Ընդօրինակեք նրանց հավատը
Նա «իր սրտում եզրակացություններ էր անում»
ԱՎԱՆԱԿԻ վրա նստած՝ հղի Մարիամը անհանգիստ շարժումներ է անում. երկար ժամանակ է, ինչ ճանապարհի վրա են։ Առջևից դանդաղ քայլերով գնում է Հովսեփը՝ ավանակի թոկից բռնած։ Նրանք ուղևորվում են Բեթլեհեմ։ Ճանապարհորդության ընթացքում Մարիամը մի քանի անգամ արդեն զգացել է, թե ինչպես է երեխան շարժվում իր փորի մեջ։ Աստվածաշնչում ասվում է, որ Մարիամը շուտով «պիտի ծներ» (Ղուկաս 2։5)։
Մինչ նրանք անցնում են դաշտերի կողքով, հավանաբար գյուղացիներից ոմանք վարուցանք անելիս նայում են նրանց ու զարմանում, թե կինը այդ վիճակով ինչպես է ճանապարհ ընկել։ Եվ իրոք, ի՞նչն էր Մարիամին այսքան հեռու վայրեր բերել։
Ամեն ինչ սկսվել էր դեռ ամիսներ առաջ։ Այս երիտասարդ հրեա կնոջը հրեշտակը հայտնել էր, որ պիտի երեխա ծնի։ Նա դառնալու էր Մեսիան։ Սա մարդկության պատմության մեջ ամենամեծ իրադարձությունն էր լինելու (Ղուկաս 1։35)։ Իսկ վտանգավոր չէ՞ր երկար ճանապարհորդություն սկսել հենց այն ժամանակ, երբ երեխան շուտով պիտի ծնվեր։ Ինչ խոսք, ճանապարհորդությունը լի էր լինելու դժվարություններով, և Մարիամի հավատը լուրջ փորձության էր ենթարկվելու։ Եկեք տեսնենք, թե ինչպես նա կարողացավ պահպանել իր ամուր հավատը։
Ճանապարհորդություն դեպի Բեթլեհեմ
Հովսեփն ու Մարիամը միակ ճանապարհորդները չէին։ Օգոստոս կայսրը հրամանագիր էր արձակել, որ երկրում գրանցում անցկացվի, և մարդիկ գնում էին իրենց ծննդավայրերը՝ գրանցվելու։ Հովսեփը նույնպես նրանց թվում էր։ Աստվածաշնչի արձանագրության մեջ կարդում ենք. «Հովսեփն էլ դուրս եկավ Գալիլեայից՝ Նազարեթ քաղաքից, ու գնաց Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ է կոչվում, որովհետև նա Դավթի տան և ընտանիքի անդամ էր» (Ղուկաս 2։1–4)։
Պատահականություն չէր այն, որ կայսրը հենց այդ ժամանակ հրամանագիր արձակեց։ Մոտ 700 տարի առաջ մարգարեացվել էր, որ Մեսիան պիտի ծնվեր Բեթլեհեմում։ Հետաքըրքիր է, որ մարգարեության մեջ կոնկրետ նշվում էր, որ Մեսիան ծնվելու է «Բեթլէհէմ Եփրաթայում»։ Այսօր այս փոքր գյուղը Նազարեթից հեռու է մոտ 150 կիլոմետր, իսկ Բեթլեհեմ կոչվող քաղաքը գտնվում էր Նազարեթից 11 կիլոմետր հեռու (Միքիա 5։2)։ Հովսեփը գնաց Բեթլեհեմ Եփրաթա, քանի որ նա և իր հարսնացուն «Դավթի տան և ընտանիքի անդամ էին»։
Իսկ հե՞շտ էր Մարիամի համար թիկունք կանգնել իր ամուսնու կայացրած որոշմանը։ Չէ՞ որ նրա համար դժվար կլիներ այդ վիճակով երկար ճանապարհորդություն կատարել։ Բացի այդ, արդեն աշուն էր, եղանակը՝ անձրևային։ Կարելի է հաշվի առնել նաև այն, որ Բեթլեհեմը գտնվում էր 760 մետր բարձրության վրա, ուստի ճանապարհորդության վերջում Մարիամը ստիպված էր լինելու մի քանի օր ավելի երկար ճանապարհորդել, քանի որ այդ ճանապարհով բարձրանալիս հաճախ էր հանգստանալու կարիք զգալու։ Ի վերջո, այս երիտասարդ կինը հնարավոր է ցանկանար տանը մնալ, իր հարազատների կողքին լինել, որոնք պատրաստակամորեն կօգնեին իրեն, երբ հղիության ցավերը սկսեին։ Իրոք, քաջություն էր պետք այսպիսի ճանապարհորդություն կատարելու համար։
Չնայած այս ամենին՝ Ղուկասի արձանագրության մեջ կարդում ենք, որ Մարիամը գնաց Հովսեփի հետ գրանցվելու։ Ղուկասը նաև նշել է, որ Մարիամը «այդ ժամանակ արդեն [Հովսեփի] կինն էր» (Ղուկաս 2։4, 5)։ Իսկ դա նշանակում էր, որ նա իր որոշումները պիտի համաձայնեցներ ամուսնու հետ։ Նա իր ամուսնուն համարում էր ընտանիքի գլուխ և գիտակցելով օգնականի իր դերը՝ թիկունք էր կանգնում նրա կայացրած որոշումներինa։ Մարիամը կարողացավ հաղթահարել այդ դժվարությունները, որոնք կարող էին թուլացնել իր հավատը՝ հնազանդվելով ամուսնու առաջնորդությանը։
Իսկ գիտե՞ր արդյոք Մարիամը այն մարգարեության մասին, որ Մեսիան պիտի ծնվեր Բեթլեհեմում։ Աստվածաշնչում ոչինչ չի ասվում։ Բայց կարող ենք եզրակացնել, որ Մարիամը գիտեր այդ մասին, քանի որ թե՛ կրոնական առաջնորդները, թե՛ ժողովուրդը ընդհանուր առմամբ որոշակի տեղեկություններ ունեին Մեսիայի գալստյան մասին (Մատթեոս 2։1–7; Հովհաննես 7։40–42)։ Մարիամը նաև լավատեղյակ էր Գրություններից (Ղուկաս 1։46–55)։ Անկախ նրանից, թե ինչը մղեց նրան այդ ճանապարհորդությունը կատարելու՝ ամուսնու հանդեպ հնազանդությունը, իշխանության հրամանը, թե մարգարեության մասին տեղյակ լինելը, նա լավ օրինակ թողեց հավատարիմ մարդկանց համար։ Թեև աշխարհը չի գնահատում հնազանդ անհատներին, Եհովան շատ է արժևորում հնազանդ ոգին, որը դրսևորում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք։
Քրիստոսի ծնունդը
Երբ հեռվից Մարիամը տեսավ Բեթլեհեմը, թերևս հանգիստ շունչ քաշեց։ Հավանաբար Մարիամն ու Հովսեփը վերհիշեցին այս փոքր գյուղի պատմությունը։ Ինչպես Միքիա մարգարեն էր գրել, այն փոքր էր Հուդայի քաղաքների համեմատությամբ, սակայն հազարավոր տարիներ առաջ հենց այդտեղ էին ծնվել Բոոսը, Նոեմին և Դավիթը։
Գյուղում ամենուր մարդիկ էին։ Շատերը ավելի շուտ էին եկել գրանցվելու, այդ պատճառով էլ օթևանելու տեղ չէր մնացելb։ Ուստի ամուսինները ստիպված էին գիշերել ախոռում։ Կարող ենք պատկերացնել, թե ինչ էր զգում Հովսեփը՝ տեսնելով, որ կնոջ ցավերը սաստկանում են։ Այս անհարմար պայմաններում էլ Մարիամը ծննդաբերեց։
Թերևս կանայք կարեկցանքով լցվեն Մարիամի հանդեպ։ Մոտ 4 000 տարի առաջ Եհովան ասել էր, որ կանայք ժառանգած անկատարության պատճառով ցավով երեխա կունենան (Ծննդոց 3։16)։ Եվ Մարիամի պարագայում բացառություն չեղավ։ Ղուկաս ավետարանիչը մանրամասնորեն չի գրել, թե ինչ ցավեր է ունեցել Մարիամը, այլ պարզապես նշել է. «Նա իր առաջնեկ որդուն ծնեց» (Ղուկաս 2։7)։ Հետագայում վերջինս ուրիշ երեխաներ էլ ունեցավ (Մարկոս 6։3)։ Սակայն իր առաջնեկը տարբերվում էր մյուսներից, քանի որ նա «ողջ ստեղծագործության մեջ» Եհովայի առաջնեկն էր՝ Աստծու միածին Որդին (Կողոսացիներ 1։15)։
Արձանագրության մեջ այնուհետև կարդում ենք. «Բարուրի մեջ փաթաթեց ու դրեց մսուրի մեջ» (Ղուկաս 2։7)։ Սուրբ ծնունդի դրվագները, նկարները և տեսարանները սենտիմենտալ կերպով են ներկայացնում այս ամենը, սակայն իրականությունը այլ էր։ Նրանք ախոռում էին, որտեղ, ինչպեսև այսօր, չկան հիգիենիկ պայմաններ, իսկ օդը մաքուր չէ։ Մսուրն էլ տաշտաձև աման է, որի մեջ լցնում են անասունների կերը։ Ո՞ր ծնողը այսպիսի տեղ կընտրեր ծննդաբերության համար, եթե այլ տարբերակ ունենար։ Ծնողները միշտ լավագույնն են ուզում իրենց զավակների համար։ Իսկ որքա՜ն լավ պայմաններում Մարիամն ու Հովսեփը կցանկանային, որ ծնվեր Աստծու Որդին։
Այնուհանդերձ, նրանք թույլ չտվեցին, որ սահմանափակ հնարավորությունները ընկճեն իրենց։ Նրանք պարզապես արեցին իրենց լավագույնը։ Ուշադրություն դարձրեք, որ Մարիամը ինքն էր հոգ տանում նորածնի մասին, բարուրում էր նրան և զգուշորեն դնում մսուրի մեջ ու անուշ ձայնով խոսում էր փոքրիկի հետ՝ վստահեցնելով, որ նա տաքուկ պիտի քնի։ Մարիամն ու Հովսեփը գիտեին նաև, որ պետք է հոգան երեխայի հոգևոր կարիքները, ինչը ամենակարևորն էր (Բ Օրինաց 6։6–8)։ Այսօր խելամիտ ծնողները նույն առաջնահերթություններն են դնում իրենց երեխաներին դաստիարակելիս։
Քաջալերիչ այց
Անսպասելի, հյուրեր եկան. հովիվներ էին։ Նրանք ոգևորված էին և ուրախ ու անհամբերությամբ ուզում էին տեսնել երեխային։ Այս մարդիկ ժամանակավորապես ապրում էին լեռնային շրջանում, քանի որ արածեցնում էին իրենց հոտերըc։ Անակնկալի եկած ծնողներին նրանք պատմեցին այն հրաշալի դեպքը, որը տեղի էր ունեցել իրենց հետ։ Գիշերվա ընթացքում, երբ նրանք հսկում էին հոտը, մի հրեշտակ կանգնեց նրանց առաջ, ու Եհովայի փառքը լուսավորեց շուրջբոլորը։ Հրեշտակն ասաց, որ Բեթլեհեմում ծնվել է Քրիստոսը, կամ՝ Մեսիան, և մի նշան տվեց. «Դուք մի մանուկ կգտնեք՝ բարուրի մեջ փաթաթված և մսուրի մեջ պառկած»։ Հետո մի շատ տպավորիչ երևույթ տեղի ունեցավ. հրեշտակների մի հզոր երգչախումբ հայտնվեց, ու նրանք սկսեցին գովաբանել Եհովայի փառքը։
Զարմանալի չէ, որ այս խոնարհ մարդիկ շտապեցին Բեթլեհեմ։ Հավանաբար նրանք ամբողջ մարմնով սարսռացին, երբ տեսան մսուրի մեջ պառկած նորածնին, ինչպես որ հրեշտակն էր ասել։ Նրանք «տեղեկացրին այն խոսքը.... Եվ բոլոր լսողները զարմացան այն բաների վրա, որ հովիվները պատմեցին իրենց» (Ղուկաս 2։17, 18)։ Ակներևաբար, կրոնական առաջնորդները արհամարհեցին հովիվների ասածը։ Սակայն Եհովան բարձր գնահատեց խոնարհ և հավատարիմ հովիվներին։ Իսկ ինչպե՞ս անդրադարձավ այս այցը Մարիամի վրա։
Ծննդաբերությունից հետո Մարիամը իրեն թույլ էր զգում, այդուհանդերձ, նա ուշադրությունից բաց չթողեց և ոչ մի բառ։ Ավելին, «Մարիամը այս խոսքերը պահում էր՝ իր սրտում եզրակացություններ անելով» (Ղուկաս 2։19)։ Այս երիտասարդ կինը իսկապես խորհրդածող անձնավորություն էր։ Նա գիտեր, որ հրեշտակի հայտնած լուրը շատ կարևոր է։ Նրա Աստվածը՝ Եհովան, ուզում էր, որ նա իմանա, թե ով է իր որդին և ինչ կարևոր նպատակի համար է լույս աշխարհ եկել։ Սակայն Մարիամը ոչ միայն լսեց, այլև բոլոր այդ խոսքերը իր սրտում պահեց, որ կրկին ու կրկին խորհրդածի դրանց շուրջ ամիսներ և տարիներ հետո։ Նրա այս մոտեցումը նույնպես վկայում է իր ամուր հավատի մասին։
Կհետևե՞ս Մարիամի օրինակին։ Եհովայի Խոսքը հոգևոր ճշմարտություններ է պարունակում։ Սակայն այդ ճշմարտությունները մեզ օգուտ չեն տա, եթե կանոնավորաբար չկարդանք Աստվածաշունչը (2 Տիմոթեոս 3։16)։ Իսկ ընթերցելուց հետո, ինչպես Մարիամը, մենք էլ պետք է պահենք այդ հոգևոր խոսքերը մեր սրտում՝ խորացնելով մեր հոգևոր հասկացողությունը։ Եթե խորհրդածենք կարդացածի շուրջ՝ մտածելով, թե ինչպես կարող ենք Եհովայից ստացած խորհուրդները կիրառել կյանքում, է՛լ ավելի կամրացնենք մեր հավատը։
Խոսքերը պահում էր սրտում
Երբ երեխան ութ օրական դարձավ, Մարիամն ու Հովսեփը, Մովսիսական օրենքի համաձայն, թլփատեցին նրան և երեխային անվանեցին Հիսուս, ինչպես նախապես պատվեր էին ստացել (Ղուկաս 1։31)։ Իսկ քառասուն օր հետո նրանք Բեթլեհեմից գնացին Երուսաղեմի տաճար և որպես մաքրության զոհ մատուցեցին մի զույգ տատրակ կամ երկու աղավնու ձագ, ինչը, ըստ Մովսիսական օրենքի, մատուցում էին աղքատները։ Միգուցե նրանք ամաչում էին, որ ուրիշ ծնողների նման չեն կարող ոչխար զոհաբերել, այդուհանդերձ, նրանք չկենտրոնացան այդ հանգամանքի վրա։
Մինչ տաճարում էին, նրանք մեծապես քաջալերվեցին (Ղուկաս 2։21–24)։ Այնտեղ էր Սիմեոն անունով մի ծերունի։ Նրան խոստացվել էր, որ տեսնելու է Մեսիային նախքան իր մահը։ Եհովայի սուրբ ոգին հայտնել էր նրան, որ փոքրիկ Հիսուսը խոստացված Փրկիչն է։ Ուստի Սիմեոնը մոտեցավ նրանց ու Մարիամին անչափ կարևոր խոսքեր ասաց։ Սիմեոնը նաև զգուշացրեց Մարիամին այն ցավի մասին, որ նա կրելու էր ապագայում. այդ ցավն այնքան ուժեղ էր լինելու, ասես մի երկար սուր էր անցնելու Մարիամի հոգու միջով (Ղուկաս 2։25–35)։ Այս խոսքերը օգնելու էին նրան տոկալու, երբ երեք տասնամյակ հետո գար այդ դժվարին ժամանակը։ Տաճարում էր նաև Աննա անունով մի մարգարեուհի, որը երբ տեսավ փոքրիկ Հիսուսին, սկսեց խոսել երեխայի մասին բոլոր նրանց հետ, ովքեր սպասում էին Երուսաղեմի ազատագրմանը (Ղուկաս 2։36–38)։
Ի՜նչ լավ որոշում կայացրին Հովսեփն ու Մարիամը՝ իրենց փոքրիկին բերելով Երուսաղեմ՝ Եհովայի տաճարը։ Այդպիսով նրանք հիմք դրեցին, որ իրենց երեխան հավատարմորեն իր ողջ կյանքի ընթացքում գա Եհովայի տաճար։ Նրանք իրենց ունեցածի լավագույնը տվեցին Եհովային, իսկ Աստծու հավատարիմ ծառաները նրանց մեծապես քաջալերեցին։ Վստահաբար, Մարիամն այդ օրը տաճարից հեռացավ հավատն ամրացած։ Նա իր սրտում դրեց այն կարևոր խոսքերը, որոնց շուրջ պիտի խորհրդածեր և պիտի հայտներ դրանք նաև ուրիշներին։
Այսօր ուրախալի է տեսնել, թե ինչպես են ծնողները հետևում նրանց օրինակին։ Եհովայի վկա ծնողները իրենց երեխաներին կանոնավորաբար բերում են քրիստոնեական հանդիպումներին։ Նրանք իրենց լավագույնն են անում ծառայության մեջ և քաջալերանքի խոսքեր են ասում իրենց հավատակիցներին։ Իսկ հանդիպման վայրից հեռանում են նոր ուժեր ստացած, երջանկացած, սրտերում՝ բարի բաներ, որոնք պիտի պատմեն ուրիշներին։ Սրտանց հրավիրում ենք ձեզ այդ հանդիպումներին։ Եթե ընդունեք այս հրավերը, կնկատեք, որ ձեր հավատը, Մարիամի հավատի պես, ավելի ու ավելի է ամրանում։
[ծանոթագրություններ]
a Ուշադրություն դարձրեք, որ տարբերություն կա այս և ավելի վաղ կատարած ճանապարհորդության միջև. «Մարիամը վեր կացավ ու շտապելով գնաց» Եղիսաբեթին տեսնելու (Ղուկաս 1։39)։ Այդ ժամանակ նա նշանված էր Հովսեփի հետ, սակայն դեռ ամուրի էր, ուստի հնարավոր է, որ առանց Հովսեփի հետ խորհրդակցելու մեկնեց Եղիսաբեթի մոտ։ Իսկ այս ճանապարհորդության վերաբերյալ նշվում է, որ որոշումը կայացրեց Հովսեփը և ոչ թե Մարիամը։
b Այդ ժամանակներում ընդունված էր օթևանելու տեղ տրամադրել ճանապարհորդներին և անցնող քարավաններին։
c Այն, որ այդ ժամանակ հովիվները իրենց հոտերի հետ դրսում էին ապրում, հաստատում է Աստվածաշնչում գրվածը. Քրիստոսը ոչ թե ծնվել է դեկտեմբերին, երբ հոտերը գոմում են պահում, այլ մոտավորապես հոկտեմբերի սկզբին։
[նկար 25–րդ էջի վրա]
Սիմեոնը տեսավ խոստացված Փրկչին