Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 12/15 էջ 23–26
  • Ես տեսել եմ աճը կորեայում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ես տեսել եմ աճը կորեայում
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Վերջապես Կորեայում ենք
  • Օգնում ենք հաղթահարելու դժվարությունները
  • Նոր դժվարություն
  • Աստված օրհնում է մեր գործը
  • Վերջապես գտա իսկական ազատություն
    2012 Դիտարան
  • Միսիոներները նպաստում են աճին ամբողջ աշխարհում
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Մաս 4. Վկաներ կլինեն մինչեվ աշխարհի ծայրերը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Ինչու են նրանք գնում եկեղեցի
    2003 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 12/15 էջ 23–26

Ես տեսել եմ աճը կորեայում

Պատմում է Միլթոն Համիլտոնը

«Ափսոսանքով հայտնում ենք ձեզ, որ Կորեայի Հանրապետության կառավարությունը հրաժարվել է ձեզ՝ միսիոներներիդ, վիզաներ տալուց և նշել է, որ դուք իրենց երկրում անցանկալի անձինք եք.... Այդ իսկ պատճառով դուք ժամանակավորապես նշանակվում եք ծառայելու Ճապոնիայում»։

ԵՍ ՈՒ ԿԻՆՍ 1954 թ. վերջում ստացանք այս հաղորդագրությունը Բրուքլինից (Նյու Յորք)։ Այդ տարի մենք ավարտել էինք «Գաղաադ» դպրոցի 23–րդ դասարանը, որն անցկացվեց Նյու Յորք նահանգում։ Այն ժամանակ, երբ ստացանք նամակը, մենք ժամանակավորապես ծառայում էինք Ինդիանապոլիսում (Ինդիանա նահանգ)։

Ես և կինս՝ Լիզը, (նախկինում՝ Լիզ Սեմոք), դասընկերներ էինք։ 1948 թ.–ին մենք ամուսնացանք։ Կինս սիրում էր լիաժամ ծառայությունը, սակայն չէր ուզում հեռանալ Միացյալ Նահանգներից և օտար երկրում ծառայել։ Բայց նա փոխեց իր միտքը։

Լիզը համաձայնվեց ինձ հետ գալ այն հանդիպմանը, որը նախատեսված էր «Գաղաադում» սովորել ցանկացողների համար։ 1953 թ. ամռանը Նյու Յորքի «Յանկի» մարզադաշտում անցկացվեց միջազգային համաժողով, որի ժամանակ էլ տեղի ունեցավ այդ հանդիպումը։ Ես ու կինս անչափ ոգևորվեցինք և լրացրինք «Գաղաադում» սովորելու դիմումներ։ Ի զարմանս մեզ՝ հրավեր ստացանք։ Դասերը սկսվելու էին 1954 թ. փետրվարին։

Մեզ նշանակեցին Կորեա, թեև երեք տարի տևած պատերազմը վերջերս էր ավարտվել՝ 1953 թ. ամռանը, և երկիրը ավերված էր։ Բայց մենք նախ պետք է գնայինք Ճապոնիա, ինչպես որ նշված էր մեր ստացած վերոհիշյալ հաղորդագրությունում։ 20 օր տևած ծովային ուղևորությունից հետո 1955 թ. հունվարին մենք և ուրիշ վեց միսիոներներ, որոնք նույնպես նշանակված էին ծառայելու Կորեայում, հասանք Ճապոնիա։ Լոյդ Բերին՝ երկրի մասնաճյուղի վերակացուն, առավոտյան ժամը վեցին դիմավորեց մեզ նավամատույցում։ Շուտով մեր միսիոներական տանն էինք Յոկոհամայում։ Այդ օրը ավելի ուշ դուրս եկանք ծառայության։

Վերջապես Կորեայում ենք

Ժամանակի ընթացքում մենք ստացանք մուտքի վիզա Կորեայի Հանրապետություն։ 1955 թ. մարտի 7–ին մեր ինքնաթիռը օդ բարձրացավ Տոկիոյի «Հանեդա» միջազգային օդանավակայանից։ Երեք ժամ անց այն վայրէջք կատարեց Սեուլի «Յոյդո» օդանավակայանում։ Ավելի քան 200 կորեացի Վկաներ դիմավորեցին մեզ. մենք ուրախությունից արտասվում էինք։ Այն ժամանակ Կորեայում կար ընդամենը 1 000 Վկա։ Ինչպես Արևմուտքում ապրող շատ մարդիկ՝ մենք մտածում էինք, թե անկախ ազգությունից՝ Արևելքում բոլորը իրար նման են։ Սակայն, շատ չանցած, մեր կարծիքը փոխվեց։ Կորեացիները ունեն ոչ միայն իրենց լեզուն ու այբուբենը, այլև խոհանոցը, դիմագծերը, ազգային տարազը։ Նրանք տարբերվում են նաև ուրիշ բաներով, օրինակ՝ իրենց ճարտարապետությամբ։

Մեր առաջին դժվարությունը կորեերեն սովորելն էր։ Լեզուն սովորելու համար համապատասխան գրքեր չկային։ Շուտով հասկացանք, որ անգլերեն հնչյուններով հնարավոր չէ արտասանել կորեերեն բառեր։ Մենք կարող էինք ճիշտ խոսել՝ միայն այբուբենը սովորելով։

Մենք սխալներ էինք անում։ Օրինակ՝ մի անգամ Լիզը տանտիրուհուն հարցրեց, թե արդյոք նա Աստվածաշունչ ունի։ Կինը տարօրինակ հայացքով նայեց նրան, հետո գնաց ու լուցկի բերեց։ Սանգկյունգ (Աստվածաշունչ) բառի փոխարեն Լիզն ասել էր՝ սանգյանգ (լուցկի)։

Մի քանի ամիս անց եղբայրները մեզ ասացին, որ միսիոներական տուն հիմնադրենք հյուսիսում գտնվող նավահանգստային քաղաք Պուսանում։ Կարողացանք երեք փոքր սենյակ վարձել մեզ և մեր ծառայակից երկու այլ քույրերի համար։ Սենյակներում և զուգարանում հոսող ջուր չկար։ Միայն գիշերը, երբ ջրի ճնշումը մեծանում էր, այն ռետինե խողովակի միջով բարձրանում էր երկրորդ հարկ։ Ուստի ամեն օր մեզնից մեկը վեր էր կենում գիշերով և ջուր էր հավաքում։ Ջուրը մենք ստիպված էինք եռացնել կամ մեջը քլոր լցնել, որպեսզի կարողանանք խմել։

Ուրիշ դժվարություններ էլ կային։ Օրինակ՝ էլեկտրականությունն այնքան թույլ էր, որ չէինք կարողանում լվացքի մեքենա կամ արդուկ միացնել։ Միջանցքը ծառայում էր որպես խոհանոց, որտեղ միակ սարքավորումը նավթավառն էր։ Շուտով մենք բոլորս սովորեցինք նման պայմաններում ճաշ պատրաստել։ Կորեա գալուց երեք տարի անց ես ու Լիզը վարակվեցինք լյարդաբորբով։ Այդ տարիներին միսիոներների մեծամասնությունը վարակվեց այդ հիվանդությամբ։ Ամիսներ անցան, մինչև ապաքինվեցինք, սակայն հետո էլ առողջական խնդիրներ ունեցանք։

Օգնում ենք հաղթահարելու դժվարությունները

Վերջին 55 տարիներին Կորեական թերակղզին Ասիայի թեժ կետերից է եղել։ Ապառազմականացված գոտին թերակղզին երկու մասի է բաժանում։ Այն ընկած է Կորեայի Հանրապետության մայրաքաղաքից՝ Սեուլից, 55 կիլոմետր հյուսիս։ 1971 թ.–ին Բրուքլինի գլխավոր վարչությունից մեզ այցելեց Ֆրեդերիկ Ֆրանցը։ Ես ուղեկցեցի նրան ապառազմականացված գոտի՝ աշխարհի ամենից խիստ հսկվող սահմանը։ Տարիներ շարունակ ՄԱԿ–ի տարբեր պաշտոնյաներ հաճախ են հանդիպել այստեղ երկու կառավարությունների ներկայացուցիչների հետ։

Ինչ խոսք, մենք՝ քրիստոնյաներս, չեզոք դիրք ենք բռնում քաղաքականության հարցում, այդ թվում նաև Կորեական թերակղզում տիրող իրավիճակի հետ կապված (Հովհ. 17։14)։ Ավելի քան 13 000 կորեացի Վկա ընդհանուր հաշվով 26 000 տարի անցկացրել է բանտերում, որովհետև հրաժարվել է կռվել մերձավորի դեմ (2 Կորնթ. 10։3, 4)։ Այդ երկրի բոլոր երիտասարդ եղբայրները գիտեն, որ բախվելու են այս խնդրին, բայց նրանք չեն վախենում։ Ցավալի է, որ երկրի իշխանությունը «հանցագործ» է անվանում նրանց, ում միակ «հանցանքը» քրիստոնեական չեզոքություն պահելն է։

Ժամանակին՝ 1944 թ.–ին, երբ ընթանում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, ես նույնպես հրաժարվել էի զինվորական ծառայությունից։ Այդ պատճառով ինձ երկուսուկես տարով բանտ նստեցրին Լուիսբուրգում (ԱՄՆ, Փենսիլվանիա նահանգ)։ Ճիշտ է, կորեացի եղբայրները բանտում ավելի ծանր պայմաններում են, քան ես եմ եղել, բայցևայնպես, պատկերացնում եմ նրանց դժվարությունները։ Նրանցից շատերը զորացել են՝ իմանալով, որ Կորեայի միսիոներներից մի քանիսն էլ են նման փորձության միջով անցել (Ես. 2։4)։

Նոր դժվարություն

1977 թ.–ին մեր իսկ չեզոքության հարցը բարձրացավ։ Պաշտոնյաները կարծում էին, որ մենք երիտասարդ կորեացիներին դրդում ենք չծառայելու բանակում և զենք չվերցնելու։ Ուստի կառավարությունը որոշեց, որ երկրից հեռացած միսիոներներին ոչ մի դեպքում թույլ չի տա վերադառնալ։ Այս արգելքը ուժի մեջ էր 1977–1987 թթ.-ին։ Եթե այդ տարիների ընթացքում Կորեայից մեկնեինք, մեզ կարգելեին նորից մտնել երկիր։ Այդ պատճառով ոչ մի անգամ, թեկուզ կարճ ժամանակով, տուն չգնացինք։

Այդ ընթացքում մենք շատ ենք հանդիպել կառավարական պաշտոնյաների հետ և բացատրել Քրիստոսի հետևորդների չեզոք դիրքը։ Ի վերջո, տասը տարի անց նրանք հասկացան, որ մենք չենք նահանջի, ուստի արգելքը հանվեց։ Այդ տարիներին մի քանի միսիոներներ երկրից հեռացան տարբեր պատճառներով, օրինակ՝ հիվանդության։ Բայց մյուսներս մնացինք և ուրախ ենք դրա համար։

1980–ականների կեսերին հակառակորդները սուտ մեղադրանքներ ներկայացրին մեր կազմակերպության պատասխանատու անձանց դեմ՝ ասելով, թե նրանք երիտասարդներին դրդում են հրաժարվելու զինծառայությունից։ Այդ պատճառով կառավարությունը մեզ կանչեց հարցաքննության։ 1987 թ. հունվարի 22–ին դատախազությունը այդ մեղադրանքները անհիմն համարեց։ Դա նպաստեց, որ ապագայում նման խնդիրներ չունենանք։

Աստված օրհնում է մեր գործը

Կորեայում մեր քարոզչական գործի դեմ հակառակությունները տարիների ընթացքում ուժեղացան։ Պատճառը մեր չեզոքությունն էր։ Գնալով ավելի էր դժվարանում համաժողովների համար համապատասխան վայրեր գտնելը։ Ուստի եղբայրները նախագծեցին և կառուցեցին Համաժողովների սրահ Պուսանում, որն առաջինն էր Արևելքում։ 1976 թ. ապրիլի 5–ին ես պատիվ ունեցա 1 300 ունկնդիրների առաջ ներկայացնելու նվիրման ելույթը։

1950 թ.–ից ի վեր՝ տասնյակ հազարավոր ամերիկացի զինծառայողներ են եղել Կորեայում։ ԱՄՆ վերադառնալուց հետո նրանցից շատերը դարձել են եռանդուն Եհովայի վկաներ։ Մենք հաճախ ենք նամակներ ստանում նրանցից։ Մեզ համար մեծ օրհնություն էր նրանց հոգևորապես օգնելը։

Ցավոք, 2006 թ. սեպտեմբերի 26–ին իմ սիրելի կինը՝ Լիզը, մահացավ։ Ես շատ եմ կարոտում նրան։ Այստեղ անցկացրած 51 տարիներին նա ուրախությամբ ընդունում էր ցանկացած նշանակում և երբեք չէր գանգատվում։ Լիզը երբեք չի առաջարկել վերադառնալ Միացյալ Նահանգներ և անգամ չի ակնարկել այդ մասին, և դա այն դեպքում, երբ մի ժամանակ չէր ցանկանում հեռանալ այդ երկրից։

Այսօր ես շարունակում եմ ծառայել Կորեայի Բեթելի ընտանիքում։ Ժամանակին ընդամենը մի բուռ էինք, իսկ այժմ մեր ընտանիքում կա մոտ 250 հոգի։ Ինձ համար մեծ պատիվ է ծառայել մասնաճյուղի կոմիտեում, որը բաղկացած է յոթ անդամից և վերահսկում է քարոզչական գործը երկրում։

Այն ժամանակ, երբ եկանք Կորեա, այն շատ աղքատ երկիր էր, իսկ այժմ աշխարհի ամենազարգացած երկրներից է։ Այստեղ կա ավելի քան 95 000 Վկա, որոնց մոտավորապես 40 տոկոսը ծառայում է լիաժամ ռահվիրա կամ ենթառահվիրա։ Ես անչափ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել ծառայելու Աստծուն Կորեայում և տեսնելու, թե ինչպես է նրա «հոտը» մեծանում։

[նկար 24–րդ էջի վրա]

Այն օրը, երբ միսիոներներով ժամանեցինք Կորեա

[նկար 24–րդ և 25–րդ էջերի վրա]

Ծառայում ենք Պուսանում

[նկար 25–րդ էջի վրա]

Եղբայր Ֆրանցի հետ՝ ապառազմականացված գոտում, 1971

[նկար 26–րդ էջի վրա]

Լիզի հետ նրա մահից կարճ ժամանակ առաջ ▸

[նկար 26–րդ էջի վրա]

Կորեայի մասնաճյուղը, որտեղ շարունակում եմ ծառայությունս ▼

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը