Եհովայի Ծառան «մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ»
«Նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ.... Նորա վէրքերովը մենք բժշկուեցանք» (ԵՍ. 53։5)։
1. Ի՞նչ ենք հիշում և ինչի՞ մասին ենք մտորում Հիշատակի երեկոյին, և ո՞ր մարգարեությունը կօգնի այս հարցում։
ՀԻՇԱՏԱԿԻ երեկոյին մենք հիշում ենք Քրիստոսի մահը և այն ամենը, ինչ հնարավոր դարձավ նրա մահվան ու հարության շնորհիվ։ Այդ երեկոյին մենք մտորում ենք Եհովայի գերիշխանության արդարացման, անվան սրբացման, ինչպես նաև նպատակի իրականացման մասին, որը ներառում է մարդկանց փրկությունը։ Աստվածաշնչի մարգարեություններից թերևս ոչ մեկը այնպես վառ կերպով չի նկարագրում Քրիստոսի զոհը և այն, ինչ հնարավոր դարձավ դրա շնորհիվ, ինչպես որ Եսայիա 53։3–12 համարներում գրված մարգարեությունը։ Եսայիան կանխագուշակեց Ծառայի չարչարանքները, մահվան մանրամասները, ինչպես նաև նշեց, թե նրա մահը ինչ օրհնություններ է բերելու նրա օծյալ եղբայրներին և «ուրիշ ոչխարներին» (Հովհ. 10։16)։
2. Ինչի՞ մասին է վկայում Եսայիայի գրած մարգարեությունը, և դրա քննարկումը ի՞նչ ազդեցություն կթողնի մեզ վրա։
2 Հիսուսի ծննդից յոթ դար առաջ Եհովան ներշնչեց Եսայիային գրելու, որ Իր ընտրած Ծառան մինչև վերջ հավատարիմ է մնալու։ Այս փաստը վկայում է, որ Աստված բացարձակապես վստահ էր իր Որդու նվիրվածությանը։ Քննարկելով այս մարգարեությունը՝ մենք կլցվենք երախտագիտությամբ, իսկ մեր հավատը կամրանա։
«Անարգուած» էր, «ոչինչ» էր համարվում
3. Ինչո՞ւ հրեաները պետք է ուրախությամբ ընդունեին Հիսուսին, սակայն ինչպե՞ս ընդունեցին նրան։
3 Կարդա՛ Եսայիա 53։3։ Փորձենք պատկերացնել, թե ինչ էր նշանակում Աստծու միածին Որդու համար թողնել երկինքը և գալ երկիր։ Երկնքում նա ուրախությամբ ծառայում էր իր Հոր կողքին, բայց եկավ երկիր, որպեսզի իր կյանքը զոհի հանուն այն բանի, որ մարդիկ փրկվեն մեղքից ու մահից (Փիլիպ. 2։5–8)։ Հիսուսի զոհի շնորհիվ նրանք կարող էին մեղքերի իրական թողություն ստանալ. Մովսիսական օրենքով կատարվող կենդանական զոհաբերությունները ընդամենը դրա նախապատկերն էին (Եբր. 10։1–4)։ Մի՞թե Քրիստոսը չպետք է ուրախությամբ ընդունվեր ու պատվի արժանանար գոնե հրեաների կողմից, որոնք սպասում էին խոստացված Մեսիային (Հովհ. 6։14)։ Բայց նրանք «անարգեցին» Հիսուսին և «ոչինչ համարեցին» նրան, ինչպես որ Եսայիան ասել էր։ Հովհաննես առաքյալը գրեց. «Նա իր տունը եկավ, բայց իր ժողովուրդը ներս չընդունեց նրան» (Հովհ. 1։11)։ Իսկ Պետրոս առաքյալը հրեաներին ասաց. «Մեր նախահայրերի Աստվածը փառավորեց իր Ծառային՝ Հիսուսին, որին դուք ինքներդ մատնեցիք և Պիղատոսի երեսի առաջ ուրացաք, երբ նա որոշել էր նրան ազատ արձակել։ Այո՛, դուք ուրացաք այդ սրբին ու արդարին» (Գործ. 3։13, 14)։
4. Ինչպե՞ս Հիսուսը տեղյակ եղավ հիվանդությանը։
4 Եսայիան Հիսուսի մասին նաև մարգարեացավ. «Նա.... ցաւի [«հիվանդության», ՆԱ] տեղեակ եղաւ»։ Անշուշտ, իր ծառայության ընթացքում Հիսուսը երբեմն հոգնում էր, բայց ոչ մի տեղ չենք կարդում, որ նա հիվանդացել է (Հովհ. 4։6)։ Սակայն նա «տեղեակ եղաւ» այն մարդկանց հիվանդություններին, ում քարոզում էր։ Քրիստոսը խղճաց նրանց ու շատերին բուժեց (Մարկ. 1։32–34)։ Նա, փաստորեն, կատարեց հետևյալ մարգարեությունը. «Յիրաւի՜ նա մեր ցաւերը [«հիվանդությունները», ՆԱ] վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ» (Ես. 53։4ա; Մատթ. 8։16, 17)։
«Աստուածանից զարկուած» էր համարվում
5. Շատ հրեաներ ինչպե՞ս մեկնաբանեցին Հիսուսի մահը, և ինչո՞ւ էր դա սաստկացնում նրա տառապանքը։
5 Կարդա՛ Եսայիա 53։4բ։ Հիսուսի ժամանակակիցներից շատերը չէին հասկանում, թե ինչու նա պիտի չարչարվի ու մահանա։ Նրանք կարծում էին, թե Աստված պատժում է նրան, ասես, հարվածում է զզվելի հիվանդությամբ (Մատթ. 27։38–44)։ Հրեաները Հիսուսին մեղադրում էին հայհոյություն անելու, այսինքն՝ Աստծու մասին անպատիվ խոսքեր ասելու մեջ (Մարկ. 14։61–64; Հովհ. 10։33)։ Հիսուսը, իհարկե, մեղք չէր գործել և Եհովայի մասին նման խոսքեր չէր ասել։ Բայց քանի որ նա շատ էր սիրում իր Հորը, այն միտքը, որ ինքը մահանալու է նման մեղադրանքի հիման վրա, ըստ ամենայնի, ավելի էր սաստկացնում նրա տառապանքը։ Չնայած այս ամենին՝ Հիսուսը պատրաստ էր ենթարկվելու Եհովայի կամքին (Մատթ. 26։39)։
6, 7. Ի՞նչ իմաստով Եհովան «զարկեց» իր հավատարիմ Ծառային, և ինչո՞ւ նա «հաճեց» դա անել։
6 Մենք չենք զարմանում՝ մարգարեության մեջ կարդալով, որ մարդիկ Քրիստոսին համարելու էին «Աստուածանից զարկուած»։ Իսկ ինչպե՞ս հասկանալ հետևյալ խոսքերը. «Տէրը հաճեց նորան զարկել» (Ես. 53։10)։ Ինչպե՞ս կարող էր Եհովան «հաճել նրան զարկել», եթե ասել էր՝ «ահա իմ ծառան.... իմ ընտրածը, որին հաւանել է իմ հոգին» (Ես. 42։1)։ Ի՞նչ իմաստով «զարկելը» ուրախություն պատճառեց Եհովային։
7 Որպեսզի հասկանանք մարգարեության այս հատվածը, պետք է հիշենք, որ բարձրացնելով Եհովայի գերիշխանության հարցը՝ Սատանան կասկածի տակ դրեց Նրա բոլոր՝ թե՛ երկնային և թե՛ երկրային ծառաների հավատարմությունը (Յոբ 1։9–11; 2։3–5)։ Հիսուսը, սակայն, լիովին պատասխանեց Սատանայի զրպարտությանը՝ հավատարիմ մնալով մինչև մահ։ Ճիշտ է, Եհովան թույլ տվեց, որ թշնամիները սպանեն իր ընտրած Ծառային, բայց, անկասկած, իր Որդու մահը խոր ցավ պատճառեց նրան։ Այսպիսով՝ Աստված «հաճեց» այն իմաստով, որ ուրախություն զգաց՝ տեսնելով Որդու բացարձակ նվիրվածությունը (Առակ. 27։11)։ Եհովան մեծ ուրախություն զգաց նաև այն պատճառով, որ գիտեր, թե Հիսուսի մահը ինչ օգուտներ է բերելու զղջամիտ մարդկանց (Ղուկ. 15։7)։
«Մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ»
8, 9. ա) Ինչպե՞ս Հիսուսը «մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ»։ բ) Ինչպե՞ս Պետրոսը հաստատեց սա։
8 Կարդա՛ Եսայիա 53։6։ Կորած–մոլորած ոչխարների պես՝ մեղավոր մարդիկ դարեր ի վեր փնտրել են միջոցներ, որ ազատվեն Ադամից ժառանգած հիվանդությունից ու մահից (1 Պետ. 2։25)։ Առաջին մարդու անկատար հետնորդներից և ոչ մեկը ի վիճակի չի եղել վերադարձնելու նրա կորցրածը (Սաղ. 49։7)։ Սակայն Եհովան, մարդկանց շատ սիրելով, իր թանկագին Որդու և ընտրած Ծառայի վրա «դրաւ մեր ամենքի մեղքը»։ Համաձայնվելով «մեր մեղքերի համար վիրավորվելու և մեր անօրենությունների համար հարվածվելու»՝ Քրիստոսը ցցի վրա կրեց մեր մեղքերը և մահացավ մեր փոխարեն։
9 Պետրոս առաքյալը գրեց. «Դեպի այս ուղին է, որ դուք կանչվեցիք, որովհետև ինքը Քրիստոսն էլ չարչարվեց ձեզ համար՝ օրինակ թողնելով ձեզ, որ սերտորեն նրա հետքերին հետևեք։ Նա ինքը ցցի վրա իր մարմնում կրեց մեր մեղքերը, որպեսզի մեղքերից ձերբազատվենք ու ապրենք արդարության համար»։ Իսկ հետո, մեջբերելով Եսայիայի մարգարեությունից, ավելացրեց. «Եվ «նրա վերքերով դուք բուժվեցիք»» (1 Պետ. 2։21, 24; Ես. 53։5)։ Սա մեղավորներին հնարավորություն տվեց հաշտվելու Աստծու հետ։ Պետրոսը նաև գրեց. «Քրիստոսն էլ մեկ անգամ և ընդմիշտ մահացավ մեղքերի համար՝ արդարը անարդարների համար, որպեսզի ձեզ Աստծու մոտ առաջնորդի» (1 Պետ. 3։18)։
«Ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում»
10. ա) Հովհաննես Մկրտիչն ի՞նչ ասաց Հիսուսի մասին։ բ) Ինչո՞ւ են նրա խոսքերը տեղին։
10 Կարդա՛ Եսայիա 53։7, 8։ Երբ Հովհաննես Մկրտիչը տեսավ Հիսուսին իրեն մոտենալիս, բացականչեց. «Ահա՛ Աստծու Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1։29)։ Հիսուսին անվանելով «Գառ»՝ Հովհաննեսը գուցե մտաբերել էր Եսայիայի հետևյալ խոսքերը. «Նա.... ինչպէս մի ոչխար [«գառ», ՆԱ, ծնթ.] [էր] որ մորթուելու է տարվում» (Ես. 53։7)։ Բացի այդ, Եսայիան մարգարեացավ. «Իր անձը մատնեց [«թափեց», ԱԱ, ծնթ.] մահուան» (Ես. 53։12)։ Հետաքրքիր է, որ այն երեկո, երբ Հիսուսը հաստատեց իր մահվան Հիշատակի երեկոն, նա 11 հավատարիմ առաքյալներին գինի տվեց և ասաց. «Սա խորհրդանշում է իմ «արյունը ուխտի», որ թափվելու է շատերի համար՝ նրանց մեղքերի ներման համար» (Մատթ. 26։28)։
11, 12. ա) Այն, որ Իսահակը պատրաստ էր զոհաբերվելու, ի՞նչ է ասում Քրիստոսի զոհի մասին։ բ) Ի՞նչ պետք է հիշենք Մեծ Աբրահամի՝ Եհովայի մասին, երբ նշում ենք Հիշատակի երեկոն։
11 Իսահակի պես՝ Հիսուսը պատրաստ էր մատուցվելու որպես զոհ (Ծննդ. 22։1, 2, 9–13; Եբր. 10։5–10)։ Ճիշտ է, Իսահակը պատրաստ էր զոհաբերվելու, բայց Աբրահամն էր, որ փորձեց զոհաբերել իր որդուն (Եբր. 11։17)։ Նույն ձևով էլ, Հիսուսը հոժարակամորեն համաձայնվեց մահանալ, բայց Եհովան էր, որ հղացել էր փրկանքի գաղափարը։ Իր Որդու զոհաբերությունը Աստծու մեծ սիրո արտահայտությունն էր մարդկանց հանդեպ։
12 Հիսուսն ինքն ասաց. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3։16)։ Պողոս առաքյալը գրեց. «Աստված իր սերն է մեզ առաջարկում նրանով, որ Քրիստոսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավորներ էինք» (Հռոմ. 5։8)։ Ուստի, երբ Քրիստոսին պատվի արժանացնելով նշում ենք նրա մահը, երբեք չպետք է մոռանանք, որ փրկանքի գաղափարը հղացել է Մեծ Աբրահամը՝ Եհովան։ Մենք Հիշատակի երեկոն նշում ենք՝ ի փառս նրա։
Ծառան «արդարացնում է շատերին»
13, 14. Ինչպե՞ս Եհովայի Ծառան «արդարացրեց շատերին»։
13 Կարդա՛ Եսայիա 53։11, 12։ Իր ընտրած Ծառայի վերաբերյալ Եհովան ասել էր. «Պիտի արդարացնէ իմ արդար ծառան շատերին»։ Ինչպե՞ս։ 12–րդ համարի վերջին մասում կարդում ենք. «Եւ նա [Ծառան].... յանցաւորների համար միջնորդեց»։ Ադամի բոլոր հետնորդները ծնվում են որպես մեղավորներ, «յանցաւորներ», ուստի ստանում են «մեղքի վճարած վարձը»՝ մահը (Հռոմ. 5։12; 6։23)։ Հետևաբար, անհրաժեշտ է, որ Եհովայի ու մեղավոր մարդկանց միջև հաշտություն լինի։ Եսայիա 53–րդ գլխում գեղեցիկ կերպով նկարագրվում է, թե ինչպես Հիսուսը միջնորդ դարձավ մեղավոր մարդկանց համար. «Մեր խաղաղութեան համար նա պատիժ կրեց, եւ նրա վէրքերով մենք բժշկուեցինք» (Ես. 53։5, էԹ)։
14 Իր վրա վերցնելով մեր մեղքերը և մահանալով մեր փոխարեն՝ Քրիստոսը «արդարացրեց շատերին»։ Պողոսը գրեց. «Աստված ցանկացավ, որ ողջ լիությունը նրանում [Քրիստոսում] բնակվի, և նրա միջոցով նորից իր հետ հաշտեցնի մնացած բոլոր բաները՝ տանջանքի ցցի վրա նրա թափած արյամբ խաղաղություն հաստատելով՝ անկախ նրանից՝ դրանք երկրի վրա են, թե երկնքում» (Կող. 1։19, 20)։
15. ա) Ովքե՞ր են «երկնքում եղող բաները», որոնց մասին խոսեց Պողոսը։ բ) Միայն ովքե՞ր կարող են օգտվել Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից, և ինչո՞ւ։
15 «Երկնքում եղող բաները», որոնք Քրիստոսի թափած արյան հիման վրա հաշտվել են Եհովայի հետ, օծյալ քրիստոնյաներն են, որ կանչված են երկնքում թագավորելու Քրիստոսի հետ։ Այն քրիստոնյաները, ովքեր «երկնային կոչման մասնակիցներ» են, «արդար են հայտարարվում կյանքի համար» (Եբր. 3։1; Հռոմ. 5։1, 18)։ Եհովան նրանց ընդունում է որպես հոգևոր որդիների։ Սուրբ ոգին նրանց վկայում է, որ իրենք «Քրիստոսի ժառանգակիցներ» են և կանչված են դառնալու թագավորներ ու քահանաներ նրա երկնային Թագավորությունում (Հռոմ. 8։15–17; Հայտն. 5։9, 10)։ Նրանք դառնում են հոգևոր Իսրայելի՝ «Աստծու Իսրայելի» մի մասը և մտնում են «նոր ուխտի» մեջ (Երեմ. 31։31–34; Գաղ. 6։16)։ Լինելով նոր ուխտի անդամներ՝ նրանք իրավունք ունեն օգտվելու Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից, որոնցից մեկի՝ կարմիր գինու մասին Հիսուսն ասաց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը իմ արյան հիման վրա, որ թափվելու է ձեզ համար» (Ղուկ. 22։20)։
16. Ովքե՞ր են «երկրի վրա եղող բաները», և ինչպե՞ս են նրանք Եհովայի առաջ արդար հայտարարվում։
16 «Երկրի վրա եղող բաները» Քրիստոսի ուրիշ ոչխարներն են, ովքեր երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն։ Եհովայի ընտրած Ծառան նրանց ևս արդարացնում է Աստծու առաջ։ Քանի որ նրանք հավատ են ընծայում Քրիստոսի քավիչ զոհին և այդպիսով «իրենց պատմուճանները լվացել ու սպիտակեցրել են Գառան արյունով», Եհովան նրանց արդար է հայտարարում որպես իր ընկերների և ոչ թե հոգևոր որդիների, և նրանց «մեծ նեղությունից» փրկվելու հիանալի հույս է տալիս (Հայտն. 7։9, 10, 14; Հակ. 2։23)։ Քանի որ ուրիշ ոչխարները նոր ուխտի մեջ չեն ու, հետևաբար, երկնային հույս չունեն, նրանք Հիշատակի երեկոյին չեն օգտվում խորհրդանիշներից, թեև ներկա են լինում՝ իրենց հարգանքն արտահայտելով Քրիստոսի զոհի հանդեպ։
Ամեն գովաբանություն՝ Եհովային և նրա հավանած Ծառային
17. Ինչպե՞ս է Ծառայի վերաբերյալ Եսայիայի գրած մարգարեությունների մեր այս քննարկումն օգնում մեզ, որ պատրաստենք մեր միտքը Հիշատակի երեկոյին։
17 Ծառայի վերաբերյալ Եսայիայի գրած մարգարեությունների մեր այս քննարկումը հրաշալի կերպով օգնում է մեզ, որ պատրաստենք մեր միտքը Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին։ Այն օգնեց, որ մենք «մեր աչքերը հառենք մեր հավատի Գլխավոր Առաջնորդին ու Կատարելագործողին» (Եբր. 12։2)։ Իմացանք, որ Աստծու Որդին անհնազանդ չէ։ Ի տարբերություն Սատանայի՝ նա հաճույքով է կրթվում Եհովայից՝ ընդունելով, որ Նա է Գերիշխան Տերը։ Տեսանք, որ երկրի վրա ծառայելիս Հիսուսը կարեկցում էր նրանց, ում քարոզում էր, նաև բուժում էր թե՛ հոգևորապես, թե՛ ֆիզիկապես։ Դրանով նա ցույց տվեց, թե ինքը՝ որպես Մեսիական Թագավոր, ինչ է անելու իրերի նոր համակարգում, երբ «հաստատի իրավունքը երկրի վրա» (Ես. 42։4)։ Այն եռանդը, որ նա՝ որպես «ազգերի լույս», ցուցաբերեց Թագավորության քարոզչության գործում, նրա հետևորդներին հիշեցնում է, որ նրանք բարի լուրը պետք է ամբողջ աշխարհում քարոզեն եռանդորեն (Ես. 42։6)։
18. Ինչո՞ւ է Եսայիայի մարգարեությունը մեր սրտերը երախտագիտությամբ լցնում Եհովայի ու նրա հավատարիմ Ծառայի հանդեպ։
18 Եսայիայի մարգարեությունը նաև ավելացնում է մեր հասկացողությունն այն մասին, թե ինչ մեծ զոհաբերություն արեց Եհովան, երբ իր սիրելի Որդուն ուղարկեց երկիր՝ չարչարվելու մեզ համար։ Եհովան ուրախացավ ոչ թե իր Որդու կրած չարչարանքների, այլ այն բանի համար, որ Հիսուսը բացարձակապես հավատարիմ մնաց իրեն։ Մենք էլ պետք է Եհովայի պես ուրախ լինենք, որովհետև Հիսուսը լիովին փաստեց, որ Սատանան ստախոս է, և սրբացրեց Աստծու անունը։ Նա արդարացրեց իր Հոր գերիշխանությունը։ Բացի այդ, իր վրա վերցրեց մեր մեղքերը և մահացավ մեզ համար։ Այդպիսով Հիսուսը հնարավորություն ստեղծեց, որ իր օծյալ եղբայրների փոքր հոտը և ուրիշ ոչխարները արդար լինեն Եհովայի առաջ։ Մինչ մոտենում է Հիշատակի երեկոն, թող որ մեր սրտերը լցվեն Եհովայի ու նրա հավատարիմ Ծառայի հանդեպ երախտագիտությամբ։
Կրկնենք
• Ի՞նչ իմաստով Եհովան «հաճեց», որ իր Որդին «զարկվի»։
• Ինչպե՞ս Հիսուսը «մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ»։
• Ինչպե՞ս Ծառան «արդարացրեց շատերին»։
• Ծառայի վերաբերյալ մարգարեությունների քննարկումն ինչպե՞ս օգնեց քեզ, որ քո սիրտն ու միտքը պատրաստես Հիշատակի երեկոյին։
[նկար 26–րդ էջի վրա]
«Նա.... անարգուած էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում»
[նկար 28–րդ էջի վրա]
«Իր անձը մատնեց մահուան»
[նկար 29–րդ էջի վրա]
Ներկա լինելով Հիշատակի երեկոյին՝ «ուրիշ ոչխարները» իրենց հարգանքն են արտահայտում Քրիստոսի զոհի հանդեպ