսիան էր։ Բացի այդ, Պողոսն ուզում էր պատրաստվել իր հանձնարարության կատարմանը (կարդա՛ Գործեր 9։15, 16, 20, 22)։ Այո՛, նա ժամանակ հատկացրեց հոգևոր բաների շուրջ խորհրդածելուն։
5 Սուրբգրային գիտելիքներն ու խորաթափանցությունը, որ Պողոսը ձեռք էր բերել անձնական ուսումնասիրության շնորհիվ, նրան հնարավորություն տվեցին ճշմարտությունը արդյունավետ կերպով ուսուցանելու։ Օրինակ՝ Պիսիդիայի Անտիոքի ժողովարանում Պողոսը առնվազն հինգ անգամ ուղղակի մեջբերում կատարեց Եբրայերեն Գրություններից՝ ապացուցելու համար, որ Հիսուսն է Մեսիան։ Մի քանի անգամ էլ նա անուղղակի հղում կատարեց Գրություններին։ Նրա բերած սուրբգրային փաստարկներն այնքան համոզիչ էին, որ «հրեաներից և Աստծուն երկրպագող նորահավատներից շատերը Պողոսին ու Բառնաբասին հետևեցին», որպեսզի ավելի շատ բան իմանան (Գործ. 13։14–44)։ Մի քանի տարի անց, երբ Հռոմում ապրող հրեաները եկան նրա մոտ՝ իր բնակության վայրը, Պողոսը բացատրեց նրանց իր հետ պատահածը՝ «հիմնովին վկայություն տալով Աստծու թագավորության մասին, նաև համոզիչ փաստարկներ բերելով Հիսուսի մասին ինչպես Մովսեսի օրենքից, այնպես էլ Մարգարեներից» (Գործ. 28։17, 22, 23)։
6. Ի՞նչը օգնեց Պողոսին փորձությունների ներքո հոգևորապես ամուր մնալ։
6 Փորձությունների ժամանակ Պողոսը շարունակում էր քննել Գրությունները և զորություն ստանալ ներշնչված խոսքերից (Եբր. 4։12)։ Հռոմում բանտարկված ժամանակ՝ նախքան իր մահապատիժը, Պողոսը Տիմոթեոսին խնդրեց բերել «գրքերը» և «մագաղաթները» (2 Տիմոթ. 4։13)։ Դրանք, ըստ ամենայնի, Եբրայերեն Գրություններից հատվածներ էին, որոնց միջոցով Պողոսը խոր ուսումնասիրություն էր անում։ Կանոնավորաբար ուսումնասիրելով Աստծու Խոսքը՝ Պողոսը գիտելիքներ էր ստանում, ինչը շատ կարևոր էր փորձությունների ներքո հոգևորապես ամուր մնալու համար։
7. Ի՞նչ օգուտներ կարող ես ստանալ, եթե կանոնավորաբար ուսումնասիրես Աստվածաշունչը։
7 Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրությունը, որին ուղեկցում է նպատակային խորհրդածությունը, կօգնի մեզ հոգևորապես առաջադիմել (Եբր. 5։12–14)։ Աստծու Խոսքի արժեքավորության մասին սաղմոսերգուն գրեց. «Բարի է ինձ համար քո բերանի օրէնքը, աւելի քան թէ հազարաւոր ոսկի ու արծաթ։ Քո պատուիրանքներն ինձ իմաստուն են անում իմ թշնամիներիցը. որովհետեւ նորանք յաւիտեան իմս են։ Ամեն չար ճանապարհից իմ ոտները ետ եմ քաշում, որ քո խօսքը պահեմ» (Սաղ. 119։72, 98, 101)։ Կանոնավորաբար կատարո՞ւմ ես Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն։ Եթե Աստվածաշունչն ամեն օր ուսումնասիրես և կարդացածիդ շուրջ խորհրդածես, դրանով իսկ կպատրաստվես առանձնաշնորհումներ ստանձնելու ծառայության մեջ։
Սողոսը սովորեց սիրել մարդկանց
8. Ինչպե՞ս էր Սողոսը վերաբերում նրանց, ովքեր հուդայականություն չէին դավանում։
8 Նախքան քրիստոնյա դառնալը Սողոսը իր կրոնի նախանձախնդիր հետևորդ էր, և նրան գրեթե չէին հետաքրքրում այն մարդիկ, ովքեր հուդայականություն չէին դավանում (Գործ. 26։4, 5)։ Երբ որոշ հրեաներ քարկոծելով սպանեցին Ստեփանոսին, նա ներկա էր և հավանություն տվեց դրան։ Սողոսը, հավանաբար, քաջալերվեց իր տեսածից՝ թերևս մտածելով, որ Ստեփանոսը ստացավ իր արժանի պատիժը (Գործ. 6։8–14; 7։54–8։1)։ Աստվածաշնչում այնուհետև ասվում է. «Սողոսը սկսեց դաժանորեն խոշտանգել ժողովը. ներխուժում էր տնից տուն և տղամարդկանց ու կանանց դուրս քաշելով՝ նրանց բանտ էր գցել տալիս» (Գործ. 8։3)։ Նա «նույնիսկ դրսի քաղաքներում էր նրանց հալածում» (Գործ. 26։11)։
9. Ո՞ր դեպքը պատճառ եղավ, որ Սողոսը փոխի իր վարվելակերպը։
9 Նպատակ ունենալով հալածել Քրիստոսի աշակերտներին՝ Սողոսը ճանապարհ ընկավ դեպի Դամասկոս։ Հենց այդ ժամանակ Տեր Հիսուսը երևաց նրան։ Աստծու Որդուց եկող շլացուցիչ լույսը կուրացրեց Սողոսին, և նա այլևս չէր կարող ինքնուրույն քայլել։ Երբ Եհովան Անանիայի միջոցով վերականգնեց Սողոսի տեսողությունը, մարդկանց հանդեպ վերջինիս վերաբերմունքը արդեն մեկընդմիշտ փոխվել էր (Գործ. 9։1–30)։ Դառնալով Քրիստոսի հետևորդ՝ նա շատ ջանք թափեց բոլոր մարդկանց վերաբերվելու Հիսուսի պես։ Սողոսը հրաժարվեց բռնություն գործադրելուց և «խաղաղություն ունեցավ բոլոր մարդկանց հետ» (կարդա՛ Հռոմեացիներ 12։17–21)։
10, 11. Ինչպե՞ս Պողոսը անկեղծ սեր ցուցաբերեց մարդկանց հանդեպ։
10 Պողոսը չբավարարվեց միայն ուրիշների հետ խաղաղ լինելով։ Նա ցանկանում էր անկեղծ սեր դրսևորել մարդկանց նկատմամբ, և քրիստոնեական ծառայությունը նրան հնարավորություն տվեց դա անելու։ Իր առաջին միսիոներական շրջագայության ժամանակ առաքյալը բարի լուրը քարոզեց Փոքր Ասիայում։ Չնայած խիստ հակառակությանը՝ Պողոսն ու իր ընկերակիցները շարունակեցին օգնել հեզ մարդկանց, որ ընդունեն քրիստոնեությունը։ Նրանք դարձյալ գնացին Լյուստրա և Իկոնիոն, թեև հակառակորդներն այդ քաղաքներում փորձել էին սպանել Պողոսին (Գործ. 13։1–3; 14։1–7, 19–23)։
11 Ավելի ուշ Պողոսն ու իր ընկերները ճիշտ տրամադրվածություն ունեցող մարդկանց փնտրում էին մակեդոնական Փիլիպպե քաղաքում։ Լիդիա անունով մի հրեա պրոզելիտ կին լսեց բարի լուրը և դարձավ քրիստոնյա։ Իշխանության ներկայացուցիչները Պողոսին ու Շիղային ճիպոտահարեցին և բանտ գցեցին։ Սակայն նրանք չընկճվեցին. Պողոսը քարոզեց բանտապահին, և արդյունքում վերջինս և իր տնեցիները մկրտվեցին՝ դառնալով Եհովայի երկրպագուներ (Գործ. 16։11–34)։
12. Ի՞նչը մղեց անպատկառ Սողոսին դառնալու Հիսուս Քրիստոսի սիրառատ և բարի առաքյալ։
12 Ինչո՞ւ Սողոսը ընդունեց այն մարդկանց կրոնը, ում ինքը մի ժամանակ հալածում էր։ Ի՞նչը մղեց այդ անպատկառ մարդուն դառնալու սիրառատ և բարի առաքյալ, ով պատրաստ է իր կյանքը վտանգել, որպեսզի ուրիշներն իմանան ճշմարտությունը Աստծու և Քրիստոսի մասին։ Պողոսն ինքն է բացատրում. «Աստված, որը.... կանչեց [ինձ] իր անարժան բարության շնորհիվ.... հարմար գտավ իր Որդուն հայտնի դարձնել իմ միջոցով» (Գաղ. 1։15, 16)։ Տիմոթեոսին Պողոսը գրեց. «Իմ հանդեպ ողորմություն ցուցաբերվեց այն պատճառով, որ իմ բացառիկ օրինակի միջոցով Քրիստոս Հիսուսը իր ողջ երկայնամտությունը իբրև օրինակ ցույց տա նրանց, ովքեր իր հանդեպ հավատ կդրսևորեն հավիտենական կյանքի համար» (1 Տիմոթ. 1։16)։ Եհովան ներեց Պողոսին, և վերջինս, նման ողորմության արժանանալով, մղվեց ուրիշների հանդեպ սեր դրսևորելու՝ բարի լուրը քարոզելով նրանց։
13. Ի՞նչը պետք է մղի մեզ սեր ցուցաբերելու ուրիշների հանդեպ, և ինչպե՞ս կարող ենք դա անել։
13 Նույն ձևով, Եհովան մեր մեղքերն ու սխալները ներում է (Սաղ. 103։8–14)։ «Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ»,— հարցրեց սաղմոսերգուն (Սաղ. 130։3)։ Առանց Աստծու ողորմության՝ մեզանից ոչ ոք չէր զգա սուրբ ծառայության պարգևած ուրախությունը և ոչ ոք չէր կարող ունենալ հավիտենական կյանքի հույսը։ Աստծու անարժան բարությունը շատ մեծ է բոլորիս հանդեպ։ Ուստի Պողոսի պես՝ մենք պետք է ցանկանանք մեր սերը տարածել ուրիշների վրա՝ քարոզելով և ուսուցանելով ճշմարտությունը և զորացնելով մեր հավատակիցներին (կարդա՛ Գործեր 14։21–23)։
14. Ինչպե՞ս կարող ենք ընդարձակել մեր ծառայությունը։
14 Պողոսը՝ որպես բարի լուրի ծառայող, ցանկանում էր առաջադիմել, և այս հարցում նրան շատ օգնեց Հիսուսի օրինակը։ Աստծու Որդին բացառիկ սեր էր տածում մարդկանց նկատմամբ, և կերպերից մեկը, որով նա դրսևորեց այդ սերը, քարոզչական ծառայությունն էր։ Հիսուսն ասաց. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ։ Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար» (Մատթ. 9։35–38)։ Ակներևաբար, Պողոսը աղոթում էր Աստծուն, որ ավելի շատ «աշխատողներ» լինեն, և նա, դառնալով եռանդուն քարոզիչ, վարվեց իր խնդրանքների համաձայն։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Կարո՞ղ ես բարելավել քո ծառայության որակը։ Կարո՞ղ ես ավելի շատ մասնակցել քարոզչական գործին. գուցե նույնիսկ ռահվիրայությո՞ւն սկսես։ Եկեք անկեղծ սեր դրսևորենք մարդկանց հանդեպ՝ օգնելով նրանց «ամուր բռնել կյանքի խոսքը» (Փիլիպ. 2։16)։
Պողոսի տեսակետը իր մասին
15. Ի՞նչ տեսակետ ուներ Պողոսը իր և հավատակիցների մասին։
15 Որպես քրիստոնյա ծառայող՝ Պողոսը մեզ համար հրաշալի օրինակ է մեկ այլ առումով ևս։ Թեև նա քրիստոնեական ժողովում շատ առանձնաշնորհումներ ստացավ, բայցև լավ գիտակցում էր, որ այդ օրհնությունները ինքը չի վաստակել և ոչ էլ դրանք ձեռք է բերել իր ունակությունների շնորհիվ։ Առաքյալը հասկանում էր, որ այդ օրհնությունները Աստծու անարժան բարության դրսևորումներն են։ Նա գիտակցում էր, որ մյուս քրիստոնյաները նույնպես բարի լուրի արդյունավետ քարոզիչներ են։ Առանձնաշնորհումներ ունենալով հանդերձ՝ Պողոսը շարունակում էր խոնարհ մնալ (կարդա՛ 1 Կորնթացիներ 15։9–11)։
16. Թլփատության հարցի լուծման ընթացքում Պողոսն ինչպե՞ս խոնարհություն և համեստություն ցուցաբերեց։
16 Տեսնենք, թե Պողոսը ինչպես հարթեց սիրիական Անտիոք քաղաքում առաջացած տարաձայնությունը։ Քրիստոնեական ժողովը պառակտվել էր թլփատության խնդրի պատճառով (Գործ. 14։26–15։2)։ Պողոսը կարող էր մտածել, որ այս հարցում բավական գիտակ է, և քանի որ նշանակված է քարոզելու անթլփատ ոչ հրեաներին, ուրեմն ինքը հենց այն անձնավորությունն է, ով կկարողանա այդ հարցը լուծել (կարդա՛ Գաղատացիներ 2։8, 9)։ Սակայն նա այդպես չմտածեց։ Տեսնելով, որ խնդիրը չի լուծվում՝ եղբայրները որոշեցին դիմել Երուսաղեմում գտնվող կառավարիչ մարմնին։ Պողոսը խոնարհաբար և համեստորեն հնազանդվեց այդ որոշմանը։ Առաքյալը լիովին համագործակցեց կառավարիչ մարմնի հետ, որը լսեց խնդիրը, որոշում կայացրեց և նշանակեց նրան լինելու իրենց պատգամաբերներից մեկը (Գործ. 15։22–31)։ Այսպիսով՝ Պողոսը իր ծառայակիցներին «պատիվ տալու մեջ առաջինը եղավ» (Հռոմ. 12։10բ)։
17, 18. ա) Ի՞նչ զգացմունքներ ուներ Պողոսը հավատակիցների հանդեպ։ բ) Ի՞նչ ենք սովորում Պողոսի մասին այն բանից, թե ինչպես եփեսացի երեցները հրաժեշտ տվեցին նրան։
17 Քանի որ Պողոսը խոնարհ էր, նա չէր մեկուսանում քրիստոնեական ժողովի անդամներից։ Նա ջերմորեն կապված էր նրանց։ Հռոմեացիներին ուղղած նամակի վերջում Պողոսը անուն առ անուն ողջունում է ավելի քան 20 հոգու։ Այդ անունների մեծ մասը հիշատակվում է միայն «Հռոմեացիներ» նամակում, և նրանցից քչերն ունեին հատուկ առանձնաշնորհումներ։ Բայց այդ եղբայրներն ու քույրերը նվիրված էին Եհովային, և Պողոսը ջերմորեն սիրում էր նրանց (Հռոմ. 16։1–16)։
18 Առաքյալի խոնարհությունն ու բարյացակամությունը կերտում էր ժողովներին։ Երբ նա վերջին անգամ հանդիպեց Եփեսոսի ժողովի երեցներին, «նրանք Պողոսի վզովն էին ընկնում ու քնքշորեն համբուրում էին նրան, որովհետև հատկապես ցավ էին զգում նրա ասած այն խոսքի համար, թե նրա երեսն այլևս չէին տեսնելու»։ Եթե Պողոսը հպարտ և սառը անձնավորություն լիներ, ապա եղբայրները դժվար թե այդպես հրաժեշտ տային նրան (Գործ. 20։37, 38)։
19. Ինչպե՞ս կարող ենք «խոնարհամտություն» դրսևորել մեր հավատակիցների հետ գործ ունենալիս։
19 Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հոգևորապես աճել, Պողոսի նման՝ պետք է խոնարհ ոգի դրսևորեն։ Նա հորդորեց իր հավատակիցներին. «Ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք» (Փիլիպ. 2։3)։ Ինչպե՞ս կարող ենք հետևել այդ խորհրդին։ Ձևերից մեկն այն է, որ համագործակցենք մեր ժողովի երեցների հետ՝ հետևելով նրանց առաջնորդությանը և ընդունելով նրանց կողմից կայացված որոշումները (կարդա՛ Եբրայեցիներ 13։17)։ Մյուս ձևն այն է, որ խոր հարգանք ունենանք մեր բոլոր եղբայրների և քույրերի հանդեպ։ Եհովայի ժողովուրդը բաղկացած է տարբեր ազգերի, մշակույթների, ռասաների և էթնիկական խմբերի պատկանող մարդկանցից։ Ուստի պետք է սովորենք բոլորին վերաբերվել անաչառ և սիրալիր կերպով, ինչպես որ Պողոսն էր անում (Գործ. 17։26; Հռոմ. 12։10)։ Աստվածաշունչը մեզ հորդորում է. «Սիրալիր ընդունեք մեկդ մյուսիդ, ճիշտ ինչպես որ Քրիստոսը սիրալիր ընդունեց մեզ, որպեսզի Աստված փառավորվի» (Հռոմ. 15։7)։
«Տոկունությամբ վազենք» կյանքի մրցավազքը
20, 21. Ի՞նչը կօգնի մեզ հաջողությամբ վազել կյանքի մրցավազքը։
20 Քրիստոնյայի կյանքը կարելի է նմանեցնել երկար տարածության վազքի։ Պողոսը գրեց. «Ես մղեցի բարի պատերազմը, մինչև վերջ վազեցի ընթացքը, պահեցի հավատը։ Այսուհետև ինձ համար պահված է արդարության պսակը, որը Տերը՝ արդար դատավորը, որպես վարձատրություն կտա ինձ այն օրը. սակայն ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրեցին նրա հայտնվելը» (2 Տիմոթ. 4։7, 8)։
21 Պողոսի օրինակին հետևելը կօգնի մեզ հաջողության հասնել հավիտենական կյանքի մրցավազքում (Եբր. 12։1)։ Ուրեմն եկեք շարունակենք հոգևորապես աճել՝ կանոնավորաբար անձնական ուսումնասիրություն կատարելով, մարդկանց հանդեպ խոր սեր զարգացնելով և ամեն ժամանակ խոնարհամիտ լինելով։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչպե՞ս Պողոսը օգուտներ քաղեց Գրությունների կանոնավոր անձնական ուսումնասիրությունից։
• Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաները պետք է խոր սեր դրսևորեն մարդկանց հանդեպ։
• Ո՞ր հատկությունները կօգնեն քեզ անաչառ լինել։
• Պողոսի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել քեզ, որ համագործակցես քո ժողովի երեցների հետ։
[նկար 23–րդ էջի վրա]
Պողոսի պես՝ զորություն ստացիր Գրություններից
[նկար 24–րդ էջի վրա]
Սեր դրսևորիր՝ բարի լուրը քարոզելով
[նկար 25–րդ էջի վրա]
Գիտե՞ս, թե ինչու էին եղբայրները սիրում Պողոսին