«Հետամուտ լինենք խաղաղության»
ՆՈՐ գցված ճանապարհը թվում է շատ ամուր։ Կարծես այն երբեք չի վնասվի։ Ժամանակի ընթացքում, սակայն, կարող են առաջանալ ճեղքեր ու փոսեր։ Հարկավոր է դրանք փակել, որպեսզի երթևեկությունը անվտանգ լինի, և ճանապարհը շարքից դուրս չգա։
Մարդկանց փոխհարաբերությունները կարելի է համեմատել ճանապարհի հետ։ Այդ «ճանապարհի» վրա երբեմն գուցե առաջանան «ճեղքեր» և «փոսեր»։ Պողոս առաքյալը գիտեր, որ հռոմեացի քրիստոնյաների միջև տարակարծություններ կան։ Նա խորհուրդ տվեց. «Եկեք հետամուտ լինենք այն բաներին, որոնք խաղաղություն են բերում և նպաստում են միմյանց կերտելուն» (Հռոմ. 14։13, 19)։ Ինչո՞ւ է անհրաժեշտ «հետամուտ լինել խաղաղության», և ինչպե՞ս կարող ենք դա անել։
Ինչո՞ւ պետք է հետամուտ լինենք խաղաղության
Եթե ճանապարհի փոքր ճեղքերը անուշադրության մատնվեն, դրանք կմեծանան ու վտանգավոր փոսեր կդառնան։ Նման բան կարող է տեղի ունենալ նաև այն դեպքում, երբ չենք լուծում անձնական տարաձայնությունները։ Հովհաննես առաքյալը գրեց. «Եթե մեկը պնդում է, թե՝ «ես սիրում եմ Աստծուն», մինչդեռ ատում է իր եղբորը, նա ստախոս է։ Քանզի նա, ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսնում» (1 Հովհ. 4։20)։ Չլուծված անձնական խնդիրները կարող են ի վերջո պատճառ լինել, որ քրիստոնյան ատի իր եղբորը։
Հիսուս Քրիստոսը բացատրեց, որ Եհովան չի ընդունի իրեն մատուցված երկրպագությունը, եթե մենք խաղաղություն չունենանք ուրիշների հետ։ Նա իր աշակերտներին ասաց. «Հետևաբար, եթե քո ընծան տանես զոհասեղանի մոտ և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ ինչ–որ բան ունի, թո՛ղ ընծադ զոհասեղանի դիմաց և գնա՛, նախ հաշտվիր քո եղբոր հետ և հետո, երբ վերադառնաս, մատուցիր քո ընծան» (Մատթ. 5։23, 24)։ Այո՛, մենք խաղաղության ենք ձգտում գլխավորապես այն պատճառով, որ ուզում ենք հաճելի լինել Եհովա Աստծունa։
Փիլիպպեի ժողովում ստեղծված մի իրավիճակ ի հայտ է բերում մեկ ուրիշ պատճառ, թե ինչու պետք է հետամուտ լինենք խաղաղության։ Երկու քրիստոնյա կանանց՝ Եվոդիայի և Սյունտիքի միջև ինչ–որ խնդիր կար, և դա ակներևաբար սպառնում էր ամբողջ ժողովի խաղաղությանը (Փիլիպ. 4։2, 3)։ Տեսնում ենք, որ չլուծված անձնական տարաձայնությունը կարող է ներգրավել շատերին։ Քանի որ ուզում ենք ժողովում պահպանել սիրո և միասնության մթնոլորտ, մենք կձգտենք խաղաղ փոխհարաբերություններ ունենալ հավատակիցների հետ։
«Երջանիկ են նրանք, ովքեր խաղաղարար են»,— ասաց Հիսուսը (Մատթ. 5։9)։ Խաղաղության հետամուտ լինելը բերում է ուրախություն և գոհունակություն։ Այն նաև նպաստում է լավ առողջությանը։ Առակաց 14։30–ում կարդում ենք. «Մարմնին կեանք է մի հանդարտ սիրտը»։ Եվ հակառակը՝ եթե շարունակում ենք վրդովված մնալ, ապա դա, ըստ ամենայնի, լավ չի անդրադառնում մեր առողջության վրա։
Քրիստոնյաների մեծամասնությունն ընդունում է, որ հարկավոր է ձգտել խաղաղության։ Բայց գուցե հարց առաջանա. «Ինչպե՞ս լուծեմ անձնական տարաձայնությունը»։ Քննենք մի քանի սուրբգրային սկզբունքներ, որոնք կօգնեն մեզ։
Հանդարտ զրույցը վերականգնում է խաղաղությունը
Ճանապարհածածկի մանր ճեղքերը հաճախ կարելի է վերացնել՝ դրանք լցնելով համապատասխան նյութով։ Պետրոս առաքյալը գրեց, որ «սերը ծածկում է մեղքերի շատությունը» (1 Պետ. 4։8)։ Կարո՞ղ ենք «ծածկել»՝ ներել, մեր եղբայրների և քույրերի մանր թերացումները։ Առաքյալի այս խորհուրդը գործնական է գրեթե բոլոր դեպքերում։
Սակայն երբեմն թվում է՝ խնդիրը շատ լուրջ է, և մենք չենք կարող դա անտեսել։ Քննենք մի դեպք, որը պատահեց կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ իսրայելացիները մտան Ավետյաց երկիր։ «Ռուբէնի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասէի կէս ցեղը», նախքան կանցնեին Հորդանան գետով, շինեցին «մի մեծ [զոհա]սեղան»։ Իսրայելի մյուս ցեղերը ենթադրեցին, որ այդ զոհասեղանը կռապաշտության համար է, ուստի չէին կարող անտեսել այդ բանը։ Նրանք պատրաստվեցին պատերազմի այդ ցեղերի դեմ (Յեսու 22։9–12)։
Որոշ իսրայելացիներ գուցե կարծեին, որ նրանց սխալն ակնհայտ է, ու պատերազմելու բավարար հիմքեր ունեն, և զոհերի թիվը քիչ կլինի, եթե անսպասելի հարձակվեն։ Սակայն հապշտապ գործելու փոխարեն՝ Հորդանանի արևմտյան կողմի ցեղերը պատվիրակներ ուղարկեցին իրենց եղբայրների մոտ՝ խնդիրը քննելու։ Նրանք ասացին. «Դա ի՞նչ մեղք է որ դուք Իսրայէլի Աստուծոյ դէմ գործեցիք՝ այսօր Տէրիցը խոտորուելով, եւ այսօր Տիրոջ դէմ ապստամբութիւն անելով»։ Բայց իրականում զոհասեղան կառուցած ցեղերը մեղք չէին գործել։ Իսկ ինչպե՞ս նրանք արձագանքեցին այդ մեղադրանքին։ Բարկացա՞ծ պատասխանեցին պատվիրակներին։ Չցանկացա՞ն այլևս խոսել նրանց հետ։ Ո՛չ, նրանք պատասխանեցին մեղմությամբ՝ հստակորեն ցույց տալով, որ իրենց գործողությունների հիմքում ընկած է եղել Եհովային ծառայելու ցանկությունը։ Նման արձագանքը նպաստեց Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունների պահպանմանը և փրկեց կյանքեր։ Հանդարտ քննարկման շնորհիվ խնդիրը պարզվեց, և խաղաղությունը վերականգնվեց (Յեսու 22։13–34)։
Նախքան լուրջ քայլ անելը իսրայելացիները, իմաստություն դրսևորելով, խնդիրը քննարկեցին Ռուբենի, Գադի և Մանասեի կես ցեղերի հետ։ Աստծու Խոսքն ասում է. «Մի շտապիր հոգովդ բարկանալու, որովհետեւ բարկութիւնը յիմարների ծոցումն է հանգչում» (Ժող. 7։9)։ Անձնական տարաձայնությունները լուծելու սուրբգրային եղանակը հանդարտ ու անկեղծ քննարկումն է։ Մի՞թե կարող ենք ակնկալել, որ Եհովան օրհնի մեզ, եթե շարունակենք վրդովված մնալ և չփորձենք պարզել խնդիրը այն մարդու հետ, ով, մեր կարծիքով, վիրավորել է մեզ։
Իսկ ի՞նչ կարող ենք անել, եթե հավատակիցը մոտենում է մեզ ու մեղադրում է ինչ–որ բանում, հնարավոր է՝ նույնիսկ անհիմն կերպով։ «Մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը»,— գրված է Աստվածաշնչում (Առակ. 15։1)։ Երկու և կես ցեղերը մեղմությամբ, բայցև հստակորեն բացատրեցին եղելությունը և այդպես կարողացան լուծել մեծ լարվածություն ստեղծած խնդիրը։ Անկախ նրանից՝ մենք ենք մոտենում մեր եղբորը, թե նա է մոտենում մեզ որևէ խնդրով՝ լավ կանենք, որ ինքներս մեզ հարցնենք. «Ինչպիսի՞ բառերը, ձայնի տոնը և պահվածքը առավելագույնս կնպաստեն խաղաղությանը»։
Թող քեզնից իմաստուն խոսքեր դուրս գան
Եհովան գիտի, որ մենք կարիք ունենք արտահայտվելու մեզ հուզող խնդիրների մասին։ Եթե չենք հարթում խնդիրը, ապա, ըստ ամենայնի, կցանկանանք մեր սիրտը բացել ուրիշի առաջ։ Սրտում պահված վրդովմունքը հեշտությամբ կարող է դրդել մեզ, որ քննադատաբար խոսենք։ Սխալ խոսքերի մասին Առակաց 11։11–ում ասվում է. «Ամբարիշտների բերանովը [քաղաքը] կ’կործանուի»։ Նույն ձևով էլ, երբ հավատակցի մասին անխոհեմ բաներ ենք ասում, «քաղաքանման» ժողովի խաղաղությունը խաթարվում է։
Խաղաղության հետամուտ լինել, սակայն, չի նշանակում ընդհանրապես չխոսել եղբայրների և քույրերի մասին։ Պողոս առաքյալը հավատակիցներին հետևյալ խորհուրդը տվեց. «Թող ոչ մի նեխած [կամ՝ չար] խոսք դուրս չգա ձեր բերանից, այլ միայն բարի խոսք դուրս գա հարկ եղած դեպքում կերտելու համար, որպեսզի օգտակար բաներ հաղորդի լսողներին..... Բայց դուք մեկդ մյուսիդ հանդեպ եղեք բարի, խորապես կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար» (Եփես. 4։29–32)։ Ենթադրենք՝ քեզ մոտենում է մի եղբայր կամ քույր, ով նեղացել է քեզնից։ Մի՞թե ավելի հեշտ չի լինի քեզ համար ներողություն խնդրել և խաղաղությունը վերականգնել, եթե նա քո մասին ուրիշների հետ միշտ լավն է խոսել։ Ուստի ամեն ժամանակ հավատակիցների մասին կերտիչ խոսքեր ասելով՝ մենք կկարողանանք վերականգնել խաղաղությունը, երբ տարաձայնություններ ծագեն (Ղուկ. 6։31)։
Ծառայենք Աստծուն «ուս ուսի»
Ադամից ժառանգած մեղքի պատճառով մենք հակված ենք խուսափելու՝ «զատվելու» նրանցից, ովքեր վիրավորել են մեզ։ Բայց դա խելամիտ չէ (Առակ. 18։1, ԱԱ, ծնթ.)։ Մենք, լինելով Եհովայի անունը կանչող ժողովուրդ, վճռական ենք «ուս ուսի» ծառայելու մեր Աստծուն (Սոփ. 3։9, ՆԱ)։
Երբեք չպետք է թույլ տանք, որ ուրիշների պատճառով թուլանա մեր եռանդը ծառայության մեջ։ Քննենք հետևյալ օրինակը։ Մի քանի օր էր մնացել, որ Հիսուսը իր կյանքը զոհաբերի։ Այդ զոհագործությունը փոխարինելու էր տաճարում կատարվող նվիրաբերություններին։ Բացի այդ, նա նոր էր խստորեն քննադատել դպիրներին։ Եվ հենց այդ ժամանակ Հիսուսը նկատեց, որ մի աղքատ այրի «ապրուստի իր ունեցած բոլոր միջոցները» գցեց տաճարի գանձանակը։ Փորձե՞ց նա կանգնեցնել կնոջը։ Ո՛չ։ Ավելին, նա դրականորեն արտահայտվեց այդ կնոջ մասին, որովհետև նա հավատարմորեն աջակցում էր Եհովայի՝ այդ ժամանակվա ժողովին (Ղուկ. 21։1–4)։ Մյուսների անարդար գործերը պատճառ չէին այրու համար, որ չկատարի Եհովայի երկրպագությանն աջակցելու իր պարտականությունը։
Գուցե, ըստ մեզ, եղբայրը կամ քույրը անպատշաճ, նույնիսկ անարդար կերպով է վարվել մեզ հետ։ Ինչպե՞ս կարձագանքենք։ Թույլ կտա՞նք, որ դա ազդի մեր անմնացորդ ծառայության վրա։ Թե՞ առանց տատանվելու քայլեր կձեռնարկենք՝ լուծելու ցանկացած խնդիր, որպեսզի պահպանենք Աստծու ժողովի խաղաղությունը, որը շատ թանկ է։
Աստծու Խոսքը մեզ ասում է. «Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղությո՛ւն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (Հռոմ. 12։18)։ Եկեք ամեն ինչ անենք այս հորդորին հետևելու համար և այդպիսով՝ ապահով կընթանանք կյանքի տանող ճանապարհով։
[ծանոթագրություն]
a Մատթեոս 18։15–17-ում Հիսուսի տված խորհրդի վերաբերյալ տե՛ս «Դիտարան», 1999, նոյեմբերի 1, էջ 14–19 [1999, հոկտեմբերի 15, էջ 17–22, ռուս.]։
[նկար 17–րդ էջի վրա]
Եվոդիան և Սյունտիքը կարիք ունեին հետամուտ լինելու խաղաղության
[նկար 18–րդ էջի վրա]
Ինչպիսի՞ բառերը, ձայնի տոնը և պահվածքը առավելագույնս կնպաստեն խաղաղությանը