Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 7/15 էջ 12–16
  • «Աստված է, որ աճեցնում է»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Աստված է, որ աճեցնում է»
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հողի տարբեր տեսակներ
  • Խոսքը լսողների պատասխանատվությունը
  • Սերմնացանը, որը քնում է
  • Դասեր մեզ համար
  • Սովորեցնում է առակներով
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Թագավորության հետ կապված առակներ
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • ‘Մնացեք իմ խոսքի մեջ’
    2003 Դիտարան
  • Օրհնություններ, որոնք բխում են Աստծո Խոսքի հանդեպ ցուցաբերված սիրուց
    1999 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 7/15 էջ 12–16

«Աստված է, որ աճեցնում է»

«Ոչ նա է մի բան, ով տնկում է, և ոչ էլ նա, ով ջրում է, այլ Աստված, որ աճեցնում է» (1 ԿՈՐՆԹ. 3։7)։

1. Ի՞նչ անելով ենք դառնում «Աստծու համագործակիցներ»։

«ԱՍՏԾՈՒ համագործակիցներ»։ Այսպես է նկարագրում Պողոս առաքյալը այն առանձնաշնորհումը, որ բոլորս էլ կարող ենք ունենալ (կարդա՛ 1 Կորնթացիներ 3:5–9)։ Պողոսը նկատի ուներ աշակերտներ պատրաստելու գործը։ Նա այս գործը նմանեցրեց սերմը ցանելուն և ջրելուն։ Այս կարևոր գործում հաջողությունը կախված է Եհովայից։ Առաքյալը հիշեցնում է, որ «աճեցնողը Աստված է»։

2. Այն փաստը, որ «Աստված է աճեցնողը», ինչպե՞ս է օգնում մեզ ճիշտ տեսակետ ունենալու ծառայության մասին։

2 Այս իրողությունը օգնում է մեզ խոնարհ լինելու և ճիշտ տեսակետ ունենալու մեր ծառայության մասին։ Թեև մենք կարող ենք ջանադրաբար քարոզել և ուսուցանել, բայց ի վերջո Եհովան է արժանի գովասանքի՝ արդյունքում եղած աճի համար։ Ինչո՞ւ։ Որովհետև ինչքան էլ որ ջանանք, մեզնից ոչ մեկը չի կարող լիովին հասկանալ աճի պրոցեսը, էլ չենք խոսում այդ պրոցեսը վերահսկելու մասին։ Սողոմոն թագավորը միանգամայն ճիշտ արտահայտվեց՝ ասելով. «Չ’գիտես ամենաստեղծ Աստուծոյ գործքը» (Ժող. 11:5)։

3. Ի՞նչ նմանություն կա սերմ ցանելու և աշակերտներ պատրաստելու գործի միջև։

3 Այն, որ չենք հասկանում, թե ինչպես է տեղի ունենում աճը, նշանակո՞ւմ է, որ իզուր ենք ջանքեր գործադրում։ Ո՛չ։ Ընդհակառակը՝ մեր ծառայությունը դրանով դառնում է հետաքրքիր, գրավիչ։ Սողոմոն թագավորն ասաց. «Առաւօտանց ցանիր քո սերմը, եւ իրիկունը թող չ’դադարէ քո ձեռքը, որովհետեւ չ’գիտես, թէ որն է յաջողուելու՝ սա թէ նա, կամ թէ երկուսն էլ միասին են լաւ լինելու» (Ժող. 11:6)։ Իսկապես, երբ բառացիորեն սերմ ենք ցանում, մենք չգիտենք, թե որտեղ այն կծլի և արդյոք կծլի։ Շատ գործոններ մեր հսկողությունից դուրս են։ Նման մի բան էլ կարելի է ասել աշակերտներ պատրաստելու գործի մասին։ Հիսուսը այս հանգամանքը ընդգծեց իր բերած երկու առակներում, որոնք գրված են մեզ համար Մարկոսի Ավետարանի 4–րդ գլխում։ Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել այդ առակներից։

Հողի տարբեր տեսակներ

4, 5. Հակիրճ պատմիր սերմնացանի մասին Հիսուսի առակը։

4 Մարկոս 4:1–9 համարներում Հիսուսը պատմում է, թե ինչպես է սերմնացանը սերմ ցանում, և սերմերն ընկնում են տարբեր տեղեր. «Լսեցե՛ք։ Ահա սերմնացանը դուրս գնաց սերմ ցանելու։ Ցանելիս սերմերից մեկն ընկավ ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան։ Մեկ ուրիշն ընկավ ժայռոտ տեղ, որտեղ, ինչ խոսք, նրա համար շատ հող չկար, և անմիջապես ծիլ տվեց, քանի որ հողը խորը չէր։ Բայց երբ արևը ծագեց, ծիլը խանձվեց և քանի որ արմատ չուներ, չորացավ։ Մեկ ուրիշն էլ ընկավ փշերի մեջ, փշերը ելան ու խեղդեցին նրան, և նա պտուղ չտվեց։ Իսկ մյուսներն ընկան լավ հողի մեջ և ելնելով ու աճելով՝ սկսեցին պտուղ տալ և երեսնապատիկ, վաթսունապատիկ ու հարյուրապատիկ պտուղ էին տալիս»։

5 Աստվածաշնչային ժամանակներում սերմը սովորաբար ցանում էին շաղ տալով։ Սերմնացանը սերմը պահում էր իր հագուստի փեշում կամ փոքր պարկում և ձեռքի լայն շարժումով ցանում էր այն։ Ինչպես տեսնում ենք առակից, սերմնացանը սերմը շաղ չի տալիս որևէ կոնկրետ տեսակի հողի մեջ։ Սերմն ընկնում է տարբեր տեղեր։

6. Ինչպե՞ս Հիսուսը բացատրեց սերմնացանի մասին առակը։

6 Կարիք չկա գուշակություններ անելու այս առակի իմաստի շուրջ։ Հիսուսն ինքն է բացատրում այն։ Այդ մասին կարդում ենք Մարկոս 4։14–20 համարներում. «Սերմնացանը ցանում է խոսքը։ Ճանապարհի եզրինը նրանք են, որոնց մեջ խոսքը ցանվում է, բայց հենց որ լսում են, Սատանան գալիս ու տանում է նրանց մեջ ցանված խոսքը։ Այդպես էլ ժայռոտ տեղերում ցանվածները, երբ լսում են խոսքը, անմիջապես ուրախությամբ ընդունում են այն։ Բայց իրենց մեջ արմատ չունենալով՝ մի որոշ ժամանակ են մնում, և հենց որ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է վրա հասնում, գայթակըղվում են։ Կան նաև ուրիշները, որոնք փշերի մեջ են ցանվում. այդ նրանք են, որ լսում են խոսքը, բայց իրերի այս համակարգի հոգսերը, հարստության խաբելու զորությունը և մնացած բաների հանդեպ ցանկությունները ներխուժում են ու խոսքը խեղդում, և այն անպտուղ է դառնում։ Իսկ լավ հողի մեջ ցանվածները նրանք են, որ լսում են խոսքը, սիրահոժար կերպով ընդունում են այն ու պտուղ են տալիս երեսնապատիկ, վաթսունապատիկ և հարյուրապատիկ»։

7. Ի՞նչ են խորհրդանշում սերմը և հողի տարբեր տեսակները։

7 Նկատենք, որ Հիսուսը չի ասում, թե տարբեր տեսակի սերմեր են ցանվում։ Նա խոսում է նույն տեսակի սերմի մասին, որն ընկնում է տարբեր հողերի մեջ, ինչի պատճառով էլ արդյունքները տարբեր են լինում։ Առաջին դեպքում հողը պինդ է, կամ՝ տրորված, երկրորդում՝ հողի շերտը բարակ է, երրորդում՝ ծածկված է փշերով, իսկ չորրորդում՝ հողը լավն է ու պարարտ, ուստիև լավ բերք է տալիս (Ղուկ. 8:8)։ Ի՞նչ է խորհրդանշում սերմը։ Սերմը Թագավորության մասին լուրն է, որ գտնում ենք Աստծու Խոսքում (Մատթ. 13:19)։ Ի՞նչ են խորհրդանշում հողի տարբեր տեսակները։ Դրանք սրտի տարբեր վիճակներ ունեցող մարդիկ են (կարդա՛ Ղուկաս 8։12, 15)։

8. ա) Ո՞ւմ է ներկայացնում սերմնացանը։ բ) Ինչո՞ւ են տարբեր արձագանքներ լինում Թագավորության լուրին։

8 Իսկ ո՞ւմ է ներկայացնում սերմնացանը։ Նա ներկայացնում է Աստծու համագործակիցներին, որոնք հռչակում են Թագավորության բարի լուրը։ Պողոսի և Ապողոսի պես՝ նրանք ցանում ու ջրում են։ Չնայած նրանք ջանասեր աշխատողներ են, սակայն արդյունքները նույնը չեն։ Ինչո՞ւ։ Որովհետև լսողների սրտի վիճակը տարբեր է։ Առակում նշված սերմնացանը չի կարող ազդել արդյունքների վրա։ Որքա՜ն մխիթարական է սա, հատկապես այն հավատարիմ եղբայրների և քույրերի համար, ովքեր առանց շոշափելի արդյունքների ծառայել են երկար տարիներ, իսկ նրանցից ոմանք՝ տասնամյակներa։ Ինչո՞ւ ենք ասում, որ մխիթարական է։

9. Ի՞նչ մխիթարական ճշմարտություն ընդգծեցին և՛ Պողոսը, և՛ Հիսուսը։

9 Սերմնացանի հավատարմությունը կախված չէ նրա աշխատանքի արդյունքից։ Պողոսը սա՛ նկատի ուներ, երբ ասաց. «Յուրաքանչյուր անհատ կստանա իր վարձատրությունը՝ իր իսկ կատարած աշխատանքի համեմատ» (1 Կորնթ. 3:8)։ Վարձատրությունը տրվում է համաձայն աշխատանքի և ոչ թե աշխատանքի արդյունքի։ Հիսուսը նույնպես ընդգծեց այս միտքը, երբ իր աշակերտները վերադարձան քարոզչական ծառայությունից։ Նրանց ուրախությանը չափ չկար, որովհետև Հիսուսի անունն օգտագործելով՝ իրենց էին ենթարկեցնում դևերին։ Ճիշտ է՝ նրանք շատ ուրախ էին, բայց Հիսուսն ասաց. «Մի՛ ուրախացեք այս բանի համար, որ ոգիները հպատակվում են ձեզ, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկ. 10:17–20)։ Նույնիսկ եթե սերմնացանը տեսնում է, որ իր աշխատանքը առանձնապես պտուղ չի բերում, նա չպետք է եզրակացնի, որ ինքը, ուրիշների հետ համեմատած, այնքան էլ աշխատասեր ու հավատարիմ չէ։ Արդյունքները մեծ մասամբ կախված են խոսքը լսողի սրտի վիճակից։ Բայց, վերջին հաշվով, Աստված է աճեցնողը։

Խոսքը լսողների պատասխանատվությունը

10. Ինչի՞ց է երևում՝ արդյոք խոսքը լսողը նման է լավ հողի, թե՝ ոչ։

10 Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր լսում են խոսքը։ Արդյո՞ք նրանց արձագանքը նախասահմանված է։ Ո՛չ։ Կլինեն նրանք լավ հողի պես, թե ոչ՝ կախված է իրենցից։ Անհատի սրտի վիճակը կարող է փոխվել դեպի լավը կամ վատը (Հռոմ. 6:17)։ Պատմելով առակը՝ Հիսուսն ասաց, որ «[ոմանք] հենց որ լսում են» խոսքը, Սատանան գալիս է ու տանում այն։ Բայց սա այնպիսի բան չէ, որ անպայման պետք է տեղի ունենա։ Հակոբոս 4։7–ում քրիստոնյաներին հորդոր է տրվում «հակառակվելու Բանսարկուին», և այդ դեպքում նա կփախչի նրանցից։ Ուրիշների մասին Հիսուսն ասում է, որ սկզբում նրանք խոսքը ուրախությամբ ընդունում են, բայց հետո գայթակղվում են, քանի որ «իրենց մեջ արմատ չունեն»։ Բայց Աստծու ծառաներին կոչ է արվում «արմատացած և հաստատված լինելու հիմքի վրա», որպեսզի նրանք կարողանան «ըմբռնել, թե որն է լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը, և ճանաչել Քրիստոսի սերը, որ գերազանցում է գիտությանը» (Եփես. 3:17–19; Կող. 2:6, 7)։

11. Ինչպե՞ս կարող է մարդը թույլ չտալ, որ անհանգստությունը և հարստությունը խեղդեն խոսքը։

11 Մյուսները, որ լսել են խոսքը, թույլ են տալիս, որ «այս համակարգի հոգսերը և հարստության խաբելու զորությունը» ներխուժեն ու խոսքը խեղդեն (1 Տիմոթ. 6:9, 10)։ Ինչպե՞ս կարող են նրանք խուսափել դրանից։ Պողոս առաքյալը պատասխանում է. «Թող ձեր ապրելակերպը զերծ լինի փողասիրությունից, և գոհացեք եղած բաներով։ Քանզի նա ասաց. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»» (Եբր. 13:5)։

12. Ինչո՞ւ են «լավ հող» լինողները տարբեր քանակության պտուղներ բերում։

12 Վերջում Հիսուսն ասում է, որ լավ հողի մեջ ընկածները «պտուղ են տալիս երեսնապատիկ, վաթսունապատիկ և հարյուրապատիկ»։ Թեև այս դեպքում խոսքին արձագանքողները ունեն սրտի լավ վիճակ և պտուղ են բերում, այն, թե որքան բան նրանք կարող են անել բարի լուրի տարածման գործում, կախված է իրենց հանգամանքներից։ Օրինակ՝ տարիքը կամ հյուծիչ հիվանդությունը կարող է սահմանափակել ոմանց մասնակցությունը քարոզչական գործին (համեմատի՛ր Մարկոս 12:43, 44)։ Եվ դարձյալ տեսնում ենք, որ սերմնացանը քիչ ազդեցություն կարող է ունենալ կամ ընդհանրապես չի կարող ազդել այս ամենի վրա, բայց նա ուրախանում է՝ տեսնելով, որ Եհովան աճեցրել է սերմը (կարդա՛ Սաղմոս 126:5, 6)։

Սերմնացանը, որը քնում է

13, 14. ա) Հակիրճ պատմիր սերմ ցանող մարդու մասին Հիսուսի առակը։ բ) Ո՞վ է սերմնացանը, և ի՞նչ է սերմը։

13 Մարկոս 4։26–29 համարներում կարդում ենք սերմնացանի մասին մեկ այլ առակ. «Աստծու թագավորությունը նման է նրան, երբ մի մարդ հողի մեջ սերմ է ցանում և գիշերը քնում է ու ցերեկը վեր կենում, և սերմը ծլում է ու աճում, իսկ թե ինչպես, նա չի իմանում։ Հողը ինքն իրեն պտուղ է տալիս. նախ ցողունը, հետո հասկը, և ապա լեցուն ցորենը՝ հասկի մեջ։ Իսկ հենց որ պտուղ է տալիս, նա մանգաղը գործի է դնում, որովհետև հնձի ժամանակը եկել է»։

14 Ո՞վ է սերմնացանը։ Քրիստոնեական աշխարհում ոմանք կարծում են, որ դա Հիսուսն է։ Բայց ինչպե՞ս կարելի է ասել, որ Հիսուսը քնած է և չի իմանում, թե ինչպես է սերմը աճում։ Անշուշտ, Հիսուսը գիտի, թե ինչպես է այն աճում։ Այս առակում նշված սերմնացանը ներկայացնում է Թագավորության յուրաքանչյուր քարոզչի, ով Թագավորության սերմը ցանում է՝ եռանդորեն քարոզելով։ Հողի մեջ ցանված սերմը նրանց քարոզած խոսքն էb։

15, 16. Սերմնացանի առակում ի՞նչ ճշմարտություն ցույց տվեց Հիսուսը բառացի և հոգևոր աճի մասին։

15 Հիսուսն ասում է, որ սերմնացանը «գիշերը քնում է ու ցերեկը վեր կենում»։ Սա չի նշանակում, որ սերմնացանը անփույթ է կամ անուշադիր իր գործի հանդեպ։ Առակում պարզապես նկարագրվում է կյանքի սովորական ընթացքը։ Մարդը ցերեկն աշխատում է, իսկ գիշերը՝ քնում, և այդպես շարունակ։ Հիսուսն ընդգծում է այն, ինչ տեղի է ունենում որոշակի ժամանակահատվածում։ Նա ասում է. «Սերմը ծլում է ու աճում,— հետո ավելացնում է,— իսկ թե ինչպես, նա չի իմանում»։ Այստեղ շեշտվում է այն միտքը, որ աճը տեղի է ունենում «ինքն իրեն»c։

16 Ի՞նչ էր Հիսուսն ուզում ասել։ Նկատենք, որ նա շեշտ է դնում աճի վրա և այն բանի վրա, որ այդ աճը տեղի է ունենում աստիճանաբար։ «Հողը ինքն իրեն պտուղ է տալիս. նախ ցողունը, հետո հասկը, և ապա լեցուն ցորենը՝ հասկի մեջ» (Մարկ. 4:28)։ Աճը տեղի է ունենում աստիճանաբար և փուլերով։ Այն հնարավոր չէ արագացնել։ Նույնը կարելի է ասել հոգևոր աճի մասին։ Եհովան թույլ է տալիս, որ ճիշտ տրամադրված մարդու սրտում ճշմարտությունն աճի, և դա տեղի է ունենում փուլ առ փուլ (Գործ. 13:48; Եբր. 6:1)։

17. Ովքե՞ր են իրար հետ ուրախանում, երբ ճշմարտության սերմը պտուղ է տալիս։

17 Ինչպե՞ս է սերմնացանը մասնակցում հնձին, «հենց որ [սերմը] պտուղ է տալիս»։ Եհովան Թագավորության մասին ճշմարտությունը աճեցնում է նոր աշակերտների սրտում, և նրանք, սիրելով Աստծուն, ի վերջո ցանկանում են իրենց կյանքը նվիրել նրան։ Այս մարդիկ իրենց նվիրումը խորհրդանշում են ջրի մկրտությամբ։ Այն եղբայրները, ովքեր շարունակում են առաջադիմել և հասունանալ, աստիճանաբար կարողանում են ավելի շատ պատասխանատվություններ ստանձնել ժողովում։ Թագավորության պտուղ է հավաքում ոչ միայն սերմնացանը, այլև մյուս քարոզիչները, ովքեր գուցե անձամբ չեն մասնակցել այն սերմը ցանելու գործին, որի արդյունքը նոր աշակերտն է (կարդա՛ Հովհաննես 4։36–38)։ Այո՛, «թե՛ ցանողը և թե՛ հնձողը իրար հետ ուրախանում են»։

Դասեր մեզ համար

18, 19. ա) Անձամբ քեզ ինչպե՞ս է ոգևորում Հիսուսի առակների այս քննարկումը։ բ) Ի՞նչ կքննարկվի հաջորդ հոդվածում։

18 Ի՞նչ ենք սովորում Մարկոս 4–րդ գլխում գրված այս երկու առակներից։ Միանգամայն պարզ տեսնում ենք, որ մենք գործ ունենք անելու, այն է՝ ցանել։ Երբեք չպետք է ինչ–ինչ պատրվակներ բերենք այս գործից խուսափելու համար ու երբեք չպետք է թույլ տանք, որ հնարավոր խնդիրներն ու դժվարությունները մեզ հետ պահեն դա անելուց (Ժող. 11:4)։ Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ Աստծու համագործակիցները լինելու մեծ առանձնաշնորհում ունենք։ Եհովան է, որ հոգևորապես աճեցնում է՝ օրհնելով ինչպես մեր, այնպես էլ խոսքն ընդունողի ջանքերը։ Մենք հասկանում ենք, որ չենք կարող արագացնել անհատի հոգևոր աճը։ Նաև հասկանում ենք, որ չպետք է վհատվենք, եթե աճը դանդաղ է կամ չկա։ Ինչքա՜ն մխիթարական է իմանալ, որ մեր հաջողության չափանիշը Եհովայի հանդեպ հավատարմությունն է, ինչպես նաև նվիրվածությունը այն առանձնաշնորհյալ գործին, որ նա հանձնարարել է մեզ՝ «թագավորության բարի լուրը քարոզել՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթ. 24:14)։

19 Հիսուսն ուրիշ ի՞նչ սովորեցրեց նոր աշակերտների աճի և Թագավորության գործի մասին։ Այս հարցի պատասխանը գտնում ենք Ավետարանների այլ առակներում։ Հաջորդ հոդվածում կքննենք դրանցից մի քանիսը։

[ծանոթագրություններ]

a Տե՛ս Իսլանդիայում ծառայած եղբայր Գեորգ Ֆյոլնիր Լինդալի մասին պատմությունը 2005 թ. «Եհովայի վկաների տարեգրքում» (էջ 210, 211, ռուս.)։ Իսկ 1988 թ. «Տարեգրքում» (էջ 82–99, անգլ.) կարելի է կարդալ հավատարիմ քրիստոնյաների մասին, ովքեր երկար տարիներ Իռլանդիայում ծառայել են առանց էական արդյունքների։

b Այս պարբերագրում նախկինում բացատրվել է, որ սերմը խորհրդանշում է անհատի հատկությունները, որոնք պետք է «աճեն» և «հասունանան»՝ գտնվելով շրջապատի ազդեցության ներքո։ Սակայն պետք է նկատել, որ Հիսուսի առակում սերմը չի դառնում վատ սերմ կամ չի տալիս փտած պտուղ։ Այն պարզապես աճում է և հասունանում (տե՛ս «Դիտարան», 1980 թ., հունիսի 15, էջ 17–19, անգլ.)։

c Բացի այս համարից՝ այս արտահայտությունը հանդիպում է ևս մեկ տեղ՝ Գործեր 12։10–ում, որտեղ ասվում է, որ երկաթե դարպասը բացվում է «ինքնիրեն»։

Հիշո՞ւմ եք

• Ի՞նչ նմանություններ կան բառացիորեն սերմելու և Թագավորության մասին լուրը քարոզելու միջև։

• Ինչո՞վ է Եհովան չափում Թագավորության քարոզչի հավատարմությունը։

• Ի՞նչ նմանություն ընդգծեց Հիսուսը բառացի աճի և հոգևոր աճի միջև։

• Ինչպե՞ս են «թե՛ ցանողը և թե՛ հնձողը իրար հետ ուրախանում»։

[նկարներ 13–րդ էջի վրա]

Ինչո՞ւ Հիսուսը Աստծու Թագավորության քարոզչին համեմատեց սերմնացանի հետ

[նկարներ 15–րդ էջի վրա]

Ովքեր «լավ հող» են, իրենց հնարավորության սահմաններում սրտանց մասնակցում են Թագավորության քարոզչության գործին

[նկարներ 16–րդ էջի վրա]

Աստված է, որ շարունակ աճեցնում է

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը