Ավելացրու ճշգրիտ գիտելիքներդ ջանադրաբար
ԼԻՆԵԼՈՎ Եհովայի ծառաներ՝ մենք ձգտում ենք ունենալ նրա հավանությունը։ Ուստի մեծ ցանկություն ունենք մեր հավատն ավելի ամուր դարձնելու և եռանդուն կերպով սուրբ ծառայություն մատուցելու։ Սակայն կա մի բան, որից պետք է զգուշանանք։ Պողոս առաքյալը իր օրերի որոշ հրեաների մասին ասաց. «Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ոչ ճշգրիտ գիտության համաձայն» (Հռոմ. 10։2)։ Պարզ է, որ հավատը ու Եհովային մատուցվող երկրպագությունը չպետք է հիմնված լինեն միայն զգացմունքների վրա։ Մենք պետք է ունենանք ճշգրիտ գիտելիքներ մեր Արարչի ու նրա կամքի մասին։
Իր նամակներում Պողոսը աստվածահաճո ապրելակերպը կապեց գիտելիքներ ստանալու մեծ ցանկության հետ։ Նա աղոթեց, որ Քրիստոսի հետևորդները «լցվեն [Աստծու] կամքի ճշգրիտ գիտությամբ.... որպեսզի քայլեն Եհովային արժանի կերպով՝ նրան լիովին հաճեցնելու նպատակով՝ շարունակելով պտուղ բերել ամեն բարի գործում և աճել Աստծու մասին ճշգրիտ գիտության մեջ» (Կող. 1։9, 10)։ Ինչո՞ւ է շատ կարևոր, որ ճշգրիտ գիտելիքներ ունենանք, և ինչո՞ւ պետք է «աճենք այդ գիտության» մեջ, այսինքն՝ ավելացնենք մեր գիտելիքները։
Հավատի հիմքը
Աստծու և նրա կամքի մասին ճշգրիտ գիտելիքները, որ կարող ենք գտնել Աստվածաշնչում, մեր հավատի հիմքն են։ Առանց սուրբգրային «ամուր» գիտելիքների՝ մեր հավատը կնմանվեր խաղաթղթերից պատրաստված մի տնակի, որը օդի թեթև շարժումից իսկույն քանդվում է։ Պողոսը քաջալերում է մեզ սրբազան ծառայություն մատուցել Աստծուն մեր «բանականությամբ» և «նորոգել մեր միտքը» (Հռոմ. 12։1, 2)։ Այս հարցում մեզ կօգնի Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրությունը։
Էվան, որը ընդհանուր ռահվիրա է (Լեհաստան), ասում է. «Եթե Աստծու Խոսքը կանոնավորաբար չուսումնասիրեի, Եհովայի մասին իմ գիտելիքները չէին ավելանա։ Արագորեն կկորցնեի քրիստոնեական ինքնությունս։ Հավատս Աստծու հանդեպ կթուլանար. ի վերջո, հոգևորապես կսնանկանայի»։ Թող որ մեզ հետ երբե՛ք նման բան չպատահի։ Քննենք մի մարդու օրինակ, ով հարստացրեց Եհովայի մասին իր գիտելիքների պաշարը, ինչի շնորհիվ էլ արժանացավ նրա հավանությանը։
«Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը»
Այն երգը, որ Աստվածաշնչում կոչվում է 119–րդ սաղմոս, արտահայտում է սաղմոսերգուի վերաբերմունքը Եհովայի օրենքների, հիշեցումների, հրամանների, պատվերների և դատաստանների հանդեպ։ Սաղմոսերգուն գրեց. «Քո հրամաններովը կ’ուրախանամ.... Քո վկայութիւններն [«հիշեցումները», ՆԱ] իմ ուրախութիւնն են.... Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը» (Սաղ. 119։16, 24, 47, 48, 77, 97)։
«Կ’ուրախանամ» և «մտածմունք» բառերից երևում է, որ սաղմոսերգուն խորհրդածում էր Աստծու Խոսքի շուրջ. փաստորեն, նա հաճույք էր ստանում այդպիսի խորհրդածությունից։ Այդ բառերը ցույց են տալիս, որ սաղմոսերգուն ակնհայտորեն սիրում էր ուսումնասիրել Աստծու օրենքը։ Այդ սերը պարզապես զգացմունք չէր, որ հորդում էր նրա սրտից։ Եհովայի օրենքը սաղմոսերգուին շատ էր հետաքրքրում, և նա փափագում էր ըմբռնել Աստծու խոսքերը։ Նրա վերաբերմունքից տեսնում ենք, որ նա ցանկանում էր, որքան հնարավոր է, ճշգրտորեն իմանալ, թե ով է Աստված, և որն է նրա կամքը։
Հստակ է՝ սաղմոսերգուն սրտանց էր սիրում Աստծու Խոսքը։ Կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Արդյոք սաղմոսերգուի պես սիրո՞ւմ եմ Աստծու Խոսքը։ Հաճույքո՞վ եմ կարդում Աստվածաշունչը և վերլուծում ընթերցածս։ Ջանո՞ւմ եմ ամեն օր կարդալ և աղոթո՞ւմ եմ հասկանալու համար»։ Այն բանից, թե ինչպես կպատասխանենք այս հարցերին, կերևա, թե արդյոք «աճում ենք Աստծու մասին ճշգրիտ գիտության մեջ»։
Էվան նշում է. «Ես անընդհատ ջանում եմ բարելավել անձնական ուսումնասիրությանս որակը։ «Տեսեք «բարի երկիրը»» գրքույկը ստանալու օրվանից գրեթե միշտ օգտագործում եմ այն ուսումնասիրության ժամանակ։ Ջանում եմ ավելի ու ավելի շատ օգտվել «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանից և այլ աղբյուրներից»։
Տեսնենք նաև մի ամուսնական զույգի՝ Վոյցեխի և Մալգոժատայի օրինակը։ Նրանք բազմաթիվ ընտանեկան պարտականություններ ունեն։ Այդ դեպքում ինչպե՞ս են հասցնում Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն կատարել։ «Որքանով հնարավոր է, ժամանակ ենք ստեղծում անձնական ուսումնասիրության համար։ Հետո ընտանեկան ուսումնասիրության ընթացքում և առօրյա զրույցներում պատմում ենք մեր գտած հետաքրքիր ու քաջալերական մտքերը»։ Խոր անձնական ուսումնասիրությունը նրանց մեծ ուրախություն է պատճառում և օգնում է ավելացնել ճշգրիտ գիտելիքները։
Միտքդ տրամադրիր սովորելու
Լինելով քրիստոնյաներ՝ մենք գիտենք, որ Աստծու կամքն է, որ «ամեն տեսակ մարդիկ փրկվեն և ճշմարտության ճշգրիտ գիտությանը գան» (1 Տիմոթ. 2։3, 4)։ Այս հանգամանքը շեշտում է Աստվածաշունչը կարդալու և նրա «իմաստը հասկանալու» կարևորությունը (Մատթ. 15։10)։ Մենք կարող ենք այս նպատակին հասնել, եթե, օրինակ, մեր միտքը տրամադրենք սովորելու։ Հին բերիացիները նման ոգի դրսևորեցին, երբ Պողոսը բարի լուրը քարոզեց նրանց. «[Նրանք] մեծ հոժարամտությամբ ընդունեցին խոսքը և ամեն օր ուշադիր քննում էին Գրությունները, թե արդյոք այդ բաներն այդպես էին» (Գործ. 17։11)։
Բերիացիների պես ջանադրաբար քննո՞ւմ ես Աստծու Խոսքը։ Միտքդ տրամադրո՞ւմ ես սովորելու։ Հետևո՞ւմ ես, որ Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ միտքդ չշեղվի։ Քրիստոնյան, անգամ եթե անցյալում հաճույքով չի ուսումնասիրել Աստծու Խոսքը, կարո՛ղ է նմանվել բերիացիներին։ Որոշ մարդիկ տարիքի հետ հակված են ավելի քիչ կարդալու և ուսումնասիրելու, սակայն քրիստոնյան չպետք է այդպես անի։ Անկախ տարիքից՝ անհատը կարո՛ղ է ուշադրությունը կենտրոնացած պահել։ Կարդալու ընթացքում մտածիր, թե քո իմացածից ինչ հետաքրքիր բաներ կարող ես պատմել ուրիշներին։ Օրինակ՝ փորձիր նպատակ դնել կողակցիդ կամ քրիստոնյա ընկերոջդ պատմելու, թե ինչ ես կարդացել կամ իմացել ուսումնասիրության ժամանակ։ Դա կնպաստի, որ իմացածդ դաջվի քո մտքում ու սրտում, նաև օգտակար կլինի լսողների համար։
Որպեսզի ուսումնասիրությունդ արդյունավետ լինի, հետևիր Աստծու վաղեմի ծառա Եզրասի օրինակին։ Նա «պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը խնդրէ» (Եզր. 7։10)։ Ինչպե՞ս կարող ես սիրտդ պատրաստել։ Ստեղծիր ուսումնասիրությանը նպաստող պայմաններ։ Հետո աղոթիր Եհովային առաջնորդության և իմաստության համար (Հակ. 1։5)։ Ինքդ քեզ հարցրու. «Ի՞նչ եմ ակնկալում սովորել այս ուսումնասիրության ընթացքում»։ Կարդալիս փորձիր գտնել գլխավոր մտքերը։ Գուցե ցանկանաս գրի առնել դրանք կամ նշել այն հատվածները, որոնք ուզում ես հիշել։ Խորհիր, թե ինչպես կարող ես ընթերցածդ կիրառել քարոզչության ժամանակ, որոշումներ կայացնելիս և հավատակիցներին քաջալերելիս։ Վերջում կարճ ամփոփիր։ Դա կօգնի մտապահել սովորածդ։
Էվան ասում է. «Աստվածաշունչ կարդալիս օգտվում եմ զուգահեռ հղումներից, ««Դիտարանի» հրատարակությունների ցանկից» և ««Դիտարանի» գրադարանը» համակարգչային ծրագրից։ Ես նշումներ եմ անում, որ օգտագործեմ ծառայության մեջ»։
Ոմանք տարիներ շարունակ հաճույքով խոր ուսումնասիրություն են կատարել և հարուստ գիտելիքներ ձեռք բերել Աստծու մասին (Առակ. 2։1–5)։ Այժմ նրանք թերևս բազմաթիվ պարտականություններ ունեն և դժվարանում են Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությանը ժամանակ հատկացնել։ Հնարավոր է՝ դու էլ ես նման իրավիճակում։ Այդ դեպքում ի՞նչ փոփոխություն կարող ես անել քո գրաֆիկում։
Որտեղի՞ց ժամանակ գտնեմ
Հավանաբար կհամաձայնես, որ հեշտ է ժամանակ գտնել սիրած զբաղմունքների համար։ Շատերը հետևյալ համոզմանն են եկել. որպեսզի անձնական ուսումնասիրությունը ցանկալի և հաճելի լինի, հարկավոր է հասանելի նպատակ դնել, օրինակ՝ կարդալ ամբողջ Աստվածաշունչը։ Ինչ խոսք, երկար տոհմաբանությունները, տաճարի մանրամասն նկարագրությունը կամ բարդ մարգարեությունները գուցե թվան ձանձրալի և մեր առօրյայի հետ կապ չունեցող։ Գործնական քայլեր ձեռնարկիր քո նպատակին հասնելու համար։ Ենթադրենք՝ Աստվածաշնչի որևէ հատված քեզ համար բարդ է։ Նախքան քննելը կարող ես այդ հատվածի մասին գտնել որոշ պատմական տեղեկություններ կամ կարդալ, թե ինչ կիրառություն ունի այն։ Այս հարցում քեզ կօգնի «Բոլոր Գրություններն Աստծու ներշնչումով են գրված և օգտակար են» գիրքը, որը մատչելի է գրեթե 50 լեզվով։
Շատ լավ կլինի, եթե Աստվածաշունչ ընթերցելու ընթացքում երևակայությունդ գործի դնես։ Երևակայության շնորհիվ կարող ես պատկերացնել կերպարներին և իրադարձությունները։ Այս և մյուս առաջարկները կիրառելը քո ուսումնասիրությունը կդարձնի ավելի հաճելի և օգտակար։ Դու ավելի շատ տրամադրված կլինես ժամանակ հատկացնելու դրան։ Քեզ համար ավելի հեշտ կլինի պահպանել Աստվածաշունչը ամեն օր կարդալու սովորությունը։
Իսկ կիրառելի՞ են վերոհիշյալ խորհուրդները հոգսերով ծանրաբեռնված ընտանիքի համար։ Ի՞նչ կարող են անել ընտանիքի անդամները։ Հանգիստ մթնոլորտում միասին քննարկեք ընտանեկան ուսումնասիրության օգուտները։ Գուցե տեսնեք, որ Աստվածաշունչը կարդալու և նյութի շուրջ խորհրդածելու համար հարկավոր է ամեն օր կամ որոշ օրերի առավոտյան մի քիչ շուտ արթնանալ։ Կամ գուցե զգաք, որ անհրաժեշտ է փոխել ձեր առօրյան։ Օրինակ՝ որոշ ընտանիքներ օրվա խոսքը քննարկում են կամ Աստվածաշնչից կարդում են մի հատված միասին հաց ուտելուց անմիջապես հետո։ Նախքան սեղանը հավաքելը կամ մեկ այլ բանով զբաղվելը ընտանիքը կարող է 10–15 րոպե քննարկել օրվա խոսքը կամ Աստվածաշնչից կարդալ նախատեսված հատվածը։ Սկզբում գուցե դժվար լինի, բայց շուտով սովորական և շատ հաճելի կդառնա։
Վոյցեխը և Մալգոժատան ասում են, թե ինչն է օգնել իրենց ընտանիքին. «Անցյալում մեր ժամանակը վատնում էինք անիմաստ, ոչ կարևոր բաների վրա։ Որոշեցինք ավելի քիչ զբաղվել էլեկտրոնային փոստով նամակներ գրելով։ Կրճատեցինք զվարճություններին հատկացվող ժամանակը և կոնկրետ օր ու ժամ առանձնացրինք մանրակրկիտ ուսումնասիրության համար»։ Այս ընտանիքը, անշուշտ, չի ափսոսում, որ նման փոփոխություններ է արել։ Դու և քո ընտանիքի անդամները նույնպես կարող եք համոզվել, որ նման փոփոխությունները շատ օգտակար են։
Ավելացնելով ճշգրիտ գիտելիքներդ՝ օրհնություններ կստանաս
Աստվածաշնչի խոր ուսումնասիրությունը կարող է օգնել մեզ, որ «պտուղ բերենք ամեն բարի գործում» (Կող. 1։10)։ Դրա շնորհիվ քո առաջադիմությունը հայտնի կլինի բոլորին։ Դու կլինես հոգևոր մարդ, ով լավ է հասկանում Աստվածաշնչի ճշմարտությունները։ Կկարողանաս ավելի հավասարակշռված որոշումներ կայացնել և ուրիշներին հմտորեն օգնել՝ առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու, ինչը հատուկ է սուրբգրային ճշգրիտ գիտելիք չունեցողին։ Իսկ ամենակարևորը՝ ավելի կմոտենաս Եհովային։ Դու ավելի լավ կհասկանաս ու ավելի շատ կգնահատես նրա հատկությունները, և դա կերևա այն ժամանակ, երբ նրա մասին պատմես ուրիշներին (1 Տիմոթ. 4։15; Հակ. 4։8)։
Անկախ քո տարիքից ու փորձից՝ ձգտիր շարունակ ուրախություն ստանալ Աստծու Խոսքից և ջանադրաբար ուսումնասիրիր այն։ Միտքդ տրամադրիր սովորելու։ Վստահ եղիր, որ Եհովան չի մոռանա քո ջանքերը (Եբր. 6։10)։ Նա անձրևի պես առատ օրհնություններ կթափի քեզ վրա։
[շրջանակ 13–րդ էջի վրա]
ԵՐԲ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՃՇԳՐԻՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
մենք ամրացնում ենք մեր հավատը Եհովայի հանդեպ և քայլում ենք նրան արժանի կերպով (Կող. 1։9, 10),
դառնում ենք իմաստուն ու խորաթափանց և կարողանում ենք խելամիտ որոշումներ կայացնել (Սաղ. 119։99),
ավելի մեծ հաճույք ենք ստանում, երբ մարդկանց օգնում ենք մոտենալու Եհովային (Մատթ. 28։19, 20)։
[նկարներ 14–րդ էջի վրա]
Ուսումնասիրությանը նպաստող պայմաններ ստեղծելը գուցե հեշտ չէ, բայց ցանկալի է
[նկար 15–րդ էջի վրա]
Որոշ ընտանիքներ Աստվածաշունչը կարդում են հաց ուտելուց անմիջապես հետո