Եհովայի վկաները քայքայո՞ւմ են ընտանիքները
«ԵԹԵ ամուսիններից մեկը փոխի իր կրոնը, ապա ընտանիքը կքայքայվի»։ Այսպես են մտածում շատերը։ Հաճախ ամուսինները նման մտավախություն են ունենում, երբ իրենց կանայք որոշում են դառնալ Եհովայի վկա։ Որքանո՞վ է հիմնավոր այս տեսակետը։
Միանգամայն հասկանալի է, որ երբ կինը սկսում է հետաքրքրվել նոր կրոնով կամ որոշում է հրաժարվել այն կրոնական սովորություններից, որոնց երկար ժամանակ հետևել է, ամուսինը կարող է անհանգստանալ, հիասթափություն ապրել և նույնիսկ բարկանալ։
Սովորաբար առաջինը կանայք են փոխում իրենց կրոնը։ Եթե քո կինը Աստվածաշունչ է ուսումնասիրում Եհովայի վկաների օգնությամբ, ի՞նչ կարող ես ակնկալել։ Իսկ ի՞նչ կարող է անել կինը, որպեսզի մեղմի ամուսնու բարկությունը։
Ինչ կարող է ակնկալել ամուսինը
Համատեղ կյանքի 12 տարիներից հետո Մարկի կինը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ (Ավստրալիա)։ Մարկն ասում է. «Ես երջանիկ ամուսին էի և ունեի լավ աշխատանք, ապրում էինք բարեկեցիկ կյանքով։ Բայց երբ կինս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, խորապես մտահոգվեցի։ Սկզբում ոչ մի կերպ չէի համակերպվում, որ նա հետաքրքրվում է Աստվածաշնչով, իսկ երբ իմացա, որ որոշել է Եհովայի վկա դառնալ, ինձ մի պահ թվաց, թե մեր երջանիկ կյանքը սպառնալիքի տակ է»։
Մարկը մտածեց, որ եթե լուրջ քայլեր չձեռնարկի, իրենք կբաժանվեն։ Նա որոշեց, որ կինը պիտի դադարեցնի Աստվածաշնչի ուսումնասիրությունը և խզի Վկաների հետ իր բոլոր կապերը։ Սակայն անմտածված քայլեր անելու փոխարեն՝ մի որոշ ժամանակ սպասեց։ Ի՞նչ եղավ հետագայում։
Մարկը շարունակում է պատմել. «Ես ուրախ եմ, որ մեր ամուսնական միությունը ավելի է ամրացել։ Վերջին 15 տարիների ընթացքում, ինչ կինս դարձել է Եհովայի վկա, մենք ավելի ենք մտերմացել։ Եվ հիմնականում պատճառն այն է, որ կինս կիրառում է Աստվածաշնչի խորհուրդները։ Նա փորձում է միշտ հարգանքով վերաբերվել ինձ»։
Կանայք շահեցին ամուսինների սրտերը
Եթե Եհովայի վկա ես, ի՞նչ կարող ես անել կամ ասել, որպեսզի նվազագույնի հասցնես ամուսնուդ մտահոգությունները։ Տեսնենք, թե ինչ են ասում այս կապակցությամբ աշխարհի տարբեր մասերում ապրող կանայք, որոնց հաջողվել է շահել ամուսինների սրտերը։
Սակիկո (Ճապոնիա). «31 տարի է, ինչ ամուսնացած եմ և ունեմ երեք երեխա։ 22 տարի առաջ դարձա Եհովայի վկա։ Ինչ խոսք, այդքան էլ հեշտ չէ ապրել այնպիսի ամուսնու հետ, որը նույն կրոնական համոզմունքները չունի։ Սակայն ես ջանք եմ թափում կիրառելու աստվածաշնչային հետևյալ խորհուրդը՝ «արագ եղիր լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1։19)։ Փորձում եմ ամուսնուս հանդեպ բարի լինել և կատարել նրա ցանկությունները, երբ դրանք չեն հակասում Աստվածաշնչի սկզբունքներին։ Մենք երջանիկ ամուսիններ ենք»։
Նադեժդա (Ռուսաստան). «28 տարի է, ինչ ամուսնացած եմ։ Եհովայի վկա դարձել եմ 16 տարի առաջ։ Նախքան Աստվածաշունչ ուսումնասիրելը չեմ կարծել, թե ընտանիքի գլուխը պետք է ամուսինը լինի։ Ես սիրում էի որոշումները ինքնուրույն կայացնել։ Սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ Աստվածաշնչի խորհուրդները կիրառելը նպաստում է մեր ընտանիքի խաղաղությանն ու երջանկությանը (1 Կորնթացիներ 11։3)։ Աստիճանաբար կարողացա ավելի հեշտությամբ հնազանդվել ամուսնուս, և այս ամենը չվրիպեց նրա աչքից»։
Մարլի (Բրազիլիա). «Ունեմ երկու երեխա։ Մեր ամուսնությունից անցել է 21 տարի։ 16 տարի առաջ մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։ Քանի որ Եհովա Աստված ցանկանում է, որ ամուսինները միշտ միասին ապրեն և չբաժանվեն, փորձել եմ լավ կին լինել և խոսքով ու վարքով հաճեցնել թե՛ Եհովային, թե՛ ամուսնուս»։
Լարիսա (Ռուսաստան). «Երբ 19 տարի առաջ դարձա Եհովայի վկա, հասկացա, որ պետք է փոփոխություններ անեմ իմ կյանքում։ Ժամանակի ընթացքում ամուսինս նկատեց, որ Աստվածաշունչը դրական ազդեցություն է թողնում ինձ վրա, և որ ես ավելի շատ եմ գնահատում իրեն։ Սկզբում երեխաների դաստիարակության հետ կապված տարաձայնություններ ունեինք, սակայն կարողացանք ընդհանուր հայտարարի գալ։ Այժմ ամուսինս թույլ է տալիս, որ երեխաներին ինձ հետ տանեմ ժողովի հանդիպումների։ Նա ընդունում է, որ այնտեղ նրանք միայն օգտակար բաներ են սովորում»։
Վալկիրի (Բրազիլիա). «19 տարի է, ինչ ամուսնացած եմ և ունեմ մեկ երեխա։ 13 տարի առաջ դարձա Եհովայի վկա։ Սկզբում ամուսինս դեմ էր, որ գնամ քարոզչական ծառայության։ Սակայն միշտ փորձում էի մեղմորեն բացատրել, թե որքան կարևոր է մարդկանց սովորեցնել Աստծու Խոսքը, և նշում էի, որ այն ինձ վրա էլ է դրական ազդեցություն թողել։ Ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ ինձ համար շատ կարևոր է քարոզչական աշխատանքը։ Այսօր ամուսինս թիկունք է կանգնում ինձ այս հարցում։ Իսկ երբ գնում եմ հեռավոր գյուղեր Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու, նա նույնիսկ համաձայնվում է ինձ մեքենայով տանել և համբերատարությամբ սպասում է, մինչև որ վերջացնեմ ծառայությունս»։
Դրական արդյունքներ
Կինդ Աստվածաշո՞ւնչ է ուսումնասիրում Եհովայի վկաների օգնությամբ։ Մի՛ շտապիր եզրակացնել, որ ձեր ընտանիքը քայքայման եզրին է կանգնած։ Աշխարհի տարբեր մասերում ապրող շատ ամուսիններ համոզվել են, որ Աստվածաշնչի ուսումնասիրությունը դրական արդյունքներ է բերում։
Մի տղամարդ, որը Եհովայի վկա չէ, անկեղծորեն խոստովանում է. «Սկզբում ցավ ապրեցի, երբ կինս ընդունեց Եհովայի վկաների հավատը, բայց այսօր քաղում եմ իմ համբերատարության պտուղները»։ Մեկ ուրիշ ամուսին ասում է. «Կնոջս հավատարմության, վճռականության և անարատության շնորհիվ ես ամբողջությամբ փոխեցի կարծիքս Եհովայի վկաների մասին։ Մեր հարաբերություններն ավելի ամրացան։ Մենք ավելի ուշադիր ենք միմյանց նկատմամբ և մեր ամուսնությունը համարում ենք երկարատև միություն»։
[շրջանակ/նկար 13–րդ էջի վրա]
Ո՞րն է Եհովայի վկաների տեսակետը ամուսնության վերաբերյալ
Եհովայի վկաները ընդունում են, որ Աստվածաշունչը Աստծու ներշնչված Խոսքն է։ Ուստի լրջորեն են վերաբերվում այն խորհուրդներին, որոնք առնչվում են ամուսնությանը։ Տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչը պատասխանում հետևյալ հարցերին։
▪ Եհովայի վկաները իրենց կրոնի անդամներին խրախուսո՞ւմ են բաժանվել կողակցից, որը Վկա չէ։ Ո՛չ։ Պողոս առաքյալը գրել է. «Եթե որևէ եղբայր անհավատ կին ունի, և վերջինս համաձայն է ապրել նրա հետ, թող չթողնի նրան, և եթե որևէ կին անհավատ ամուսին ունի, և վերջինս համաձայն է ապրել նրա հետ, թող չթողնի իր ամուսնուն» (1 Կորնթացիներ 7։12, 13)։ Եհովայի վկաները հետևում են այս պատվերին։
▪ Եհովայի վկան արհամարհո՞ւմ է իր ամուսնուն, եթե վերջինս չունի նույն կրոնական համոզմունքները։ Ո՛չ։ Պետրոս առաքյալը գրել է. «Դո՛ւք, կանա՛յք, հպատակվե՛ք ձեր ամուսիններին, որպեսզի եթե ոմանք չհնազանդվեն խոսքին, առանց խոսքի շահվեն իրենց կանանց վարքով՝ իրենց աչքերով տեսնելով ձեր մաքուր վարքն ու խորը հարգանքը» (1 Պետրոս 3։1, 2)։
▪ Եհովայի վկաները սովորեցնո՞ւմ են, որ ամուսինը բացարձակ իշխանություն ունի իր ընտանիքում։ Ո՛չ։ Պողոս առաքյալը գրել է. «Ուզում եմ իմանաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը տղամարդն է, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված» (1 Կորնթացիներ 11։3)։ Քրիստոնյա կինը հարգում է իր ամուսնուն՝ համարելով նրան ընտանիքի գլուխ։ Սակայն ամուսնու իշխանությունը բացարձակ չէ։ Նա հաշվետու է Աստծու և Քրիստոսի առաջ։ Հետևաբար եթե ամուսինը պատվիրում է կնոջը անել մի բան, որով կխախտի Աստծու օրենքը, վերջինս կիրառում է հետևյալ խորհուրդը. «Մարդկանց հնազանդվելու փոխարեն՝ մենք պետք է Աստծո՛ւն հնազանդվենք որպես ղեկավարի» (Գործեր 5։29)։
▪ Եհովայի վկաները սովորեցնո՞ւմ են, որ չի կարելի ամուսնալուծվել։ Ո՛չ։ Հիսուս Քրիստոսն ասել է. «Ես ասում եմ ձեզ. ով որ իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության [սեռական անբարոյության] պատճառի և մեկ ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում» (Մատթեոս 19։9)։ Հետևաբար, Եհովայի վկաները ընդունում են, որ ամուսնալուծվելու միակ հիմքը անբարոյությունն է, և ցանկացած անհիմն պատճառով չեն ամուսնալուծվում։ Նրանք իրենց կրոնի անդամներին հորդորում են հետևել Հիսուսի այս խոսքերին. «Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն.... Ուրեմն, ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։5, 6)։