«Ե՛կ ու իմ հետևորդը դարձիր»
«Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, ամեն օր վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի» (ՂՈՒԿ. 9։23)։
1, 2. ա) Ի՞նչ հրավեր տվեց Հիսուսը։ բ) Ինչպե՞ս ես դու արձագանքել Հիսուսի հրավերին։
ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ վերջին շրջանում Հիսուսը քարոզում էր Հորդանան գետի մյուս կողմում՝ Պիրեայում, որն ընկած էր Հրեաստանից հյուսիս–արևելք։ Մի անգամ նրան մոտեցավ մի երիտասարդ և հարցրեց, թե ինչ պետք է անի հավիտենական կյանքը ժառանգելու համար։ Հիսուսը, տեսնելով, որ նա ամենայն մանրամասնությամբ պահում է Մովսիսական օրենքը, նրան ուշագրավ բան առաջարկեց։ Նա ասաց. «Գնա՛, վաճառի՛ր քո ունեցածը և աղքատներին տուր և գանձ կունենաս երկնքում, ապա ե՛կ ու իմ հետևորդը դարձիր» (Մարկ. 10։21)։ Միայն պատկերացրո՛ւ՝ հրավեր՝ հետևելու Հիսուսին՝ Բարձրյալ Աստծու միածին Որդուն։
2 Այդ երիտասարդը մերժեց հրավերը, բայց ուրիշներն ընդունեցին այն։ Ավելի վաղ Հիսուսը Փիլիպպոսին ասել էր. «Իմ հետևո՛րդը դարձիր» (Հովհ. 1։43)։ Փիլիպպոսն ընդունել էր հրավերը և դարձել առաքյալ։ Հիսուսը հրավիրել էր նաև Մատթեոսին, և նա նույնպես համաձայնվել էր (Մատթ. 9։9; 10։2–4)։ Ըստ էության, Քրիստոսը այդ հրավերը տվեց բոլոր նրանց, ովքեր սիրում են արդարությունը։ Նա ասաց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, ամեն օր վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի» (Ղուկ. 9։23)։ Ուստի յուրաքանչյուր ոք կարող է դառնալ Հիսուսի հետևորդը, եթե իսկապես ցանկանա։ Իսկ դու ունե՞ս նման ցանկություն։ Մեծամասնությունս արդեն ընդունել է նրա սիրալիր հրավերը, և մենք էլ մեր հերթին ծառայության ժամանակ մարդկանց տեղեկացնում ենք, թե ինչ հրավեր է իրենց տալիս Հիսուսը։
3. Ի՞նչ կարող ենք անել, որ «մի կողմ չտարվենք» և շարունակենք Հիսուսի հետքերին հետևել։
3 Ցավոք, ոմանք, ովքեր հետաքրքրվել են Աստվածաշնչի ճշմարտությամբ, չեն շարունակել առաջ ընթանալ։ Նրանք դանդաղեցրել են իրենց ընթացքը, աստիճանաբար «մի կողմ են տարվել» և, վերջիվերջո, դադարել են Հիսուսի հետքերով գնալուց (Եբր. 2։1)։ Ի՞նչ կարող ենք անել, որ մեզ հետ նման բան չպատահի։ Լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Ինչո՞ւ որոշեցի հետևել Հիսուսին։ Ի՞նչ է նշանակում հետևել Հիսուսին»։ Իմանալով և մտապահելով այս երկու հարցերի պատասխանները՝ ավելի վճռական կլինենք, որ չշեղվենք մեր ընտրած հիանալի ուղուց։ Դա նաև կօգնի, որ մարդկանց խրախուսենք հետևելու Հիսուսին։
Ինչո՞ւ հետևել Հիսուսին
4, 5. Ինչո՞ւ ենք համոզված, որ Հիսուսը լավ Առաջնորդ է։
4 Երեմիա մարգարեն ասաց. «Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմ. 10։23)։ Պատմությունը հաստատում է Երեմիայի խոսքերի ճշմարտացիությունը։ Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ անկատար մարդիկ չեն կարող հաջողությամբ կառավարել իրենք իրենց։ Մենք ընդունել ենք Հիսուսին հետևելու հրավերը, քանի որ գիտենք, որ նա այնպիսի Առաջնորդ է, ինչպիսին ոչ մի մարդ երբևէ չի կարող լինել։ Քննենք, թե ինչու Հիսուսն իսկապես կարող է լինել մեր Առաջնորդը։
5 Առաջին՝ նա ընտրվել է որպես Մեսիա–Առաջնորդ անձամբ Եհովայի կողմից։ Ո՞վ մեր Արարչից ավելի լավ գիտի, թե ում նշանակել մեր Առաջնորդ։ Երկրորդ՝ Հիսուսն ունի հատկություններ, որոնք հիացնում են մեզ, և մենք ուզում ենք ընդօրինակել դրանք (կարդա՛ Եսայիա 11։2, 3)։ Նա կատարյալ օրինակ է (1 Պետ. 2։21)։ Երրորդ՝ Հիսուսը շատ հոգատար է նրանց հանդեպ, ովքեր հետևում են իրեն։ Դա երևում է նրանից, որ նա իր կյանքը զոհեց իր հետևորդների համար (կարդա՛ Հովհաննես 10։14, 15)։ Հիսուսը նաև հոգատար հովիվ է։ Նա մեզ առաջնորդում է դեպի կյանք, որը երջանկություն է պարգևում արդեն այսօր, ինչպես նաև առաջնորդում է դեպի փառավոր հավիտենական ապագա (Հովհ. 10։10, 11; Հայտն. 7։16, 17)։ Այս և ուրիշ պատճառներ հաշվի առնելով՝ մենք ցանկացել ենք հետևել Հիսուսին, ինչը մեր կողմից իմաստուն որոշում է եղել։ Սակայն ի՞նչ է նշանակում հետևել Հիսուսին։
6. Ի՞նչ է նշանակում լինել Քրիստոսի հետևորդ։
6 Եթե մարդը իրեն քրիստոնյա է համարում, դա դեռ չի նշանակում, որ ինքը Քրիստոսի հետևորդ է։ Այսօր մոտ երկու միլիարդ մարդ իրեն կոչում է քրիստոնյա, բայց նրանց գործերից երևում է, որ նրանք «անօրենություն գործողներ» են (կարդա՛ Մատթեոս 7։21–23)։ Երբ անհատը հետաքրքրվում է Հիսուսի հետևորդը դառնալու հրավերով, մենք նրան բացատրում ենք, որ իսկական քրիստոնյան իր ողջ կյանքում՝ ամեն օր, առաջնորդվում է Քրիստոսի ուսմունքներով և օրինակով։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ է դա նշանակում գործնականում, քննենք Հիսուսի մի քանի հատկություններ։
Ընդօրինակենք Հիսուսի իմաստությունը
7, 8. ա) Ի՞նչ է իմաստությունը, և որտեղի՞ց Հիսուսին այդքան իմաստություն։ բ) Ինչպե՞ս Հիսուսը իմաստություն դրսևորեց, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
7 Հիսուսը բազմաթիվ ակնառու հատկություններ դրսևորեց, բայց մենք կխոսենք դրանցից չորսի մասին՝ իմաստության, խոնարհության, եռանդի և սիրո։ Նախ՝ քննենք նրա իմաստությունը՝ գիտելիքն ու հասկացողությունը գործնականում կիրառելու կարողությունը։ Պողոս առաքյալը գրեց. «[Հիսուսի] մեջ խնամքով պահված են իմաստության և գիտության բոլոր գանձերը» (Կող. 2։3)։ Որտեղի՞ց նրան այդ իմաստությունը։ Հիսուսն ինքն ասաց. «Ինչպես որ Հայրը սովորեցրեց ինձ, ա՛յն եմ խոսում» (Հովհ. 8։28)։ Նա իր իմաստությունը ստացել էր Եհովայից, ուստի չենք զարմանում, որ կարողանում էր առողջ դատել։
8 Օրինակ՝ Հիսուսը առողջ դատողություն հանդես բերեց կյանքի ուղի ընտրելու հարցում։ Նա որոշեց պարզ կյանքով ապրել՝ կենտրոնանալով միայն մեկ բանի՝ Աստծու կամքը կատարելու վրա։ Նա իմաստուն վարվեց՝ իր ժամանակն ու էներգիան օգտագործելով հանուն Թագավորության շահերի։ Մենք հետևում ենք Հիսուսի օրինակին, երբ ջանում ենք մեր «աչքը պարզ» պահել։ Այդպիսով չենք ծանրաբեռնվում անկարևոր բաներով, բաներ, որոնք խլում են մարդու ուժերն ու ուշադրությունը (Մատթ. 6։22)։ Շատ քրիստոնյաներ պարզեցրել են իրենց ապրելակերպը, որպեսզի կարողանան ավելի շատ ժամանակ տրամադրել ծառայությանը։ Ոմանք կարողացել են սկսել ռահվիրայական ծառայություն։ Եթե դու այժմ ռահվիրա ես, ապա արժանի ես գովասանքի։ «Նախ թագավորությունը փնտրելը» քրիստոնյայի կյանքը լցնում է մեծ ուրախությամբ և գոհունակությամբ (Մատթ. 6։33)։
Լինենք Հիսուսի պես խոնարհ
9, 10. Ինչպե՞ս Հիսուսը խոնարհություն դրսևորեց։
9 Այժմ քննենք Հիսուսի խոնարհությունը։ Երբ անկատար մարդիկ իշխանություն են ստանում, նրանցից շատերը սկսում են փքվել, իրենք իրենց աչքում դառնալ կարևոր անձնավորություն։ Որքա՜ն էր նրանցից տարբերվում Հիսուսը։ Չնայած որ նա առանցքային դեր ուներ Եհովայի նպատակի մեջ, նրա մեջ հպարտության նշույլ անգամ չկար։ Պողոս առաքյալը մեզ հորդորում է ընդօրինակել Հիսուսին՝ գրելով. «Ունեցեք նույնպիսի մտածելակերպ, ինչպիսին որ Քրիստոս Հիսուսն ուներ, որը, թեև Աստծու կերպարանքն ուներ, չմտածեց հափշտակություն անելու մասին, այսինքն՝ Աստծուն հավասար լինելու մասին. ո՛չ, այլ զրկեց իրեն ամեն բանից, ծառայի կերպարանք ընդունեց և դարձավ մարդկանց նման» (Փիլիպ. 2։5–7)։ Ի՞նչ էր դա նշանակում։
10 Հիսուսը երկնքում առանձնաշնորհյալ դիրք ուներ՝ ապրելով իր Հոր կողքին։ Բայց չնայած դրան՝ նա կամովին «զրկեց իրեն ամեն բանից»։ Աստված Հիսուսի կյանքը տեղափոխեց մի հրեա կույսի արգանդը։ Ինը ամիս անց հասարակ ատաղձագործի ընտանիքում ծնվեց անօգնական մի փոքրիկ։ Հովսեփի տանը մանուկ Հիսուսը իր առաջին քայլերն արեց, անցկացրեց մանկությունն ու պատանեկությունը։ Նա, լինելով կատարյալ, այդ բոլոր տարիներին ենթարկվեց իր անկատար, մեղավոր ծնողներին (Ղուկ. 2։51, 52)։ Աներևակայելի խոնարհությո՛ւն։
11. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսի խոնարհությունը։
11 Մենք ընդօրինակում ենք Հիսուսի խոնարհությունը, եթե պատրաստակամորեն ընդունում ենք այն նշանակումները, որոնք գուցե մեզ հասարակ կամ նվաստացուցիչ թվան։ Օրինակ՝ բարի լուրը քարոզելու նշանակումը։ Քարոզելու գործը կարող է արժանապատվությունից ցածր թվալ, հատկապես երբ բախվում ենք անտարբերության, ծաղրանքի և թշնամանքի։ Սակայն երբ հաստատակամորեն շարունակում ենք քարոզել, մարդիկ հնարավորություն են ստանում պատասխանելու Հիսուսի՝ իր աշակերտը դառնալու հրավերին և, ի վերջո, փրկվելու (կարդա՛ 2 Տիմոթեոս 4։1–5)։ Մեկ այլ օրինակ է Թագավորության սրահը մաքրելու նշանակումը։ Գուցե մեզ նվաստացուցիչ թվան աղբամանները դատարկելը, հատակը և զուգարանները մաքրելը։ Սրանք հանձնարարություններ են, որոնք խոնարհություն են պահանջում։ Թագավորության սրահը ճշմարիտ երկրպագության կենտրոն է մեր բնակավայրում, և մենք գիտակցում ենք, որ այն բարվոք վիճակում պահելը մեր սրբազան ծառայության մի մասն է։ Պատրաստակամորեն կատարելով նման հանձնարարություններ՝ մենք դրսևորում ենք խոնարհություն և փաստում ենք, որ գնում ենք Քրիստոսի հետքերով։
Հիսուսի պես՝ եռանդուն
12, 13. ա) Ինչի՞ց է երևում, որ Հիսուսը եռանդուն էր, և ի՞նչն էր նրան մղում քարոզելու և ուսուցանելու։ բ) Ի՞նչը կմղի մեզ լինելու եռանդուն ծառայողներ։
12 Հիսուսը եռանդուն ծառայող էր։ Նա երկրի վրա շատ բաներ արեց։ Կյանքի վաղ շրջանում նա, հավանաբար, ատաղձագործություն էր անում իր հոր՝ Հովսեփի հետ։ Ծառայության ընթացքում Հիսուսը հրաշքներ գործեց, ներառյալ հիվանդներին բուժելը և մահացածներին հարություն տալը։ Բայց նրա հիմնական գործը քարոզելը և ուսուցանելն էր (Մատթ. 4։23)։ Լինելով նրա հետևորդները՝ մենք կատարում ենք նույն գործը։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։ Մասնավորապես կարող ենք մեր մեջ զարգացնել այնպիսի մղումներ, ինչպիսիք որ նա ուներ։
13 Հիսուսը սիրում էր Աստծուն, և դա էր ամենից շատ նրան մղում քարոզելու և ուսուցանելու։ Նա սիրում էր նաև այն ճշմարտությունները, որոնք սովորեցնում էր։ Դրանք նրա համար անգին գանձեր էին, և նա շատ էր ուզում այդ գանձերը բաժանել մարդկանց։ Մենք՝ որպես ուսուցիչներ, նույն վերաբերմունքն ունենք Աստվածաշնչի ճշմարտությունների հանդեպ։ Հիշենք դրանցից մի քանիսը։ Մենք գիտենք, օրինակ, գերիշխանության հարցի մասին և տեղյակ ենք, թե ինչպես այն կլուծվի։ Գիտենք մահացածների վիճակի մասին, գիտենք, թե ինչ օրհնություններ կլինեն նոր աշխարհում։ Անկախ նրանից՝ նոր ենք իմացել այդ ճշմարտությունները, թե՝ վաղուց, դրանց արժեքը չի ընկնում. դրանք շարունակում են մնալ անգին գանձեր (կարդա՛ Մատթեոս 13։52)։ Երբ բարի լուրը քարոզում ենք խանդավառությամբ, մարդիկ հասկանում են, թե որքան շատ ենք սիրում այն, ինչ Եհովան սովորեցնում է մեզ։
14. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին ուսուցանելու հարցում։
14 Նկատենք, թե ինչպես էր Հիսուսը ուսուցանում։ Նա իր ունկնդիրների ուշադրությունը միշտ հրավիրում էր Գրությունների վրա։ Կարևոր մտքեր հայտնելուց առաջ հաճախ էր ասում՝ «գրված է» (Մատթ. 4։4; 21։13)։ Աստվածաշնչից երևում է, որ Հիսուսը ուղղակի կամ անուղղակի մեջբերումներ է արել Եբրայերեն Գրությունների գրքերի ավելի քան կեսից։ Նրա պես՝ ծառայության ժամանակ մենք մեր խոսքը հիմնում ենք Աստվածաշնչի վրա և հնարավորության դեպքում անդրադառնում ենք Սուրբ Գրքին։ Անկեղծ սիրտ ունեցող մարդիկ այդպես տեսնում են, որ մենք սովորեցնում ենք Աստծու և ոչ թե մեր մտքերը։ Որքա՜ն ենք ուրախանում, երբ ինչ–որ մեկը համաձայնվում է, որ կարդանք Աստվածաշնչից կամ խոսենք Աստծու Խոսքի արժեքավորության և կարևորության մասին։ Իսկ երբ նա ընդունում է Հիսուսի հետևորդը դառնալու հրավերը, անսահման ուրախություն ենք զգում։
Հետևել Հիսուսին նշանակում է սիրել մարդկանց
15. Ո՞րն էր Հիսուսի ուշագրավ հատկություններից մեկը, և այդ հատկության շուրջ մտածելն ի՞նչ անելու է մղում մեզ։
15 Այժմ խոսենք Հիսուսի այն հատկության մասին, որն անչափ ջերմացնում է մեր սրտերը։ Դա սերն է մարդկանց հանդեպ։ Պողոս առաքյալը գրեց. «Այն սերը, որ Քրիստոսը ունի, ստիպում է մեզ» (2 Կորնթ. 5։14)։ Երբ մտածում ենք, թե ինչքան շատ է Հիսուսը սիրում ինչպես ամբողջ մարդկությանը, այնպես էլ մեզնից յուրաքանչյուրին, անչափ հուզվում ենք։ Այդ սերը «ստիպում է» մեզ հետևելու նրա օրինակին։
16, 17. Ինչպե՞ս էր Հիսուսն արտահայտում իր սերը մարդկանց հանդեպ։
16 Ինչպե՞ս էր Հիսուսն արտահայտում իր սերը։ Նա այնքան էր սիրում մարդկանց, որ պատրաստ էր իր կյանքը տալու նրանց համար (Հովհ. 15։13)։ Սակայն ծառայության ընթացքում Հիսուսն իր սերը դրսևորեց նաև այլ կերպերով։ Օրինակ՝ նա կարեկցում էր տառապողներին։ Երբ տեսավ, որ Մարիամն ու մյուսները սգում են Ղազարոսի մահը, Հիսուսն անչափ ազդվեց։ Այնքան էր հուզվել, որ «աչքերից արցունքներ հոսեցին», թեև գիտեր, որ շուտով հարություն է տալու Ղազարոսին (Հովհ. 11։32–35)։
17 Հիսուսի ծառայության վաղ շրջանում մի բորոտ մոտեցավ նրան ու ասաց. «Եթե միայն ուզենաս, կարո՛ղ ես մաքրել ինձ»։ Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը։ «Նա.... խղճահարվեց»։ Այնուհետև մի արտասովոր բան արեց։ «Ձեռքը մեկնելով՝ դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր»։ Եվ հենց այդ պահին բորոտությունն անհետացավ նրանից, և նա մաքրվեց»։ Մովսիսական օրենքով՝ բորոտներն անմաքուր էին համարվում, և Հիսուսը, անշուշտ, կարող էր բուժել բորոտին՝ առանց դիպչելու։ Բայց այդպես չվարվեց, այլ դիպավ նրան։ Վերջինս զգաց այն, ինչ չէր զգացել թերևս երկար տարիներ՝ մեկ այլ մարդու հպումը։ Որքա՜ն կարեկից էր Հիսուսը (Մարկ. 1։40–42)։
18. Ինչպե՞ս կարող ենք ցավակցող և կարեկից լինել։
18 Աստվածաշունչը մեզ՝ Քրիստոսի հետևորդներիս, հորդորում է հավատակիցների հանդեպ լինել ցավակցող և կարեկից։ Այդպես ցույց կտանք մեր սերը (1 Պետ. 3։8)։ Գուցե հեշտ չլինի հասկանալ այն հավատակցին, ով տառապում է քրոնիկական հիվանդությունից կամ խոր դեպրեսիայից, հատկապես երբ ինքներս նման վիճակում չենք եղել։ Ճիշտ է, Հիսուսը երբեք չհիվանդացավ, բայց նա կարողանում էր խորապես կարեկցել հիվանդներին։ Ինչպե՞ս կարող ենք նմանվել Հիսուսին։ Մենք նրա պես ցավակցող և կարեկից կլինենք, եթե համբերությամբ լսենք տառապողներին, երբ նրանք բացում են իրենց սիրտը մեր առաջ։ Ինքներս մեզ հարցնենք. «Ինչպե՞ս ինձ կզգայի նրա փոխարեն»։ Եթե ուշադիր լինենք մարդկանց զգացումների հանդեպ, մենք կկարողանանք «սփոփել վհատված հոգիները» (1 Թեսաղ. 5։14)։ Այդպիսով հետևած կլինենք Հիսուսին։
19. Ինչպե՞ս է Հիսուսի օրինակն անդրադառնում մեր կյանքի վրա։
19 Ինչքա՜ն շատ բան կարող ենք սովորել Քրիստոսի խոսքերից ու գործերից։ Որքան շատ ենք քննում նրա կյանքը, այնքան ավելի շատ ենք ուզում նմանվել նրան ու ավելի շատ ենք ցանկանում օգնել մյուսներին, որ նույնն անեն։ Ուրեմն եկեք ուրախությամբ հետևենք մեր Մեսիական Թագավորին՝ այժմ և հավիտյան։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչպե՞ս կարող ենք Հիսուսի պես իմաստուն լինել։
• Ինչպե՞ս կարող ենք խոնարհություն դրսևորել։
• Ինչպե՞ս կարող ենք եռանդուն լինել ծառայության մեջ։
• Հիսուսի նման՝ ինչպե՞ս կարող ենք սեր դրսևորել մարդկանց հանդեպ։
[շրջանակ/նկար 5–րդ էջի վրա]
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ՕԳՆՈՒՄ է ՄԵԶ ՆՄԱՆՎԵԼՈՒ ՔՐԻՍՏՈՍԻՆ
2007 թ. մարզային համաժողովին հայտարարվեց «Ե՛կ ու իմ հետևորդը դարձիր» վերնագրով 192–էջանոց գրքի լույսընծայման մասին (անգլ., ռուս.)։ Այս հրատարակության օգնությամբ քրիստոնյաները կկարողանան ավելի խորը քննել Հիսուսի հատկություններն ու գործերը։ Երկու ներածական գլուխներից հետո՝ առաջին բաժնում, քննարկվում են Քրիստոսի ուշագրավ հատկությունները՝ խոնարհությունը, քաջությունը, իմաստությունը, հնազանդությունը և տոկունությունը։
Հաջորդ բաժիններում Հիսուսը ներկայացվում է որպես բարի լուրի ուսուցիչ և քարոզիչ, ինչպես նաև խոսվում է նրա մեծ սիրո մասին։ Բոլոր գլուխներում ցույց է տրվում, թե քրիստոնյաներն ինչպես կարող են նմանվել նրան։
Վստահ ենք՝ այս հրատարակությունը կմղի բոլորիս ինքնաքննության։ Մենք ինքներս մեզ կհարցնենք. «Իսկապե՞ս հետևում եմ Հիսուսին։ Ինչպե՞ս կարող եմ սերտորեն հետևել նրան»։ Գիրքը կօգնի նաև «բոլոր նրանց, ովքեր ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ», դառնալու Քրիստոսի հետևորդներ (Գործ. 13։48)։
[նկար 4–րդ էջի վրա]
Հիսուսը հոժարակամորեն եկավ երկիր ու ծնվեց որպես մանուկ։ Ի՞նչ հատկություն նա դրսևորեց
[նկար 6–րդ էջի վրա]
Ի՞նչը կմղի մեզ եռանդուն լինելու ծառայության մեջ