Պինդ կբռնե՞ս քո անարատությունը
«Մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը [«անարատությունը», ՆԱ]» (ՅՈԲ 27։5)։
1, 2. Ի՞նչ պետք է «կառուցենք» և ի՞նչ հարցեր կքննենք։
ՔՈ ՁԵՌՔՈՒՄ ապագա տան նախագիծն է։ Դու զննում ես այն և հիանում։ Հաճույքով պատկերացնում ես, թե ընտանիքիդ հետ ինչպես ես վայելելու տունը։ Կհամաձայնես, որ այդ նախագիծը և դրա հետ կապված քո բոլոր մտքերը թերևս իզուր կլինեն, եթե չկառուցես տունը, չապրես այնտեղ և այն չպահպանես։
2 Հնարավոր է՝ մտածում ենք, որ անարատությունը շատ կարևոր հատկություն է և կարող է մեզ ու մեր հարազատներին շատ օգուտներ բերել։ Բայց այդ հատկությունն ընդամենը կարևորելը առանձնապես օգուտ չի տա. մենք այն պետք է «կառուցենք» և «պահպանենք»։ Այսօր տուն կառուցելու համար մեծ ծախսեր են պահանջվում (Ղուկ. 14։28, 29)։ Նմանապես, անարատություն կառուցելը «ծախսեր»՝ ժամանակ ու ջանքեր է պահանջում, բայց այդպիսի ծախսերը իզուր չեն։ Այժմ քննենք երեք հարց՝ «ինչպե՞ս կարող ենք անարատ լինել», «ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր անարատությունը» և «ի՞նչ կարող է անել անհատը, եթե մի որոշ ժամանակ անարատ չի մնացել»։
Ինչպե՞ս կարող ենք անարատ լինել
3, 4. ա) Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ «կառուցելու» անարատություն։ բ) Հիսուսի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել, որ կառուցենք մեր անարատությունը։
3 Նախորդ հոդվածում տեսանք, որ Եհովան մեզ հնարավորություն է տալիս որոշելու՝ անարատ լինել, թե՝ ոչ։ Անշուշտ, նա ուզում է, որ մենք անարատ լինենք, ուստի սովորեցնում է, թե ինչպես կառուցենք այդ անգին հատկությունը, և առատորեն տալիս է իր սուրբ ոգին, որը մեզ օգնում է ապրել մեր սովորածի համաձայն (Ղուկ. 11։13)։ Եհովան նաև հոգևորապես պաշտպանում է մեզ, եթե ձգտում ենք քայլել անարատությամբ (Առակ. 2։7)։
4 Իսկ ինչպե՞ս է Աստված մեզ անարատություն սովորեցնում։ Գլխավորապես իր Որդու՝ Հիսուսի օրինակով։ Քրիստոսը կատարելապես հնազանդվեց իր Հորը։ Նա «հնազանդ եղավ մինչև մահ» (Փիլիպ. 2։8)։ Իր բոլոր գործերում, անգամ ծայրաստիճան դժվար իրավիճակներում, Հիսուսը հնազանդվեց իր երկնային Հորը։ Նա Եհովային ասաց. «Ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի» (Ղուկ. 22։42)։ Յուրաքանչյուրս կարող է ինքն իրեն հարցնել. «Հիսուսի պես հնազա՞նդ եմ»։ Ճիշտ մղումներով հնազանդվելով՝ մենք կկարողանանք անարատ լինել։ Հնազանդությունը առանձնապես կարևոր է մի քանի դեպքերում։ Եկեք քննենք դրանք։
5, 6. ա) Ինչպե՞ս Դավիթը շեշտեց, որ մենակ լինելիս նույնպես հարկավոր է ընթանալ անարատությամբ։ բ) Ինչպե՞ս կարող է փորձվել քրիստոնյաների անարատությունը, երբ նրանք մենակ են։
5 Օրինակ՝ մենք պետք է հնազանդվենք Եհովային մենակ լինելիս։ Սաղմոսերգու Դավթի համար կարևոր էր անարատ մնալ, երբ մենակ էր (կարդա՛ Սաղմոս 101։2a)։ Նա թագավոր էր և շատ էր լինում մարդկանց մեջ։ Անկասկած, հաճախ նրա կողքին եղել են հարյուրավոր, նույնիսկ հազարավոր մարդիկ (համեմատի՛ր Սաղմոս 26։12)։ Այդ ժամանակ անարատություն պահելը շատ կարևոր էր, քանի որ թագավորը պետք է լավ օրինակ լիներ ժողովրդի համար (Բ Օրին. 17։18, 19)։ Սակայն Դավիթը գիտեր, որ մենակ լինելիս էլ՝ «իր տան մեջ», ինքը պետք է «քայլի» անարատությամբ։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել մեր մասին։
6 Դավիթն ասաց. «Իմ աչքի առաջին չար բան չեմ դնիլ» (Սաղ. 101։3)։ Այսօր «չար բաները» շատ հեշտությամբ կարող են հայտնվել մեր առջև, մասնավորապես երբ մենակ ենք։ Այս առումով Ինտերնետը շատերին տհաճ անակնկալներ է մատուցում։ Կասկածելի բովանդակություն ունեցող և անգամ պոռնկագրական նյութերը շատ մատչելի են։ Մի՞թե նման բաներ դիտելով ցույց ենք տալիս, որ հնազանդվում ենք Աստծուն, որը Դավթին ներշնչեց գրելու վերոհիշյալ խոսքերը։ Պոռնկագրությունը վնասակար է. այն բորբոքում է սխալ և անզուսպ ցանկություն, վնասում է խիղճը, քանդում է ամուսնությունը, նվաստացնում է մարդուն (Առակ. 4։23; 2 Կորնթ. 7։1; 1 Թեսաղ. 4։3–5)։
7. Ի՞նչը հիշելը կօգնի մեզ անարատությամբ քայլելու, երբ մենակ ենք։
7 Անշուշտ, Եհովայի ծառան իրականում երբեք մենակ չէ։ Մեր սիրառատ Հոր հայացքը մեզ վրա է (կարդա՛ Սաղմոս 11։4)։ Ի՜նչ լավ է զգում նա՝ տեսնելով, որ դու գայթակղությանը դիմադրում ես։ Վարվելով այսպես՝ դու հետևում ես Հիսուսի խոսքերին, որ գրված են Մատթեոս 5։28–ում։ Վճռականորեն մերժիր այն պատկերները, որոնք կարող են քեզ դրդել սխալ արարքի։ Մի փոխանակիր քո թանկ անարատությունը թեկուզ մեկ անգամ պոռնկագրություն դիտելու կամ կարդալու հետ։
8, 9. ա) Ինչպե՞ս փորձվեց Դանիելի ու նրա ընկերների անարատությունը։ բ) Պատանի քրիստոնյաներն ինչպե՞ս են այսօր ուրախացնում Եհովային և իրենց հավատակիցներին։
8 Մեր անարատությունը երևում է այն բանից, որ շրջապատված լինելով մեր հավատը չընդունող մարդկանցով՝ շարունակում ենք հնազանդվել Եհովային։ Քննենք Դանիելի և նրա երեք ընկերների օրինակը։ Պատանեկան հասակում նրանց գերեցին ու տարան Բաբելոն։ Այնտեղ նրանք շրջապատված էին այլադավան մարդկանցով, որոնք Եհովայի մասին քիչ բան գիտեին կամ ընդհանրապես ոչինչ չգիտեին։ Չորս եբրայեցիները փորձության ենթարկվեցին. նրանց առաջարկեցին սնվել այնպիսի կերակրատեսակներով, որոնք արգելված էին Աստծու Օրենքով։ Պատանիները կարող էին ուտել դրանք և «համոզիչ» պատճառաբանություններ բերել իրենց արարքի համար։ Բացի այդ, նրանց ծնողները, Իսրայելի ծերերը և քահանաները չէին կարող իմանալ այդ մասին։ Իսկ ո՞վ կիմանար։ Եհովան։ Ուստի նրանք, չնայած ճնշմանն ու վտանգին, հաստատ վճռեցին հնազանդ մնալ Աստծուն (Դան. 1։3–9)։
9 Ամբողջ աշխարհում պատանի Եհովայի վկաները նման վճռականություն են դրսևորում՝ կառչած մնալով Աստծու չափանիշներին և թույլ չտալով, որ հասակակիցների ճնշումը ազդի իրենց վրա։ Տղանե՛ր և աղջիկնե՛ր, երբ դուք մերժում եք թմրանյութերը, բռնությունը, հայհոյանքը, անբարոյությունը և այլ սխալ բաներ, դուք հնազանդվում եք Եհովային։ Դուք անարատություն եք պահում։ Անարատությամբ քայլելով՝ դուք շահում եք, բացի այդ, ուրախացնում եք Եհովային և ձեր հավատակիցներին (Սաղ. 110։3)։
10. ա) Պոռնկության վերաբերյալ ո՞ր սխալ տեսակետները կարող են պատանիների անարատությունը հարցականի տակ դնել։ բ) Ինչպե՞ս է անարատությունը օգնում մեզ հեռու մնալու պոռնկությունից։
10 Մենք գիտենք, որ Աստծու Խոսքը արգելում է պոռնկությունը։ Անշուշտ, մենք ուզում ենք հնազանդ լինել Եհովային նաև այս հարցում։ Սակայն հնազանդ անհատը հեշտությամբ կարող է հանդուրժող դառնալ։ Օրինակ՝ որոշ տղաներ և աղջիկներ զբաղվում են բերանային (օրալային), հետանցքային (անալային) սեքսով կամ գրգռում են միմյանց սեռական օրգանները՝ մտածելով, որ նման գործողությունները սխալ չեն, քանի որ, ինչպես իրենք են կարծում, իրականում չեն զբաղվում սեքսով։ Նրանք մոռանում են կամ գուցե ցանկանում են անտեսել, որ «պոռնկություն» թարգմանված աստվածաշնչային բառի իմաստի մեջ մտնում են այդ բոլոր գործողությունները։ Նման սխալ վարքի համար քրիստոնյան կարող է զրկվել ընկերակցությունիցb։ Բայց որ ավելի վատ է, նրանք չեն տեսնում անարատ մնալու անհրաժեշտությունը։ Քանի որ մենք ջանում ենք անարատ լինել, սողանցքներ չենք փնտրում։ Մենք չենք փորձում տեսնել, թե որքան կարող ենք մոտենալ մեղքին՝ մնալով անպատիժ։ Մենք չենք կենտրոնանում զուտ այն բանի վրա, թե ինչ միջոցներ կձեռնարկի ժողովը, եթե անցնենք սահմանը։ Փոխարենը՝ ջանում ենք անել Եհովային հաճելի բաները և չանել այնպիսի բաներ, որոնք կվիրավորեն նրա զգացմունքները։ Մենք հեռու ենք մնում մեղքից և «փախչում ենք պոռնկությունից» (1 Կորնթ. 6։18)։ Այդպիսով՝ ցույց ենք տալիս, որ իսկապես անարատ ենք։
Ինչպե՞ս կարող ենք պահել մեր անարատությունը
11. Հնազանդության ամեն մի դրսևորում ինչո՞ւ է կարևոր։ Բացատրիր։
11 Մեր անարատությունը մենք կառուցում ենք մեր հնազանդությամբ։ Հետևաբար, եթե ամեն ժամանակ հնազանդ լինենք, ապա կկարողանանք անարատ մնալ։ Մեկ անգամ հնազանդ լինելը գուցե աննշան բան թվա։ Բայց ժամանակի ընթացքում «հնազանդությունները» ավելանում են, և, ի վերջո, կառուցվում է քրիստոնյայի անարատությունը։ Լուսաբանենք օրինակով։ Գուցե թվա, թե մեկ աղյուսը ոչ մի նշանակություն չունի, բայց եթե շատ աղյուսներ զգուշորեն շարենք իրար վրա, ապա ի վերջո մի գեղեցիկ տուն կկառուցենք։ Ուստի, շարունակելով հնազանդ լինել, մենք պահպանում ենք մեր անարատությունը (Ղուկ. 16։10)։
12. Անարատություն պահելու ի՞նչ օրինակ է թողել Դավիթը՝ չնայած վատ վերաբերմունքին և անարդարությանը։
12 Անարատ ենք, թե՝ ոչ, հատկապես երևում է այն ժամանակ, երբ դժվարության մեջ ենք, մեզ վատ են վերաբերվում, կամ անարդարության ենք բախվում։ Քննենք Դավթի օրինակը։ Երիտասարդ տարիներին նա հալածվում էր Սավուղ թագավորի կողմից, որին Եհովան էր նշանակել։ Սավուղը, որ արդեն կորցրել էր Նրա բարեհաճությունը, շատ էր նախանձում Դավթին, ում Աստված հավանել էր։ Թագավորը իր զորքով հետապնդում էր Դավթին։ Եհովան թույլ տվեց, որ այդ անարդարությունը շարունակվի մի քանի տարի։ Արդյո՞ք Դավիթը սկսեց դժգոհել Աստծուց։ Եզրակացրե՞ց, որ իմաստ չունի տոկալ։ Ընդհակառակը։ Նա շարունակեց մեծ հարգանք դրսևորել Սավուղի դիրքի հանդեպ՝ չմոռանալով, որ նա Աստծու օծյալն է։ Դավիթը չցանկացավ վրեժ առնել թագավորից, երբ դրա համար հնարավորություն ստեղծվեց։ Նա պահեց իր անարատությունը (Ա Թագ. 24։3–8)։
13. Ինչպե՞ս կարող ենք անարատ մնալ, եթե հիասթափվել կամ վիրավորվել ենք։
13 Դավթի օրինակը շատ բան է մեզ ասում։ Քանի որ անկատար ենք, բացառված չէ, որ իրար հանդեպ անարդար վարվենք։ Կամ ինչ–որ մեկը գուցե անհավատարիմ դառնա։ Անշուշտ, մեծ օրհնություն է ապրել այն ժամանակներում, երբ Եհովայի ժողովրդին ոչ ոք և ոչինչ չի կարող ապականել (Ես. 54։17)։ Այդուհանդերձ, ինչպե՞ս կարձագանքենք, եթե մեր հավատակիցներից մեկը հիասթափեցնի մեզ կամ վիրավորի։ Եթե թույլ տանք, որ նրա հանդեպ ունեցած դառնության զգացումը թունավորի մեր սիրտը, այդ դեպքում արդեն գուցե անարատ չլինենք Աստծու աչքում։ Ուրիշների վարքը երբեք արդարացում չէ, որ բարկանանք Եհովայի վրա կամ անհավատարիմ ընթացք բռնենք (Սաղ. 119։165)։ Եթե դիմանանք փորձություններին, կկարողանանք շարունակել մեր անարատ ընթացքը։
14. Անարատությամբ ընթացողները ինչպե՞ս են արձագանքում կազմակերպական փոփոխություններին կամ ուսմունքային ճշգրտումներին։
14 Մենք կարող ենք նաև անարատ լինել՝ խուսափելով քննադատական ոգուց։ Այդպես ցույց կտանք, որ հավատարիմ ենք Եհովային։ Նա այժմ իր ժողովրդին օրհնում է այնպես, ինչպես որ նախկինում երբեք չի օրհնել։ Ճշմարիտ երկրպագությունը ամբողջ պատմության ընթացքում երկրի վրա այնպես չի ծաղկել, ինչպես մեր օրերում (Ես. 2։2–4)։ Երբ Աստվածաշնչի համարների բացատրության վերաբերյալ ճշգրտումներ են արվում, կամ կազմակերպական փոփոխություններ են լինում, մենք ուզում ենք ընդունել դրանք։ Մենք ուրախությամբ ենք դիտում, թե ինչպես է հոգևոր լույսը շարունակում պայծառանալ (Առակ. 4։18)։ Եթե չենք հասկանում փոփոխության պատճառը, ապա խնդրում ենք Եհովային օգնել մեզ։ Իսկ մինչ այդ շարունակում ենք տոկալ ու հնազանդվել՝ պահելով մեր անարատությունը։
Եթե քրիստոնյան անարատություն չի պահում
15. Միայն ո՞վ կարող է քեզ զրկել անարատությունից։
15 Նախորդ հոդվածից իմացանք, որ անարատությունը անչափ կարևոր հատկություն է։ Առանց դրա՝ չկա փոխհարաբերություն Եհովայի հետ, չկա իրական հույս։ Միշտ հիշի՛ր. ամբողջ տիեզերքում միայն մեկ անձնավորություն կարող է զրկել քեզ անարատությունից։ Այդ անձնավորությունը դու ես։ Հոբը շատ լավ էր հասկանում այս բանը։ Նա ասաց. «Մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը [«անարատությունը», ՆԱ]» (Յոբ 27։5)։ Եթե դու ունենաս Հոբի վճռականությունը և եթե Եհովայի հետ միշտ մտերիմ լինես, ապա երբեք քո անարատությունը չես կորցնի (Հակ. 4։8)։
16, 17. Եթե անհատը լուրջ մեղք է գործում, ի՞նչ անելը ա) սխալ կլինի, բ) ճիշտ կլինի։
16 Ոմանք, սակայն, կորցրել են իրենց անարատությունը։ Ինչպես որ առաքյալների ժամանակներում էր, այսօր էլ ոմանք լուրջ մեղք գործելու սովորություն ունեն։ Եթե սա վերաբերում է քեզ, ապա կարելի՞ է ասել, որ քո իրավիճակն անհույս է։ Անպայման չէ։ Իսկ ի՞նչ կարող ես անել։ Նախքան այս հարցին անդրադառնալը տեսնենք, թե ինչ չպետք է անես։ Մարդը հակված է իր սխալը թաքցնելու։ Անհատը գուցե չուզենա, որ իր սխալի մասին իմանան ծնողները, հավատակիցները, երեցները։ Բայց Աստվածաշունչն ասում է. «Իր յանցանքը ծածկողը չի յաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կ’գտնէ» (Առակ. 28։13)։ Ովքեր փորձում են ծածկել իրենց կատարած մեղքը, մեծ սխալ են գործում։ Ինչո՞ւ։ Որովհետև ոչինչ հնարավոր չէ թաքցնել Աստծուց (կարդա՛ Եբրայեցիներ 4։13)։ Ոմանք նույնիսկ փորձում են երկակի կյանք վարել՝ ձևացնելով, թե ծառայում են Եհովային, բայց միևնույն ժամանակ շարունակում են մեղավոր ընթացքը։ Երկակի կյանքը հեռու է անարատությունից։ Ավելին, այդպիսի կյանքը լիովին հակառակ է անարատությանը։ Եհովային հաճելի չէ այն մարդու մատուցած երկրպագությունը, ով թաքցնում է իր ծանր մեղքերը։ Ճիշտ հակառակը՝ նման կեղծավորությունը բարկացնում է նրան (Առակ. 21։27, ՆԱ; Ես. 1։11–16)։
17 Պարզ է, թե քրիստոնյան ինչ կանի, եթե լուրջ մեղք գործի։ Նա օգնություն կխնդրի երեցներից, որովհետև Եհովան նրանց միջոցով է օգնություն ցույց տալիս հոգևորապես ծանր հիվանդներին (կարդա՛ Հակոբոս 5։14)։ Գուցե վախենաս այն մտքից, որ քեզ կպատժեն կամ խիստ խորհուրդ կտան։ Թույլ մի տուր, որ նման մտքերը խանգարեն քո հոգևոր ապաքինմանը։ Մի՞թե իմաստուն մարդը կհրաժարվի կյանքին սպառնացող հիվանդության բուժումից զուտ այն պատճառով, որ վախենում է սրսկվելուց կամ վիրահատվելուց (Եբր. 12։11)։
18, 19. ա) Դավթի օրինակից ինչպե՞ս է երևում, որ անարատությունը կարելի է վերագտնել։ բ) Ի՞նչ ես վճռել անել։
18 Հնարավո՞ր է լիակատար ապաքինում։ Հնարավո՞ր է հետ բերել կորցրած անարատությունը։ Դարձյալ քննենք Դավթի օրինակը։ Նա լուրջ մեղք գործեց։ Փափագով նայեց ուրիշի կնոջը, ցանկացավ տիրանալ նրան, շնություն գործեց նրա հետ, հետո էլ կազմակերպեց այդ կնոջ ամուսնու սպանությունը։ Դժվար թե կարելի է ասել, որ նա այդ ժամանակ քայլում էր անարատությամբ։ Բայցևայնպես, անհո՞ւյս էր նրա դրությունը։ Դավիթը խիստ խրատի կարիք ուներ, և նա ստացավ այդ խրատը։ Նա անկեղծորեն զղջաց, և Եհովան ողորմեց նրան։ Դավիթը ընդունեց խրատը և սկսեց առաջվա պես հնազանդվել Աստծուն։ Այդպիսով նա վերականգնեց իր անարատությունը։ Այն, ինչ կարդում ենք Առակաց 24։16–ում, կարծես հենց Դավթի մասին է. «Եօթն անգամ վայր կ’ընկնէ արդարը եւ կ’կանգնէ»։ Իսկ ի՞նչ ասաց Եհովան Սողոմոնին Դավթի մասին վերջինիս մահից հետո (կարդա՛ Գ Թագաւորաց 9։4)։ Աստված նշեց, որ Դավիթը «կատարեալ», կամ՝ «անարատ» (ՆԱ) սիրտ է ունեցել։ Այո՛, Եհովան կարող է մաքրել անգամ լուրջ մեղքերի թողած հետքերը, եթե անհատը զղջում է (Ես. 1։18)։
19 Այո՛, դու կարող ես լինել անարատ, եթե սիրես Աստծուն և հնազանդվես նրան։ Ինչ դժվարության էլ հանդիպես, պահպանիր հավատարմությունդ, իսկ եթե հանկարծ լուրջ մեղք գործես, անկեղծորեն զղջա։ Անարատությունը չքնաղ հատկություն է՝ նման թանկարժեք քարի։ Ուստի թող որ յուրաքանչյուրս Դավթի պես վճռականորեն միշտ ասի. «Ես գնում եմ անարատութիւնով» (Սաղ. 26։11)։
[ծանոթագրություններ]
a Սաղմոս 101։2. «Իմաստութիւնով կ’գնամ կատարելութեան ճանապարհում. ե՞րբ կը գաս ինձ մօտ. իմ սրտի անմեղութիւնովը [«անարատությամբ», ՆԱ] կ’գնամ իմ տան մէջ»։
b Տե՛ս «Դիտարան», 2004, փետրվարի 15, էջ 13, պարբերություն 15։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչպե՞ս կարող ես անարատ լինել։
• Ինչպե՞ս կարող ես պահել անարատությունդ։
• Ինչպե՞ս կարող ես վերագտնել քո անարատությունը։
[շրջանակ 8–րդ էջի վրա]
«ՇԱՏ ԳԵՂԵՑԻԿ ԱՐԱՐՔ ԷՐ»
Այսպես արտահայտվեց մի հղի կին ազնիվ անծանոթուհու մասին։ Նա սրճարանից դուրս գալուց մի քանի ժամ անց նկատեց, որ իր դրամապանակը չկա։ Նա այն թողել էր սրճարանում։ Դրամապանակում 2 000 դոլար կար, և առաջին անգամ էր, որ այդքան շատ փող էր վերցրել իր հետ։ «Ես ինձ շատ վատ էի զգում»,— հետագայում ասաց կինը տեղական թերթի թղթակցին։ Մի երիտասարդ կին գտավ դրամապանակը և իսկույն սկսեց փնտրել տիրոջը։ Չգտնելով՝ նա այն տարավ ոստիկանություն։ Ոստիկանները ի վերջո գտան այդ հղի կնոջը։ «Դա իսկապես շատ գեղեցիկ արարք էր»,— ասաց երախտագետ կինը։ Ինչո՞ւ երիտասարդ կինը այդքան ջանք թափեց գումարը վերադարձնելու համար։ Նա Եհովայի վկա է, և, ինչպես թերթում էր նշվում, «իր ազնիվ արարքը բացատրում է իր ստացած կրոնական դաստիարակությամբ»։
[նկար 9–րդ էջի վրա]
Փորձության ներքո պատանիները կարող են պահել իրենց անարատությունը
[նկար 10–րդ էջի վրա]
Դավիթը ժամանակավորապես կորցրեց իր անարատությունը, բայց հետո գտավ այն