Մեր ընթերցողները հարցնում են
Արդյոք միայն Եհովայի վկանե՞րն են փրկվելու
Եհովայի վկաները համոզված են, որ գտել են ճշմարիտ կրոնը։ Հակառակ դեպքում նրանք կփոխեին իրենց դավանանքը։ Ինչպես մյուս կրոնների անդամները, այնպես էլ Եհովայի վկաները հույս ունեն, որ կփրկվեն։ Բայցևայնպես, նրա՛նք չեն որոշում, թե ով է արժանի փրկության։ Դատավորը Աստված է։ Նա է որոշում, թե ով է փրկվելու (Եսայիա 33։22)։
Աստծու Խոսքը ցույց է տալիս, որ փրկվելու համար անհրաժեշտ է ոչ միայն ցանկություն ունենալ, այլև համագործակցել Փրկչի հետ։ Բերենք օրինակ. ենթադրենք ճանապարհորդը մոլորվել է անապատում։ Սակայն նա հուսահատված է, քանի որ չի կարող ինքնուրույն գտնել ճանապարհը։ Նա կմահանա, թե կփրկվի՝ կախված է այն բանից, թե ինչպես կարձագանքի տրված օգնությանը։ Եթե հպարտ է, կմերժի փրկարարի օգնությունը։ Իսկ եթե խոնարհ է, կընդունի այն և ապահով տեղ կհասնի։
Նմանապես, փրկվելու են նրանք, ովքեր համագործակցում են Փրկարարի՝ Եհովա Աստծու հետ։ Ճիշտ է, փրկությունը պարգև է Աստծուց, սակայն ոչ բոլոր մարդիկ են այն ստանալու։ Աստծու որդին՝ Հիսուսը, ասաց. «Ոչ թե ամեն ոք, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է» (Մատթեոս 7։21)։
Եհովայի վկաները հավատում են, որ Աստված փրկելու է միայն նրանց, ովքեր հավատ են ցուցաբերում Հիսուսի քավիչ զոհաբերությանը և ճշգրտորեն հետևում են նրա ուսմունքներին (Գործեր 4։10–12)։ Քննենք փրկության համար անհրաժեշտ երեք պահանջներ, որոնց մասին խոսվում է Աստվածաշնչում։
1) Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար մեջ սեր ունենաք» (Հովհաննես 13։35)։ Նա իր օրինակով ընդգծեց սիրո կարևորությունը, երբ իր կյանքը զոհաբերեց հանուն մարդկության։ Նրանք, ովքեր սիրում են ուրիշներին, ցուցաբերում են այնպիսի մի հատկություն, որը շատ կարևոր է փրկության համար։
2) Իր հորն աղոթելիս Հիսուսն ասաց. «Ես ճանաչեցրի նրանց քո անունը» (Հովհաննես 17։26)։ Հիսուսը գիտեր, թե Աստված որքան կարևոր է համարում իր անձնական անունը՝ Եհովա։ Նա աղոթեց, որ իր Հոր անունը «սրբացվի» (Մատթեոս 6։9)։ Մենք կսրբացնենք Հոր անունը, եթե իմանանք այդ անունը և սուրբ ու կարևոր համարենք այն։ Նրանք, ովքեր ցանկանում են փրկվել, պետք է հետևեն Հիսուսի օրինակին և Աստծուն իր անունով դիմեն։ Նաև ուրիշներին պետք է հայտնեն Նրա անունը և սովորեցնեն նրա հատկությունների մասին (Մատթեոս 28։19, 20)։ Իրականում փրկվելու են միայն նրանք, ովքեր կկանչեն Աստծու անունը (Հռոմեացիներ 10։13)։
3) Պոնտացի Պիղատոսին Հիսուսն ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ» (Հովհաննես 18։36)։ Այսօր շատերն Աստծու Թագավորության վրա հույս դնելու փոխարեն՝ հավատում են մարդկային կազմակերպություններին։ Ի տարբերություն այս մարդկանց՝ նրանք, ովքեր ցանկանում են փրկվել, հավատարմորեն թիկունք են կանգնում Աստծու Թագավորությանը և բոլորին սովորեցնում են, թե ինչպես է այն փրկելու հավատարիմ մարդկանց (Մատթեոս 4։17)։
Երբ Հիսուսի աշակերտները իմացան, թե ինչ է անհրաժեշտ փրկության համար, հարցրին նրան. «Այդ դեպքում ո՞վ կարող է փրկվել»։ Նա ասաց. «Ինչ որ մարդկանց համար անհնար է, Աստծու համար հնարավոր է» (Ղուկաս 18։18–30)։ Եհովայի վկաները փորձում են կատարել այդ պահանջները, որպեսզի փրկության արժանանան։ Նրանք նաև ջանում են ուրիշներին օգնել՝ կանգնելու փրկության ճանապարհին։